Jump to content

Ով էր մեղավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈՎ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

Երկնքի վրա սահում են աստղեր,
Եվ րոպեական նրանց վառ շողեր
Մի քանի վայրկյան փայլում են պայծառ,
Հանկարծ կորզում են,— տիրում է խավար...

Ա

Հուլիս ամիսն էր։

Թ... քաղաքումը, հետ կես ավուր սաստիկ տոթին, ավելի մարդիկ չէին երևում։ Հարուստները պառկած էին իրանց բախտավոր ապարանքներում։ Խանութպանները, գինևետ ճաշից հետո, քնել էին կրպակների խորքումը։ Անվաստակելի կինտոն միայն, մրգեղենի թաբախը գլխին՝ ընդհատում էր փողոցների խուլ-մելամաղձական լռությունը, կոչելով «չերեշնի՛,—վիշնի՛ի՛— հա՜յ»։

Այդպիսի դատարկացած փողոցների մինի միջից շտապով սահում էր ճանապարհորդական կառքը։ Նա կանգնեցավ բավական մեծաշեն տան հանդեպ։ Կառքից դուրս թռավ մի բարձրահասակ երիտասարդ, սևացած ճանապարհի փոշուց, և անհամբերությամբ սկսավ քարշել դռան զանգակը։ Դռները բացվեցան։ Երիտասարդը ներս մտավ։ Սանդուխների վրա փաթաթվեցավ նրա վզին մի լղարիկ և ցամքած կին. «Ա՜խ, Միշա» կոչելով՝ ուրախությունից նա թուլացավ երիտասարդի գրկի մեջ։

Որդու կարոտությունով երկար տարիներ հալումաշ եղած այդ կինը, երիտասարդի մայրը, Մարիամն էր։ Իսկ եկվորը էր նրա որդին՝ Միքայել Բաքոսյանը։

Բ

Երիտասարդը ձեռքը տված փոքր ի շատե սթափված մորը, մտավ նրա հետ դահլիճը։

Այստեղ հավաքվեցան նրա բոլորտիքը քույրերը, փոքրիկ եղբայրը և տան սպասավորները։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Ամենի հետ գրկախառնվելուց հետո, երիտասարդը բախտավոր էր զգում իրան, որ գտնվում էր հայրենական օջախի մեջ։

Բայց խեղճ մայրը չէր հեռանում որդուց։ Նա կամ համբուրում էր նրան, կամ գրկում էր, կամ լաց էր լինում, կամ ծիծաղում էր, մի խոսքով, ուրախությունից հիացած չգիտեր, թե ի՛նչ էր անում։

— Ո՞րպես մեծացել ես դու, Միշա,— ասաց նա լի մայրական սիրով որդու վրա նայելով։

— Դու այդ նկատո՞ւմ ես,— հարցրեց որդին ժպտալով։

— Դու մի փափուկ պատանի էիր, երբ ես ճանապարհ դրի քեզ դեպի Գերմանիա, այժմ դարձար այդպես մորուքով։

— Այո՛, այդպես փոխում են մարդուն տարիքը, մայր իմ։

— Տարի՜քը...— կրկնեց Մարիամը հոգոց հանելով։— Ամբողջ ութը տարի է, երբ քեզ չեմ տեսել... բայց գիտե՞ս, Միշա, ո՛րքան տանջվեցա ես այդ ութը տարումը...

Արտասուքը դարձյալ սկսավ գլորվիլ Մարիամի ցամաքած երեսի վրա։

— Այսուհետև իմ ներկայությունս կմխիթարե քեզ, մայր իմ,— խոսեց որդին, գրկելով նրան։

Երբ փոքր ի շատե հանգստացան այն բոլոր ուրախ և տխուր զգացմունքները, որոնք հուզվում են կարոտյալների առաջին տեսակցության րոպեներում, երիտասարդը սկսեց լվացվել և սրբել յուր վրայից ճանապարհի փոշին։

Գ

Բայց տանեցոց աղաղակը, նրանց ուրախությունը և ծիծաղը զարթեցրեց մերձակա սենյակում քնած Արտեմ Պավլիչին, երիտասարդի հորը։ Նա իսկույն վազեց դեպի դահլիճը, երբ լսեց որդու գալուստը։

Ծերունի հոր ուրախությանը սահման չկար։ Երբ նա բավականին սթափված էր յուր հրճվանքից, երբ հանդարտել էին նրա մեջ հայրական սրտի կրքերը, հարցրեց.

— Ավարտեցի՞ր, Միշա։

— Ավարտեցի, հայր իմ։

— Շա՞տ բան սովրեցար, Միշա։

— Սովրեցա, որքան կարող էի...

Մի այսպիսի համեստ պատասխանը չլրացրեց հոր հետաքրքրությունը, և նա կրկնեց.

— Ամե՞ն բան սովրեցար, Միշա։

Երիտասարդի դեմքի վրա վազեց մի թեթև ծիծաղ։

— Մի՞թե կարելի է ամեն բան սովորել, հայր իմ։

Վերջին խոսքերը փոքր-ինչ դիպավ հոր ինքնասիրությանը, որ կարծում էր, թե որդին աշխարհում ոչինչ չէր թողել առանց ուսանելու։ Բայց երիտասարդը փարատեց նրա այդ մտատանջությունը, հայտնելով, թե նա դարձել էր դոկտորի ուսումնական տիտղոսով։

— Էդ մինը լավ ես արի, որդի,— ասաց հայրը ուրախանալով,— որ դոխտուր ես դարձել։ Դրանից հետո էստեղի դոխտուրների մունաթեն էլի կու պրծնինք։ Անիծվածները մինչև կարմիր տասը մանեթանոցը չեն առնում, հիվանդի մոտ չեն գալիս. էն էլ պետք է քո ֆայտոնով բերես...

Իսկ Արտեմ Պավլիչն սխալվում էր յուր մխիթարության մեջ, որովհետև նրա որդին բժշկություն չէր սովորած, այլ նա էր դոկտոր իրավաբանության, և ուներ գերմանական համալսարանի դիպլոմ։

Դ

Երիտասարդ Բաքոսյանը էր մի տղամարդ բարձր հասակով, խիտ և սև մազերով, թուխ-դեղնագույն դեմքով, կենդանի և վառվռուն աչքերով։ Նրա բոլոր շարժվածքը, նրա դեմքի ազդու բացատրությունքը արտահայտում էին եռանդոտ բնավորությունը մի համարձակ ուսանողի։

Հանգստանալով ճանապարհի հոգնածությունից՝ Բաքոսյանը սկսավ այցելություններ անել յուր զանազան ծանոթների և բարեկամների մոտ։

— Լավ խելք ես արել, որ օրենքներ ես սովորել,— ասաց նրան մի սպիտակահեր ծերուկ գեներալ։— Շուտով ծառայություն կմտնես, ռոճիկ և չին կստանաս... կտնօրինես քեզ մի լավ ասպարեզ... այնուհետև պատրաստ կլինի քեզ մի կնիկ խիստ չաղ օժիտով...

— Տեսնենք...— պատասխանեց երիտասարդը.— ես դեռ այդպիսի ցանկություններ չունեմ,— ավելացրեց նա և մի քանի սովորական խոսակցություններից հետո կատարեց յուր առաջին վիզիտը։

— Շատ ապրես, որդի,— խրատ էր կարդում նրան հարուստ վաճառական պարոն Փողասերյանցը։ Հայրդ ծերացել է, էլ էնքան բանի պետք չէ. բայց դու հասել ես, աշխատի՛ր նրան օգնել փոդրաթներում, առևտրում և ամեն բանում... Զակոնն էլ խոմ լավ գիտես, ադվոկատի փող էլ չեք տա... Ա՜խ, էդ ադվոկատները դրուստ մարդու կաշին են մաշկում, կաշի...

«Դրա քարոզն էլ լսեցինք»,— ասաց յուր մտքում Բաքոսյանը և փոքր-ինչ խոսելով նրա և ընտանիքի առողջության մասին, հեռացավ պարոն Փողասերյանցից։

Նրան այն օր մնում էր մի վիզիտ տիկին Շնորհաբաշխի մոտ։

Սալոնական տիկինը, որ մի հեռավոր ազագակցություն ևս ուներ Բաքոսյանների հետ՝ ընդունեց երիտասարդին խիստ ուրախությամբ և ընտանեկան կերպով, թեև նայում էր նրա վրա, որպես առաջին փոքրիկ Միշայի վրա։

Նրանց խոսակցությունը մեծ մասամբ եղավ Գերմանիայի, Շվեյցարիայի և այնտեղի ուսանող կնիկների և օրիորդների մասին։ Վերջ ի վերջո, դեռ յուր նախկին գեղեցկության թառամած վարդերը պահպանած տիկինը հայտնեց, թե նա նույնպես նպատակ ունի Ցյուրիխ գնալ։

— Գնում եք ուսանելո՞ւ,— հարցրեց Բաքոսյանը ժպտալով։

— Չէ՛, Միշա, այստեղի կյանքը ինձ բոլորովին ձանձրացրեց, սարսափելի դատարկություն է տիրում մեր քաղաքում, գնում եմ մի փոքր հանգստանալ այնտեղ։

—Այո՛, վատ չի լինի այստեղ հոգնել և այնտեղ հանգստանալ...— հեգնորեն տիկնոջ խոսքը կտրեց Բաքոսյանը։

— Չէ՛, Միշա, այնպես ուզում եմ Ցյուրիխում լինեմ...

— Ուզում եք... գնացեք...

— Դու միշտ ծիծաղում ես, Միշա,— հաճոյամոլ կերպով երիտասարդի ձեռքը բռնելով, ասաց տիկինը։— Դու էլի էնպես հանաքներ ես սիրում, որպես քո պատանեկության ժամանակը։

— Չէ՛, Աննա Կիրիլովնա, ես այժմ շատ համեստ եմ։

—Ի՜նչ նշնելու տղա ես, Միշա, ի՞նչ հինգ հազար թումանով աղջկերք պատրաստ են քեզ համար,— ասաց տիկինը խոսքը փոխելով և միևնույն ժամանակ նրա ձեռքը չթողնելով յուր ափի միջից։

— Ես պորտմանների հետ պսակվելու նպատակ չունեմ... — Չէ՛, չունես, քեզ էլ կտեսնինք։

— Լավ, ինչ նպատակ կա այստեղի աղջիկների հետ պսակվիլ։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ նրանք ոտքից մինչև գլուխ զուրկ են բուն քաղաքակրթությունից։

— Ո՛չ, Միխայել, այստեղ կան և լավ աղջիկներ։

— Այսինքն նրանք, որ հայերեն խոսելն անգամ չգիտեն։

— Այդ մի մեծ պակասություն չէ՛․ բավական է, որ նրանք ուսում ունեն։

— Հավատացե՛ք, Աննա Կիրիլովնա, այդ ուսյալները գեղեցիկ խնձորների են նմանում, դրսից սիրուն գունով, անուշ հոտով, բայց ներսից ավերված և փտած սրտով…

Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո, երիտասարդը հեռացավ, թեև տիկինը շատ ստիպում էր, որ ճաշին իրանց մոտ մնա։

Ե

Նույն ավուր երեկոյան պահուն Բաքոսյանին տեսություն էին եկել մի քանի բարձր ուսում ստացած, մայրաքաղաքի ուսանողներ,— իրավաբան, բժիշկ, բնագետ և պատմաբան։

Բաքոսյանը համբույրներով ընդունեց նրանց որպես յուր հին ընկերներին։ Մի քանի հասարակ զրույցներից հետո խոսակցությունը նրանց մեջ ընդունեց ավելի նշանավոր ձև։

Երբ նրանք սկսան խոսել նույն քաղաքի ուսումնաբանների, լրագրության և կրթյալ երիտասարդության գործունեության մասին․

