Jump to content

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 90։

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ


Հեղինակի կողմից

   1973 թվական, սեպտեմբերի 13։
   Վաղ առավոտվանից մարդիկ զինված կանգնել ու սպասում են։
Նրանք նախագահական <<Լա Մոնեդա>> պալատի պաշտպաններն են։
   Նրանց հետ է նաև ժողովրդական նախագահը՝ Սալվադոր Ալիենդեն՝
նույնպես ավտոմատով։ Ֆաշիստական նողկալի գրոհին
հաշված վայրկյաններ են մնացել...


ՍԿԻԶԲ

Տագնապի իմ ցավը խորն է ու անամոք։
Ափերից ելել եմ, վարար եմ, հորդում եմ։
Ափերից ելել եմ, ինքս ինձ ուտում եմ։

Եվ էլ ո՞նց ես ցավս, մորմոքս ամոքեմ։
Եվ էլ ո՞ւմ հասցնեմ բռունցքված բողոքս։
Եվ ո՞վ է մոտիկս։
Եվ ո՞վ է ոսոխս։

...Սեպտեմբե՛ր, այս ինչքա՜ն անխիղճ ես ու դաժան։
Սեպտեմբե՛ր, ես ինչպե՞ս մոռանամ իմ ցավը։
(Այս ինչքա՜ն անամոթ, անխիղճ է աշխարհը)...

Մեր բաժին Աստվածն էլ քարացել՝ արձա՞ ն է...
Մեր բաժին Աստվածն էլ աստված չէ, վարձկա՛ն է։


ԹԱԽԻԾ

                                Ես սիրում եմ աշխարհը լույս...
                                Ես սիրում եմ փոքրիկ ու ցուրտ
                                Երկիրը իմ...
                                                                Պաբլո ՆԵՐՈՒԴԱ

Ապրում է իմ մեջ անունդ վառման՝
Կարո՞ղ եմ, արդյոք, մոռանալ ես քեզ,
Ես՝ որդին քո մեծ՝ Պաբլո Ներուդան,
Կանգնած եմ ահա հասակով իմ վես։

Ու կարոտներով, հավատով իմ լույս
Աշխարհներին եմ անունդ տանում,
Քեզ ո՞նց մոռանամ, Չի՛լի, սրբահույզ
Երկիր այրերի՝ քաջ ու աննկուն։

Քո տագնապները իմ հոգու մեջ են,
Ապրում են ինձ հետ իմ ամեն քայլում,
Դրանի՞ց է, որ տարերքի մեջ եմ,
Հուզմունքից դեմքս ինչպե՜ս է վառվում...

Քո մեծ սիրով եմ ես աշխարհ եկել,
Ապրել իմ կյանքը՝ քո սիրով միայն,
Չի՛լի, քո տրտունջ-տանջանքն եմ կրել,
Քո տառապանքը՝ աշխարհե-աշխարհ։

Եվ թեկուզ փոքր ես եղել, <<ցուրտ երկիր>>՝
Քո գիրկն եմ դարձել ես ամեն անգամ,
Սեր-հույսդ ինձ միշտ հուշել է՝ երգի՛ր,
Ու երգել եմ ես հավատով պայծառ։

Երգել եմ սերս, հավատս անսպառ
Ու քո քարերի մասին եմ երգել.
<<Կծնվեի բյուր անգամ, քեզ համար
Կմարտնչեի, թե հնար լիներ>>...

Ես ո՞նց կարող եմ, ես ո՞նց մոռանամ,
Երբ արյունը քո բռունցքված է դեռ,
Երբ որդիներդ քաջ ու անվարան
Բյուր անգամ կուզեն քեզ համար մեռնել։
Իմ հուշերի մեջ ապրում են նրանք,
Քո բյուր զոհերը՝ հերոս, քաջարի,
Որ մինչև վերջին կաթիլը արյան
Չեն զիջել երբեք դիրքը պայքարի։

Ընկել են թեկուզ, բայց չեն կորսվել,
Կանգուն են եղել ընդդեմ հողմերի,
Հավատով, սիրով լուռ մարտիրոսվել
Ու ապրում են դեռ փառքով... քաջերի։

Իմ մեջ ապրում է թախիծդ անհույս,
Թախիծդ՝ անծայր, թախիծդ անհուն...
...Ըմբոստ շարքերով քո որդեկորույս
Մայրերի երթն է ձգվում աննկուն։

Դեռ ողբն է հնչում քո հեգ որբերի,
Եվ շշունջները՝ լուռ, լալահառաչ,
Հոգնած քայլերը քո որդիների՝
Զրկված մայր հողից, զարկված, բզկտված։

Սակայն ապրում են նրանք ու դեռ կան՝
Աննկուն կամքով որդիները քո,
Մի գեղեցիկ օր նրանք դեռ կգան՝
Փրկելու և՛ տուն, և՛ երկիր, և՛ հող։

Ոտքի կելնի դեռ ժողովուրդը քո
Ընդդեմ խունտայի՝ նենգ ու դրուժան,
Ու նրան նորից կհաղթեմ երգով
Ես՝ ավագ որդիդ՝ Պաբլո Ներուդան։


ԱՐՅՈՒՆ

                                Ես չեմ ուզում, որ արյունը
                                Նորից ծծվի մեր երգերի
                                Եվ հացի մեջ...
                                                                Պաբլո ՆԵՐՈՒԴԱ

Ես չուզեցի, սակայն այնպես
Եղավ, որ ի՛մ արյունը հենց
Ծծվեց իմ լույս, իմ հուզառատ
Երգերի և ի՛մ հացի մեջ։

Ես չուզեցի... Արյո՛ւն տեղաց,
Հողս վառվեց հրդեհներում,
Խունտան իր կեռ ճանկը խրեց,
Որ ծծի իմ արյունը հուր...

Ու բանտվեցին ազատության
Մարտիկները։ Գլխատեցին
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը անգամ։
Բանտվեց հողս՝ երկիրս ջինջ...

<<Ես ծնվել եմ, որ միշտ երգեմ>>՝
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ սակայն չկար...
Շղթաների զնգոց էր լոկ՝
Արգելված էր երգս կարդալ։

Ջնջել էին անունս հուր,
Ասելով, որ իբր էլ... չկամ։
Բայց ես կայի, ապրում էի
Ժողովրդիս ցավ ու հոգսում...

Հալածանքնե՜ր, հերյուրանքնե՜ր՝
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ,
Որ մայր հողս անտեր թողած
Լուռ հեռանամ օտար ափեր,
Ուրիշ քամու ընկեր դառնամ
Ու մոռանամ իմ մայրենին,
Հող-հայրենին իմ մոռանամ...
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ...

Բայց ես կայի՛, ապրում էի՝
Ժողովրդիս երազներում։

Թափառեցի ես ամենուր,
Ուր էլ եղա՝ ինձ տանջում էր
Ժողովրդիս ցավը խորունկ,
Ուր էլ եղա՝ ժողովրդիս հետ էի միշտ,
Ժողովրդիս ցավ ու հոգսից,
Հուզումներից միշտ անպակաս։
Ուր էլ եղա՝ մի մեծ հավատ
Ունեի լոկ. մի օր պիտի
Ա՛յգը բացվի երկրիս վրա՝
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ա՛յգը բարի...

Ես չուզեցի՛...
Բայց արյունը մինչև հիմա
Դեռ ծծվում է իմ երգերի
Եվ... հացի մեջ։ Ու ես... եկա։
Եկա՝ տանս հող դառնալու...

<<Ես ծնվել եմ,
Որ միշտ երգեմ>>։
(Երգի՛ր, Պաբլո,
Երգի՛ր, անգի՜ն)...


ՀԱՎԱՏ

   Ես հավատում եմ քեզ, Չիլի, հավատում եմ քո ապագային։
Կլինեն մարդիկ, ովքեր կվերապրեն այս դառն ու մռայլ
ժամանակները, և կգա այն օրը, երբ մարդն ազատ կապրի
ու կկառուցի նոր, լուսավոր կյանք...
                                                                Սալվադոր ԱԼԻԵՆԴԵ

Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Ապրում են հար ժողովրդի
Երազներում, հուշերի մեջ,
Կարոտներում,
Հույզերի մեջ...

Դու՝ զավակդ բազմաչարչար
Ու տառապած ժողովրդիդ,
Քո մեծազնիվ ձգտումներով,
Նվիրական ու մեծ սիրով
Արյունդ հուր՝ կաթիլ-կաթիլ
Տվիր առանց վարանելու՝
Հողի՛դ,
Երկրի՛դ,
Ժողովրդի՛դ։
Տվիր՝ առանց վարանելու,
Միայն ապրեր ժողովուրդդ,
Ծաղկեր հողդ,
Հայրենիքդ։

Այդպես չեղավ կյանքում սակայն։

Հողդ վառվեց հրդեհներում,
Մոխիր դարձավ բախտը դաժան
Քո տարաբախտ ժողովրդի։
Հետո արդեն դու... չկայիր։
Քեզ հետ քանի՜-քանի քաջեր
Հայրենիքի, հողի համար,
Ժողովրդի համար ընկան։
Ընկան՝ առանց վարանելու...
Ընկան, որ միշտ ծաղկուն լինի
Հող-հայրենին և ազատվի
Ժողովուրդը տառապանքից...

