Ո՞վ աղոթեր
Վարդապետն անգամ մը հիվանդ, շատ հիվանդ, գոնե իր հևքն ու գալարքը այնպես կցուցնեն, քանի մը օրերու համար կթողե իր բուն սեփական տունը, որ նույն ատեն իր պաշտոնատեղին՝ առաջնորդարանն ալ է, եղբոր տունը կերթա ապրիլ․ հոն կին կա, հոն աղբար աղբարորդիներ կան, որ յոթն օտարին համար ալ իրենց մարդավարի կերպերն ու կարեկցությունն ունին։ Եղբոր տունն ու տունեցիները հաճելի ամեն պայմաններով։
Եղբոր տղոց մեկը դեղագործ՝ աս ալ ուրիշ առավելություն մըն է, որ իրեն պես հիվանդի մը հարկավորած դեղերը խնամոտ ձեռքով մը պատրաստվին ու վերջն ալ նույնքան բնական, որ անփոխարեն մնան։ Եղբայրը հարգված ժողովրդական քահանա մըն է, ունի երեք-չորս հատ ժմնած տղաքներ, հարսներ, աղեկ է ժամանակը, աղքատ չըսվիր, տղոց վաստակը իրենին հետ շնորհքով տուն կապրեցնեն։ Ինչպես կըսեն, քահանային համար մեկ մեռել, երկու ծնունդ ճոխ ջրաղաց մը կարժեն։
Վարդապետը շատոնց բաժնված է անկե, իր առանձին տուն-տեղն ունի, հարուստ է, հարուստ անով, որ իր բուն նստած տունին մեջ կիներու բազմություն մըն ալ կա, որ իր սպասուհիներուն սիրուն տարմը պիտի ըլլա, սպասուհի՝ ու, մեկ հատ ալ չէ։ Անոնց որևէ մեկը իր ձեռքին ջուրը լեցնելու գործ մը կընե, ուրիշ մը ոտքերուն ջուրը, վերջին մըն ալ անոր կուրծքին վրա Լեթեի աղբյուրեն ջուր մը կսրսկե: Վարդապետն իր շուրջը այսքան մը ջրկիրներ ու սպասարկուներ ունենալով մեկտեղ, հիմա, ինչպես ուրիշ ատեններ ալ, երբ քիչ մը քիթը ծռի, երբ հենց հարբուխ մը կամ հազ մը ունենա թեթև, ինքզինք չի վստահելով մյուսներուն խնամքին, հոն կըլլա միշտ, ուր ծնած էր, իրիցկինն ու ասոր հարսերը մանավանդ մատաղ ըլլալու աստիճան անձնվեր ծառայություններ մը կընեն իր անկողինին բոլորտիքը։
Ան օրերը Պոլիսեն նոր դարձած առաջնորդի պաշտոնովը, ո՛վ գիտե աս անգամ ալ ի՛նչ փոխարենով գնած ան, քով եկող գացողներուն ալ վերջը չի գար։ Կուգան մեյ մը անոր նոր պաշտոնը շնորհավորելու, մեյ մըն ալ հիվանդություևը անցած ըլլալու ազնվություններով: Անգամ մը եկողը կրնա ըլլալ, որ անգամ մըն ալ գլուխ երևցնե վարդապետին քով, այս վերջինով վարդապետը ավելի մոտեն համոզելու թե՝ անոր բացակայության օրերուն՝ ինքը միայն, ինքն էր, որ ամենեն աոաջ իր սիրելի առաջնորդին վերադարձը խնդրող հանրագիրը կստորագրեր ու եղը կրակին վրա ուրիշներու ալ այնքան դժվարություններով ստորագրել կուտար: Ու տեսնելով վարդապետը՝ թե բարի ու ազնիվ են այն ամենքը նույնիսկ իրենց կեղծավոր ու շողոքորթ խոստովանություններուն մեջ, զանոնք պատվելու համար, անգամ մըն ալ իր քմծիծաղին շնորհքները կնետե անոնց երեսին, ու ոտքի վրա սպասող տունեցիներուն երկրորդ ու երրորդ սուրճ մը կապսպրե. աս ապսպրանքներն ալ մի՛ մտածեք, որ անուշ շեշտեր մը ունենան։
