Որպես սկիզբ
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Ժամանակակից հայ պոեզիայի երեւելիներից է Վահագն Դավթյանը։ Քննել նրա պատմական թեմատիկայով ստեղծված գործերի առանձնահատուկ կողմերը, անդրադառնալ գրողի մտածողության, ոճի, խոսքի ու պատկերի կառուցման ու նման այլ հարցերի, նշանակում է խոսել ժամանակակից հայ պոեզիայի զարգացման, նորարարության ու ավանդականության, պոեզիայի բարձր քաղաքացիականության մասին։
Դավթյան երեւույթն Էդուարդաս Մեժելայտիսը գնահատում է այսպես. «Որպես բանաստեղծ, ինձ թվում է, նա Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Վարուժանի եւ Սիամանթոյի օրինական ժառանգորդն է։ Եվ ոչ միայն նրանց։ ...Դավթյանի ստեղծագործությունը շատ բան է հավաքել, ներծծել իր մեջ այն ամենից, ինչով այնպես հարուստ եւ հսկայական, հին ու նոր, այնքան բազմաբնույթ է հայկական մշակույթը։ Հենց այդ է պատճառը, որ նրա համար նեղ են ազգային շրջանակները։ Իսկական ազգային բանաստեղծի ստեղծագործությունը, բնականաբար, դառնում է միջազգային մշակույթի մասը»1։
Հետադարձ հայացք ձգելով ժողովրդի պատմությանն ու անցած ուղուն, ամեն մի ճշմարիտ արվեստագետ ձգտում է առաջին հերթին անսխալ կերպով կանխորոշել ապագան։ Եվ, բնականաբար, պատմությանն ու հերոսական անցյալին դիմելու ավանդույթը, ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ գրականության մեջ, շարունակում է զարգանալ ու հարստանալ։ Պատմության, քաղաքացիականության եւ արդիականության հարցերն իրենց արտացոլումն են գտել ժամանակի ականավոր բանաստեղծներ Ալ. Տվարդովսկու, Ն. Տիխոնովի, Պ. Սեւակի, Մ. Դուդինի, Ե. Իսաեւի, Ռ. Համզատովի, Ռ. Ռոժդեստվենսկու եւ ուրիշ առաջնակարգ արվեստագետների էպիկական եւ քնարական գործերում։
Պատմականին հաճախակի դիմելը սոսկ գրական նախասիրությո՞ւն է, արդյոք, թե ժողովրդի աճի ու զարգացման, նրա հարատեւության խորհրդից թելադրվող սկզբունք եւ դավանանք։ Ի՞նչն է գրողին մղում դեպի պատմության խորխորատները։ Տեսնենք, թե այս հարցերի պարզաբանմանն ինչ տեսանկյունով է մոտենում Վահագն Դավթյանը. «Ինձ համար անցյալ ու ներկա գոյություն չունի... Անցյալի մեջ միշտ էլ կարելի է գտնել երեւույթներ, որոնք բացատրում են ներկան։ Անցյալին հաճախ են դիմել իմ ժողովրդի այսօրը հասկանալու եւ գալիքը տեսնելու համար... Անցյալի մեջ ուզել եմ պարզել իմ ժողովրդի գոյության փիլիսոփայությունը. ով ենք, որտեղից ենք գալիս, ինչպես ենք գալիս, ուր ենք գնում...»2։
Ժամանակակից հայ պոեզիայում առաջինը Չարենցն էր, որ ժողովրդի գոյության փիլիսոփայությունը պարզելու գործում խորապես զգաց անցյալին դիմելու անհրաժեշտությունը եւ իր ստեղծագործություններում արմատականորեն արծարծեց այդ պրոբլեմները, անդրադարձավ պատմական թեմատիկային, գրականության նյութ դարձնելով նաեւ անցյալը։ Հենց գեղարվեստական այդ ավանդները շարունակողներից եւ դրանք զարգացողներից մեկն այսօր Վ. Դավթյանն է։
