Jump to content

Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Հինգերորդ դպրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 229 ]

ԲՈՒԶԱՆԴԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

ԹՈՐԳՈՄԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՆ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐ


Գլուխ Ա.

ՊԱՊԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՀՈՒՆԱՑ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

ԳԱԼԸ, ԻՐ ՀԱՅՐ ԱՐՇԱԿԻ ԵՐԿՐԻՆ ՏԻՐԵԼԸ, ԵՎ ԿԱՄ ԹԵ ԻՆՉԻ ՈՐ

ՁԵՌՆԱՐԿՈԻՄ ԷՐ, ՆՐԱՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԷՐ[1]:

Այս բոլորից հետո Մուշեղը՝ Վասակի որդին, հավաքեց բոլոր մարդկանց ազնվական գնդերից, որքան որ մնացել էին, և նրանց հետ միասին գնաց Հունաց թագավորի մոտ, Հայոց աշխարհի աղաչական խնդիրը ներկայացրեց, պատմեց բոլոր տառապանքները, որ անցել էին նրանց գլխով, և կայսրից խնդրեց՝ Պապին՝ Արշակի որդուն, թագավոր դնել Հայոց աշխարհի վրա։ Հունաց մեծ թագավորը Պապին Արշակի որդուն, թագավորեցրեց Հայոց աշխարհի վրա, ինչպես նա նրանից խնդրեց, և մեծ օգնություն ցույց տվեց Հունաց թագավորը, Պապ թագավորի հետ Հայոց աշխարհն ուղարկելով Տերենտ անունով ստրատելատին և Ադե կոմսին վեց հարյուր բյուր զորքով։

Եկան հասան Հայոց աշխարհը, Մուշեղը դառնում է Հայոց զորավար-սպարապետ իր հոր՝ Վասակի փոխանակ։ Եվ Հայոց աշխարհի բոլոր այն մարդիկ, որոնք ցրվել, փախել, թաք էին կացել, գալիս, մի տեղ էին հավաքվում։ Եվ թագավորն ու [ 230 ]աշխարհի բոլոր մարդիկ, մեծ ու փոքր գավառների տերերը փնտրում էին Ներսես մեծ հայրապետին։ Նրանք հավաքվելով փնտրում էին ներսես մեծ կաթողիկոսին, որովհետև գիտեին, որ նա կարող է աղոթք անել և աստծուց խնդրել Հայոց ամբողջ աշխարհին շենություն ու փրկություն թշնամիներից, որովհետև ինչ որ նա աստծուց խնդրեր, աստված նրան տալիս էր, բացի սրանից, նա իր իմաստությամբ կարող էր իրենց օգտակար խրատներ տալ։ Ուստի կարևոր էին համարում փնտրել գտնել այն մարդուն, որ կարող էր նրանց օգտակար, իմաստուն խրատներ շնորհել և ըստ ժամանակի հանգամանքների օգտակար խորհուրդներ տալ, որոնցով կարողանային իրենց առջև եղած ճանապարհով ընթանալ։

Ապա ինքը՝ Պապ թագավորը, գնում փնտրում գտնում է ներսես եպիսկոպոսապետին Հայոց ավագանու հետ, աղաչում է նրան, որ հայր լինի բոլոր հայերին, օգտակար խրատներով առաջնորդի և իրենց համար աստծուն խնդրվածք անի։ Մեծ ջանքերով հազիվհազ նրան համոզեցին, որ նրանց հետ արքունական բանակը գնա, որովհետև դեռ Գնելի մահվան ժամանակից մինչև Պապի թագավորության այդ ժամանակը նա արքունական բանակը չէր գնացել։ Իսկ այդ ժամանակ մեծ աղաչանքներով նրան իրենց հետ տարան արքունական բանակը։ Եվ նա նրանց վերակացու և խրատատու եղավ, կարգադրող ու առաջնորդ, և նրանց համար միշտ աստծուն խնդրվածք էր անում, առաջնորդում էր իմաստությամբ, միշտ մասնակից էր նրանց հոգսերին, վշտերն ամոքում էր աղոթքներով և ամենքի համար ամեն բանով իբրև հայր էր երևում։

Այնուհետև Մուշեղ սպարապետը կարգի է բերում, կազմակերպում է Հայոց զորքերի բոլոր գնդերը և զորահանդես է կատարում բոլոր զորքերին, որ նրա ձեռքի տակ հավաքվեցին, թվով տասը հազար։ Եվ կազմակերպված՝ պատերազմի համար սպառազինված գնդերի զորահանդեսը ծածանվող դրոշակներով, բացած նշաններով, բերում հանդիսավոր կերպով ցույց է տալիս իրենց Պապ թագավորին, Ներսես մեծ քահանայապետին և Տերենտ ու Ադե Հոլնաց զորագլուխներին։ Եվ Հայոց Պապ թագավորը մեծ շնորհակալություն է հայտնում Մուշեղ զորավարին ու մեծամեծ պարգևներ շնորհում։ [ 231 ]նույնպես նրանից շնորհակալ են լինում Հոռոմոց զորագլուխները։ Ներսես եպիսկոպոսապետն ևս օրհնում է Մուշեղ զորավարին և ասում է. «Տեր Քրիստոսը քեզ օրհնի, քեզ հաջողություն տա, քեզ հաղթություն շնորհի քո ամբողջ կյանքում, քո ձեռքով, քո տոհմի ձեռքով նա փրկի Հայոց աշխարհը մինչև հավիտյան»:

Ապա Հայոց Մուշեղ զորավարը գունդը կազմակերպեց, պատրաստեց և այս Հայոց գնդով իբրև առաջապահ գնաց Պապ թագավորից ու Հունաց կայսերական գնդից առաջ: Ապա Դարանաղյաց գավառում Մուշեղը հարձակում է գործում՝ երբ իբրև առաջապահ գալիս հասնում է Հայաստանի միջնաշխարհը. այստեղ Մուշեղն սպանում է Պարսից Զիկ և Սարեն զորագլուխներին, բոլոր զորքերը սրի բերան է տալիս, կենդանի չի թողնում ոչ ոքի, և մինչև բուն սահմանը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը գրավելով պահում է:

Եվ Հայոց Պապ թագավորը եկավ մտավ Հայոց աշխարհը ու թագավորեց նրա վրա, նա առավ բոլոր այն ամուր բերդերը, որ գրավել էին պարսիկները, տիրացավ և Դարոնք բերդին Կոգի երկրում, որտեղ պահվում էին Արշակունիների գանձերը շատ մեծ քանակությամբ, որովհետև բերդապահները հավատարիմ մարդիկ էին։ Քանի որ թեպետ այն ժամանակից ի վեր, երբ Հայոց Արշակ թագավորին Պարսկաստան տարան, շարունակ պարսիկները կռվեցին այդ բերդի դեմ, սակայն չկարողացան առնել, մինչև որ Պապ թագավորր եկավ Հայոց աշխարհը, և գանձն ամբողջապես հասավ Պապ թագավորին։ Իսկ Հունաց զորքերը (տեղավորվում էին) Եռանդում և Բախիշում և բաշխում էին Հայոց աշխարհի բոլոր գավառներում, բայց միայն չարագործ Մերուժանը փախչում է մի ձիով:

Եվ Հայոց Մուշեղ զորավարը շրջում է երկրում. ավերում է Մաղդեղական ատրուշանները, և մազդեզականներին, որոնց որ բռնում էին, Մուշեղ սպարապետը հրամայում է բերել կրակով խորովել։ Եվ բերդերի շատ բերդապահների չարաչար մահով սպանում էին. և շատ պատվավոր ազնվականների, որոնք Պարսից թագավորից պատիվ էին վայելում, ձերբակա— [ 232 ]լում էր Մուշեղը, մորթերը հանել էր տալիս, խոտով լցնել և պարիսպների վրա կանգնեցնել էր տալիս։ Շատ տեղերում այսպես էր նա անում՝ իր հոր՝ Վասակի վրեժն առնելու համար։

Շինում էին թշնամիներից ավերված բոլոր տեղերը, եկեղեցիները նորոգում, և թագավորությունը հետզհետե նորոգվում էր, և գործերը կամաց-կամաց կարգի էին ընկնում, հաջողվում էին։ Իսկ սուրբ Ներսեսը՝ իմաստուն հայրապետը, առաջնորդում, լուսավորում էր, խրատում ու կարգավորում, շինում էր աղքատների համար ապաստարան, ինչպես ի բնե սովոր էր. կարգավորում էր և թագավորության վիճակը ամենաբարի կարգերով, ինչպես տեսել էր հին թագավորների Ժամանակ։ Մանավանդ նա բարեկարգեց եկեղեցական պաշտամունքի, եպիսկոպոսների, քահանաների ու սարկավագների կարգը. եկեղեցիների և վկայանոցների շենքերը ամբողջապես նորոգեց ու բարեկարգեց։

Հայոց Մուշեղ զորավարը իր թագավորի՝ Պապի հրամանով կազմում է իր գունդը, գնում է երկրի սահմանագլուխը և այնտեղ մնում է՝ զգուշությամբ սահմանները պահելու, երկիրը պահպանելու համար։


Գլուխ Բ

ՀԱՅՈՑ ՄՈԻՇԵՂ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԶԱԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ

ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ ԵՎ ՍՈՍԿԱԼԻ ՀԱՐՎԱԾՆԵՐՈՎ ՋԱՐԴ ՏՎԵՑ

ՆՐԱՆ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ՇԱՊՈԻՀԸ ՄԻ ՁԻՈՎ ՃՈՂՈՊՐԵՑ:

Ապա Վասակի որդի Մուշեղը՝ Մեծ Հայքի սպարապետը, ընտրեց քառասուն հազար ընտիր և հավատարիմ մարդիկ ազնվականներից ու ազգականներից, միաբան և միակամ, պատրաստեց նրանց համար ձի, զենք, ուտեստ, և իր հետ առնելով գնաց Ատրպատականի սահմանում նստեցի Հայոց աշխարհը պահպանելու համար։ Նույն ժամանակ Պարսից Շապուհ թագավորն էլ իր զորքով ամենայն պատրաստությամբ եկավ Ատրպատական աշխարհը, և նրա բանակի մի [ 233 ]գնդի առաջնորդն էր Մերուժանը, իսկ թագավորի բուն գունդը մնաց Թավրեշում։

Եվ Հայոց զորավար ու սպարապետ Մուշեղը իր քառասուն հազարով գալիս հարձակվում է (Շապուհի) բանակի վրա ու կոտորում է բոլորին։ Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախչելով ճողոպրում է, իսկ բանակի ամբողջ բազմությունը սրի է անցկացնում Մուշեղը Հայոց զորքով։ Շատերին կոտորեցինք Պարսից ավագներից շատերին ձերբակալեցին, ավար առան Պարսից թագավորի գանձերը, բռնեցին նաև տիկնանց տիկնոջը՝ մյուս կանանց հետ միասին։ Մուշեղ սպարապետը ձեռք գցեց նաև ամբողջ մաշկավարզանը[2], իսկ մոտ վեց հարյուր ավազների Հայոց Մուշեղ զորավարը հրամաքեց մորթազերծ անել, մորթերը հանել ու խոտով լցնել, և ապա բերել տվեց Հայոց Պապ թագավորի մոտ։ Այսպես էր նա անում իր հոր՝ Վասակի վրեժն առնելու համար։

Բայց Պարսից Շապուհ թագավորի կանանց որևէ անարգանք հասցնել թույլ չտվեց Հայոց Մուշեղ զորավարը, այլ հրամայեց բոլորի համար ժանվարներ պատրաստել և նրանց բոլորին ազատ արձակեց իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից։ Պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ, իսկ Պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարության, քաջության և ազնվության վրա, որ իրեն ոչ մի ան արգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ։ Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «Ճերմակա ձին թող գինի խմի»։

Իսկ Մուշեղը և Հայոց բոլոր զորքերը Պարսից բանակի ավարն առան ու լիացան գանձերով և ստացվածքներով. ավարից մեծ բաժին պահեցին իրենց Պապ թագավորի համար, [ 234 ]նույնպես և Հայոց այն զորքերի համար, որ մնացել էին Պապ թագավորի մոտ: Ավարից մաս հանեցին նաև Հունաց զորավարների համար, որոնք Պապ թագավորի մոտ էին, այնպես էլ բոլոր զորքերին բաժինն էին հանում բերած ավարներից։

Բայց երբ Հայոց զորքերն իրենց երկիրը դարձան, Հայոց զորքերից շատերը Պապ թագավորի առաջ ամբաստանեցին Մուշեղ սպարապետին, թե ինչո՛ւ նա ազատ արձակեց Պարսից թագավորի կանանց, որ մեր թշնամին է. և Հայոց Պապ թագավորը այս բանի պատճառով երկար ժամանակ ոչ քիչ թշնամությամբ էր վարվում Մուշեղի հետ։


Գլուխ Գ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ

ՀՐԱՄԱՅԵՑ ՆՐԱՆ ՍՊԱՆԵԼ:

Ապա Պապ թագավորին պատմեցին այն վիրավորանքների մասին, որ Հայր մարդպետը հասցրել էր Պապ թագավորի մորը՝ Փառանձեմ տիկնոջը, այն անարգանքների, որ նա հասցրել էր Փառանձեմին բերդում պաշարված ժամանակ. որովհետև այդ ժամանակ նա բերդը մտավ գաղտնի, ինչպես մի բոզի անարգեց տիկնոջը և դուրս եկավ ու փախավ։ Այս բոլորը պատմեցին թագավորին։ Արդ՝ երբ Հայր մարդպետը շրջում էր իր իշխանության մեջ Տարոն գավառում, և Մուշեղն էլ նույն գավառումն էր, իր Ողական կոչված ամրոցում, Եփրատ գետի վրա, Պապ թագավորից դեսպան եկավ Հայոց Մուշեղ զորավարի մոտ և բերեց նրան մի հրովարտակ։ Հրովարտակում հրամայված էր Մուշեղին, որ չարաչար մահով սպանի Հայր մարդպետին։ Այս հրամանն ստանալով՝ (Մուշեղը) նենգությամբ մարդ է ուղարկում Հայր մարդպետի մոտ և հրավիրում է նրան իր մոտ Ողական ամրոցը՝ մեծարանքի համար։ Ձմեռվա ցուրտ օրեր էին, և Եփրատ գետը սառել էր։ Հայր մարդպետը, մեծարանքի հրավիրվելով՝ եկավ մտավ Ողական բերդը։ Եվ Մուշեղ զորավարը զորքին հրաման տվեց նրան բռնել, մորեմերկ անել, ձեռքերը ծնկների ներքև կապել, գետն իջեցնեք և դնել գետի սառույցի վրա։ Այնտեղ էլ սատկեց։ Մյուս օրը գնացին տեսան, որ ցրտից գլխի ուղեղը [ 235 ]քթից դուրս է թափվեր Նրա փոխարեն Հայր մարդպետի պաշտոնին (նշանակեցին) Դգղակ անունով մեկին, որ մի անգամ արդեն Արշակ թագավորի կամ նրա հոր Տիրանի ժամանակ վարել էր նույն մարդպետության պաշտոնը։


Գլուխ Դ

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ ԲԱԳՐԱՎԱՆԴ

ԳԱՎԱՌԻ ԲԱԳԱՎԱՆ ԱՎԱՆՈԻՄ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ

ՀԱՐՍԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ:

Սրանից հետո Պարսից թագավորը նորից զորահավաք է կատարում և իր ամբողջ ուժով ու զորությամբ և բոլոր զորքերով շարժվում գալիս հասնում է Ատրպատական աշխարհը։ Ինքը քիչ զորքերով մնում է այնտեղ, իսկ զորքերի ամբողջ բազմությունը պատերազմի է ուղարկում Պապ թագավորի դեմ։ Պարսից գորքը գալով ասպատակում է և հասնում մինչև Հայաստանի միջնաշխարհը։ Այն ժամանակ Հայոց Պապ թագավորն էլ հրամայում է զորաժողով անել Բագավանում։ Հունաց զորքն էլ, որ գտնվում էր Եռանդում ու Բախիշում, եկավ, միասին հավաքվեցին Պապ թագավորի մոտ, իրենց բանակի շուրջը փոս կտրեցին Նպատ լեռան մոտ, Եփրատ գետից ոչ հեռու. կազմակերպվեցին, պատրաստվեցին ճակատամարտի։

Ահա Հայոց զորավար Մուշեղ սպարապետր հավաքում է Հայկական ամբողջ զորքը. ավելի քան իննսուն հազար մարդ կազմակերպվեցին, պատրաստվեցին։ Իսկ երբ Պարսից Շապուհը իր զորքերը դասավորում է Հայոց աշխարհի և Հունաց զորքերի դեմ, այնտեղ՝ Պարսից թագավորի մոտ է լինում Աղվանից Ուռնայր թագավորը։ Արդ՝ Ուռնայրը առաջ է գալիս և Պարսից Շապուհ թագավորից պարգև է խնդրում՝ ասելով. «Այրերի մեջ քաջ, եթե կամենում ես, ինձ իբրև պարգև հրաման տուր, որ Պապ թագավորի հայկական զորքի դեմ ես ինքս դուրս գամ իբրև առաջապահ կռվող իմ գնդով, որովհետև Արյաց գնդին պատշաճ է Հունաց զորքերի դեմ դուրս գալ, իսկ ես իմ գնդով Հայոց իշխանների դեմ դուրս կգամ»։ Եվ Շապուհ թագավորը հավանություն տվեց, շնորհակալու[ 236 ]թյուն հայտնեց ու հրաման տվեց։ Բայց Մերուժան Արծրունին պատասխան տվեց ու ասաց Ուռնայրին, «Դու գազ ղրկեցիր» շատ զարմանալի կլինի» եթե հավաքել կարողանաս»։ Եվ Մերուժանը մի մարդու միջոցով գաղտնապես լուր ուղարկեց Հայոց Մուշեղ զորավարին, «Գիտցի՛ր և պատրաստվի՛ր, Մուշեղ, որ Աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ պարգև է խնդրել։ Նայի՛ր, թե ինչ պիտի անես»։

Բայց մինչ Պարսից զորքերը չվում գալիս էին Հայոց վրա, նրանց հետ էր և Աղվանից Ուռնայր թագավորն իր գնդով։ Աղվանից թագավորը խոսում է իր մոտ եղողների հետ և ասում, «Ձեզ այժմվանից հիշեցնում եմ, որ մտքներում պահեք, երբ մենք Հունաց զորքերը ձերբակալենք, նրանցից շատերին կենդանի թողեք, որպեսզի կապենք ու տանենք Աղվանք և իբրև կավագործ, գալատոս և որմնադիր աշխատեցնենք մեր քաղաքների, ապարանքների և ուրիշ պիտույքների համար»։

Երբ Պարսից և Հունաց երկու գնդերը եկան իրար մոտեցան և պատրաստվում էին կռվի, Հայոց Պապ թագավորն էլ զինվեց ու պատրաստվեց ճակատամարտի մեջ մտնելու։ Բայց Տերենտը՝ Հունաց զորավարը, թույլ չտվեց, որ Պապ թագավորը կռվի մեջ մտնի։ Նա ասաց, «Հունաց թագավորը մեզ ուղարկեց քեզ համար, թե գնացե՛ք նրան պահպանեցե՛ք։ Արդ՝ եթե քեզ մի բան պատահի, մենք ի՞նչ երեսով պետք է տեսնենք մեր թագավորին կամ ի՞նչ պիտի պատասխանենք։ Եթե մենք այստեղ առանց քեզ կենդանի մնանք ու մեր թագավորի մոտ հասնենք, մենք գլխապարտ կմնանք մեր թագավորի առաջ։ Դու, արքա, արա՛, ինչ որ ասում ենք քեզ, ա՛ռ Ներսես եպիսկոպոսապետին, գնա՛ Նպատ լեռը, մի ամուր անվտանգ տեղ նստի՛ր, և թող սուրբ Ներսես եպիսկոպոսապետը աղոթք անի և խնդրի աստծուց, որ մեզ հաղթություն տա։ Այնտեղից բարձրից կնայես և կտեսնես մեր ջանքերն ու աշխատանքը պատերազմի ընթացքում, ամեն մեկի քաջությունն ու երկչոտությունը, որ քո առաջ կկատարվեն»:

Պապ թագավորը համաձայնվեց այս խոսքերին, իր հետ վերցրեց Ներսես քահանայապետին և ելավ նստեց Նպատ լեռան վրա, իսկ Հունաց ու Հայոց զորքերն իջան պատերազմի [ 237 ]տեղը։ Ապա եկավ նաև Հայոց զորավար-սպարապետ Մուշեղը, բերեց եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ իր դրոշակներն ու զենքը, որ օրհնի, և ինքը այնուհետև իջնի պատերազմի։ Այս ժամանակ Պապ թագավորը հիշեց հին զրույցներն ու ասաց. «Ես Հիշեցի, որ Մուշեղը բարեկամ է Պարսից Շապուհ թագավորին։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Պարսից Շապուհ թագավորի կանանց ազատ արձակեց ժանվարներով ու պահապան վաշտով։ Այն էլ եմ լսել, որ պարսիկների հետ բանակցություններ ունի։ Թող նա պատերազմ չմտնի»։

