Պատասխանատուները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատասխանատուները

Ստեփանոս Սապահ-Գյուլյան

Նախաբան[խմբագրել]

Այս աշխատությունը գրվել է 1915թ-ի օգոստոսի 1-ին: Սկզբում այս գրքի մի մասը հրատարակված է եղել «Պալքանյան մամուլ», մյուս մասը՝ «Ինքնավար Հայաստան» պարբերականների մեջ: Աշխատության թեզը. Պատմական բոլոր շրջանները կղզիացած ժամանակամիջոցներ չեն, այլ միմյանց հետ սերտորեն կապված են: Պատմությունը մի ամբողջություն է: Պատմական ոչ մի հոսանք չի կարող չունենալ իր ակունքները և հետքերը: Ամեն անհատ, ընկերակցության անդամ, հավաքական մարմին, հաստատություն, նույնիսկ ազգ պարտականություններ ունի կատարելիք ժամանակի այն բոլոր շրջաններում, ուր ինքն ապրում է: Կյանքի գաղտնիքը հնի և նորի փոփոխության մեջ է: Կյանքի առաջխաղացումը կատարվում է հնագույն, ավելի մաշված ձևերի քայքայվելով և նորերի, թարմերի ստեղծագործվելով: Նորը այս ճանապարհով է գալիս: Երբ մի շրջանի մեջ գործող որևէ անհատ, հավաքական մարմին պարտականություն չի կատարում, նոր ձևերին չի հարմարվում, հետագա մյուս շրջանների մեջ պարտազանցության տունգանքին է ենթարկվում, կորցնում կենսունակությունը: Թեզի եզրակացությունը. Քանի որ ազգային, համազգային բնույթ ունեցող խնդիրների առջև բոլորն էլ ունեն պատասխանատվություն և պարտականություն, ապա ո՞վ կամ ովքե՞ր են, որ թերացել են և ընդհանուր գործին պետք եղած լրջությունն ու օգնությունը չեն տվել: Այս աշխատությունն ինքն իրեն նպատակ է տվել խթան հանդիսանալ այն բանին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր պարտականությունը կատարի դեպի այսօրը, դեպի վաղը, դեպի Ապագան:

Գլուխ Ա - Պատմական ուժերի անճանաչողություն[խմբագրել]

Պատերազմական և խաղաղ ժամանակի փոխհարաբերությունները. Պատերազմական և խաղաղ դրությունները իրարից կղզիացած ժամանակամիջոցներ չեն, այլ ունեն ներքին սերտ կապ և մեկ ամբողջություն են կազմում: Պատերազմական ժամանակի պատճառները զարգանում և աճում են խաղաղության ժամանակ: Պատերազմական ժամանակի պատասխանատուները՝ լավ-վատ, հաջող-անհաջող, փնտրվում են խաղաղության օրերի մեջ. արմատը այնտեղից է դուրս գալիս: Քննադատության անհրաժեշտությունը. Միշտ մի ազգի, ժողովրդի, դասակարգի թերություններն ու անկատարություններն պիտի հրապարակայնացնել, խարազանել, որպեսզի առաջ բերենք պարտականությունն ի կատար ածելու գիտակցության անհրաժեշտությունը: Այօրվա տրամադրությունը. Այսօր մի մարդ չկա, չեզոք թե կուսակցական, հեղափոխական թե հակահեղափոխական, որ չդատապարտի «Իտտիհատ»-ին: Բոլոր աղետներն իրականացնողը միայն նա է՝ մեր արնախում թշնամին: Սուլթան Համիդը կոտորեց, Չինգիզ խանը, Ալփասլանը, Լենկ Թեմուրը արյան հեղեղներ սարքեցին, բայց որդուն հորից, աղջկան` մորից, կնոջն` ամուսնուց չզատեցին: Ու այս ամենը ոճրագործը չի թաքցնում, հայտնում է` ի լուր աշխարհի: Երեկվա հոգեբանությունը. Իտտիհատականները իրենց գաղափարներով սնուցել են բոլորին, նրանք նախապես ունեցել են նախագիծ` ոչնչացնել և ոչնչացնել: Նրանց քաղաքականության մեջ բացարձակ ոչինչ չի փոխվել: Հնչակյան կուսակցության ազդարարությունը. Հնչակյան կուսակցության անկեղծ, անկաշառ, անվեհեր ձայնը, բոցավառ խոսքը ոչ ոք չլսեց: Որտեղ կար նրա մամուլը կամ կային նրա մեծ ու փոքր գործիչները, այնտեղ կար Հայկական Դատի համար բաբախող սիրտ: Հնչակյանը, որպես կուսակցություն, իր վրա ընկած պարտականությունը լիովին կատարեց: Հնչակները ցույց տվեցին, որ «Իտտիհատներն» են մեր իսկական թշնամիները, որ պետք է ջարդել, հարվածել` առանց վարանելու: Բայց ամեն ինչ հակառակն եղավ: Ոչ ոք չարձագանքեց կուսակցության կոչերին: Հնչեցին հակառակ կարծիքներ. «Տվե՛ք Ձեր քվեն «Իտտիհատներին»: Ուժեղացրե՛ք նրան»: Հայ էֆենդիները և պաշտոնատարները. «Իտտիհատականները» կարողացել էին իրենց կողմը գրավել հայ էֆենդիների մեծ մասին: Նույնիսկ մեր էֆենդիներից մեկն ասել էր. «Մեր մեջ հայ կուսակցություններն այլևս ավելորդ են, քանի որ «Իտտիհատը» սահմանադրություն բերեց, մենք բոլորս և ամբողջ հայ ազգը պետք է հավաքվենք նրա շուրջը, միայն նրան ուժ տանք, ինչ որ պետք է, նա կանի մեզ համար`ավելի լավ, քան հայ կուսակցությունները»: Հուսախա՛բ, պատնեշի վրա Պետական պաշտոնյաները անշուշտ իրենց գլխներին են տալիս, քանի որ Իտտիհատների հալածանքներից նրանց էլ բաժին հասավ: Բայց նրանք չեն ցանկանում իրենց բաժին պատասխանատվությունը վերցնել: Ընդհակառակը` Իտտիհատն ասում էր, որ իրենք այն են, ինչ որ երեկ էին՝ նույն հարվածողը և նույն հարվածողը: Հայ վաճառականները. Կործանվելու, տնտեսապես թուլանալու թակարդից փորձեցինք փրկել առևտրականներին, բերել ընդդիմադիր դիրք, սակայն չլսեցին և մտան «Իտտիհատի» հոծ բազմության մեջ: Իտիիհատականները կարողացան երկրի ամենահեռավոր անկյուններում տարածել իրենց թույնը և վարակել գրեթե բոլոր վաճառականներին: «Իտտիհատը» ոչ միայն իր կուսակցական կազմակերպության, այլև իր բացած մասնավոր դպրոցների բարգավաճման համար պարտական է հայ վաճառականների առատաձեռնությանը: Մտավորական թափթփուկներ. Ցավոք, ոչ միայն Կ. Պոլսի, այլև գավառների շատ մասերում եղան մտավորականներ, ուսուցիչներ, նույնիսկ քահանաներ, ովքեր պատրաստ կանգնած էին Իտտիհատների կողքին: Թուրքական դպրոցներում պաշտոն վարող հայ ուսուցիչները մոլի իտտիհատապաշտներ էին: Հայ ազգային հեղափոխական ժողովի անդամները. Էլ ավելի հասկանալի էր այն արարքը, որ «Ազգային ժողովը» հաճախ դռնփակ նիստեր էր գումարում ու գաղտնի խորհրդակցություններ անցկացնում հրատապ խնդիրների վերաբերյալ, քանի որ նրանք վճռական ձայն չունեին Իտտիհատների շրջանում: Հնչակյաննները մեն-մենակ մնացին թշնամու առաջ. Մինչ Հնչակյանը պայքարում էր «Իտտիհատների» դեմ, հայ էֆենդին, վաճառականը, թափթփուկ մտավորականը, եկեղեցական անարժան պաշտոնյան ճառում էին Իտտիհատների օգտին: Չլսելով Հնչակյան կուսակցությանը՝ իրենք իրենց ձեռքով քանդեցին իրենց տունը: Խաբվո՛ղ, դի՛րք բռնիր. Մեծ հարվածը դեռ գալու է, և պետք է էֆենդին ,վաճառականը, մտավորականը իրենց թույնը խառնեն մեր թույնին, իրենց ուժը ձուլեն մեր ուժին, որպեսզի կարողանանք հավիտենական թաղենք «Իտտիհատների» գլուխը: Տղամարդը, ազնվասիրտը, մեծահոգին, բոլորը պետք է մեզ` հայ ժողովրդիս հետ լինեն: Պատասխանատվության մի մասը ճշտվում է. Իսկական պատասխանատվությունը, ճշմարիտ պատասխանատուները հասարակական այն հոսանքների ու ազդակների մեջ պիտի փնտրել, որոնք գործել, շարժվել և խոսել են խաղաղության ժամանակ:

Գլուխ Բ - Ինքնապաշտպանության միջոցների անբավականությունը[խմբագրել]

Կանխապատրաստության բացակայությունը Ինչպես Հեգելն է ասել. «Հավատալ, որ պետությունների միջև բարոյական հարաբերություններ կարող են գոյություն ունենալ, թե պատերազմը չարիք է, դա մի անմիտ պատրանք է»: Ըստ էության՝ մենք փիլիսոփայի հետ համակարծիք չէինք լինի, բայց աչքի առաջ ունենալով մեզ շրջապատող պայմանները, իրականությունը` տեսնում ենք ճշմարտություն: Մենք չէինք հավատում, որ Թուրքիան կարող էր բարեկարգվել, գոյություն ունենալ: Տեսնում էինք, որ հայ ազգի և թուրքերի միջև գոյություն ունի մի կռիվ, պատերազմ: 1980թ. Թուրքիան ոտքի ելավ, և պետք էր, որ հայերը զինվեին, պատրաստվեին, ուժ հավաքեին: Նրանց մեջ եղան այնպիսիք, ովքեր հենց այդպես էլ արեցին. այդ նրանք էին, որ ընդդիմություն էին կազմում երկրի տարբեր կողմերում: Եվ եթե մեռնում էին, մեռնում էին պատվավոր մահով: Եղան նաև այնպիսիները, որոնք թուլամորթ էին և չէին պայքարում թշնամու դեմ: Վախի, երկյուղի ազդեցությունը Անցյալում կրած հալածանքներից ժողովուրդը վախի մեջ էր, ուներ երկյուղի զգացում: Երբ հայերը գոռում էին` զե՛նք, պատրաստությու՛ն, այլ վայրերից արձագանքում էին, թե իզուր են նրանք բղավում, քանի որ արդեն անցել են տխուր օրերը և հիմա եկել է խաղաղ ժամանակը: Այսօր թշնամու դեմ կանգնած է նա, ով պարտաճանաչ է, մեծ է, բարձր է և հանդիսանում է հայերի մխիթարության վահանը: Նա կռվում է, մեռնում է և ապրեցնում հայությունը:

