Ողջո՛ւյն Ձեզ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ողջո՛ւյն Ձեզ․․․

Ալեքսանդր Ծատուրյան

ՈՂՋՈ՛ԻՅՆ ՁԵԶ...

Ողջո՛ւյն ձեզ, գարնան նորեկ թռչուններ,
Որ ճլվլում եք կանաչ թփերում.
Որքա՛ն ցնծություն, որքա՛ն կյանք ու սեր
Եռում են ձեր պարզ, անհոգ երգերում։
Խուռըն երամով ազատ, համարձակ
Մերթ սլանում եք դուք նետի նըման
Դեպի վեր — անհուն եթեր կապուտակ,
Մերթ իջնում երկիր — թփերի վերան...
Հեռո՜ւ մեր կյանքի հոգեմաշ, տըխուր
Վշտից ու ցավից — բնության գրկում
Մի ա՛յլ սուրբ կյանքի առատ, երկնատուր
Բարիքն եք երգում դուք ձեր երգերում։
Նստած եմ մենակ լուսամուտիս մոտ
Եվ հուզված նայում ձեր այդ հրճվանքին։
Ձեզ ողջունում է փայլուն առավոտ
Գարնան արևի շողերի տակին։
Ա՜խ, ինչպես սիրով կուզեի ես էլ
Ձեր զվարճալի համերգին խառնած
Հոգույս ձայները, երգել ու օրհնել
Արարած աշխարհ, արարող աստված.
Բայց, ավա՜ղ, կյանքում, գարնան երգիչներ,
Ինձ ա՛յլ երգեր է բախտը վիճակել —
Երգե՛լ արտասուք, կյանքի մութ գիշեր,
Գեթ երգով ազգիս ցավերն ամոքել…
1896 թ. Գուրզուֆ