Այդ ժամանակ Հայոց զորավար Մուշեղը մեծ քահանայապետ Ներսեսին Պապ թագավորի մոտ բարեխոս է դարձնում։ Իսկ Պապ թագավորն ասում է Ներսես քահանայապետին. «Դու մի՛ բարեխոսիր, որովհետև հենց որ իջնի, Պարսից զորքերին կմիանա»։ Բայց (Ներսեսը) ավելի ու ավելի է բարեխոսում։ Եվ որովհետև այդ ժամանակ թագավորը նրա ոչ մի խոսքից չէր անցնում, ասաց Ներսեսին. «Թող քո կամքը կատարվի, բայց նախ պահանջի՛ր քո աջի վրա երդվել, որ մեզ չի դավաճանի, հետո արձակի՛ր, որ գնա պատերազմի»։ Հետո Մուշեղին կանչեցին թագավորի առաջ, նա եկավ երկրպագեց թագավորին, հետո Ներսես եպիսկոպոսապետի աջը բռնելով երդվեց։ Նույնպես բռնեց Պապ թագավորի ձեռքը և երդվեց՝ ասելով. «Ես կապրեմ ու կմեռնեմ քեզ համար, ինչպես իմ նախնիները քո նախնիների համար, ինչպես իմ հայրը քո հոր՝ Արշակի համար, ես էլ նույնպես (կմեռնեմ) քեզ համար, միայն թե չարախոս մարդկանց չլսես»։

Այնուհետև Հայոց Ներսես քահանայապետը նրան օրհնեց մեծ օրհնությամբ, իսկ Հայոց Պապ թագավորը հրամայեց իր ձին ու նիզակը մատուցել Մուշեղ քաջ զորավարին։ Բայց նա չառավ. «Ես, արքա՛,— ասաց նա,— իմ ունեցածով կգործեմ, իսկ հետո ինչ էլ որ տալու լինես, քո հրամանի տակ եմ»։ Բերեց իր դրոշակն ու զենքը Ներսեսի մոտ, որ օրհնի։ Այնուհետև նա ձի հեծավ, իր գնդով Հայոց զորքի ճակատը հարդարեց Հունաց զորքի աջ կողմում և աջ թևում առաջ շարժվեց:

Իսկ Պապ թագավորն ու Ներսես եպիսկոպոսապետը կանգնած մնացին Նպատ լեռան վրա, և սուրբ Ներսեսը իր մշտատարած ձեռքերը երկինք բարձրացնելով խնդրում էր տիրոջից, [ 238 ]որ խնայի իր (հավատացյալների) ուխտին և իր սուրբ եկեղեցիներին, որ ստացել էր իր պատվական արյունով. իր ժողովուրդը չմատնի անաստված հեթանոսների ձեռքը, երբեք հեթանոսները չասեն, թե ու՞ր է նրանց աստվածը։

Մինչդեռ նա աղոթում էր աստծուն, Հայոց ամբողջ զորքերի ճակատը կրակի նման գնում էր Պարսից զորքերի դեմ, իսկ Մուշեղի գունդը բոլոր մյուս գնդերից առաջ անցնելով՝ շտապ-շտապ գնում էր. այնպես որ մինչև թագավորը նայում էր, այլևս նրա աչքից թաքնվեց, և Մուշեղի դրոշակներն այլևս չէին երևում թագավորին։ Երբ նրա դրոշակները դադարեցին երևալ, Պապ թագավորը դարձավ Ներսեսին աղաղակելով. «Դու ինձ արմատախիլ արիր, ինձ այրեցիր, ես ասում էի, թե այդ մարդուն պատերազմի մի ուղարկիր. ահա նա գնաց, Պարսից զորքերի հետ միացավ և մեզ մեծ վնաս կհասցնի»։ Ներսես եպիսկոպոսապետն ասաց. «Այդպիսի բան մի մտածիր, թագավոր, նա մեզ չի դավաճանի, դու ինքդ կտեսնես այն քաջությունը, որ ծառա կգործի քո առաջ»։

Իսկ Պապ թագավորը շատ թախանձում էր Ներսես եպիսկոպոսապետին՝ ասելով. «Շատ աղոթք արա, աստծուն աղաչիր, քանի դեռ կռիվը շարունակվում է»։ Երբ շատ ձանձրացրեց, Ներսես եպիսկոպոսապետն ասաց Պապ թագավորին. «Եթե քո սիրտը դարձնես դեպի տերը, նա կգթա քեզ վրա և մեր երկրի վրա. եթե քեզ մաքրես քո պիղծ գործերից, քեզ նա կընդունի, ձեռքից քեզ բաց չի թողնի և քեզ թշնամիներիդ ձեռքը չի մատնի, իսկ ես ո՞վ եմ, որ դու ինձ աղաչում ես, իբրև թե ես, մի ողորմելի մարդ, կարող եմ աստծուն աղոթք անել, որ նա իր կամքից ետ կենա, իր կամեցածին հակառակ վարվի։ Որովհետև նա է, որ ամեն ինչ ոչնչից ստեղծեց, որ ամբողջ տիեզերքը իր բնակիչներով իր ձեռքում պահում է ինչպես մարախ։ Նա երկինքը թզով չափեց և ամբողջ երկիրը իր քիլով, լեռները կշեռքի առավ, դաշտերը կշեռքի մեջ դրեց։ Նա իմացավ իր հոր իմաստությունը և նրան խորհրդակից եղավ, որ և հոր հետ վճռում է բոլոր դատաստանները։ Դե՛ռ այժմ էլ արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը դրել է կշեռքի մեջ և դեռ կշեռքը վեր բռնած ունի, և նայած թե մեղքերի կշեռքը որ կողմը կհակվի ամեն մի մեղ[ 239 ]թի ծանրությամբ, ըստ այնմ էլ կդատի իր արարածներին։ Որովհետև նա գիտե իր արարածների գործերի չափը և ամենքին կհատուցի իրենց գործերին համապատասխան, որովհետե ներկայումս ժամանակն է նախատելու, հանդիմանելու և դատելու, որովհետև ներկայումս ոչ թե մարդիկ են դուրս եկել միմյանց դեմ ճակատելու և պատերազմելու, այլ դատավորների դատավորն է վեր կացել երկիրը դատելու։ Ուրեմն այս ժամը դատաստանի ժամանակն է։ Ո՞վ կհամարձակվի այս ժամին իր բերանը բանալ նրա առաջ, կամ ո՞վ է, որ տիրոջ միտքը գիտե և դեռ խրատ էլ կտա նրան. որովհետև ամեն ինչ նրանից է և նրանով է, և նրան փառք հավիտյանս։ Որովհետև եթե տերը մեզ հատուցում է համաձայն մեր գործերի, մենք չենք կարող նրա կամքին դեմ գնալ և նրանից որևէ բան խնդրել, այլ պետք է ասենք. «Իրավացի կերպով այս բոլորը մեզ վրա բերիր. արդար ես դու, տե՛ր, և բոլոր քո գործերը ճշմարիտ են: Քո ճանապարհներն ու բոլոր դատաստաններն ուղիղ են, որովհետև մեր նկատմամբ արդար դատաստան արեցիր ըստ ամենայնի, արդարությամբ և իրավացիորեն կատարեցիր մեր մեղքերի համար։ Որովհետև մենք անիրավություն ու հանցանք գործեցինք և ապստամբվեցինք քո դեմ, ամեն ինչում մեղք գործեցինք և քո պատվիրաններին չենթարկվեցինք։ Պաս չպահեցինք և արարողություններ չկատարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ, որմենք քեղանից բարիք գտնենք։ Արդ այն ամենը, ինչ. որ կատարեցիր և ինչ որ մեղ վրա բերեցիր, արդար դատաստանով կատարեցիր և որովհետև քո դատաստանները հաճելի են։ Արդ՝ մեզ մի՛ լքիր իսպառ, քո անվան համար, փրկի՛ր մեզ քո հրաշքների համար և փառավոր արա քո անունը, տե՛ր, որպեսզի չամաչեն նրանք, ովքեր քեզ հետ հույս են կապել. նրանց բռնությունները թող նվաստանան, նրանց ամբողջ զորությունը թող խորտակվի, ոչնչանա, որովհետև միայն դու ես տեր աստվածը, որ փառավորված ես ամբողջ տիեզերքի վրա։ Եվ ամեն բանում ամբողջովին միայն քո ամենազոր կամքը կկատարվի, որ հզոր ես, կարող և ամեն ինչում արդար, և սիրում ես ողորմալ նեղյալներին ու տագնապյալներին։ Դու ես իմանում մեր օգուտը, տե՛ր, և պատրաստում ես [ 240 ]մեզ համար, ինչպես որ քեզ հաճելի է։ Եթե նեղությունները մեզ օգտակար են, հաճախակի դարձրու, և եթե հաճեչի է քեզ ողորմությունը, շնորհիր մեզ։

Ինչպես որ տիրոջ կամքը երկնքում է, այնպես էլ թող կատարի: Եվ ինչ գավազանով էլ կամենաս մեզ խրատել, միշտ քո ձեռքում ենք։ Քավիր, տե՛ր, քո ծառաների այս անօրինությունները, մեղքերն ու հանցանքները։ Որովհետև ո՞վ է այն մարդը, որ քո հանդեպ հանցանք կամ մեղք չի գործում, ոչ ոք երկրի վրա արդար չէ, ո՛չ մեկը։ Դու ես միայն, որ առանց մեղքերի ես, և արդարությունը միայն քոնն է, դու մեզ ռչնչից ստեղծեցիր ու մեզ այս կենդանությանը արժանացրիր և մեզ ցույց ավիր կյանքի ու փրկության ճանապարհները և հողեղեններիս այսպես իմաստուն ու խոսուն ստեղծեցիր։ Եվ դարձար մեր փրկանքը, որպեսզի անմահության վիճակին հասցնես մեզ։ Հիշի՛ր քո եկեղեցին, որ քո սուրբ արյունով ստացար, և քեզ նվիրվածները շների ձեռքը մի՛ մատնիր. ամեն ժամանակ դու ողորմած ես, քո սրտմտությունն ու բարկությունը քո ուխտից հեռացրո՛ւ և փրկի՛ր քո եկեղեցին, տե՛ր աստված մեր»։

Այսպես, լեռան վրա կանգնած, այս և սրանց նման և էլ ավելի բաներ խոսեց (Ներսեսը), մինչ թագավորի հետ կանգնած էր լեռան վրա. բազմաթիվ ու տեսակ-տեսակ աղոթքներ էր անում մինչև երեկո՝ արեգակի մայր մտնելը, մինչև կռիվը վերջացավ։

Իսկ պատերազմի մեջ աստծու օգնությունը հասնում է հույներին, և հաղթություն է շնորհվում Հայկական գնդին։ Պարսից գնդերը պարտություն կրեցին, փախուստի դիմեցին և ցրվեցին, սփռվեցին դաշտերում, լեռների կատարներին, խորերում և ձորերում։ Նրանց հետամուտ էին լինում Հունաց և Հայոց զորքերը, հասնում կոտորում էին մեծ և փոքր առհասարակ. շատերից քչերը, որոնք լավ ձիեր ունեին, կարողացան փախչել։ Փախստականների ետևից էին ընկնում Հայոց զորքերը և շատերին կոտորում էին ճանապարհին, և այսպիսով Պարսից զորքերին հալածում էին մինչև Ատրպատական, Հայաստանի սահմանները։

Իսկ Մուշեղ Հայոց սպարապետը չարաչար կոտորում է [ 241 ]Պարսից զորքերը և աչք պահելով հանդիպում է Աղվանից գնդին ու բոլոր զորքերը ջարդում է. հասնում է Աղվանից Ուռնայր թագավորին, մինչդեռ նա փախչում էր։ Մոտենալով իր նիզակի կոթով երկար ծեծում է նրա գագաթը՝ ասելով. «Շնորհակալ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում. ես թագավոր մարդու չեմ սպանի, մինչև անգամ եթե շատ նեղն էլ ընկնեմ»։ Եվ թույլ տվեց նրան ձիավորների հետ փախչել գնալ Աղվանից աշխարհը։

Իսկ երբ Հայոց բոլոր զորքերը ետ դարձան, թիվ չկար ախոյանների այն գլուխներին, որ Հայոց Մուշեղ քաջ զորավարը բերել էր Հայոց Պապ թագավորի առաջ։ Այնպես էլ բոլոր նախարարներն ու մեծամեծները և ամբողջ զորքը, ամեն մեկն իր չափին։ Եվ մեծ հաղթություն եղավ Հայոց աշխարհի ու Հունաց զորքի համար։ Նրանք լիացան մեծ ավարով՝ գանձերով, զենքերով, զարդերով, ոսկով ու արծաթով, շատ կարասիներով, ձիերով, ջորիներով և ուղտերով, որ խլեցին (պարսիկներից)։ Ավարը շատ շատ էր. նրան թիվ ու չափ չկար։

Բայց Մուշեղ զորավարին մատնությամբ ամբաստանում էին Պապ մեծ թագավորի առաջ՝ ասելով. «Իմացի՛ր, արքա, որ խիստ նենգությամբ է վարվում (Մուշեղը) քեզ հետ և քո մահվանն է սպասում, որովհետև նա քո թշնամիներին շարունակ ազատ է արձակում. շատ անգամ իր ձեռքն է գցել թշնամիներիդ, բայց էլի ըստ սովորության արձակել է. որովհետև նա Ուռնայր թագավորին արձակեց և կյանք բաշխեց քո հակառակորդին, որ իր ձեռքումն էր»։ Այս պատճառով հաճախ գժտություն էր պատահում Պապ թագավորի և Մուշեղ զորավարի միջև և շատ անգամ այս պատճառով (Պապը) հանդիմանում էր նրան։ Իսկ Մուշեղ զորավարը պատասխան է տալիս Պապ թագավորին և ասում է. «Ես իմ ընկերներին՝ բոլորին կոտորեցի, իսկ նրանք, որ թագ էին կրում, իմ ընկերները չէին, այլ քո. ե՛կ, ինչպես ես իմ ընկերներին սպանեցի, այնպես էլ դու քոնոնց, բայց ես թագավոր մարդու վրա, որ գլխին թագ է կրում, ո՛չ ձեռք եմ մեկնել, ոչ մեկնում եմ, և ոչ էլ կմեկնեմ։ Եթե ուզում ես ինձ սպանել, սպանի՛ր, բայց ես, եթե երբևիցե մի թագավոր մարդ ձեռքս անցնի, [ 242 ]ինչպես շատ անգամ պատահել է, ես չեմ սպանի թագավոր մարդու, որ թագ է կրում, թեկուզ ինձ էլ սպանեն»։

Պապ թագավորը երբ այս խոսքերը լսեց, արտասվեց, գահույքից վեր կացավ, բռնեց Մուշեղին, փաթաթվեց նրան և լաց եղավ Մուշեղի վզին փաթաթված, ու ասաց, «Մահապարտ են այն մարդիկ,- որոնք հանդգնում են շար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու մասին։ Նա մի մարդ է, որ ծագումով մեզ չափ պատվական է, և սրա նախնիները մեր նախնիների նման էին. սրա նախնիները թողել են ճենաց աշխարհի թագավորությունն ու եկել են մեզ մոտ և ապրել ու մեռել են մեր նախնիների համար, սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ, և շատ անգամ աստված, մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու խնդրվածքներով, մեզ հաղթություն շնորհեց սրա ձեռքով և խաղաղություն մեզ տվեց։ Ինչպես են կարողանում ինձ ասել, թե Մուշեղը քո մահվանն է սպասում, սա արդարամիտ մարդ է. եթե սա օտար թագավորներին խնայեց իր ազնվականությամբ, ինչպե՞ս կարող է ձեռք բարձրացնել իր բնիկ տերերի վրա»։ Եվ ապա Պապ թագավորը մեծ պարգևներ ու պատիվներ և շատ գյուղեր է պարգևում Մուշեղ զորավարին:


Գլուխ Ե

ՄՅՈՒՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔՈԻՄ. ՆԱԵՎ ՈՒՌՆԱՑՐԻ ԼՈՒՐ

ՀԱՂՈՐԴԵԼԸ. ՀԱՅՈՑ ԳՆԴԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԵԼԸ:

Ապա Աղվանից Ուռնայր թագավորը գաղտնի լուր է ուղարկում Մուշեղին, նրա մոտ մարդ է ուղարկում և տեղեկություն է հաղորդում՝ ասելով. «Շատ շնորհակալ եմ քեզանից, որ ինձ չսպանեցիր. աստված ինձ քո ձեռքը տվեց, բայց դու ինձ խնայեցիր, այս քո լավությունը չեմ մոռանա, քանի կենդանի եմ։ Բայց իմաց եմ տալիս քեզ, որ Պարսից Շապուհ թագավորը պատրաստվում է բոլոր իր զորքերով անսպասելի կերպով հարձակվել քո վրա»։ Այն մա[ 243 ]մանակ Հունաց ստրատելատը կազմակերպեց իր ձեռքի տակ եղած զորքերը և շարժեց տարավ Ատրպատական աշխարհից՝ Գանձակի կողմից դեպի Հայաստանի սահմանները։ Այնպես էլ Հայոց Մուշեղ զորավարը մի տեղ հավաքեց Հայոց բոլոր զորքերը, որոնք իննսուն հազար ընտիր մարդիկ էին, լավ զինված, նիզակները ձեռքներին, չհաշված ասպարակիրներին: Սրանք էլ, ստացված տեղեկության համաձայն, շտապով վաղօրոք հասան իրենց սահմանները. միայն թաղավորը մնաց Հայոց աշխարհում։ Ներսես եպիսկոպոսապետն ևս մնաց երկրում և հրամայեց ամբողջ երկրում աղոթք անել այն զորքերի համար, որ գնացել էին պատերազմի։

Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը և տեսնում է, որ Հունաց զորքերը և Հայոց գունդը արդեն կազմ ու պատրաստ են պատերազմի։ Երկու ճակատները խառնվում են իրար, և Պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով՝ իրենց ձիերի վրայից հարվածելով՝ քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ գետին էին գլորում, Հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»։ Ամեն անգամ, որ այդ պատերազմում մի ախոյան էին սպանում, նրան էին նվիրում իրենց նախկին թագավոր Արշակին՝ ասելով. «Մեր Արշակ թագավորին մատաղ եղիր»։ Երբ Հայոց ազատների նիզակավոր ախոյանները խմբովին հարձակվում էին Պարսից նիզակավորների վրա ու վեր էին գլորում, քաջալերությամբ ասում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ», իսկ երբ այս ախոյաններին մորթում, գլխատում էին, ասում էին. «Արշակ թագավորին մատաղ եղիր»։

Իսկ լեգեոնների զորքի բազմությունը, այսինքն Հունաց ասպարակիր զորքը, նույնպես և Հայոց ասպարակիրները պահպանում էին Հայոց զորքի թիկունքը, վահաններով պատսպարված լինելով, ինչպես մի ամուր քաղաք (կռվողների) թիկունքում։ Երբ Պարսից զորքերը փոքր-ինչ վանում էին Հունաց զորքերին կամ Հայոց նիզակավոր գնդերը, սրանք Հունաց վահանավոր լեգեոնների կամ Հայոց ասպարակիրների [ 244 ]մեջ էին մտնում` ինչպես բերդերի մեջ և հանգստանում էին: Իսկ երբ մի փոքր շունչ էին քաշում, ապա այնտեղից դուրս գալով հարձակվում էին և պարսիկներից անթիվ մարդիկ իրենց ոտքերի տակ էին գլորում և սպանում ու գլխատում էին՝ նույն քաջալերական խոսքերն ասելով իրենց Արշակ թագավորի համար։ Այսպիսով նրանք անչափ և անթիվ զորքեր կոտորեցին պարսիկներից։ Հետո երբ պարսիկները փոքր-ինչ նրանց հաղթում էին, նրանք դարձյալ իբրև մի բերդ ապաստանում էին լեգեոնի վահանավոր զորքերի մեջ, որոնք իրենց վահանները բաց անելով նրանց ներս էին ընդունում ու փակում։ Այդ օրը Հունաց զորքն ու նրանց Տերենտ ստրատելատը և Հայոց գնդերն ու նրանց Մուշեղ սպարապետը Պարսից զորքերը ջարդեցին, ոչնչացրին։ Պարսից Շապուհ թագավորը քիչ մարդկանցով փախչում է այդ պատերազմից։ Իսկ սրանք սահմանապահներ են դնում և իրենք դառնում են իրենց Պապ թագավորի մոտ բարի անունով, մեծ ավարով և շքեղությամբ։

Իսկ Շապուհ թագավորը երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,— ասում է նա,- իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել, և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը այս էր, որին այս անդամ պատահեցի։ Որովհետև երբ Հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ, հզոր և անշարժ աշտարակ. իսկ երբ մենք նրանց փոքր-ինչ վանում էինք, նրանք ապաստանում էին հոռոմների լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով նրանց ներս էին ընդունում, ինչպես մի պարսպապատ ամրոցի մեջ։ Եվ այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով՝ նորից դուրս էին գալիս ու կռվում, մինչև որ Արյաց զորքերին ամբողջովին ոչնչացրին։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած՝ Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ։ Երբ իրենց ախոյաններին գլորում էին: [ 245 ]միշտ ասում էին. «Արշա՛կ, ա՛ռ», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ, ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում։ Կամ Մուշեղի այն մոլեգնած գունդը, ինձ այնպես էր թվում, թե այդ գնդից բոց ու կրակ են թափում, և դրոշակներն այնպես էին գնդի մեջ, կարծես հրդեհի բոց է անցնում եղեգների միջով։ Այսքան ժամանակ է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, գտնվում է Անդմըշն բերդում, Խուժաստան երկրում, բայց նրանք իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր, կամ իրենց հետ գնդի մեջ է գտնվում, իբրև պատերազմին գլուխ կանգնած, և իրենք նրա առաջ նրան են ծառայում։ Այո՛, — ասում էր նա,- երանի՜ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»։


