Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չորս եղանակ
Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
— Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:
Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
— Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:
Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
— Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:
Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
— Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:
|
|