Որ մենք հերոս․․․
− Զավակ ունի՞ս։
− Այո՞, պարո՞ն, երկու մանչ, բայց մեծը նշանավոր բան է… ճիշտ ինծի կնմանի։
Ալեքսանդրիա, Շերիֆ փաշա փողոցը քալած ժամանակնիս այս հարցումը կուղղեի ու այս պատասխանը կընդունեի Վարդհոգյանեն, որ նոր հասած էր Ալեքսանդրիա՝ Գահիրե պիտի երթար։
Պանքայի ցույցեն քանի մը ամիս ետքը, կարծեմ հունվարի մեջ էր, երբ իմացանք, որ ընդհանուր ներում եղեր է։ Լուրը տարածվելեն քանի մը օր ետքը՝ ուրիշ լուր մըն ալ տարածվեցավ։
− Իմացա՞ք։
− Ի՞նչ։
− Վարդհոգյանն ալ ազատեր է ու Կիպրոս գացեր է, անկե ալ Ալեքսանդրիա պիտի գա եղեր։
Օր մըն ալ ըսին.
− Կուգա կոր․․․ եկա՜վ։
Ու ահա լայն ու երկայն ցցված ականջներով, խոշոր քիթով, հերկեն դարձող հոգնած եզի տարտամ նայվածքով, գլխուն զարկած մեկը ներկայացուցին մեզի ըսելով.
− Պարոն Վարդհոգյան, մեր անդրանիկ հերոսներեն մեկը։
− Որ մենք հերոս,− ըսելով Վարդհոգյան սկսավ խոսիլ…
Բայց ես արդեն հեռացած էի։
Չէ՛, ա՛լ չէի կրնար համբերել։ Պոլսեն մեկնելես ի վեր այս քսաներկուերորդ հերոսն էր, որ ցույց կուտային ու մինչև կոկորդս լեցած էր հերոսով։
Հերո՜ս…
Հրացանը ուսը զարկած, մեջքը ատրճանակ ու դաշույն, կայտառ մարդ մը, պեխերը մինչև ականջն ի վեր, վառ աչքեր, խիզախ աներկյուղ կերպարանքով, որուն տեսքը հույս մըն է իրեններուն ու սարսա՜փ՝ թշնամիներուն համար։ Լեռները կապրի ան, իրեն պես կտրիճներու հետ։ Սուրհանդակին վրա կհարձակի, բանտերը կկոխե ու անմեղ բանտարկյալները կազատե, չարագործ հարստահարիչները կսպաննե, անզոր գեղացիները կպաշտպանե. ինքը՝ առանձին՝ պատերազմ կմղե իշխանության դեմ։ Չըլլալիք բաներ կպատմվին իր վրա, չըլլայիք բաներ, որոնք բան մը չեն իր ըրածներուն քով։ Ու իրիկունը, երբ աղջիկները կդառնան դաշտեն, իրենց անուշ ու սիրատարփ նայվածքը ուղղելով դեպի լեռը, ուր կգտնվի ան, սրտատրոփ ու երկյուղած կնային երկայն ու կաղոթեն։ Անիկա չի՛ բռնվիր, չի՛ բանտարկվիր, չի՛ նախատվիր, չի՛ ծեծվիր, չի՛ մեռնիր…
Ահա ինչպես կերևակայեմ Հերոսը։ Ու եղած են այսպեսներ մեր վերջին տարիներու թախծագին պատմության մեջ։ Իսկ այդ քսաներկո՞ւքը որ տեսա… ա՜հ իրենց դյուցազներգությունը:
Հնչակ առած ժամանակնին, Հնչակ կարդացած ժամանակնին, Հնչակ տված ժամանակնին ձերբակալված հերոսներ, կարգ մբ մակաթույծներու համար ստակ հավաքած ատեննխն բռնված հերոսներ, ղահվեի մը անկյունը քանի մը գավաթ օղիի ազդեցության տակ անօգուտ շաղակրատություններ ընող հերոսներ, վտանգավոր թղթեր գրպաննին պտտցնող հերոսներ, որոնք ոստիկանության ճանկը ինկած են։
− Դո՞ւն ալ քոմիթեեն ես, հե՞:
− Ամա՜ն, էֆենտի, ի՜նչ կըսեք, ձեր ոտքին հողը պագնեմ, ես երբեք…
− Տակավին կուրանա՞ս, շո՜ւն, ա՜ռ քեզի։
Ու ապտակները կիջնան շեշտ երեսին։
− Ամա՜ն, մեղա՜, ես բան մը չեմ ըրած, ես սուլթանին հավատարիմ ծառան եմ, ոտքերնիդ պագնեմ։
− Կեցիր, ես քեզի խոսեցնելու կերպը գիտեմ. հիմա չես ուզեր խոսիլ, բայց քանի մը օրեն պուլպուլի պես պիտի խոսիս։
Ու խոսքը բանտապետին ուղղելով.
− Տարեք սա կյավուրը զնտան նետեցեք։
Եվ բանտապետը ապտակելով, հայհոյելով, հարվածելով կգործադրե հրամանը ու կտանի նկուղ, ուր մեր ապագա հերոսը կմնա քանի մը օր։
Ու այսպես հարցաքննություններն, նախատինքներն, ապտակահարություններն ետքը, օր մըն ալ ցկյանս բերդարգելության կդատապարտվի։ Երեք տարի, հինգ տարի կամ յոթը տարի ետքը՝ առտու մը՝ բերդին տնօրենը կկանչե զինքը։
− Շունշանորդի՜, աղոթք ըրե սուլթանին կենացը։
− Էֆենտի՜, ես արդեն ամեն օր աղոթք կընեմ իրեն համար։
− Ձեզի ամենուդ ընդհանուր ներում ըրավ:
− Աստված շատ կյանք տա իրեն, աստված մեկ օրը հազար ընե։
− Բայց մեյ մըն ալ այդ տեսակ սրիկայական գործեր չպիտի ընեք հա՜:
− Ո՜չ, էֆենտիս, ես միշտ սուլթանին հավատարիմ քյոլեն եմ, ոչ թե այդ անպիտաններուն չեմ հետևիր, այլ եթե ձեռքես գա— ամենքն ալ կսպաննեմ։ - Աֆերի՜մ, քեզ տեսնամ:
Տնօրենին ձեռքը, փեշը, հողաթափը համբուրելե ետքը` դուրս կելլե մեր բանտարկյալը։ Ալ ազատ է։ Շունչը կառնե կամ Հունաստան, կամ Կիպրոս, կամ Եգիպտոս:
Հիմա հերոս մըն է անիկա ու կռթնած իր հերոսության՝ քաղքե քաղաք կպտտի ստակ հավաքելու իրեն համար:
Արդարև մուրացկանության հերոս մը… Այդ կարգին էր նաև Վարդհոգյանը, ու ատոր համար երբ խոսիլ սկսավ, ես արդեն հեռացած էի։
Սակայն քանի մը օր ետքը բարեկամներես մեկը ըսավ ինծի.
- Տեսնվե անգամ մը Վարդհոգյանին հետ, հետաքրքրական տիպար մըն է, որ կարժե ուսումնասիրել։
- Անտանելի է, եղբա՛յր։
- Գիտեմ որ անտանելի է, բայց միմիայն ի սեր արվեստին, ի սեր գրականության ըրե՛ այս բանը,− պնդեց բարեկամս խնդալով.− հավատա՛, որ օգտակար գործ մը ըրած կըլլաս, եթե այդ տեսակ տիպարներ քիչ մը փորձես հասարակության ճանչցնել։ Գիտեմ, որ Վարդհոգյանի հետ ժամ մը տեսնվելով մեծ զոհողություն մը պիտի ընես, բայց հանուն հայրենասիրության, հանուն հեղափոխության ըրե՛ ասիկա։ Ապագա սերունդը քեզի հերոսի տիտղոսը պիտի տա ապահովապես այդ անձնվիրությանդ համար և, ո՜վ գիտե, գուցե Բաղեշի կամ Էրզրումի հրապարակներեն մեկուն մեջ արձանդ կանգնե։
Այդ հեռապատկերը շլացուց զիս ու ահա ասոր համար Վարդհոգյանին հետ Շերիֆ փաշայի փողոցեն միասին կերթայինք դեպի կայարան։
- Ի՞նչ պիտի ընես Գահիրե,− հարցուցի իրեն, խոսք մը ըրած ըլլալու համար:
- Որ մենք հերոս, պետք է տեսնենք, քննենք և ուսումնասիրենք ամեն բան մեր աչքով,− պատասխանեց Վարդհոգյան կոշտ ու ինքնավստահ արտասանությամբ մը։− Ասկե զատ,− ավելցուց,− ժողովուրդը պետք ունի քաջալերության, պետք է տեսնա իր հերոսները և քաջալերվի։ − Իրավունք ունիս։
− Իմ կյանքս ժողովրդին նվիրված է, իմ բազուկս հայ ազգին կպատկանի։ Մինչև հիմա արյունս իմ ազգիս համար թափեցի, ասկե ետքն ալ…
− Մի՛ հուզվիր, կաղաչեմ, և մի՛ շարունակեր, ասկե ետքն ալ ազգին համար պիտի թափես, գիտեմ։ Կեցցե՛ս, շատ ապրի՛ս, աստված ձեզպեսները պակաս չընե։
− Ամե՜ն,− գոչեց Վարդհոգյան սրտի խորեն, ու հասանք կայարան։
Դեռ կես ժամ կար կառախումբին մեկնելուն. պետք էր խոսի՜լ տակավին կես ժամ Վարդհոգյանի հետ։ Հանուն հայրենասիրության այդ ալ ըրի, ու ասկե ետքը եթե զիս Հայկ դյուցազնին քով չդասեն՝ հանցանքը իմս չէ։
− Մե՜նք, որ պետք եղածին չափ ուժ չունինք մեր թշնամիին հետ կռվելու համար,− ըսի իրեն, երբ տոմսակը առնելն ետքը կայարանին երկայնքը կպտտեինք։
− Ուժ չունի՞նք. հապա այս բազուկնե՞րը, մի՞թե բավական չեն,− ու հորիզոնական ձևով բարձրացուց իր թևերը։
− Անշո՜ւշտ, անշո՜ւշտ,− աճապարեցի ըսել,− միայն թե գոնե երկու-երեք հատ ալ ըլլար այդ բազուկներեն, այն ատեն բոլորովին ապահով կրնայինք ըլլալ մեր ազատության համար։
− Իրավունք ունիս,− պատասխանեց Վարդհոգյան,− ափսո՜ս, որ ինծի պես քանի մը հոգի չի կա։ Ա՜խ, պարո՛ն, եթե անդրանիկ տղաս քիչ մը ավելի մեծ ըլլա՜ր…
− Ավա՜ղ։
Ու այսպես խոսակցությունը տևեց մինչև որ կառախմբին մեկնելուն ժամը հասավ։
Երբ Գահիրե գացի շաբաթ մը ետքը, Վարդհոգյան օրվան մարդն էր հոն, կամ ավելի ճիշտը, ամսվան հերոսը, որովհետև ամեն ամիս իր հերոսն ուներ այդ միջոցին։ Հայկական սրճարանը բազմած կխոսեր անիկա, առտըվնե մինչև իրիկուն և իրիկվընե մինչև կես-գիշեր։
− Որ մենք հերոս այսպես, որ մենք հերոս այնպես։
Ճշմարտության սիրո համար և ի պատիվ իրենց պետք է ըսել սակայն, որ իր շուրջը բոլորվողները պանդույրներ չէին, ոչ ալ ապուշ հիացողներ, այլ բավական «հերոս»-ներ ակռանուն զարկած ու անոնց արժեքը ճանչցած մարդիկ, որոնք միմիայն ժամանցի համար խոսեցնել կուտային զինքը։ Ա՜լ իրենց համար հերոս մը տեսակ մը աճպարար էր, որ ձրի ներկայացումներ կուտար հայկական սրճարանին մեջ և երբ նոր հերոսի մը գալուստը իմանային Գահիրեի մեջ, կըսեին իրարու.
− Վաղը ժամը տասնին, հայկական սրճարանը եկեք, հերոսական ներկայացում կա։
Եվ ասիկա այնչափ շահաբեր էր սրճարանին համար, որ սրճարանապետը ձրի սենյակ ու կերակուր կուտար ամեն բանտեն ազատած հերոսի։
Ես ալ գացի այդ «ներկայացում»-ներեն մեկուն։ Վարդհոգյան նստած էր սեղանի մը վերի կողմը, որուն շուրջն ու վրան հավաքված էին ութ գավաթ օղի, ժամկոչ մը, սիսեռի մեզե, ծխավաճառի աշկերտ մը, ցնդած բանաստեղծ մը, խաշած հավկիթ մը, քանի մը հատ ձիթապտուղ ու քանի մը հատ ալ պարապ պտըտող գաղթականներ։
Երբ ներս մտա, Վարդհոգյան արդեն կճառեր.
− …Այո, սիրելի ընկերներ, միություն և համերաշխություն։ Մենք իբրև հերոս և իբրև ժողովրդի հարազատ ներկայացուցիչ, պետք է ընենք այդ բանը, պետք է միացնենք հեղափոխական կուսակցությունները և հետո միացնենք իրարու հետ նաև եվրոպական տերությունները։ Պետք է երթանք Փարիզ և Լոնտոն, խորհրդակցինք բարձրաստիճան անձերու հետ և այս բանը ընենք։
«Մենք»–ը միմիայն ինքն էր։ Վարդհոգյան երբ կխոսեր, կկարծեր, թե ամբողջ լեգեոնի մը կողմե կխոսի։ Ւր ծիծաղաշարժ մեծամտությաններուն փոքրագույններեն էր աս։
Սեղանակիցներեն մեկը, Կեդրոնականի նախկին աշակերտ, որ առիթ չէր փախցներ թեթև ծաղրանքներ ընելու, երբ ձեռքը այս տեսակ հերոս մը իյնար, ոտքի ելավ լուրջ, պաշտոնական, օղիին գավաթը բարձրացուց և ըսավ.
− Պարոն Վարդհոգյան, այսօր մեզի համար նշանավոր օր մըն է. անոր հիշատակը անջնջելի ոսկի տառերով պիտի քանդակվի մեր ամենուս սրտին մեջ, որովհետև մեր աչքերը տեսան հայոց մեծ հերոսը, անդրանիկ հերոսը, ժամանակակից Հայկ դյուցազնը, որուն քաջագործությունները թեև ծածկված մինչև այսօր, սակայն տիեզերքը կզարմացնեն արդեն։ Կպարպեմ այս գավաթը պարոն Վարդհոգյանի կենաց։
Պարպեց ու նստավ տեղը.- «Դիտմամբ ըրի, որ ինքն ալ ելլա բան մը խոսի»,- փսփսաց ականջիս։
Բաժակաճառին անմիջական արդյունքը եղավ սրճարանը գտնվող ուրիշ տասնի չափ հայերու մեր քով հավաքվիլը, թեև հաճախորդներուն մեծամասնությունը կշարունակեր նարտ խաղալ։
Վարդհոգյան զգաց, որ «ժողովուրդը» զինքը լսել կուզեր։ Կանգնեցավ, երկու ձեռքը սեղանին կռթնցուց, կամաց մը օրորվիլ սկսավ, խիթ ունեցողի մը ձևով, քիչ մը ջուր խմեց, քիթը խնջեց, ու վերջապես համր-համր, բառերը երկնցնելով, հավիտենապես լալկան շեշտով մը խոսիլ սկսավ.
- Սիրելի և անկեղծ ընկերնե՛ր, մենք վստահ ենք, որ քիշ ատենեն պիտի հասնինք մեր ցանկացած ազատության և մեր սիրելի հայրենիքը էրթանք։ Այս մասին արդեն խոսած եմ մի քանի բարձրաստիճան անձերու հետ, սիրելի՛ և՛ անկե՛ղծ ընկերներ։ Որ մենք հերոս, պետք է, որ այդ բանը ընենք, սիրելի և անկեղծ ընկերներ։ Ա՜խ, ափսո՜ս, որ այս բազուկները յոթը տարի անգործ մնացին։
Եվ Վարդհոգյան ցույց տվավ այն բազուկները, որոնք արդեն տեսած էի Ալեքսանդրիա, կայարանին մեջ։ Ապա շարունակեց։
- Սիրելի և անկեղծ ընկերնե՛ր, վնաս չունի, այդ կորսված ժամանակը շուտով կշահինք։ Այս բազուկները ձեզի նվիրված են, վստահ եղի՛ք, սիրելի և անկեղծ ընկերներ։
Նորեն բարձրացան Ալեքսանդրիայի մեջ տեսածս բազուկները։
- Կեցցե՜ պարոն Վարդհոգյան։
Եվ օղիները պարպվեցան։
Արտառոց ու ծիծաղաշարժ էր այս ամենը, սակայն, չեմ գիտեր ինչու, սրտի սեղմում մը զգացի դուրս ելած միջոցիս։ Պժգալի ու միանգամայն տխուր տպավորություն մը ըրած էր վրաս ամբողջ այդ «ներկայացումը»։ Վարդհոգյան բավական ժամանակ մնաց Գահիրե և մեկ կողմեն հայկական սրճարանը հերոսական ներկայացումներ տալով հանդերձ, մյուս կողմեն քառսուն ոսկիի չափ դրամ հավաքեց հարուստներեն՝ մուրացկանությամբ− «Որ մենք հերոս, պետք է ընենք այդ բանը» ըսելով։
Վարդհոգյան այն տեսակ տիպարներեն էր, որ իրեն հետ քանի մը անգամ ծանոթություն ընողը զզվանքով կհեռանար, ա՛յ մեյ մըն ալ հետը չտեսնվելու հաստատ մտադրությամբ, այնպես որ սրճարանին տերը պատշաճ դատած էր անուշությամբ ճամփու դնել զայն ըսելով.
− Ասկե ետքը ա՛լ չեմ կրնար սենյակ ու կերակուր տալ քեզի, գլխուդ ճարը նայե։
Այդ վերջնագրին՝ Վարդհոգյան պատասխանած էր հանդարտությամբ.
− Ուրեմն որ մենք հերոս, պետք է երթանք Ալեքսանդրիա։
Ու պայուսակը կապելով մեկնած էր այդ «հերոսամերժ» քաղաքեն։
Քիչ ատենեն ետքը, երբ Ալեքսանդրիայի հայերն ալ բավականեն ավելի ճանչցած ու ձանձրացած էին իրմե ու ամեն մարդ սկսած էր մասնավոր փութկոտությամբ մը փախուստ տալ ամեն անգամ, որ «հերոսը» կերևնար Մենշիեի հրապարակին վրա, Վարդհոգյան զգաց, թե ժամանակն է, «որ մենք հերոսը» պայուսակը կապե նորեն, ու մեկնեցավ դեպի Եվրոպա։
− Պետք է երթանք Եվրոպա,- կըսեր մեկնած օրը,− և տեսակցինք բարձրաստիճան անձերու հետ մեր ազգային փրկության մասին։
«Մեր ազգային փրկության մասին տեսակցիլ բարձրաստիճան անձերու հետ»–ը, ըստ Վարդհոգյանի, կնշանակեք երթալ ու իրեն համար դրամ մուրալ։ «Տեսակցություն»-ը 35−40 ոսկի բերավ իրեն։ Ուրախ էր Վարդհոգյան և Փարիզեն կգրեր իր ծանոթներուն. «Անկեղծ ընկերներ, մեծ քաջալերություն կգտնամ այստեղ և կհուսամ, որ ազգային փրկության օրը մեր հուսացածեն շուտ պիտի հասնի։ Եթե իմ լուսանկարներուս վաճառումեն մի շահ գոյ ցավ, խնդրեմ անմիջապես ղրկեցեք բոսթայով»։
Այս դրամը զինքը բավական ատեն ապրեցուց Եգիպտոսի մեջ՝ ուր վերադարձած էր։ Հետո ժամանակը եկավ նորեն «տեսակցելու բարձրաստիճան անձերու հետ»։ Այս անգամ սակայն քիչ մը հեռու պետք էր երթալ նոր որս գտնելու համար։
− Որ մենք հերոս, պետք է երթանք նաև մեր ռուսահայ անկեղծ ընկերներու մոտ։
Ու ահա Վարդհոգյան կմտնար շոգենավ։
Այդ առաքելությունը հուսացած արդյունքը չտվավ կարծեմ, որովհետև շուտ վերադարձավ։
− Ծո՛, կենե՞ մի եկար…
Այս անգամ այդ բառերով ընդունած էին զինքը, որ տարի ու կես առաջ օրերով պատրաստություն կտեսնեին արժանավայել ընդունելություն մը ընելու համար հայոց «անդրանիկ հերոս»-ին։ Խեղճ Վարդհոգյան, ինք ալ Արտաշեսի պես կրնար գոչել՝ «Ավա՜ղ, փառացս անցավորի»։
Վերջին անգամ, երեք ամիս կա, Ալեքսանդրիայի մեջ տեսա զինքը։ Փետուրները թափած էր բոլորովին։ Ամենեն լքված ու արհամարված՝ տրտում, տխուր կթափառեր փողոցները։ Հիմակ Հայաստանը փրկելու համար ծրագիրներ չուներ, ոչ ալ իր բազուկներուն ներբողը կկարդար։ Չէ՛, պարզապես դռնապանության կամ ծառայության պաշտոն մը կփնտռեր հացը ճարելու համար ու չէր գտնար։
Լմնցա՜ծ էր «որ մենք հերոս»-ը։
Եվ սակայն ահե՜ղ սպառնալիքի մը պես դեռ ականջիս կհնչեն Շերիֆ փաշա փողոցեն կայարան գացած միջոցնուս Վարդհոգյանի ըրած խոսքերը.
− …Բայց մեծը հրաշալի բան է, ճիշտ ինծի կնմանի։
Ուրեմն ափսո՜ս, ապագա սերունդն ալ իրեն Վարդհոգյանը պիտի ունենա…