Գլուխ Զ

ԴՂԱԿ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ, ԹԵ

ԻՆՉՊԵՍ ՆԱ ԽՈՐՀՐԴԱԿԻՑ ԵՂԱՎ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ

ԽՈՍՏԱՑԱՎ ՄԱՏՆԵԼ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻՆ, ԵՎ ՊԱՊ ԱՐՔԱՅԻ ԿՈՂՄԻՑ

ԴՎԱԿԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ապա Հունաց Տերենտ զորավարը և Հայոց զորքերի գլխավոր Մուշեղը Դղակ մարդպետին, որ ըստ իր պաշտոնի կոչվում էր թագավորի Հայր, սահմանապահ թողին Գանձակում, որ սահման էր Պարսկաստանի և Հայաստանի միջև։ Նրա մոտ թողին երեսուն հազար ընտիր զորք՝ լավ սպառազինված նիզակավորներ, պահպանակներով, զրահներով պաշտպանված, կազմ և պատրաստ։ Տերենտն ու Մուշեղը իրենց հետ եղած բոլոր զորքերով գնացին (Հայաստան) Պապ թագավորի մոտ։ Իսկ Դղակ մարդպետը դաղտնի կերպով պատգամավոր ուղարկեց Պարսից Շապուհ թագավորի մոտ և խոստացավ նրա ձեռքը մատնել Հայոց Պապ թագավորին, Հունաց Տերենտ զորավարին ու Հայոց Մուշեղ զորավարին, և (սրա համար) նրանից պարգև ստացավ մեծաքանակ գանձ։ Բայց [ 246 ]մյուս մեծամեծ նախարարները, որ նրա մոտ էին, Գնելը և Անձևացյաց գավառի տերը և ուրիշներ, որ մնացել էին այնտեղ, գաղտնապես իմաց տվին Պապ թագավորին:

Ապա Պապ թագավորը դեսպաններ ուղարկեց Դղակ մարդպետի մոտ, թե՝ «Քո ձեռքի տակ եղած զորքերը հավաքի՛ր և հանձնի՛ր Անձևացի Գնելին, իսկ ինքդ շտապ ե՛կ, որովհետև քեզ պետք է ուղարկեմ Պարսից Շապուհ թագավորի մոտ, որ նրա հպատակության տակ մտնեմ»։ Երբ այս լսում է Դղակ մարդպետը, իր մտքում շատ ուրախանում է, թե՝ «Հիմա ինձ հեշտ կլինի իմ մտերմությունը կատարել, ինչպես խոստացել էի Պարսից Շապուհ թագավորին։ Այժմ ես ճանապարհը գտա, որ խոսքերով քնեցնեմ Պապին, որ անհոգ ու միամիտ լինի, և հանկարծակի՝ անսպասելի կերպով նրա գլխի վերև կանգնեցնեմ Պարսից թագավորին»։ Ինքն իր մեջ զվարճանալով պատգամախոս է դառնում երկու թագավորների միջև։ Շտապ ձիավոր դեսպան է ուղարկում Այրարատյան գավառը՝ Արդյանը կոչված մեծ գյուղը, արքունական կալվածքում, Հայոց Պապ թագավորի մոտ, և ինքն էլ գալիս ներկայանում է նրան ու մեծապես մեծարվում։ Ընթրիքի ժամանակ Պապ թագավորը հրաման տվեց Դղակ մարդպետին փառավոր զգեստ հագցնել. նրան հագցրին դրաստ և վարտիք։ Զգեստը չափից դուրս մեծ էր, որ ծալ-ծալ իջնում էր ներքև, այնպես որ չէր կարողանում կարգին հագնվել, որովհետև մեծ զգեստը փաթաթվում էր վրան։ Այս մեծ պատմուճանը հագնելով՝ մեջքին կապեց գոտին, որից թուրը կախված էր, և սուրը մեջքին կապեց. իսկ զգեստի գոտուց ծալքը իջնելով ծածկում էր թուրքն ու սուրը։ Վարտիքը և մույկը հագնելուց հետո նրանը ազդրին կապեց, բայց վարտիքից ծալքը իջնում էր նրանի վրա և ծածկում էր մինչև սրունքը, և Գդակը գլխի չընկավ, թե զգեստի այդ մեծությունը նրա գլխի փորձանքն է։ Երեկոյան ժամը իննին Դղակին կանչեցին և ասացին. «Քեզ ներսը արքունիք են հրավիրում ընթրիքի»։ Երբ նրան մտցրին թագավորի տան նրբանցքը — նրբանցքը երկայն էր և լույսի համար շատ երդիկներ ուներ — և նրբանցքով տանում էին, շուրջը կանգնած էին ասպարներով պատսպարված սակրավորները, երդիկներն էլ ծածկել էին։ Ապա ասպարակիրները նրան [ 247 ]շրջապատելով քաշքշում էին. իսկ նա թեպետ ձեռքը տանում էր զենքերին, բայց ոչ մի զենք չկարողացավ գտնել, որովհետև զզեստի ծալքերի մեջ թաքնված էին։

Ինքը՝ Գդակը, խոշոր, թիկնավետ մարդ էր՝ պինդ ու խոշոր ոսկորներով, բայց սակրավոր մարդիկ նրան շրջապատեցին, վեր բարձրացրին և այսպես տարան մինչև թաղավորի սեղանատան դուռը։ Երբ թագավորը տեսավ, որ այնտեղ էին տանում, ասաց, «Ո՛չ այստեղ, ո՛չ այստեղ, այլ տարեք դրան հանդերձատունը»։ Ապա ասպարակիր զինվորները նրան, ձեռները ետևը կապելով, նրբանցքով տարան հանդերձատունը, այսինքն այնտեղ, որտեղ թագավորները թագ էին դնում։ Այնտեղ Գդակը խոսել սկսեց ու ասաց. «Թագավորին այսպես ասացեք. «Ես այս մահին արժան էի, բայց քեզ վայել էր ինձ հրապարակով սպանել և ոչ թե թագադրության սենյակում և քո թագը արյունով շաղախել»։ Այսքան միայն կարողացավ ասել. իսկույն հանդերձատանը նրան մորթերին, գլուխը կտրեցին, նիզակի վրա զարկեցին ու արքունական հրապարակում կանգնեցրին։


Գլուխ է

ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՌԱՎ

ԽՈՒժԱՍՏԱՆ ԵՐԿՐՈԻՄ, ԱՆԴՄԸՇՆ ԲԵՐԴՈԻՄ ԻՆՔՆ ԻՐ ՉԵՌՔՈՎ, ԵՎ

ԴՐԱՍՏԱՄԱՏԸ ԵՂԱՎ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ:

Այն ժամանակները դեռևս կենդանի էր Հայոց Արշակ թագավորը Պարսից թագավորության իշխանության երկրում, Խուժաստանի կողմերում, Անդմըշն բերդում, որին ասում են Անհուշ բերդ։ Այս ժամանակ պարսիկները դադարեցրին պատերազմները հայերի հետ, որովհետև Քուշանաց Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց Պարսից Շապուհ թագավորի դեմ, որ Սասանի տոհմից էր։ Եվ Շապուհ թագավորը Պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա դեմ պատերազմելու, նույնպես և Հայոց աշխարհից տարած գերությունից բոլոր հեծելազորքը իր հետ պատերազմի տարամ. մինչև անգամ Հայոց Արշակ [ 248 ]թագավորի ներքինուն։ Հայոց Արշակ թագավորի այդ ներքինին հավատարիմ պաշտոնյա էր, մեծ իշխանության տեր, շատ սիրված ու պատիվների արժանացած. նրա անունն էր Դրաստամատ։

Երբ Քուշանաց թագավորի և Պարսից թագավորի միջև պատերազմ սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղերին Պարսից զորքերին, շատերին կոտորեցին Պարսից զորքերից, շատերին ձերբակալեցին և մյուսներին հալածեցին, փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատ ներքինին, որ Հայոց Տիրան թագավորի և նրա որդու Հայոց Արշակ թագավորի տարիներին իշխում էր Անգեղտան գավառի վրա, հավատարմությամբ պահում էր Անգեղ բերդի գանձերը, նույնպես և բոլոր արքունական բերդերը, որ գտնվում էին այն կողմերում։ Նույնպես և Ծոփաց աշխարհում Բնաբեղ բերդում եղած գանձերը նրա տեսչության տակ էին և նրա բարձրի բոլոր նախարարների բարձերից վեր էր։ Եվ որովհետև այս պաշտոնը և Հայր կոչված մարդպետությունը ներքինիներին էին հանձնվում Արշակունյաց թագավորության ամենահին ժամանակներից ի վեր, ուստի այս ներքինի Դրաստամատին՝ Անգեդտան իշխանին էլ գերի էին տարել Պարսկաստան այն ժամանակ, երբ Հայոց Արշակ թագավորին բռնեցին։

Այս Դրաստամատը պատահեց այն ճակատամարտում, որի մեջ քուշանները հաղթեցին Պարսից Շապուհ թագավորին։ Դրաստամատն այնտեղ անպատմելի քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց և շատ ախոյանների գլուխներ բերեց նրա առջև։ Պարսից Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել։ Իսկ երբ Պարսից Շապուհ թագավորը դարձավ, եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց ներքինի Դրաստամատին նրա ծառայությունների համար. և ասաց նրան Պարսից Շապուհ թագավորը. «Խնդրի՛ր դու ինձանից, ինչ որ ուզում ես, քո խնդրածը կտամ, չեմ մերժի»։ Դրաստամատն ասաց թագավորին. «Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, բացի միայն նրանից, որ հրաման տաս ինձ՝ գնամ իմ [ 249 ]իսկական տիրոջը՝ Հայոց Արշակ թաղավորին, տեսնեմ: Եվ միայն մի օրվա համար, երբ ես նրա մոտ գնամ, հրաման տուր նրան կապանքներից արձակել, և ես իրավունք ունենամ լվանալ նրա գլուխը, օծել, ազնիվ զգեստ հագցնել, նրա համար սեղան պատրաստել, նրա առաջ խորտիկներ դնել, գինի տալ և ուրախացնել նվագարաններով. ճիշտ մի օր»։ Շապուհ թագավորն ասաց. «Դժվար բան խնդրեցիր, որովհետև այն ժամանակից ի վեր, որ Պարսից թագավորությունը կանգուն է, և այն բերդը կոչվել է Անհուշ, չի եղել որևէ մարդ, որ համարձակված լինի թագավորներին հիշեցնել, թե թագավորները որևէ մեկին այնտեղ բանտարկել են, չի հիշատակվել որևէ մարդ, որին բանտարկել են այն բերդում, ուր մնաց թագավոր մարդը և իմ հավասարը՝ հակառակորդը, որ կաված է այն բերդում։ Այնինչ դու անհանգստացրիր մեզ: Դու ահա մահդ աչքդ առար և հիշեցրիր Անհուշը՝ անհիշելին, որ Արյաց թագավորության մեջ սկզբից ի վեր չի պատահել այսպիսի բան։ Բայց որովհետև մեծ է քո՝ ինձ ցույց տված ծառայությունը, թող կատարվի խնդիրդ. գնա, ինչ որ խնդրեցիր, տալիս եմ։ Բայց դու պետք է քո սեփական օգուտը մտածեիր, երկրներ, գավառներ կամ գանձեր խնդրեիր։ Բայց երբ դու այդ խնդրեցիր, թող այդ բացառություն լինի Արյաց թագավորության օրենքից։ Գնա՛, քեզ տվի, ինչ որ դու ինձանից խնդրեցիր քո ծառայության փոխարեն»։

Եվ նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ՝ արքունական մատանիով կնքված, որ ելնի գնա Անդմշն բերդը և ինչպես որ կամենա, ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ, որ Հայաստանի թագավոր էր եղել մի ժամանակ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անուշ բերդը, տեսավ իր իսկական տեր Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, ձեռնակապերից ու ոտնակապերից և անուրներից, նրա գլուխը լվաց, նրան լողացրեց. նրան ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, նրան բազմեցրեց, նրա առաջ թագավորավայել ընթրիք դրեց, գինի դրեց առաջը, ինչպես թագավորների կարգն է, նրան զվարթացրեց, մխիթարեց և նվագարարներով ուրախացրեց։ [ 250 ]Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առաջ դրին միրգ, խնձոր, վարունգ ու ամիճ և դանակ տվին, որպեսզի կարի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում։ Երբ նա խմեց, գինին գլուխն ընկավ, նա հարբեց ու հպարտացավ և ասաց. «Վա՜յ ինձ, Արշակիս. որտեղի՜ց ուր ընկա և ի՞նչ օրի հասա»։ Այս ասելով՝ դանակը, որ ձեռքին բռնած ուներ, որով միրգը կամ ամիճը պիտի կտրեր, խրեց իր սիրտը և իսկույն մեռավ հենց նստած տեղում։ Դրաստամատը երբ այս տեսավ, վրա ընկավ, դանակը քաշեց հանեց նրա մարմնից և խրեց իր կողը։ Նա էլ նույնպես նույն ժամին մեռավ։


Գլուխ Ը

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱԴԱՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԿՈՎՄԻՑ, ՈՐԻՑ ՀԵՏՈ

ՄՈԻՇԵՂ ՍՊԱՐԱՊԵՏԸ ՍԿՍԵՑ ԿՌՎԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԱՊՍՏԱՄԲՎԵԼ

ԷԻՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ ՇԱՏ

ՏԵՂԵՐ ՆՎԱՃԵՑ: ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

ԵՎԱԾ ԿԱԼՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ:

Ապա, երբ պատերազմը Պարսից կողմերից դադարեց և (հայերն) այդ կողմից ապահովվեցին, այնուհետև Հայոց Մուշեղ սպարապետն սկսում է նրանց, որոնք ապստամբվել էին Արշակունյաց թագավորության դեմ։ Նախ նվաճում է Հայոց թագավորի կալվածքը, որը գտնվում էր Ատրպատականում։ Ատրպատճանցոց բոլոր գավառներն ավերում է, մեծ քանակությամբ գերիներ է վերցնում նրանցից, մնացածներին նվաճում է և հարկատու դարձնում, վերցնում է նրանցից նաև շատ պատանդներ։


Գլուխ Թ

ՆՈՇԻՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ:

Մուշեղը ջարդում է նաև Նոշիրական աշխարհի ապստամբներին, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ։ Երկիրը գրավում, ավերում և գերում է. մնացածներից պատանդներ է վերցնում և երկրի բնակիչներին հպատակ ու

հարկատու է դարձնում։ [ 251 ]

Գլուխ ժ

ԿՈՐԴՈԻՔԻ, ԿՈՐԴԻՐԻ ԵՎ ՏՄՈՐԻՔԻ ՄԱՍԻՆ:

Մուշեղ սպարապետը նվաճում է նաև այս գավառները, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, այսինքն՝ Կորդուքը, Կորգիքը և Տմորիքը, գերիներ է վերցնում, ավերում է, մնացածներին հարկատու է գարձնում և նրանցից պատանդներ առնում։


Գլոխ խ ԺԱ

ՄԱՐԱՏ ՄԱՍԻՆ:

Մարաց կողմերն էլ նա սաստիկ հարվածներով նվաճում է, որովհետև նրանք էլ ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, նրանցից շատերին գերում է, մնացորդներին հպատակեցնում է և նրանցից պատանդներ վերցնում։


Գլուխ ԺԲ

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ:

Արցախի երկիրն էլ նվաճում է մեծ պատերազմով, նրանցից շատերին գերում է։ Մնացածներից պատանգներ է առնում և նրանց հպատակեցնում։


Գլուխ ԺԳ

ԱՂՎԱՆԻՑ ՄԱՍԻՆ:

Պատերազմում է նաև Աղվանից երկրի դեմ և նրանց սոսկալի քարդ է տալիս։ Նրանցից ետ է խլում շատ գավառներ, որ նրանք գրավել էին՝ Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը և սրանց շուրջը եղած սահմանակից շատ գավառներ։ Կուր գետը սահման դարձրեց (մեր) աշխարհի և Աղվանքի [ 252 ]միջև, ինչպես որ առաջ էր։ Գծավորներից շատերին սպանեցին, մնացածներին հպատակեցրին և նրանցից պատանդներ վերցրին։


Գլուխ ԺԴ

ԿԱՍՊԻՑ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղ Սպարապետը սաստկապես վրեժ է առնում Կասպիցի երկրից, Փայտակարան քաղաքից, որովհետև նրանք էլ ըմբոստացել ու դավաճանել էին Հայոց թագավորին։ Մուշեղ զորավարն այնտեղ հասնելով՝ նրանցից շատերին պատմելով գլխատում է, շատերին գերի վերցնում, մնացածներին էլ հպատակեցնելով, նրանցից պատանդներ է վերցնում և այնտեղ վերակացու պաշտոնյաներ է թողնում։


Գլուխ ԺԵ

ՎՐԱՑ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղ սպարապետը դնում է Վրաց աշխարհի վրա. նրան սաստիկ նեղում, ջարդում է. ամբողջ Վրաց աշխարհը նվաճում է, սրի է քաշում բոլոր ազնվականներին և բոլոր նախարարական տոհմերը, որոնց որ գտնում է։ Մուշեղ սպարապետը հրամայում է Փառավազյաններին խաչ հանել Վրաց աշխարհում, իսկ Գուգարաց բդեշխին, որ առաջ ծառայում էր Հայոց թագավորին և վերջը ապստամբվել էր, բռնելով գլխատեց ու նրա ցեղի արուները կոտորեց, իսկ կանանց ու աղջիկներին գերի վերցրին։ Եվ առհասարակ բոլոր այն կողմի նախարարներին, որոնք Հայոց թագավորից ապստամբվել էին, գլխատում է, ամբողջ գավառը նորից նվաճում է և պատանդներ առնում. մնացածներին էլ հպատակեցնում է։ Եվ գրավելով մինչև հին սահմանը, որ առաջուց գոյություն ուներ Հայաստանի ու Վրաստանի միջև, այսինքն՝ Կուր մեծ գետը,

այնտեղից ետ է դառնում։ [ 253 ]

Գլուխ ԺԶ

ԱՂՁՆԻՔ ԳԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ:

Այնուհետև Մուշեղ զորավարը դառնում է Աղձնյաց երկրի վրա և մեծամեծ հարվածներ է հասցնում այդ երկրին, որովհետև սրանք էլ ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ։ Աղձնիքի բդեշխին ձերբակալեցին, նրա առաջ սպանեցին կանանց, իսկ նրանց որդիներին գերի վերցրին։ Մնացածներին հպատակեցրին և Աղձնիքում էլ թողեցին վերակացուներ ու պաշտոնյաներ։


Գլուխ ժԷ

ՄԵԾ ԾՈՓՔԻ ՄԱՍԻՆ:

Այնտեղից արշավեցին Մեծ Ծոփք, որ նույնպես ապստամբվել էր։ Մուշեղր նվաճեց Մեծ Ծոփքը, ազնվական տոհմերը սրի քաշեց, պատանդներ վերցրեց և բնակիչներին հպատակեցրեց։


Գլուխ ԺԸ

ԱՆԳԵՂ ՏԱՆ ՄԱՍԻՆ:

Անգեղտանն էլ շատերին ջարդեց և սրի քաշեց։ Բայց որովհետև Հակիրր վաղուց ի վեր արքունի կալվածք էր, ուստի բնակիչները հարկատու հպատակ էին մնացել։


Գլուխ ԺԹ

ԱՆՃԻՏ ԳԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղն արշավում է Անձիտ գավառը և նվաճում շրջակա գավառների հետ միասին, որովհետև նրանք էլ ապստամբվել

էին Արշակունյաց թագավորության դեմ։ Գավա[ 254 ]

Գլուխ Ի

ՀԱՅՈՑ ՄՈՒՇԵՂ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ:

Հայոց քաջ զորավար և սպարապետ (Մուշեղը) ամբողջ իր կյանքում լի էր նախանձախնդրությամբ, նա հավատարմությամբ և արդար աշխատանքով, միշտ ջանասիրությամբ աշխատում էր Հայոց աշխարհի և թագավորության համար։ Գիշեր ու ցերեկ նա չարչարանքի մեջ էր, նա ճիգ էր թափում, պատերազմներ էր մղում, թույլ չէր տալիս, որ թեկուզ մի կորու չափ գետին Հայոց աշխարհի սահմաններից խլվի։ Նա կյանքը դրել էր երկրի վրա։ Եվ կմեռներ քաջ անվան, իր իսկական տերերի, երկրի բնակիչների, քրիստոնեական հավատի, աստծուն հավատացող և Քրիստոսի անունով մկրտված Ժողովրդի, եկեղեցիների, նրանց նվիրված սպասների, Քրիստոսի վկայարանների, աստծու ուխտի քույրերի և եղբայրների, մերձավոր տոհմակիցների, մտերիմ բարեկամների համար։ Զորավար Մուշեղը հերոսական պատերազմով իր կյանքը դրել էր երկրի համար, իր կյանքը չէր խնայում, իր կյանքի բոլոր օրերում նա աշխատում էր իր իսկական Արշակունի տերերի համար։


Գլուխ ԻԱ

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՐԴ ԷՐ ԵՎ Ի՞ՆՉ

ԷՐ ԱՆՈՒՄ:

Իսկ Հայոց Ներսես եպիսկոպոսապետը լինում էր Հայոց աշխարհի բոլոր ավերված տեղերը, խնամում ու մխիթարում էր, դարմանում ու պահպանում էր բոլոր աղքատներին, բորոտների և աղքատների համար ապաստարաններ էր պատրաստում։ Ամեն տեղ եկեղեցիներ էր շինում, ավերվածները [ 255 ]նորոգում, բոլոր խանգարված կարգերը վերականգնում էր և ուղղում։ Շինում էր և հաստատում, խրատում էր և հանդիմանում, շատ հրաշքներ ու մեծամեծ սքանչելիքներ էր անում և շատ հիանալի բժշկություններ էր կատարում. օրենքներով խստությամբ սաստում էր. ում օրհնում էր, նա օրհնվում էր. ում անիծում էր, նա անիծվում էր։ Հայոց իշխանության բոլոր սահմաններում նա շատացրեց (եկեղեցու) պաշտոնյաների թիվը, ամեն տեղ տեսուչ-եպիսկոպոսներ դրեց և միշտ ուշադիր հետևում էր իր տեսչության ու իշխանության գործերին, քանի դեռ ապրում էր։


Գլուխ ԻԲ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԼՑՎԱԾ ԷՐ ԴԵՎԵՐՈՎ ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՎԱՐՎՈԻՄ:

Իսկ Պապ թագավորը, երբ դեռ նոր ծնված երեխա էր, նրա անօրեն Փառանձեմ մայրը նրան դևերին նվիրեց, ուստի և նա տղայությունից ի վեր լի էր դևերով։ Որովհետև նա միշտ դևերի կամքն էր կատարում, ուստի և չէր կամենում բժշկվել, այլ միշտ իր անձը վարժեցնում էր դևերով, և դևերը կախարդությամբ երևում էին նրա վրա. և ամեն մարդ բաց աչքով տեսնում էր նրա վրա դևերը։ Որովհետև երբ մարդիկ ամեն օր գալիս էին թագավորին բարի լույս տալու, տեսնում էին, որ (դևերը) օձերի կերպարանքով դուրս են գալիս Պապ թագավորի ծոցից և փաթաթվում նրա ուսերին։ Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր և ասում, թե՝ «Մի՛ վախենաք, սրանք իմն են». և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա։

Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերը չքանում էին, աներևութանում։ Եվ Պապ թագավորը շաղախված էր պղծությամբ. երբեմն ինքն էր էգ դառնում և իրեն հանձնում [ 256 ]Էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով, խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում։ Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերում նա ենթարկված էր դևերին։


Գլուխ ԻԳ

ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՀԱՆԴԻՄԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ԹՇՆԱՄԻ ԷՐ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ՄԵՇՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:

Իսկ Հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նրան նախատում էր և հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս եկեղեցու շեմքը ոտք դնել և ոչ ներս մտնել։ Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստաբեր գործերից հրաժարվի, ուղղվի, շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա։ Նրա առաջն էր դնում ս. Գրքից վկայություններ վերջին դատաստանի հավիտենական պատիժներով, ահաբեկում էր նրան, որպեսզի զգաստանա և ուղղվի ու արդարության կարգերի և մաքուր գործերի հետևի։

Իսկ Պապ թագավորը ամենևին նրան չէր լսում, այլ դեռ հակառակվում էր նրան և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում ու ցանկանում էր նրան սպանել, բայց Հունաց թագավորի ահից նա չէր համարձակվում նույնիսկ նրան հայտնապես խոսքով անարգել կամ նրա դեմ խստություն բանեցնել, ուր մնաց սպանել։ Հենց (Հայոց) աշխարհի ժողովուրդն էլ, զորքերն էլ թույլ չէին տա այսպիսի բան անել մի մարդու, որից կախված էին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով, և նրա գործած հայտնի սքանչեչի հրաշքների համար բոլորը նրա վրա նայում էին ինչպես երկնավոր հրեշտակի վրա։ Եվ թագավորը ոխ էր պահում նրա դեմ, միջոց էր փնտրում նրան սպանելու, և հայտնապես այս բանն ասել անգամ չէր համարձակվում, այլապես զորքերը իրեն կսպանեին։ Որովհետև բոլոր մարդիկ ապավինել էին նրա [ 257 ]աղոթքին և նրան առհասարակ բոլորը սիրում էին՝ մեծերն ու փոքրերը, պատվականներն ու հասարակ մարդիկ, ազնվականներն ու շինականները։


Գլուխ ԻԴ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՔԻՑ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ԴԱ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐՎԵՑ:

Իսկ Պապ թագավորը շարունակ թշնամի էր մեծ քահանայապետին՝ իր չար գործերի և մեղքերի հանդիմանության պատճառով, որովհետև Ներսեսը՝ աստծու մարդը, միշտ նրան հանդիմանում էր։ Նա չէր կամենում զգաստանալ, ուղղվել, չէր էլ կարող դիմանալ հանդիմանողի մշտական նախատինքներին, ուստի մտադրվեց աստծու մեծ քահանայապետ Ներսեսին սպանել։ Բայց որովհետև այս բանը հայտնապես անել անկարելի էր, ուստի կեղծավորաբար այնպես ձևացրեց, իբր թե ուղղվել է, և աղաչում էր աստծու քահանայապետին, որ իրեն աչաշխարեցնի։ Նրան հրավիրեց իր ապարանքը՝ Եկեղյաց գավառի Խախավանում. նրա համար ընթրիք պատրաստեց, աստծու մարդուն աղաչեց, որ արքունական գահույքին բազմի, իբր թե սրանով նա իր չար գործերից կմաքրվի և այնուհետև կսկսի ապաշխարել։

Երբ նրան առաջին տեղում բազմեցրեց, ինքը՝ թագավորը, վրայի պատմուճանը հանած, մեջտեղում ոտքի կանգնած, ընթրիքի ժամանակ անապակ (գինի) էր մատուցում աստծու մարդուն՝ Ներսեսին, և ըմպելիքի մեջ մահվան դեզ խառնելով՝ նրան մատուցեց։ Երբ (ս. Ներսեսը) այդ բաժակը խմեց, իսկույն հասկացավ, խոսել սկսեց ու ասաց. «Օրհնյալ է մեր տեր աստվածը, որ ինձ արժանացրեց այս բաժակը խմելու և տիրոջ համար այս մահին հասնելու, որին ցանկանում էի մանկությունից ի վեր։ Արդ՝ այս փրկության բաժակը կընդունեմ և տիրոջ անունը կկանչեմ, որպեսզի ես էլ արժանանամ հասնել և մասն ստանալ որբերի ժառանգությունից լույսի մեջ: Բայց քեզ, ո՛վ թագավոր, վայել էր իբրև թագավորի բացահայտ հրաման տայ ինձ սպանելու. ո՞վ պետք է [ 258 ]քեզ արգելեր, կամ ո՞վ պետք է ձեռքդ բռներ ու ետ կանգնեցներ այդ գործից, որ դու կամենում էիր գործել։ Բայց դու, տե՛ր, ներիր սրանց այս գործը, որ իմ դեմ գործեցին, և ընդունիր ծառայիդ հոգին, որ դու հանգիստ ես պարգևում հոգնած աշխատածներին և կատարում ես ամեն բարություն»։

Այս և սրա նման ուրիշ բաներ էլ խոսելով վեր կացավ գնաց իր կացարանը։ Նրա հետ արքունական սենյակից դուրս եկան և գնացին Հայոց բոլոր մեծամեծ նախարարները ու Հայոց Մուշեղ սպարապետը և Հայր մարդպետը ու առհասարակ այն բոլորը, որոնք այնտեղ էին, նրա հետ նրա կացարանը մտան։ Երբ իր կացարանը հասավ, պարեգոտը բացեց և ցույց տվեց սրտի վրա մի տեղ, որ կապտել էր մի բլիթի մեծությամբ։ Մեծամեծ նախարարները նրան թյուրակե և գեղթափներ են մատուցում՝ նրան փրկելու համար. բայց նա չընդունեց, մերժեց ու ասաց. «Ինձ համար մեծ բարիք եղավ այս, որ ինձ վիճակվեց մեռնել Քրիստոսի պատվիրաններին հավատարիմ մնալուս համար։ Դուք ինքներդ գիտեք, որ ինչ ձեզ հետ խոսում էի, հրապարակով էի խոսում. պետք է որ ես էլ ձեր ձեռքով հրապարակով մեռնեի, որին տենչում էի: Բայց ինձ հաջող վիճակ դուրս եկավ (աստծու) ընտրյալների հետ, և իմ ժառանգությունը հաճելի է ինձ։ Օրհնում եմ իմ տիրոջը, որ ինձ հասցրեց ժառանգության այս վիճակին և մեծապես ուրախ եմ, որ շուտով կբաժանվեմ ու կհեռանամ այս անօրեն և ամբարիշտ աշխարհից»։ Ուրիշ շատ բան էլ խոսեց նրանց հետ, զգուշացրեց նրանց, բոլորին աղաչեց՝ զգույշ լինել իրենց անձերի նկատմամբ և տիրոջ պատվիրանները պահել։

Այնուհետև արյունն սկսեց գունդ-գունդ դուրս գալ և բերանից հոսել մոտ երկու ժամ։ Սրանից հետո նա վեր կացավ, ծունկ չոքեց և խնդրում էր թողություն շնորհել իրեն սպանողին։ Սրանից հետո աղոթքում հիշում էր բոլոր մարդկանց, մերձավորներին և հեռավորներին, անարգներին ու պատվավորներին, անգամ նրանց, որոնց բոլորովին չէր ճանաչում։ Աղոթքը վերջացնելուց հետո ձեռքերն ու աչքնրը երկինք բարձրացնելով ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Այս ասելով հոգին ավանդեց։ [ 259 ]Եվ աստծու մարդու՝ սուրբ Ներսեսի, մարմինը վերցրին եկեղեցու սպասավորները և Փավստոս եպիսկոպոսը, պաշտոնյաների գլխավոր Տրդատը և Հայոց Մուշեղ սպարապետը ու Հայր մարդպետը և արքունական բանակի ամբողջ ազնվականների գունդը։ Մարմինը վերցրին Խախ ավանից, որտեղ սպանությունը կատարվեց, և տարան իր գյուղը՝ Թիլ ավանը։ Սրբին հուղարկավորեցին սաղմոսներով, օրհնություններով, վառված կանթեղներով, հանդիսավոր պաշտամունքով և շատ հիշատակություններով։ Բայց մինչ սրբի մարմինը դեռ չէր թաղված, ինքը՝ Պապ թագավորը, եկավ, մարմինը պատեց և մարտիրոսական դամբարանում թաղեց։ Նա անմեղ և անգետ էր ձևանում, իբր թե ինքը չի գործել այդ գործը։


Գլուխ ԻԵ

ԱՅՆ ՏԵՍԻԼՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՅ ՇԱՎԻՏԱ ԵՎ ԵՊԻՓԱՆ ՍՈԻՐԲ

ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ, ՄԻՆՉ ՆՐԱՆՔ ՆՍՏԱԾ ԷԻՆ ԼԵՌՆԵՐՈԻՄ:

Երկու անապատական կրոնավորներ կային, որոնք նստում էին լեռներում, մեկի անունը Շաղիտա էր, որ ազգով ասորի էր և նստում էր Առյուծ լեռան վրա, մյուսի անունը Եպիփան էր, որ ազգով հույն էր և նստում էր Մեծ լեռան վրա, աստվածների (մեհյանների) տեղում, որ կոչվում է Անահիտի աթոռ։ Սրանք երկուսն էլ աշակերտ էին եղել սուրբ Մեծ Դանիելին, որին վերը հիշեցինք։ Արդ երբ սրանք երկուսը նստած էին այն ժամին, երբ սուրբ Ներսեսը մեռավ, նրանցից յուրաքանչյուրն իր լեռից բաց աչքով ցերեկ ժամանակ տեսնում է, որ սուրբ Ներսեսը կարծես հափշտակվում է ամպերի մեջ. որովհետև հրեշտակները նրան վեր էին տանում և գունդ-գունդ դնում էին նրա առաջ։ Անապատականները երբ այս տեսիլքը տեսան, զարմացան այս տեսիլքի վրա։ Բայց Շաղիտան, որ Առյուծ լեռան վրա էր նստում, հմուտ մարդ լինելով՝ հասկացավ, թե սուրբ Ներսեսը վախճանվել է, և ինքը տեսնում է նրա հոգին։ Իսկ Եպիփանը այնպես հասկացավ, թե սուրբ Ներսեսը հենց մարմնով հափշտակվել է երկինք։ Ապա այս երկուսը իրենց լեռներից իջ[ 260 ]նելով փութով ու արագ հասան մինչև Եկեղյաց գավառը, հարցուփորձ արին, իմացան, թե սուրբ Ներսես հայրապետը վախճանվել է, և եկան մինչև Թիլ գյուղը ու տեսան այն տեղը, ուր գրված էր նա։ Այստեղ այս հավատարիմ մարդիկ իրար հանդիպելով՝ ժողովրդի ներկայությամբ պատմում էին իրենց տեսածները։ Բայց այն մարդիկ հրեշտակային վարք ունեին, սնվել ու ապրել էին անապատում, կարող էին նաև մեծամեծ հրաշքներ գործել, և ամենքին հայտնի ու ծանոթ էին նրանց գործերը։


Գլուխ ԻԶ

ՍՈԻՐԲ ՇԱՂԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ:

Այս Շաղիտան սուրբ մարդ էր. աշակերտել էր Մեծ Դանիելին. մանկությունից ի վեր անապատում էր սնվել և անապատականների հետ խոտաճարակ էր եղել։ Սուրբ Ներսեսի վախճանվելուց հետո գնաց Կորդուք գավառը, հրաշքներ ու սքանչելիքներ էր կատարում, բնակվում էր առյուծների մեջ, և ավելի քան քսան առյուծ շարունակ շրջում էին նրա հետ։ Պատահում էր, որ երբ գազանների մի տեղը ցավում էր, գալիս շրջապատում էին նրան, քաշքշում էին նրան և նշաններով հասկացնում էին, որ բժշկի։ Մի անգամ մի մեծ առյուծի թաթը եղեգ էր խրվել, առյուծը եկավ սուրբ Շաղիտայի մոտ, նրա նստած լեռը, և մարդու նման թաթը բարձրացնելով՝ ցույց տվեց վերքը ու նշանացի խնդրում էր իրեն բժշկել։ Իսկ սուրբ Շադիտան եղեգը քաշում հանում է, որ խրվել էր վերքի մեջ. թքում է վերքի վրա և իր գլխի թաշկինակով փաթաթում է առյուծի թաթն ու բժշկում է։

Այսպես նա հազարավոր տեսակ-տեսակ հրաշքներ է անում, և գազաններն էին նրա կյանքի ընկերները, մինչ նա շրջում էր անապատում իր կյանքի ամբողջ ընթացքում։ Երբ նա մի գետի էր մոտենում, կոշիկներով անցնում էր գետի ջրերի վրայով, և կոշիկները չէին թրջվում։ Երբ նա մի գյուղ էր գալիս, իր հրաշքներով ու սքանչելիքներով շատ մոլորյալներ դարձի էր բերում, հիվանդներ էր բժշկում։ [ 261 ]Նա հասակով ավելի ծեր էր, ամեն մարդ սպասում էր նրա մահվան, որպեսզի կարողանա մարմինը ձեռք բերել։ Սուրբ Շաղիտան իմանալով, թե շատ մարդիկ սպասում են, որ իր մարմինը ձեռք բերեն, աստծուց խնդրեց, որ իր մարմինը ոչ ոքի ձեռքը չանցնի։ Եվ օրերից մի օր, երբ նա ըստ սովորության անցնում է Կորդուքի գետով, մինչ ջրի մեջ կանգնած էր. հանկարծ ջրի տակ գնաց և ծածկվեց սուրբ Շաղիտան համաձայն իր խնդրանքի, ինչպես որ խնդրել էր։ Գավառում մեծ գույժ ընկավ. մարդկանց մեծ բազմություն եկավ, մի տեղ կուտակվեց. գետի ջուրը կտրեցին, ուրիշ կողմ դարձրին և փնտրում էին սուրբ Շաղիտայի մարմինը, բայց ոչ մի տեղում չկարողացան գտնել, որովհետև նա առաջուց այդպես էր խնդրել աստծուց, և իր խնդիրքը կատարվեց։


Գլուխ Իէ

ՍՈՒՐԲ ԵՊԻՓԱՆԻ ՄԱՍԻՆ:

Երանելի սուրբ Եպիփանը սուրբ Շաղիտայի ընկերն էր եղել և Մեծ Դանիելի աշակերտը. սա էլ մանկությունից ի վեր սնվել էր անապատում։ Ներսես մեծ քահանայապետի մահից հետո եկավ բնակվեց Մեծ Ծոփքում, Մամբրե կոչված տեղի անապատում, Մամուշեղ անունով գետի վրա։ Նա բնակվում էր քարանձավներում և շարունակ լինում էր անապատի գազանների հետ. նրա մոտ հավաքվում էին արջեր և ինձեր։ Նա միշտ լինում էր անապատում, մեծամեծ հրաշքներ և սքանչեչիքներ էր գործում, շատ մոլորյալներ հեթանոսությունից քրիստոնեության էր դարձնում, Ծոփք երկիրր լցնում էր վանքերով, ուսուցիչներ էր նշանակում Ծոփքի ամբողջ երկրում, սուրբ Եպիփանը Ծոփքի երկրի համար լույս էր դառնում, մեծապես լուսավորում էր ժողովուրդը։

Անցնում է նաև Աղձնյաց երկիրը, նրանց էլ լուսավորում է, Աղձնյաց երկիրը լցնում է վանքերով և մի վկայարան է շինում Տիգրանակերտ քաղաքում, և սրբերի հիշատակն էին այնտեղ կատարում, որ նրանց բարեխոսությամբ աշխարհը փրկվի, ինքն էլ հրաշքներ է կատարում և վերադառնում [ 262 ]գնում է իր կացարանը։ Եվ Մամուշեղ գետի մոտ մի աղբյուր կար, որի ակունքից շատ ձուկ էր դուրս գալիս, և շատ մարդիկ այդ ձկները բռնում, օգտվում էին: Մի անգամ երկու եղբայը ձկան պատճառով իրար հետ կռվեցին, և մեկը մյուսին սպանեց։ Երբ Եպիփանը այս բանը լսեց, ասաց. «Այսուհետև ոչ ոք այդ տեղից ձուկ չուտի»։ Եվ իսկույն այդ տեղի ձուկը դառնացավ, լեզիի նման դառնացավ մինչև այսօր, և ոչ ոք մինչև օրս այդ տեղից ձուկ չի որսում։ Ուրիշ անթիվ հրաշագործություններ էր կատարում։

Այդ գավառներում սուրբ Եպիփանը շատ ճշմարիտ կարգեր հաստատեց։ Հետո նա առավ իր աշակերտներին՝ լեռնաբնակ անապատական մենակյաց մարդկանց, հինգ հարյուր հոգի, և ճանապարհ ընկավ Հունաց աշխարհը գնալու։ Երբ գնում էին, ճանապարհին նրանց մի կին հանդիպեց։ Երբ այդ կնոջ մոտով անցան, Եպիփանը սկսեց փորձել աշակերտներին և ասաց. ««Վա՜հ, ի՞նչ գեղեցիկ ու վայելուչ կին է»։ Նրա աշակերտներից մանկահասակ մեկն ասաց. «Քո գոված կնոջ մի աչքը կույր է»։ Սուրբ Եպիփանն ասաց. «Իսկ դու ինչու նրա վրա նայեցիր, որ երեսը տեսնես, քո մեջ ուրեմն չար խորհուրդներ կան»։ Անմիջապես այդ մանուկին իրենից հեռացրեց։ Ինքը եկավ մեծ ծովի մոտ, նավերով անցան հասան մի անապատ կղզի: Այդ կղզին էր օձերով, իժեր և քարբեռ էին բնակվում այդ կղզում, այլև բազմաթիվ կատաղի ու թունավոր գազաններ։ Իսկ երբ սուրբ Եպիփանը եկավ հասավ այդ կղզին, գազանները այնտեղից քաշվեցին, կղզին թողին ու գնացին։ Այնուհետև այն կղզում նրանց ոչ մի վնաս չպատահեց, խաղաղ ապրեցին այնտեղ։ Այստեղ էլ ապրեց սուրբ Եպիփանը և նույն կղզում վախճանվեց։


Գլուխ ԻԸ

ՄԵԾԱՄԵԾ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՍՏԾՈՒՑ

ԵՐԵՎԱՑԻՆ ՄԱՄԲՐԵՈԻՄ ԵՊԻՓԱՆԻ ԳՆԱԼՈԻՑ ՀԵՏՈ:

Երբ սուրբ Եպիփանը հեռացավ Ծոփաց գավառից, իր միայնանոցից, որ Մամբրե էր կոչվում, այնտեղ թողեց շատ եղբայրներ-միաբաններ, միահավան հավատացյալ քրիստոն[ 263 ]յա կրոնավորներ, լեռնաբնակ միանձն ճգնավորներ և մի քահանայի նրանց վրա գլխավոր նշանակեց։ Նրանց մեջ կային ոմանք, որ մանկությունից ի վեր բնավ ուրիշ կերակուր չէին կերել, բացի լոկ բանջարեղենից և ջրից. գինու համն էլ չէին առել, թե ինչպես է։

Նրանց մեջ կար մի խստակրոն եղբայր, որ մութ կյանք էր վարում և բոլորովին հրաժարվում էր ճաշակել հարության հույսի կենարար բաժակից, այսինքն՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի արյունից։ Որովհետև նա չէր կարող հավատալ, թե երբ այդ (գինին) սուրբ սեղան է բերվում և քահանայի ձեռքով բաշխվում, իսկապես աստծու որդու արյունն է դառնում. այլ կարծում էր, թե լոկ գինի է մնում, այս պատճառով էլ հաճախ վիճում էր շատերի հետ։ Օրերից մի օր, երբ գոհության պատարագի խորհուրդն էին կատարում այն վկայարանում, որ շինել էր սուրբ Եպիփանը, և սուրբ հացն ու գինին բերին, պատարագի սեղանի վրա դրին, որպեսզի արյուն դառնա, այդ անհավատ եղբայրն էլ այնտեղ էր գտնվում, վկայարանում. քահանան ելել կանգնել էր սեղանի առաջ և նախքան պատարագ մատուցելը՝ ձեռքերը բարձրացնում է սեղանի վրա և ասում.

