Jump to content

Պատկերին տղան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՊԱՏԿԵՐԻՆ ՏՂԱՆ

Սովորություն մը իր տարօրինակության մեջ անողոք ըսվելու և հռչակվելու աստիճան ընթացք առած՝ այս վերջին քանի մը տարիներուն, տեղացի մեր աղջիկները անստույգ բախտախաղի մը զոհերը կպահե, որուն առջևն առնելու հնարավորությունը ես ալ խելքովս չէի կրնար ծրագրել, ուրիշի գյուտին վրա ալ հավատք չունիմ։ Երկրին տղաքը հայտնի է, թե ո՛ւր հաստատվեր են և ուսկե ձեն կուտան, ու անոնց ետևեն ան նոր գացողներն ալ ինչքան փութկոտ էին, որ հիմա նույնիսկ եղանակին բուքն ու քամին ալ բանի չի դնելով, օր առաջ լեռն անցնիլ ու տեղ հասնիլնին կնային։

Թե ինչո՞ւ կերթան, կամ աս նորերն ալ ինչո՞ւ ելեր կհեռանան, որոնք ետևնին ալ չնայելու համար շատերը ամբողջ ընտանիքով կճամփորդեն, առայժմ մնային ասոնք, ու դուք միայն ժամանակ գտնելով սա դողդողացող մատիս հետևեցեք, որ այն կողմը կպարզեմ «որչափություն» մը հասկցնելու համար։

Տուները պարպված են, կպարպվին, այսօր ամայացած վանդակներու ձևը առած են, որ վաղը իրենց տեղերուն վրա անպետ հողակույտերու վերածվին, ու դաշտն ալ, ուրիշ կողմ մը, փուշով ու տոշկուկով ծածկված ու կորդացած մողեսներուն փորին տակը խշխշա: Բայց դեռ աս չէր ըսելիքս։

Երկրեն նախ օրով բաժնվողները, որոնք հոն ամերիկյան միսի մը վրա ակռա չի կրնալով բանացնել, անոր հետ չամուսնանալու շատ մը բարդ պատճառներ կունենան եղեր, գոնե ինչպես իրենց գրածներեն կիմացվի, գրեթե միշտ անոնք են կամ անանկներու մեջեն այն ծեր երիտասարդն է մանավանդ, որ գործավորի իր հաշմած մարմնին դիմացկուն հենակ մը ապահով ըլլալու համար, որ քիչ մըն ալ գիտցված սիրուն ձուկ մը ըլլար, խելք կընե, անկե հոս մինչև, ոսկի կարթ մը կնետե, կարթ մը ոսկիե, անով շատ անգամ կհաջողի ճիշտ իր ուզածին ու նշան ըրածին հոգիեն բռնած ըլլալ, եթե սակայն կարող զայն մինչև վերջը իր ձեռքին մեջ կամ իր բարձին վրա պահել։

Խոսքս վեպի մը ստվերոտ մթամածութենեն ազատ պահելու համար կստիպվեի հոս քիչ մը կանգ առնել: Ամերիկայեն Խարբերդ նշանվիլ ուզողը հոս իր ծնողքին, թե չուներ այս, իր ազգական ծանոթներեն մեկուն անունին կարևոր գումար մը հանելով, ճամփու ու նշանտուքի ծախսերուն օգտելու չափ գումար մը – կարտոներ զայն, որ բնավայրին թարմագեղ կուսություններեն հատի մը փնտռտուքն ըներ, ու անոր հետ օր առաջ ճամփա իյնար, եթե ինք չէր կրնար երթալ, ուրիշի մը հետ խրկեր ան բռնված ձկնիկը։ Ուզածին պես, ուզածեն ալ ավելի։ Հավնվելիք հարսնացուն աս տունը եթե չկար, ան դռան ետևը անպատճառ երկուքը, երեքը մեկտեղ կգտնվեին: Բաղնիքը, եկեղեցին, որբանոցները, աղջկա պես ապրանքի մը ճոխ ցուցադրավայրերը, հազարներ կային, որ հովիտներու շուշանի պես ծաղկեր են ու այսօր վաղը դաշտի կակաչներուն պես պիտի խամրեին։ Մեկ օրեն մյուսը՝ ուշ ալ չպիտի մնար բանը, դուռ մը կբացվի, աղջկա խնդրակը՝ կին մը, կամ կնկան հետ էրիկ մըն ալ ներս կմտնեն. բազմոցի վերին անկյունը անոնց տեղ կցուցվի, ընդունելության պայմանագրական կետերեն բան մը չպիտի մոռցվեր: Մարդիկը առեր ու նստեր են, անոնց հետևը խնձոր ալ խրկվեր, չէին գար, հարգանքի իմաստով աս փաղաքուշ խոսքն ալ տանտիրուհիին առաջին խոսքը կըլլա։ Ան օրը դեմինին հետ բանակցությունը որոշ գույնի մը մեջ ապահովելու համար, տղուն կողմե այն կնիկը՝ մայր կամ ազգականուհի, անանկ ալ անուշ շառլաթանություններ կստեղծեն ու կարժեցնեն, որ օձը ծակեն դուրս քաշելու չափ հզոր հմայք մը կունենան։ Տղան հոն լորտ մըն է եզեր, աղան հոն շաբաթը այն ինչ չափով վաստակող մը, շատ հարուստներ աղջիկնին վրան կձգեն եղեր, բայց ինք հարյուրներուն մեջ մեկ հատիկ խելացին, անոնց բոլորը մերժելու խոսքով, իր ուզածը անպատճառ իր երկրեն տարված մը պիտի ըլլի եղեր։ Մայր կամ ազգականուհի, անգամ մըն ալ ան իրենցինին լուսանկարը քշելով ձեոքը աղջկան տերերուն, տարիքն ալ կավելցնե, քսանութը անցուկ՝ բայց դեռ քսանինը չըսվիր: Թոսունի պես ճահիլ մը, որ իր պոսին աչքին լույսն է եղեր…

Պատկերին տղան, այն որ ութը, ինը տարի առաջ, աս տեղեն գնալու առույգ օրերու լուսանկարն է եղեր խրկածը անամոթ խորամանկությունով մը, իրավ որ հենց առաջին հարվածով քիչ շլացուցիչ չերևար։ Այն ինչ պերճանք է, որ մեկ թևին վրա քոթն ու քեբը կկրե, մյուս ձեռքն ալ սիրուն գավազան մը բռնած՝ փարթամի հով մը ունի, սքանչելի է, նայողին մինչև ըղունկներուն ծայրը անուշ սարսռունք մը կխաղա, ճակտին վրա գանգուրի սև փունջ մը ցնորեցուցիչ ոլորքով, կնոջական քնքշանք մը տվեր է դեմքին, որը կտրիճ առնականության մը գիծերն ալ միացնելով, մեռելին կուրծքին տակ ալ կրնա հանկարծ փոթորիկ մը հովել: Ու դեռ գեղեցիկ՝ ո՛րը չէ. աղվոր ինչ բանը չէ տղային։ Ձախ սրունքին բացվածքը հավակնոտ դիրքի մը մեջ, միայն աս երևույթը ասպետի կեցվածքով՝ ինքնին բավական պիտի ըլլար, որ զառամ պառավի մը հոգին անգամ զգալ մը կարագի պես հալեցներ: Թե այն ասպետը սակայն, պատկերին այն լորտ-ասպետը, իր այն չի տեսնված շքեղանքին մեջ, մեր երբեմնի Իսպիրենց Բիբի-Թումիկն է եղեր, որ հոս իր ոտքը կաղալու օրերուն, ճարը հատած՝ իր դարձիկ քիթը կքակեր ու կգործածեր, իրիկունն ալ սպառելով, որ փողոցը վարունգի կեղևներ ըլլային իր սնունդը, հիմա կըսենք, ատ չէր խնդիրը: Ան ատեն մարդերն ու բաները ինչ որ ըլլային, մեզ համար պատկերին լորտն է, ճենթըլմենն է խոսեցնողը: Այսպես հետզհետե աղջկան տիրուն լեզուն թմբուկը թողած ալ կարծես դըմպլիկ կզարնե հիմա, հավաներ են, աղջիկը երևան կելլե, անոր պոյին պոսին հետ, ակնարկ մը անոր աչքին ունքին վրա կպտտեցնեն, տարիքը կհասկնան, մազերուն հյուսքն ու հանկորցները կչափչփեն, երկու կողմերն ալ կատարյալ հասկացողության մեջ, մյուս օրը ահա հարսնացուին կուրծքը խաթ-խաթ ոսկիներու տակ՝ գեղին դեմ, քաղքին դեմ, բոլորին աչքը քիչ մըն ալ նախանձի խոստուկով լայն բացված իր վրա կպահե: Աղջկան ալ ուզա՞ծն էր ան եղած լմնցածը. - Ծնողքը քանի որ առաջին հավանողները եղած էին, անոր ո՞վ խոսք պիտի ձգեր: Կարթը ոսկի ըլլալու եզականությունովը՝ շատ անգամ նույնիսկ ծնողքներ իրենք են, որ զայն իրենց զավակներուն կուրծքին շուլլելու անգթությունը կգործեն: Թե մինչև հիմա այդ տեսակ ոսկի կեսի մը հրապույրովը քանիները եղան, որ հոս միամիտ արտորքով մը բերաննին առին զայն կամ առնել ստիպվեցան ու գացին հոն արինի լերդեր փսխեցին ու այն կուլ տվածնին դուրս բերեն ու չարաչար մահե մը ազատին, բոլորին ալ պատմությունը այդ միամիտ զոհերուն միտքս էր տակավին, երբ անցածները հատի մըն ալ հանդիպեցա, ականատես եղա ու չեմ գիտեր ինչպես, միտքս պահեցի:

— Ճամփու վրա խումբ մը կնիկներու կհանդիպիմ, որ թիկունքնին իրար կպած, քով քովի, դար վար գնացք մը կընեն, եկեղեցի կիջնեն, իմ ճամփաս անոնց հակառակ ուղղությունով ցից վերելք մըն է, ուր քիչ մը շունչ առնելու համար, բայց շատ ավելի այն կնիկներուն երևույթին անակնկալովը՝ կստիպվիմ մեկ քով ելլել, ես զիս հավասարակշռության մը կբերեմ, օրը կիրակի չէ. բայց այս խաթունները իրենց գլխու շալերուն տակ բավական մըն ալ լուրջ քայլվածքով կիրակեի աղոթավորներու ձևը ունեին։ Հետերնին աղջիկ մըն ալ կա, որ ճամփուն ու կնիկներուն ալ ճիշտ մեջտեղեն կքալե նազոտ ու քիչ մըն ալ թափթփուն, բոլորին գլուխը անոր կողմը շտկված կերնա, ամենքը անոր կհետևին, մեկը եթե մայրն է, կմտածես, մյուսներն ալ անոր ազգականի պես դեմքեր պիտի ըլլան անպատճառ։

Աղջիկը՝ խումբին թարմ աղվորությունը, պսակելո՞ւ կտանին կըսեմ, անգամ մըն ալ ես ինծի։ Պատրաստ մտածություն մը, բայց չեմ ապահովվիր։ Մեկը կճանչնամ քիչ մը, մեզի դրացի պիտի ըլչա, երկայն հասակով, միջին տարիքով կնիկ մը, ու գուցե ամենքեն շատ դյուրամատչելին անկե բան մը հասկնալու համար, կհարցնեմ, ու՛ր բարի այսպես, խաթուն. բոլորը երեսնին իմ կողմը կդարձնեն ու խոսողը այն մեկն է միայն,— ժամ… էֆ… աղջիկնիս կխրկենք, հիմա ժամ կտանինք, որ հաղորդ առնե, քիչ մը վերջն ալ առապաճիին հանձնենք պիտի, բայց սպասել որ անձրևը կտրեր գոնե։ Ան օրն ալ իրավ որ երկինքը փլեր՝ վար կուգար։

Եկեղեցիին ճամփուն վրա օդը կուլա, կնիկները կուլան, արցունք մըն ալ այն աղջիկը կքըմըտե իր տրտմանուշ աչքերեն։ Ես իմ ճամփուս կհետևիմ, այն մայրն ու այն ամենքն ալ իրենց արցունքներուն մեջ, եկեղեցի կերթան: Դեռ կնայիմ ետևս, թող տված են որ թափի ինչ որ կա վրանին, այնպես որ եթե իրարու այնքան մոտիկ կամ կռթնած չի քալեն, ճամփուն լայնքին վրա տակեն կտրված ծառներու պես պիտի շրջվին մեյ մեկ կողմ: Կմոռնամ վայրկենապես աղջիկը եկեղեցի առաջնորդող այն մայրն իր ցավին ահագնությանը մեջ, միտքս շատ ավելի այն ճամփորդ աղջկան վրա կպահեմ։ Ամերիկա խրկվելիք հարսնցու մըն է եղեր։

Կհասկնամ վերջապես թե` այն աղջիկն ալ իր կարգին կեռի մը բռնված ըլալու դեպքովն է, որ ճամփա ելեր է ու կերթա, որ հոն անծանոթ հեռավորության մը վրա իր պատրանքին մեջ խեղդվի։

Ամիս մը, ամիս ու կես անցնելե ետքը, երբ լեռներուն շարքը հատնի, երր իր 16-17 տարեկան աղջկա ծիրանի անուրջներովը օրորուն, կապույտ ջուրերեն անդին, նոր եզերք մը կոխե, երբ հոն երկինքեն նայի ու ալ իրենց երդիքին արևն ալ չտեսնե, խեղճ աղջիկը, մտածել վայրկյան մը թե՝ ինչպես հանկարծ ինքզինք իր ամբողջության մեջ շանթահարված պիտի զգա, հոն ծովափին վրա մեկը տեսնելով, որ իրեն ձեռք կկարկառե։ Տարիքը քառասունի մոտ ձախավեր դեմք մը, փոսն ինկած աչքերով երիտասարդ մը, որ ուղտի սապատ ունի, տասը տարի առաջ ծերացած ու մաշած գործավոր մը, ու ոչինչ ավելի։

Ծովափը իր նշանածը դիմավորելու եկած է։ Աղջիկը իրմե առաջ հասնող իր լուսանկարին իսկական նմանությունը՝ ճիշտ նույն հրեշտակն է ապահովապես, որը դեռ կրնա ծովերեն ծնած պաշտելի նայադ մըն ալ ըսվիլ. անամոթը, ի՞նք հապա — Այն աղջիկն ալ հիմա իրավունք չունե՞ր, որ բուն իսկ պատկերին տղուն կամ անոր պես մը որոշեր փնտռել։

1905