Դավթյանի ամբողջ ստեղծագործությունը պատմության խորհրդի խտացումն է։ Բանաստեղծը չի նկարագրում անցյալը, դեպքերն ու իրադարձությունները չի վերարտադրում, այլ դրանցով ճշմարիտ ու ուղեցույց հետեւությունների է հանգում, կատարում գեղարվեստական ընդհանրացումներ։ Եվ բնական է, որ նրա պոեմներում («Թոնդրակեցիները», «Ասք սիրո եւ սրի», «Ռեքվիեմ» եւ այլն) ու «Տաղարան» շարքում մենք տեսնում ենք այն գաղափարների, իղձերի ու ձգտումների մարմնացումը, որոնք բնորոշում են ժողովրդի ոչ միայն դեմքը, այլեւ ուղենշում են նրա լուսավոր ճանապարհը։ Ասել է թե՝ Վահագն Դավթյանը «պատմության տարերքից հայտնագործում է այնպիսի գեղեցկություններ, հեռավոր ազնիվ հիմքի վրա հյուսում այնպիսի դրվագներ, որոնք հարատեւել են դարեր շարունակ եւ այսօր էլ կարող են մասնակցել ժողովրդական ոգու բաղադրությանը»3։
Դավթյանի պոեզիան իր ինքնատիպությամբ, մաքրությամբ ու խորությամբ այսօր բնորոշվում է նաեւ մեր գրականության զարգացման ընթացքի վրա ունեցած գործուն ազդեցությամբ։
Դավթյանի դերն անուրանալի է հատկապես մեր գրականության մեջ պոեմի ժանրի մշակման ու զարգացման գործում։ Էպիկական ժանրի նվաճումների մեջ Շիրազի, Սեւակի պոեմների հետ միասին, Դավթյանի «Ծուխ ծխանի» գիրքը եւ դրանից հետո հրատարակված պոեմներն առանձնահատուկ տեղ ունեն։
Դավթյանի պոեզիային առանձնահատուկ են հումանիզմն ու լավատեսությունը, այն ամեն լավը, վեհն ու գեղեցիկը, որոնցով բնորոշվում է հայ մարդը։ Դավթյանի պոեզիան մարդուն սրբագործում է հայրենասիրության խորախորհուրդ զգացումներով, նվիրվածությամբ։ Դա այն պոեզիան է, «որ մաքրում է արյունը» (Էդ. Մեժելայտիս)։
Գրական-ստեղծագործական ճանապարհի սկզբից էլ նկատվում է Վահագն Դավթյանի որոշակի հակումը պատմության նկատմամբ։ Ինչ թեմայի էլ ձեռք է մեկնում Դավթյանը, մայր ժողովրդի պատմությունը ներքնատար ինչ-որ երակներով գալիս ու ձուլվում է նրա մտքերին, տրամադրություններին, երբեմն՝ անցյալի առանձին հիշարժան դրվագների հիշողություններով, երբեմն՝ «հպանցիկ» ակնարկներով։ Սա կատարվում է ոչ թե հեղինակի կանխակալ ձգտումով, այլ՝ բնականաբար, ներքին մղումով, որովհետեւ Դավթյանի կենսագրությունը անբաժան է ժողովրդի ճակատագրից, որովհետեւ Դավթյանը կորուստների միջով է առաջին անգամ նայել աշխարհին, կյանքին։
Եվ ամբողջ կյանքում
Մի մորթված գառ է սրտիս մեջ մայում։
Դեռեւս մանկական հասակում նա կորցրել է ծննդավայրը, զգացել խաթարված մանկության ցավը։ Ահա հենց իր՝ Վահագն Դավթյանի խոստովանությունն է. «Եթե այդքան կարոտ ու ցավ ունես, հետն էլ գրական ինչ-որ ձիրք, բնական է, որ գրես, քանի որ դրանք ելք են որոնում։ Հավանաբար հենց սկզբից էլ դա է ստիպել ինձ գրիչ վերցնել...»4։
Գրողն իր ստեղծագործական ճանապարհի բոլոր հատվածներում էլ զգացել է, որ պարտք ունի կյանքի ու իր ժողովրդի «պատմության դրամատիզմի»5 հանդեպ։
Կապույտի մեջ քո հարության սուրբ հրաշքն է ցոլում, երկիր,
Քո հարության այդ հրաշքին ես ողջակեզ ու կյանք եմ պարտք։
Վահագն Դավթյանի սերունդն իր «գրական նախափորձերն ու փորձերը սկսել է 30-ական թվականների վերջերից»6։
Այդ տարիները սկսնակ եւ երիտասարդ բանաստեղծների համար նախնական որոնումների շրջան էին։ Եվ այդ շրջանում նրանց բանաստեղծություններում գերիշխողը ոչ այնքան կյանքից ստացած խորը ապրումներն ու տպավորություններն էին, որքան երեւույթների մակերեսային ընկալումները, արտաքին ոգեւորությունները, առավել «բանաստեղծական» թեմաների նկատմամբ ունեցած նախասիրությունները։ Այս ամենը, սակայն, միայն գրական, այսպես ասած՝ նախափորձերի մեջ։ Իսկ երբ արդեն մամուլում երեւացին սերնդակից բանաստեղծների առաջին հաջողված փորձերը, դրանք արդեն որոշակիորեն ուրվագծում էին այն ճանապարհը, որով պիտի ընթանար Դավթյանի գրական սերունդը, յուրաքանչյուրը հաստատելով իր ձեռագիրը, իր ձայնը, իր թեման։ «Մեզանից ավելի շուտ,և վկայում է Համո Սահյանը,և սկսել են տպագրվել Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը։ Բայց վերջ ի վերջո բոլորս էլ երեսնական ենք։ Սկիզբը դա էր»7։
Վահագն Դավթյանի առաջին տպագիր բանաստեղծությունները երիտասարդ հեղինակի համար փոխարինում էին այն քայլերին, որոնք նրան տանում էին դեպի խորքը, դեպի ինքնաճանաչում, անընդհատ մոտեցնելով գրողին իր հիմնական թեմաներին` ընդգծելով պատմության դրամատիզմից խորհուրդներ քաղելու նրա հատուկ ձիրքերը։ Այդ քայլերը, չնայած դեռ առնական չէին, թույլ էին, այնուամենայնիվ, ուղղությունն անսխալ էր, ինչպես ասում են։
Պատերազմական տարիները (1941-1945թթ.) մեծ հեղաբեկումներ կատարեցին ոչ միայն Վահագն Դավթյանի, այլեւ նրա սերնդակից բոլոր բանաստեղծների ու արձակագիրների մեջ։ Հասկանալի է, որ նրանց ստեղծագործություններում արդեն հիմնական տեղ էր գրավում Հայրենականի թեման, որին գրողները դիմում էին ոչ միայն ստեղծագործելու մարմաջից, այլեւ կյանքի ու արյան ներքին թելադրանքով։ Այստեղ արդեն լայնացան գրողների թեմատիկ ընդգրկումները, դիտարկումներն ու ապրումները ձեռք բերեցին հավաստի ու անմիջական գույներ, խորացան նրանց տպավորությունները, բանաստեղծական ձայնը հագեցավ կյանքի կենսական առնականությամբ, դինամիզմը ուժգնացավ։ Անխառն զգացմունքներն ու տրամադրությունները, ապրումի անմիջականությունը օգնեցին գեղարվեստական խոսքի նպատակամետությանն ու պատշաճ մակարդակի ապահովմանը, կենսական լիցքեր հաղորդեցին, երեւույթները սկսեցին բացվել խորքից, մակերեսայնությունը նահանջեց։
Դավթյանի սերնդի բանաստեղծների անցած գրական ճանապարհին այսօրվա դիտակետից նայելիս (երբ նրանցից յուրաքանչյուրն արդեն ստեղծել է իր ինքնուրույն աշխարհը, ունի իր թեման, ոճը, գրական ընդգծված անհատականություն է) ավելի պարզորոշ ենք նկատում, թե առաջին ժողովածուներն ինչպիսի ուղենշային դեր էին կատարում նրանց համար։
Դավթյանի անդրանիկ ժողովածուն բացող բանաստեղծությունն ավարտվում է այսպիսի տողերով.