«Զորությունների տեր աստված, որ բոլոր արարածները ոչնչից ստեղծեցիր, մարդուն հողից ստեղծեցիր կենդանի և անապական, մարդիկ քո պատվիրանը զանց արին և իրենց պատվիրանազանցության պատճառով մահվան դատապարտվեցին, և դու արդար դատաստանով նրանց դուրս արիր փափուկ դրախտից այս աշխարհը, որտեղից ստեղծել էիր, և նրանք դատապարտվեցին մահով մեռնելու։ Բայց դու, բարերար աստված, նրանց ձեռքից չթողիր, այլ քո միածնի խնամքով ու շնորհով քո ստեղծածները երկրորդ ծնունդով նորոգեցիր և շատ կերպարանքներով այցելու եղար քո արարածներին։ Մարգարեներ ուղարկեցիր, տեսակ-տեսակ զորություններ ու հրաշքներ գործեցիր քո սրբերի ձեռքով, որոնք քեզ հաճելի եղան, օրենքներ տվիր օգնության համար, հրեշտակներ ուղարկեցիր վերակացության համար։ Իսկ երբ ժամանակների վերջը հասավ, մեզ հետ խոսեցիր քո միածին որդու միջոցով, որի հետ աշխարհն ստեղծեցիր, որ պատկեր է [ 264 ]քո փառքի, կերպարանք է քո էության, որ կրում է ամեն ինչ զորավոր խոսքով, որ ոչինչ չհափշտակեց հոր էական բնությունից իր անձի պատվի համար, այլ հավիտենական աստված երկրի վրա երևաց, մարդկանց հետ շրջեց, սուրբ կույսից մարմնացավ, ծառայի կերպարանք առավ և մեր տկարության նմանվեց, որպեսզի մեզ նմանակից դարձնի իր փառքին։ Դու մեզ փրկեցիր ամեն տեսակ գայթակղությունից և մոլորությունից, աշխարհից վերացրիր որևէ անհույս թերահավատություն և քո բոլոր արարածներին շնորհեցիր հարության հույս ու հավատ և նմանություն քո պատկերին ու կերպարանքին, և բոլորին առհասարակ կյանք շնորհեցիր այն հավատով, որը զորացրիր մարդկանց մեջ։ (Այս բոլորն արիր) ոչ թե մեր որևէ արդարության համար, որովհետև մենք աշխարհիս վրա ոչ մի բարիք չենք գործել, այլ քո ողորմության և գթության շնորհիվ, որ մեր վրա սփռեցիր, համարձակվում ենք խնդրել սրտագետիցդ, որ քննում ես մարդկանց սրտերն ու երիկամունքը, դու, տեր, որ բոլորի սրտերը դիտես, դու ճանաչում ես այս մարդու ճշմարիտ ճգնությունները, որ խստակյաց կյանք է վարում իր ճգնողական կյանքում, սակայն սրա մեջ պակասում է հավատը. արդ՝ տուր սրան հավատ մի մանանեխի հատիկի չափ, որպեսզի չկորչի։ Ո՜վ քաջ հովիվ, որ դուրս եկար կորած ոչխարը փնտրելու, որ քո անձը դրիր քո խաշների վրա, սրան ևս փրկի՛ր թերահավատությունից, որով բռնված է, որպեսզի թշնամին սրան չհափշտակի և այս քո ստեղծածը, որ քո կերպարանքի նմանությունն է կրում, հավիտենական կորստի չմատնվի»։

Այս աղոթքն արեց քահանան պատարագը մատուցելուց առաջ, հետո սկսեց պատարագը և ամբողջ պատարագամ ատույցը վերջացրեց։ Երբ նա ասաց. «Հայր մեր, որ յերկինս ես», ծունկ չոքեց և երկար աղոթք արեց։ Եվ մինչ նա ծունկ չոքած աղոթք էր անում, թերահավատ եղբայրը ոտքի կանգնած՝ ներքևից՝ բեմից նայում էր դեպի սեղանը և բաց աչքերով մեծամեծ հրաշքներ սկսեց տեսնել։ Նա տեսնում էր Քրիստոսին, որ իջել էր սեղանի վրա, բացել էր կողքի վերքը, որ գեղարդով խոցելուց էր գոյացել, և կողքի վերքից արյունը կաթկթելով հոսում էր պատարագի բաժակի մեջ, որ դրված [ 265 ]էր սեղանի վրա։ Թերահավատ կրոնավոր եղբայրը այս որ տեսավ, զարհուրեր ու դողաց. հուզված, շփոթված գետին կործանվեր, բերանը կարկամած, ուժասպառ, շնչասպառ ուշաթափ եղավ։

Իսկ քահանան վեր կենալով՝ սուրբ պատարագի խորհուրդը վերջացրեց և երբ սուրբ օրենքը բեմից իջեցնում էր, տեսավ այն եղբորը, որ ուշաթափ ընկած էր գետնին։ Երբ սրբությունը տվեց ում որ պետք էր, ապա մնացորդը դարձյալ տարավ, սեղանի վրա դրեց և ներքև իջնելով բռնեց եղբորից, տեսավ, որ ուշագնաց ընկած է գետնի վրա։ Ջուր բերեց, բերանին սրսկեց. երբ նա վերջապես շունչ քաշեց և ուշքի եկավ, վեր կացավ ու պատմեց իր տեսած հրաշքները։ Ապա քահանան կամեցավ սուրբ օրենքով նրան ճաշակել տալ, բայց նա հանձն չառավ, չհամաձայնվեց, որովհետև իրեն անարժան էր համարում։ Այլ նա իր համար մի հոր փորեց և մեջը մտնելով յոթ տարի ապաշխարեց իր թերահավատության մեղքը, և յոթ տարուց հետո համարեց, որ իր ապաշխարությունն արժանացել է (թողության), դուրս եկավ ուրիշների հետ միասին հաղորդվելու։ Բայց էլի նույն հորն է իջնում բոլոր իր կյանքի օրերում և նույն հորումն էլ այդ եղբայրը վախճանվեց։ Ապա քահանան էլ վախճանվեց, և երկուսը միասին այն վկայարանի ներսը դրվեցին, Եպիփանի եղբայրանոցում, որտեղ այս հրաշքը երևաց։


Գլուխ ԻԹ

ՀՈՒՍԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՎՐԻԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՏՈՀՄԻՑ ԷՐ, ԵՎ ՈՐԻՆ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ՆԵՐՍԵՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՇԱՆԱԿԵՑ ԻՐ ԿԱՄՔՈՎ, ԱՌԱՆՑ

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՄԵԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ, ԵՎ ԱՅՍ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱԴԱՐԵՑ:

Ներսես հայրապետի մահից հետո Պապ թագավորը Հուսիկ եպիսկոպոսին նշանակեց, որ Մանազկերտի Աղբիանոս եպիսկոպոսի տոհմից էր, և նրան հրամայեց հայրապետների տեգր բռնեք ու իշխել իր սպանածի (Ներսեսի) փոխարեն, և նա փոխարինեց Ներսեսին։ [ 266 ]Բայց Կեսարիայի եպիսկոպոսապետը լսեց, թե մեծ Ներսես հայրապետին սպանեցին և նրա փոխարեն նշանակեցին Հուսիկին առանց իր հրամանի, հակառակ նախկին սովորության, որ Կեսարիայի հայրապետի մոտ էին տանում ձեռնադրության համար։ Այս բանի պատճառով Կեսարիայի հայրապետը շատ զայրացավ։ Կեսարիայի նահանգի եպիսկոպոսների սյունհոդոսական ժողով գումարվեց, որ ցասումնալից թուղթ գրեց (Հուսիկ) հայրապետին: Նույնպես թուղթ գրեցին Պապ թագավորին և (Հայոց) կաթողիկոսների իշխանությունը լուծեցին (սահմանելով), որ ով որ Հայոց հայրապետ լինի, նա իրավունք ունենա թագավորի սեղանի հացը օրհնել, բայց իրավունք չունենա Հայաստանի համար եպիսկոպոսներ ձեռնադրել, ինչպես ի բնե սովորություն էր։ Այդ ժամանակից վերացավ Հայոց (կաթողիկոսների) իրավունքը եպիսկոպոսներ ձեռնադրելու, և այնուհետև Հայաստանի բոլոր գավառներից ու կողմերից, որոնք որ եպիսկոպոս էին լինելու, գնում էին Կեսարիա քաղաքը ու այնտեղ ձեռնադրվում էին եպիսկոպոս, որովհետև այդ ժամանակից Հայոց աշխարհից վերացավ այդ իրավունքը, և այնուհետև չէին համարձակվում եպիսկոպոսներ ձեռնադրել. բայց նա, որ եպիսկոպոսների մեջ ավագն էր, միայն վերև էր նստում և թագավորների սեղանն էր օրհնում։ Իսկ սա (Հուսիկը) քրիստոնյա մարդ էր, բայց չէր համարձակվում հանդիմանել որևէ մեկին, որովհետև երկչոտ էր և համակերպվող, որովհետև միայն թագավորի կամքով ուներ իր պատիվը. և լուռ ու հանդարտ էր մնում իր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ Լ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԳՈՒՄ ԷԻՆ ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱՐՈՏԸ

ՔԱՇՈՒՄ:

Երբ Պապը սուրբ Ներսես հայրապետին սպանեց, այնուհետև ամեն մարդ խոր տրտմության մեջ ընկավ. Հայոց աշխարհի բոլոր մարդիկ միաբան խոսում էին և ասում. «Հայոց փառքը կորավ, աստծու արդարը մեր աշխարհից վերա— [ 267 ]քավ»։ Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Այժմ գիտենք, որ մեր աշխարհը կորավ, որովհետև անմեղ տեղը արդար արյուն թափվեց, մանավանդ որ նա աստծու համար մեռավ»։ Մուշեղ Հայոց սպարապետն էլ ասում է. «Աստծու սրբի արյունը անմեղ տեղը թափվեց. այսուհետև ես չեմ կարող թշնամու դեմ գնալ կամ մեկի դեմ նիզակ բանեցնել։ Որովհետև գիտեմ, որ աստված մեզ ձեռքից թողեց, մենք լքված ենք և չենք կարողանա գլուխներս վեր բարձրացնել, ես գիտեմ, որ այսուհետև հաջողություն էլ չի լինելու Հայոց աշխարհի թշնամիների դեմ, որովհետև մեր հաղթությունը նրա աղոթքից էր, որ մեռավ, և նրա տոհմի»։ Եվ Հայաստանն բոլոր սահմաններում ծայրեծայր սգում էին նրան ազնվականներն ու շինականները, Թորգոմի տան բոլոր բնակիչները, առհասարակ հայ լեզվով խոսող մարդիկ։


Գլուխ ԼԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵՌՆԵԼՈԻՑ ՀԵՏՈ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

ՆԱԽԱՆՁԻՑ ՇԱՐԺՎԱԾ, ՏԱԳԱԼԵՑ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆԸ, ՈՐ

ՍԱՀՄԱՆԵԼ էՐ ՆԵՐՍԵՍԸ ԻՐ ԿԵՆԴԱՆՈԻԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ:

Իսկ Հայոց Պապ թագավորը թեպետև սպանեց Հայոց աշխարհի Ներսես հայրապետին, բայց նրա մահով չգոհացավ, այլ ջանք էր անում խանգարել ու ոչնչացնել այն բոլոր ճշմարիտ կարգերը, որ Ներսեսը սահմանել էր եկեղեցում։ Եվ սկսեց նախանձով վարվել նրա առաջուց դրած կանոնների հետ։ Հայտնապես սկսեց հրաման տալ աշխարհին ավերել որբանոցներն ու այրիների ապաստարանները, որ շինել էր Ներսեսը զանազան գավառներում. ավերել կուսանոցները զանազան գավառներում ու ավաններում, որ նույն Ներսեսն էր շինել ու պարիսպներով ամրացրել՝ առևանգումիցս զգույշ պահպանության համար։ Որովհետև երանելի ներսեսը իր կենդանության ժամանակ շինել էր այս կուսանոցները բոլոր գավառներում, որպեսզի բոլոր հավատավոր կույսերն այնտեղ հավաքվեն, պահեցողությամբ և աղոթքով զբաղվեն, իսկ նրանց ապրուստ տան երկիրը և նրանց ընտանիքները։ [ 268 ]Պապ թագավորը հրամայում է այս կուսանոցներն ավերել և հրամայում է պիղծ խառնակության մատնել հավատավոր կույսերին։

Դարձյալ նույն Ներսեսը հիվանդանոցներ էր հիմնել բոլոր կողմերում, սահմանել էր նրանց համար ուտեստ ու դարման, և հավատարիմ մարդիկ էր նշանակել հիվանդանոցներին ու աղքատներին տեսուչ, հանձնել էր այնպիսի մարդկանց, որոնք աստծու երկյուղն ունեին և Քրիստոսի գալստյան ու հավիտենական դատաստանին էին սպասում։ Թագավորն այս վերակացուներին դուրս է անում իրենց պաշտոններից և հրամայում է հիմնարկությունները ավերել, ոչնչացնել։ Նա չքավորների ու աղքատների վրա նշանակված տեսուչ-վերակացուներին հալածում է և իր իշխանության տակ եղած ամբողջ երկրին հրաման է տալիս. «Աղքատները թող դուրս դան մուրան, ոչ ոք չհամարձակվի նրանց այնտեղ որևէ բան տանել. թող նրանք շրջեն, խնդրեն, աղաչեն, ապա թե մի ողորմություն ստանան»։ Պտղիի և տասնորդների կարգն էլ, որ վաղուց ի վեր սովորություն էր դարձած եկեղեցուն տալ, դրա վերաբերմամբ էլ ամբողջ երկրում հրաման հանեց, որ ոչ ոք չտա։

Ներսես հայրապետի օրերում նրա ահից ոչ ոք չէր համարձակվում Հայոց աշխարհում մեկի կինը խլել և թողնել իր կին ամուսինը, որ առել էր քողով և հարսանիքի պսակով ու օրհնությամբ, և ուրիշ կին առնել չէր համարձակվում։ Եթե հանկարծ մեկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակվում եկեղեցու կանոնից դուրս անհուսությամբ մեռելի վրա լալ, կոծ ու սուգ անել, ողբեր ասել մեռելի վրա, այլ լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով ու վառած մոմերով հուղարկավորում էին մեռելը։ Իսկ նրա մահից հետո ամեն մարդ թագավորից հրաման ստացավ համարձակորեն թողնել իր ամուսին կնոջը. կար մարդ, որ տասը կին էր փոխում, և առհասարակ բոլորն անօրինության մեջ ընկան։ Դարձյալ Ներսեսի մահից հետո, երբ մեռելներին ողբում էին, փողերով, փանդիռներով ու վիներով կոծի պարեր էին բռնում, մորուքները կտրած, երեսները պատառոտած, կին և տղամարդ դեմառդեմ ճիվաղական պարեր [ 269 ]խաղալով, ծափ զարկելով հուղարկավորում էին մեռելներինա իսկ Ներսեսի տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս. այլ այն ժամանակ նրանց հանգստի տեղերը, այսինքն՝ ուրկանոցները բոլոր մարդիկ նրանց համար տանում էին այն ամենը, ինչ որ պետք էր նրանց։ Հենց այնտեղ նրանք առանց կարիքի ու լիացած էին։ Իսկ քահանայապետի մահից հետո եթե որևէ մեկը աղքատներին հանգիստ էր տալիս, թագավորից մեծ պատիժներ էր կրում։

Ներսեսի օրերում Հայոց աշխարհում մեծապես պայծառացած էին եկեղեցիներում պաշտամունքի կարգերը. կային կարգ ու կանոնի ենթարկված բազմաթիվ սուրբ սպասավորներ։ Նրա ժամանակ սուրբ վկաների հիշատակները Հայաստանի բոլոր տեղերում միշտ կատարվում էին պայծառությամբ, ժողովրդի մեծ բազմության ներկայությամբ։ Հայր եպիսկոպոսների պատիվը Հայաստանի բոլոր գավառներում բարձր էր ըստ նրանց արժանավորության։ Վանականների կարգերը շեն ու անշեն տեղերում առհասարակ ծաղկած էին։ Այս բոլորը նրա մահից հետո ոչնչացան ու փչացան։

Ներսեսի քահանայապետության ժամանակ Հայաստանի բոլոր գավառներում, շեներում և գյուղերում առհասարակ քահանայապետի հրամանով շինված էին օտարանոցներ ու հիվանդանոցներ. և Հայոց աշխարհի բոլոր մարդիկ ողորմածությամբ սնունդ էին մատակարարում՝ հիշելով աղքատներին, նեղված-տառապածներին, օտարներին, հարստահարվածներին, օտար երկրում և օտարի տան ապրողներին, անցորդ հյուրերին։ Նրանց վրա սուրբ Ներսեսը վերակացուներ էր նշանակել և ուտեստ որոշել զանազան տեղերից։ Իսկ նրա մահից հետո Պապ թագավորն այս ամենն ավերեց, եկեղեցու պատիվն անարգեց, Ներսես հայրապետի սահմանած շատ կարգերն ու բարեկարգությունները տապալեց ու մոռացության մատնեց։ Նրա այս աշխարհից գնալուց հետո շատ մարդիկ դարձան նախկին կռապաշտության. Հայաստանի շատ տեղերում կուռքեր կանգնեցրին Պապ թագավորի թույլտվությամբ, որովհետև չկար մեկը, որ հանգիմաներ, չկար մեկը, որից քաշվեին, այլ ամեն մարդ համարձակ գործում [ 270 ]Էր ինչ որ կամենում էր. շատ արձաններ էին կանգնեցրել և նրանց երկրպագում էին։

Բացի սրանցից, Պապ թագավորը եկեղեցուց կտրեց այն հողը, որ Գրիգոր մեծ քահանայապետի ժամանակ տվել էր Տրդատ թագավորը Հայոց ամբողջ աշխարհում եկեղեցու սպասավորության ու պաշտամունքի համար, որովհետև յոթ հողից հինգը կտրում էր հօգուտ արքունիքի և միայն երկու հողն էր թողնում։ Եվ հողերի հաշվով ամեն մի գյուղում երկու-երկու սպասավոր էր թողնում, մի քահանա և մի սարկավագ, իսկ մյուսներին, այսինքն քահանաների ու սարկավագների եղբայրներին ու որդիներին իր հպատակության էր ենթարկում։ Նրան այնպես էր թվում, թե այսպես վարվում է Ներսեսի կամքի հակառակ, ի հեճուկս նրա՝ նրա դեմ տածած իր թշնամության պատճառով. նա չէր մտածում, թե դրանով ինքն իրեն է կորցնում։

Եվ այս ժամանակ ամբողջ Հայաստան աշխարհում նվազում էին եկեղեցու պաշտամունքի և սպասավորության կարգերը։


Գլուխ ԼԲ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՍ ԴԱՐՁՐԵՑ ՀՈԻՆԱՑ

ԹԱԳԱՎՈՐԻՑ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՍՊԱՆՎԵՑ ՀՈԻՆԱՑ ԶՈՐՔԵՐԻՑ:

Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց Հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել Պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել Պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ էր ուղարկում Հունաց թագավորի մոտ, թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաքները մերն են եղել, ետ տուր. Ուռհա քաղաքն էլ մեր նախնիքն են շինել, ուստի եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք»։ Թեպետ Մուշեղը և Հայոց բոլոր իշխանները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, նրանց չլսեց և [ 271 ]հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը Հունաց թագավորի դեմ։

Իսկ Հունաց իշխաններն ու զորքերը դեռ Հայոց աշխարհումն էին։ Իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը Ադե։ Եվ Հունաց թադավորր գաղտնի մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ և հրաման տվեց Հայոց Պապ թագավորին սպանել։ Երբ Հունաց իշխանները Հայաստանում այս հրամանն ստացան իրենց թագավորից, հարմար դեպքի էին սպասում, որ Հայոց Պապ թագավորին սպանեն։ Պատահեց մի հարմար ժամանակ, երբ Հունաց զորավարները՝ Տելլենտն ու Ադեն, իմացան, թե Հայոց Պապ թագավորը մենակ է, երբ Հայոց մեծամեծներն ու զորքը այնտեղ չէին, և Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանգ գավառում՝ Խու կոչված տեղում մի դաշտում, իսկ Հունաց զորքերի բանակը գտնվում էր Հայոց թագավորի բանակին մոտ, ապա Հունաց զորավարները փառավոր հացկերույթ սարքեցին և Հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի. ամեն բան կազմել պատրաստել էին։