Բայց մինչև ե՞րբ այսպես։ Աստծու մարդը գոնե վայրկյան մըն ալ ինք ըլլա խորհուրդը թե՝ իրեն համար օրը օրին շռայլված այն ծախքերն ու ծառայությունները քիչ մըն ալ իր քսակին մեջ գտնվածներովը փոխարինվին, քիչ մը գոնե իր ձեռքը բռնե իր երեսին, չէ, վայրկյան մըն ալ չի խորհիր այսպես, տասնոց մը անգամ չի տրամադրեր, նույն ատեն սակայն ախորժակն ալ բացված ու հետզհետե սովածի մը երախով կկլլե առջևը հրամցվածները, կով մը կուտե, դուք կուզեք, այսքանն ալ չափազանցություն հասկցեք։
Այս վիճակին մեջ, անցեր է արդեն ամիսը, ալ հիվանդ չէ ամենևին. բայց նորեն չի հեռանար, ու հիմա պահանջն ալ ան, որ ճաշի սեղանին վրա. որովհետև բժիշկն ալ նույն խորհուրդը թելադրած է եղեր, ջուրը գինիի փոխվի, չէ՞ որ տեր Հիսուսն էլ այնպես մը կպահանջեր օր մը ու վայրկենապես ուզածը կըլլար։ Գինի, անպատճառ գինի ու անպատճառ՝ անխառն ըլլալու պայմանով։
Տունեցիները նեղվիլ կսկսին, կարճ պիտի ըսենք, բոլորին մեջ շատ ավելի իրիցկինն է քրթմնջողը, իրիցկինը խաթուն կին մը, բայց փոխված է վերջապես։
Հակառակ վարդապետին մտերիմ վերաբերություններուն, ինք անոր երեսն ալ չուզեր նայիլ։
Իրիցկինը չես գիտեր ի՛նչ աղբյուրներե, ան մեկ-երկու օրը այնպես լսած կըլլա թե՝ վարդապետ տագրը իր մեկե ավելի տուներն ու խանութները ամբողջությամբ անոնց նվիրած է, որոնք իրեն հետ որևէ ընտանեկան կապ մը, առնչություն մը չունենալով մեկտեղ այնքան մեծ հարստության մը կտիրանան, ասդին ալ իրենց բաժին հանվածը տարապարտ հոգնություն ու հատնումները միայն, որոնց ծանրության տեսակին շունն ալ չի տանիր։ Խնդիրն ալ իրավ է, որ իրիցկինին լսածին պես է հայ սուրբը որքան որ գաղտնի ուզեր էր պահել այդ տեսակ փոխանցման գործողության մը պարագաները, բայց վերջապես հայտնվեր է բանը, այն նկատմամբ հիմա շատերն են, որ նույնիսկ իրարու մեջ հետաքրքրող մանրամասնություններ մըն ալ կըսեն։ Քահանան ու տղաքն ալ լսեր են խնդիրը, բայց ասոնք չեն հավտըցած, ինչպես ուրիշ ատեններ ալ անկարևոր գտած էին ու հավետ թշնամություններու վերագրած։ Բանին մեջ ան ալ կա՞, որ գավաթ մը ջուրի փոխարեն ահագին հարստություն կկտակվի։
Իրիցկինը ան խոսքը լսած օրն ալ համբերելու արիությունը կունենա։ Ձայն ձուն չի հաներ, բայց ալ հոգին բերանը եկած ըլլալու աստիճան խեղդվիլ մը կզգա, քահանա ամուսինն ալ որևէ փափկանկատ մտածումով անհաղորդ կպահե իր գիտցած ու զգացածներեն։
