Jump to content

Չե՜ն գար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Չե՜ն գար


Շուքին մեջ նստած, լայն դաշտին դիմաց,
Կը նայիմ ճամփան ծառերով գոցված,
Ճամփան խորդուբորդ, փոշոտ ու երկայն,
Ուրկե մեր կողմը կուգացվի սակայն.
Ու ես տխրունի կը նայիմ երկար,
Կը նայիմ ընդմիշտ և սակայն չե՜ն գար։
Առտու է աղվոր, ցողոտ, լուսարփի,
Երկինքեն դեղին շող մը կը թափի,
Զարթոնքի ճիչեր կուգան հեռուեն,
Ու հիվանդ հոգիս հույսեր կօրորեն.
Նայվածքըս հեռուն, դաշտին մեջ երկար,
Ի զու՜ր հուզմունքով կը նայիմ... չե՜ն գար:
Կեսօր է խաղաղ. արտին մեջ, հունա՛,
Ցորեններուն մոտ կալը կը դառնա,
Մշակը կ՛երգե գոհունակ սրտով,
Երկինք կը ժպտի ոսկի ցանելով.
Մինչ ես տխրությամբ դիտեմ անդադար
Փոշեպատ ճամփան, ի՜նչ օգուտ, չե՜ն գար:
Իրիկվան մոտիկ, մինչ վերջալույսին,
Արյունոտ, կարմիր շողեր կը թափին,
Մինչ սյուքը մեղմվի իր շունչովը թաց
Գգվե մազերըս ու ճակատս տրտմած.
Ես ա՜լ հոգնաբեկ իզո՜ւր ընդերկար
Կը նայիմ ճամփան ու կ՛ըսեմ-չե՜ն գար...