Jump to content

Պարզամիտ հովիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Պարզամիտ հովիվ


Օգոստոսին էր, թե հուլիս ամսում,
Լավ չեմ հիշում,
Մի անմեղ հովիվ, քաղաք չրտեսած,
Մտավ բազարը, մահակն ուսին դրած,
Խլըշկոտալով, զարմանալով։
Խրտնած պախրի պես շատ դես-դեն ընկավ,
Վերջը կանգ առավ
Մրգավաճառի խանութի առջև
Եվ աչքը ձըգեց լիք թաբախներին,
Հասուն մրգերին։
Ի՜նչ պտուղ ասես, որ նա չըտեսավ,
Չըհիացավ,
Տեսակ-տեսակ տանձ ու խնձոր,
Թուզ ու սալոր, ունաբ ու հուն,
Կարմիր, փայլուն։
Հովիվը նայեց մրգավաճառին
Ու մնաց ապշած,
Որ այնքան հասուն մրգերի միջին,
Ձեռք չի դիպցնում մեկին կամ մյուսին.
«Սա կույր կըլինի», ինքն իրան ասեց
Եվ փորձել ուզեց.
Դեպի բախկալը մահակը մեկնեց
Եվ քիչ էր մնում, աչքն էր կոխում.
— Էյ, ի՞նչ ես անում,— բախկալը գոռաց
Սաստիկ բարկացած։
— Բա՜… ես հենց իմացա, դու կույր կըլինիս,
Հովիվը ասաց.—
Բայց եթե կույր չես, լավ ես նկատո՜ւմ,
Բա այդ մրգերից ինչի՜ չես ուտում…