Jump to content

Ուսանող ու մեծատուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈՒՍԱՆՈՂ ՈՒ ՄԵԾԱՏՈՒՆ

Ուսանողաց վերա առնել դատաստան
Հեշտ չէ շատ, ունի անհամար պայման.
Նայելով նորա դուրսի ընթացքին՝
Ուղիղ բան ասել է անհնարին։

5 Շատերը մինչև այսօր ասած են,
Թե ուսանողները դատարկ մարդիկ են.
Նոցա պատասխան ևս կասեմ այսօր,
Որ այդ կարծյաց տերր չէ մեր դատավոր։

Այդ դատավորը յուր մահճում հանգիստ
10 Երբ արշալուսո քնով ննջում է,
Ուսանողն զգաստ թափելով քունը
Գնում է շտապով համալսարանը։

Երբ ուսանողը դադրած, վաստակած
Տուն է հետ դառնում (հարկ է, թե քաղցած),
15 Դեռ իմ դատավորը տեղերում նստած՝
Ջեըմ–ջերմ փորում է գլուխը փթած։

«Աղջի՛կ,— գոռում է նա յուր աղախնին,—
Ժամը քանի՞սն է, մո՞տ է կեսօրին»։
— Հրամել եք, կուզի ուղիղ մի քառորդ։ —
20 «Ու՜ֆ, ժամանակ է վեր կենալ ուղորդ»։

Վեր կացավ, հագավ շորերը սիրուն,
Թեյ ու հացեղեն մատուցին իսկույն.
Իհարկե, կուտեր, թե ես էլ հանգիստ
Քնեի նրա պես՝ կուտեի անշուշտ։

25 Մեծատան համար միայն թեյ ու հաց
Թե լոկ պատրաստեն՝ կմնա քաղցած,

Այն պատճառով էլ աղի մանր ձկներ.
Պանիր ու խավյար և այլ շատ բաներ,

Ոսկի բաժակով օղին կարապետ,
30 Ե՞րբ մադերայից կմնա նա ետ.
Կերավ, ճաշակեց փառավորապես
Ու սիրուն գինին վերայից խմեց։

Երբ այս ավարտած՝ տնից էր դուրս գալի,
Ուսանողն ճաշած՝ դիպչում էր օդի։
35 «Ի՜նչ փուչ մարդիկ են,— ասաց յուր մտքում,—
Բան ու գործ չունեն, վազում փողոցում»։

Որովհետև մինչ յուր գործն ուսանողը
Սկսավ, ավարտեց, քնած էր մեծատունը,
Այն պատճառով էլ ուսանողները
40 Դատարկ մարդիկ են նոցա աչքումը։