Jump to content

Պարապ վախտի խաղալիք ― Հառաջաբան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում, թե ինչ լեզվով գրեմ։ Մեր գրաբառ լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլ ա՝ էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը` հազարիցը մեկը չի հասկանում, ի՞նչ պետք է արած։ Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ։

Էս մտածելով՝ ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու էնդուր համար աշխարհաբառ գրեցի։ Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում, ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անց կացնի։

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում։ Կարելի է ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որն իր սրտովն ըլի։ Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի յա դիր գալիս, չունքի երեխությունից էնդուր ենք սովոր։

Շատ բաներ էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբառ, բայց ելի սիրտ չէի անում, որ լիս քցեմ։ Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկած մնա, փթի։ Բարեկամ մարդիք, որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ լավ կըլի, որ տպիլ տամ։ Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ։ Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջինն էսպես ըլի։

Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճառով, որ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի։ Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը։ Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն։

Աղասու մեկ քանի խաղը, որ էստեղ մեջ եմ բերել, կարելի է՝ թե՛ շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր։ Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլ բաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ էին քաշում։ Մեկ օր էսպես աղջիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ։ Խեղճի հորնմորը Երևանու բերդումը չորացրին, ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին։ Էս խաղերը էն փախած ժամանակն է ասել։ Սրա պատմությունը շատ երկար ա, մեկ մեծ գիրք ա, որ գրած՝ մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը։ Գրքի անունն ա․ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի»։ Էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած մոտիս հազիր ունիմ։ Ո՞վ գիտի՝ բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տա։ Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատ կըլեր։

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլ ա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքըս տամ, քանի շունչս բերնումս ա։

1841 թվին, Թիֆլիս