Jump to content

Որոշ փաստեր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծագման մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մուստաֆա Քեմալի դյոնմե[1] լինելու մասին տեղեկությունները միշտ էլ եղել են շրջանառության մեջ: Քեմալի մասին սկզբնական հրապարակումների մեջ այդ փաստը մշտապես հիշատակվել է: Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին իսկ լուրջ աշխատությունը՝ բրիտանական հեղինակավոր Թայմս [The Times] օրաթերթի կողմից 1915-1922թթ. հրատարակված 22 հատորանոց Պատերազմի պատմությունը (History of the War) կոթողային երկասիրությունը զանց չի առել այդ փաստը: Այն մասնավորապես գրում է. «Մուստաֆա Քեմալը, ինչպես արդեն հաղորդել են ոմանք, ծագումով սալոնիկցի հրեա է, ազգայնական շարժմանը բացահայտորեն միացել է միայն 1919թ. հունիսն»: (Mustafa Kemal, reported by some to be of Salonika Jewish descent, only joined the Nationalist movement openly in June, 1919.)[2] Արևմտյան մեկ այլ հեղինակավոր հրատարակություն՝ այս անգամ ամերիկյան Լիթերարի Դայջեսթը [The Literary Digest] 1922թ.-ին Քեմալին բնութագրում է որպես «ծագումով իսպանական հրեա, ծնունդով և դաստիարակությամբ ուղղահավատ մուսուլման»: (“[a] Spanish Jew by ancestry, an orthodox Moslem by birth and breeding.”)[3]

Ըստ էության, նշյալ աշխատությունները նոր բան չեն բացահայտել, այլ պարզապես արտացոլել են այդ տարիներին մամուլում բազմիցս տպագրված վկայությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե ծագման մասին: Բերենք այդ վկայություններից մեկ-երկուսը:

Ասոշեյթըդ Փռես [The Associated Press] տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի մեծ վեզիրին, 1920թ. հուլիսի 3-ի իր հաղորդագրության մեջ գրում է. «Մուստաֆա Քեմալը (թուրքական ազգայնական առաջնորդը), որին մեծ վեզիրը ներկայացնում է որպես հրեա, ծնվել է թուրք, և նրա ծնողները Սալոնիկից էին ու դյոնմե, այսինքն՝ հավատափոխներ էին, ինչպիսիք էին Թալեաթի[4] և Ջավիդի[5] ծնողները»: (Mustafa Kemal, (Turkish nationalist leader) whom the great vizier presents as a Jew, was born a Turk and his parents were from Saloniki and were Deonmes, that is converts, as were the parents of Talat and Djavid.)

Մեկ այլ իրազեկ աղբյուր՝ օսմանյան բարձրաստիճան սպա (Pasha), իսկ հետագայում հայտնի արձակագիր Ախմեդ Աբդուլլան (Achmed Abdullah) և հայտնի գործարար Լեո Անավին (Leo Anavi) (երկուսն էլ թուրքական հետախույզներ Բրիտանական բանակում, որոնք առիթներ էին ունեցել Քեմալին հանդիպելու և խիստ քեմալամետ էին) գրում էին, որ Քեմալի նախնիները իսպանական հրեաներ էին (Spanish-Jewish ancestry) և նա ծագումով, ինչպես իրենք էին գրում՝ «նույնիսկ արյամբ օսմանցի [տվյալ դեպքում՝ թուրք] չէ» (Not even of Osmanli blood.)[6]