Պապ թագավորը ընթրիքի գալով՝ մտավ ու բազմեց կերուխումի։ Եվ երբ թագավորը մտնում է Հունաց Տերենտ զորավարի սենյակը, լեգեոնի ասպարակիր զինվորները, ձեռքներին վահան, գոտիներում սակր, ներսը, սենյակի պատերի մոտ, շրջապատելով պահպանում էին. նույնպես և (սենյակեց) դուրս պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես անում։ Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զինվորները նրա ետևը կանգնած նրան ամեն կողմից պատում էին։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորին, և իսկույն հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերը իրենց ներդաշնակ ձայներով։ Վահանավոր զորքին հրաման տվին, և մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մտտներով ու նայում էր գուսանների [ 272 ]խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ մատներում բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած ուներ աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմեր, իսկ աչքերով հառած նայում էր գուսանների զանազան խմբերին, Հունաց զորքերին աչքի ակնարկով նշան է տրվում, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում են Պապ թագավորին, մեկը ուղիղ վիզն է կտրում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է նետում։ Պապ թագավորը տեղնուտեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին, պարանոցից հոսող արյունը և նրա մարմինը միասին ընկնում են սեղանի վրա։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։ Երբ սեղանատանը աղմուկ և շփոթություն ընկավ, Անձևացյաց գավառի տեր Գնելը բազմած տեղից վեր կացավ, սուրը քաշեց և սպանեց զինվորներից մեկին, որը խփել էր թագավորին։ Այն ժամանակ Հունաց Տերենտ զորավարը իր սուրը հանելով խփում է և Գնելի գլխից սկավառակը կտրելով աչքերի վրա է շուռ տալիս։ Եվ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց և ոչ մի խոսք։


Գլուխ ԼԳ

ԹԵ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈԻՐԴ ԱՐԻՆ ՀԵՏՍ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԸ

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԼՈԻՌ ԿԱՅԻՆ ՄՆԱՑԻՆ:

Եվ Հայոց բոլոր մեծամեծ իշխանները հավաքվեցին միասին, և՛ Մուշեղ սպարապետը, և՛ Հայր մարդպետը, և բոլոր իշխանները. «Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք, — ասում էին նրանք, — մեր թագավորի վրեժը պահանջե՞նք, թե ոչ»։ Վերջը խորհրդի մեջ այս միտքն ընդունվեց. «Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և Հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին ևս թշնամացնել, որովհետև առանց որևէ մեկի թիկունքի չենք կարող ապրել»։ Ապա խորհրդում այսպես որոշվեց. «Ինչ որ եղավ եղավ, թող էլի Հունաց թագավորին ծառայենք, Հունաց թագավորի [ 273 ]իշխանությանը հնազանդվենք, թող Հունաց թագավորները մեզ հետ վարվեն, ինչպես ուզում են»։ Այլևս չմտածեցին վրեժ լուծել կամ ուրիշ մի բան անել, այլ տեղներում լուռ նստեցին։


Գլուխ ԼԴ

ՊԱՊԻՑ ՀԵՏՈ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ:

Հայոց Պապ թագավորի մահից հետո Հունաց թագավորը Հայոց աշխարհի վրա թագավորեցրեց մի ոմն Վարազդատի, որ նույն Արշակունի տոհմից էր։ Նա մեծ շքեղությամբ եկավ Հայոց աշխարհը և թագավորեց Հայոց աշխարհում։ Նա տարիքով մանուկ էր, արիասիրտ, հզոր ձեռքերով, քաջ սրտով, բայց թեթևամիտ, երեխայի նման խելքը պակաս, մանկամիտ։ Բայց երբ նրան տեսան, Հայոց մեծամեծների ու նախարարների բոլոր տոհմերը նրա մոտ հավաքվեցին՝ ուրախանալով, որ նա իրենց վրա թագավորեց։

Իսկ Հայոց Մուշեղ սպարապետը առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները, ինչպես սովոր էր երկիրը բարեկարգ պահել, և բարի խրատներ էր տալիս մանուկ Վարազդատ թագավորին։ Եվ միշտ հոգս էր քաշում Հայոց աշխարհի թագավորության համար, թե ինչպես չեն պահի, և միշտ բարեմտությամբ աշխատում էր, որ թագավորությունը հաստատ մնա. նա խորհրդակցում էր Հունաց իշխանների հետ և նրանց միջոցով կայսեր հետ, թե հարկավոր է Հայոց աշխարհում քաղաքներ շինել ամեն մի գավառում, որտեղ մի-մի քաղաքի, որտեղ երկու-երկու, ամուր պարիսպներով շրջապատած, որպեսզի զորանիստ տեղեր դառնան ամբողջ Հայոց աշխարհում, մինչև Գանձակ սահմանագլուխը, որ սահման էր Պարսկաստանի և Հայաստանի միջև։ (Նույնպես խորհուրդ էին անում) Հայոց բոլոր ազնվականներին զինավորել կայսերական ծախսով, այնպես էլ Հայոց աշխարհի զորքերը, որպեսզի այս կերպով ամեն զգուշություն ձեռք առնեն իրենց թշնամիների՝ Պարսից զորքերի դեմ։ Եվ Հունաց թագավորը մեծ ուրախությամբ [ 274 ]հանձն առավ այս բաները կատարել, որպեսզի այս բոլոր միջոցներով երկիրը հաստատ ու անշարժ կապվի իր հետ, և Պարսից թագավորը չկարողանա Հայոց աշխարհը գրավել։


Գլուխ ԼԵ

ԹԵ ԻՆՉՊԵԱ ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԱՐԱՄԻՏ ԵՎ ԱՆՄԻՏ ՄԱՐԴԿԱՆՑ

ԽՈՍՔԵՐԻՆ ԼՍԵԼՈՎ՝ ՍՊԱՆՈԻՄ է ՀԱՅՈՑ ՄՈԻՇԵՂ ԶՈՐԱՎԱՐԻՆ:

Բայց երբ Հայոց մեծ նախարարները տեսնում են, թե Հայոց Վարազդատ թագավորը դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զանազանել չգիտե, սկսեցին այնուհետև թագավորին խաղացնել իրենց ուզածի պես. իրենց խոսքերով էին նրան կառավարում, ինչպես իրենք կամենում էին։ Նա ավելի լսում էր մանուկներին, որոնք տարիքով իրեն հասակակից էին, քան իմ աստուն ծերերին, որոնք կարող էին նրան օգտակար խրատներ տալ։

Իսկ Բատը, որ Սահառունյաց տոհմի նահապետն էր, Վարազդատ թագավորի դայակն ու ուսուցիչը, միտք դրեց Մուշեղից հափշտակել զորավարության՝ սպարապետության գործը։ Այս պատճառով նա սկսեց մատնություններ անել նրա մասին իր սանիկին՝ Վարազդատ թագավորին, ասելով, թե «Հնուց հետե, նախնյաց ժամանակներից ի վեր, Մամիկոնյաններն են կորստի մատնել ձեր Արշակունյաց տոհմը, որովհետև ի բնե ձեր հակառակորդներն են եղել, դրանք են միշտ կերել Հայոց աշխարհր, մանավանդ Մուշեղը, որ չար ու նենգավոր մարդ է։ Որովհետև նա սիրել է ձեր թշնամիներին և ատել է ձեր սիրելիներին ու միշտ ձեզ հետ վարվել է նենգությամբ, երկդիմությամբ ու չարամտությամբ։ Մի՞թե դա այն Մուշեղը չէ, որ Պապի թագավորության ժամանակ պարսիկների հետ պատերազմելիս մի քանի անգամ հնարավորու¬ թյուն ունեցավ Պարսից Շապուհ թագավորին սպանելու, բայց չսպանեց, այլ թշնամուն ազատ արձակեց, մի անգամ էլ ձեռք գցեց Շապուհ թագավորի կանանց և խնամքով ու հոգատարությամբ ժանվարներով ուղարկեց Շապուհի ետևից: Դա այն Մուշեղը չէ՞, որ Աղվանից Ուռնայր թագավորին ձեռք [ 275 ]գցեց, բայց սպանել չկամեցավ, այլ թշնամուն ազատ արձակեց: Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով և որի խորհրդով Հունաց զորավարները Պապ թագավորին սպանեցին, որովհետև դա էր, որ Հունաց թագավորին թշնամացրեց ու գրգռեց Պապ թագավորի դեմ, մինչև որ սպանել տվեց։ Արդ պետք է որ նա քո ձեռքից մեռնի, նա չպետք է ապրի։ Եվ եթե դու չշտապես, արքա, նա մտածել է այժմ Հայոց աշխարհը լցնել քաղաքներով, զորանիստներ դարձնել՝ Հունաց զորքերն այնտեղ բնակեցնելու համար։ Եվ այնուհետև կա՛մ Հունաց թագավորը քեզանից կխլի Հայոց թագավորությունը, կա՛մ հենց այս Մուշեղը (քեզ) կսպանի և ինքը կթագավորի»։ Եվ այսպիսի խոսքերով շարունակ գաղտնի գրգռում էին թագավորին, մինչև որ համաձայնվեց Հայոց զորավար-սպարապետին սպանել ըստ նրանց ցանկության։

Հետո խորհուրդ արին, թե ինչպե՛ս կարողանան նրան բռնել, որովհետև նրանից շատ էին վախենում։ «Եթե գլխի ընկնի,— ասում էին,— մեծ պատերազմ կհարուցի, և ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ դնել. պետք է մի հնարք, խորամանկություն բանեցնել»։ Եվ այսպես սպասում էին։ Ապա մի օր Հայոց Վարազդատ թագավորը հրաման տվեց մեծ ընթրիք սարքել մեծ պատրաստությամբ և հրամայեց ընթրիքին հրավիրել բոլոր ավագ, պատվավոր մարդկանց, մեծամեծներին և Մուշեղ զորավարին։ Վարազգատը պատրաստեց ընտիր, ուժեղ, հզոր մարդիկ, որ պատրաստ լինեն գործին՝ հանկարծակի, հանպատրաստից, անսպասելի ժամին Մուշեղի վրա հարձակվելու։ Հյուրերին շատ ուրախացնում է, շատ գինի է խմել տալիս և շատ զվարճացնում է։ Վարազդատ թագավորը նախապես նշան էր տվել իր պատրաստած սպանողներին, թե՝ «Երբ կտեսնեք, որ Մուշեղ սպարապետը լավ հարբել է և հարբեցությունից խելքը կորցրել է, ես վեր կկենամ, իբր թե արտաքնոց գնալու համար, դուք այդ ժամանակ նրան շրջապատեցեք»։ Բոլորը չափից դուրս խմեցին, գինովցան, բայց Վարազդատը գինի խմելուց զգուշանում էր։ Երբ նա նկատեց, թե հարբեցությունից խելքները կորցրել են, վեր կացավ, իբր թե ջուր թափելու գնալու համար, և սեղան բազմած բոլոր ավագները ոտքի կանգնեցին՝ [ 276 ]նրան պատվելու համար։ Եվ հանկարծ այն մարդիկ, որոնց հրաման էր տվել, տասներկու մարդ մի անդամից միասին ետևի կողմից Մուշեղին բռնեցին, վեց մարդ մի ձեռքից և վեց մարդ մյուս ձեռքից։ Երբ թագավորը ոտքի կանգնեց, (Մուշեղը) նրան նայեց (հարցական կերպով), թե ինչի՞ց է այս, և թագավորը պատասխանեց ու ասաց, «Գնա՛ Պապ թագավորի մոտ, հարցրո՛ւ և կիմանաս, թե ինչի՛ց է»։ Այս ասելով՝ թագավորը դեպի դուռն ուղղվեց ու դուրս եկավ։ Եվ Մուշեղն ասաց. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ։ Բայց, այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներտ»... Այսքան միայն կարողացավ ասել, ավելի ոչինչ։ Իսկույն Բատ Սահառունին՝ Վարազդատ թագավորի դայակը, ազդրից կախած նրանը հանելով՝ խրեց Մուշեղ զորավարի շնչափողը և իսկույն գլուխը կտրեց։ Նրա մարմինը վերցրին ու տարան իր գյուղը:


Գլուխ ԼԶ

ՄՈԻՇԵՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՄԻՏ ԿԱՐԾԻՔԻ ՄԱՍԻՆ:

Երբ Մուշեղ սպարապետի մարմինը իր տունը, իր ընտանիքի մոտ տարան, տնեցիները նրա մահվանը չհավատացին, թեպետև տեսնում էին գլուխը մարմնից զատված։ Նրանք ասում էին. «Դա անթիվ անդամ կռիվների մեջ էր մտել, ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ դրան չէր դիպել, և ոչ մի ուրիշ զենքով դա չէր խոցվել»։ Իսկ ոմանք էլ հույս ունեին, թե նա կկենդանանա, ուստի գլուխը կարելով կցեցին իրանին և հանեցին մի աշտարակի տանիքը դրին՝ ասելով. «Որովհետև քաջ մարդ էր, առլեզները կիջնեն ու սրան կկենդանացնեն»։ Պահապան դրին և սպասում էին նրա հարությանը, մինչև որ մարմինը սկսեց նեխվել։ Ապա աշտարակից վար իջեցրին,

լացին ու թաղեցին, ինչպես կարգն էր։ [ 277 ]

Գլուխ ԼԷ

ՄԱՆՈԻԵԼԻ ԴԱՐՁԸ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ՄՈԻՇԵՂԻ ՎՐԵԺԸ

ՊԱՀԱՆՋԵԼԸ, ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

ԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՁԵՌՔԸ ԳՐԱՎԵԼԸ:

Իսկ Վարազդատ թագավորը զորավարության ու սպարապետության գործը հանձնեց Բատին՝ Սահառունյաց տոհմի նահապետին, որ իր դայակն էր և Մուշեղի քսու բանսարկուն ու սպանողը։ Նա Մուշեղի փոխարեն դարձավ ամբողջ Հայաստանի զորավար-սպարապետը։ Իսկ Մամիկոնյան տոհմին նահապետ ու տանուտեր նշանակեց թագավորը Վաշեին նույն Մամիկոնյան տոհմից։

Այս ժամանակ Պարսկաստանի գերությունից վերադարձան Մամիկոնյան տոհմից երկու եղբայր, որոնց գերի էր տարել Շապուհ թագավորը, մեկի անունը Մանուել, մյուսինը Կոմս։ Որովհետև այդ ժամանակները Պարսից թագավորը, որ Սասանյան ցեղից էր, պատերազմ էր ունեցել Քուշանաց մեծ թագավորի հետ, որ Արշակունի էր և նստում էր Բահլ քաղաքում։ Եվ երբ Պարսից Զորքերր գնում էին քուշանների դեմ պատերազմի, ապա Պարսից թագավորն իր զորքերի հետ ուղարկում է և այն մարդկանց, որոնց գերի էր բերել Հայաստանից» նրանց հետ գնում էր և այս Մանուելը իր Կոմս եղբոր հետ։ Երբ կռվի մեջ երկու կողմի գնդերն իրար Խառնվեցին, Պարսից զորքը պարտություն կրեց Քուշանաց զորքից և չարաչար հարվածներ կրելով՝ փախուստի դիմեց։ (Քուշանները) պարսիկներին հասնելով նրանցից ոչ մեկին կենդանի չթողին, մինչև անգամ մի մարդ կենդանի չմնաց՝ լուր բերող. բայց Մանուելը՝ Արտաշեսի որդին, Մամիկոնյան տոհմից, և իր Նոմս եղբայրը մեծամեծ քաջություններ գործելով՝ նույն ճակատամարտում կյանքներն ազատեցին, և Պարսից բոլոր զորքերից միայն այս երկուսը հետիոտն գալիս հասնում են Պարսից թագավորի մոտ՝ ողջ-առողջ, շատ քաջություններ կատարած։

Բայց Պարսից թագավորը շատ տրտմած էր իր զորքերի կոտորածի պատճառով. նա ավելի ևս չարացավ ու կատաղեց, երբ տեսավ, որ իր բոլոր զորքերից միայն նրանք են ողջ [ 278 ]մնացեք ու եկել։ Նրանց վրա բարկանալով՝ անարգելով հալածեց իր երկրի սահմաններից, որ գնան իրենց երկիրը։ Եվ նրանք ճանապարհ ընկան, երեսները դեպի իրենց աշխարհն ուղղած։ Երկու եղբայրն էլ հետևակ էին, երկուսն էլ վիթխարի մեծությամբ, հաղթանդամ, հսկաների նման։ Մինչ գալիս էին ճանապարհով, Մանուելը չէր կարողանում քայլել, որովհետև ոտքերում ցավ ուներ։ Ապա նրա Կոմս եղբայրը նրան շալակում է և (օրական) տասը փարսախի շալակած բերում է այն ահագին, վիթխարի մարդուն, մինչև որ հասցնում է Հայոց աշխարհը։ Երբ Մանուելը իր Կոմս եղբոր հետ եկավ հասավ Հայոց աշխարհը, և երբ նրանց տեսավ Վաչեն, որ նրա գալուց առաջ (Մամիկոնյանների) նահապետն էր, նրան հանձնեց իր իշխանական պատիվը, որ ստացել էր Վարազդատ թագավորից, որովհետև տոհմի մեջ ավագագույնը նա էր։ Այսպիսով Մանուելն ստացավ իրենց տոհմի տանուտերության և նահապետության պատիվը, իսկ Վաչեն դարձավ նրա երկրորդը։

Իր տերության պատվին ու փառքին հասնելուց հետո Մանուելը նախ և առաջ, առանց Վարազդատ թագավորի հրամանի, հափշտակեց զորավարությունն ու սպարապետությունը։ Ինչ որ նրա նախնիները բուն սկզբից ունեին, և ինչ որ Վարազդատ թագավորը շնորհել էը իր դայակ Բատին, այդ իշխանությունը Մանուելը ետ խլեց իր համար։ Իսկ այնոհետե Հայոց Մանուել սպարապետը պատգամ է ուղարկում Վարազդատ թագավորին և ասում է. «Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ՝ Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար։ Մեր բոլոր հին նախնիները պատերազմների մեջ ընկան ձեզ համար. Վասակը Մուշեղի հայրը, կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել ենք, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Արդ՝ փոխանակ մեզ վարձատրելու մեր ծառայությունների համար, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք նրանց, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Ահա իմ քաջ եղբայրր՝ Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու վանեց, և [ 279 ]որին թշնամիները չկարողացան սպանել, դու բռնեցիր և սեղանին նստած տեղում խեղդեցիր։ Բացի սրանից՝ դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի ես, այդ պատճառով էլ Արշակունիների աշխատավորներին չճանաչեցիր։ Մենք մինչև անգամ ձեր ծառաները չենք, այլ ձեր ընկերներն ենք և ձեզանից ավելի բարձր, որովհետև մեր նախնիները ճենաց աշխարհի թագավորներ են եղել. և եղբայրների մեջ տեղի ունեցած տարաձայնության պատճառով, որպեսզի մեծ արյունահեղություն չլինի, այնտեղից հեռացել ենք և խաղաղ հանգստություն գտնելու համար եկել դադարել ենք (այստեղ)։ Առաջին Արշակունի թագավորները գիտեին, թե ովքե՛ր ենք մենք և որտեղացի ենք. բայց դու, որովհետև Արշակունի չես, հեռացի՛ր այս աշխարհից և իմ ձեռքից մի՛ մեռնիր»։

Իսկ Վարազդատ թագավորը պատասխան-պատգամ է ուղարկում Մանուել զորավարին և ասում է. «Ես իսկական Արշակունի եմ, որ իմ Արշակունի նախնիների թագը դրի և իմ նախորդների աշխարհին տիրեցի, և իմ հորեղբոր՝ Պապի վրեժն առա քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Բայց որ դու այս աշխարհից չես, այդ դու ինքդ ասացիր, թե մենք ճենաց աշխարհից ենք, այնտեղ ծագումով թագավոր ենք եղել և այստեղ եկել ենք իբրև պանդուխտներ։ Ուրեմն մի՛ մեռնիր քո եղբոր նման։ Ես իմ բարերարությամբ քեզ արձակում եմ. ե՛լ ու գնա՛ ճենաց աշխարհը, այնտեղ, քո երկրում ապրի՛ր ու թագավորի՛ր։ Իսկ եթե չես կամենա գնալ, իմ ձեռքից կմեռնես, ինչպես Մուշեղը մեռավ»։

Երբ շատ անգամ պատգամավորները գնացին եկան, և ավելի ու ավելի խիստ և վիրավորական խոսքեր իրար ուղարկեցին, դրանից հետո ժամ նշանակեցին պատերազմով իրար հանդիպելու։ Նշանակված ժամին եկան հասան ու պատերազմ սկսեցին իրար հետ։ Վարազդատ թագավորն առնում է իր զորքի բանակն ու գալիս հասնում է ճակատամարտի տեղը, լավ սպառազինված ու պատերազմի պատրաստ։ Եվ Մանուել սպարապետը, ավելի մեծ պատրաստությամբ, իր գնդով նույն տեղն է հասնում, և Կարինի դաշտում երկու կողմերի գնդերն ընդհարվում են։

Վարազդատ թագավորը և Մանուել սպարապետը, նիզակ[ 280 ]ները ձեռքներին, դուրս են գալիս իրար դեմ ախոյաններ։ Երբ Վարազդատ թագավորը գալու ժամանակ աչքերը վեր բարձրացրեց և Մանուել սպարապետին տեսավ ու նկատեց նրա հասակի մեծությունը, անձի շքեղությունը, նրա ոտքից մինչև գլուխ երկաթապատ ամրակուռ և անխոցելի զինվածությունը, պինդ կազմվածքը, ուժեղ երիվարը, երիվարի անդրդվելի սպառազինությունը, իր մտքում նրան համեմատեց մի բարձր, անմատույց լեռան հետ։ Բայց մահը աչքն առնելով՝ հարձակվեց, որովհետև փրկության ուրիշ հույս չուներ։ Բայց որովհետև Վարազգատ թագավորը մանուկ մարդ էր և կռվի շատ տեղյակ չէր, նրան այնպես տեսնելով, կարծեց, թե նրա զրահներին նիզակը չի կարող ազդել, ուստի իր ձեռքի ամբողջ ուժով նիզակով Մանուել զորավարի բերանին խփեց, իսկ Մանուելը բռնեց նիզակից, նրանից տեղը պոկելով իր թշովն անցկացրեց, որի ժամանակ շատ ատամներ կորցրեց և նիզակը թագավորի ձեռքից խլեց։

Եվ Վարազգատ թագավորը փախուստի դիմեց Մանուել զորավարի առաջ, իսկ Մանուելը նրան հասնելով նիզակի տեղը ձեռքին բռնած՝ նիզակի կոթով ծեծում է Վարազգատ թագավորի կառափը և այսպես քշում է չորս ասպարեզ Մանուելի որդիները՝ Հմայակն ու Արտաշեսը, իսկույն վրա հասան, նիզակները ձեռքներին, որ թագավորին սպանեն: Իսկ ինքը՝ Մանուելը, որդիների ետևից աղաղակում է. «Էհե՜յ, տիրասպան մի՛ լինեք»։ Նրանք էլ իրենց հոր ձայնը լսելով, իսկույն արագ հեռացան թագավորից:

Այդ օրն արքայական գունդը պարտություն կրեց Մանուելի գնդից։ Ոչ սակավ սպանվածներ ընկած էին դաշտի վրա. շատերը խոցված, հաշմացած, վիրավորված, շատ նախարարներ կոտորվեցին և շատերն էլ հալածվելով փախուստի դիմեցին։

Մինչ Մանուելի գունդը փախստականների ետևիցն էր ընկել, Մամիկոնյան տոհմից մի սեպուհ՝ Համազասպյան անունով, գալիս անցնում է ընկած դիակների և խոցված վիրավորների մոտով։ Սրանց մեջ էր գտնվում և Գարեգինը՝ Ռշտունյաց գավառի տերը, որ ընկած էր գետնին, բայց ողջ էր: [ 281 ]ո՛չ խոցված և ոչ վնասված։ Այս Գարեգինը առաջ Համազասպյանի փեսան էր, կին էր առել նրա Համազասպուհի քրոջը, երբ Պարսից Շապուհ թագավորը եկել էր Հայոց աշխարհը, նա թողել էր իր կինն ու փախել: Հետո Համազասպուհուն տարան Տոսպ գավառը, Վան քաղաքը, և այնտեղ պարսիկները նրան կախեցին բարձր աշտարակից, որ ժայռի վրա էր շինված, և այսպես կախած սպանեցին։

Նույն օրը, մինչ Գարեգինն ընկած էր մյուս ընկածների մեջ, նրա աներ Համազասպյանն եկավ նրանց մոտով անցնելու։ Գարեգինը ձայն տվեց, ասաց, «Տե՛ր Համազասպյան, ինձ էլ օգնիր, հրաման տուր ձի բերել ինձ, որ հեծնեմ»։ Համազասպյանը հարցրեց, «Ո՞վ ես դու»։ Նա ասաց, «Ես Գարեգին Ռշտունին եմ»։ Համազասպյանը հրամայեց իր հետ եղած վահանավորներին, թե՝ «Իջե՛ք, վահաններդ վրան գրեք ու պահպանեցեք»։ Ինքը գնաց, իսկ վահանավորները ձիերից իջան, վահանները նրա վրա դրին և կանգնել պահպանում էին, ինչպես հրամայվեց։ Այս ժամանակ գալիս է Դանուն անունով մեկը, որ Մանուելի զորքի ասպարակիրների գնդի խմբապետն էր, տեսավ, որ վահանավորներն իջել պահպանում էին Գարեգինին։ «Ո՞վ է դա, և ինչո՞ւ դուք իջել կանգնել եք այդտեղ», — հարցրեց նրանց։ Նրանք ասացին, «Սա Գարեգինն է՝ Ռշտունյաց տերը, և մեզ Համազասպյանը հրամայեց իջնել ու սրան պահպանել»։ Դանունը սաստիկ բարկացավ, զայրույթից կատաղած ասաց, «Համազասպյանը գուցե ուզում է նորից դրան իր փեսան դարձնել և իր Համազասպուհի քույրը դրան կնության տալ, սրա համար դրան խնայեց, հրամայեց պահպանել»։ Եվ իսկույն ոտք նետեց, ձիուց իջավ, թուրը հանեց, մոտեցավ նրան, կտոր-կտոր կտրատեց, ցրեց, սպանեց։

Իսկ մյուս զորքերը դեռ գալիս էին կոտորածից, ձերբակալած բռնած բերում էին շատերին, Վարազգատ թագավորի մատնիչ Բատին՝ Մուշեղի սպանողին, իր որդու հետ բռնած բերին Մանուել սպարապետի մոտ, նույնպես և բոլոր նրանց, որոնք (Մուշեղի սպանության) գործին նպաստել էին, բռնեցին, նրա մոտ բերին։ Եվ Մանուել սպարապետը շատ խիստ դատաստանով դատեց անօրեն Բատին։ Բայց նա [ 282 ]հրամայեց՝ նրա աչքի առաջ մորթել նրա որդուն, ապա և նրան գլխատել. մյուսներին էլ նույն կերպ կոտորեց։ Իսկ Վարազդատ թագավորին հալածեցին Հայոց աշխարհի սահմաններից դուրս։ Նա գնաց Հունաց աշխարհը, այնտեղ էլ ապրեց, այնտեղ էլ մեռավ։

Իսկ Հայոց զորավար-սպարապետ Մանուելը երկիրը նվաճեց, Հայոց բոլոր մեծամեծներին ու նախարարներին իր մոտ հավաքեց, ինքը նրանց առաջնորդ ու գլուխ եղավ և վարում էր իր իշխանությունը։ Երկրին հրամաններ էր արձակում թագավորի փոխարեն և երկիրը շեն էր պահում։ Եվ Պապ թագավորի կնոջը՝ Զարմանդուխտ տիկնոջը, ու նրա Արշակունի որդիներին իբրև թագավոր էր պահում և շրջեցնում էր պատվով։ Մեծ իմաստությամբ և մեծ հաջողությամբ, խելացի կերպով առաջնորդում էր Հայոց աշխարհին, որքան ժամանակ որ ապրում էր։ Արշակունի պատանիների անուններն էին՝ մեծինը՝ Արշակ, փոքրինը՝ Վաղարշակ։ Մանուել սպարապետը նրանց սնուցում էր իբրև սաներ, իսկ նրանց Զարմանդուխտ մորը մեծապես պատվում էր իբրև տիկնոջ։

Բայց Մանուելը երբ տեսնում է, թե իր արածը հակառակ է Հունաց թագավորի հրամաններին, մտածում է, թե պետք է որևէ մեկին իրենց թիկունք ունենալ. ուստի տիկնոջ հետ խորհուրդ անելով որոշեցին իրենց թիկունք անել Պարսիցս թագավորին։


Գլուխ ԼԸ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՄԱՆՈԻԵԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ ՀԱՅՈՑ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ՀԵՏ

ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

ՄԱՐԶՊԱՆ ՈԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԲԵՐԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ՍՈՒՐԵՆԻՆ ԵՎ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՄԵԾԱՐՎԵՑ ՆՐԱՆԻՑ, ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՏՈ ՄԵՐՈԻԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՆՈՐԱՄԱՆԿՈԻԹՅԱՄԲ

ԱՊՍՏԱՄԲՈԻԹՅՈԻՆ ԾՍԳԵՑ ՈԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԱՌԱՋ ԵԿԱՆ:

Սրանից հետո Հայոց Զարմանդուխտ տիկինը և Մանուել սպարապետը Պարսից թագավորի մոտ ուղարկեցին Գարջույլ Մաղխազին շատ հայ նախարարների հետ, հրովարտակներով, ընծաներով ու նվերներով, (խոստանալով) նրան ձեռք [ 283 ]մեկնել, նրան հպատակվեք և հավատարմությամբ նրան ծառայել ու Հայոց աշխարհը նրան տար Գարջույլը և նրա հետ եղողները հասան Պարսից թագավորի դուռը, մատուցեցին նրան տիկնոջ ու Հայոց սպարապետի հրովարտակները և հաղորդեցին հնազանդությանը վերաբերող պատգամը: Պարսից թագավորը երբ նրանց տեսավ, մեծ ուրախությամ նրանց ընդունեց, մեծ հարգանքով պատվեց և մեծ պարգևներ շնորհեց Գարջույլին։

Նրա հետ Հայոց աշխարհն է ուղարկում պարսիկ Սուրենին՝ իր նախարարներից մի երևելիի, և նրա հետ տասը հազար լավ սպառազինված ձիավոր զորք, որ Սուրենը Հայոց աշխարհը գա իբրև թիկունք Մանուել սպարապետին՝ Զարմանդուխտ տիկնոջը թշնամիներից պաշտպանելու համար։ Եվ Պարսից թագավորը Սուրենի ձեռքով Զարմանդուխտ տիկնոջ համար ուղարկեց թագ ու պատմուճան և թագավորական վառ, և երկու մանուկների՝ Արշակի ու Վաղարշակի համար թագեր։ Նույնպես Մանուել սպարապետի համար ուղարկեց թագավորական պատմուճան, մի սամույր և գլխանոցի ոսկուց ու արծաթից շինված գարգմանակ, և գլխանոցի վրա գագաթում, արծիվի ետևից՝ թագի կապը՝ աշխարավանդ հանգույցը ու կրծքին պատվանշան, ինչպիսին կրում են թագավորները, նաև շիկակարմիր վրան, վրանի վրա արծվի նշան, և մեծամեծ սրահակներ ու կապուտակ երկնագույն հովանոցներ։ Նաև սեղանի ոսկի սպաս է ուղարկում Մանուել սպարապետին և անձնապես իր կողմից մեծ իրավունք է տալիս նրան Հայոց աշխարհի վրա։

Եվ Գարջույլ Խորխոռունին եկավ Հայոց աշխարհը, հետը բերելով Սուրենին տասը հազար զորքով։ Բերին պարգևները տիկնոջ և նրա երեխաների համար, ինչպես և Մանուել սպարապետի համար։ Այսպես նաև բերել էին պարգևներ Հայոց ամեն մի ավագի, բոլոր տանուտերերի և մեծամեծների համար։ Եվ երբ Զարմանդուխտ տիկինը ու Հայոց զորավար-սպարապետ Մանուելը տեսնում են Պարսից թագավորի ցույց տված այս սերն ու մեծարանքները, մեծ ուրախությամբ պատվում են Սուրենին։ Հայոց աշխարհը հանձնեցին Սուրենի ձեռքը և հնազանդվում էին Պարսից թագավորի հրամաննե[ 284 ]րին։ Որոշում են Հայոց աշխարհից Պարսից թագավորին հարկ տալ, ընծաներ ու նվերներ: Նույնպես և Սուրեն մարզպանին նշանակեցին հասույթներ, ռոճիկի և ապրուստի մթերքներ, այսպես և տասը հազարին ուտեստ, որքան պետք էր։ Եվ սրտանց նրանք իրենց թիկունք ու տեր դարձրին Պարսից թագավորին ու նրա ծառայության մեջ էին գտնվում։ Պարսից թագավորի դեսպանները հաճախակի գնում-գալիս էին Հայոց աշխարհը. սրանք էլ ցույց էին տալիս թագավորին իրենց մտերմությունն ու հավատարմությունը, և հաճախ թագավորը պարգևներ էր ուղարկում Զարմանդուխտ տիկնոջը ու Հայոց Մանուել զորավարին, և Մանուելը շատ մտերիմ ու սիրելի դարձավ Պարսից թագավորին, որ նրան շատ փառավորեց և բարձրացրեց։

Իսկ Մերուժան Արծրունին երբ տեսնում է այս բոլոր փառքն ու պատիվները, որով Պարսից թագավորը ՄանուելիՆ շքեղացրեց, որովհետև եղբոր նման, որդու նման նրան պատվեց,— շատ նախանձեց Մանուելի փառքին, և մի հնարք էր փնտրում՝ նրան Պարսից թագավորի աչքից գցելու, որպեսզի նրա փոխարեն ինքը դառնա սիրելի։ Եվ երբ նա ոչ մի հնարք չգտավ, նենգության ոչ մի դուռ չգտավ պարսիկների մոտ մտնելու, ապա նա իր մտքում նենգության չար միջոց մտածեց, իր մտադրությունը հաջողեցրեց կեղծավորության միջոցով։ Նա հույս դրեց Մանուել զորավարի միամտության վրա, ուստի նախ սկսեց անձնվիրությամբ նրա համակրանքը շահել, մտերմությամբ նրա խելքը առավ։ Ապա իրեն հոգացող և խնամատար էր ցույց տալիս նրան։ Հետո գալով՝ իր գլխից հնարած սուտ լուր է հաղորդում ու ասում. «Գիտցած եղիր, ո՛վ Մանուել, Պարսից թագավորից դեսպան է եկել, քո վերաբերյալ հրաման են բերել Սուբենին, որ քեզ բռնեն ու կապեն, կա՛մ այստեղ սպանեն, կա՛մ ձեռք, ոտք ու պարանոց կապած մեծ զգուշությամբ տանեն Պարսից թագավորի մոտ։ Հիմա դու գիտես. մտածի՛ր, թե ի՞նչ պիտի անես»։ Մանուելը երբ այս լսեց, ապշած, զարմացած մնաց իր մտքում և ասաց. «Ես պարսիկների դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, ուրեմն ինչո՞ւ նա այդպիսի բան պետք է մեզ անի»։ Իսկ Մերուժանն ասում է Մանուելին. «Ես ճշգրտեցի ու հաստատեցի, [ 285 ]որ այդ բանը ճիշտ է, քեզ շատ սիրելուց ու վրադ հոգալուց այս լուրը քեզ գաղտնի հաղորդեցի»։ Երբ Մանուելր Մերուժանի խոսքին հավատաց և համոզվեց, թե իր լսած բաներն ստույգ են, ապա շատ զորք կուտակեց իր մոտ. Հայոց Մանուել զորավարը գունդ կազմակերպեց, և մինչդեռ Սուրենը իր բանակով խաղաղ բնակվել էր, միամիտ, անկասկած, անհոգ, աննենգ խաղաղությամբ, մինչդեռ չկար ոչ մի նենգություն ու դավաճանություն, ինչպես սուտ լուր էր տարածել չարագործ Մերուժանը, Հայոց Մանուել զորավարը հանկարծակի անսպասելի կերպով հասնում հարձակվում է Սուրենի բանակի վրա և տասը հազար պարսիկներին ամբողջապես կոտորում է։ Բայց Սուրեն մարզպանին մի ձիով բաց է թողնում, որ գնա. նրա արևը նրան պարգև է շնորհում։ Սուրենը զարմացավ այս բանի վրա, թև ինչո՞ւ նա այդ արեց, և Մանուելը ասաց Սուրենին. «Քեզ իբրև բարեկամի սիրելով ազատում եմ, ողջ-առողջ գնա քո ճանապարհը, բայց ես այլևս պարսիկների թակարդի մեջ չեմ ընկնի»։ Ինքը՝ Մանուելը, պատրաստում է զորքերը, գնդեր է կազմակերպում, որովհետև գիտեր, որ մեծ թշնամություն ու գրգռմունք առաջացրեց Պարսից թագավորի հետ։ Այնուհետև Հայոց Մանուել զորավարը բոլոր գնդերով իբրև թագավոր շրջեցնում էր տիկին Զարմանդուխտին՝ Պապ թագավորի կնոջը՝ իբրև պետ, և ինքը երկրի շենության համար պատերազմներ էր մղում ամեն կողմից թշնամիների ու իրենց շրջակա սահմանակիցների, մանավանդ Պարսից զորքերի դեմ իր կյանքի բոլոր օրերում։ Իսկ Մերուժանը նորից գնում է Պարսից թագավորի մոտ՝ Մանուելին ամբաստանելու համար։


Գլուխ ԼԹ

ԳՈՒՄԱՆԴ ՇԱԴՈԻՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ՈՒՂԱՐԿՎԵՑ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ԵՎ ԻՐ ԶՈՐՔԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՑ

ՍՊԱՆՎԵՑ ՄԱՆՈԻԵԼԻՑ:

Ապա Պարսից թագավորը Հայաստանի վրա ուղարկեց Գումանդ Շապուհին քառասունութ հազար զորքով, որպեսզի գալ երկիրն ավերի։ Նրանք եկան հասան մինչև Հայաստանի [ 286 ]սահմանները Ատրպատականի կողմից։ Երբ այս լսեց Հայոց Մանուել զորավարը, գումարեց իր զորքը, որքան կարողացավ ձեռք բերել այդ խռովահույզ ժամանակում, քսան հազար մարդ, և շտապեց զորքի դեմ. Պարսից բոլոր զորքերը կոտորում է սրով, Գումանդ Շապուհին էլ սպանում է և մեծ հաղթությամբ ետ է դառնում։


Գլուխ Խ

ՎԱՐԱԶԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈԻՂԱՐԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ԵՎ ՄԱՆՈԻԵԼԻՑ ՍՊԱՆՎԵՑ ԱՌԱՋԻՆԻ ՆՄԱՆ:

Սրանից հետո Պարսից թագավորի ոմն Վարազ զորավարը Հայոց աշխարհն է գալիս տասնութ բյուրով՝ Մանուել սպարապետի և Հայոց բոլոր գնդերի հետ պատերազմելու համար: Ապա Հայոց զորավար-սպարապետ Մանուելը կազմակերպում, պատրաստում է տասը հազար լավ սպառազինված հեծելազորք և գալիս, պատերազմում է Վարազի հետ։ Ջարդում, կոտորում է, բնաջինջ է անում նրանց, Վարազին էլ նույնպես սպանում է. մեծ կողոպուտ է վերցնում—զորքերի զենքերն ու զարդերը—և մեծ խաղաղությամբ ետ է դառնում։


Գլուխ ԽԱ

ՄՌԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՈԻՂԱՐԿԵՑ ՄԵԾ

ԶՈՐՔՈՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՈԻ ՄԱՆՈԻԵԼԻ ՎՐԱ, ԵՎ ՄԱՆՈԻԵԼԻՑ

ՍՊԱՆՎԵՑ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ:

Այս բոլորից հետո Պարսից թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց Մոկանին քառասուն բյուրով։ Նա իր զորքերի ամբողջ բազմությամբ եկավ հասավ Հայոց աշխարհը և գրավելով երկրի մի կողմը՝ բանակ դրեց Արտանդան դաշտում։ Մանուելը գիշերով հարձակվեց նրա բանակի վրա և հենց բանակատեղում բոլորին առհասարակ սրի քաշեց, Մոկանին

էլ սպանեց։ Շատ ավար խլեց և նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։ [ 287 ]

Գլուխ ԽԲ

ՅՈԹ ՏԱՐԻ ՏԵՎՈՂ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Սրանից հետո յոթ տարի պարսիկներն այլևս չշարունակեցին Հայաստանի սահմանները մտնել, և երկիրը խաղաղվեց։ Մանուել զորավարի մոտ հավաքվեցին երկրում ցրվածները, եկան մեկտեղացան ու անհոգ ապրում էին, և Հայոց Մանուել զորավարը նրանց առաջնորդում էր։ Հետո եկան Մանուել զորավարի մոտ նաև Սյունյաց տոհմից մնացածների երեք պատանի, որոնք պարսկական կոտորածից ազատվեէ էին, որոնցից մեկի անունն էր Բաբիկ, մյուսինինը՝ Սամ, երրորդինը՝ Վաղինակ։ Հայոց Մանուել զորավարը նրանց ընդունեց, հովանավոր դարձավ, նրանց իրենց երկիրն ուղարկեց. Սարիկին նշանակեց այդ երկրի տեր, մյուս երկուսին էլ՝ յուրաքանչյուրին իր չափով, և Սարիկը նրա նիզակակիցը դարձավ նրա ամբողջ կյանքի ընթացքում։ Նույն ես բոլոր գավառներում Հայոց Մանուել սպարապետը նշանակում է նահապետներ և գավառների տերեր ու խաղաղությամբ կառավարում է բոլորին։ Եվ ամբողջ Հայոց աշխարհը ապրում է խաղաղության մեջ Մանուելի հովանու տակ, որքան ժամանակ կենդանի էր նա։ Սոլոր մարդիկ վայելքի մեջ էին, ուտում, խմում, ուրախանում էին Մանուելի տերության այն յոթ տարիներում, մինչև Հայոց աշխարհի բաժանումը և թագավորության պառակտումը։


Գլուխ ԽԳ

ՄԵՐՈԻԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶՈՐՔԵՐՈՎ ԵԿԱՎ ՄԱՆՈԻԵԼԻ ՎՐԱ

ԵՎ ՆՐԱՆԻՑ ՍՊԱՆՎԵՑ:

Իսկ Մերուժան Արծրունին վաղուց ի վեր, դեռ Արշակ թագավորի ժամանակ, ապստամբվել էր Հայոց թագավորի դեմ, ինքնակամ ձեռք էր մեկնել Պարսից թագավորին, ընդունել էր մազդեզական կրոնը և ուրացել քրիստոնեական հավատը։ Նա շատ անգամ առաջնորդ էր դարձել Պարսից զորքերին, մեծավեծ չարիքներ էր հասցրել Հայոց աշխարհին, և դեռ Պարսից [ 288 ]թագավորի մոտ էր գտնվում։ Ահա այս Մերուժանը Պարսից թագավորին գրգռեց և նրանից շատ զորք առնելով եկավ հասավ Հայոց աշխարհը։ Նա մեծապես պարծեցել էր Պարսից թագավորի առաջ, որ կա՛մ Մանուելին բռնելով կապած կտանի Պարսիր թագավորի մոտ և կամ գլուխը կտրելով նրան կներկայացնի։

Նա Պարսից զորքի ամբողջ բազմությամբ գալիս հասնում է Հայոց աշխարհը, Պարսից զորքի բանակը թողնում է Կորճայք գավառում, իսկ ինքը իր սեփական գնդով, հավաքած հրոսակներով, անջատվում է Արյաց գնդից։ Նա մտքում դրել էր՝ գաղտնի, անսպասելի կերպով հարձակվել Մանուելի վրա, իրեն անուն վաստակել, ջանք էր անում ինքը մենակ կատարել գործը, պատերազմի գործը անձամբ գլուխ բերել, որ իրեն պարծանք լինի։ Այդ նպատակով նա այսպես խոսեց Արյաց գնդի զորավարների հետ, «Ես նախ կգնամ, կլրտեսեմ,— ասաց, — հետո ձեզ կտանեմ նրանց վրա, այսպիսով հեշտ կլինի նրանց մեր բուռը գցեք, բռնել»։ Ինքն իր գունդը առնելով՝ շարժվում, գալիս հասնում է Կոգ գավառը և ինքը այնտեղ կանգ առնելով՝ լրտեսներ է ուղարկում Մանուելի բանակը։

Լրտեսները գալիս, դիտում են Մանուելին, որի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Pագավան ավանում, թարեհավանդ քաղաքի ավերակների մոտ։ Լրտեսներր եկան, դիտեցին Մանուելի բանակը, իմացան՝ որտեղ է գտնվում բանակի ձիերի երամակը, և գնացին լուր տարան նրան։ Նա մտքում դրեց բանակի երամակը խլել։ Այս մտքով տարվելով նա ուրախ-ուրախ ու պարծենալով՝ ասում է իր զորքին, «Վաղը այս ժամին ես Մանուելին բռնած կապած ու տապալած կլինեմ և նրա աչքի առաջ նրա Վարդանուշ կնոջը խայտառակած»։ Եվ չվեց գնաց, որ փութով կատարի, ինչ որ մտքում դրել էր։

Այդ տեղերում, որտեղով որ գնդի ճանապարհն էր ընկնում, կային լեռներ, որոնց տեղացիներն ասում էին Եղջյուրներ։ Մինչ Մերուժանն իր գնդով գալիս էր այդ ճանապարհով, նրան ուղևորներ պատահեցին։ Մերուժանր նրանց հարցրեց, «Ո՞ր տեղով է ճանապարհը գնում դեպի Բագրևանգն։ Ուղեվորները պատասխանեցին ու ասացին. «Եղջյուրներով»: Մե— [ 289 ]րուժանը շատ շփոթվեց այս խոսքից ու տրտմեց, սակայն հրաման տվեց՝ ուղևորներին սաստիկ քաշել ծեծել: Ինքն այդ ճանապարհն անցնելով՝ սկսեց հմայություններ անեք, բախտփորձումի զարեր գցել, բայց այս կախարդություններից ոչ մեկը հաջող նշան ցույց չտվեց, որի վրա հույս էր դրել։

Ուստի սաստիկ նեղացած, լրտեսներն առաջ գցած, արշավում է երամակի գտնված տեղը, որպեսզի կարողանա ձիերը բռնել։ Բայց երբ այդ տեղը հասան, ձիերի երամակ չգտան, որովհետև աստված այնպիսի հաջողություն տվեց Հայոց գնդին, որ Մանուել սպարապետը Հայոց ամբողջ գնդին ժամ էր նշանակել որսի գնալու, այս պատճառով էլ ձիերի երամակը շենն էին բերել, և այն է պատրաստվում էին որսի ձի հեծնել, երբ գուժկան հասավ Հայոց Մանուել զորավարին, թե «Ճարդ տես, Մերուժան Արծրունին մեծ գնդով եկել հասել է քեզ վրա»։

Այս տեղեկության համաձայն, Հայոց գնդի բոլոր զորքերը և Մանուել սպարապետը պատրաստվեցին, ուխտի գնացին Հովհաննեսի (Մկրտչի) սուրբ ոսկորներին, որ այն գյուղում էին, ուխտ դրին, աստծուն խնդրում էին, արդար դատավորին օգնության էին կանչում, որ իրենց այցելու և օգնական լինի սրբի բարեխոսությամբ։ Այնտեղից դուրս գալով Արշակունի տիկնոջ, նրա երկու որդիների՝ Արշակի և Վաղարշակի հետ, նրանց հեյո նաև իրենց կանանց՝ ապահովության համար ուղարկեցին Վարազ կոչված մեծ լեռը։ Մանուելը հրաման է տալիս մանուկ Արտավազդին՝ Վաչեի որդուն, որ նա ևս կանանց հետ գնա, իսկ նա հակառակվում է, չի համաձայնվում։ Նա դեռ մանկահասակ էր և, ըստ հայկական սովորության, ինչպես անում էին երեխաներին, սափրել էին մանուկ Արտավզզդի գլուխը, թողնելով խոպոպիք և ծամ։ Երբ նա չհամաձայնվեց կանանց հետ գնալ, Մանուելը մտրակը քաշեց, Արտավազդի մերկ գլուխն սկսեց ծեծել սաստելով, որ պատերազմի չգնա մանկահասակ լինելու պատճառով։ Նա առերես նրանց հետ գնաց, բայց հետո զինվեց, պատրաստվեց ու գնաց պատերազմի։

Երբ տիկնոջը ամբողջ տուն ու տեղով ամուր տեղ ուղարկեցին, ապա իրենք էլ սպառազինվեցին, կազմակերպվեցին, [ 290 ]պատերազմի համար մի տեղ խմբվեցին։ (Մանուելը) նշանները թացած, ծածանվող դրոշակներով, դուրս է դալիս Ավան գյուզից դեպի արևմուտք, և հենց այդտեղ նրա առաջն է ելնում Մերումանն իր գնդով, որ եկել էր նրանց վրա։ Չարագործ, մեղավոր Մերուժանը իր զենքն ու զարդը և իր սաղավարտի նշանը շատերին էր տվել, շատերին իր գնդում իր տեսքն էր տվել, իսկ ինքը իր նշանները չէր կրում։ Մանուելը նրանց գունդը տեսնելով՝ իր գնդով առյուծի՝ վարազի պես վրա է հարձակվում, խառնվում է նրանց գնդին, ուշադրություն դարձնելով նրանց վրա, որոնք Մերուժանի նշաններն էին կրում։ Շատ ախոյանների գլուխներ կտրեցին, որոնք կրում էին Մերուժանի նշանները, կարծելով, թե Մերուժանին սպանեցին, բայց տեսնում էին, որ նա չէ:

Այն ժամանակ սպարապետ Մանուելը խոսեց իր նիզակակից Բաբիկի հետ և ասաց. «Տեսնո՞ւմ ես որքան մեզ խաբում է այդ կախարդ Մերուժանը։ Բայց առաջ, հաշտության ժամանակ, ես շատ անգամ նրա հետ միասին եմ եղել, ես նրա մի նշանը գիտեմ. երբ նա ձի է հեծնում, նրա ազդրը մինչև ծնկները հուպ չի գալիս, այլ ձիուց զատ է մնում։ Ե՛կ, երկուսով այս նշանին ուշադիր լինենք, գուցե կարողանանք ճանաչել այն ետ եկած կախարդին»։ Ապա երկուսով դիտելով՝ տեսան ու ճանաչեցին Մերուժանին այդ նշանով. նա իրեն կերպարանափոխել էր և իր նշանները չէր կրում։ Այն ժամանակ Մանուելը ձայն տվեց, առաջ կանչեց Մերուժանին ու ասաց. «Ա՛յ կախարդ, մինչև ե՞րբ պիտի խաբես մեզ և քո պատճառով ուրիշներին ջարդել տաս։ Քեզ մենք վերջապես ճանաչեցինք, որ այդտեղ կանգնած ես, և մեր ձեռքից քեզ այսօր փրկություն չկա, որովհետև աստված այսօր քո կատարած չարիքները քո գլխի վրա ածեց և քեզ մեր ձեռքը մատնեց»։ Իսկ Մերուժանը երբ այս լսեց, իսկույն նիզակը ձեռքին առաջ անցավ, Մանուելին ախոյան դուրս եկավ։ Բայց որովհետև երկուսն էլ հաղթահասակ մարդիկ էին, նիզակներով իրար հարվածելիս երկուսն էլ ձիերից վայր ընկան։ Անմիջապես Մանուելի նիզակակից Բաբիկը՝ Սյունյաց գավառի տերը, վրա է հասնում, նիզակով կողից վերից վար խփելով (Մերուժանին) կարում է գետնին, և նա այլևս չի կարողա[ 291 ]նում վեր կենար: Իսկ Մանուել սպարապետին նրա ձիապան սպասավորները ձի են հեծցնում։ եվ Մերուժանի գլուխը կտրեցին, ու բոլոր զորքերը երբ տեսան, թե Մերուժանը մեռավ, փախուստի դիմեցին։ Իսկ այս կողմից Մանուելի գունդը խրախուսվելով հարձակվեց Մերուժանի գնդի վրա, ջարդեցին, կոտորեցին, կենդանի մարդ չթողին։

Բայց մանուկ Արտավազդը Մանուելից գաղտնի գնացել էր պատերազմի. նա սպառազինված, Մանուելի գնդից ծածուկ, գնաց Եփրատ գետի ափը, այնտեղ Մերուժանի գնդից անթիվ սպառազինված մարդ կոտորեց։ Իսկ մեկը, որ Մերուժանի նշանն էր կրում, երբ Արտավազդին տեսավ, նրան արհամարհեց, տեսնելով, որ մի կայտառ անմորուք պատանի է, գեղեցիկ դեմքով։ Ապա նշանը նիզակին փաթաթելով հարձակվեց նրա վրա։ Իսկ նա ուժերը լարելով նետով զարկեց նրան, և նետը մարմինը թափանցելով գետին ընկավ։ Ապա նիզակն առնելով հարձակվեց փախստականների ետևից և սրի քաշեց Մերուժանի զորքերը։ Այդ օրը բոլորից ավելի Վաչեի որդի մանուկ Արտավազդը կոտորած արեց ու ինքը (ետ դարձավ) մեծ անունով և լավ ավարով, որ թշնամու զորքերից կողոպուտ մնաց։

Բայց այդ օրը մեծ, անփոխարինելի վնաս է պատահում, որովհետև Վաչեի ձին, գլխի վրա գալով, նրան սպանում է։ Նույնպես և Գարջույլ Մախաղին ձին փախցրեց ու սպանեց, որովհետև երկուսն էլ անվարժ ձիեր էին հեծել։

Իսկ Մանուելը գնում հասնում է տիկնոջ բանակը. իրենց հետ տանում են նաև Մերուժանի գլուխը։ Բայց Սամուելը՝ Վահանի որդին, Մանուելի հետ չպատահեց, որովհետև նա բանակն էր դարձել։ Մանուելի բանակում եղած կանայք երբ Մերուժանի գլուխը տեսան, մեծ ճիչ ու աղաղակ բարձրացրին, որովհետև կարծեցին, թե այն գլուխը Վահանի որդի Սամուելինն է, որովհետև այն երկուսը՝ Մերուժանն ու Սամուելը, իրար նման էին։ Բայց հետո տեսան Մերուժանի գլուխը, որից ծամը կախված էր, իմացան, որ Սամուելինը չէ, այլ Մերուժան Արծրունունը, բայց ասացին. «Այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր»։ Ապա բանակը բերին Արտավազդի հոր Վաչեի մարմինը, նույնպես և Գարջույլ Մախաղի մարմինը. [ 292 ]մեծ սուգ արին ու լացին նրանց վրա։ Բերին նաև Մերուժանի նշանը կրող մարդուն, որին Արտավազդն սպանել էր նետով. բոլորը զարմանում էին նայելով, որովհետև նետն ամբողջ մարմնով թափանցել էր։ Այս որ տեսան, (Արտավազդը) մահից փրկվեց։ Իսկ Պարսից այն զորքերը, որոնց Մերուժանը թողել էր Կորճայք գավառում, երբ լսեցին, թե Մերուժանն սպանվել է, և նրա հետ եղած գունդը ոչնչացել է, իրենք էլ փախան գնացին Պարսից աշխարհը, և Հայոց աշխարհում ընդհանուր խաղաղություն տիրեց։


Գլուխ ԽԴ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԱՆՈԻԵԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ ԹԱԳԱՎՈՐԵՑՐԵՑ ՄԱՆՈԻԿ

ԱՐՇԱԿԻՆ ԵՎ ՀԵՏՈ ԻՆՔՆ ԷԼ ՄԵՌԱՎ:'

Այս բոլոր գործերը կատարելուց հետո Մանուել զորավար-սպարապետը Արշակունի տիկնոջ և երկու մանուկների՝ Արշակի ու Վաղարշակի հետ Հայոց ամբողջ բանակով, մեծամեծ ավագներով և նախարարներով գնում հասնում է Կարին գավառը։ Բոլոր տանուտերերն էլ նրա հետ էին։ Եվ Մանուել սպարապետը իր Վարդանդուխտ դուստրը կնության տվեց Արշակունի մանուկ Արշակին ու իրեն փեսայացրեց. նաև հարսանիք է անում նրա եղբոր՝ Վաղարշակի համար և նրան կին է տալիս Բագրատունի ասպետի դուստրը Սպեր գավառից, որոնք (Բագրատունիները) ի բնե Արշակունյաց տոհմի թագավորների թագակապներն ու թագադիրներն էին եղել։ Շատ փառավոր հարսանիք արին, որ մեծ ցնծություն և ուրախություն պատճառեց ամբողջ Հայոց աշխարհին։ Այնուհետև դարձյալ մի տեղ հավաքելով Հայոց աշխարհի բոլոր մարդկանց՝ մանուկ Արշակին թագավորեցրեց Հայոց աշխարհի վրա և Վաղարշակին նրան երկրորդ նշանակեց։ Արանով էլ մեծ ուրախություն ու ցնծություն եղավ ամբողջ Հայոց աշխարհում։

Սրանից հետո Հայոց զորավար-սպարապետ Մանուելը հիվանդացավ մահառիթ հիվանդությամբ։ Նա կանչեց իր Արտաշիր որդուն, նրան հանձներ իր տանուտիրական իշխանությունն ու իր զորավար սպարապետությունը։ Նրան պատվի[ 293 ]րեց հնազանդ ու հպատակ լինել Արշակ թագավորին, հավատարիմ լինել, ջանալ և աշխատել, Հայոց աշխարհի համար պաաերազմել։ «Ուրախությամբ հանձն առ մահ երկրի համար, ինչպես և քո քաջ նախնիները, որովհետև,— ասաց, — դա արդար և աստծուն ընդունելի գործ է, և երբ այդպես վարվեք, աստված ձեզ անտես չի անի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի՛ վախենաք, այլ հույս դրեք նրա վրա, որ ամեն ինչ ստեղծեց ու հաստատեց։ Ձեզ հեռու պահեցեք նենգությունից, պղծությունից և չարությունից ու տեր աստծուն ծառայեցե՛ք մաքուր սրտով և հավատարմությամբ։ Աստվածապաշտ երկրի համար համարձակ մեռեք, որովհետև հենց այդ մահն աստծու համար է, նրա եկեղեցիների և եկեղեցական ուխտի, այս աշխարհի բնիկ տերերի՝ Արշակունիների համար»։ Սրանից հետո նա հրովարտակ դրեց Հունաց թագավորին և նրան հանձներ Հայոց աշխարհն ու Արշակ թագավորին։

Սրանից հետո, երբ նա հիվանդ պառկած էր անկողնում, և բոլորը հավաքված էին նրա շուրջը, այնտեղ էին և Արշակ թագավորը, և՛ Վարդանդուխտը՝ թագավորի կինը, և՛ Հայոց բոլոր ավագները, մեծամեծներն ու նախարարները, առհասարակ բոլոր երևելի մարդիկ, տղամարդ թե կին, ապա Մանուելը այս բոլորի առաջ բացեց իր բոլոր անդամները, մերկացավ և ցույց տվեց, որ նրա մարմնի վրա մի դրամի մեծության չափ ողջ տեղ չէր մնացել, այլ խոցված էր պատերազմների մեջ, հենց նրա առնի անդամի վրա ավելի քան հիսուն սպի կար վերքերից. մինչև անգամ այս բանալով ցույց է տալիս ամենքին։ Սկսեց լալ և ասել, «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն վերք հանձն եմ առել քաջությամբ, և ինչու՞ ես բախտ չունեցա պատերազմի մեջ մեռնելու, քան թե այսպես անասունի նման մեռնեի։ Որքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի մեջ մեռնեի երկրի համար, որպեսզի եկեղեցիները և աստծու պաշտոնյաների ուխտը ոտնատակ չլինեին։ Ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես [ 294 ]շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ինձ վիճակվեց մեռնել վատթար մահովս անկողնում պառկած»։

Այս և սրանից էլ ավելի շատ բաներ խոսեց Արշակ թագավորի ու բոլորի առաջ։ Նաև աղաչեց Արշակ թագավորին ու ասաց. «Ես ապրել եմ աստծով իբրև ջերմեռանդ քրիստոնյա, ինձ վրա անհուսությամբ լաց ու կոծ չսարքեք անկարգաբար, հեթանոսների նման։ Որովհետև չպետք է լաց լինել նրանց համար, որոնք հույս ունեն մյուս անգամ հարություն առնելու և կենդանանալու Քրիստոսի գալուստի ժամանակ, իսկ ես մինչև այժմ ապրել եմ հույսով և երկյուղածությամբ։ Բայց դուք աստվածային պատվիրաններից մի շեղվեք, արդարության հոգ տարեք և ավելի շատ ողորմության։ Որովհետև Ներսես մեծ հայրապետը մեզ շարունակ այս էր պատվիրում և ինքն էլ իր կենդանության ժամանակ նույնն էր անում, ինչ որ ինքը գործում էր, նույնն անել սովորեցնում էր ուրիշներին. նա ողորմում էր աղքատներին, տնանկներին, գերիներին, անտիրականներին, օտարականներին, պանդուխտներին, և նա ասում էր. «Աստծու առաջ ավելի պատվական բան չկա, քան ողորմություն անելը կամ (աղքատներին) տուրք տալը»։ Եվ մեռելների վրա լաց ու կոծ անելը ծանր մեղք էր համարում և իր ապրած ժամանակ այս բանը վերացրեց Հայոց աշխարհից, որովհետև նրա օրերով ոչ ոք չէր համարձակվում լաց ու կոծ անել, բայց նրա մահից հետո անմիտ մարդիկ համարձակվեցին այդ բանն անել։ Բայց ինձ համար թող ոչ ոք կոծ չանի, մեղապարտ լինի, ով որ անի։ Բայց ես իրավունք չունեմ իմ մահից հետո մեկին սաստել, որ չանի, ինչ որ ես չեմ կամենում, այլ ով որ ինձ սիրում է, իմ հիշատակի համար թող այսպես անի։ Պատերազմի մեջ մահից մի վախենաք, որի մեջ ես չմեռա, որովհետև առանց աստծու ոչինչ չի լինում»։

Եվ էլի այսպիսի շատ բաներ խոսեց. իր ձեռքով անչափ շատ գանձեր բաժանեց աղքատներին ու կարոտյալներին, իր ստացվածքից շատ մասեր տվեց եկեղեցիներին ու վկայարաններին, շատ գանձ էլ տվեց քահանայապետեցին, քահանաներին ու պաշտոնյաներին և հետո ինքն էլ մեռավ։

Բայց երբ մեծ Մանուել սպարապետը մեռավ, ոչ ոք ուշա[ 295 ]դրություն չդարձրեց նրա հրամանին կոծի նկատմամբ, այլ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ՝ ազնվականներ ու շինականներ առհասարակ կոծում, լալիս, ողբում էին դառնապես։ Որովհետև ամեն մարդ նրան սգում էր ինչպես իր հորը՝ նրա քաղցրության, մարդասիրության, հեզության, հանդարտության, խնամատար բարերարության համար, ողբում էին բարենշան և աշխարհաշեն Մանուելին։ Բոլորը բերանները բացած հառաչում էին նրա համար, կարոտագին մղկտում էին իրենց քաջ զորավարի, իրենց փրկչի, իրենց հաղթական, անվանի և բազմարդյուն (սպարապետի համար), որ հեռացավ ու գնաց, բաժանվեց իրենցից:

  1. Ուղղում և թարգմանում ենք ըստ Երևանի մատենադարանի № 3079 ձեռագրի» — Խմբ.:
  2. Պարսից արքայական կանանց վրանը (ճիշտ ձևը պետք է լիներ մաշկապարճէն): — Խմբ.: