Jump to content

Չըսի՞

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մութը չիջած, իրիկվընե,
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը դժգույն ծաղիկ մըն է,
Չոր շունչիս տակ չէի կրնար
Ապրեցընել―լուռ կխնդար․․․

Մութը չիջած, իրիկվընե,
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը հիվանդ կարապ մըն է,
Զոր շրթունքներս չէին կրնար
Կյանքի բերել―լուռ կխնդար․․․

Մութը չիջած, իրիկվընե,
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը մեռնող նշույլ մըն է,
Զոր իմ հոգիս ալ չէր կրնար
Բոցավառել―լուռ կխնդար․․․

Ու լուսնին տակ, կեսգիշերին,
Երբ կիջնեինք բլուրն ի վար՝
Կկշտամբեր զիս հոգևին․
«Տես հիվանդ եմ, ու չես գթար»
Կմրմնջեր ու լուռ կուլա՜ր․․․

Բայց ես իրեն չըսի՞, չըսի՞,
Իրիկվընե, մութը չիջած,
Թե ցուրտ Հովեն եթե մսի՝
Այս հոգիովս, ցավեն շիջած,
Չէի կրնար հուր տալ, չըսի՞․․․