Իրիցկինը առտու մը ժամեն կդառնա ու վայրկյանին ձեռքը զբաղում մը ձգելու համար, պարտեզ կիջնա ճառերուն տակ թափթփուք մը կժողվե. բայց հնա՞ր է, որ անշահ տագրի մը ըրած ու վերջացուցածները միտքե հանե. ան ընտանիքն ի՞նչ կապ ունի վարդապետին հետ, այն կինն ու կնկան պարագաները վարդապետին բերանը ի՞նչ համ բերած պիտի ըլլան, որ աս ալ անոնց ըրածը փոխարինելու համար անոնց իր ամբողջ ունեցածը կկտակե և կըսեն՝ օրինական պայմաններու գործադրությունով փակեր է խնդիրը։ Իրիցկինը գետին կճկած՝ ծառներուն տակ՝ ան առտուն փեշ մը չոր թութ կժողվե ու միտքը կընե նաև, որ ծիրանիներուն ու խնձորենիներուն տակ թափածներն ալ բանի մը բերե․ ան առտուն ճայն ու ճնճղուկները պարտեզին մեջ շատ գործ բացած են մեր խաթուն երիցուհիին։ Պարտեզը՝ վարդապետն ալ ահա, ասոր ետևեն դուռը բաց ձգված՝ գիրուկ, կարմիր աքաղաղ մըն ալ, ասի բոլորովին անակնկալ, որ հպարտ ու համարձակ քայլվածքով մը շիտակ բանջարանոցին վրա կհարձակի ու անմիջապես քճքճվածքին կսկսի: Իրիցկինին համար ան երկուքն ալ հիմա նախապես անոնց ո՞ր մեկը պիտի սկսեր քճքճել ու փախցնել։
Արի տես, որ վարդապետն հիմա հոս ալ իր նազին ու պահանջներուն մեջ.
— Իրիցկին, իրիցկի՛ն, կըսե, իրիցկին, աղջի՛կս։
— Հրամմե, կլսեմ արդեն։
— Իրիցկին, խուզում, աս իրկու ալ աս խոռոզը մորթեիր որ բերնակս բան մի դպնար, երկու օր է որ հիչ համ չեմ առներ կերածներես, եղով տապկե, վերջն ալ քանի մը տամլա կաթեցուր վրան, աս ալ կլսե՞ս օրհնած, հավ խըսմի գինիով որ չի տապկվի, խաշած լահանի տատ կուտա։
Հավամոլ աբեղուկը աղվո՞ր չի բացատրեր իր բերանին այնքան նրբին ու զգայնիկ քիմքը։ Խաշված հավը խաշված կաղամբի համ կուտա եղեր։ Աս ատեն իրեն ալ, տեր աստված, ով ըլլար փսփսացող մը թե՝ հապա, աղա վարդապետ, քու ան քարոզներդ ինտոր կմարսեն մտիկ ընողները, որ ջուրով խաշված շողգամեն ալ անլի, անհամ փսխեցուցիչներն են։ Իրիցկինը կպայթի, իրիցկինը շրթունքին ծայրը եզերած լուտանք մը զսպելու համար, անդին գետինները կճանկռտե։
— Ասօր հիչ ձայն չես տար, աղջիկ, կավելցնե ան՝ իր ձեռքովը խնձոր մը փրցնելով ցածկեկ տեղե մը, հարսներուն գործ չի ձգես կըսեմ, ձեռքովդ տապկես, հարսները աս արալըխ քինթ փինջ մը կընեն կարծես, գիտեմ, շատ ձանձրացուցի անոնք ալ, ես նորեն քեզի կյուվենմիշ եղեր եմ, իրիցկի՛ն, աղջիկս, մորթես, ձեռքովդ տապկես։
— Աղեկ ա, աղեկ ա, դուն մինակ հրամաններդ ըրե։
— Հրաման չէ աս, խուզիս, իրիճա հասկցիր։
— Ես ձեռքովս տապկեմ, որ դուն ալ ինչո՞վդ ուտես։
— Ա՞տ ինչ, իրիցկին, ինչո՞վ պիտի ուտեմ, ամեն օր ինչպե՞ս կուտեի։ — Ասօր շուտիկ կեր, ասօր շան լակամանով կեր, հասկցա՞ր մի, վարդապե՛տ, ալ ասոր հերիք կըսեն, համբերության ալ վերջն է կըսեն։
Վարդապետը ափ ի բերան շանթահար կըլլա, պատասխան մը ճլտորելու. բառ մը, բանիկ մըն ալ չի գտներ, շլլիքը դանակին տակ քսվող այծի ձեն մը կհանե միայն, բա՜, բա՜, բա՜…
— Բա բայիդ ալ, փա փայիդ ալ, սյուսլի շլըխտի ան չգիտեմ ինչերուդ ալ։
Ու բախտավոր աքաղաղն ալ ան կողմեն ուռուցք մը պարպելով, իր շիկորակ կուրծքեն ճիչ մը կերկնցնե, աս ալ ապահովապես իրիցկինին ըսածը կրկնելու համար, շուտի՜կս կե՜ր…
Այդ դեպքեն վերջ, որուն ականատես վկան ու արձագանքողը վայրկյանին իր ճիտն ազատող աքաղաղը կըլլա միայն, երկար տարիներ կանցնին, մեռած է իրիցկինը, մեռած բարի քահանան իր ահուզարերուն մեջ ու նույնպես վերջացած շատոնց հավն ցին շահապը,— աքաղաղը,— անշուշտ վերջապես անբնական մահով մը, ողջ մնացողը ան վարդապետն է, որ մոտիկ իննսուն տարին կապրի։
Երկու շաբաթ չըներ որ ապրելու համառած ան եկեղեցականն ալ իր վախճանին կդիմե ու անշուք թաղումով մը գերեզման կիջեցվի։
Վրան հանդիսություններ չեն կատարվիր, ո՛չ ձայն, ո՛չ դամբանական, ո՛չ թաց թարթիչ մը գոնե, որ իր գերեզմանին շիտկված ըլլա։ Ժողովուրդը չի գնաց իսկ հուղարկավորության, չլացավ բնավ, անոր համար, որ տարիներու ընթացքով բարոյապես զինքը խեղդող մղձավանջեն կազատեր, սիրածներն ալ չլացին այն որոշ պատճառով, որ հիմա քան երբեք ավելի իրական ու անկաշկանդ տերերը պիտի ըլլան անոր հարստության։
Իսկ բուն ազգականները՝ իրիցկինին տղաքները, երբեք չի տխրեցան, նույնիսկ թաղումին ալ դժվար գնաց մեկը, որ ինքզինքնին ավելի ստույգ, ավելի հաստատուն իրողության մը առջև գտան հիմա։ Վարդապետը աս վերջիններուն գեթ քահանա աղբորն ու լուսահոգի քահանայուհիին հիշատակ, մաշած ասեղ մըն ալ բաժին չէր հանած։
Խղճամիտ բարեհիշատակը, կըսեն, իր մինչև հագհագին, միտքը պահեր կամ ստամոքսին մեջ չի մարսված գեշ թթու մը զգացեր էր ան ինչ ատենը շուտիկը, որ իրեն հրամցվեր էր։ Պահեց ան, գալարվեցավ անով, մեռավ ան շուտիկով, որ ինքն ալ էն վեըջը, բուն իսկ իր ազգականներուն ըսե ու արձագանքե իր գերեզմանին խորքին. «Մինչ ուրիշներ, ինձմե յոթն օտարներն անգամ իմ ձգած ոսկեզօծ շաքարներս պիտի ուտեն, դուք ալ շապ ու շուտիկ կերեք»:
Բայց աս գործը գիտցող կրոնավորն ալ մարդ վերջապես ու սխալող, երեսուն տարի առաջ իր գերեզմանը իր իսկ ձեռքովը պատրաստելու ատեն, մոռցած էր անոր երեսին տապանագիրն ալ իր ձեռքովը արձանագրել. այդ տեսակ գործ մըն ալ ինծի պես անպարիշտ ստահակի մը ձգեց, որ երկաթի ծայրով մը փորագրեմ տապանին երեսը.— «Ունայնութիւն ունայնութեանց, նոյնիսկ հաւուց աղաւնեաց ճաշակքն եւս ունայնութիւն, եկի կրօնաւոր, երթամ աշխարհական, աղօթեցեք զի ոչ յիշեսցի գործեալս իմ մեղանչական»։
Բայց ո՞վ կար, որ աղոթեր, վարդապե՛տ։
1907