Ողջ էությամբ քեզ պատկանել․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ողջ էությամբ քեզ պատկանել․․․

Սեմյոն Նադսոն

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի


* * *


Ողջ էությամբ քեզ պատկանել
Ես չեմ կարող, նազելի ,
Ինձ հուզում են այլ պատգամներ,
Այլ ցնորքներ խնկելի։

Եվ նոցանից ինձ անջատել,
Օ՜, չե՛ն կարող քո գգվանք,
Ո՛չ հրատապ լուռ արցունքներ,
Եվ ո՛չ սիրո մի տանջանք։

Սիրելով քեզ, այն էլ գիտեմ,
Որ կյանքը չէ լոկ բերկրանք,
Եվ ես բողոք չարության դեմ
Դարձըրի ինձ դավանանք։

Եվ ահա նա ահեղ ձայնով
Մղում է ինձ պատերազմ,
Ես վարում եմ դեպ կյանքի ծով
Իմ մակույկը ամրակազմ։

Թո՛ղ նա ճեղքե խոլ ալիքներ
Խավարի հետ կռվելու,
Անհավասար այդ կռվի մեջ
Լուսո կոթող կանգնելու։