Հուշերի ստվերները չորեքթաթ տալով
բարձրանում են դեպի գագաթները։ Եվ
անծանոթ արահետները
իրար շարունակում են շնագայլերի անուրախ վազքով։
Ջրերի խորքերում
մարել են
հեռավոր ճիչերը։
Ծխախոտի մնացուկից Աբովյանի (գուցե եւ ինքն իրենից
դուրս հայտնված արեւի ցոլքից)
հանկարծակի բռնկվել են Մասիսի ձյուները։
Պատգամավորական մանդատները պատգարակներ են,
որոնց վրա ժամանակը
ասպարեզ է բերում կերածխմածության ծանր քաշայիններին։
Եվ քվեաթուղթը երեսի հաստ կաշի է հիշեցնում։
Երկրի քարերը բամբակի նման մարմանդ վառվում են՝
անհամբեր բոցը մշտապես դեպի իրենց ներսն արած։