Ողբո՛ւմ եմ քեզ, Հայո՜ց աշխարհ կամ Երեք-զրո՝ հօգուտ Թուրքիայի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ողբո՛ւմ եմ քեզ, Հայո՜ց աշխարհ կամ Երեք-զրո՝ հօգուտ Թուրքիայի

Արա Պապյան

Մինչև հիմա մենք ասում էինք և մեզ ասում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատվելու են առանց նախապայմանների: Շատերը հավատում էին դրան: Հավատում էին գուցե նաև այն պատճառով, որ հակառակը պատկերացնելը հնարավոր չէր: Հակառակը պարզապես կիմաստազրկեր հայոց պետականությունը, հակառակը պարզապես արյունը ջուր կդարձներ, իսկ երկիրը՝ տնամերձ:

Այսօր կարող ենք արձանագրել, որ իրողությունն ավելի սարսափելի է, քան վատագույն կանխատեսումները: Առկա արձանագրություններով ՀՀ իշխանություններին առաջարկվում է ընդունել Թուրքիայի բոլոր 3 նախապայմանները:

Թուրքիայի առաջին նախապայմանը մեր կողմից մեր իրավունքների ուրացումն է և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումը, այսինքն՝ առկա սահմանների ճանաչումը: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության 4-րդ կետը բավարարում է Թուրքիայի հենց այս պահանջը:

Թուրքիայի երկրորդ նախապայմանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նույն արձանագրությունը բավարարում է նաև այս պայմանը, քանի որ 2-րդ կետը, վերահաստատելով այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցված են պետությունների հարաբերությունները, լռության է մատնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Թուրքիայի երրորդ նախապայմանը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն է: Այս նախապայմանը ևս բավարարվել է: «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության մեջ ստեղծվելիք ենթահանձնաժողովների թվում նշված է նաև «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովը», որը պետք է զբաղվի նաև «երկու ժողովուրդների միջև … գոյություն ունեցող խնդիրների հստակեցմամբ»: Իսկ ո՞ր հարցն է ամենից խնդրահարույցը, որը կարիք ունի հստակեցման: Իհարկե, դա Հայոց ցեղասպանության հարցն է:

Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Մի՞թե այնքան կարճատես կլինենք, որ կօրինականացնենք Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի Հանրապետության կողմից և կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան:

Եթե վերոհիշյալ արձանագրությունները ստորագրվեն, ապա նոր Խորենացու պետք կունենանք, որպեսզի գրի. «Ողբո՛ւմ եմ քեզ, Հայո՜ց աշխարհ, … որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, … հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:



31 օգոստոսի, 2009թ.