Ինքնապաշտպանության` հակառակորդի թեզը Կ.Պոլսի շքեղազարդ դահլիճում հավաքվել էին հեղափոխականներ, էֆենդիներ և այլք: Խոսակցությունը լուրջ կերպարանք էր ստանում: Յուրաքանչյուրը աշխատում էր ունենալ վերջնական խոսք: Սկզբում մեղադրում էին հայ հեղափոխականին` ասելով, որ նա է խառնողը, պատճառ տվողը: Եթե նա այդպես չաներ, հայ գյուղացին հանդարտ կմնար և կխոնարհվեր զորավարի առջև: Սապահ-Գյուլյանը, որ նույնպես խորհրդակցության դահլիճում էր, դիմեց Էֆենդիին. - Էֆենդի՛, եթե մեկը մտներ այս դահլիճ և անպատվեր քո կնոջը, ի՞նչ կանեիր դու` որպես ամուսին: Էֆենդին ասաց. - Ես քեզ ուղիղ կասեմ. ձայն չեմ հանի, եթե այդպիսով իմ զավակների և կնոջ կյանքը կազատեմ: Ներկա եղող էֆենդիները բարկության արտահայտություններ արեցին և նրանցից մեկն ասաց. - Էֆենդի՛, ի՞նչ ես ասում, սա ասելու բա՞ն է: Իսկ Էֆենդին պնդեց, որ ինքը ճիշտ է և եթե իր ասածը ճշմարիտ չլիներ, նա հեղափոխական կլիներ: Էֆենդիները կյանքը վայելող հարուստներ էին, նրանք չէին մտածում ազգի մասին: Նրանք զենքին, ինքնապաշտպանությանը հակառակ էին: Այնուհետև Էֆենդին ասաց. - Կոտորածի պատճառը հայերն են: Նրանք պատճառ եղան, որ կոտորածը շարունակվի: Ինքնապաշտպանությունը մեզ համար չէ, այն չարիք է:

Լրտեսության, անվստահության չարիքը 1911թ. մի բազմամարդ քաղաքի մեջ հրավիրված էին երևելիներ, աղաներ: Անընդհատ գոռում էին` զե՛նք, ինքնապաշտպանությու՛ն, կազմակերպությու՛ն, կանխապաշտպանությու՛ն, և թափում էին ոսկիները: Պետք է ընտրվեր գանձապահ, սակայն ոչ ոք ձայն չէր հանում, քանի որ մարդիկ միմյանց նկատմամբ չունեին վստահություն: Եվ հանկարծ Կ.-աղան քմծիծաղ տալով ասաց. - Մենք բոլորս էլ կասկածելի ենք: Սուլթան Համիդի օրոք մենք բոլորս էլ լրտեսներ էինք, յուրաքանչյուրը մեկի լրտեսն էր: Մեր գոյությունը այդպես էինք կարողանում պահել: Ժողովուրդը գլխի շարժումով իր համաձայնությունը տվեց այս խոսքին: Լրտեսական իրականությունը ամեն շրջանի մեջ թագավորել է և բաժանման պատճառներից մեկն է դարձել:

Օտարի ձեռքով ազատվելու տեսությունը 1903թ. Բոստոնում մի հայ գործարանատեր հարստություն էր դիզել: 1894թ. հայ փախստականները թուրքերից խուսափելու համար եկել էին Բոստոն: Այդ գործարանատերը օգնում էր փախստականներին սնունդով, հագուստով, ապահովում էր աշխատանքով: Սակայն նա բարերարի դիմակ էր հագել և խաբում էր մարդկանց: Նա ասել էր. «Այն օրը, երբ Թուրքիան կանցնի եվրոպական այս կամ այն պետության իշխանության տակ, այդ ժամանակ հայերը խաղաղ կլինեն, ազատ: Հայերիս պետք չէ ինքնապաշտպանություն, կռիվ. մեր գործը պետք է լինի հարստություն դիզելը, մեր երկիր տանելն ու վայելելը»: Առանց Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ եվրոպական երկրների օգնության հայերը ոչ մի բան չէին կարող անել, քանի որ նրանք զենք չունեին:

Հեղափոխականի անվան տակ ծածկվողները և կեղծ սոցիալիստները. «Հեղափոխական» անվան տակ հանդես եկողները ժողովրդին քարոզում էին այնպիսի բաներ, որոնք չէին համապատասխանում հեղափոխությանը: Այդ «հեղափոխականները» մարդկանց մեջ կասկած էին առաջացնում դեպի իսկական հեղափոխականները: Իսկ կեղծ սոցիալիստները նրանք էին, ովքեր անգամ չէին կարդացել սոցիալիզմի հայր Կարլ Մարքսի գրածները: Նրանք սոցիալիզմը դարձրին մի այլանդակություն, մի անմարմին վարդապետություն: Գյուղացիությանը չզինելու պարագան Հայ գյուղացիությունը աղքատ էր, թշվառ: Ծանր հարկերի տակ` նա հազիվ էր կարողանում իր օրապահիկը հայթայթել: Մշտական անապահովությունը, այլազգիներով շրջապատված լինելը նրան դրել էին հուզումնալից վիճակի մեջ: Նա չէր կարող 8-10 ոսկի տալ հրացանի համար: Մնում էր, որ հարուստները, մեծամեծները նրան օգնեին: Սակայն նրանք ոչ միայն չէին օգնում, այլև շահագործում էին գյուղացիներին՝ մեկի համար տասը վերցնելով: Ահա թե ինչու գյուղացիներին անհնար եղավ զինել:

Հայ զինվորների մեծ սխալը Թուրքական բանակի մեջ կային հայ զինվորներ: Նրանք գիտեին իրենց վիճակը, իրենց ծնողների և ընտանիքների վիճակը: Նրանք ծանոթ էին թուրքերի միտումներին: Սակայն ոչինչ չէին անում դրա դեմ: Նրանք պետք է Թուրքիան տարրալուծող տարր լինեին: Թուրք պետության մահը պետք է բոլորի առաջին առարկան լիներ: Այդպես չլինելը մեծ դժվարություն եղավ մեզ համար և մենք շատ բան կորցրինք:

Զենքի չարաշահություն Եղել են ժամանակներ, երբ տեղի է ունեցել զենքի չարաշահություն: Եղել են վայրեր, որտեղ գյուղացին, չիմանալով զենքի իսկական գինը, վճարել է տասնապատիկը` իր քրտնաջան վաստակի արդյունքի դիմաց ստանալով անպետքը, հինը: Ադանայի կոտորածի հակահարվածը տարածվում էր Կեսարիայում: Սպասվում էր հարձակում: Հայերին պաշտպանողը Մելքոն անունով մի մարդ էր: Այդ օրերին գյուղացիները` դրամները ձեռքներին, զենք էին ուզում: Սակայն զենք չկար: Զենք կար միայն մի աղայի մոտ, ով 12 ոսկով էր վաճառում: Հետո, երբ բարձրացավ զենքի պահանջարկը, նա սկսեց 16 ոսկով վաճառել: Մելքոնը գնում և մտնում է նրա տուն, վերցնում բոլոր զենքերը և գյուղացիներին վաճառում 10 ոսկով, պահանջում է վաճառականից գյուղացիներին շահագործելու արդյունքում ձեռք բերված 160 ոսկի հետ տալ: Սակայն նա անհետանում է և չի վերադարձնում ոսկիները:

Կեղծ հեղինակություններ Շատ սովորական էր տեսնել մարդկանց, ովքեր մեծ ազդեցություն ունեին, բայց երբ մի փոքր խորանում էիր, տեսնում էիր, որ ոչ մի արժանիք էլ չունեին, այդ բոլորը հիմնված էին կեղծիքի վրա: Ամասիայում կար մի բարերար՝ «Հաճի» անունով: Նա դպրոցներում ուսումը, կրթությունը, դպրոցական պիտույքները դարձրել էր անվճար: Նրան չսիրող մի գործակատար ասում էր, որ այդ բարերարը անվճար դպրոցի երեսից տարեկան մի քանի հազար ոսկի է շահում: Նա բարերարի դիմակ հագած վաստակել է 4000 ոսկի 1000-ի դեմ: Դեռ մի կողմ թողնենք այն, որ դպրոցից դուրս եկածները նրա ծառաներն ու ստրուկներն էին: Նրանք դժոխային աշխատանք էին կատարում և դրա դիմաց ստանում 1-5 ոսկի, այն էլ` երկար տարիներ հետո: Կեղծ հեղինակությունները մտնում էին հասարակական խավերի մեջ, ստեղծում անբնական դրություն, առաջացնում երևույթներ, որ իրենց էության մեջ հակառակ էին ժողովրդի շահերին:

Գլուխ Գ - Անբարոյացման և հոսալքության ազդակներ[խմբագրել]

Հայի արյունը թուրքին հալալ ա Անհատական ազգային պայքարի մեջ իդեալի գոյությունը բացարձակ է. կյանքի բոլոր փորձությունների և անհաջողությունների ժամանակ այն հուսատու խթան է, մղիչ ազդակ: Առանց որոշ սկզբունքների և նպատակների մարտնչումը կարող է երերումների և անստույգությունների ենթարկվել և անգամ ցավալի շեղումների տեղիք տալ: Մեր պայքարամարտի օրերում եղան շատ անձեր, որոնք թուրք ընկերներ ունեցան հայտնի խավերից, պատասխանատու դիրքերից: Հայ Հեղափոխական առաջադրած նպատակներին ուժ տալու փոխարեն, նրանք աջ ու ձախ թուրք ժողովրդի ամեն տեսակ հավաքույթների էին գնում և ղեկավարիչ շրջաններում հայտարարում, թե ՝ «günümüz size helal olsun», այսինքն` «մեր արյունը ձեզ հալալ լինի»: Երեսունվեց տարուց ավելի էր, որ Հայը ծոր-ծոր արյուն էր թափել, ավելի քան քսաներկու տարի էր, որ նա հեղափոխական շարժման մեջ էր մտել և տվել էր նահատակներ, երբ Հայաստանի լեռը, ձորը, դաշտը, մեծ ու փոքր գյուղերը, քաղաքները ներկվել էին հորդառատ արյունով, երբ մենք ստեղծել էինք պատմական հոյակապ դրվագներ` մեր հերոսների գործերով, երբ «հայկական կոտորածի» տխուր հերոսները մեր աչքի առաջ կանգնած, չորս կողմերս վխտում էին: Ահա այդ ժամանակ, խանութպանների գրագրությունից հրապարակախոսություն բարձրացնող լրագրողները, անարժան եկեղեցականները, ուսուցիչները, վաճառականներն իրար հետ մրցելով, ճչում, աղաղակում էին, որ այլևս ամեն բան մոռացված է` ասելով`«Թուրքե՛ր, համերկրացինե՛ր, օսմանցի եղբայրնե՛ր, «մեր թափած արյունը ձեզ հալալ է»: Անգամ թուրքերը իրենց լսածներին դժվարությամբ էին հավատում. նրանք ուղղակի զարմացած էին մնացել: Մի որոշ խավ ո՛չ իրավունք ուներ ամբողջ ազգի թափած արյան պատասխանատուներին ներել, ո՛չ նրանց եղբայրներ, հարազատներ կոչել և ո՛չ` «հալալ» անել այն, ինչ որ իրենցը չէր, ինչ որ հակաբնական էր :

Հայի ճակատագիրը թուրքի հետ կապված Քանի որ մեր թափած արյունը «հալալ» էր արվում, հայ հեղափոխությունն էլ վիժված համարում, այս դեպքում հայ ազգը այլևս առանձին գործունեություն չպիտի ունենար, նրա բախտը վերջնականապես կապված էր թուրք պետության և «թուրք տիրող ազգի» հետ: Մի ժողովրդի մասին, որ տարիներ շարունակ գետերի նման արյուն է թափել, երբ ասվում է, թե նա այլևս միասնական ուժ չունի և իր գոյության պայմաններն ընդմիշտ կապված են թուրք պետության և ազգի հետ, դա սրտաթափություն էր առաջացնում, անբարոյացուցիչ ներշնչում : «Մենք վեց հարյուր տարվա ազգ ենք. մեր պապերը մի քանի հարյուր վրաններից լայնածավալ մի պետություն ստեղծեցին»: Սրանք հայ երեսփոխանների մտքերն էին, որ թափանցում էին «օսմանյան պարլամենտի» ամբիոնից: Դատելու համար՝ պատմությունը չպիտի մոռանալ: Թուրքին վեր բարձրացնելու գաղափարը Սապահ-Գյուլյանը համարում էր, որ հայի գլխավոր և անմիջական անելիքը թուրքին բարձրացնելն է: Եթե մենք ուզում ենք երջանիկ ու ապահով ապրել, առանց ենթարկվելու թշնամիներին, պետք է ջանանք թուրքերին վեր բարձրացնել, նրանց մտավորական, կրթական, նյութական վիճակը բարելավել, Թուրքիան եվրոպական պետություն դարձնել: Այն ժամանակ ամեն ինչ կարգով, կանոնով կլինի ու առանց ընդհարումների, և թուրքերը իրենց իրավունքների տերը կդառնան: Մենք չափազանց առաջ ենք գնում, մինչ թուրքերը հետ մնում. մեր օգուտը պահանջում է կամ կանգ առնել կամ նրանց էլ մեր հետ քայլացնել : «Հայերը չափից ավելի վեր են բարձրացել, հարկավոր է նրանց վայր քաշել». ասում էին իտտիհատական պրոպագանդիստները :

Անգույն մամուլ Այդ օրերում լրագրությունը մեծ դեր ուներ: Հայ լրագրությունը, մանավանդ պարբերական մամուլը, եղավ անգույն, առանց որոշ սկզբունքներով ղեկավարվելու: Նա չէր առաջնորդում հայ ժողովրդին, հասարակական կարծիք կազմելուն, արտահայտելուն: Նա հայելի էր բյուզանդական մտայնության, վարք ու բարքի: Առողջ, վերաշինող, ստեղծագործող լրագրությունը բացակայում էր: Մի շատ հայտնի խմբագրի ասում են. - Տարիներ շարունակ «սուտ» եք խոսել ու դեռ շարունակում եք, չե՞ք կարծում, որ դա անբարոյացուցիչ ազդեցություն կունենա ժողովրդի վրա և սուտը ճշմարտության տեղ կնդունեն: - Ժողովուրդն էլ գիտի, որ գրվածները սուտ են, բայց եթե հավատա, թող հավատա, ինչ անեմ. իմ լրագրական շանսը այս է,- ասում է խմբագիրը: Ես պետք է անորոշ դիրք բռնեմ. թեև հոգով ու սրտով կառավարությանն ու «Իտտիհատ»-ին դեմ եմ, պիտի լռեմ ու սպասեմ, մինչև ժամանակը գա: Հայ լինել ու թուրքին չատել անկարելի է, բայց այժմ ոչ մի խոսք ո՛չ թուրքերի, ո՛չ նրանց կառավարության, ո՛չ էլ «Իտտիհատ»-ի դեմ. ուրիշ դիրք բռնել չեմ կարող: - Զա՛րկ, հարվածի՛ր, քննադատության մտրակդ շառաչեցրու ուզածիդ չափ, բայց իրականության ազդակները անտես մի՛ արա, կողմնակցության գծի վրա մի կանգնիր: Ու քանի՜, քանի՜ հարցեր սուտ էին ներկայացվում, և հայ հեղափոխականը դրանց դեմ պայքարելու սահմանափակ միջոցներ ուներ: Իտտիհատամիտ ձև ու գույն առնող խմբագիրներ, գրողներ, պարբերականների հրատարակիչներ. նրանք պատասխանատուների մեջ նվազ բաժին չունեին:

Գլուխ Դ - Գործած սխալները[խմբագրել]

Ադանայի կոտորածի հետևանքը Ադանայի կոտորածներից հետո Հայ Հեղափոխական և բոլոր կուսակցությունները պարտականություն ունեին անմիջապես գործ սկսել և գլխավոր պատասխանատուներին օրինակելի պատժով պատժել, սակայն հակահարված չեղավ, նրանք լուռ մնացին, աչք փակեցին: Ամեն ինչ պարզվեց. Ադանայի կոտորածի կազմակերպողը «Իտտիհատ»-ն էր եղել: Նրանք իրականացրին իրենց` տարիների ընթացքում փայփայած իղձը: Թուրքերի ցնծությունը սահմաններ չուներ: Նրանք բարձրաձայն որակում էին կոտորածը որպես «օդափոխություն»: Եվ այս ամենը կատարվում էր հայ ժողովրդի աչքի առաջ. Նա` բորբոքված, արդար զարյույթով լցված, դիտում էր: Բայց ոչինչ, ոչ մի ձայն, ոչ մի շարժում, ոչ մի հակահարված չեղավ: Երեսուն հազար հայ կոտորելուց հոտո՝ նրա հեղինակները գովասանքների էին արժանանում: Հայ հեղափոխականը տեսնում, լսում, լռում էր : Այդտեղ էր, այդ օրվանից էր, որ կատարվեց Մեծ և անդառնալի Սխալը: Հայ բոլոր կուսակցությունները դրան պատասխանատու են:

«Իտտիհատ»-ի մի քսությունը «Իտտիհատ»-ը կարծում էր, որ Հայ Հեղափոխականները կարող էին մյուսների հետ միավորվել և հարված հասցնել: Բայց նրանք փորձեցին երկպառակություն սերմանել Ս. Դ. Հնչակյան կուսակցության և Հ. Յ. Դաշնակցության միջև: Նրանք սուտ լուրեր էին տարածել, բայց շուտով ամեն բան պարզ է դառնում: «Իտտիական»-ների լարած դավը ջուրն է ընկնում և չեն կարողանում այս անգամ իրենց սև նպատակին հասնել և 2 կուսակցությունների միջև արյունալի բախում առաջ բերել:

Հայերի համագործակցությունը «Իտտիհատ»-ի հետ Ինչ էլ որ ասվի, ինչ պատճառաբանություն էլ բերվի, այն անզոր է գործած ամենամեծ սխալը մեղմելու համար: Հ. Յ. Դաշնակցությունը գործեց պատմության ամենամեծ սխալը. դա այն պայմանագրությունն էր, որ նա կնքեց «Իտտիհատ»-ի հետ` նրա հետ համագործակցելով: Դրանով ոչ միայն «Իտտիհատ»-ը հայերի մեջ մի նեցուկ ունեցավ, այլև այն, ինչն ուղղակի անել չկարողացավ, արեց Դաշնակցության միջոցով: «Իտտիհատ»-ը ջանաց միայն Դաշնակցականներին ճանաչել հայ ազգը քայքայելու գործում: Անիրավ է կուսակցությունը մի ամբողջ տեղ ընդունելը: Դաշնակները մեծ ներդրում ունեցան իտտիհատականների հզորացման մեջ: Նրանց պատասխանատվությունը մեծ էր գայլի ուժեղացման մեջ. սա անուրանալի փաստ է և ոչ մի պատճառաբանությամբ չի կարելի արդարանալ: Ահա պատմական այն մեծ սխալը, որ մի հայ կուսակցություն գործում էր` իր կուսակցության շահը ազգային շահից վեր դասելով: Այս ամենից տուժեց և՛ հայ հեղափոխական գաղափարը, և՛ հայ ազգը հատկապես:

Հայ պատվիրակությունը Հայ պատվիրակությունը պետք եղածի պես ընդդիմադրող, կռվող ուժ չկարողացավ հավաքել: Հայ պատվիրակության առաջին սխալը այն էր, որ կանխապես մշակված ծրագրով հանդես չեկավ: Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը երևան էր եկել որոշ ծրագրով և դրել էր Հայաստանի քաղաքական ինքնավարությունը: Երկրորդ մեծ սխալը այն էր, որ նրանք պաշտպանում էին այն միտքը, թե Հայաստանը քաղաքական ինքնավարություն չէր կարող ունենալ հենց այն պատճառով, որ հայ ժողովուրդը Հայաստանի մեջ մեծամասնություն չուներ: Այդ քայլով նրանք անգիտակցաբար ոչ միայն մեզ էին հարվածում, այլև իրենց սեփական ոտքերի տակի հողն էին փորում: «Իտտիհատ»-ն էլ ավելի ճկուն, դիվանագիտորեն դրանից օգտվեց: Թուրքին, «Իտտիհատ»-ին լավ ճանաչողները ասում էին, որ նրանց վարկ պետք չէ տալ, նրանց խոսքը ոչ մի հավատ չունի և շատ մեծ սխալ կլիներ՝ 8 միլիոն ոսկու փոխառության դեմ: Այդ փոխառությամբ «Իտտիհատ»-ը պիտի ուժեղանար և կործանարար ուժ դառնար բոլորի համար: Հայ պատվիրակությունը եվրոպական և ֆրանսիական հասարակական կարծիքի առաջ փաստեց, որ ինքը այդ փոխառությանը դեմ չէ. ընդհակառակը` կցանկանար նրա հաջողությունները. պայմանով միայն, որ նախ հայկական բարենորոգումների սկզբունքը ընդունվեր թուրք կառավարության կողմից, որովհոտև այդ գումարներից օգտվողները հայերն էլ պիտի լինեին: Պատվիրակությունը մոռացել էր թերթել պատմության էջերը. այնտեղ բարեկարգությունների ծրագրեր շատ էին եղել, բայց միշտ էլ անգործադրելի մնացել: Դրամը ստանալուց հետո կռնակ չդարձրին: Այս կետի մեջ էլ ծանր սխալ տեղի ունեցավ և «հայ դիվանագիտությունը» շատ հեռատես չգործեց: Պատվիրակությունից օգտվելով՝ թուրքերը պիտի ջանային հայությանը բնաջնջել, ոչնչացնել և զուտ թուրքական, իսլամական միատարր պետություն ստեղծել: Հայ պատվիրակությունը համակարծիք չէր այն գաղափարին, որ հայությունը ուրիշ ուղի չունի հետևելու, ուրիշ ազդու միջոց չունի իր գոյությունը ապահովելու համար: Արթնություն, զենք, ռազմամթերք, հեղափոխական, ընդդիմադրական ուժի զորացում, անխուսափելի կռվի պատրաստվածություն, այս էր այն ամենը, ինչին պիտի հետևեին: Պատմությունն էր ցույց տվել: Խրիմյան Հայրիկը՝ այդ մեծ հոգևորականը, առաջինը եղավ հեղափոխության և զենքի ուժին դիմելու գաղափարի մեջ: Նա գիտեր, որ այդ օրերին կառավարության և քաղաքականության մեջ Երկաթե Շերեփ էր պետք: Ո՞վ էր մեղավոր, որ հայ ժողովրդի մի ստվար զանգված հավատաց, վստահեց «Հինավուրց ուժերի» և «հեղհեղուկ հեղափոխականներին» ու զենք, կռիվ, մարտական պատրաստակամություն չտեսավ: Եվ երբ հիասթափություն եկավ, իր խաբված լինելը զգաց, տեսավ, որ այլևս ուշ է զենքի վազել, որովհետև ժամանակը անցել էր, ճանապարհները փակվել էին, թշնամին կանխել էր: Պատասխանատունե՞ր` ահա նրանք:

Գլուխ Ե - Երկու անհաշտ թշնամիներ[խմբագրել]

Նախաշավիղ Ոչ միայն պարագլուխ, այլև միջին ուղեղի տեր ամեն «Իտտիհատ»-ական, առաջին խոսքից բացահայտ կասի, որ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակները իրենց ոխերիմ, անհաշտ, երդվյալ թշնամիներն են: Դա կուսակացական համոզմունք է եղել բոլոր Իտտիհատականների շարքերում` շատ հին ժամանակներից: Այն, որ Ս.Դ հնչակները և Երիտասարդ Թուրքերը եղել են անհաշտ, վկայում է պատմությունը: Մենք թշնամիներ չենք, այլ հակառակորդներ: Մենք Իտտիհատին ընդունել ենք որպես մեր գաղափարների հակառակորդ կուսակցություն, իսկ եթե ժամանակի ընթացքում դա թշնամական իմաստ է ընդունել, մենք դրանում պատասխանատվություն չենք կրում: Մենք` որպես գիտության հիմունքներով առաջնորդվող կուսակցւթյուն, երբեք չէինք կարող խախտել մեր հիմնական սկզբունքները և մեր կուսակցական դիրքը, գործելակերպը, գործունեության տակտիկական եղանակները: Սակայն մեր քաղաքական հակառակորդը այդպես ել չհասկացավ, և շուտով նրա կուսակցական ոգին մթագնեց, այլասերվեց, խնդիրը նա դրեց թշնամական հարաբերությունների և թունավոր զգացմունքների վրա: Թեև ասենք, որ մենք դա բացառիկ երևույթ չէինք համարում` հասկանալով, թե ովքեր են մեր առջև կանգնած: Բայց ինչ էլ որ լինի, որտեղից էլ որ նրանց ծագումը առած լինի, իրողությունն այն է, որ երկու կուսակցություններ անողոք թշնամիներ են, և դրանցից մեկը պետք է տեղի տա: Նրանք, այլապես, միատեղ լինել չեն կարող: Պայքարը հասել է գագաթնակետին, մեկի թուլացումը, անկումը նշանակում է մյուսի հաղթանակը: Բայց ինչու՞, ինչպե՞ս դա եղավ` ունի իր պատմությունը: Սկզբնական շրջան Մեր անհատական կուսակցական հարաբերությունները սկսվել են «Միություն» և «Առաջադիմություն» պարբերականների հիմնադիր՝ Ահմեդ Րիզայի հետ, դեռ 1891-1892-ին: Առաջ նա ձգտում էր վերահաստատել Փարիզում լույս տեսած «Իտտիհատ» («Միություն») անունով թերթը: Վերջում որոշում կայացրեց հրապարակ գալ «Մեչվերեթ»-ով («Խորհուրդ»): Դրանով նա իրեն ուզում էր հեռու պահել հեղափոխական մտածմունքներից և շարժումներից: Նա իրեն սահմանափակում էր միայն պարզ, անվնաս, խաղաղ «խորհուրդ» տալու մեջ: Նա իր ազատ ժամերին հետևում էր «Կոլլեժ դը Ֆրանս» ազատ դասընթացներին և լսում հայտնի փիլիսոփա՝ Պիեո Լաֆիտին, ով Օգյուստ Կոնտի փիլիսոփայության ներկայացուցիչն էր: Նա մինչև վերջ չփոխեց իր լեզուն: Սոցիալիզմը նրա ուղեղին միշտ էլ եղավ անմատչելի: Պետք է ասել, որ Լաֆիտը շատ էր սիրում իր միակ թուրք աշակերտին: Նրան ներկայացնում էր ֆրանսիական «բարձր» խավի շրջապատում, դահլիճային կյանքի մեջ, քանի որ դահլիճային կյանքը Փարիզում հասարակական կարծիք կազմելու լավագույն միջոցն էր: Այդ միջոցով նա կկարողանար ամեն տեսակի կապեր հաստատել «վերին» խավի ներկայացուցիչների հետ: Պիեո Լավիտը չափազանց թուրքասեր էր: Նրա կարծիքով Եվրոպան միջամտելու իրավունք չունի, պետք է թողնել, որ Թուրքիան խաղաղ, հանդարտ կերպով, աստիճանաբար զարգանա: Այն ժամանակ Փարիզի մեջ բավականին մեծ թվով իսլամական ուսանողներ կային՝ պարսիկ, թաթար, ալժիրցի, թունիսցի, արաբ, ալբանացի, հնդիկ: Նրանք հայերին վերաբերվում էին` որպես «ներքին թշնամիների»: Բացի Ահմեդ Րիզայից, աչքի ընկնող ուժ էր Աղաևը` որպես խոսող, գրող, իրավագիտական, փիլիսոփայական, քաղաքական խնդիրներով զբաղվող հմուտ պարսկագետ, ռուսական լեզվին լավ տիրապետող: Նա կանոնավոր կերպով թղթակցում էր զանազան թուրքական թերթերի, և «Կովկաս» թերթի աշխատակիցն էր: Շարունակ ոչ բարեկամական, թշնամական տեղեկություններ էր տալիս այդ թերթերին Ս.Դ. Հնչակների մասին: Հայ ուսանողների մեծամասնությունը, թեև թվով 200-ից ավելի, բայց հասարակական տեսակետից անպետք էր: Պայքարող, խոսողը միայն Ս.Դ. Հնչակների խոսողներն էին, գլխավորապես ռուսահայաստանցիները: Տաճկահայերից հազիվ 5-6 հոգի կային: Ամենից ակնառուներն էին՝ Սթեփանոս Տեր-Գաբրիելյանը, Սաքո և Յակոբ Մելիք-Բախտամեյանները, Դավիթ-Բեկը և այլք: Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ Աղաևը եզրակացրեց՝ «Իրերի բնական բերումով` Թուրքիան, Աղվանստանը, Կովկասը, Պարսկաստանը պիտի միանան, և Կովկասի լեռնաշղթայից մինչև Պարսից ծոցը, Ալտայան լեռներից մինչև Միջերկրականը՝ միանման ծագում ունեցող՝ Տարոնա-Թրքական ցեղին պիտի պատկանեն, մի ամբողջություն պիտի կազմեն, մերը պիտի լինեն: Իսկ այդ տարածքում գտնվող ուրիշ ցեղերը` կա՛մ պիտի ոչնչանան, կա՛մ` ձուլվեն ժամանակի ընթացքում: Ս.Դ. Հնչակների նպատակն էր՝ կա՛մ Եվրոպական քաղաքակրթություն, կա՛մ` մահ: Իսկ եթե հայերը պիտի ձուլվեին, ջնջվեին, դա էլ շատ վեր էր այդ ձգտումը ունեցող բարոյական, նյութական, մշակույթային միջոցներից: Հայը կա՛մ իր ինքնավարությունը կունենար, կա՛մ անկախություն: Ս.Դ. Հնչակների մեծ շարժումները Փոքր Հայքի մեր շարժումները (1891-1893) շատ մեծ արձագանք չէին գտել ֆրանսիական մամուլի մեջ: Անգլիայում մամուլը կրակ էր ժայթքում, ահագին չափսեր էր տվել հայկական խնդրին: Իսկ ֆրանսիական մեծ մամուլը իր լռությունը շարունակում էր: Լոնդոնի «Թայմզ» պարբերականի աշխարահահռչակ խմբագրին հաջողվել էր ձեռք բերել և հրապարակել 1895.թ մայիսի 11-ի ծրագիրը ամբողջովին: Թուրքական դեսպանատան և իր տրամադրության տակ եղած հրապարակախոսները առաջ եկան և սկսեցին պաշտպանել բարեկարգության սկզբունքները, հայերի` փոքրամասնաթիվ, անմշակույթ ժողովուրդ լինելը: Մայիսի 11-ի ծրագրի մասնակի բարեկարգություններ աչքի առաջ ունեին Օսմանյան երկրի միայն մի կտոր, ընդհանուր ժողովրդի միայն մի մասի համար: Մի օր, Ահմեդ Րիզան ասաց, որ դիրք ունեցող շատ հայեր իր հետ են արդեն և իր նման են մտածում՝ հակառակ մեզ: Մենք չհավատացինք: Մի քանի օր հետո հրապարակ եկավ Մելքոն Խանը՝ դիվանագիտական աշխարհի մեջ ծանոթ և հեղինակություն վայելող անձնավորություն: «Երիտասարդ», «Սահմանադրական» Պարսկաստան ծնող, պարագլուխներից մեկը: Նա այն հայ մարդկանցից էր, ով իսպառ վարձու է տրվել օտարներին` առանց իր ազգի համար մի արդունավետ, մնայուն բան անելու: Նա ուներ լավ հարստություն և դիրք: Նա ասում էր, որ Եվրոպան դեռ չի ճանաչում Արևելքը: Նրանք չպիտի միջամտեն Պարսկաստանի և Թուրքիայի ներքին գործերին: Մելքոն Խանի նման մտածող շատ հայեր ի հայտ եկան՝ մեզ անհամակարծիք, «իտտիհատապաշտներ» դարձան: Դասախոսությունների և ժողովների շրջանը 1895-1896-ի ձմռանը Զեյթունում կռվում էին, բայց լուր չկար: Հայ պահապանողական, հակահեղափուխական մասը սաստիկ բորբոքվել էր Ս.Դ. Հնչակներ կուսակցության, մասնավորապես նրա ղեկավար «Ռուսահայերի» դեմ: Սուլթան Համիդը ամեն դժբախտություն վերագրում էր մեր կուսակցությանը: Փարիզի «Ուսանողական հանձնախմբի» կողմից հրավեր ընդունեց ընկեր Ավետիս Նազարբեկը: Դասախոսությանը ներկա էին հայ, թուրք բոլոր իտտիհատականներ: Եկել էին մի շարք հայ «ջոջեր» և թունդ հակահեղափողականներ: Նազարբեկը հայտարարեց, որ ինքը չի խոսելու հեղափոխության տեսության մասին, այլ միայն այն, ինչ որ կար, ինչ որ եղավ: Նա խոսում էր հայ և թուրք ժողվրդի դարավոր փոխհարաբերությունների մասին, բացատրում հայի անտանելի վիճակը: Նա պատմեց և Ս.Դ. Հնչակների կուսակցության ծագման մասին: Ու հանկարծ, ծոցի գրպանից հանեց Զեյթունի մարտիկներից եկած, կարմիր թանաքով գրված նամակը, որ այսպես էր սկսվում` «Հաղթեցի՜նք, հաղթեցի՜նք»: Դահլիճում աննկարագրելի ուրախություն էր տիրում: Ահմեթ Րիզանը գլուխը կախ, փնթփնթալով դուրս գնաց: Հարցապնդումներ Մինչև այդ ժամանակ՝ Ֆրանսիական Պարլամենտի մեջ մի խոսք անգամ չեր եղել Հայերի և հայկական խնդրի մասին, բայց Բրիտանական Պարլամենտը շատ անգամ անդրադարձել էր մեր խնդրին: հարկավոր էր, որ Պաշտոնական Ֆրանսիան էլ խոսեր: Այդ նախաձեռնությունը բացառապես պատկանում էր Ս.Դ. Հնչակներին: Նախ դիմեցինք Կոմս դը Մեոյին, հավանությունը տվեց և պետք էր բոլոր փաստերը նրան ներկայացնել, նույնը եղավ նաև Դընի Կոչենիի հետ: Դա շաբաթների տանջանքի արդյունք էր: Դա աջ թևն էր՝ Ֆրանսիայի պահպանողական կողմը: Մենք դիմեցինք Ժորեսին: Հայկական խնդրի դատը տեղի ունեցավ 1896 թվականի նոյեմբերի 3ին: Խորհրդարանի սրահը լեփ-լեցուն էր: Խոսքը բացեց Կոչենը, նրան հաջորդեց Կոմս դը Մեոնը, նրանք հրաշալի կերպով բացատրեցին, պաշտպանեցին մեր դատը: Բրիստոնը խոսքը տվեց Ժորեսին: Նա իր կողմից քննադատեց Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքավարությունը` ասելով, որ նրանք թողեցին` կոտորվի մի ազգ:

Գլուխ Զ - «Իտտիհատի» տարած մասնակի հաղթությունը[խմբագրել]

1907 թ. դեկտեմբերի վերջին օրերից մեկն էր, երբ անցնում էի Մոմպարհնասի պողոտայով` լսելով, որ ինձ են կանչում: Պպտտվեցի և տեսա Մինաս Չերազին: Չերազի հարցին, թե մենք` ռուսահայերս ինչ կուզենք իրենցից` տաճկահայերից, ինչու են իրենց հոսոս անվանում, պատասխանեցի, որ «հոսոս» անվանումը չի գործում բոլոր տաճկահայերի համար, այլ` միայն պոլսեցիների: Չերազն ասաց, թե` թեկուզ պոլսեցիներին ինչու եք ասում «հոսոս», ուզում եք ասել, որ նրանք թեթև, երկար-բարակ չմտածող են: Զարմացա Չերազի տարօրինակ հարցերից, իսկ Չերազը բացատրեց, որ նախորդ օրը իր մոտ էր գնացել ՀՅ դաշնակցության ներկայացուցիչը և ասել, որ իրենք թուրքերի հետ կոնգրես պետք է գումարեն: Նրան էլ է համոզել, որ մասնակցի: Իսկ թուրքերը որոշել են մոռանալ հայկական խնդիրը և ամբողջովին զբաղվեն Թուրքիայով: Չերազը ասել, որ ինքը 25-30 տարի է հայկական խնդրով է զբաղվում և ինչպես կարող է մոռանալ Խրիմյանի, Ներսես վարժապետի կառուցած գործերը: Դառնալով ինձ` Չերազն ասաց, որ Ահմեդ Ռիզայը պետք է գնա նրանց հետ խոսելու և հույս ունի, որ նույնպես չենք համաձայնվի հայկական հարցը մոռանալ և զբաղվել Թուրքիայով: Ես հավաստիացրի, որ թե ես, թե կենտրոնական վարչությունը, և թե անգամ Ս.Դ. Հնչակյանությունը անկարող ենք հայկական խնդիրը թողնել: Նույն օրը Կարապետ Բասմաջյանը հայտնեց, որ Դաշնակցության ներկայացուցիչ է եկել և հանդիպում է խնդրում. նա մերժվեց: Դրանից հետո մի քանի անգամ այցելության եկավ Համբարձում Մելիքյանը և ցանկացավ իմանալ, թե Մուրատը երբ է Եգիպտոսից վերադառնալու: Մուրատը երբ վերադարձավ, Մելիքյանը ինձ և Մուրատին իր տուն հրավիրեց: Երբ մտաnq նրա տուն, տեսանq դաշնակցության ներկայացուցչին: Մելիքյանը նշեց, որ շատ ուրախ է երկու կուսակցությունների ներկայացուցիչներին իր հարկի տակ տեսնել և իր միակ նպատակն է համերաշխություն հաստատել մեր միջև: Հարկավոր էր միայն, որ հայ կուսակցությունները համախմբվեին և ամենակարևորը` համագործակցեին միմյանց հետ: Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչը ասաց, որ հայության պետքական մասը Հայաստանում ապրողներն են, իսկ Հայաստանից դուրս ապրողներն արժեք չունեն: Ինչ խոսք, Հայաստանում ապրող հայերն արժանի զավակներ են, բայց սխալ էր այն կարծիքը, որ Հայաստանից դուրս գտնվողներն արժեք չունեն: Չէ՞ որ հենց հայերի ցրվածությունը ներկայացնում է Հայաստանի անխոցելի կողմերից մեկը: Վերադառնալով հայ կուսակցությունների համերաշխության համագործակցության խնդրին` դաշնակցության ներկայացուցիչը պնդեց, որ եթե հեղափոխականնները մասնակցեին կոնգրեսին, դրանով էլ կհեշտանար գործը: Դաշնակցութունը ցանկանում էր հայ ազգը բաժանել երկու կուսակցությունների, սակայն դա հեղափոխականների սրտով չէր: Մենք հարցրինք դաշնակցության ներկայացուցչին` արդյո՞ք նրանք ծրագրեր են համաձայնեցրել «երիտասարդ թուրքեր»-ի հետ: Պատասխանը եղավ դրական: Դաշնակցությունը սկզբնավորվել է 1880 թվականին, այսինքն նա 17-18 տարվա կյանք ունեցող մի մարմին է: Հարց է ծագում` ինչ փաստեր առաջ եկան համոզելու, որ իր առաջվա դիրքը սխալ է: Այդ ինչպե՞ս է, որ 2-3 ամիս առաջ հայ ազգը ուժ ուներ, իսկ հիմա`ոչ: Դաշնակցության ներկայացուցիչը, խոսքը փոխելով, ասաց` մի՞թե սոցիալ-դեմոկրատների համար միևնույն չէ համապետական ուղղությունը. նրանք ոչ ազգ են ճանաչում, ոչ հայրենիք: Արդյունքում վեճի բռնվեցինք: Հյուրընկալը մեզ հանգստացրեց և հորդորեց առաջվա դիրքում մնալ: Տեղի ունեցավ «օսմանյան ընդիմադիր տարրերի կոնգրեսը»: Նրանց ուղարկված կոչին նրանք պատասխանեցին հրապարակայնորեն, այդ պատասխանը ֆրանսերեն թարգմանվեց և ցրվեց բոլոր քաղաքներում:

Գլուխ Է - Սահմանադրության վերահաստատումից հետո[խմբագրել]

Գարնան առաջին օրերն են, 1908թ.: Պետերբուրգի զինվորական ճեմարանի մոտ գտնվող գնդապետը մեզ ընթացիկ տեղեկություններ է տալիս քաղաքական ու զինվորական անցուդարձի մասին: Մենք պատրաստվում էինք ընկեր Մուրադի հետ Կովկաս մեկնել: Եվ հենց այդ ժամանակ էր, որ քաղաքական, զինվորական ապստամբություն կատարվեց և վերահաստատվեց «արդարությունը»: Եթե այդ դրությունից դուրս գալու ելքը բարդ էր բոլորի համար, մեր կուսակցության համար կասկածելի ոչինչ չկար, քանի որ մենք սկզբից էլ որոշել էինք կուլ չգնալ այդ նորագույն խաղին և մենք սահմանադրական Թուրքիայի դեմ ունեինք ինքնավար Հայաստան: Չնայած Գորգակովը չկար, սակայն նրան հետևողներ, ովքեր փորձառու էին, կային:

1908,հուլիսի վեռջին մեր կենտրոնավայր են գնում Փարիզի Թրքաց հյուպատոսը և Ահմեդ Րիզան: Նրանց հրավիրում ենք Տաճկաստան, որպեսզի իրենք իրենց գաղափարները քարոզեն և նույնիսկ ընդդիմադիր կուսակցություն կազմեն: Նրանք պատրաստվում էին մեկնել, մեկնելուց մեկ շաբաթ առաջ Մուրատի հետ այցելության են գնում «Երիտասարդներին»: Այնտեղ տեսնում են Անգլիայից, Բելգիայից եկած թուրք և եվրոպացի հրապարակաղոսների: Նրանք այն անձնավորություններն են լինում, ովքեր Սուլթան Համիդի Քաղաքականությունը պաշտպանելու և հայկական ու մակեդոնական խնդիրների դեմ պայքարելու համար առաքելություն էին ստանձնել: Ռիզաին հարցրին ,թե ինչպիսին պետք է լինի նրանց դիրքը դեպի Սուլթան Համիդը, հետևյալ պատասխանը ստացան`մենք ինչի ձգտում էինք, հասանք, Սահմանադրությունը ձեռք բերեցինք, սրանից հետո Համիդի ծառայությունները մեզ շա՞տ է պետք: Օգոստոսի 15-ին ընկեր Մուրատի հետ միասին ճանապարհ ընկանք դեպի Պոլիս: Սոֆիայում 3-4 օր հաճախակի տեսակցություններ ունեցանք Մակեդոնացի հեղափոխականների, լրագրողների հետ: Հետո մեկնեցինք Սոֆիա, կայարանից դուրս գալով` տեսանք Բելգրադի թուրք քաղաքական գործակատարին, ով ինքն իրեն անվանում էր դեսպան: Նա հասկացրեց, որ ինքը «երիտասարդ թուրք» է և « հին ռեժիմին» դեմ է: Նա շարունակելով ասաց, որ Սուլթան Համիդի պատճառով է, որ այսքան շատ «խնդիրներ» կան իրենց երկրում: Ըստ նրա` պետք էր բուլղարներին, սերբերին քարոզել, որ միանային բոլորով և մեկ ընդհանուր օսմանյան պետություն կազմեին: Այս անգամ միանալով` այլևս չեն բաժանվի: Այդ ընթացքում ներս մտավ մի անճոռնի կերպարանքով թուրք և հարցրեց հնչակ-էֆենտիներին` արդյոք ամեն ինչ նորմալ է: «Դեսպանը» մեզ ասաց, որ նա լրտես է: Ահմետ Էֆենտին եկավ, հայտնեց, որ գնացքի մեջ եղած մի քանի գենարալներ, գնդապետներ ցանկանում են տեսնել մեզ: Դահլիճ գնալով` մեծ ընդունելության արժանացանք, սկսվեց շողոքորթություն: Ոմանք էլ Մուրատի ձեռքը սեղմելով ասացին, որ ակամայից մասնակցել են Սասունի կռիվներին և զղջում են: Զինվորականներին շատ հետաքրքիր էր իմանալ, թե սոցիալիզմը ինչ է, որ հնչակյանները քարոզում են, երբ բացատրեցինք, ծերունի գեներալը շատ հավանեց, իսկ մյուսները գլխով արեցին, որպես համաձայնության նշան: Պոլսի տերն ու տիրակալը «իրենց Պեհաէտինն Բեյն» էր: Մի քանի անգամ փոխադարձ տեսակցություններ ունեցանք երիտասարդների հետ և դա լրագրողների նյութ դարձավ: 10 օր անց Շաքիրը մեզ ասաց, որ Սալոնիկի իրենց կենտրոնական վարչության անդամները տեսակցություն են խնդրում: Շաքիրն մեզ ներկայացրեց իր 2 ընկերներին` Թալիաթին և Էնվերին: Մի քանի խոսակցություններից հետո Էնվերը հեռացավ` թողնելով կնամարդու տպավորություն: Թաիլաթը կեղծավորի, խորամանկի, խաբեբայի տեսք ուներ: Թալիաթի առաջին խոսքն այն էր, որ ինքը Սալոնիկի առաջին վարչության կողմից հատուկ եկել է և հրահանգ ունի ուսումնասիրելու կուսակցությունները: Այս ամենից հետո հարցրեց, թե ինչն է մեր և մեր դաշնակիցների տարբերությունը: Հասկանալի էր, թե ինչ էր ուզում իմանալ և հարցը ուր էր ուզում տանել: Մեր հարցը եղավ այն, թե արդյոք նա ըմբռնել էր մեր կուսակցության սկզբունքները: Հետո ավելացրինք, որ խորհուրդ կտանք շփման մեջ մտնել դաշնակցության ղեկավարիչ անձերի հետ, լսել նրանց գաղափարները և համեմատել միմյանց հետ: Խորամանկը, այդ լսելով, հանկարծակիի եկավ: Մուրատը ավելացրեց, որ մենք շատ լավ գիտենք, որ նրանք մեզնից առաջ դաշնակների հետ տեսնվել և խոսել են և նույնիսկ հարցրել նրանց և մեր տարբերութունը: Թալիաթն առաջարկեց ապահովության համար գնալ միանալ իրենց մի զորաբանակ կազմեն: Մենք էլ հասկացրինք, որ «ազգային» եզրույթը մենք չենք ընդունում, որովհետև մեր գաղափարների տեսանկյունից` Թուրքիայի մեջ ոչ թե ազգ, այլ` ազգեր կան:

Գլուխ Ը - Դեպի գործ[խմբագրել]

Իրերի բնույթը Մենք գտնվում էինք անցողիկ մի պատմական շրջանի առջև: Մենք այդ օրերում էլ մնացինք այն, ինչ որ կայինք: Մենք սոցիալ-դեմոկրատներ էինք, այդպես էլ պիտի մնայինք: Մենք հայ ազգի պատմաանհատական գոյության իրավունքը ճանաչող, ընդունող, պաշտպանող ուժ էինք. մենք Հայ ազգի, Հայաստանի ազատագրության հեղափոխականներն էինք: Օսմանյան պետությունը պետք է վերանորոգվեր, նորագույն պետություն դառնար, եղբայրությունը, արդարությունը պետք է լինեին վերին աստիճանի: Շատ երկար տարիներ առաջ սոցիալ-դեմոկրատները քննախոսականներով այն եզրակացությանն էին հասել, որ Օսմանյան պետությունը գնում էր դեպի քայքայում: Թուրք պետությունը դեռ «Աստվածային իրավունքի» փիլիսոփայության լիակատար ծաղկումի մեջ էր: Թուրքիան` ավատատիրական կարգերը տիրապետող, երկիրը տնտեսապես քայքայած, պարտքերի տակ խրված, եվրոպական Մեծ Պետությունների իրական վերահսկողության տակ ընկած. սրանք ընկնող պետության նախանշաններ էին: Այստեղ պարզ էր, որ Իտտիհատը ամեն գնով պիտի ձգտեր նախ իր տիրապետությունը ապահովել, ամեն գաղափար և գործունեություն այդ նպատակին պիտի ենթարկեր: Նա անկարող էր գնալ դեպի ճշմարիտ սահմանադրություն, դեպի բաղկացուցիչ ազգերի, իրավահավասարություն և քրիստոնյայի ու մահմեդականի միջև եղած պատմական խտրականությունների վերացում: Ոչ մի երկրում ազգայնական կուսակցությունները չեն պայքարել հին ուժերի դեմ, ընդհակառակը՝ տիրապետելուց հետո՝ նրանք աշխատել են այդ ուժերը իրենց հենակետ դարձնել: Հայ ազգի դրությունը ուղղակի ողբալի էր: Հայ ազգը հեղափոխական շարժումների մեջ էր մտել և բազմաթիվ տառապանքների ենթարկվել: Այդ պայմանների ներքո նրանք որոշեցին արագ կերպով աջակցել կազմակերպական գործին: Ամեն գյուղ, քաղաք, որտեղ կար հայ ազգաբնակչություն, պետք է ունենար տղամարդկանց և կանանց մասնաճյուղեր: Յուրաքանչյուր շրջան էլ պիտի օժտված լիներ Գործադիր Հանձնախմբով: Այդ կողմից լիակատար հաջողություն ունեցան, որովհետև գրեթե չկային քաղաքներ և գյուղեր, որոնք չունենային Ս. Դ. Հնչակյան մասնաճյուղ: Դա այսպես ասած օրինական գործունեության պատկերն էր: Դրան զուգընթաց` սկսեցին ինքնապաշտպանության գործը կազմակերպել՝ «առանձին մարտական խմբերի» միջոցով: Եվ սա հակաօրինական գործունեության մասն էր: Նրանց կուսակցական գաղափարական գործունեությունը, պայքարը դարձավ հետևյալ խնդիրների շուրջ. 1.Կուսակցությունները և նրանց դերը՝ պետական, ազգային կյանքի մեջ, նրանց ծրագրերը և գործունեության եղանակները: 2.Խորհրդարանական դրությունը զանազան երկրների մեջ, դրա յուրօրինակությունները և թերությունները: 3.Թուրք պետության քաղաքական և տնտեսական կազմը: 4.«Իտտիհատի» ծրագիրը և միտումները: 5.Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը, նրա պատմությունը, գործը և ձեռք բերած արդյունքը: 6.Հեգելի, Կանտի, Սպենսերի և այլոց քաղաքագիտական հայացքները՝ ազգերի և ժողովուրդների պատմա-անհատական գոյության և պայմանների տեսակետից:

Գործիչները, թեև սակավաթիվ էին, բայց ամեն տեղ հասան և կարողացան իրենց վրա դրված պատմական պարտականությունը կատարել: Նրանց հարվածների մասնավոր առարկան էր «Աստվածային Իրավունքը» և նրանից բխող հաստատությունները: Ոչ մի շրջանում «Իտտիհատը» ոչնչացնելու տեսակետը բաց չթողնվեց: Քաղաքական այս պայքարի մեջ նրանք աշխատեցին նաև օգնական ուժեր ձեռք բերել: Հայ տարրեր Կ. Պոլիս գնալուց հետո Ս. Դ. Հնչակյան կուսակցության անդամները հարաբերությունների մեջ մտան «Վերակազմյալների» այն հատվածի հետ, որոնց հետ դեռ այն ժամանակ համաձայնության էին եկել: Նրանք ունեցան մի քանի ժողովներ: Նրանց առաջարկը եղավ պարզ ձուլում՝ առանց որևէ պայմանի: «Վերակազմյալները» առաջին անգամ պարզ ձուլմանը հակառակվեցին` առարկելով սոցիալիզմը և ասելով, որ այն ազգությունը ջնջում էր և, որ նրանք, սոցիալիզմով պարապելով, Հայկական դատը մոռացության կտային: Եվ այսպես պարզ ձուլումը չկայացավ: Առաջ եկավ մի ծրագիր «Ռամկավար կուսակցություն» անունով: Մինչ այդ իրենք իրենց ազգականներ հայտարարողները զլացան նույնիսկ իրենց «Հայ Ռամկավար կուսակցություն» անունը տալ: Նրանք ընդգրկեցին օսմանցիության գաղափարը: Եվ իրենք իրենց հայ ազգականներ համարողները դարձան օսմանցիներ. հայ ազգության գաղափարը տեսականապես ժխտողներ: Նրանք այդ տեսակետով կանգնեցին «իտտիհատականների» կողքին և նրա գաղափարախոսության կողմնակից եղան և գործեցին սոցիալ-դեմոկրատների դեմ, որոնց հետ չուզեցին ձուլվել, որովհետև սոցիալիզմը ազգային գաղափարներին վնաս պիտի բերեր: Այս կերպով, այդ կողմից շատ մեծ օգնական ուժ չկարողացան ստանալ ոչ սոցիալ-դեմոկրատները՝ կուսակցական տեսակետով, ոչ էլ Հայ հեղափոխական գործը:

Քուրդ ուժեր

Բեդր բեյը և իր բարեկամները, սոցիալ-դեմոկրատների կազմական կանոնագիրը առնելով, նրանց օգնությամբ մի ծրագիր կազմեցին: Կարողացան իրենց շուրջը հավաքել Կ. Պոլսի մեջ եղած քուրդ դպրոցականներ, ուսանողներ և պաշտոնյաներ: Բացվեց քրդական ակումբ: Հրատարակեցին մի թերթ, որի մեջ զետեղված էին «Հնչակի» խմբագրականները: Պոլսի Ակումբին կարողացան տալ հակաիտտիհատական ուղղություն: «Իտտիհատը» օգտվեց քրդի ցեղայնական ոգուց և իր քայքայումը գլուխ բերեց: Նրանք սկսեցին ձեռք առնել Սյուլեյմանինի քրդերին և նրանց միջոցով ձախողվեց ծրագիրը: Թուրք դեմոկրատ կուսակցություն Իտտիհատական վարիչները շատ շուտով դժգոհությունների առիթ տվեցին: Նրանք սկսեցին կաշառքներ վերցնել և պաշտոնավաճառությունը սովորական գործ դարձնել: Ով իտտիհատական էր, ստանում էր ամենաբարձր պաշտոններից: Ժողովուրդը կույր չէր, տեսնում էր, որ իտտիհատականները քաղաքից մինչև գյուղեր կուտակել էին ահագին հարստություն: Առաջացավ թուրք երիտասարդական որոշ խավերի՝ ռամկավարական, «դեմոկրատական» հոսանք: Ս. Դ. Հնչակյանները քաջալերեցին այդ հոսանքը: Մանիսազատե բեյը՝ փաստաբան, դատավոր, հեղինակություն էր վայելում թուրք հեղափոխականների շրջանում: Նրա նշանաբանն էր` «Ամեն բանից առաջ ես մարդ եմ»: Մանիսազատեն հաճախակի Ս. Դ. Հնչակայանների հետ տեսակցություններ ունեցավ, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց նրանց կուսակցության ծրագիրը: Հետևանքը եղավ այն, որ Թուրքիայի փրկության տեսակետից՝ նա անհրաժեշտություն գտավ, հակաիտտիհատական գույնով, դեմոկրատական ծրագրով մի նոր կուսակցություն հիմնել: Ոչ միայն թուրք, այլև բավականին մեծ թվով ալբանացի և չերքեզ երիտասարդներ կային Մանիսազատեին կողմնակից: Ս. Դ. Հնչակյանների հույսը սկզբում շատ մեծ էր այդ շրջանի վրա և Մանիսազատեից շատ բան էին ակնկալում: Նրանց կուսակցությունը խորհրդարանական առաջին ընտրությունների համար Կ. Պոլսի թեկնածու հայտարարեց Մանիսազատեին: Վերջինս 1-2 ամիս պաշտոնավարեց և, դժբախտաբար, հանկարծամահ եղավ: Այդ մահը անդառնալի կորուստ բերեց. նա ծանր և վճռական հարված տվեց թուրք «դեմոկրատ» կուսակցության կազմության, տևականության և ծավալման գործին: Իթիլաֆը «Սակավապետական», «օլիգարխիական» դրությունը իր կատարյալ ծաղկումի մեջ էր: Ամբողջ մի պետություն խաղալիք էր դարձել մի քանի անհատների ձեռքին, որոնք իրենց ուզածն էին անում: Բաղկացուցիչ ազգերին պատկանող պարկեշտ և խաբված անձերը արդեն սկսել էին հեռանալ Իտտիհատից: Անկարող լինելով «Սակավապետության» արարքը տանելու` Իտտիհատի` համեմատաբար ավելի «սահմանադրասեր» անդամները հեռացան և կազմեցին առանձին կուսակցություն՝ Իթիլաֆ անունով: Իթիլաֆականությունը սկսեց ծավալ առնել: Խորհրդարանական երկրորդ ընտրությունները մոտենում էին և Իթիլաֆը և Իտտիհատը պետք է բախվեին իրար ամեն գնով: Հեղինակը պատմում է, որ Տաճկաստանի իրենց Վարիչ Մարմինը որոշել և հարաբերության մեջ էր մտել Հ. Յ. Դաշնակցության հետ: Տեղի էին ունեցել «համերաշխական բանակցություններ» և որոշումներ էին կայացվել: Գործը գլուխ էր բերել Պարվուսը՝ հրեական ծագում ունեցող գերմանացի մի սոցիալիստ: Նա շատ մոտիկ էր Իտտիհատականներին. նրանց վստահության մարդն էր: Թղթակցում էր մի քանի թուրք պարբերականների: Սպասվելիք դժվարությունները հարթելու տեսակետից՝ Իտտիհատի և համերաշխող կողմերի միջև միջնորդի դերը Պարվուսն էր ստանձնել: Հեղինակը պատմում է, որ Պարվուսը քարոզել էր համաձայնություն իրենց և Դաշնակցականների միջև: Համաձայնության առաջին կետն էր եղել այն, որ հայերը պիտի տային 20 երեսփոխան: Դաշնակցականները պահանջել էին 12-ը իրենց համար, իսկ Ս. Դ. Հնչակները դրել էին հավասարության պահանջը: Վերջում որոշվել էր 9-ը` Դաշնակցական և 8-ը` Ս. Դ. Հնչակյան: Այստեղ կար 20 հայ երեսփոխանի և ինքնավար Հայաստանի խնդիր: Իտտիհատը նեղ օրերի մեջ էր. նա իր հետևից էր արդեն քարշ տալիս Հ. Յ. Դաշնակցությանը և այս անգամ էլ նրա միջոցով ուզում էր իրեն կապել և Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը: Դա այն մեծ բարոյական հարվածն էր, որ Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը կարող էր ընդունել: Եթե խզում առաջանար, պիտի ասվեր, որ դաշնակցականները համերաշխություն ուզեցին, ազգին 20 երեսփոխան տալու խոստում տվեցին, իսկ Ս. Դ. Հնչակյանները չուզեցին, նրանք համերաշխությանը հակառակ գնացին և ազգը տուժեց: Պետք էր իրականությունը բացահայտել: Խնդիրը, փաստերը մի անգամ էլ ուսումնասիրվեցին Վարիչ Մարմնի լիակատար ժողովում և նրանց պաշտպանությունը հանձնվեց ընկեր Կօզիկյանին: Վերջին ժողովին, երբ ամեն բան պիտի վերջանար և Դաշնակցականները հաղթական հրճվանքի մեջ էին, ընկեր Կօզիկյանը, որպես վերակրկնություն ասել էր, որ առանց երեսփոխանների թվի բաժանման մասին անդրադառնալու, նրանք պատրաստ են համաձայանգիր ստորագրել և կուզեին տեսնել Իտտիհատի Կենտրոնական Վարչության կողմից գրված և կուսակցության կնիքով կնքված թուղթը: Եվ այսպես հարցը վերջացավ, որովհետև Իտտիհատը երբեք այդպիսի թուղթ և դաշինք չէր ստորագրի: Այսպես Իտտիհատը այս անգամ էլ ձեռնունայն դուրս եկավ: Սրանից հետո, ձեռք առան Իթիլաֆի հետ համագործակցության գործը: Այդ լուրջ խնդրի շուրջ Տաճկաստանի Վարիչ Մարմինը մի քանի երկարատև նիստեր անցկացրեց: Իտտիհատը՝ տաճիկ ազգայնականությունը՝ կացության լիազոր տերն էր: Նա իր ձեռքին ուներ երկրի ամբողջ իշխանությունը: Հայաստանը արյունալից օրեր էր բոլորում: Հափշտակությունները, առևանգումները, խմբային մասնակի կոտորածները դարձել էին պարբերական ու մտել էին կյանքի սովորական ընթացք: Հայ օրինական հաստատությունները՝ Պատրիարք, Քաղաքական Ժողով, հաճախ ներկայացան, թախանձագին աղաչեցին, եղած կոտորածների վրա իշխանության ուշադրությունը հրավիրեցին, բայց դրանք հետևանք չունեցան: Հեղինակը ասում է, որ իրենք Իթիլաֆին չպետք է մոտենային նրան համագործակցելով՝ Պետական իշխանության մեջ նվաճումներ կատարելով, արդյունավետ պաշտոններ ձեռք բերելով: Նրանք պետք է Իթիլաֆին մոտենային` որպես Իտտիհատի մի թուրք իսլամ ախոյանի, և նրան աջակցեին, որպեսզի բախումը ավելի ուժեղ, հարատև լիներ, կամ Թուրքիան ճշմարիտ սահմանադրական երկիր դառնար, եթե կարող էր, և նրանք կարողանային ազատ, ապահով կերպով ապրել՝ որպես ազգ, որպես քաղաքացի: Շուտով կնքվեց այն համաձայնագիրը, որը Ս. Դ. Հնչակյան կուսակցության պատմության կոթողներից մեկը կմնա: Հնչակյանների օգնությամբ թե մայրաքաղաքի, և թե գավառների շատ տեղերում Իթիլաֆը կարողացավ մասնաճյուղեր հաստատել: Դրանք Իտտիհատի դեմ կռվող ուժեր, հակաիտտիհատական կայաններ էին: Նրանք նաև հավաքեցին ռամկավարների գլխավոր անդամներին, և առաջարկեցին, որ նրանք էլ բաժին ստանձնեն հայ ժողովրդին զինելու գործի մեջ: Նրանք հրաժարվեցին` ասելով, որ իրենք գտնվում էին սահմանադրական մի երկրի մեջ և չէին կարող այդպիսի վտանգավոր քայլ անել: Նրանք համամիտ էին հակաիտտիհական ուղղության պայքարին, սակայն չէին համարձակվում հրապարակապես դիրք բռնել: Առաջարկեցին առանձին կամ միասին աջակցել Իթիլաֆին: Այսպիսով, հնչակյանները ճանաչեցին Հայ ազգի թշնամուն, չափեցին, կշռեցին Իտտիհատին և, իրենց ձեռքից ինչ կգար, չխնայեցին, աշխատեցին նրան թուլացնել: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Ս. Դ. Հնչակցությունը իր պարտականությունը կատարեց: Գործը, որ նրանք արեցին, ամենևին համապատասխանում էր իրերի բնույթին և պատմության պահանջին:

Գլուխ Թ - Հոսանքների բարձրակետը[խմբագրել]

Իտտիհատի կատաղության փրփուրը Հնչակյանները Իտտիհատի դեմ պայքարեցին ոչ միայն Հայ Ազգային շրջանում, այլև հենց բուն թուրքական միջավայրում: Թուրքական գավառներում Հնչակյանների ակումբները մի տեսակ փաստաբանական գրասենյակների բնույթ էին ստացել, քանի որ նրանց մոտ բողոքելու, կրած զրկանքների համար օգնություն խնդրելու գնում էին թուրք, քուրդ, չերքեզ, հույն և այլ ազգերի գործարարներ և Իտտիհատականների դեմ որևէ գանգատ ունեցող մարդիկ: Իտտիհատը, այսպիսով, ամբողջովին կորցնում է իր հեղինակությունը թուրք ժողովրդի շրջանում:

«Հնչակի» ազդարարությունը Հնչակյանները Իթիլաֆական ընդդիմադիր կուսակցության անդամներից մեկից ստանում են հրամանագրերի մի կապոց, որը իրենից ներկայացնում էր թուրք ազգայնական Իտտիհատ կուսակցության մարտավարությունը` հայերին ոչնչացնելու: Հնչակյանները, շատ չանցած, որոշում են տեղեկությունը հասցնել հայերին` նշելով, որ թուրք ազգայնականները օգտագործելու են ամենահարմար պահը, որպեսզի հիմնովին ոչնչացնեն հայերին: Բալքանյան համագործակցությունը Այս շրջանում բուլղար պետական շրջանների և ժողովրդի տրամադրվածությունը հայ ազգի նկատմամբ դրական էր: Դրան նպաստում էին մեր Հեղափոխական պատմությունը և հայ կամավորական գործը: Բալքանյան երկրներից նաև խոստումներ էին եղել` մեծ քանակությամբ զինամթերք հայթայթել ու Տաճկաստան ներմուծելը: Դրա համար էլ անհրաժեշտ էր, որ երկու կուսակցություններն էլ համերաշխ գործեին, և, առանց միմյանց խանգարելու, գործի լծվեին:

Գլուխ Ժ - Ս. Դ. Հնչակեան կուսակցության յոթներորդ ընդհանուր պատգամավորական ժողովը[խմբագրել]

Քաղաքական ընդհանուր կացությունը Եվրոպան, որ համարվում էր «քաղաքակիրթ աշխարհ», Ֆրանս-Պրուսական պատերազմից հետո մի տեսակ «զինված խաղաղության» մեջ էր ապրում: Եվրոպայում, թեև չկար պատերազմական իրադրություն, այնուամենայնիվ անհանգստություն, անապահովություն, կասկած ու իրարանցում էր տիրում: Բալքաններում նույնպես լարված էր: Վերջին պատերազմից հետո երեկվա փոքրիկ Սերբիան, որ շարունակ հալածվել էր Ավստրո-Հունգարիայի կողմից, այ-մ ստվեր էր ածել Ավստրո-Հունգարիայի` առանց այն էլ ամպամած երկնակամարի վրա: Ավստրո-Հունգարիան լարված իրավիճակի մեջ էր նաև արևմուտքում գտնվող Գերմանիայի հետ: Ռուսաստանը նույնպես լարված էր, քանի որ իր առջև փակվել էին Ծայրագույն Արևելքի դռները, Բալքաններում Սերբիան և Չերնոգորիան նրա արտաքին քաղաքականության մի թևն էին, և նա իր ձեռքը մեկնել էր Մերձավոր Արևելք: Անգլիան, չնայած իր ապահով աշխարհագրական դիրքին, նույնպես հանգիստ չէր և պատրաստ էր ցանկացած ռազմական գործողության: Ֆրանսիան պակաս մտահոգ չէր` իմանալով Գերմանիայի ձգտումները: Պատրաստությունն, ուրեմն, ամենուրեք էր. խռովքը, հույզը, հոգեկան լարվածությունը բոլորի բաժինն էին: Հայ և Հայաստան Բալքանյան վերջին պատերազմից հետո սաստիկ թուլացած Թուրքիան կծկվում և ավելի ասիական պետություն է դառնում` բոլորովին կորցնելով իր նախկին դիրքը: Գերմանական` արևելյան քաղաքականությունը բույն է դնում Բոսֆորի ափերում և Թուրքիան գլխով-ոտքով ընկնում է նրա գիրկը: Թուրք ժողովրդի ստվար մեծամասնությունը այլևս չի հավատում իր քաղաքական գոյության շարունակությանը: Երկրում ներքին երկպառակություն և խռովություն էր: Իտտիհատականությունն ու Իթիլաֆականությունը իրար մահու երդումներ էին տալիս: Համաևրոպական այդ խառնաշփոթի մեջ` Իտտիհատական կառավարությունը, առիթից օգտվելով, իր ձեռքերն ազատ է արձակում` ուզածն անելու: Հայաստանը ծայրից վերածվում է արյան թատերաբեմի` լցված առևանգություններով, սպանություններով, կողոպուտով: Օգնություն չկա ոչ մի տեղից: Այդ ժամանակ էր, որ կռվի պատնեշ բարձրացավ նորից Հնչակյանությունը: Յոթներորդ ընդհանուր պատգամավորական ժողովը Ժողովը կայացավ 1913-ի սեպտեմբերի 7ին: Ժողովի որոշումները` 1.Հնչակյան կուսակցության դիրքը Թուրքիայում Որոշում ընդունվեց, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սահմանադրական Թուրքիայի հանդեպ անջատողական չլիներ և կանգներ օրինական հողի վրա` այդպիսով առաջ տանելով իր կուսակցական գործունեությունը: 2.Ընդհանուր և մասնակի բարենորոգումներ. Քաղաքական Ինքնավար Հայաստան Որոշում ընդունվեց պաշտպանել Քաղաքական Ինքնավար Հայաստանի գաղափարը, որպես միակ միջոց` Հայաստանում ապրող թե հայերի և թե այլազգիների հաշտ, խաղաղ ու անվրդով զարգացում ու առաջադիմություն: 3.Միջկուսակցական հարաբերություններ Որոշում կայացվեց` խստիվ արգելել իր բոլոր Գործադիր մարմիններին որևէ համագործակցություն ունենալու Իտտիհատի հետ, և խրախուսել վերջինիս ամեն միջոցներով տապալելն ու մեջտեղից հանելը: 4.Կուսակցական շրջանային փոխհարաբերություններ Որոշում կայացվեց կուսակցության` Ռուսաստանի, Կովկասի, Բուլղարիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, ինչպես և Ամերիկայի իր բոլոր կազմակերպություններին պարտավորեցնել, որ այս օրերում նրանք` իրենց գործունեությամբ ֆիզիկապես, բարոյապես և նյութապես նախապատվություն տան Տաճկա-Հայաստանին: Երկիր մտցվեցին նշանավոր գործիչներ, ականավոր պրոպագանդիստներ և հայտնի մարտիկ ուժեր: Մեր հեղափոխական, ապստամբական շարժումը շատ մեծ հաջողությամբ առաջ էր գնում, երբ վրա հասան առաջին ձերբակալությունները: Թեև հայ հեղափոխական ուժերը չկարկամեցին, այնուամենայնիվ Թուրքիան կոնկրետ ռազմական գործողությունների անցան: Ու 1915… Պատասխանատու եղան նրանք, ովքեր բարոյական նյութական, մարտական պարտականություն չստանձնեցին, թշնամու ուժը տկարացնելու, ձախձախելու գործում բաժին չունեցան: Պարտաճանաչ էր միայն նա, ով անցյալում էր իր պարտականությունը կատարել:

Գլուխ ԺԱ - Ճշմարիտ իրականությունը և պատասխանատվությունը[խմբագրել]

Մեր պատմության ուրախ ու տխուր օրերում ո՞վ է եղել իսկական Հայը, իր պապերի հարազատ ժառանգորդն ու նրանց գործը շարունակողը. Նա, ով հայ իրականության համապատասխան դիրք է բռնել, պատասխանատվություն ստանձնել և իր բաժին պարտականությունը կատարել: Մենք եղանք այն ուժերից մեկը, որ թրքական պետությանը կործանման հասցրինք և Ասիայի քարտեզից ջնջելու վիճակին ենթարկեցինք: Չհուսահատվենք, քաջարի լինենք, պարտականություն կատարենք: Մենք փրկված ենք: