Jump to content

Չեմ նախանձում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չեմ նախանձում
ՉԵՄ ՆԱԽԱՆՁՈՒՄ

Ո՛չ, ընկե՛ր իմ, չեմ նախանձում
Ես կույր բախտի ընտրյալին,
Որի փառքը այս աշխարհում
Մեծ տներն են ու ոսկին։
Նորա համար կյանքը չունի
Ոչ մի վսեմ նպատակ.
Նա ըստրուկ է խավար-ժանգի,
Ըստրուկ հարուստ ու անարգ։

Չեմ նախանձում ես երջանիկ
Եվ սիրավառ պատանուն.
Որին սիրո ժամեր քաղցրիկ
Փափուկ կյանք են խոստանում։
Նորա համար կույսը չքնաղ
Ե՛վ հրեշտակ է, և՛ աստված.
Կույսի սիրուն նա յուր մատաղ
Կյանքն ու սիրտն է նվիրած։

Ո՛չ, ընկե՛ր իմ, ո՛չ կույր բախտի
Ինձ պարգևած այդ փառքին,
Եվ ո՛չ սիրո եռուն կյանքի
Ախտաբորբոք վայելքին
Չեմ նախանձում… Այդ վիճակում
Չնչին է կյանքն իմ աչքին.
Ա՛յլ ըղձեր են սիրտըս հուզում,
Ես ձգտում եմ ա՛յլ փառքին։

Փառք ծանրագին ու վշտալից
Թույլ մարդկանցից անարգված,
Փառք տատասկոտ ու փշալից
Ազնիվ գործով վաստակած —
Այդ փառքին եմ, ո՛վ ընկեր իմ,
Ես նախանձում ողջ հոգով։
Եվ կուզեի մտնել շիրիմ
Անմահացած այդ փառքով…


Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս,
Թո՛ւյլ տուր թփից քեզ քաղեմ,
Եվ քեզանով սիրած կուսիս
Մատաղ կուրծքը զարդարեմ։

Մի՛ վախենար, նորա կրծքին
Չես թառամիլ, քնքուշ վարդ.
Այնտեղ մատաղ կրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ…
[1891]