Այս փաստն անցյալ դարի 20-ական թվականներին այնքան տարածված էր, որ երբևէ կասկածի տեղիք չի տվել: Պատահական չէ, որ 20-րդ դարի մեծագույն պատմաբաններից մեկը՝ Արնոլդ Թոյնբին (Arnold Toynbee), նույնպես կարծում էր, որ Մուստաֆա Քեմալը հրեական (դյոնմե) ծագում ունի:[7] Քեմալի դյոնմե ծագման մասին է վկայում նաև ծպտյալ հրեաների (crypto-Jews) կյանքի մի այնպիսի իրազեկ անձնավորություն, ինչպիսինն էր Ամերիկայի հրեական կոնգրեսի (American Jewish Congress) երկարամյա նախագահ (1958-66թթ.) Ջոակիմ Պրինցը (Joachim Prinz, 1902-1988): Ահա թե ինչ է նա գրում. «Այն հեղափոխության առաջնորդների մեջ, որի արդյունքում Թուրքիայում ի հայտ եկավ ավելի ժամանակակից կառավարում, կային Ջավիդ բեյը և Մուստաֆա Քեմալը: Երկուսն էլ կարծրահավատ դյոնմե էին: Ջավիդ բեյը դարձավ ֆինանսների նախարար; Մուստաֆա Քեմալը դարձավ նոր վարչախմբի ղեկավարը և ընդունեց Աթաթուրք անունը: Նրա հակառակորդները, շահարկելով նրա դյոնմե լինելը, փորձում էին նրան պաշտոնանկ անել, բայց առանց հաջողության: Չափից ավելի շատ երիտթուրքեր կային նոր կազմավորված հեղափոխական Կաբինետի մեջ, որոնք աղոթում էին Ալլահին, սակայն որպես իրենց իսկական մարգարե ունեին Զմյուռնիայի մեսիա Շաբտայ Ցվիին»:[8]

Այն, որ Քեմալը հրեական ծագում ունի, լայնորեն տարածված համոզում էր նաև Թուրքիայի բնակչության մեջ: Սալոնիկցի հրեաները միշտ էլ համոզված էին, որ Մուստաֆա Քեմալը դյոնմե է:[9] Առ այսօր հրեաներն այդ կարծիքին են: Մուստաֆա Քեմալի անունը կարելի է գտնել Հրեական առցանց գրադարանի (Jewish Virtual Library) ցանկերում, որտեղ ի մի են բերված տեղեկություններ հրեա կամ հրեական ծագումով հայտնի մարդկանց մասին:[10]

Նույն համոզումն ուներ և ունի նաև թուրք բնակչությունը: Պահպանվել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության 1933թ.-ի մի հետաքրքիր զեկուցագիր: Բնակչության հարցումները ցույց են տվել, որ հարցվածներից շատերը կարծել են, որ երկիրը պատուհասող բնական աղետների պատճառը երկրի նախագահի հրեա լինելն է: Մասնավորապես մեկն ասել է. «Սաղ էդ հրեան ա (նկատի ունի նախագահին), որ մեզ բրդում ա անդունդը»: (It is that Jew (meaning the President) who is pushing us into the abyss.)[11] Ակնհայտ է, որ նման խոսակցությունները գնալով այնքան են շատացել Թուրքիայում, որ իշխանությունները # 5816 օրենքով (31 հուլիսի, 1951թ.) քրեական պատիժ են նախատեսել Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու կամ նրան անպատվելու համար (Law # 5816 “Law on Crimes Committed Against Ataturk”, July 31, 1951):[12] Ըստ այդմ, սույն «հանցանքի» համար նախատեսվել է 1-ից 3 տարի ազատազրկում, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 5 տարի:[13] Հիշենք, որ առ այսօր Թուրքիայում իշխում է ռասիստական մտայնություն. հայերն ու հրեաները համարվում են երկրորդ կարգի արարածներ: Այդ երկրում մարդիկ մինչևիսկ պատժվում են որևէ մեկին հայ կամ հրեա ասելու համար, քանի որ դա համարվում է անարգանք:

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ թուրքերի հոր՝ Աթաթուրքի, ոչ թուրք լինելու մասին տեղեկությունները միշտ էլ լայնորեն հայտնի են եղել, թեև մշտապես սքողվել են: Հիմա տեսնենք՝ ի՞նչ հիմքեր կան Քեմալին դյոնմե համարելու համար: Սկզբում փաստարկների, այսինքն՝ անուղղակի փաստերի մասին, որոնք հավանական են դարձնում Մուստաֆայի Քեմալի դյոնմե ծագումը:

Նախ բոլոր հետազոտողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Մուստաֆան ծնվել և մեծացել է մի քաղաքում՝ Սալոնիկում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը XIX դարի կեսերին հրեա էր: Ըստ էության, Սալոնիկն այդ ժամանակ (և մինչև Թել-Ավիվի հիմնումը 1909թ.-ին) աշխարհի միակ քաղաքն էր բնակչության հրեա մեծամասնությամբ: Եթե հրեաներին գումարում ենք նաև քաղաքի դյոնմե բնակչությունը, որոնք ավանդաբար հաշվառվում էին մուսուլմանների խմբում, ապա հրեաները և հավատափոխ հրեաները (դյոնմե) միասին բացարձակ մեծամասնություն էին: Պատահական չէ, որ Սալոնիկն այդ ժամանակ կոչվում էր «Բալկանների Երուսաղեմ» (Jerusalem of the Balkans):[14] Կ.Պոլսում 1908-1913թթ. Բրիտանիայի դեսպան սըր Ջերար Լոութերը (Sir Gerard Lowther, 1858-1916) արտգործնախարարությանը հասցեագրած իր 29 մայիսի 1910թ. թվակիր նամակում բերում է հետևյալ տվյալները. «[Սալոնիկի] բնակչությունը մոտավորապես 140 000 է, որից 80 000 հրեա է, և 20 000 Սաբաթայ Լևիի [Շաբտայ Ցվիի][15] աղանդից է կամ ծպտված հրեա, որոնք առերես իսլամ են դավանում»:[16] Քաղաքում մեծ թիվ են կազմել հույները, բուլղարները, վալախները [ռումինները]: Քրիստոնյաները եղել են առնվազն 13 հազ. հոգի:[17] Հայերը շատ քիչ են եղել, ընդամենը՝ 45 հոգի:[18] Այսինքն, Մուստաֆայի ծննդյան տարիներին մուսուլման է եղել (ոչ միայն թուրք) Սալոնիկի յոթը բնակչից միայն մեկը, իսկ հրեա կամ դյոնմե՝ չորսից երեքը: Թուրքերը, ինչպես բնորոշել է այդ տարիներին Սալոնիկում ապրած թուրք քաղաքական գործիչը, շատ չէին, ընդամենը «ավել էին մի քանիսից» (more than a few):[19]

Խիստ կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Մուստաֆայի ընտանիքն ապրել է Սալոնիկի ոչ-մուսուլմանական թաղամասում:[20] Եթե հաշվի առնենք օսմանյան հասարակության համայնքային կառուցվածքը (millet system), երբ ամեն համայնքի ներկայացուցիչ ապրում էր իր հավատակիցների և ազգակիցների շրջապատում, ապա այս հանգամանքը խիստ կարևոր է դառնում:

Հաջորդ իրողությունը, որին պետք է ուշադրություն դարձնել, կրկին կապ ունի օսմանյան հասարակության համայնքային բնույթի հետ: Կայսրության մեջ ամեն մի համայնք ուներ սեփական միջոցներով պահվող իր դպրոցներն ու կրթարանները: Բացառություն էր կազմում միայն իշխող թուրք տարրը, որի համար կային պետության կողմից հովանավորվող դպրոցներ: Հայտնի փաստ է, որ Մուստաֆային նախ շատ կարճ ժամանակ ուղարկել են Հաֆեզ Մեհմետի (Hafiz Mehmet) թուրքական դպրոց,[21] ապա տեղափոխել են Շեմսի էֆենդու (Şemsi Efendi) դպրոցը:[22] Շեմսի էֆենդու (բուն անունով Շիմոն Ցվի կամ Զվի, Shimon Zwi)[23] դպրոցը Սալոնիկի դյոնմե համայնքի դպրոցներից մեկն էր: Բանն այն է, որ օսմանյան հասարակության մեջ դպրոցները ոչ միայն ըստ համայնքների էին, այլև շատ հաճախ ըստ ներհամայնքային բաժանումների: Որովհետև Սալոնիկի դյոնմե համայնքը Սաբաթայի տեղապահի հարցի շուրջ[24] իր հերթին բաժանված էր 3 խմբի՝ յակուբիներ, կարակաշներ և կապանչիներ (Yakubiler, Karakaşlar, Kapanciler),[25] ապա նրանցից յուրաքանչյուրն ուներ իր դպրոցը՝ Ֆրիզ-ի Ատի (Fryz-I Ati) յակուբիների համար, Ֆեյզիյե (Feyzie) կարակաշների համար՝ հիմնված 1883-84թթ., և Յադիգար-է Թերակի (Yadigar-ı Terakki) կապանչիների համար՝ հիմնված 1879թ.:[26] Քանի որ մենք վստահաբար գիտենք, որ Մուստաֆա Քեմալը հաճախել է Ֆեյզիյե դպրոցը, որի մասին ինքն է վկայել դեռևս 1922թ. մի հարցազրույցի ժամանակ,[27] ապա կարող ենք մեծ հավանականությամբ ենթադրել, որ նա դյոնմեների կարակաշ խմբից էր: Ի դեպ կարակաշ խմբից էր նաև Մեհմեդ Ջավիդ բեյը, ով մինչև 1908թ.-ին Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար դառնալը Ֆեյզիյե դպրոցի տնօրենն էր:[28]