Նրանք ընկան...

Քեզ հետ էին ահեղ մարտում
Անհավասար, ու քեզ հետ էլ
Քաջի մահով մարտում ընկան,
Անմահացան՝ քաջի մահով...

Ընկան, որ վիշտ, ցավ չլինի
Չիլիացու ժպիտներում,
Վերք չլինի։

Այդպես չեղավ կյանքում սակայն...
Խունտան վայրի, նենգ ու դաժան
Մեր երկիրը ավերակեց,
Ազատության զինվորներին
Բանտեց, մորթեց...
Քանի՜-քանի
Ազնիվ սրտով,
Մաքուր սրտով չիլիացի
<<Անհետ կորան>>։
(Կորա՞ն, իրոք, թե՞ կորցրին)։

Բայց նրանք կան ու ապրում են,
Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Երբե՛ք, երբե՛ք...
Ապրում են հար
Ժողովրդի երազներում,
Ինչպես դու ես ապրում ու կաս,
Դու՝ զավակդ՝ բազմաչարչար
Ու տառապյալ ժողովրդիդ...


ԲՌՈՒՆՑՔ

   Ես սիրում եմ ազատությունը, բայց բանտից չեմ վախենում,
սիրում եմ կյանքը, բայց չեմ վախենում մահից...
                                                                Լուիս ԿՈՐՎԱԼԱՆ

Նահատակվա՛ծ իմ եղբայրներ,
Մեր գործն արդար, վեհ ու բարի՝
Չի՛ մնալու երբեք կիսատ։
Դեռ պայքարը չի վերջացել։
Ցած չեն դրվել դեռ զենքերը
Ու քանի դեռ ապրում ենք մենք՝
Մեր ձեռքերը
Պետք է փրկե՛ն մեր ապագան։
Ու կփրկեն միայն զենքով
Սուրբ հավատի՛, ճշմարտությա՛ն։
Մեր ապագան պետք է փրկենք
Մենք բռունցքված մեր հավատո՛վ։
Արյունակի՛ց իմ եղբայրներ,
Անհավասար, ահեղ մարտում
Ե՛վ զոհվեցինք, և՛ բանտվեցիք։
Մեզ տանջեցի՛ն, բզկտեցի՛ն,
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը սակայն
Մեզնից վանել, մեր մարմնից
Կտրել-զատել չհաջողվեց,
Մեր սրբազան հույս-հավատից
Զտել-հանել չհաջողվեց,
Մեզ հետ բանտամենախցի
Մի անկյունում ապրում էր այդ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը ազնիվ,
Մաքրապայծառ, պայծառամեծ։

...Հիշում եմ ես՝
Քանի՜ անգամ ստիպեցին,
Որ բաժանվես ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատամեծ ու լույս բառից։
Քեզ կբանտե՛ք...
(Վախեցրին)։
Քանի՜ անգամ դահիճներին
Նենգ ու դաժան դու ասացիր.
- Սիրո՛ւմ եմ ես ազատություն,
Բանտից սակայն չե՛մ վախենում,
Չե՛մ վախեցել կյանքում երբեք...
- Քեզ կմորթենք...
- Կյա՛նքն եմ սիրում
Մեծ ու անհուն,- ասացիր դու,-
Մահից սակայն չեմ վախենում...

Քանի՜ անգամ քեզ բանտեցին,
Տանջեցին ու բզկտեցին,
Աննկուն էր ոգիդ սակայն՝
Տառապեցիր բանտախցում,
Բայց ապրեցիր ու հաղթեցիր՝
Բանտախցիդ դուռը բացվեց...
Մի ցավ էր լոկ հոգիդ մաշում՝
Դու փրկվեցիր, ժողովո՛ւրդդ
Սակայն մնաց բանտախցում։
Բանտախցում մնաց հո՛ղդ,
Հայրենի՛քդ, հա՛ցդ, ջո՛ւրդ։

...Պետք էր փրկել ու տուն բերել
Ե՛վ ժողովուրդ, և՛ հայրենիք։


ՆԱԽԱՎԱՐՏ

...Ինչքա՞ն է տևում կյանքը մարդկային,
Ինչո՞ւ են, արդյոք, մարդիկ մահանում,
Ես մեծ տագնապով, զայրույթով նաև
Մահվան ճամփեքին թակարդ եմ լարում։

Թող դարան մտած ինչ-որ քարայրից
Մահը դուրս ելնի դավին անտեղյակ,
Ու իմ թակարդի հպումի ցավից
Նա հանկարծակի ընկնի փակի տակ։

Եվ մահկանացու մարդիկ աշխարհի
Մոռանա՛ն նրան, մոռանա՛ն նրան,
Մարդկային կյանքում շրջադարձ լինի,
Էլ մահվան նշած ճամփով չընթանան։

Սակայն երբ նորից ամպերը գուժկան
Խաղաղ երկնքի կապույտն են ծածկում,
Ու երբ ինչ-որ տեղ մարդը դրուժան
Իր նման մարդու ճամփան է փակում,

Երբ արյան ծովում խեղդվում են մարդիկ
Ու չկա մի ձեռք՝ օգնության համար,
Երբ <<վերջը միայն բարին կատարի>>
Հույսով են ապրում, հավատով անմար,

Ես ինչպե՜ս ապրեմ հանգիստ, անտարբեր
Ու չարձագանքեմ աղմուկին դարի,
Ինչպե՞ս չտեսնեմ տառապանքն անել
Ու մեղսոտ խիղճը <<անմեղ>> աշխարհի։

Ինչպե՞ս չկանչեմ քնած աշխարհին,
Որ այս թմբիրից մի կերպ... արթնանա,
Որ պայթյուններից դավադիր ռումբի
Մշտնջենապես քնած չմնա։

Մարդն ապրի կյանքում միշտ հաշտ ու խաղաղ,
Վիետնամ, Լիբանան՝ էլ չկրկնվի,
Եվ Արցախական հայոց աշխարհից
Բռնակալության բռունցքը չքվի։

Չշշմի մարդը՝ հոտից վառոդի
Ու կերտի նորից իր համար նոր կյանք,
Ելնեն շենքերը Ստեփանակերտի,
Հրաշքը կերտվի հողում ավերակ։

Եվ ինչ էլ լինի՝ մարդը մարդ մնա,
Իր նման մարդու ձեռքով չգնա...


ԱՎԱՐՏ

Ամերիկյան մայր-ցամաքի
Կողը խրված սրի նմանվող
Քո քարտեզի առաջ կանգնել
Ու գլխահակ ինչ որ բան եմ
Ես մտմտում
Ազատության մասին նորից,
Խաղաղության,
Երջանիկ ու անհոգ կյանքի,
Քո՛ երազի մասին,
Չի՛լի...

Իմ դիմաց քո հայրենասեր
Կանանց երթն է ձգվում նորից,
Երթն է ձգվում մեր մայրերի,
Մեր քույրերի...
Խաղաղության,
Արդարության ե՛րթն է ձգվում։

Ե՜րթն է ձգվում տառապյալի՝
<<ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԼՈՒԻՍ ԿՈՐՎԱԼԱՆԻՆ>>...

Ե՜րթն է ձգվում՝
<<ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ>>...

Ե՜րթն է ձգվում՝
<<ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԻՆ>>...

Ե՜րթն է ձգվում՝
<<ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ..........................................................>>...

...Ապրի՜ր, Չի՛լի։

Դեռ ուտում է քո մարմինը
Խլուրդը նեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։
Պոկի՛ր գլխիդ կախված մահվան
Դաշույնը կեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։

Դեռ ապրում է քո երազը,
Քո հավատը՝ հեռու մի տեղ,
Ապրի՜ր, Չի՛լի...

...Ամբողջովին բողոք դարձած,
Դարձած բռունցք մեծահզոր,
Հույս-հավատի ահազանգով
Ելել ես մեծ մի պայքարի՝
Ժողովրդո՛վ, հողո՛վ քո հին,
Չի՛լի,
Երկիր՝ հայրենասեր քաջ այրերի...

Պիտի կերտես երազը քո,
Ու կիսավեր հողի վրա
Երկնես պիտի Չի՛լի մի նոր,
Նորացնես մի հի՜ն երկիր...

...Ապրի՜ր, Չի՛լի։


Հեղինակի կողմից

   1973-ի սեպտեմբերի 28-ին Պաբլո Ներուդան այլևս չկար։
Խունտան չհանդուրժեց մեծ բանաստեղծի գոյությունը։ Ժողովրդի
համար սակայն՝ մեծ կորուստ էր դա։
   Հրազենների փողերի տակ, սվինների ցցաշարերի միջով քայլում էին
չիլիացիները՝ նրանք վերջին ճանապարհ էին ուղեկցում սիրված բանաստեղծին։
   Ներուդայի հուղարկավորությունը վերածվեց հուզիչ ցույցի՝ չիլիական հայրենասերների արիության, նրանց կամքի՝ դիմադրության, պայքարի ու հաղթանակի...

15-19.07.82, 15-20.08.82, Մարտակերտ
23.10-27.11.89, Ստեփանակերտ