Jump to content

Պաղատանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՊԱՂԱՏԱՆՔ


Հնարավոր չէ, որ ես այդպես էլ
քեզ ոչինչ չասեմ,
բայց դրա համար,
պաղատում եմ քեզ,
դու ինձ չներես։
Անհասկանալի
ու փակ հայացք եմ։
Քար եմ ես։ Սեւ քար,
ջրի ծփանքը ինձ վրա, դա քո
տխրությունն է հենց՝
ինձնից չլսված խոսքերի համար։
Բացիր ինձ,
ինչպես ծաղկի կոկոնն են բացում
գիշերում
հասարակ
ու խակ
հովերը գարնան,
վերջապես
ինչպես
մեն ու մենավոր այն շողը, որը
առաջինը այդ ծաղկին է բաժին
ընկնում
լուսայգին։
Անհասկանալի,
մենակ հայացք եմ։
Բացիր ինձ։
Երբ դու իմ կրծքի վրա խաղում ես,
ես դառնում եմ հող
ծլող,
ես զգում եմ, որ հողի զավակ է
իմ պապը եղել։
Թե որ ապրելիս լիներ իմ պապը,
ճաքճքան ձեռքով,
ամենասիրուն խնձորն իր այգու
        կմեկներ նա քեզ,
եւ, դա ուրիշ բան կլիներ, անշուշտ։
Կհամբուրեի ձեռքի ճաքերը։
Խնձորենին դեռ ապրում է ու կա։
Նրա ճյուղերում լազուր երկինքը
կծկվել է եւ
պահվում է, ահա, որպես մի աղջիկ,
որպես դու,
որին
կարող եմ ես շատ սիրելուց
խեղդել՝ գգվանքներիս մեջ,
թե հանկարծ մի քիչ անզգույշ եղա։
Ես բաց հայացք եմ, բայց էլի... բացիր,
իմ շուրջը՝ ցրված ծաղիկներ այնքան,
ես քո աչքերը... այդ ծաղիկներից
ինչպես հավաքեմ,
ստիպված կլինեմ փնջելու դաշտի
ողջ ծաղիկները։
(Այս հարցում միշտ էլ անկուշտ եմ եղել
ու եղել եմ խենթ։ Մինչեւ հիմա էլ
ականջիս մեջ է մայրիկիս անուշ
հանդիմանանքը.
- Զավակս, ախր, խենթ Սաքի պապիդ
դու չես էլ տեսել,
բայց ո՞նց է նրա ծռությունները
քո մեջ երես են հանվում մեկ առ մեկ)։
Ես փա՞կ եմ հիմա,
որքանո՞վ եմ փակ։
Եվ չեմ հասկանում,
ինչու չեմ ելնում, չեմ ելնում տեղից
ու քեզ չեմ բացում,
ինչպես կբացեն ջրերի ճամփան,
ինչպես կբացեն
սիրտը լի-լցված,
ինչպես կբացեն ցողոտ կոկոնը,
ինչպես կբացեն փականը, գուցե,
կամ՝
փակաղակը։
Դու ինձ չներես...