Ողբ (Մովսես Խորենացի)
ՈՂԲ
գրաբարով
Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, ամրատացաւ անկարգութիւն. դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն:
Ողորմիմ քեզ, եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին, ի քաջէն զրկեալ ի հովուէ եւ ի հովուակցէ: Ոչ եւս տեսանեմ զբանաւոր քո հօտ ի վայրի դալարւոջ եւ ոչ ի ջուրս հանգստեան սնեալ, եւ ոչ ի փարախ հաւաքեալ՝ զգուշանալով ի գայլոց, այլ ցրուեալ անապատաց եւ գահավիժութեանց:
Երանի՜ առաջնոյ եւ երկրորդի փոփոխմանն. զի էր ինչ ժամանակ հեռանալոյ փեսաւիրին, եւ հարսնդ համբերեցեր՝ ողջախոհութեամբ զամուսնութիւն պահելով, որպէս ոմն նախ քան զմեզ իմաստասիրեաց: Դարձեալ մինչ երբեմն ոմն սեղեխաբար յանդգնեալ յարձակեցաւ յանարատ առագաստդ՝ եւ հարսնդ ոչ աղտեղացար. թէպէտ եւ բռնութիւնն զփեսայն ի բաց վարեաց, որդւոցն բարձրացելոց անարգելով զծնողն, համայն եւ խորթոցն ըստ արժանեացն զօտար հայրն եւ զեկամուտ յօրայն. սակայն դու եւ ոչ յայնմ զքեզ ամայի բոլորիցն ցուցեր. զանդրէն քոյոյն յուսալով դարձ հովուակցաւն, ոչ որպէս տայգերբ, այլ որպէս նոյնազաւակ զուգահարբ, զմանկունսն փայփայեցեր: Իսկ յերրորդ հեռանալս ոչ է ակնկալութիւն դարձի, լուծեալ ի մարմնոյս ընկերաւն եւ գործակցաւն:
Ընդ Քրիստոսի լաւ է նոցա բնակել, եւ յԱբրահամեանն հանգչել ի գոգս, եւ զհրեշտակացն տեսանել զպարաւորութիւնս: Բայց անհոգող դու այրութեամբ, եւ եղկելիք մեք՝ որ զրկեալք եմք ի հայրենի վերակացութենէն: ԶԻ ոչ որպէս ի հնումն ժողովուրդն այն, այլ առաւել մերս է թշուառութիւն: Վասնզի Մովսէս բարձեալ լինի, եւ Յեսու ոչ յաջորդէ՝ առաջնորդել յերկիրն Աւետեաց: Ռոբովամ մերժեցաւ յիւրմէ ժողովրդենէն, եւ փոխանորդեաց որդին Նաբատայ. եւ զայրն Աստուծոյ ծխեաց ոչ սռիւծ, այլ կատարումն ժամանակի: Եղիա համբարձաւ , եւ Եղիսէէ ոչ մնաց կրկին ոգւով ածանել զՅէու. այլ Ազայել հրաւիրեցաւ ի կոտորել զԻսրայէլ: Ի գերութիւն վարեցաւ Սեդեկիայ, եւ Զօրաբաբէլ ոչ ուրեք է, որ նորոգէ զպետութիւնն: Անտիոքոս բռնադատէ թողուլ զօրէնս հայրենիս, եւ Մատաթիայ ոչ ընդդիմակայէ. պատերամ զմեզ շւորջ պաշարէ, եւ Մակաբէ ոչ փրկէ: Այժմ մարտք ի ներքուստ եւ արհաւիրք արտաքուստ. արհաւիրք ի հեթանոսաց եւ մարտք ի հերձուածողաց, եւ խորհրդականն չէ ի միջի, որ խրատէր եւ յարմարէր ի պատերամ:
Աւա˜ղ զրկանացս, աւա˜ղ թշուառական պատմութեանս, ո՞րպէս զախտս հանդուրժեցից բերել. զիա՞րդ զմիտս իմ եւ զլեզուս պնդեցից, եւ հատուցից զբանս հարցն՝ փոխանակ ծննդեանն եւ սննդեանն: Քանզի ծնան զիս իւրեանց վարդապետութեամբն եւ սնուցին, առ այլս առաքեալով աճեցուցանել: Եւ մինչ նոքա զմերն յուսային զդարձ, եւ պատուասիրել իմով ամենիմաստ արուեստիւս եւ կատարելագոյն յարմարութեամբս, համայն եւ մեք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայաք հարսանեաց պարել, անվեհեր երագութեմբ կրթեալք, եւ առագաստի ասել երգս, – արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. ուր եւ ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցման, եւ լսել զվերջին բարբառն եւ զօրհնութիւն:
Այսպիսեաւ անձկաւ հեղձամղձուկ եղեալ՝ վտանգիմ կարօտութեամբ մերոյ հօրն: Ո՞ւր է քաղցր աչացն հանդարտութիւն առ ուղիղս եւ ահաւորութիւն առ թիւրս. ո՞ւր զուարթ շրթանցն ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. ո՞ւր խնդամիտ սիրտն ընդունող արբանեկաց. ո՞ւր երկայն ճանապարհաց յոյսն հեշտացուցիչ, աշխատութեանցն հանգուցանող: Կորեա˜ւ ժողովողն, թագեա˜ւ նաւահանգիստն, ելի˜ք օգնականն, լռեա˜ց ձայնն յորդորեցուցիչ:
Ո՞վ այսուհետ եւ զմերս յարգեսցէ զուսումն. ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւն աշակերտիս. ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն, մասամբ ինչ յաղթահարեալ յորդւոյս: Ո՞վ կարկեսցէ զյանդգնութիւն ընդդէմ առողջ վարդապետութեան հակառակ յարուցելոցն, որք ամենայն բանիւ քակտեալք եւ քայքայեալք՝ յոլովս փոփոխեն վարդապետս եւ բազում գիրս, որպէս ասաց ոմն ի հարցն. առ ամենայն բան նմանապէս դժուարին, եւ չար օրինակ անձանց գրեն զայն՝ զծիծաղելն զմեօք եւ զարհամարհելն իբր եւ զնհաստատնովք, եւ որ ինչ պիտանացու ունիցի արուեստ: Ո՞վ զնոսա ըմբերանեսցէ սաստելով, եւ զմեզ սփոփեսցէ գովելով, եւ չափ դնիցէ բանի եւ լռութեան:
Զմտաւ զայսոսիկ ածելով՝ հառաչումն յիս ի ներոս ընթանայ եւ արտօսր, եւ կամեցուցանէ բարբառել բան տխրական եւ սգաւոր: Եւ ոչ գիտեմ, եթէ զիարդ յարմարեցից զողբերգութիւնս, եւ կամ զով արտասուցից. զհէ՞քն իմ մանուկ եւ թագաւոր, զխորհրդակցութեամբ վատթարն, զազգաւ ի բաց ընկեցիկն, եւ նախ քան զմահուն մեռելութիւն՝ անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ, եթէ զիս ինքն, զի վերացաւ ի գլխոյս փարթամմացուցիչ պսակն գեղեցիկ եւ կենցաղօգուտ. զհա՞յր իմ եւ զքահանայապետ, զմիտսն վսեմացեալս, որ երթայր տանէր կատարեալ բան, որով վարէրն եւ յարմարէր, եւ զերասանակս ի բուռն առեալ՝ ուղղէր զգէմսն եւ սանձահարէր զլեզուս օտարաձայնս, եթէ զիս, թափուր ի Հոգւոյն մնացեալս խանդից եւ ցանկանեալ. զծնո՞ղն իմ, աղբիւր վարդապետական, զարդարութեանն ոռոգող, եւ հեղհեղաւ զամբարշտութիւն արտաքս սահմանելով, եթէ զիս, երաշտացեալ եւ թարշամեալ պասքութեամբ արբուցմանց խրատու. զաշխարհիս եկե՞ալ աղէտս, եթէ զապագայիցն ակնկալութիւն:
Ո՞վ մեզ յայսոսիկ ճառակցէ հաւասարելով տրտմութեանս, եւ օգնեսցէ ախտակցելով ասիցս, կամ յարձանս փորագրել: Զարթիր Երեմիաս, զարթիր եւ ողբա հանդերձ մարգարէանալով որ ինչ թշուառացաքս եւ որ ինչ թշուառանալոցս եմք. գուշակեա զյառնել հովուաց տգիտաց, որպէս երբեմն Զաքարիս Զաքարիաս յԻսրայէլին: վարդապետք տխմարք եւ ինքնահաճնք, անձամբ առեալ պատիւ եւ ոչ յԱստուծոյ կոչեցեալ. արծաթով ընտրեալք եւ ոչ Հոգւով. ոսկեսէրք, նախանձոտք, թողեալ զհեզութիւն, յորում Աստուած բնակէ, եւ գայլք եղեալ՝ զիւրեանց հօտս գիշատելով:
Կրօնաւորք կեղծաւորք, անձնացոյցք, սնափառք, պատուասէրք քան թէ աստուածասէրք:
Վիճակաւորք հպարտք, դատարկակացք, զրաբանք, ծոյլք, ատեցողք արուեստից եւ վարդապետական բանից, սիրողք վաճառաց եւ կատակերգութեանց:
Աշակերտք հեղգք առ ուսումն եւ փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք:
Ժողովրդականք վէսք, ստահակք, մեծախօսք, անվաստակք, արբեցողք, վնասակարք, փախչողք ի ժառանգութենէ:
Զօրականք անարիք, սնապարծք, զինատեացք, պղերգք, հեշտասէրք, անժուժկալք, կողոպտիչք, գինարբուք, յուզակուք, համաբարոյք աւազակաց:
Իշխանք ապստամբք, գողակիցք գողոց, կծլիք, կծծիք, ժլատք, ագահք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտք:
Դատաւորք տմարդիք, սուտք, խաբողք, կաշառառուք, անընտրողք իրաւանց, անհաստատք, հակառակողք:
Եւ բարձումն առ հասարակ յամենեցունց սիրոյ եւ ամօթոյ: Եւ ապա յանդիմանութիւն այսոցիկ զի՞նչ, եթէ ոչ անտես առնել Աստուածոյ, եւ տարերց փոփոխել զբնութիւնս իւրեանց: Գարուն երաշտացեալ, ամառն անձր եւ այոյզ, աշուն ձմեռնացեալ, ձմեռն սաստկասառոյց, մրրկալից, յերկարացեալ. հողմք բքարարք, խորշակաբերք, ախտահաւակք, ամպք հրընկէցեք, կարկտածուք. անձրեւք անժամանակք եւ անպիտանք. ադք դառնաշունչք, եղեմնարկուք. ջրոց առաւելուլն անօգուտ եւ նուազելն անհնարաւոր. երկրի անբերութիւնք պղտոց եւ անաչելութիւնք կենսանեաց, այլ սասանմունք եւ դղրդմունք: Եւ ի վերայ այսր ամենայն իխռովութիւնք յամենայն կողմանց, ըստ այնմ՝ եթէ չիք խաղաղութիւն ամբարշտաց:
Զի թագաւորք տիրեալք խիստք եւ չարաչարք, բեռինս բառնալով ծանունս եւ դժուարակիրս, հրամանս տալով անտանելիս. վերակացուք անհարթարարք, անողորմք. սիրելիք դաւաճանեալք. եւ թշնամիք զօրացեալք. հաւատ վաճառեալ ընդ սնոտի կենցաղոյս: Հէնք եկեալ անհատք եւ յոլովից կողմանց. գերփումն տանց եւ յափշտակութիւն ստացուածոց. կապումն գլխաւորաց եւ բանտք յայտնեաց. յօտարութիւն վտարումն ազատաց եւ անթիւ նեղութիւնք ռամկաց. առումն քաղաքց եւ քանդումն ամրոցաց. աւերումն աւանաց եւ հրդեհումն շինուածոց. սովքանբաւք եւ հիւանդութիւնք եւ մահք բազմօրինակք. աստուածպաշտութիւն մոռացեալ, եւ ակնկալութիւն գեհենի:
Յորմէ պահեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, եւ զամենեսեան՝ ոյք երկրպագեն նմա ճշմարտութեամբ. եւ նմա փառք յամենայն եղականացս ամէն:
Աշխարհաբար
[խմբագրել]Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ, բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից և հովակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ ժողովված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:
Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին. որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացեցին, բայց դու, հարսդ, համբերեցիր, ուղղախոհությամբ պահելով ամուսնությունդ, ինչպես մեկը մեզանից առաջ իմաստնաբար ասաց: Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր. թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ստամբակ որդիները իրենց ծնողին անարգեցին, միանգամայն և խորթերը արժանապես օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր. ակնկալելով քո փեսայի դարձին, դու հովվակցի ձեռքով, մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տագերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով: Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ:
Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և շուրջը հրեշտակների խմբեր տեսնել: Բայց դո՛ւ ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից: Որովհետև այնպես չէ մեր վիճակը, ինչ որ հնումը իսրայելացոց ժողովուրդն ուներ, այլ մեր թշվառությունն ավելի է: Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդե դեպի Ավետյաց երկիրը: Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե այուծը ոչնչացրեց, այլ հասուն տարիքը: Եղիան համբարձավ, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու: Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորոբաբել, որ տերությունը նորոգե: Անտիոքոսը բռնադատում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում. պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում: Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք. արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատե և պատերազմի պատրաստեր:
Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմության: Ինչպե՞ս դիմանամ այս ցավերին, ինչպե՞ս ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս իմ պարտքը հատուցանեմ այս խոսքով, իմ ծնունդի և սնունդի փոխարեն: Որովհետև նրանք ինձ ծնան և սնուցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու: Եվ մինչ նրանք. սպասում էին մեր դարձին, որ փառավորվեն իմ ամենիմաստ արվեստով և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ-շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքներում պարել խիզախ և արագ շարժումներով և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով. նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնն և օրհնությունը:
Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞վ այսուհետև պիտի հարգե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե՝ մասամբ իր որդուցս հաղթվելով: Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը. ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց): Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի լռության:
Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ի՛նչպես հորինեմ իմ ողբը և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյո՞ք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կենցաղօգուտ պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահայանապետին, այն վսեմ միտքը, լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս ընթացքին և սանձահարում էր օտարոտի մտքեր հայտնող լեզուներ, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս. արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս. արդյոք մեր աշխարհին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածները:
Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի՝ մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու: Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և ողբա մարգարեանալով հանդերձ ինչ թշվառություններ որ կրեցինք և դեռ պիտի կրենք. գուշակի՛ր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինպես գուշակեց Զաքարիան իսրայելցիների համար:
Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններ ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել և տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քամիները՝ բուքերը բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ. եղանակը դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլև երկրաշարժներ և սասանումներ: Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա:
Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգչեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձերն բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, ավերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: Աստավածապաշտությունը մոռացված է, դժողքի ակնկալություն:
Որից փրկե Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր ստեղծվածներից, ամեն: