Ուզեմ թե չուզեմ՝ օրը գնում է
եւ ինձ տանում է ոլորաններով։
Ես իմ փոխարեն մի ծառ եմ թողնում
Կանգնած ճամփի մոտ
եւ նվիրում եմ նրան հավատս,
որ խորացնի ընդերքում հողի՝
արմատների հետ...
Թե ինձ ասելու դու բան ունենաս՝
կասես այդ ծառին։
Համոզված եմ՝ նա երբեք չի կեղծի,
նա ամուր է շատ,
եւ քամիներում նա չի երերա,
ինձ պես հաստատ է, կսիրի ինձ պես...
Միայն թե բացսիրտ մոտեցիր նրան,
համբերությունս
ծառին չեմ տալիս...
Ժպիտդ հանկարծ թե շիտակ չեղավ՝
շյուղ կչորանա,
թե հանկարծ մի սուտ երդում տվեցիր՝
ճյուղ կչորանա,
թե հանկարծ գույն-գույն խոսքերով նեղես՝
գիշերն էլ նրան հավք չի մոտենա,
իսկ թե խաբկանքի անձրեւներ տեղան՝
արմատը հողում ցավից կնվա...
Մի ծառ եմ թողնում ես իմ փոխարեն,
երբ ճյուղին թոշնած տերեւ երեւա,
նշանակում է՝
տեղս նեղ է խիստ, արի՝ ինձ փրկիր։
ՈՒզեմ թե չուզեմ՝ օրը գնում է
եւ ինձ տանում է.
իսկ ես քեզ համար նոր օ՜ր եմ փնտրում։