Jump to content

Ողորմություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ողորմություն

Ողորմություն


ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Փայլուն արցունքով աչքերը լեցուն
Նիհար, մերկանդամ մի ծեր մուրացկան
Պարզեց հարուստին ձեռքը դողդոջուն։
Եվ դիրք բռնելով խիստ աղաչական,
Շշնջաց տխուր ձայնով կցկտուր.
«Աղա, թշվառիս ողորմություն տուր»

Չռեց աչքերը իսկույն հարուստը.
— Կորի՛ր այստեղից, անպիտան ծերուկ,

Գոռաց, շարժելով նա ձեռնափայտը։
Եվ խեղճ ծերուկը, որպես մի մանուկ,
Անգութ հարուստին երկյուղով նայեց,
Եվ շուտ՝ դառնացած՝ յուր ճամփան քայլեց։

Մուրացկանն անցավ և մի բանվորի
Անվստահ կերպով յուր ձեռքը պարզեց.
Բանվորն աղքատ էր, շորը ցնցոտի.
Բայց նա գրպանից մի ինչ-որ հանեց,
Տվեց ծերուկին լռությամբ, թաքուն
Եվ շտապ քայլերով հեռացավ իսկույն։

22 հունվ. 1886.