Պախրախոտ
Պախրախոտ
(Լեգենդ)
Հին ժամանակ,
Թե սուտ, թե՝ ղորթ,—
Ապրում էր մի հայտնի որսորդ,
Ինքը ուժեղ,
Գնդակն անշեղ...
Շներ
Ուներ
Բարակ-բարակ,
Առկուլ,
Հասկուլ
Պեծ-պեծ կրակ։
Մի օր առավ
Հրացան, գնդակ,
Անտառ մտավ
Շատ համարձակ։
Շներն ընկան թփուտ-բացատ,
Ու շրջեցին իրարից զատ,
Որ որս գտնեն՝
Տեղից հանեն,
Քշեն՝ տիրոջ
Առաջն անեն։
Իսկ որսորդը դարան մտած,
Ուշի-ուշով աչքը չռած,
Սպասում էր, երբ որսը գա՝
Իր մահացու գնդակով տա։
Մեկ էլ հանկարծ լսեց մի ձայն,—
Նա ճանաչեց, որ շունն է այն,—
Վազեց առաջ, որ իմանա՝
Ինչո՞ւ էնպես հաչում է նա...
Հեռվից դիտեց
Ու նկատեց,
Որ Առկուլը խիստ կատաղած,
Մի պախրակով առաջն առած,
Հա թռչում է,
Հա հաչում է,
Պախրակովն էլ՝ մռնչում է....
Ու զարմացավ, թե՝ ախր են
Արագավազ վայրի պախրեն,
Ի՞նչ է կանգնել ու բառաչում,
Ախր ինչո՞ւ նա չի փախչում...
Հասկուլ շունը եկավ-հասավ,
Հենց որ պախրին կանգնած տեսավ
Վրա ընկավ, ուզեց բռնել,
Բայց թե շանը՝ պախրեն մին էլ,
Որ չտվեց պոզով հարու,
Շանը առավ՝ գցեց հեռու,
Հասկուլն ընկավ սարից ներքև,
Փշրեց գլուխ, թիկունք ու թև։
Որսորդն իսկույն նշան բռնեց,
Հրացանից նա արձակեց,
Խփեց-փշրեց պախրի պոզը,
Պախրեն ասա թեքե՞ց վիզը...
Երկրորդ անգամ նա արձակեց,
Տվեց պախրի կուրծքը ծակեց,
Ընկավ պախրեն մռնչալով,
Սրտի խորքից հառաչելով.—
Տեղն ու տեղը մնաց ընկած՝
Աչքերն անլուս վերև տնկած...
Որսորդն ուրախ վազեց-գնաց,
Տեսավ պախրին՝ ապշած մնաց.—
Պախրան ընկած արյան միջին
Փչում էր իր շունչը վերջին։
Մի նորածին
Հորթուկ ծծին՝
Կաթն էր ուտում
Ու հոտոտում...
Կաթն էր ուտում արնաշաղախ,
Կուրծքը ծծում արնաթաթախ։
Որսորդն ասավ.—
Ա՜խ-վա՜խ, ա՜խ-վա՜խ, ես ինչ տեսա,
Այ թե ինչու չէր փախչում սա...
Մայր է եղել ծծկեր հորթի,
Պատահել է շուն ու մարդի...
Ասավ-չասավ էս որսորդը,
Վազեց բռնի պախրի հորթը...
Հորթը փախավ ծառի տակից
Ու ազատվեց նրա ձեռքից։
Բայց որսորդը վազքի թափից
Ներքև ընկավ լեռ քարափից.
Սա էլ գնաց իր շան մոտը,
Ջարդեց, փշրեց ձեռն ու ոտը։
Առկուլ շունը մենակ մնաց,
Անտառն ընկավ, կորավ, գնաց։
Հորթը մնաց անծիծ, անկաթ.
Զար որսորդից ո՞ւմ տար գանգատ,
Բա ի՞նչ աներ,
Ինչո՞վ ապրեր,
Մնացել էր
Անհեր, անմեր...
Ու ոտի տակ տված անտառ
Բառաչում էր լեղապատառ,
Բառաչում էր,
Հառաչում էր,
Երեխի պես լալիս-լալիս,
Մոր գլխովը պտույտ գալիս...
էս հորթուկին,
Խեղճ որբուկին
Որդեգրեց վայրի մերին
Ու մայր դառավ էս անմերին.
Կաթի տեղակ խոտ բուսցրեց,
Պախրահորթին ուտեցրեց.
Խոտը մետաքս, խոտը քնքուշ,
Պախրահորթը կերավ մուշ-մուշ,
էնքան կերավ անուշ խոտը,
Որ մեծացավ պախրահորթը...
էն օրվանից անտառներում
Բուսնում է մի կանաչ խոտ,
Պախրաները շատ են սիրում,
Նա կոչվում է Պախրախոտ։