— Մեր երիտասարդությունը ոչինչ չէ շինում, պարոններ,—ասաց նրանց բարեկամական անկեղծությամբ Բաքոսյանը։

— Ի՞նչ կարող է շինել,— պատասխանեց երիտասարդ պատմաբանը։— Երբ նրանց գործունեության ընթացքը այնքան սահմանափակված է։

— Ծույլերը միշտ իրանց արդարացնելու պատճառներ ունեն,— պատասխանեց Բաքոսյանը ծիծաղելով։

—Քո քթից, եղբայր, դեռ արտասահմանյան քամին չէ դուրս եկել․ մի քանի օր անցնի՝ դու բոլորովին այլապես կխոսես — մեջ մտավ գանգրահեր բնագետը։ — Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ կարելի է այստեղ գործել, — հարցրեց իրավաբանը ավելի ծանր կերպով։

— Օրինակի համար, մենք դեռևս մի օրինավոր լրագրություն չունենք,— պատասխանեց Բաքոսյանը։

— Դիցուք թե ունենայինք, բայց մեզանում լրագիրը ո՞վ է կարդում,— հարցրեց բժիշկը։

— Այդ իսկ պատճառով, որ մեզանում լրագիր չեն կարդում,— նրա խոսքր կտրեց Բաքոսյանը,— պետք է հրատարակել մի այնպիսի պարբերական թերթ, բոլորովին նոր հոդով, նոր ուղղությամբ, որ գրդռե, հարցեր հարուցանե, և վերջապես ստիպե իրան կարդալ։

— Այդ բոլորը երևակայություններ են,— հառաջ տարավ բժիշկը։— Մեզանում ընթերցող հասարակությունը, այսինքն ժողովրդի բարձր և կրթյալ դասը, ոչինչ կարոտություն չունե մի հայ լրագրի։

Վիճաբանությունը ավելի տաքացավ, երբ Բաքոսյանը ասաց.

— Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին, պարոն բժշկապետ, որովհետև այդ ձեր բարձր կամ կրթյալ կոչված դասը թող բոլորովին չկարդա ևս, այդ փույթ չէ՛ ... Բայց դուք մոռանում եք մի բան, որ մենք ունենք մի մեծ դաս ժողովրդի, ավելի բազմաթիվ, ավելի թարմ ուժերով և ավելի անխարդախ առանձնությունների մեջ այդ դասն է ամբոխը, մենք նրա համար պետք գործենք։

Երիտասարդ պատմաբանը, որ լռությամբ լսում էր, ասաց արհամարհական ոճով.

— Է՜հ, շատ գրեցինք մենք, թե պարբերական թերթերի և թե ամսագրների միջոցով, բայց ի՞նչ դարձավ.— այդ քո ամբոխը էլի մնաց այն, ինչ որ էր։

Բաքոսյանին զարմացրեց մի այդպիսի պատասխանը…

— Եթե ձեր դրվածքները օգուտ չբերեցին հասարակությանը՝ իմ կարծիքով այն էր պատճառը, որ նրանք չեն եղել ժողովրդի կյանքի առարկա, երևույթների և նրա պիտույքների արտահայտություն, այդ գլխավոր պայմաններից մինն է լրագրության։ Բայց հին սխոլաստիկական քարոզներ կարդալ, արաբական հեքիաթներ պատմել, կղերի հաճույքներին խունկ ծխել և միևնույն ժամանակ պահանջել ընթերցող հասարակության համակրությունը — այդ անկարելի բան է։

— Մեր ժողովուրդը լինելով մի կրոնական ազգ, հարկավոր է այդպիսի բաներով գրավել նրան և տարածել նրա մեջ ընթերցասիրություն։ Այլ հնար չկա,— պատասխանեց պատմաբանը։

— Ահա այդտե՛ղ է գլխավոր սխալը,— նրան պատասխանեց Բաքոսյանը։— Փոխանակ զարգացնելու ժողովուրդը գրական մտքերով դուք կրկին կամենում եք ծանրացնել նրա բանը միջնադարյան փիլիսոփայության մեջ։

— Ապա ի՞նչ պետք էր գրել։

— Ես ասացի, որ լրագրությունը պիտի լինի ժողովրդի առօրյա պիտույքների և պահանջմունքների արտահայտություն։ Ահա թե ի՛նչ կարելի էր գրել, օրինակի համար,— թե գրավոր և թե գործնական կերպով համոզել վաճառականներին կազմել ընկերություններ և կանոնավոր առևտրական տներ։ Արհեստավորներին քարոզել, որ բաց անեն արվեստագիտական ուսումնարան: Գյուղացիների համար աշխատել, որ լինեն գյուղատնտեսական ընկերություն, գյուղական փոխատու ընկերություն, և այլ դրանց նման նպաստող հիմնարկություններ։

— Այդպիսի քարոզներ մենք շատ անգամ լսել ենք. դրանք բոլորը երազներ են, մեզանում ոչինչ չէ կարելի գործել, — ասացին բարձր ուսում ստացած պարոնները և արհամարհական ծիծաղով բոլորը հեռացան։

«Ողորմելինե՜ր...», ասաց յուր մտքում նրանց գնալուց հետո Բաքոսյանը։

Զ

Կյուրակի օր էր։

Արտեմ Պավլիչը, վաղ առավոտյան մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր մեյդանը, որ ճաշի համար ձկներ և այլ բաներ առնե, որ այնուհետև եկեղեցի գնա ու պատարագ տեսնե։

Արտեմ Պավլիչը արդեն վաթսուն տարեկան մարդ էր։ նա յուր հաստ փորով, հաստ գլխով և բավականին հաստ քսակով ոչ միայն համարվում էր քաղաքի հարուստներից մինը, այլ ճանաչում էին նրան որպես շատ փորձված ու խելացի մարդ։ նա ուներ հոյակապ երեքհարկանի տուն, խանութներ, մշակության դաշտեր, և երեք գույնզգույն մեդալներ, որոնք տոն օրերին միմյանց պոչից կապած, քարշ էր տալիս յուր շլինքից։

Ւսկ տիկին Մարիամր, այն բարի և առաքինի աստծու գառնուկը, շնչում էր մայրական ոգու բոլոր քնքշությամբ։ Նա գթառատ մայր էր և ժիր ու գործունյա տանտիկին։ Տիկին Մարիամը տալիս էր յուր սպասավորներին զանանազան հրամաններ, երբ երիտասարդ Բաքոսյանը պատրաստվում էր տանից դուրս գնալ։

— Էլի գնում եք վիզիտնե՞ր անելու, Միշա,— հարցրեց նրանից մայրը։

— Այո՛, մայր իմ, գնում եմ...— պատասխանեց որդին խորհրդական ձայնով։

— Որ այդպես է, ֆրակդ հագի՛ր։

— Այսպես էլ կարելի է գնալ։

— Ամոթ չէ՞, ի՛նչ կասեն։

— Այն մարդիկը, որոնց մոտ ես այսօր այցելություն պիտի անեմ, այնքան համեստ են և բարի, որ առանց ֆրակի էլ կընդունեն ինձ։

Քանի ժամից հետո Բաքոսյանը գնում էր մի նեղ և կեղտոտ փողոցի միջով։ Նա անցավ քաղաքի այն մասը, ուր լցնում էին աղբեր և անմաքրություններ, և շուտով հայտնվեցավ մի կիսավեր շինության մեջ։ Այնտեղ մի քանի կիսամերկ մշակներ, շապիկները հանած, կոտորում էին այն մանրիկ արարածներին, որոնք հանապազ ծծում էին նրանց արյունը, մի քանիսը սառը գետնի վրա թեք ընկած, փլփլած պատերի տակին, զրույց էին անում, իսկ մի քանիսը իրանց յարին հիշելով, կամ կարոտած վաթանը (հայրենիք) միտ բերելով, տխուր-մելոդիական ձայնով բայաթիք էին երգում...

Բաքոսյանը շատ զարմացավ, նկատելով, որ նրանք իրանց տեսածին պես, փախան և թաքնվեցան իրանց փոքրիկ, ծխից և մխից սևացած խրճիթների մեջ։

Նա ներս մտավ խրճիթներից մինը։ Խոնավ արտաշնչությունը այդ անասնական բնակարանի իսկույն նրա ուղեղին զարկեց։

— Ի՞նչու դուք փախաք ինձանից,— հարցրեց նա մի ալևոր մշակից, որ չէր դադարում իրան գլուխ տալուց։

Խեղճ ալևորի լեզուն կապվեցավ։

Նրա ընկերները ողորմելի ձայնով ասացին.

— Աղա, ոտքերուդ մատաղ, աստված է վկա, մենք ամենքս բիլեթներ ունենք...

Բաքոսյանը չգիտեր ինչո՛վ բացատրել այդ խոսքերը։

— Ես չեմ եկել ձեզանից բիլեթ պահանջելու,— ասաց նա։

— Մենք այդպես հասկացանք, աղա, քեզ մատաղ ըլենք. այն չինովնիկը ամեն օր գալիս է... բիլեթ է ուզում, մենք ցույց ենք տալիս՝ «էս մինը հին է, ասում է, էս մինը պատռած է, ասում է, էս մինը ֆարշիվ է, ասում է, ձեզ խիստ կպատմեմ, ասում է»։ Մենք վախում ենք, փող ենք տալիս նրան, որ մեզ Սիբիր չուղարկե...

— Խեղճե՜ ր...— դառն կերպով հոգոց հանելով հառաչեր Բաքոսյանը։— Եվ ձեր բիլեթները ուղի՞ղ են,— հարցրեց նա։

— Ուղիղ են, որպես արևը երկնքում, աղա, կամենում եք ցույց կտանք,— ասացին բոլորը միաձայն։

— Հարկավոր չէ՛, բայց դուք իմացեք, որ այն չինովնիկը ձեզ խաբում է, որ փող առնե, մյուս անգամ գալու լինի՝ ոչինչ չտաք, միայն նրա անունը իմացեք, թե ով է նա, որ ինձ ասեք։

— Աստված քեզ երկար կյանք տա, ազատի՛ր մեզ, աղա ջան, նրա ձեռքից,— աղաչում էին մշակները։

— Դուք միայն նրա անունը իմացեք, բավական է։

Սույն խոսակցության միջոցին Բաքոսյանը լսեց մի դառն հոգոց հանելու և հառաչանքի ձայն, նայեց խրճիթի մթին անկյունում, աղյուսներով հատակած խոնավ գետնի վրա պառկած էր մի մաշված երիտասարդ։ Այդ հսկայի պարթևական մարմինը, որ բռնել էր ահագին տարածություն, սարսափելի կմախքի էր նման։ Նրա փալանը բարձի տեղ դրած էր նրա գլխի տակ և մի քրքրված վերարկու ձգած էր նրա վրա։

Մի քանի րոպե նայելով հիվանդին. «դա դեռևս կարող է ապրել», ասաց նա յուր մտքի մեջ և տխուր զգացմունքներով հեռացավ այդ սարսափելի բնակարանից։

Քանի ժամից հետո մի կառք կանգնեցավ այդ տան հանդեպ։ Հիվանդին նրա մեջ դնելով տեղափոխեցին մի խեղճ ընտանիքի մոտ, որին պատվիրած էր խնամք տանել նրա առողջությանը։

Է

Բաքոսյանը շտապով դնում էր մի լայն փողոցով, երբ լսեց մի ձայն, որ նրան կանչում էր։ Դեպի հետ նայելով՝ նա ճանաչեց յուր ծանոթ բժիշկ Բարակյանցին։

— Ա՜, Ստեփան Դանելիչ, լավ հանդիպեցար,— ասաց երիտասարդը, նրա ձեռքը սեղմելով,— ես այս րոպեիս բժշկի մոտ էի գնում, շտապեցե՛ք խնդրեմ, այսինչ թաղը, այսինչ փողոցում պարոն Ա...ի տունը. այնտեղ դուք կգտնեք մի հիվանդ։ Ահա՛, ձեր առաջին այցելության համար ես կանխիկ վճարում եմ, իսկ մնացածների համար նույնպես կստանաք ինձանից։

— Այս րոպեիս,— ասաց բժիշկը, և ընդունելով արծաթը, կամենում էր հեռանալ, երբ Բաքոսյանը կանգնեցրեց նրան։

— Ասացե՛ք խնդրեմ, դուք ունե՞ք ժամանակ մի տեղ շարունակ շաբաթը երկու անգամ այցելություն գործել։

— Այո,— պատասխանեց բժիշկը։

— Ուրեմն եղե՛ք այնքան բարի, այս երեկո յոթն ժամին ինձ մոտ անցնել, այդ մասին խոսենք։

—Շատ լավ,— ասաց բժիշկը և հեռացավ։

Բաքոսյանը հասավ տուն, երբ բավականին անցել էր ճաշից։

— Ո՞ւր էիր, այդքան ուշացար, Միշա, դու միշտ ստիպում ես քեզ սպասել,— ասաց նրա մայրը։

— Մի բարեկամի մոտ էի... այո՛, ուշացա,— պատասխանեց երիտասարդը։— Բայց դուք կարող էիք և առանց ինձ ճաշել։

— Մի՞թե առանց քեզ ես կարող եմ բերանս պատառ հաց դնել։

— Դու ինձ շա՛տ ես սիրում, մայր իմ,— ասաց որդին և գրկեց նրան։

Նրանք մտան սեղանատունը, ուր ամեն բարիքներով լի, փառավոր սեղանը սպասում էր նրանց։ Երիտասարդը նստավ մոր մոտ, իսկ Արտեմ Պավլիչը հավաքեց յուր շուրջը փոքրիկ երեխանցը...

— Ի՞նչ սովորություն է այդ, հայր, դուք չեք խոսում երեխայոց հետ հայերեն,— ասաց երիտասարդը։

— Հայերեն սովորելով ի՞նչ պետք է դառնան, որդի, հայեվարի հիմի ո՞վ է խոսում,— պատասխանեց Արտեմ Պավլիչը։

— Ամեն երեխա պետք է սկզբից յուր մայրենի լեզուն սովորե, այնուհետև օտար լեզուներ սովորելը նրա համար դժվար չէ՛։ Այդ է պահանջում արդի մանկավարժությունը։

— Ասենք թե մենք հայերեն խոսեցինք երեխաների հետ,— մեջ մտավ տիկին Մարիամը.— քոծ ու բջից էլի պիտի օտար լեզու սովորին...։

Արտեմ Պավլիչը երկար չխոսեց այդ առարկայի վրա, նա ամբողջ ճաշի միջոցին գանգատվում էր թանկությունից։

— Դժվար է էլի հիմա ապրուստը,— ասում էր նա դժգոհությամբ,— էսօր մեյդանում էնքան ման եկա, մինչև ժամից էլ հետ ընկա, հազիվ թե կարացի մի քիչ ձուկը և լավ դոշ ճարել, էն էլ ի՞նչ գնով, աստված ազատե...

— Դուք չեք մտածում աղքատների համար, հայր իմ, այն խղճալիքը ի՛նչ պետք է անեն,— հարցրեց երիտասարդը։

— Նրանք առանց ձուկի էլ կարան յոլա գնալ, որդի, բայց մե՛ր բանը դժվար է, մե՛րը...

— Գոնյա՛ ուտելու ցամաք հաց պիտի ունենան։

— Ցամաք հաց ճարելը հեշտ է, որդի, բայց մեր բանը դժվար է, որ ղաբլու-փլավը առանց աղջանաբաթ չենք կարացի ուտել։

— Ինչո՞ւ մենք միշտ ղաբլու-փլավ պիտի ուտենք, և այդպիսի փառավոր տներում ապրենք, բայց աղքատը գիշերը յուր գլուխը դնելու մի տեղ չունենա, և կարոտ մնա պատառ հացի։ Ինչո՞ւ նրանց համար չպետք է մտածենք։

Արտեմ Պավլիչի դեմքի վրա վազեց մի արհամարհական ծիծաղ։

— Ինչո՜ւ...— կրկնեց նա խորհրդական ձայնով։— Էդքան որ կարդացել ես, է՞ս էլ չես սորվի, թե ինչու,— էնդուր վուր աստված աղքատին աղքատ է ստեղծել, հարստին՝ հարուստ. մեզ տվել է փլավ, նրանց՝ ցամաք հաց։ Թե փլավը, թե ցամաք հացը բոլորը նրանն է պատկանում. ումը ինչ կուզե՝ էն կուտա, ո՛վ կարա նրա ձեռքը բռնեք, մեռնի՜մ նրա մեծ զորությանը...

Եվ Արտեմ Պավլիչը սկսավ ջերմեռանդությամբ խաչակնքել յուր երեսը։

«Այդ էլ մեր եսականների վարդապետությունը»...— ասաց յուր մտքում երիտասարդը և հեռանալով ճաշի սեղանից, ասաց հորը.

— Բայց դուք մոռանում եք, հայր, որ աստված հարուստներրին պատվիրեց, որ նրանք ողորմություն անեն աղքատներին։

Վերջին խոսքը համարյա չլսեց Արտեմ Պավլիչը։

Ը

Բաքոսյանը արդեն սկսավ հայտնվիլ նույն քաղաքի հասարակության բարձր և միջին դասերի զանազան խավերումը։

Տիկին Նասիրովն ուներ վեչեր:

Երևելի վաճառական հանգուցյալ Նասիրովը, մեռնելով յուր հիսունամյա հասակում՝ թողեց յուր միակ դստերը, գեղեցիկ Նատոյին, ահագին հարստություն։ Նատոն ավարտելով յուր ուսումը նույն քաղաքի իգական սեռի բարձր դպրոցում՝ յուր մոր հետ, որպես ռամկորեն ասում են, «եղի ու մեղրի մեջ էր ապրում»։ Վեչեր, բալ, թատրոն, կրումոկ, պիկնիկ էին առօրյա պիտույքները այդ բախտավոր գերդաստանի։

Փառավոր դահլիճը վառվում էր ամենայն շքեղությամբ։ Մի տեղ երկայն սեղանի բոլորտիքը շարված՝ կանայք, աղջկերք և տղամարդիկ լոտո էին խաղում։

Դահլիճին կից փոքրիկ սենյակներում տղամարդիկը, խումբ-խումբ առանձնացած՝ թուղթ էին խաղում։ Մի անկյունում գեղեցիկ Նատոն յուր փափուկ մատները վազեցնում էր պիանոյի լեզվակների վրա և հիացնում էր լսողներին։

Իսկ հաստլիկ, մախմուրի և մետաքսի մեջ պատած տանտիկինը անդադար այս և այն կողմ էր վազում, հյուրեր էր ընդունում, մինի հետ քաղցրախոսում էր, մյուսի հետ ծիծաղում և շատերին յուր Նատոյի ուսումը և գիտությունն էր պատմում։

Դահլիճի մի այլ անկյունում մի քանի օրիորդներ առանձնացած՝ այսպես խոսում էին միմյանց հետ.

— Դու հավաստի գիտե՞ս, Անիչկա, որ նա անպատճառ կլինի այս գիշեր,— հարցրեց ռուսաց լեզվով սևաչյա Սոֆիոն յուր մոտ նստած շիկահեր օրիորդից։

— Գիտեմ, ինձ Նատոն ասաց, թե մայրս նրան ևս հրավիրած է,— պատասխանեց նույն լեզվով Անիչկան, ավելացնելով.— Ա՜խ, որպիսի հրաշալի տղամարդ է նա, Սոֆի...։

— Չլինի՞ սիրահարված ես, Անիչկա,— ծիծաղելով հարցրեց նրանց մոտ նստած սևուկ օրիորդը՝ Բարսամենց Օլգան։

— Չէ՛, Օլգա, ինձ միայն դուր է գալիս նրա այնպես ճաշակով հագնվիլը, շնորհաշուք վարմունքը և գեղեցիկ խոսակցությունը։

— Դու ո՞րտեղ ես տեսել նրան,— հարցրեց Սոֆիան։

— Քանի օր առաջ նա իշխան Փառասիրյանցի բալումն էր, աղջկերքը խելքից էլած էին նրա համար, թեև ոչ ոքի հետ չէր պար գալիս։

— Է՜հ, նա բոլորովին տարապայման մի մարդ է,— մեջ մտավ սևուկը։

— Ի՞նչ հաճություն նրանից... չես գիտում ի՛նչ լեզվով խոսես նրա հետ. ինքը կոտրատում է միշտ հայերեն, և ով որ այդ լեզուն չէ հասկանում՝ նրա հետ գերմաներեն և ֆրանսերեն փիլիսոփայություններ է անում...

— Ո՛չ, Մարիա,— սևուկի խոսքը կտրեց Անիչկան,— նա ռուսերեն լավ է իմանում, միայն այնպես ձևացնում է, որպես թե չգիտե։

Սույն միջոցին տանտիկինը, ուրախության ծիծաղը երեսին՝ ընդունում էր մի հյուր։

— Ահա՛ նա, ահա՛ նա,— հեզիկ շշնջացին օրիորդները։

Նատոն թողեց պիանոն և վեր կացավ տեղիցը։ Մյուս աղջկերքը նույնպես թողեցին իրանց մասլահաթները, վեր կացան և սկսան թիթեռնիկի նման պտտվիլ դահլիճի մեջ։

Թ

Տանտիկինը, տանելով յուր հյուրին դստեր մոտ,— ահա, իմ աղջիկս, Նատալիա Եսսիպովնա,— ներկայացրեց նա։ Եվ դառնալով դեպի երիտասարդը — պարոն Միքայել Բաքոսյանը,— ասաց նա։ Եվ սկսավ ծանոթացնել նրան մյուս Հյուրերի հետ։

Միակ ծանոթը, որին հանդիպեց այնտեղ Բաքոսյանը, էր յուր հեռու ազգական տիկին Շնորհաբաշխը, նույն քաղաքի վեչերների հերոսուհին։

— Լավ է, դու էլ երևացիր, Միշա,— ասաց նա, ուրախությամբ դիմելով դեպի երիտասարդը։

— Մի՞թե իմ երևնալս այդքան հաճություն է բերում ձեզ,— ժպտալով հարցրեց երիտասարդը։

— Բա՛, չե՞ս իմանում, որ այդպես է. բա՛ ազգականությունը ինչի՞ համար է։

Վերջին խոսքերը այնքան բարձր կերպով արտասանեց տիկինը, որ շատերը լսեցին։ Կարծես, նա պարծենում էր այդ խոսքերով։

— Ուրեմն ես կաշխատեմ շուտ-շուտ երևնալ ձեզ,— պատասխանեց Բաքոսյանը, ինքն չհավատալով յուր խոսքերին։

— Այն ժամանակ քեզանից շնորհակալ կլինեմ,— ասաց տիկինը, և մոտենալով նրա ականջին քրթմնջաց.— Տանտիրոջ աղջկան լավ մտիկ արա՛.․. ի՜նչ յուղալի տեղ է... Եվ ծիծաղելով հեռացավ երիտասարդից։

Նատոն խիստ քաղաքավարի կերպով ձեռքը տալով երիտասարդին, սկսավ նրա հետ անցուդարձ անել դահլիճի մեջ։ Երիտասարդը, մի կողմնակի հայացք ձգելով խաղացողների վրա. «Ահա մեր քաղաքացոց բոլոր զվարճությունը», ասաց յուր մտքում:

Նրանք անցնելով դահլիճը, մտան մի փոքրիկ սենյակ, ուր հրավիրեց երիտասարդին օրիորդը, որտեղ կային մի քանի պատվավոր հյուրեր և զբաղված էին նույնպես թղթախաղով։

Բաքոսյանը նստեց աթոռի վրա և հեռվից նայում էր խաղացողների խումբին։

— Դուք ի՞նչ խաղ եք խաղում,— դարձավ Նատոն դեպի երիտասարդը ֆրանսերեն լեզվով։

— Ես դժբախտաբար ընդունակ չեմ եղել որևիցե խաղ սովորելու,— հեգնորեն պատասխանեց Բաքոսյանը։

— Ապա ինչո՞վ պարապեցնեմ ձեզ։

— Միթե դուք բավական չե՞ք, եթե այնքան բտրի կլինեք զբաղեցնել ձեր հյուրին։

Օրիորդը կարմրեց և նստեց երիտասարդի մոտ։ Նրանք սկսեցին խոսել արտասահմանի մասին։ Բաքոսյանը պատմեց նրան շատ բաներ, թե ո՛րպես են ուսանում Շվեյցարիայում աղջիկները, թե ո՛րպես կրթված են Պոլսում և Զմյուռնիայում հայ օրիորդները։ Այս զրույցները վերջացնելուց հետո Նատոն հարցրեց.

— Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ ներգործություն է անում ձեզ վրա մեր քաղաքը և այստեղի կյանքը։

— Ներգործությունները ինձ վրա համարյա միևնույն տխուր ազդեցությունն ունեն, թե այստեղ և թե արտասահմանում,— պատասխանեց Բաքոսյանը...

— Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ մեզ չսովորացրին մեր լեզուն,— պատասխանեց Նատոն զգալի կերպով։— Ընտանիքի մեջ մեր ծնողները արգելում էին խոսել, «Հայերենը մոդա չէ», ասում էին...

— Այո՛, այդպես են վարվում իրանց զավակների հետ այստեղ ծնողները...— վերջացրեց Բաքոսյանը, և տխրության ամպը պատեց նրա դեմքը։ Օրիորդը, նկատելով, որ յուր խոսքերը երիտասարդի վրա վատ տպավորություն ունեցան՝ փոխեց խոսքը, հարցնելով.

— Ինչո՞վ եք պարապում դուք այժմ։

— Իմ պարապմունքներն այնքան չնչին են, որ պետք է ասել, թե ոչնչով,— պատասխանեց երիտասարդը։

— Ես լսեցի, դուք կամենում եք հրատարակել մի լրագիր։

— Այո՛, մի այդպիսի նպատակ կա։

— Ի՞նչ լեզվով։

— Հայերեն լեզվով։

— Հայերեն լեզվով լրագի՞ր...— բացականչեց օրիորդը մի քնքուշ արհամարհական կնճիռ ձևացնելով յուր գեղեցիկ դեմքի վրա։

Ժ

Հետևյալ կյուրակի օրը Բաքոսյանը դարձյալ այցելության գնաց մեր ընթերցողին նախածանոթ տանը, ուր կենում էին մշակներ։ Բայց այս անգամն նրանք չփախան երիտասարդից, այլ ընդունեցին նրան որպես իրանց բարեկամին։

Նրանք պատմեցին, որ բիլեթ պահանջող չինովնիկը այլևս չէ գալիս, և նրա փոխարեն հաճախում է նրանց մոտ մի բժիշկ Ստեփան Դանելիչ Բարակյանց անունով, որ հրամայեց տանտիրոջը միշտ մաքուր պահել նրանց բնակության տեղը, որ նրանցից ամենևին փող չէ՛ առնում, և բոլորովին ձրի դարմաններ է տալիս հիվանդներին։ Եվ մշակները շնորհակալությամբ օրհնում էին այդ բոլոր փոփոխությանց պատճառ եղող անձին։

Բաքոսյանը նստեց տախտակով կապած մի թախտի վրա, որ նոր շինված էր մշակների քնելու համար, և խնդրեց, որ նրանք նույնպես նստեին։

— Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ երկրից եք դուք,— հարցրեց նա։

— Է՛հ, աղա ջան, ամեն երկրից մարդիկ կան մեր մեջ,— պատասխանեց մի ալևոր։— Այստեղ կան Տաճկաստանից — մշեցի բաղիշեցի, վանեցի, արզրումցի և մինչև անգամ ատանացի։ Պարսկաստանից — խոյեցի, սալմաստեցի, ուրմիացի, մարաղացի, մուժումբարցի և մինչև անգամ սպահանցիք։ Կավկազից — հիննախիջևանցիք, երևանցիք, ագուլեցիք և այլն։

— Ի՞նչ պատճառով դուք թողել եք ձեր երկիրը, ինչո՞ւ դուք չեք կենում ձեր հայրենիքում։

— Քո խոքուն ղուրբան ըլեմ, աղա ջան,— պատասխանեց մի ալևոր սալմաստեցի,— վա՞վ կթողնի յուր վաթանը, իր օջախը, վա իր օղլուշաղը, կերթա ղարիբ-ղուրբաթ վըլայաթ, ակար էն մառթը նաչար չըլի, հաղդարի շարամանդա չըլի․․․ Մեգնե ըմեն մեկը մե դարդ ունի, մե ցավ ունի, որ դար խըմար ընկերի դիար-բաղիար.... Թուրքի ռայաթ ենք, աղա ջան, մե թեխանց աղան զոռ անելի, խարջ ուզելի, մե թեխանց դիվաննի զոռ անելի, մեղիկ թալանելի, մե թեխանց պառքնդերը մեր լաճերը փողի ավազ տանելի որ տաճկցուցի... էտենց խազարը մեկ զուլումներ կան, որ մեկը ասեմ..․ էլ մեր երկրի մեջ չենք նալի աշխատանք անել, անօրենի երկիր ի, թուրքերը գլուխքերուս տաս են, միր դադածը խլես են։ Ջաներուս դարդեն էկիր ենք ղարիբ-ղուրբաթ վըլայաթ, որ մե քանի շահի փող դադենք, տանենք մեր քըլֆաթը պախենք...

Ալևորը վերջացրեց յուր խոսքը, և նրա շիջած աչքերու մեջ պահված էին մի քանի կաթիլ արտասուք, որ սկսան գլորվիլ սպիտակ մորուքի վար։

Բաքոսյանի սիրտը խորին կերպով խոցվեցավ այդ խոսքերից...

Ալևոր սալմաստցու խոսքերը այնպես ազդեցին Բաքոսյանի սրտին, մինչ նա լացելու չափ վրդովվեցավ։ Բայց զսպելով յուր սրտի կսկիծը, հարցրեց.

— Այստեղ ի՞նչ է ձեր պարապմունքը։

— Ամեն օր վաղ առավոտյան մեր փալանները առած, գնում ենք մեյդան, կամ փողոցներում վզներս ծռած, կանգնում ենք, սպասում ենք, որ մի մարդ մի բեռն մեր շալակը տա, տանենք տեղը հասցնենք, որ մի քանի կոպեկ վարձ ստանանք,— ասացին մի քանիսը։

— Ձեզանից բոլորը այդ զործո՞վ են պարապած։

— Ո՛չ, կան մեզանից այնպիսիներ, որ ճանապարհներ ուղղելու վրա են բանում, կան, որ տներում շինության վրա են բանում, բայց փոդրատչիկը ամենին թալանում է, «վնաս արեցի».— ասելով վարձիցը կտրում է։ Մեզանից բախտավոր են այնպիսիները, որոնք կամ քարվանսարաներում օդաբաշիներ են, կամ զավոդներում և կամ ֆաբրիկաներում են բանում։

— Դուք բացի կյուրակիները չունե՞ք ուրիշ ազատ օրեր։

— Ո՛չ, աղա ջան, կյուրակի և տոն օրերը միայն չենք գործում։

— Ասացե՛ք, խնդրեմ, եթե մինը ձեր այդպիսի անգործ օրերում որևիցե առարկայի վրա ձեզ դասախոսություններ անելու լիներ, դուք կլսեի՞ք նրան։

— Քարո՞զ կարդար։

— Հա՛, այդպիսի մի բան։

— Ինչո՞ւ չէինք լսի, կյուրակիները աշուղ է գալիս, մեզ համար երգում է, հեքիաթներ է ասում, մենք նրան փող էլ ենք բաշխում։

— Ուրեմն ես եկող կյուրակի կգամ ձեզ քարոզ կտամ, առանց ձեզանից փող առնելու,— վերջացրեց Բաքոսյանը և հեռացավ։

Մշակները զարմացան, թե նա որպես պետք է քարոզ կարդար իրանց, երբ քահանա չէր։

ԺԱ

Նույն ավուր երեկոյան պահուն Արտեմ Պավլիչը կանչեց որդուն յուր սենյակը։ Այնտեղ նստած էր մի վրացի իշխան, կարմիր մախմուրի արխալուղով, ոսկի ժապավենով եզերավորած կաբայով և արծաթապատ խանջալով։

Երիտասարդը քաղաքավարությամբ գլուխ տվավ նրան։

— Իմ որդիս, Միխայիլ Արտեմիչը։

— Կնյազ Ճիանճվելիձե,— ծանոթացրեց նրան Արտեմ Պավլիչը։

Երիտասարդը նստեց։

— Գիտե՞ս ի՛նչ բանի համար կանչեցի քեզ, Միշա,— ասաց Արտեմ Պավլիչը մի այնպիսի լեզվով, որ իշխանը հասկանար։— Կնյազը իմ հինուցվա բարեկամս է, շատ օրինավոր մարդ է, աստված է վկա, դրա ողորմածհոգի հայրը ավելի լավ մարդ էր — աստված իր հոգին լուսավորե — Կախեթումը առաջին օջախն է դրա հոր տունը։

Երիտասարդը անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանան հոր այդպիսի շողոքորթող գովասանքները։

— Կնյազը,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— աստված իրան երկար կյանք տա— ինքն էլ շատ մեծ մարդ է Կախեթումը։ Բայց ջեր ջեհիլ է (է՜հ մենք էլ ենք ջեհիլ էլել...) անցյալ գիշեր կլուբումը մի քանի հազար տանել է տվել. (վնաս չունի, ջեհելություն է, մենք էլ ենք էդպեսի բաներ շատ արել..․)։ Հիմի փող է հարկավորել իրան, եկել է, ասում է, Արտեմ Պավլիչ, քեզանից ավել բարեկամ չունիմ, այդ իմ նեղության ժամանակին դու ինձ պիտի օգնես, մի քանի հազար մանեթ ինձ փող պիտի տաս։ Ասում եմ, Միշիս արևը գիտենա, փող չունիմ. չէ հավատում, ասում է, Արտեմ Պավլիչ, ի՛նչպես որ ըլի՝ պիտի մեկ տեղանց ճարիս, տաս։ Հիմի ի՞նչ պիտի անինք, Միշա ջան, մեր կնյազն է, ինչպես որ ըլի՝ պիտի ուրիշից ճարենք նրան տանք, դու գիտես, որ ես հիմի փող չունիմ։

— Ես չգիտեմ, որ... — ասաց Բաքոսյանը։

— Հորեն, Միշա, էն սնդուկումը,— շուտով կտրեց Արտեմ Պավլիչը որդու խոսքը,— կնյազը մի քանի բաներ էլ բերել է, որ գրավ թողնի մեզ մոտ, գնա մտիկ արա։

Երիտասարդը վեր կացավ, բաց արավ սեղանի վրա դրած փոքրիկ արկղիկը, որի մեջ կային ոսկեղեն գոհարազարդ մի քանի կանացի թանկագին բաներ, որպիսին են՝ ապարանջաններ, մանյակ, մահիկը (մեդալիոն) և այլն։

— Դրանք, Միշա, կնեյնա Նինուշկայի ապրանքն է. գիտեմ, որ ուրիշ մարդու չի մավա կենա, բայց կնյազը լավ է ճանաչում ինձ, որ ես Արտեմ Պավլիչն եմ, օչովին խայանություն չեմ տնի...

— Վերջապես ի՞նչ եք կամենում ինձանից,— համբերությունը հատնելով հարցրեց երիտասարդը։

— Հա՜, էն էի ուզում ասել, Միշա, վեր առ առաջ մին վեքսիլ գրե 3000 մանեթի մինչև հինգ ամիս ժամանակի, հետո մին պայման գրե, էդ բաները, որ կնյազը բերել է՝ պայմանի մեջ մին-մին նշանակի՛ր, եթե մինչև հինգ ամիս փողն չստանամ, կնյազը պարտավոր է բացի այդ 3000 մանեթը՝ 500 մանեթ էլ շտրաֆ տա ինձ, ես էլ իրավունք ունենամ գրավները ծախել, իմ փողը վեր առնել։

— Գիտե՛ք, կնյազ,— դարձավ նա դեպի վրացին.— ես մեկ ճշմարիտ մարդ եմ, իմ ամեն բանը դրուստությունով է, լավ է, որ էս գլխեմեն ասեմ, որ դուք էլ հասկանաք հեսաբը. ես քեզ 2500 մանեթ նաղդ փող կտամ. թումանը երկու ապասով մեկ ամիսն 100 մանեթ շահ կու բանե, էդ էլ հինգ ամսումը կանե 500 մանեթ, դրա համար եմ ասում, որ վեքսիկը 3000 մանեթ գրե։ Իմ մամի հոգին գիտենա, որ իմ կյանքումս էսպես էժան օչովին փող շահով տված չունիմ։ Բայց ի՛նչ անիմ, բարեկամ մարդ ես, խաթրիցդ չեմ անց կենում...

— Իհարկե, Արտեմ Պավլիչ, մեր բարեկամությունը մի օրվա համար չէ՛ խոմ,— պատասխանեց իշխանը համաձայնվելով վերոհիշյալ պայմաններին։

— Դե՛, վեր առ գրե՛,— դարձավ Արտեմ Պավլիչը դեպի որդին։

— Ես այդպիսի պայման չեմ կարող գրել,— պատասխանեց երիտասարդը հայերեն լեզվով, որ իշխանը չհասկանար։

— Ինչո՞ւ,— հարցրեց հայրը աչքերը լայն բացելով։

— Նրա համար որ, առաջին՝ այդ մարդը օրենքով իրավունք չունի յուր կնոջ սեփականությունը գրավ դնելու, երկրորդ՝ բոլորովին օրենքի հակառակ բան է հինգից ավել տոկոս առնել։

Արտեմ Պավլիչի աչքերը վառվեցան բարկությունից։

— Դե՛ գնա՛, հեռացի՛ր, որ էդ մարդը բան չհասկանա։

Որդին հեռացավ։

«Էդ զակոնները ես լավ գիտեմ», ասաց ծերունի վաշխառուն յուր մտքի մեջ, «դժվար բան չէ, կնկան էլ ձեռք քաշել տալը պայմանի վրա»։

— Գիտես, կնյազ,— դարձավ Արտեմ Պավլիչը որդու գնալուց հետո դեպի յուր զոհը։— Իմ Միշեն զագրանիցայեն գալու ժամանակ ճանապարհին հիվանդացել էր, մինչև հիմի էլ տաքցնում է, ձեռքերը դողում են, չկարացի գրել. խնդրեմ մի փոքր սպասել, ես էս րոպեին կանչել կտամ իմ գրագրին, այսօր կիրակի լինելու համար տանը չէ՛։

— Շատ լավ, ես կսպասեմ,— ասաց իշխանը։

ԺԲ

Մի օր երեկոյան պահուն Բաքոսյանը, դառնալով տուն, այնտեղ գտավ տիկին Շնորհաբաշխին։ Նրա մոտ նստած էին Արտեմ Պավլիչը և տիկին Մարիամը թեյ էին խմում։

Տիկին Շնորհաբաշխը խոսում էր, ծիծաղում էր, հանաքներ էր անում և զանազան ընտանիքներում պատահած հետաքրքրական անցքեր էր պատմում։

Տեսնելով երիտասարդին՝ բոլորի դեմքի վրա երևաց մի հաճության ժպիտ։

— Թողեք ե՛ս ասեմ,— ձայն տվավ տիկին Շնորհաբաշխը:

— Չէ՛, ե՛ս կասեմ,— նրա խոսքը կտրեց տիկին Մարիամը։

— Բա՛, ես չե՛մ կարա ասել,— մեջ մտավ Արտեմ Պավլիչը։

— Ի՞նչ եք ուզում ասել,— կրկնեց երիտասարդը, ձեռք տալով վիճողներին։

— Քեզ ուզում են նշանել,— առաջ ընկավ տիկին Շնորհաբաշխը։

— Այդ լա՛վ բան է,— ժպտալով պատասխանեց երիտասարդը։

— Բա վա՞տ բան է...— ուրախությամբ ձայն տվավ Արտեմ Պավլիչը։

Տիկին Մարիամը խորին հոգեզմայլության մեջ էր։

— Թե գիտենաս ու՛մ վրա, Միշա, էս րոպեիս ուրախությունից վեր-վեր կթռչես,— առաջ տարավ տիկին Շնորհաբաշխը։

— Ասա՛, ո՞ւմ վրա, մի՛ վախիր, չեմ թռչկոտի,— մեղմ ձայնով պատասխանեց Բաքոսյանը։

— Դու ուզում ես, որ էդպես հեշտությամբ գիտենա՞ս. ի՞նչ կտաս, որ ասեմ։

— Ինչ որ ուզում ես կտամ, եթե չասես։

— Դրա՛ն մտիկ տուր, դրան, նազ է՛լ է անում,— դարձավ ծիծաղելով դեպի Արտեմ Պավլիչը տիկին Շնորհաբաշխը։

— Նազ կանե, բա ի՞նչ կանե,— կրկնեց Արտեմ Պավլիչը որդու վրա հպարտանալով։

— Հանաքը դենը կենա,— շարունակեց տիկին Շնորհարաշխը, կրկին դառնալով դեպի երիտասարդը,— Միշա, ուզում ենք Նասիբովենց Նատոն նշնել քեզ համար։ Ի՜նչ աղջիկ է, սիրուն, խելացի, ուսումով, հունարով, մի խոսքով, մոդնի աղջիկ է, էլի՛։

Երիտասարդը լուռ լսում էր։

— Դու փողն ասա, Աննա Կիրիլովնա, փո՛ղը,— ձայն տվավ Արտեմ Պավլիչը։— Հոր մի հատիկ զավակ է, էնքան տուն, տեղ, էնքան հարստություն նրան է պատկանում։

— Մի խոսքով, իմ Միշիս լայաղ աղջիկ է,— մեջ մտավ տիկին Մարիամը։

— Գուցե դրանք բոլորն ուղիղ լինեն... միայն ես դեռևս պսակվելու նպատակ չունեմ,— պատասխանեց Բաքոսյանը սառնությամբ։

— Դու էլ մեր քաղքի տղերքի պես սպասում ես մինչև մազերդ սպիտակին, ակռեքդ թափին, էն ժամանակ պսակվի՞ս,— կշտամբելով ասաց տիկին Շնորհաբաշխը։

— Ո՛չ, այդ չէ պատճառը, միայն ես այժմ մի այնպիսի անորոշ դրության մեջ եմ, որ ինձ դեռևս վաղ է մտածել ամուսնության վրա։

Արտեմ Պավլիչը սկսավ զարմանալ։

— Էլ ի՞նչ ես ուզում, ի՞նչ,— ձայն տվավ նա,— հարստություն ես ուզում — ունի, ուսում ես ուզում — ունի, գեղեցկություն ես ուզում — ունի։ Գա՛նա էդպիսի աղջիկը հալվա է, որ երբ ուզենաս բազառիցը առնես։

— Այդ ձեր ասածների դեմ ես վիճելու առիթ չունիմ, միայն ասում եմ, որ ես դեռ պսակվելու մասին չեմ մտածում։

— Էլ ի՞նչ բանի վրա պիտի մտածես, ասա՛, խնդրեմ. մեր քաղքումը ինչքան երևելի տղերք կան՝ Նատոյին մուշտարի են. ոչ մեկին չեն տալիս, ուզում են քեզ տալ, էնդուր համար, որ նրա հերը իմ լավ բարեկամս էր, ջեր դու զագրանիցումն էիր, որ մենք մեկ-մեկու խոսք տվեցինք, որ խնամի դառնանք։ Հիմի նա գնաց էն աշխարհքը, ես մնացի․ բա՛ ես իմ խոսքը չպիտի կատարեմ մի էդպիսի աղջիկը, մի այդքան հարստությունը պիտի թողնեմ ուրի՞շը տանե։

— Ես զարմանում եմ, հայր, որ դուք ձեր աչքի առջև ունիք այդ չնչին հաշիվները, որոնք ամուսնության մեջ ոչինչ նշանակություն չունին։ Դուք չեք մտածում մի բանի վրա, արդյոք Նատոն կարո՞ղ է ինձ սիրել, կամ ես կարող եմ նրան սիրել։

— Հա՛, կսիրե, կսիրե, երբ քո կնիկը դարձավ, իհարկե, կսիրե քեզ։

— Այդ խնդրի լուծումը այդքան հեշտ չէ։ Բայց նորից ես կրկնում եմ, թե դեռ պսակվելու նպատակ չունիմ ես,— պատասխանեց Բաքոսյանը, և դառնալով դեպի տիկին Շնորհաբաշխը, ասաց.

— Ներեցե՛ք, խնդրեմ, ես պիտի գնամ իմ սենյակը, մի քանի հյուրեր ունեմ այս գիշեր ընդունելու։

— Ա՜յ քեզ խե՜լք...— զարմանալով բացականչեց որդու գնալուց հետո Արտեմ Պավլիչը։


ԺԳ

Անցան մի քանի ամիսներ։

Բաքոսյանի մոտ լինում էին փոքրիկ ժողովներ, ուր հավաքվում էին մի քանի աղքատ ուսանողներ, մի քանի թափառաշրջիկ դերասաններ, բոլորը կյանքի հարվածների տակ ճնշված և մաշված երիտասարդներ։

— Զվէմն, զօր անարգեցին շինողքն՝ նա եղև գլուխ անկեան»,— ասաց մարդկության մեծ բարեկարգիչը— խոսեց մի օր Բաքոսյանը ժողովի մեջ։

— Դուք, պարոններ, ժողովրդից արհամարհված մարդիկդ, դուք շատ բաներ կարող եք շինել, որովհետև ձեր մեջ ուժ կա, ձեր մեջ կյանք կա, ձեր մեջ պահպանվել է ժողովրդական տարրը։

Ժողովքը ուշադրությամբ լսում էր։

— Ես միտք ունեմ,— առաջ տարավ Բաքոսյանը,— կազմել մի խմբագրություն մի նոր պարբերական թերթ հրատարակելու, որովհետև տեղույս հրատարակված լրագիրների ուղղությունը ես բոլորովին վնասակար եմ համարում։

— Ի՞նչ անուն պիտի տաք այդ լրագրին,— հարցրին մի քանիսը։

— Նրա անունը կլինի «Գռեհիկ»: Այդպիսի կոչումը համապատասխանում է այն նպատակին, որին պիտի ծառայե այդ թերթը, այսինքն բարվոքել գռեհիկ դասի, ավելի լավ է ասել, մշակ դասի դրությունը։

— Այդ շատ հիանալի միտք է,— ձայն տվին բոլորը։— Մշակ դասը մեզանում սարսափելի ճնշման ներքո է։

— Ես արդեն քանի շաբաթ է սկսել եմ քաղաքիս մշակներին դասախոսություններ անել, փիլիսոփայական հայացքով, որպեսզի նրանց մեջ նախ և առաջ կարողանամ մտցնել անհատականության սկզբունքները, որ նրանք ունենան ինքնաճանաչություն իրանց իրավունքների և պարտավորությունների։

— Այդ անպատճառ հարկավոր է։ Միայն պետք են և գործնական միջոցներ նրանց նյութականը ապահովելու,— ասաց մինը։

— Ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ,— պատասխանեց Բաքոսյանը։— Ես արդեն նրանց ուսուցանում եմ կանոնները մի «ինքնօգնության փոխատու ընկերության»:

— Բացատրեցե՛ք, խնդրենք, այդ ընկերության նպատակը։

— Նրա նպատակն այն է, որ մշակների խմբից կազմված ըեկերության ամեն մի անդամը յուր աշխատանքի մի որոշյալ մասը կմտցնե ընկերության կասսան։ Այնտեղ մի նշանավոր դրամագլուխ հավաքվելուց հետո ընկերությունը կստանա վարձ։ Այնուհետև մշակները, ճանապարհների, տների և այլ հիմնարկության համար փոխանակ կապալառուներին օրական վարձով գործավոր դառնալու, իրենք կարող կլինեին վեր առնել այդպիսի կապալներ, այլևս ստիպված չեն լինի մի հաստափոր կապալառվի ստրուկ դառնալ։ Բացի դրանից, նրանք կարող կլինեն հիմնել փոքրիկ գործարաններ, նայելով, թե ո՛րքան զորություն կստանա նրանց վարկը, և իրանք մինչև ո՛ր աստիճան կզարգանան այդպիսի գործերում ։

— Այդ արդարև կարող է բարվոքել մշակների դրությունը, երբ նրանք ինքնօգնության միջոցներ կունենան։

— Ես առավոտյան խնդիրը կմատուցանեմ գլխավոր վարչությանը, և հուսով եմ շուտով հրաման ստանալ։

Ժողովը ցրվեցավ կատարյալ համակրությամբ։

ԺԴ

Այդ ժողովները, որ շարունակում էին շաբաթը մի անգամ, մի կողմից որքան բավականություն էին տալիս Բաքոսյանի ցանկություններին՝ մյուս կողմից այնքան գրգռում էին Արտեմ Պավլիչի տհաճությունը։

Այդ պատճառով մի օր ասաց նա յուր կնոջը։

— Ի՞նչ պիտի ըլի էդ դավի-դառաբի վերջը։

— Ի՞նչ դավի-դառաբա,— զարմանալով հարցրեց Մարիամը։

— Էդպես որ գալիս են, գնում են, ուտում են, վիթում են․․․

— Ո՞վքեր։

— Չե՞ս իմանում, էդ մոթրեվուլ (թափառական) քաղցածները, որ տղիդ նոր ընկերներ են դարձել։

— Ի՞նչ կա որ գալիս են, ջահել տղերք են, միասին հավաքվում են, խոսում են, ժամանակ են անցկացնում։

— Ա՛խր նրանք ո՞վքեր են, ո՞ւմ տղերքն են, որ հավաքել է յուր գլխին։

— Դու ի՞նչ ես հոգում, որ տղիդ նրանք են դուր գալիս։

— Գանա իմ տունը բաղնի՞ս է, ով որ ուզենա մտնե։

— Է՜հ, քեզ հետ գլուխ չունեմ,— ասաց տիկին Մարիամը տհաճությամբ և հեռացավ յուր ամուսնուց։

Արտեմ Պավլիչի այդ վրդովմունքի մեջն էր, երբ նրա որդին տուն դարձավ։

— Ո՞ւր էիր, Միշա,— հարցրեց նա։

— Գնացել էի խնդիր մատուցանեմ, որ լրագիր հրատարակելու հրաման ստանամ,— ուրախությամբ պատասխանեց երիտասարդը։

Արտեմ Պավլիչի դեմքը խոժոռվեցավ։

— Քեզ ասում եմ, Միշա, էդպիսի դարտակ բաներիցը ձեռը վեր կալ, խելքդ գլուխդ հավաքի՛ր, կազեթներում տուտուց բաներ գրելը քեզ մին սև փող օգուտ չի տալ։ — Ես իմ օգտի համար չեմ աշխատում, հայր։

— Դրա համա՞ր քեզ զագրանից ուղարկեցի, դրա համա՞ր հազարներ քեզ վրա մսխեցի։

— Ապա ի՞նչ բանի համար,— մեղմությամբ հարցրեց երիտասարդը։

— Ես քեզ ուսում տվի, որ ինձ պետքը գաս, ինձ,— հառաջ տարավ Արտեմ Պավլիչը պինդ ձայնով։

— Ես միշտ պատրաստ եմ քեզ էլ պետքը գալ և այն գործին էլ, որին ես ծառայում եմ։

— Դո՛ւ, դու, ինձ պետքը գաս,— ավելի պինդ ձայնով կրկրնեց հայրը։— Ես քեզ ասում եմ, Միշա, վրացու համար պայման գրե, «հինգ հարյուր մանեթ աշխատանք ունիմ»— դու ինձ խրատ ես տալիս, էդ «խղճմտանքի ընդդեմ բան է, ես չեմ կարա գրել—...» Դե գնա՛, դե գնա՛, քո ուսմունքով, քո խղճմտանքով մի ապասի սև փող դատե բե՛ր, աչքս տեսնե, էն ժամանակ կասեմ, թե դու էլ մարդ ես... թե դու էլ խելք ունես...

Երիտասարդը պահում էր իրան բոլորովին գերմանական սառնասրտությամբ։

— Ես ձեզ հետ բոլորովին համաձայն եմ, որ մի այդպիսի հասարակության մեջ, որ վերջին աստիճանի բարոյական և իմացական փտության մեջն է՝ կենդանի խղճմտանքով չէ՛ կարելի ապրել։

Վերջին խոսքը կատաղության չափ ծակեց Արտեմ Պավլիչի սիրտը, միայն նա, պահելով յուր բարկությունը՝ ասաց որդուն.

— Ես քեզ հոր պես խրատ եմ տալիս, որդի, էս կազեթներեմեն, վարժատներեմեն ձեռը վեր կալ, դրանք քու բանը չեն։ Մի քանի տղերք, որ հավաքել ես գլխիդ՝ քեզանից հեռացրու, նրանցից խեր չկա, նրանք քո փողերու համար են քո չորս կողմը պտիտ գալիս, որ քեզ պլոկեն։ Նատոյի հետ պսակվիր, նա մեծ չինովնիկներից ազգականներ ունի, քեզ կօգնեն, դու էլ ղուլլուղի կմտնես, փող ունիս, ուսում ունիս, լեզուներ գիտես, ղուլլուղի լեզուներ գիտես, ղուլլուղի մեջ օրեցօր կբարձրանաս և շուտով գեներալ կդառնաս։

— Դուք ստիպում եք ինձ պսակվիլ մի աղջկա հետ, որ ուրիշին է սիրում։

— Ո՞ւմ է սիրում։

— Դոկտոր Բարակյանին։

— Էն քաղցած բժի՞շկն ես ասում, նրան ո՞վ աղջիկ կտա։ — Չեն տալ, էդ ուրիշ բան է, միայն ես գիտեմ, որ նրանք միմյանց սիրում են։

— Դու ի՞նչ ես միշտ էդ սերը մեջտեղ քցում. դու ինձ խոսք տուր՝ ես հենց էսօր բանը գլուխ բերեմ։

— Ես չեմ կարող ուրիշների անբախտությանը պատճառ դառնալ։

— Ուրեմն չե՞ս ուզում։

— Ո՛չ։

— Ես երկար խոսել չեմ սիրում, Միշա, քեզ ասում եմ, թե իմ խոսքը չկատարես, էլ իմ որդին չես, ես կզրկեմ քեզ իմ ժառանգությունից։

— Հայր իմ,— ասաց երիտասարդը մեղմ ձայնով,— դուք օրենքով չեք կարող զրկել ինձ իմ պապական ժառանգությունից, որովհետև այն ձեզ չէ՛ պատկանում։ Այսուամենայնիվ ես թողնում եմ ձեզ բոլորը։ Միայն կասեմ, որ ես երբեք չեմ կարող ընդունել այնպիսի առաջարկություններ ձեր կողմից, որ ընդդեմ են խղճի, պատվի և ազնվության։

— Ուրեմն դու է՛լ իմ որդին չե՛ս,— գոռաց Արտեմ Պավլիչը դժոխային բարկությամբ։

— Մնաք բարյավ, հայր իմ, ես չեմ կարող ձեր հետ գործ ունենալ, երբ դուք կամենում եք խեղդել իմ մեջ ամեն մի սուրբ զգացմունք․․․

ԺԵ

Հունվար ամիսն էր։

Գիշերային խավարը վաղուց արդեն տիրել էր աշխարհին։ Կատաղի մրրիկը ֆշֆշալով այս և այն կողմ էր ցրվում մանրիկ ձյունի հոսանքը։

Քաղաքի մի խուլ անկյունում, փոքրիկ և խոնավ սենյակի մեջ, աղոտ լույսով վառվում էր մի ճրագ։

Հասարակ աթոռի վրա, գրասեղանի հանդեպ, որոնք կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ աղքատիկ բնակարանի՝ նստած էր մի երիտասարդ։

Նա գրում էր։

Տետրակի ճակատին, որ դրած էր նրա առջև՝ կարելի էր կարդալ այս վերնագիրը․ «Կանոններ մշակների ինքնօգնության փոխատու ընկերության»: Փոքրիկ տունը, որի մեջ բնակվում էր երիտասարդը՝ պատկանում էր մի ազնվական այրի կնոջ, որի ամուսինը թողել էր միակ ժառանգությունն յուր մի հատիկ աղջկան, որի չքավոր հասույթուվ ապրում էր նա յուր մոր հետ։

Երիտասարդը վարձել էր այստեղ մի փոքրիկ սենյակ, ուր մի աննշան վճարքով չափավորապես կերակրվում էր։

Հանկարծ դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նա յուր կուրծքի վրա բռնած՝ բերում էր մի քանի կտոր փայտ։ Եվ հուշիկ քայլերով մոտենալով հնոցին, սկսավ վառել նրան։

Երիտասարդը ամենևին չնկատեց նրան։ Բայց վառարանի պայծառ լույսը, որ շուտով ծավալվեցավ մռայլոտ սենյակի մեջ՝ դեպի այն կողմը դարձրեց երիտասարդի ուշադրությունը, և նա նկատելով աղջկան, «Ա՜խ, Մանիշակ», գոչեց և վեր թռավ տեղից.

— Դու ի՞նչ գիտեիր, որ այս րոպեիս իմ մատներր, ցրտից սառած, այլևս ընդունակ չէին գրիչ շարժելու։

— Ես գիտեի...— պատասխանեց օրիորդը քնքշությամբ։

— Ապա ինչո՞ւ շուտով վառել չտվիր։

— Ծառայի մայրը գյուղից եկել էր, և ծառան գնացել էր նրան տեսնելու, ես սպասեցի, սպասեցի, չդարձավ։

— Հետո՞։

— Ես ուզում էի ինքս գալ վառելու...

— Հետո՞։

— Վախում էի մայրս բարկանա։

— Եվ դու տխրո՞ւմ էիր, որ արգելում են քեզ։

— Այո, տխրում էի...

— Հետո՞։

— Հետո այնքան սպասեցի մինչև մայրս քնեց։

Երիտասարդը ժպտեցավ։

— Ինչո՞ւ այդպես բարի ես դու, Մանիշակ։

Օրիորդը շառագունեցավ և կամենալով փոխել այդ խոսակցությունը՝ ասաց.

— Դու միշտ գրում ես, Միքայել։

— Այո , գրում եմ... մեզ մնացել է այժմ թանաք և գրիչ...

— Դու խոստացար ինձ հայոց պատմությունից դասեր կարդալ։

— Ես միշտ պատրաստ եմ. եթե դու այնքան բարի կլինես ինձանից դասեր ընդունելու։ — Ես շատ ուրախ կլինեմ։

— Ուրեմն սկսենք այս գիշերից,— հեգնորեն ասաց երիտասարդը։

— Արդեն գիշերային երկրորդ ժամն է։

— Ուրեմն գնա՛, հանգստացի՛ր իմ հրեշտակ, ես էլ շատ զբաղված եմ։

Օրիորդը, յուր գեղեցիկ աչքերը վերջին անգամ դարձնելով դեպի երիտասարդը՝ «բարի գիշեր» ասաց և հեռացավ։

«Ահա՛ մի հում և անխարդախ նյութ, որից կարելի է մշակել մի օրինավոր բան», ասաց յուր մտքում Բաքոսյանը օրիորդի գնալուց հետո։

ԺԶ

Տիկին Մարիամը, ոչ միայն քնքուշ սրտով մայր էր, այլ նա բարի և խղճմտանքով կին էր։ Յուր որդու հայրենական տնից հեռանալուց հետո նրա աչքերի արտասուքը չէր շորանում։

— Մինչև ե՞րբ մեր որդին օտարի տանը պիտի ապրի, ասաց նա մի անգամ յուր ամուսնուն:

— Կգա, Մարիամ, մի՛ շտապիր, նա ինքը կգա,— պատասխանեց Արտեմ Պավլիչը խորհրդական ձայնով։ — Նրա գլխումը ջեր ինչ որ զագրանիցի իծաներ են պտուտ գալիս. երբ էնդոնք ոադ կուլին, էն ժամանակ ինքը կուգա. դու մի՛ շտապիր։ Թո՛ղ մի քիշ սարե-սար, քարե֊քար ընկնի, ջարդվի, մաշվի՝ որ փորձվի, խելոքանա ու նոր մարդ դառնա։

— Էդ ինչե՞ր ես խոսում, ողջ քաղաքը տղիդ ուսումն ու խելքն են գովում, դու ասում ես, նորից գնա՛ խելք սովորի, մի՞թե նա հիմար է։

— Հիմար չէ՛, Մարիամ, միայն մեր աշխարհքի կարգն ու ադաթը ջեր չէ իմանում: Լսի՛ր, ես էս րոպեին կհաստատեմ նրա անփորձությունը։

Տիկին Մարիամը չափազանց վշտացավ այդ խոսքերից։

— Նա՛,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— նա վարժատներում դաս է տալիս։ Ինչ է՝ որ աշակերտները բան սովորին, խելացի մարդիկ դառնան: Բայց չէ մտածում թե որ ամենքն էլ բան գիտենան, խելացի մարդիկ ըլին, ինքը ինչո՞վ պիտի ապրի. ո՞վ նրանից տասը շահանոց բանը մի մանեթով կաոնե։ Հիմի որ առնում է, էնդումեն է, որ չէ՛ հասկանում, ինչ որ ասում ենք, հավատուն է։ Տիկին Մարիամը կամենում էր պատասխանել, բայց Արտես Պավլիչը նրա խոսքը կտրեց.

— Սպասի՛ր, մի բան էլ ասեմ, տղեդ ուզում է մշակների համար փող հավաքե, նրանց կրեդիտ տա, որ նրանք էլ կարենան մեզ պես փոդրաթներ բռնել, զավոդներ բաց անել։ Շատ լավ։ Մշակն էլ աղա դարձավ, նա էլ։ Տեսնենք էն ժամանակ մեր աղբի քթոցը ո՞վ պիտի տանի դուրս ածե։ Հիմի քեզնից եմ հարցնում, Մարիամ, էդպիսի բաներ մտածող մարդուն կլինի՞ խելացի ասել։

— Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Մարիամը,— կարելի է դագրանիցում էդպես են սովորեցնում։

— Հավատա՛, Մարիամ, ամենը հիմարություններ են դրանք։ Աստծու դրած կանոնները մարդը չէ կարող քանդել։ Աստված ձիուն ստեղծել է, որ մեր բեռը քաշե, շունը ստեղծել է, որ մեր տունը պահե, ոչխարին ստեղծել է, որ մեզ կերակուր դառնա, էնպես էլ մշակներին ստեղծել է, որ մեր աղբը դուրս ածեն, մեր տները շինեն, մեր հողը վարեն, մեկ խոսքով մեզ ծառայություն անեն։

Տիկին Մարիամը անհամբերությամբ լսում էր։

— Իմ Միշեն խելացի է, ես չեմ կարող նրան անխելք ասել,— խոսեց նա։

— Ասում ես, թե տղես խելացի է,— առաջ տարավ Արտես Պավլիչը։— Եթե նա խելք ունենա՝ Նատոյի նման աղջիկը, որ իր հետ մի խազինա է բերում իմ տունը, մի էդպիսի աղջիկ չի՞ ուզի նա։ Կասե թե նա ուրիշին է սիրում։ Սերը ո՞րն է. աղջիկը ում կնիկ դարձավ, նրա ապրանքն է։ Դե՛ ասա ինձ, Մարիամ, ես որ քեզ առեցի, դու ինձ սիրո՞ւմ էիր։

— Ես որ քեզ առա, չէի էլ իմանում, թե սերը ինչ բան է։

— Շատ լավ, մեր հերն ու մերը մեզ պսակեցին, հիմի ապրում ենք։ Նրանք էլ մեզ պես։

— Լա, էդունք թող մնան, հիմի ի՞նչ ես ասում, տղեդ չպիտի՞ տուն բերես,— հարցրեց տիկին Մարիամր անհամբերությամբ։

— Մի՛ շտապիր, ասացի քեզ, նա ինքը կգա, թող մի քիչ էլ տանջվի, էն վախտ իծաները գլխիցը ռադ կուլին, նա ինքը կդա, կրկնեց Արտեմ Պավլիչը սառնասրտությամբ։

Ամուսնու սառնասրտությունը չափից դուրս վշտացրեց տիկնոջ փափուկ սիրտը։

— Քո մեջ սիրտ չկա, ես գիտեմ,— ասաց նա արտասուքը սրբելով,— բայց ես առանց իմ որդուն չեմ կարող ապրել, ես նրան բերել կտամ։ — Կնկա խելքն էլ կարճ կըլի, ар ասել են՝ սուտ չէ,— ասաց Արտեմ Պավլիչը հեգնական ձևով։— Շատ լավ, երբ կխոստանա Նատոյին առնել, էն ժամանակ թող գա, ես նրան աչքիս լուսի պես կսիրեմ։

Տիկին Մարիամը չլսեց նրան և հեռացավ։

ԺԷ

Ուշադրություն չդարձնելով յուր ամուսնու խստասրտությանը՝ տիկին Մարիամը կանչել տվավ իրանց ծխատեր քահանային, տեր Կիրակոսին, և խնդրեց գնալ որդու մոտ, համոզել հոր հետ հաշտվելու։

Ոչ ոքին այնքան հայտնի չէ լինում մի քաղաքի զանազան մարդկանց բնակարանը, որպես տերտերներին։ Մի քանի ժամվա մեջ քահանան գտավ Բաքոսյանի անհայտ սենյակը։

— Այդպես չէ՛, պարոն Միքայել, աշխարհի կարգը,— ասում էր տեր-հայրը երկար խոսելուց հետո։— Ծերերի և ծնողների առջև պետք է միշտ խոնարհ լինել։ Սուրբ Ավետարանը ասում է. «հնազանդ լերուք ծնողաց ձերոց»։

— Այդ շատ լավ խոսք է, տեր-հայր, միայն սուրբ ավետարանը չէ ասում ծնողներին քաշել և հալածել իրանց որդոց համոզմունքը,— պատասխանեց Բաքոսյանը։

— Էլի պետք է հնազանդ լինել, որդի, նա հայր է, իսկ դու որդի ես, նա ծեր է, նա աշխարհ է տեսել, իսկ դու ջեհել ես, այնքան փորձված չես։

— Ի՞նչ կնշանակե, տեր-հայր, թե փորձված չեմ։ Խելքը և գիտությունը մազերի սպիտակության և սևության մեջ չեն։

— Թո՛ղ լինի․․․ առակն ասում է. «շատ ապրողը՝ շատ բան գիտե»։

— Շատ լավ, ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ է ձեր միտքը։

— էն է, որ գաս, միասին գնանք, հորդ ձեռքը համբուրես և ձեզ հաշտեցնեմ։

— Ես իմ հոր հետ ոչինչ թշնամություն չունեմ. ես դարձյալ պատվում եմ նրան, որպես հայր․ միայն հաշտվել նրա հետ ես չեմ կարող։ Որովհետև, նա պահանջում է, որ ես կուրորեն հետևեմ նրա օրինակին, որ ես դառնամ նրա կյանքի շարունակությունը. այսինքն, մտածեմ այն, ինչ որ նա է մտածում, գործեմ այն, ինչ որ նա է գործում, մի խոսքով՝ դառնամ նրա բնավորության պատճենը։

— Էդպես չէ՛, պարոն Միքայել․ հայրդ խելոք մարդ է. այնքան էլ անհասկացող չէ, որպես կարծում եք։ Միայն նրան փոքր ինչ անհաճելի են ձեր մի քանի պարապմունքները։

— Ո՞րպիսի պարապմունքներ։

— Օրինակի համար ուսումնարաններում և էնպեսի տեղերում ձրի դասատվություններ անելը, մշակներին դասախոսություն կարդալը և նրանց համար մտածելը...

Քահանայի վերջին խոսքերը խիստ վատ տպավորություն ունեցան երիտասարդի սրտին և նա ասաց.

— Ես զարմանում եմ, տեր-հայր, որ դուք, փոխանակ համակրելու մի երիտասարդի այդպիսի պարապմունքներին՝ թույլ եք տալիս ձեզ պաշտպանել պառավների կարծիքը, չմտածելով, որ միևնույն պաշտոնը, որ կատարում է նա՝ բոլորովին ձեզ, քահանաներիդ է պատկանում: Գիտե՞ք ինչ էր ասում Հիսուս Քրիստոս դպիրներին և փարիսեցիներին, որոնք արգելք էին լինում ուսման և գիտության ժողովրդի մեջ տարածվելուն, «Վա՜յ ձե՛զ, օրինակացդ, զի թագուցանէք ղփականս գիտութեանն, դուք ոչ մտանէք, և որ մտանելոցն են՝ արգելուք»։ Գիտեք, տեր-հայր, որպես էր նա հոդս տանում ժողովրդի ճնշված, հաղթահարված և ստրկացած դասի դրության բարելավությունը։ Նա ասում էր. «Եկա՛յք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ»։

Քահանան բոլորովին սառեցավ, նկատելով, որ իրավարան դոկտորը Ավետարանն էլ գիտե։

— Մեր կրոնքը,— առաջ տարավ Բաքոսյանը,— չէ քարոզում կաստաներ, որոնցից մինը ծնված լիներ հայր Բրահմայի գլխից, իսկ մյուսը՝ նրա ոտքերից։ Մեր կրոնքի մեջ տիրում է կատարյալ ազատություն: Եվ ձեր ամեն օր կարդացած Ավետարանը նույնը քարոզում է, թե Քրիստոսի եկեղեցվո մեջ ծառա, ազատ, խուժ, դուժ, սկյութացի — բոլորը մի են, Ուրեմն, տեր-հայր, աշխատենք միասին սրբեք մշակ դասի արտասուքը, թողնենք կորուսյալներին իրանց ոսկու կուռքերին երկրպագել, հեռանանք այդ մեզ համար անպիտանացած դասից, որոնց այնքան ատում էր Հիսուս Քրիստոս...։

Քահանան, նկատելով, որ հոր անունով չկարողացավ համոզել Բաքոսյանին, փոխեց յուր խոսքը։

— Մայրդ միշտ լաց է լինում, ասում է «թո՛ղ գա, Նասիրովենց Նասիրովենց Նատոյին նշնենք». ամեն օր աղջկա մայրը էլչի է ուղարկում ասում է, Նատոյին ես բացի Միխայելից ուրիշ տղի չպիտի տամ։ Դե՛, որդի, մի այդպիսի աղջիկ, որ մեր քաղքում չկա, քեզ համար ուզում են, էլ ի՞նչ ես սպասում, գնա՛, պսակվի՛ր էլի։

— Ամուսնությունը, տեր-հայր, մի այնպիսի սուրբ բան է, որի մեջ ծնողաց միջամտությունը տեղիք չունի։ Ծնողների բռնաբարությունը այդպիսի հանգամանքներում միայն ավելացնում է անբախտ ամուսինների թիվը։

Քահանան նկատելով Բաքոսյանի երկաթի հաստատամտությունը՝ տխուր հուսահատությամբ թողեց հեռացավ, ափսոսելով յուր մի քանի հարյուր մանեթի կորուստը, որ կարող էր նա ստանալ երիտասարդի պսակվելուց։

ԺԸ

Քաղաքի գլխավոր վարչությունը հրաման չտվավ Բաքոսյանին յուր ցանկացած լրագիրը հրատարակելու։ Նրա մշակներին կարդացած դասախոսությունները արգելվեցան։ Նրա ժողովների վրա սկսան կասկածանքով նայել։

Մի կողմից այդ անհաջողությունները, մյուս կողմից կյանքի և ապրուստի անհարմարությունները մինչ այն աստիճան տանջում էին նրան, որ նրա մարմնական ուժը սկսել էր սպառվել։

Նա նույն ժամանակ ապրում էր մի փոքրիկ գումարով, որ ստանում էր մի տպարանի կառավարելուց, և այն արծաթով, որ վճարում էին նրան արտասահմանում զանազան եվրոպական լրագիրներին ուղարկած հողվածների համար։

Բայց երիտասարդի կրծքի մեջ վաղուց արդեն բույն դրած չարագուշակ հազը, նրա կյանքի վերջին հանգամանքներից ավելի սաստկանալով, ձգեց նրան ծանր հիվանդության մեջ։

Ծնողները ոչինչ չէին լսել նրա հիվանդության մասին։ Գեղեցիկ Մանիշակը միայն, որի անմեղ և քնքուշ սրտի մեջ այնպես սրբությամբ թաքնված էր երիտասարդի սերը՝ միայնակ հոգս էր տանում նրա առողջությանը։

Տխուր դեմքով նստած էր օրիորդը հիվանդի անկողնի մոտ և արտասուքի մարգարիտները գլորվում էին նրա նույն րոպեին գունատված դեմքի վրա։

Հիվանդը վառվում էր տաքության մեջ։ Նրա տենդային ցնորքներում, կցկտուր խոսքերով, դարձյալ արտասանվում էին այն բառերը, որոնց նշանակությունը միշտ կապակից էին եղած նրա հոգվո և մտածության հետ…

Հայտնվեցավ բժիշկը։

Մեր ընթերցողին պետք է հիշել, որ այդ պարոնը Բաքոսյանի բարեկամ դոկտոր Բարակյանցն էր, մի աղքատ բժիշկ, որ սիրում էր օրիորդ Նատոյին։

— Պարոն դոկտոր, ի՞նչպես եք գտնում այսօր հիվանդին,— հարցրեց նրանից օրիորդը, երբ նա կամենում էր դուրս գնալ։

— Ոչինչ, մի փոքր բորբոքումն ունի ուղեղի մեջ, դուք գործ դրեցեք այն հնարները, որ ձեզ պատվիրեցի, հույս ունիմ շուտով կանցնի,— պատասխանեց բժիշկը։

— Եվ դուք կարծում եք, որ հիվանդությունը վտանգավոր չէ՞։

— Հավատացնում եմ ձեզ, ոչինչ չկա, շուտով կառողջանա: Բժիշկը հեռացավ։

— Ա՜խ, Աստված...— հառաչեց օրիորդը և յուր գլուխը թաքցրեց հիվանդի բոցավառված գրկի մեջ, կարծես, յուր շնչով կամենում էր նրան կյանք տալ։

ԺԹ

Երիտասարդի առողջությունը փոքր-ինչ լավացել էր, հանկարծ ստացավ նա մի նամակ: Այդ նամակը գցեց նրան անհանգստության մեջ։

— Գիտե՞ս, Մանիշակ, ո՛րքան շտապում եմ ես շուտ առողջանալ,— ասաց նա մի անգամ օրիորդին, որ նստած էր նրա մոտ։

— Ես էլ շատ եմ շտապում...— պատասխանեց աղջիկը հրեշտակային պարզամտությամբ։

— Միայն այդ ցանկությունները մեր երկուսիս մեջ բոլորովին զանազան նպատակներ ունին։

— Թո՛ղ ունենան... միայն ես շատ ուրախ եմ, որ դու այսօր բավական լավ ես։

— Անմե՛ղ գառնուկ,— կոչեց հիվանդը համազգացությամբ նայելով օրիորդի երեսին։

Հայտնվեցան հիվանդի ընկերները։ Օրիորդը հեռացավ։

Բաքոսյանի առողջությունը բավական ուրախություն պատճառեց նրան։ — Մեր կյանքը,— ասաց երիտասարդը,— մի չնչին բան է․ նա այսօր կա, վաղը ոչնչացավ։ Բայց մենք, պարոններ, աշխատենք կյանք տալ այն գործին, որին ամենքս նվիրված ենք։

— Մեր նպատակը և ցանկությունը իսկ այդ է,— պատասխանեցին նրանք։

— Լոկ նպատակը կամ ցանկությունը, բարեկամներ, ոչինչ նշանակություն չունի, երբ նա չէ իրագործվում, երբ նա մարմին չէ դառնում։ Լոկ ցանկությունը ցնո՛րք է։

— Ի՞նչ պետք է արած, երբ մեր հասարակական կյանքի մեջ հիմք չկա,— հարցրեց մինը։

— Այնտեղ որ հասարակական կյանքը այնպիսի փտած դրության մեջ է գտնվում` գործող մարդուն պետք է հիմնվել յուր սեփական ուժերի վրա, ոչ ոքից նպատակ և օժանդակություն չսպասելով։ Պառավներին մենք չենք կարող ուղղել, նրանց կուղղե միայն գերեզմանը։ Մեր կրթյալ երիտասարդությունը համարյա՛ փչացած է, նրանք մեզ համար կորած են։ Իսկ միակ ուժը որ մնացել է կենդանի, թարմ և անկեղծ՝ գտնվում է ամբոխի մեջ,— մեր հույսը պետք է նրա վրա դնենք և աշխատենք մշակել նրան։

Չնայելով Բաքոսյանի մարմնական տկարությանը՝ նա այնօր խոսում էր առանց լռելու։ Կարծես վերջին ժամն էր, որ այլևս չպիտի խոսեր յուր ընկերների հետ։

ԺԻ

Անցան մի քանի օրեր։

Մութ խավարային գիշեր էր։

Քաղաքի մի անկյունում, մարդկանց բնակարանից հեռու զգացմունքների տխուր և ուրախ վրդովմունքներով, կանգնած էին երկու հոգի։

— Ես բաժանվում եմ քեզանից, Մանիշակ, մի հեռու և վտանգավոր ճանապարհ բացված է իմ առջև,— ասաց Բաքոսյանը օրիորդի ձեռքը բռնելով։— Գուցե այլևս չհաջողվի մեզ տեսնել միմյանց, բայց, հավատա՛, Մանիշակ, որքան կյանք կա և կլինի իմ մեջ՝ երբեք չեմ մոռանա քեզ։

Օրիորդը մինչև այն ժամանակ չէր համարձակվել բաց անել երիտասարդին յուր սիրտը, բայց բաժանման վերջին րոպեն խլեց նրա կուսական շրթունքից համեստության կնիքը և նա ասաց. — Բայց դու չե՜ս խղճում, Միքայել, որ թողնում ես ինձ միայնակ…

— Ես ցավում եմ, որ բաժանվում եմ քեզանից, միայն չեմ կարող չգնալ…

— Ասա՛, գոնյա, որ սիրում ես ինձ։

Վերքին խոսքերը մինչ այն աստիճան վառեցին օրիորդի ամոթխածությունը, որ նա գիշերային մթության մեջ կարծես չէր կամենում, որ երիտասարդը նշմարե նրա նույն րոպեին շառագունած դեմքը, և յուր գլուխը թաքցրեց նրա սաստիկ զարկվող կրծքի վրա։

— Լսի՛ր, Մանիշակ, ինձ դժվար է ասել այդ խոսքը, որովհետև ես ունիմ մի այլ սիրուհի, որի սերը այժմ կոչում է ինձ դիմել դեպի նա...— ասաց Բաքոսյանը րոպեական շփոթությունից հետո:

Օրիորդը սարսափեցավ։

— Ուրեմն, ես կորած եմ...— հառաչեց նա և թուլացավ երիտասարդի գրկի մեջ։

Այդ տխուր-հոգեկան վրդովմունքը տիրեց մի քանի րոպե։

— Հայրենիքիս մեջ պատերազմ կա, Մանիշակ,— ձայն տվավ երիտասարդը խորին ոգևորությամբ։— Իմ ազգը — իմ սիրուհին կոչում է ինձ... պետք է գնամ...

Օրիորդը սթափվեցավ։

— Գնա՛, Միքայել, հայոց աստվածը թո՛ղ քեզ օգնական լինի,— ասաց նա քաջազնական արիությամբ:— Գնա՛, պատերազմի՛ր, ես կաղոթեմ քեզ համար։

Քաղելով օրիորդի շրթունքից վերջին հրաժարական համբույրը՝ Բաքոսյանը նստեց կառքը, որ նրան սպասում էր փոքր-ինչ հեռու և անհետացավ գիշերային խավարի մեջ։

18... թիվն էր։

Զեյթունի լեռները խնկվում էին վառոդի ծխով: Տաճիկները պաշարել էին նրան։ Մի երիտասարդ առաջնորդում էր քաջերի խումբին։ Կռվի բորբոքված խռովության մեջ նա բարձրացավ ամբարտակի վրա։ Մի առնաուտ զինվոր, դարան մտած ժայռի հետքում՝ պարզեց յուր հրացանը։ Գնդակը սուլեց, երիտասարդը, կրծքից վիրավորվելով, գլորվեցավ գետին։

Հորիզոնի խավար մթնոլորտից ցոլաց մի աստղ...

Դա Միքայել Բաքոսյանն էր։

Թ… քաղաքի բլուրների մեջ մեղմ—բարեպաշտական հնչումներով լսելի էր լինում փոքրիկ վանքի վաղորդյան զանգահարության ձայնը։ Մի մանկահասակ կուսան, բոլորովին սև հագնված, շտապում էր դեպի Աստուծո տաճարը։ Նա առանձնացավ մի խուլ անկյունում, և չոգած մերկ հատակի վրա՝ գունատված — աղոթասեր շրթունքներով կուսական սրտի ջերմ մաղթանքները վերախնկում էր դեպի հավիտենական աթոռը։

Դա օրիորդ Մանիշակն էր։

Բայց ի՛նչ եղավ Արտեմ Պավլիչի և տիկին Մարիամի վերջը։ Որդու հանկարծակի անհետանալը, առանց յուր մասին որևիցե տեղեկություն թողնելու վրդովեց խստաբարո ծերունու քարացած սիրտը։— Նա հանգստություն չուներ։ Նա տանջվում էր փոշմանությունից, տանջվում էր յուր մեջ խիստ ուշ զարթած խղճմտանքից...։

Որդու մահվան լուրը հասցրեց նրան վերջին հարվածը։ Ծերունին խելագարվեցավ։

Իսկ տիկին Մարիամը, սրտի կսկծից մաշված և վշտահարված առաքինուհին, խնամք էր տանում հիվանդ ամուսնուն, անդադար հիշելով իր սիրելի Միշային…

— Ո՞վ էր մեղավոր։