Չարտասանված նոբելյան ճառեր
Ահա ձեր առջև կանգնած մտածում եմ՝ ինչն է ինձ մխիթարում: Գրելը: Ինձ համար գրելը երգ է, ամբողջ սփոփանքս այս երկաթե փոքրիկ գրչի մեջ է, և մենավոր ապաստանի մեջ՝ ձմռան գիշերներին, ինձանից ավելի երջանիկ մարդ անհնար է երևակայել, երբ ավարտում եմ բանաստեղծությունը: Այդ պահին մտածում եմ նաև՝ իսկ ո՞ւմ է պետք կյանքը: Ուրիշներին հաճույք պատճառելու համա՞ր: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Ես գանձ գաղտնիքներ ունեի կախարդական աշխարհից, հազար ու մի գիշերների երազներ և ուզում էի իմ սիրած էակին տալ այդ ամենը: Եվ այս բարձր ամբիոնի մոտ կանգնած՝ հիշում եմ կնոջս ուղղած նամակիս այս տողերը. «Հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե և այժմ միայն մի բան կցանկանայի՝ Արև»:
Ես բժիշկ եմ, և առավոտից մինչև երեկո գրքերի, դեղերի և հիվանդների մեջ է անցնում կյանքս: Եթե չընտրեի բժշկի մասնագիտությունը, անպայման երկրագործ կլինեի, կքաշվեի գյուղ և կյանքիս վերջին տարիները կապրեի իմ հայրական դաշտերի և հողերի վրա՝ լռության ու բնության մեջ: Ինձ միշտ երեք ուժ է հուզել՝ Մարդկությունը, Հայրենիքը, Սերը:
Մարդկությունը…
Տարիներ առաջ երազել եմ Եվրոպայի Ալպյան գագաթները, որոնք կորսված են ձյուների մեջ, երկնքի ու երկրի միջև կախված, ժամանակի պես հավերժ ու մահվան պես անխախտ: Ինչպե՜ս էի տենչում մեկնել այնտեղ, թաղվել այնտեղ, բանտարկվել իմ երջանկության հետ, դուրս նետվել «կյանքի պայքար» կոչված տաղտուկից, ապրել երազի մեջ, ապրել աստվածների նման, հավիտենության խաբկանքն ունենալ, լռությունը խոսեցնել, ինձ նվիրել գեղեցկության զոհասեղանին: Հետո միայն հասկացա, որ կյանքը կարող է ինքն իրենով գեղեցիկ լինել, բայց կյանքն ինքն իրենով դեռևս կյանք չէ: Կյանքը բնության հետ միանալով է դառնում կյանք: Այդպիսին էին տրուբադուրները՝ միջնադարյան Պրովանսի երգիչները՝ նախնական կենցաղով ապրող ազատ մարդիկ, ազատ կամքի հարազատ որբերը: Նրանք այն եզակի երգիչներն էին, ում դեմքին բախտն ու տառապանքը մի մութ ժպիտ են քարացրել: Արևմուտքի հավաքական միտքն ահա հսկա զարմանքով մի նենգ հարցական նշան է դնում կյանքի վրա, իսկ մենք՝ ընդամենը կախման կետեր: Արևմուտքը՝ տենդագին վազքի մեջ, մարդկային հոգին մասնատել է թվերի և այդ թվերով քննում է անգամ Աստծուն, իսկ մենք դարձյալ երազում ենք այդ երեք կետերը՝ կախման կետերը… Նրանք հոխորտում են, մենք՝ լալիս, լալիս ենք, որովհետև վերևում երկինք ենք տեսնում, ոտքներիս տակ՝ հող, այդպես ենք ահա՝ մենք՝ այգաբացի օրորոցներս… Եվ մեր լացի ու տառապանքի մեջ այն լուսավոր ճշմարտությունն է, որ ինչ էլ լինենք, հավետ հիշում ենք, որ մարդ ենք… Իսկ խունկն ու կնդրուկն այդպես էլ անհաղորդ մնացին Արևմուտքին, որը միայն Գիտելիքի սոփեստ շեփորներ հնչեցրեց և սին Փառքեր երգեց: Մի համընդհանուր մելամաղձություն է պատել աշխարհին. ասածիս վկան մանուկներն են. ամենասիրելին ու տագնապեցնողը աշխարհը լցրած մելամաղձոտ մանուկներն են: Կա՞ ավելի սիրտ բզկտող իրականություն, քան նրանք: Փոքրիկ մի տղայի պարզ ու վճիտ հոգին ինչպե՞ս տխուր չլինի, երբ հուսահատությունը բարդ հոգեբանական բեռ է: Սա բնական չէ, այլ ախտաբանական երևույթ, շեղում օրենքից, ծանր բացառություն: Բացառություն, որն, ավաղ, օրենքի է վերածվում: Նոր քաղաքակրթության մեծագույն վերքերից մեկն է այս խեղումը, վաղվա հիվանդությունը, հիվանդություններից վատթարագույնը, որովհետև ոչ մի բժշկություն ի զորու չէ դարմանել այն: Հին ցեղերը խարույկների վրա այրում էին իրենց լուսնոտներին ու ջղագարներին՝ իբրև չար ոգիների: Պլատոնն իր կատարյալ պետության սահմաններից վտարում էր մելամաղձոտներին, սպարտացիներն իրենց ձախող ծնունդներին գետն էին նետում՝ ցեղի պահպանման համար ընտրելով միայն առույգ ու զվարթ մանուկներին: Հենց այդկե՛րպ ափաչափ այդ ազգը դարձավ մեծագույնը պատմական դյուցազուն ազգերի մեջ: Այսօր, անշուշտ, այդ բարբարոս միջոցներն իսպառ հեռացված են քաղաքակրթությունից, բայց այլասերման վտանգը գնալով ահագնանում է: Այս երկաթե ժամանակներին երկաթե՛ ուղեղներ են հարկավոր: Մինչդեռ, օրեցօր, հևասպառ փութկոտությամբ ճգնաժամային գինեմոլության մտրակի ներքո հալածական մարդկությունը ջղագար ծնունդներ է միայն տալիս աշխարհին: Ալեկոծված Եվրոպան առաջիններից է, որ ահազանգ է հնչեցնում: Օրեցօր նորագույն սկզբունքներ են կիրառվում, գործադրվում են առողջապահական աննախադեպ միջոցներ, ախտածին մանուկների համար լեռնային գաղթավայրեր են հիմնվում, անտառային դասարաններ ու բացօթյա վարժարաններ, աշակերտական ագարակներ: Այս բոլոր ճիգերի նպատակն է այդ խեղված մանուկներին ուսումից ավելի արև պարգել, մտքի փոխարեն մարմինը շարժել, մեկուսացնել նրանց, հեռացնել մտավոր բեռից: Որովհետև վտանգը ոչ միայն անհատական է, այլև հանրային: Այդ մանուկների մաղձոտ հոգին դառնացնում է նախ իրենց սեփական, ապա յուրայինների կյանքը և վերջապես կյանքը մի ամբողջ ազգի: Աշխարհի բոլոր մարդասպաններն ու չարագործները եթե նույնիսկ միանային իրար, չէին կարողանա այնքան երիտասարդ, այնքան խոստումնալից, այնքան ընտրյալ հոգիներ սպանել, որքան կարողացան անել Շոպենհաուերը, Նիցշեն, Բայրոնը… Խեղված մանուկների օրորոցներո՛ւմ պետք է փնտրել ինքնասպանության քարոզիչներին, հոռետեսության առաքյալներին, ապականության մարգարեներին: Նրանք են, որ ջլատում են գործելու կամքը, երջանկության հույսը, սրբազան հավատքը: Նրանք չեն առաջադիմում, այլ անգիտակից ցատկոտում են, չեն երազում, այլ զառանցում են, ոչ թե օրհնում, այլ նզովում են, չեն սիրում, այլ հափրում են: Նրանց երգը հայհոյանքի պես ամբարտավան է, ժպիտը՝ հեգնանքի պես վիրավորական: Հայտնի է ինձ, որ հին մշակույթ ունեցող ազգերի համար խեղումը տիզերական օրենք է: Գիտեմ նաև, որ մեզ նման հին ու անտերունչ ցեղը՝ հրեաները, երիտասարդ ազգերից քառապատիկ շատ խելագարներ է ծնում: Սակայն այդ ափաչափ հրեան բազում անգամ ավելի շատ հանճարներ տվեց աշխարհին, քան ամբողջ եվրոպական ազգերը միասին վերցրած: Հարց եմ տալիս. մենք էլ հրեաների պես ինչո՞ւ աշխարհին չտանք այն հայ Հանճարին, որի գոյությամբ այս խրոխտ Եվրոպան հպարտանար, և համայն մարդկությունը մեկ բանով գոնե պարտական ու երախտապարտ լիներ մեզ: Կես-հանճարնե՞ր — որքան ուզես: Բայց երբ փոքրիկ ազգի մտավորական բանակը միայն փոքրիկ տաղանդավոր տկարներով է ապրում, անհանդուրժելի ու դատապարտված ցեղի է վերածվում: Զգուշանալ է պետք: Եվրոպան, որ հնչեցնում է այլասերման ահազանգը, երիցս հուշում է մեզ, որ այդ սարսափելի ախտը բոլորից առավել մե՛զ է սպառնում՝ իբրև հին ազգի: Եվ մենք փոխանակ արմատախիլ անելու, տգիտորեն ընտրում ենք ախտավարակ ծիլերը և դրանք ենք միայն մշակում:
Հայրենիքը…
Իմ դժբախտ երկիրը հայրենի արյան տաք շամանդաղի մեջ զոհ գնաց գազանների վայրենի կրքերին և մխում է համայնասպառ բոցերի մեջ: Ո՞ւր են իմ հայրենիքի երազ թևերով կարապները, որ ակոսում էին մեր ջրերի հիվանդ կուրծքը, ո՞ւր են Արարատյան ձյունափառ հսկայի սխրալի հովվերգությունները, ինչո՞ւ է այսքան մութ նրա լուսնկան: Ո՞ւր են Հայաստանի լեռնանույշ կույսերի սիրո երգերն անհամար: Քանի անգամ եմ շոշափելի, թանձր ճշգրտությամբ զգացել հացի ու նյութի դիվային ուժը: Քանի անգամ եմ զգացել, որ ստրուկ ու անզգամ Նյութն ասում էր ինձ, որ ես ընդամենը մսե կերտվածք եմ, իսկ ինքը՝ համաշխարհային կրոն, գրեթե աստված: Ականջներիս մեջ է նրա հավերժական ծաղրը, թե չկա սեր, չկա հայրենիք, ազգ ու գաղափար, որ ինքն է միակ ճշմարիտը: Բայց ես երգեցի իմ հայրենիքի անհամար հիվանդ կյանքերը, նրա մթին ծաղիկները՝ հազիվ բողբոջած, ես հնչեցրի հայրենիքիս հավերժական երգը: Նյութն անվերջ շպրտում էր դեմքիս, թե ես իմ դժգույն հոգին ձոնում եմ մեռնող Արվեստին ու իմ մեռնող Ազգին: Բայց ես լավ գիտեի, որ ես զավակն եմ այն ժողովրդի, որն ալևոր Արարատի փեշին առաջին կյանքի երկնային խինդով ջանաց կյանք տալ այս խավար աշխարհին: Ես լավ գիտեի, որ եկավ արի ցեղը, հպարտ ու դեռ հեթանոս քաջ ցեղը և երգեց իր երգերը, հողի պես բեղուն, լույսի պես բարի, հովի պես ազատ, աստղի պես անշեջ իր երգը: Մենք՝ հայերս, անմահության սերմն ունեինք մեր մեջ, չէինք ճանաչում ստրկություն ու լուծ, ցանում և հող էինք ոռոգում, մեր սայլերի վրա անպարտ թագեր էինք բերում որպես ռազմավար, պողպատի սրեր շողշողացնում: Եվ դարձանք նահատակներ՝ խնդրելով Տիրոջը փրկել մեզ: Տեսանք նաև, որ արևելյան մինարեթի դրախտում գերմանական ծխնելույզներ ծխացին, և մի հեռու ձայն երգեց, որ պետք չէ լալ դատարկ փառքերի կարոտից, այլ երկնել հաղթության երգեր: Եվ եղան ազգեր, որոնք Նոյյան տապանի վրա կնքեցին՝ Մա՛հ հային, բայց չտեսան մյուս երեսը, որի վրա գրված է Անմահություն:
Սերը…
Հավանաբար մինչ ի մահ պետք է տեսնեմ այն աղջկան և հարցնեմ՝ ինչո՞ւ ինձ սիրեց: Հիմա կարծում եմ, թե նրա փոքրիկ կրծքին պետք է մի կայտառ թիթեռ փարվեր, ոչ թե ինձ պես ծեր արծիվ: Ես հասկացա, որ սերն այն հեթանոս երջանկությունն է խաչված, այն կուռքն է, որի առջև ծնրադիր որբի պես պիտի ողբար հենց ինքը՝ Աստված: Եվ այս մտորումները ստիպեցին ինձ մտածել, որ սե՛րն է հենց կյանքի կյանքը: Սակայն երբ 1909 թվականին թուրքերը Ադանայում կոտորեցին 30 հազար հայի, ես հասկացա, որ Աստված վաղուց մեռել է, և նրա վիթխարի դիակի ժահրից ապականվել է Ծիր Կաթինների անապակ երազը, և այս հին աշխարհում տեղ չի թողել նաև ամենազոր սիրո համար: Երբ մտորում եմ սիրո մասին, մտածում եմ, թե սիրտս անհունի մեջ բացված վերք է, հսկայական ու տխրորեն քաղցր վերք, իսկ կյանքս՝ մի մեծ աղաչավոր երգ: Ես բանաստեղծ եմ և սիրում եմ դյութական տրտմությունս այնպես, ինչպես աստվածների ցավը, և այդ վիթխարի սերն է, որ լուսավորում է հոգուս ավերակները, և եթե Մահն եմ ես, ուրեմն Կյանքն է սերը: Նա գալիս է ինձ մոտ հենց այդպես, կյանքի պես գեղեցիկ: Եվ այդ կյանքս թող աղբյուրի երգի պես լինի, որ իր ջրերում նրա անունը կրկնի հավերժ, կյանքս թող մութ ջրվեժի պես լինի, թող անկում լինի գահավեժ: Սերն ինձ համար երկու աչք է վիհի պես, ուր խավարներ են մոլեգին փոթորկվում, երկու աչքեր՝ աստվածների սկիհի պես, որ սրբացնում են հոգիս: Այդ ակնթարթին երազում եմ, որ կյանքս կորած նավի պես լինի, և սիրո շո՛ւնչը միայն բացի նրա առագաստը, որ ի Մահ պիտի առաջնորդի ինձ սիրո կղզիներով:
Ճառս ուզում եմ ավարտել անվերջ ընթացող ասպետի պատկերով, որը գրել եմ բանաստեղծություններիցս մեկում: Խոսքը մի հին ասպետի մասին է, որը լուռ գնում է, բայց չգիտե, թե ուր: Նիհարակազմ այդ այրը վերջալույսի շողերի մեջ՝ ամպերից ցած, սև նժույգը հեծած իջնում է լեռներից և գնում… Գնում է փութալով և չի տեսնում, որ հետևից հևիհև վազում են բյուրավոր կմախքներ, բայց ինքը գնում է ու գնում, և չգիտե, թե ուր… Մարդիկ կարծում են՝ սա մի գեղեցիկ դղյակ ունի, հենց այնտե՛ղ է գնում, ոմանք էլ ասում են՝ գնում է դեպի իր սուրբ ուխտատեղին կամ, ով գիտե, գուցե իր հեռավոր սիրո մոտ… Իրականում, թե ուր է գնում հին ասպետը, գիտեմ միայն ես: Գնում է դեպի իր տապանը, բայց թե որտեղ է գտնվում այդ տապանը, ո՛չ նա գիտե, ո՛չ ես…
Ահա այսպես ձեր առջև կանգնած հասկացա վերջապես, որ ես մի մոլորված մեծ անուրջ եմ, մի տապալված աստված, որն այդպես էլ ոչ մեկին չպատմեց իր ցավը և ընդամենը խնդաց այդ Ցավի երեսին: Ես մի հին ու բարի արքայի ծաղրածու եմ, որ փաթաթված իր արքային, լալիս է, և արքան նույնպես լալիս է…