Ես քայլել եմ երկար, մրրիկներին ընդդեմ,
Տեսել արյուն, ավեր ու տառապանք,
Այնտեղ հազար անգամ մահն է եղել իմ դեմ,
Եվ առաջին սիրով քեզ եմ սիրել, կյանք։
Սա ճշմարիտ խոստովանությունն է իր ժողովրդի ճակատագիրը կիսող ու կրող բանաստեղծի։ Եվ բանաստեղծն այնպես է ասում, թե «քայլել է երկար մրրիկների դեմ», որ այդ «երկարը» դուրս է գալիս պատերազմական տարիներն ընդգրկող սահմաններից, ներառում է իր մեջ վաղնջական ժամանակները. արաբկիրցի փոքրիկ Վահագնը, թողած ծննդավայրը, հայրենի արտերն ու ձորերը, մանկության հարազատ աշխարհը, թուրքական յաթաղանից մազապուրծ՝ փրկության ափ է որոնում, իսկ ծովում լողացող նավերը, ինչպես նա նշում է իր հուշերի մեջ, շփոթում է լողացող տների հետ, միամտաբար հարցնում հարազատներին, թե ինչու հայրենի տնակն էլ չեն տանում իրենց հետ։
Եվ այսպես, աչք բացելու օրից Դավթյանի ճանապարհն ուղեկցվում է պատմության ամենադրամատիկ անցքերով, արյուն-ավերով։ Բանաստեղծի կյանքի հանդեպ ունեցած սերն էլ, հասկանալի է, պիտի լիներ այդքան խորը, անսահման, որովհետեւ այն ծնվել է ժողովրդի համար ամենաճակատագրական կռիվներում, թոհ ու բոհի, արհավիրքների մեջ, մահվան դեմ հանդիման։
Վահագն Դավթյանի «Առաջին սեր» ժողովածուի մասին (քննադատական գնահատումների վրա չէր կարող իր կնիքը չդնել ժամանակը) ասված իր խոսքում բանաստեղծ Սուրեն Վահունին նշել է, որ Դավթյանի «հորովելները հայոց» արտահայտության մեջ («Իմ հայրենիք») տեսնում է հայացքային շեղում, բանաստեղծությունն անվանել է «ապոլիտիկ»։ Այս մասին բավականին համոզիչ դիտարկումներ ունի գրականագետ Հ. Գալստյանը։
Ճշգրիտ վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ «Իմ հայրենիք» բանաստեղծության մեջ տեղ գտած «հորովելները հայոց» արտահայտությունն ամենեւին էլ պատահական չէ, այդ բառակապակցության մեջ բանաստեղծն արտահայտել է ժողովրդականի ու պատմականի հանդեպ ունեցած իր սերն ու վերաբերմունքը։ Մանավանդ, բանաստեղծի պատկերային մտածողության համակարգում հետագայում կայուն տեղ գրավեց, նրա ամբողջ ստեղծագործության համար բնութագրական դեր խաղաց առանձին պատկեր-արտահայտություններով պատմություն, կոլորիտ, ժամանակաշրջան ու հոգեբանություն ներկայացնելու միջոցը։ Դավթյանը կենսագրություն ու պատմական կոնկրետ հիշողություն է տալիս իր բառերին։
Հիսունական թվականներին Դավթյանի սերնդի գրական հունձքը առատ էր բավականին, սակայն այդ առատությունն էլ իր հերթին բերեց նաեւ որակական նահանջներ։ Ճիշտ է, թեմատիկ բազմազանությունը, կյանքի ավելի խորը ճանաչողությունը, գաղափարական հասունությունը արդեն նկատելի էր սերնդի բանաստեղծների գրքերի մեջ, բայց գեղարվեստական կատարելության մակարդակը զգալիորեն ցածր էր։ Հռետորայնությունն ու հրապարակախոսական ոճը, երբեմն դեկլարատիվությունը, էժան հիացում-լիացումները երեւույթների գեղարվեստական վերարտադրությունների ժամանակ իրենց զգացնել էին տալիս։ Այդ տարիներին էլ լույս են տեսնում Վահագն Դավթյանի երկրորդ («Աշխարհի առավոտը», 1950թ.) եւ երրորդ («Ճանապարհ սրտի միջով», 1953թ.) ժողովածուները։
«Ճանապարհ սրտի միջով» պոեմում, որը եւս պատմական հենքի վրա է հյուսված, Դավթյանն արդեն Խաչատուր Աբովյանի ավանդույթների շարունակողն է՝ ժամանակակիցն ու պատմականը մի գծի վրա ներհյուսելու առումով։ Գիտենք, Աբովյանը իր նշանավոր «Վերք Հայաստանի» պատմավեպում նկարագրած դեպքերի ու անցքերի ականատեսն էր։ Դավթյանը, ունենալով արդեն գրականության մեջ արմատավորված փորձ, իր տեսածն ու զգացածը ներկայացնում է այնպես, որ պատմականն ու արդիականը հանդես են գալիս զուգահեռաբար, ուղենշում գալիքը։ Անցյալը միշտ չէ, իհարկե, որ դառնում է պատմություն։ Բայց այն, ինչ ներկայացրել է ընթերցողին Վահագն Դավթյանն իր պոեմում, պատմություն է, այն էլ՝ հերոսական պատմություն։
Հիսունական թվականների երկրորդ կեսը բնորոշում է Դավթյանի ստեղծագործական զարգացման երկրորդ փուլը։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ այդ շրջանի նրա ստեղծագործությունների մեջ էլ որակ են կազմում ու առանձնանում են հիմնականում այն գործերը, որոնք պատմության դրամատիզմով են սնվում։ Ահա «Բալլադ Կոմիտասի մասին» ստեղծագործության վերջին տողերը.
Ու անապատի լռության մեջ քար,
Ու քար խղճի դեմ արար աշխարհի
Քրքջում էր նա վշտից խելագար...
Գարուն էր, գարուն, ու ձյուն էր գալիս...
Դավթյանը քնարական մանրանկարներում պատմություն ներկայացնելու մեծ վարպետ է։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նրա այդ տարիներին (1954թ.) գրած «Վալերի Բրյուսովին» ստեղծագործությունը, ուր խոսք է ասվում ոչ միայն մեծ բանաստեղծի հասցեին՝ բանաստեղծի անունից, այլ ժողովրդի անունից՝ ժողովրդի հասցեին։ Այդ ստեղծագործության մեջ Դավթյանը արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունը ռուս ժողովրդի նկատմամբ, այն ժողովրդի, որ աշխարհին հայտնի է իր լուսարարությամբ ու փրկարարությամբ, հերոսական պատմությամբ, ժողովուրդ, որին մենք միշտ հավատացել ենք։ Ու պիտի հավատանք։ Այստեղ եւս Վահագն Դավթյանը հանդիսանում է Աբովյանի, Թումանյանի, մեր մեծերի արժանի ժառանգորդը։ Ահավասիկ, խոսելով Հովհ. Թումանյանի պոեզիայի, հոդվածների, հրապարակախոսության մասին, Վահագն Դավթյանը գրում է. «Ընթերցում ու վերընթերցում եմ դրանք եւ զարմանքով տեսնում, չկա ոչինչ, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի։ Սա առաջին հերթին վերաբերում է նրա քաղաքական կողնորոշմանը, որ Ռուսաստանի հետ լինելու հավատավոր կոչ էր։ Աշխարհի այսօրվա իրադարձությունները գալիս են կրկին ու կրկին հաստատելու, թե որքան իրատես, հեռատես ու իմաստուն էր այդ կողմնորոշումը»8։
Վահագն Դավթյանը իր ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում էլ դիմել է գրականության մեծերի գեղարվեստական ու գաղափարական ավանդների յուրօրինակ կիրառմանը, որն էլ, անշուշտ, հանգեցնում է որակական նոր ձեռքբերումների։
«Իմ սերնդի հոգու ամենակենսունակ գործունեությունը,- գրում է Համո Սահյանը,- սկսվում է վաթսունական թվականներին։ Չափանիշներն այն ժամանակ տպագրված երկու մեծ պոեմներն են՝ «Անլռելի զանգակատունը» եւ «Թոնդրակեցիները»։ Այս երկու սքանչելի ստեղծագործությունների թեման էլ պատմական է, թեեւ ժամանակագրական հսկայական տարբերություն կա նրանցում արձանագրված պատմական ժամանակաշրջանների միջեւ։ Բայց դրանում կարեւորը պատմականությունը չէ. այս ստեղծագործություններով իմ սերնդի բանաստեղծների պոեզիա է մուտք գործում արդիականությունը։ Արդիականության ըմբռնումից էլ հենց սկսվում են մեր որոնումները: Եվ ամեն մեկը սկսեց որոնել իր աշխարհը. այդ ժամանակաշրջանի համար, կարծում եմ, բնութագրականը սա է։ Վահագնի օրինակով ասեմ՝ նա որոնում էր մի աշխարհ, որտեղից պետք է կարողանար խոսել, եւ «Գինու երգից» սկսելով, հասավ մինչեւ իր ծննդավայրը»9։
Եվ, հիրավի, արդիականության ըմբռնումից ոչ միայն սկսվեց Դավթյանի որոնումների նոր եւ հասուն շրջանը, դա իր հերթին, այլեւ դրանով նա միաժամանակ գտավ իր այն աշխարհը, որտեղից կարողանում է տեսնել կորսված ծննդավայրը, պատմությունը, ժողովրդի վաղվա օրը։
Եթե ստեղծագործական ուղու սկզբում նրա գրիչն ավելի շատ հաջողության էր հասնում փոքրածավալ քնարական գործերում, ապա վաթսունական թվականներին Դավթյանի ստեղծագործություններում նկատելի դարձավ ներքին հակվածությունը դեպի էպիկականությունը, մեծակտավ գործերը, որոնցում արդեն դրսեւորվում էին նրա խոսքի բարձր վարպետությունը, կուլտուրան, պատկերավորությունը, պատմության անհայտ ծալքերը ճշմարտացիորեն բացելու, երեւույթները խորքից դիտելու տաղանդը, պատմությունը արդիականության դիրքերից գնահատելու կարողությունը։
Անցումը մեծակտավ գործերին, սակայն, միանգամից չկատարվեց։ Դա պայմանավորվեց գրողի ստեղծագործական զարգացման ընթացքով։ Դավթյանի 60-ական թվականների շատ գործերում, հիմնականում «Ամառային ամպրոպ» (1964թ.) ժողովածուում, պատմության առանձին դրվագներ իրենց գեղարվեստական, սակայն ոչ ամբողջական (նյութի սպառման առումով - Վ. Հ.) մարմնավորումն են գտնում։ Այս տեսակետից ուշագրավ է Վահագն Դավթյանի «Ասք Մաշտոցի մասին» ստեղծագործությունը, որտեղ նա, առանձին իրադարձությունների անդրադառնալով, կատարում է ճշգրիտ եզրահանգումներ։
Բայց մի ժողովուրդ, որ ազատաշունչ իր առասպելի
Եռաթեւ նետով խոցել էր սիրտը բռնակալ Բելի
Եվ իր ինքնության կրակը վառել,
Որ աստվածներ էր բոցից արարել
Եվ իր Արայի նման գեղաթով
Արհավիրքների դժնդակ պահին
Մահանալ գիտեր գեղեցիկ մահով
Եվ գիտեր մահով հաղթել իր մահին,
Ապրել էր ուզում, ուզում էր մնալ,
Եվ սակայն չկար ապրելու հնար։
Այդ հնարը գտավ Մաշտոցը, այդ հնարը հանդիսացավ հայոց Այբուբենը, որը ժողովրդին փրկելու ամենամեծ զենքը եղավ։ «Խոսեց մեր լեզուն... Խոսեց, որ մի այր խավար խցի մեջ նարեկա վանքի իր հոգին բանա մի աստվածային վսեմ ճախրանքի»։ Այստեղ եւս Դավթյանն ակնարկում է Նարեկացու մասին։ Եվ, ահա, գրեթե երկու տասնյակ տարի հետո ծնվում է բանաստեղծի նոր պոեմը՝ «Գիշերային զրույց Նարեկացու հետ»։
Մաշտոցին նվիրված նույն բանաստեղծության մեջ Դավթյանը չէր կարող չգրել նաեւ եղեռնի մասին. «Օ, Դեր-Զոր, Դեր-Զոր, դու հայոց շիրիմ, Առաջ էլ արդյոք անապա՞տ էիր, թե՞ հայ մայրերի ողբից չորացար»։ Կամ՝ մեկ ուրիշ, այս անգամ արդեն սիրային բանաստեղծության մեջ, դարձյալ գրված 60-ական թվականներին, Դավթյանը նորից իրեն գտնում է պատմության խորքերը պեղելիս.
Սակայն հիմա նորից երբ աչքերս եմ փակում
Ու նայում եմ հոգուս,
Այնտեղ Զվարթնոց կա ավերակված՝
Գետնաթավալ սյուներ-
Հավատս էին նրանք,
Ու կամարներ բեկված,-
Իմ երազներն էին,
Ապա մկրտության
Ավազան մի ցամաք,-
Ավաղ, քո սերն էր դա։
(«Տար ինձ, քամի»)
Գրողի ստեղծագործական ճանապարհի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այդ անդրադարձումները Դավթյանի պոետական աշխարհի ներքին օրինաչափություններից են բխում։ Այդ են վկայում 60-ական թվականներին ստեղծված պատմական պոեմները. «Ծուխ ծխանի», «Ասք սիրո եւ սրի», «Ճերմակ ձիավորը», «Զվարթնոց», ավելի ուշ շրջանում գրված «Կոմիտաս» եւ այլ գործեր, որոնք «Թոնդրակեցիներից» հետո արդեն նոր որակ են ինչպես Դավթյանի, այնպես էլ մեր ժամանակակից պոեզիայում ընդհանրապես։
Վահագն Դավթյանի ստեղծագործական զարգացման նոր փուլը նշանավորեց «Անկեզ մորենի» (1972թ.) գիրք-մատյանը։ Գրքի բոլոր շարքերը հնչում են մի ամբողջական ներդաշնակության մեջ։ Գրողի հայացքը գալիս է կորսված ծննդավայրից։ Եվ ինչպես անվանի գրականագետ Հ. Գալստյանն է նկատել, «Վ. Դավթյանի թեմատիկ ընդգրկումներն «Անկեզ մորենի» գրքում ընդարձակված են եւ, որ կարեւոր է՝ խորացված։
...Հայրենական տան կարոտը Դավթյանին ուղեկցել է մշտապես՝ սկսած գրական առաջին փորձերից, երբ այդ թեմայով գրել էր մի շարք հաջողված բանաստեղծություններ («Ասում են՝ հեռու Եփրատն է մի օր», «Իմ կյանքի լեգենդը» եւ այլն)։
Բայց թեմայի նվաճումը իրագործված ենք տեսնում «Ծննդավայր» շարքում։ Շարքի երեք բաժինները («Հուշը», «Կարոտը», «Տեսիլքը») ընթերցողին տեղափոխում են հուշի ծվենների, ցավի մորմոքուն զգացումների, կապույտ ու ցոլուն երազների բանաստեղծական աշխարհը»։