Խիստ անհավանական է, որ Մուստաֆան [հետագայում՝ Քեմալ և Աթաթուրք], թուրք լինելով հանդերձ, հաճախեր դյոնմեների դպրոց: Օսմանյան հասարակությունը, ինչպես արդեն նշել ենք, համայնքային կառուցվածք ուներ և այդ տարանջատումը բծախնդրորեն պահպանվում էր: Ուստի, ամեն համայնքի ընտանիք իր զավակներին ուղարկում էր միայն ի՛ր համայնքի դպրոցը: Օրինակ, չնայած Օսմանյան կայսրությունում գործող հարյուրավոր դպրոցների մեջ կային առնվազն մի քանի բարձր կրթություն ապահովող հայկական դպրոցներ, մենք չունենք անգամ մի եզակի վկայություն, որ որևէ թուրքական ընտանիքի զավակ երբևէ հաճախել է այդ հայկական դպրոցներից մեկը: Եթե մինչևիսկ ընդունենք, որ Ալի Ռիզան՝ Քեմալի հայրը, խիստ առաջադեմ էր, իսկ նման եզրակացության համար մենք որևէ հիմք չունենք, և սաստիկ ուզում էր իր զավակին եվրոպական կրթություն տալ, ինչպես հիմա փորձում են ներկայացնել ոմանք, ապա Սալոնիկում այդ ժամանակ արդեն կային ավելի հարմար ֆրանսիական և իտալական դպրոցներ:[29]

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ դյոնմե համայնքը խիստ ինքնամփոփ համայնք էր: Որևէ օտարի մուտք այդ համայնք բացառված էր: Դյոնմեների վարքականոնը պահանջում էր, որ նրանք խուսափեն այլ մուսուլմանների հետ հարաբերություններից:[30] Այսինքն, եթե Մուստաֆան դյոնմե չէր, ապա նրա հաճախելը դյոնմեների դպրոց անընդունելի կլիներ և՛ ուղղահավատ մուսուլմանների, և՛ դյոնմեների համար:

Պետք է նաև հիշել, որ Օսմանյան կայսրության դպրոցները չունեին մեկ միասնական կրթական ծրագիր, և երեխաներն իրենց համայնքային դպրոցներում ոչ միայն կրթություն էին ստանում, այլև ազգային/կրոնական դաստիարակություն: Պետք է նշել, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև այլուր այդ տարիներին, ժամանակակից առումով աշխարհիկ դպրոցներ չկային: Բոլոր դպրոցներն էլ, ինչքան էլ առաջադիմական համարվեին, ներառում էին կրոնական կրթության տարրեր: Դասերը մեծ մասամբ սկսում էին տվյալ կրոնի կամ հարանվանության հիմնական աղոթքով: Ինչպես նշում են հարցի լավագույն ուսումնասիրողները «Շեմսի էֆենդու դպրոցում շարունակում էին սովորեցնել և կիրառել դյոնմեների կրոնական ծեսերը»:[31] Միևնույն ժամանակ դպրոցի նպատակներից էր դյոնմեների միջև հարաբերությունների հաստատումը:[32] «Ի տարբերություն մյուս մուսուլմանների, դյոնմեները պահպանել էին հավատն առ այն, որ Շաբթայ Ցվին մեսիա է, կատարում էին կաբալիստական ծեսեր, աղոթում էին լադինո (հրեա-իսպանական)՝ օսմանյան հրեաների, լեզվով»:[33]

Պատահական չէ, որ Մուստաֆայի ուսուցչապետ Շեմսի էֆենդու տապանագրի վրա գրված է հետևյալը. «Muallim Şemsi Ef.[endi] Atatürkün hocasi» – «Ուսուցիչ Շեմսի էֆ.[ենդի] Աթաթուրքի դաստիարակ»: Հատկանշական է, որ Շեմսի էֆենդին (Շիմոն Ցվի կամ Զվի, Shimon Zwi) անվանվում է ոչ թե պարզապես Աթաթուրքի ուսուցիչ (muallim), այլ հոջա (hóca)՝ դաստիարակ, առաջին հերթին՝ կրոնական դաստիարակ:

Ի դեպ Քեմալի հավատը կաբալիստական նշանների՝ գաղտնագրերի, ուժի հանդեպ մնացել է ողջ կյանքում: Մի վկայությամբ նրա սեղանի վրա փակցված է եղել կանաչ գույնի քառակուսի կտոր, որի վրա պատկերված են եղել գաղտնագրեր: Նույն վկայությամբ իսլամի տեսանկյունից անհավատ Քեմալը հավատում էր այդ նշանների զորությանը:[34] Ի վերջո մարդ հավատում է այն բաներին, ինչին փոքրուց սովորեցնում են հավատալ:

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ Շեմսի էֆենդու դպրոցում Քեմալը ոչ միայն ընդհանուր կրթություն էր ստացել, այլև ստացել է կրոնական դաստիարակություն: Այս դաստիարակությունն այնքան խորն է եղել, որ անգամ տասնամյակներ հետո էլ նա դեռ հիշում էր իր սովորած աղոթքները:

Անտարակույս, վերոհիշյալ բոլոր իրողությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե լինելու օգտին խոսող լուրջ փաստարկներ են: Հիմա տեսնենք՝ ի լրումն նշված փաստարկների, պահպանվե՞լ են արդյոք ուղղակի վկայություններ նրա դյոնմե լինելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է՝ պահպանվել են:

Նշյալ վկայությունների մեջ անշուշտ ամենակարևորը Իթամար Բեն-Ավիի (Itamar Ben-Avi) հուշագրության մեջ վկայված հանդիպման (1911թ.) նկարագրությունն է Քեմալի հետ՝ Երուսաղեմի Կամենից հյուրանոցում, երբ վեջինս ճամփորդում էր Լիբիա՝ մասնակցելու իտալա-թուրքական պատերազմին: Իթամար Բեն-Ավին (1882-1943) «արդի եբրայերենի հայր» Էլիզեր Բեն-Յահուդայի (Eliezer Ben-Yahuda) որդին էր, նոր ժամանակներում եբրայերենով խոսել սկսած առաջին երեխան: Նա հետևյալ մեջբերումն է անում Մուստաֆա Քեմալի խոսքերից. «Տանը ես Վենետիկում տպագրված մի շատ հին Թանախ[35] ունեմ և, եթե ճիշտ եմ հիշում, հայրս ինձ ուղարկեց Կարայիտ[36] ուսուցչի մոտ, որն էլ ինձ սովորեցրեց այն կարդալ. որոշ բառեր դեռ մեջս են մնացել … Այդ պահին նա մի պահ լռեց, և նրա աչքերը [այնպիսի արտահայտություն ստացան կարծես] ինչ-որ բան էր որոնում օդի մեջ: Հետո, նույնքան անսպասելիորեն, հիշեց. “Շըմա Յիսրոէյլ, ադոյնոյ էլոյհեյնու, ադոյնոյ էհոդ[37]”: “Դա մեր մեծագույն աղոթքն է, պարո՛ն կապիտան”: “Նաև իմ գաղտնի աղոթքն է, սիրելի՛ պարոն”, – պատասխանեց նա և երկուսիս էլ խմիչք լցրեց»:[38]

Ոմանք, առավելաբար առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կասկածի են ենթարկել սույն վկայությունը: Որպես հիմնական կռվան նրանք նշում են, որ կապիտան Քեմալը իտալա-թուրքական պատերազմին (18 դեկտեմբերի, 1911թ. – 24 հոկտեմբերի, 1912թ.) մասնակցելու համար ծովով է Ստամբուլից հասել Ալեքսանդրիա (Եգիպտոս), հետևաբար այդ ժամանակ չի եղել Երուսաղեմում:[39] Սա փաստերի աղավաղում է, եթե ոչ՝ նենգափոխում: Փաստերն անհերքելիորեն վկայում են, որ Քեմալը ցամաքային ճանապարհով է գնացել Լիբիա և անցել է Սիրիայի և Պաղեստինի միջով: Ահա թե ինչ է գրում բրիտանացի հետախույզ և միջինարևելյան հարցերին լավատեղյակ Հարըլդ Արմսթրոնգը. «Բացի Սիրիայի և Եգիպտոսի վրայով անցնող երկար ճանապարհից, Թուրքիան կտրված էր Հյուսիսային Աֆրիկայից: Իտալացիները վերահսկում էին ծովը և փակել էին Դարդանելը: (…) Երկու ընկերների հետ Մուստաֆա Քեմալը բռնեց ցամաքային ճանապարհը: Նրանք ճանապարհորդեցին Փոքր Ասիայի վրայով, ապա Սիրիայով և Պաղեստինով ներքև, օգտվելով երկաթուղուց, որտեղ այն կար, իսկ մնացածն անցնելով ձի հեծած կամ սայլով»:[40]

Միանգամայն անտրամաբանական է կարծել, որ Իթամար Բեն-Ավին իր հուշերում սուտ պատմություն է հորինել, քանի որ անհասկանալի է մնում դրդապատճառը: Բեն-Ավին իր հուշերը գրելիս մինչևիսկ չգիտեր՝ իր հուշագրությունը կտպագրի երբևէ, թե՝ ոչ: Նա մահացել է 1943թ., իսկ հուշագրությունը տպագրվել է 1961թ.-ին, և երկար ժամանակ վերոհիշյալ հատվածն աննկատ է մնացել:

Ինքը՝ Մուստաֆա Քեմալը, շատ հետաքրքիր պատասխան է տվել իր մոտ ընկերներից մեկի՝ Նուրի Չոնքերի (Nuri Conker) գրեթե ուղղակի հարցին իր ծագման մասին: Քեմալը պատասխանել է. «Իմ մասին ոմանք ասում են, որ ես հրեա եմ, որովհետև ծնվել եմ Սալոնիկում: Բայց պետք չէ մոռանալ, որ Նապոլեոնն էլ իտալացի էր Կորսիկայից, բայց մահացավ որպես ֆրանսիացի և որպես այդպիսին էլ մտավ պատմության մեջ»:[41]

Վստահաբար կարելի է ասել, որ անկախ իր ծագումից Մուստաֆա Քեմալն ապրել և մեռել է որպես թուրք, իսկական թուրք, բառի հայերեն իմաստով՝ թուրք: Այս դեպքում հարց կարող է առաջանալ՝ ուրեմն ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ծագում է ունեցել Մուստաֆա Քեմալը: Ինձ համար՝ ոչ մի: Բայց, քանի որ թուրքական ռասիստական հասարակության համար դա կարևոր է, ուստի և նրանց համար ենք ի մի բերել բոլոր այս տեղեկությունները: Բարի վայելումն:



Հղումներ և ծանոթագրություն

  1. Հետաքրքրական է, որ հրեաները դյոնմեներին կամ ավելի ճիշտ սաբաթայցիներին կոչում են աղանդավորներ՝ մինիմ (եզ.՝ մին, מין): Այսինքն, նրանց չեն համարում գոյիմ (եզ.՝ գոյ, גוי, բառացի թրգմ.՝ ազգ, հեթանոս)՝ ոչ հրեաներ, այլակրոններ, այլ միայն հուդայականության աղճատված ուսմունքի հետևորդներ, հերետիկոսներ:
  2. The Break-up of Turkey. The Times History of the War, London, 1920, vol. XXI, p. 433.
  3. The Sort of Man Mustafa Kemal is. The Literary Digest, 14 Oct 1922, v. 75, no. 2, p. 50-3.
  4. Թալեաթի դյոնմե լինելու մասին մի ուշագրավ վկայություն է պահպանվել հայտնի լրագրող Զեքերիյա Սերտելի (Zekeriya Sertel, 1890-1980) ամուսնական հուշերի մեջ: Նկարագրելով, թե ինքը ինչքան դժվարություններ է հաղթահարել, որպեսզի ամուսնանա դյոնմե Սաբիհա Դերվիշի (Sabiha Dervis) հետ, նա գրում է. «Մեր նշանադրության ժամանակ աղջկա կողմի ներկայացուցիչն էր այդ ժամանակվա վարչապետ Թալեաթ փաշան»: (At our engagement, the representative for the girl’s side was then-Prime Minister Talat Pasha.) [Bali R. A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey. Istanbul, 2008, p. 161.]
  5. Takes Issue with Turk’s Statement about Armenians. The Associated Press, The Evening Progress, 3 Jul 1920, p. 5.
  6. Abdullah A., Anavi L. The Rise of Mustapha Kemal Pasha from Obscurity. The Bridgeport Telegram, 28 Sep 1922, p. 4.
  7. Gunther J. Procession. NY, 1965, p. 98; Gunther J. Inside Europe. NY, 1938, p. 417.
  8. Prinz J. The Secret Jews. NY, 1973, p. 122.
  9. www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0005_0_05294.html
  10. www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0012_0_11019.html
  11. US Diplomatic Documents on Turkey, Family life in the Turkish Republic of the 1930’s (ed. Bali R.), Istanbul, 2007, p. 57.
  12. Bali R. A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey. Istanbul, 2008, p. 227.
  13. Նույն տեղում:
  14. Նույն տեղում, էջ 250:
  15. “Shavatai Tzvi” or “Shabtai Zvi”; the “Geyik” is simply the Turkish equivalent of Zvi, meaning “deer” or “stag” [Bali R. Ibid, p. 39].
  16. Kedurie E. Young Turks, Freemasons and Jews. Middle Eastern Studies 1971;7(1):94.
  17. Baer M. Globalization, Cosmopolitanism, and the Donme on Ottoman and Turkish Istanbul. J World History 2007;18(2):150.
  18. Duru K.N. (1876-1967) Arnavutluk ve Makedonya Hatiralarim (1959). In: Bali R. Ibid, p. 119.
  19. Նույն տեղում:
  20. Նույն տեղում, էջ 244:
  21. Walker B., Erol F., Erol M. To Set Them Free, The Early Years of Mustafa Kemal Ataturk. New Hampshire, 1981, p. 26.
  22. Armstrong H. Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator. NY, 1933, p. 5.
  23. Bali R. Ibid, p. 36-37.
  24. The Donmes in the Memoirs of Fuat Andic. In: Bali R. Ibid, p. 126.
  25. Sisman C. The History of naming the Ottoman/Turkish Sabbatians, p. 50; in: Studies on Istanbul and Beyond. The Freely Papers 2007, v. I, p. 37-53.
  26. Bali R. Ibid, p. 126; Baer M., Ibid, p. 154.
  27. Reported by Emin A. (Yalman), “Buyuk Millet Meclisi Reisi Başkumandan Mustafa Kemal Paşa ile bir mulâkat [An Interview with Mustafa Kemal Pasha, President of the Grand National Assembly and Commander-in-Chief, in Turkish]”, Vakit (Turkish Daily), 10 Jan 1922.
  28. Bali R. Ibid, p. 120.
  29. Նույն տեղում, էջ 126:
  30. Baer M. Ibid, p. 143.
  31. Նույն տեղում, էջ 153:
  32. Նույն տեղում:
  33. Նույն տեղում, էջ 143:
  34. Armstrong H.C. Ibid, p. 143.
  35. Թանախ (կամ Թենախ, תַּנַ"ךְ‎), հրեական Աստվածաշնչի անվանումը: Հապավում է՝ TaNaKh: Առաջացել է 3 բառերի (Թորահ, Նեվի’իմ, Խետուվիմ) առաջին տառերի անվանումներից:
  36. Կարայիտ՝ ղրիմցի թուրք-հրեա:
  37. :שְׁמַע יִשְׂרָאֵל יְהוָה אֱלֹהֵינוּ יְהוָה אֶחָד – Լսի՛ր, Իսրայէ՛լ, Տէր Աստուած մեր՝ Տէր մի է (Երկրորդումն օրինաց, 6:4):
  38. Ben-Avi I. Im Shahar Atzmautenu: Zichronoto shel HaYeled Ha’lvri HaRishon (At the Dawn of Our Independence: the Memoirs of the First Hebrew Child), 1961, p. 213-8.
  39. Mango A. Ataturk. London, 1999, p. 452.
  40. Armstrong H.C. Ibid, p. 31.
  41. Bali R. A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey. Istanbul, 2008, p. 248.



8 փետրվարի, 2011թ.