Բանաստեղծի թեմատիկ ընդգրկումներն ավելի են ընդլայնվել նրա «Կապույտ գիրք», ապա «Ասք սիրո» եւ «Լույս առավոտի» բանաստեղծական ժողովածուներում, որոնք արդեն գաղափարագեղարվեստական անուրանալի բարձր արժեքներով հարստացնում են մեր բազմադարյան պոեզիան։
Դավթյան գրողի որակական աճն ընթացել է թռիչքներով։ Դավթյանը նոր մակարդակի բարձրացրեց հայ պոետական խոսքը հատկապես իր «Ծուխ ծխանի» պոեմների գրքով, «Տաղարանով» ու «Լույս առավոտիի» բավականին ինքնատիպ լուսերգությամբ։
Բանաստեղծի ստեղծագործության անսպառ ակունքները, որոնք, հիրավի, կենսունակ են ու անսպառ, պիտի փնտրել ժողովրդական բանահյուսության, ավանդույթների ու առասպելների, հայ միջնադարյան պոեզիայի մեջ, միաժամանակ այնտեղ, որտեղից լույս է ծագում մայր ժողովրդի ամբողջ պատմության ու գալիք ուղու վրա։ Հենց այս հարցերի լուսաբանմանն է նվիրված ներկա աշխատության «Պոեզիայի կենսունակության ակունքներում» գլուխը, ուր փորձ է արվում ցույց տալու նաեւ քնարերգումի՝ բառակապակցությունների, պատկերների միջոցով պատմական որոշակի ժամանակաշրջանի հոգեբանություն ներկայացնելու մեթոդը։ Հանգամանալից վերլուծության են ենթարկվում գրողի «Տաղերը», բոլոր այն մանրաքանդակները, որոնք իրար հետ սերտորեն միահյուսված են մի ամբողջականության մեջ՝ հանդիսանալով պատմական առանձին իրադարձությունների, մեծ ու փոքր դրվագների, անցքերի անդրադարձումները։
Աշխատության մեջ հիմնական տեղ է տրված Դավթյանի մեծակտավ գործերի՝ «Թոնդրակեցիներ», «Ծուխ ծխանի», «Ասք սիրո եւ սրի», «Ճերմակ ձիավորը», «Զվարթնոց», «Ծիրանի ծառ», «Ռեքվիեմ», «Գիշերային զրույց Նարեկացու հետ», «Հիշատակարան անանուն գրչի», «Մոմիկ» վերլուծումներին ու գնահատումներին։
Վահագն Դավթյանը մեր այն բանաստեղծներից է, որոնք ստեղծագործությունից ստեղծագործություն ոչ միայն հարստացնում-մեծացնում են իրենց թեմատիկ տիրույթները, այլեւ հասնում են որակական նոր նվաճումների՝ թե՛ բովանդակության, թե՛ ոճի ու պատկերավորության, թե՛ խոսքի կուլտուրայի ու կատարման տեխնիկայի առումով։ Այս տեսակետից հետաքրքիր է Ավետիք Իսահակյանի տված գնահատականը. «Ավ. Իսահակյանը, Վ. Դավթյանին համարելով բազմաշնորհ բանաստեղծ, մի զրույցում ասել է. «Նրա բանաստեղծությունը միջնադարյան մեր երգերի խորությունն ունի եւ արեւմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց եւ եթերային է, թվում է ավելի շատ պիտի հողոտվի»10:
Իսահակյանի գնահատականից բխող այս պահանջևցանկությունը կենսագործվեց պատմության «օգնությամբ»։ Եվ այսօր հայ պոեզիայում, ժողովրդի անցած ուղու գեղարվեստական իմաստավորման տեսակետից, ամենաբնութագրականներից է Վահագն Դավթյանի ստեղծագործությունը, եւ, կարծում ենք, նրա ստեղծագործության օրինակով կարելի է ցույց տալ մի քանի ընդհանուր միտումներ, որ ունի արդի հայ պոեզիան։