Պարսկաստանի զինվորական կազմակերպությունը
ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Ասում են... Պարսկաստանը ունի մոտ 70 ֆովջ (զորագունդ), ամեն մի ֆովջը բաղկացած է 800 զինվորից, ուրեմն ամբողջ զինվորների թիվը կազմում է 56.000: Յուրաքանչյուր զինվոր ստանում է տարեկան 5 թուման ռոճիկ. այսինքն` օրական 4 կոպեկ, այն ևս այն ժամանակ, երբ զինվորը գնում է մարտի. իսկ զինվորը տանը նստած ժամանակ ոչինչ չի ստանում:
Պարսկաստանը պատերազմներ չէ վարում. ուրեմն զինվորը կարող է միշտ տանը մնալ, և այս չորս կոպեկ թոշակից զրկվել: Միայն մի քաղաքական նպատակ առիթ է տալիս կառավարությանը զինվորը տեղափոխել մի նահանգից դեպի մյուսը. Ատրպատականից դեպի Արաղստան, Արաղստանից դեպի Խորասան, այնտեղից դեպի Սպահան և այլն: Դա կոչվում է սաֆար: Այդ ժամանակ միայն զինվորը իրավունք ունի ստանալու օրական 4 կոպեկ: Բայց դժբախտ կոպեկը սկսած միֆանջից (գնդապետ) մինչև վերջին դահ-բաշին (տասնապետ) հասնելը ձեռքից-ձեռք աստիճանաբար իջնելով, մնում է երկու կոպեկ, այդ վերջինը ստանում է զինվորը:
Բայց նա ինչո՞վ է ապրում:
Նա ապրում է...
Ճանապարհներում մրգավաճառների քարավաններ են անցնում: Սարվազը (զինվորը) պատրաստ է կողոպտել. նա անցնում է այգիների, բոստանների մոտից, հափշտակում է. ճանապարհի վրա հունձքի արտերը զրկվում են իրանց բերքից, և ճանապարհորդ-քարավանները չեն համարձակվում ուղի ելանել, երբ լսում են թե զինվորներ են անցնում: Սարվազը ուր և գնում է թողնում է իր հետևից ամայություն: Քաղաքներում ամեն հանցանքի մեջ բռնվող մարդ սարվազն է: Նա բռնվում է գողության մեջ, աղջիկների, կնիկների, տղաների բռնաբարության մեջ, արբեցողության մեջ և այլն:
Սարվազը մնում է անպատիժ, գնդապետը և մյուս մեծավորները պարտավորված են պաշտպանել սարվազին, եթե չպաշտպանեն նրան, նոքա չեն կարող նորա չորս կոպեկից երկուսը անուշ կերպով ճաշակել...:
Շահի գանձարանից դուրս են գալիս ամեն զինվորի համար այդ չորսական կոպեկները, և ամեն ֆովջի 800 հոգի սարվազի հաշվին: Արդյոք ունի՞ ամեն մի ֆովջ 800 հոգի սարվազ, կարող է ունենալ, պատասխանում ենք մենք, այդ դժվար բան չէ:
Ամեն մի գլխավոր քաղաք հասնելու ժամանակ, գնդապետը (սարթիբը) յուր ֆովջի համար պիտի տա, որ կոչվում է սան: Նա վարձում է փողոցում մի քանի համալներ, հագցնում է նրանց սարվազների պաշտոնազգեստը, կանգնեցնում է սարվազների շարքում, և նոցանով լրացնում է թիվը:
Չնայելով այսպիսի չնչին թոշակին, Պարսկաստանում շատերը ցանկանում են սարվազ դառնալ, եթե պարտադիր իսկ չէ ծառայությունը. պատճառը հասկանալի է. սարվազը որպես հիշեցինք վայելում է մի քանի կեղտոտ արտոնություններ: Ժողովրդի մեջ ամեն մի անբարոյական սրիկան միշտ պատրաստ է սարվազի ֆանողան վզին ձգել և ամեն տեսակ լրբություններ գործելու իրավունքը ստանալ: Նշանավոր մարդիկը ևս ցանկանում են իրենց որդիքը տալ սարվազներ լինելու այն նպատակով, որ նոքա ունենալով սարվազներ, մի կողմից, ազատվում են ուրիշ սարվազների հարստահարությունից, մյուս կողմից, նրանք կարողանում են ճնշել ուրիշներին:
Սարվազների համար չկա որոշ ժամանակ, թե քանի տարի պիտի ծառայեն: Նա յուր կյանքում մնում է միշտ սարվազ, եթե մի քանի տասնյակ թուման յուր գնդապետին չվճարե, իրան ազատելու համար:
Սարվազների համար զինվորական կրթություն չէ պահանջվում. սարվազը կարող է լինել ամեն մի մարդ, յուր հասակի ամեն մի աստիճանում և կարող է առանց նախապատրաստական մարզության վարել յուր պաշտոնը, փույթ չէ, թե նա չգիտե թե հրացանի գնդակը որտեղից են ձգում և փիստոնը որ կողմից դնում:
Սարվազին չի կարելի ճանաչել, քանի որ նա յուր տանն է. նա ման է գալիս ժողովրդի հասարակ հագուստով: Նա հագնում է յուր համազգեստը, երբ որևիցե քաղաքի ալակափուի բակում պիտի տար յուր սանը (համարը):
Առանց ծիծաղի չէ կարող մարդ նայել մի այսպիսի խառնիճաղանճ բազմության վրա. մինը կարճ, մյուսը երկար փափախով, մինը լաստիքով, մյուսը կոշիկով, մինը տրեխով, մյուսը քոշերով. և այլն:
Ես ներկա էի մի այսպիսի սանին, երբ սուլթանները (հիսնապետները) խնամքով աշխատում էին ուղիղ կերպով շարել սարվազները. հիսնապետը մի սարվազին ասաց. —
— Ահմադ, ուղիղ կանգնիր:
— Ինչո՞ւ ես միայն, — պատասխանեց Ահմեդը կոշտությամբ. — թող Հասանն էլ ուղիղ կանգնի, որ ես էլ կանգնեմ:
Տասնապետը ասում է մի այլ սարվազին.
— Ղասըմ, ոտքդ ուղիղ դիր:
— Սուտ ասողի հոր գերեզմանը անիծած, եթե ուղիղ չէ, — պատասխանում է Ղասըմը...
Զինվորական հնազանդությունը (դիսցիպլինա) այդ աստիճանումն է պարսից զորքի մեջ:
Ինչ որ վերաբերում է համազգեստի ձևերին, դա կարող է ամենածիծաղելի տարազը դառնալ մասկարադ բալերում (դիմակահանդեսներում):
Բայց թե ինչպես են ընտրվում զինվորապետները, բավական է հիշել մի երևելի պատկերահանի մի ծիծաղելի կարիկատուրան: Նա նկարել է Մադուա Ալի խանի արու սերունդը, որոնք իրանց մոր արգանդից մինչև կեսը ծնված միջոցին հայտնվում էին սարթիբի (գնդապետի) էպոլետները ուսերին կրած, արևի և առյուծի շքանշանը շլինքիցը քարշ ընկած:
Զորապետի որդին դառնում է զորապետ, իշխում է յուր հոր ֆովջերին, եթե նրան այդ պաշտոնը ստանալու համար կնստեր մի քանի հարյուր թուման: Փողի շնորհիվ նա ոչ միայն կարող է դառնալ սուլթան, յավար, սարհանգ, սարթիբ, միրֆանջ, ամիրթուման և այլն, նույնիսկ ոչինչ չգործած նրան հեշտ է ստանալ փայլուն տիտղոսներ, որպես սուջայվուշ-մուլք (տերության քաջը) մասիրուլ-դովլա (տերության սուրը) կամ մուշարդ-դովլա:
Մի քանի տարի առաջ մի զորապետ Մավրի պատերազմում իր ֆովջերով գերի ընկավ թուրքմենների ձեռքը, կռվի դաշտից փախչելու ժամանակ: Նա հարուստ լինելով կարողացավ ազատել յուր անձը մի քանի հարյուր թումանով: Բայց Թեհրան գալուց շահից ստացավ սուջայվուշ-դովլա (տերության քաջը) տիտղոսը:
Սարթիբը (ժեներալը) ստանում է պարսից կառավարությունից 800 թուման ռոճիկ, ասել է 2300 ռուբլի ռուսաց փող: Այդ գումարը Սաֆարի ժամանակ նրա առավոտյան նախաճաշիկի փողը չի լինի: Նա ծախս է անում մի քանի հազար թուման. այսուամենայնիվ նա չէր հրաժարելու յուր ֆովջից, եթե այդ 800 թումանն էլ չտային և իրանից մի քանի հազար ևս պահանջեին:
Ինչո՞ւ:
Խիստ երկար կլիներ մանրամասնաբար գրել այն բոլոր եկամուտների մասին, որ նա շահում է յուր ձեռքում ֆովջ ունենալու միջոցով, բավական է հիշել, որ սարթիբը կալվածատեր է, գյուղեր ունի, ուրեմն և գյուղացի ռայաթներ (հպատակներ) ունի: Նա գտնվելով զինվորական պաշտոնի մեջ, կարողանում է յուր գյուղորայքը յուր կամքի ուզածին պես կառավարել. այսինքն` հարստահարել խեղճ շինականներին և ծծել նոցա կենսական ուժի մինչև վերջին կաթիլը:
Մի քանի գաղղիացի մոլաշրջիկ աստիճանավորներ, չգիտեմ ինչ դիպվածով Պարսկաստան գալով, և ռուսաց ապստամբած զորապետ Սամսոնն փոքր ի շատե մտցրին Պարսկաստանում զինվորական կրթության մի քանի հասարակ ձևեր:
Ես տեսա այդ ֆովջերից ամենակրթյալը, որ կոչվում է խասա ֆովջ (ընտիր գունդ). ինձ թվում էր, թե գյուղացի երեխայք հավաքված զինվորական խաղեր էին ներկայացնում:
Քսան տարի առաջ Նասր-Էդդին շահը կազմեց մի ֆովջ հայերից և ասորիներից: Աչքի առաջ ունենալով քրիստոնյաների հավատարմությունը, նա կամենում էր նոցանով շրջապատել յուր պալատը: Այդ գունդի բոլոր զորապետները գեներալից սկսած մինչև վերջին տասնապետը հայեր էին:
Զարմանալի բան, պարսից զինվորների անբարոյականությունները երևեցան և հայ զինվորների մեջ. նոքա սկսեցին նեղացնել ոչ միայն օտարազգիներին, այլև իրանց համազգիներին. մինչև հայ ժողովուրդը զզվեցավ և խնդրեց բարձրագույն կառավարությանը վերացնել զինվորագրությունը իրանց մեջից:
Սարվազը սաֆարում պարտավոր էր յուր հացը պատրաստի առնել բազարից, այդ պատճառով տերությունը չէ մտածում ունենալ զորքերի համար հացի ամբարներ:
Սարվազը ապրում է յուր տանը, այդ պատճառով տերությունը չէ մտածում շինել նոցա համար մարտկոցներ:
Գլխավոր քաղաքներում, որպիսին են Թեհրան, Թաբրեզ, որտեղ կան գիշերապահ զինվորներ, սարվազների համար շինված են մի տեսակ ասիական քարվանսարաների նման տներ, որոնք կոչվում են սարվազխանաներ: Մինչև այն աստիճան կեղտոտ, որ նկատված է, խոլերան Պարսկաստանում առաջին անգամ հայտնվում է սարվազխանաներում:
Մի քանի տարի առաջ կառավարությունը սարվազներին ոչինչ թոշակ չէր տալիս: Երբ սարվազը գնում էր սաֆար, նա ստանում էր հանդիպակաց քաղաքից կամ գյուղից շիլա և սուլսաթ, այսինքն` ուտելիք:
Ասել պետք չէ, որ առանց պատճառների ևս ժողովուրդը կողոպտող սարվազները մի այսպիսի առիթով որքան կչարչարեին խեղճ ժողովրդին, մինչև ամիր, նորա հիշատակը ի բարին եղիցե, վերացրուց այդ օրենքը, որ մնացել էր Պարսկաստանի բարբարոսական հնությունից:
Զինվորական երաժշտություն: Երաժշտություն… Ի՞նչ գրեմ դրա մասին: Երևակայեցեք սոխակը, ագռավը, կատուն, ավանակը և այլ դոցա նման կենդանիներ հավաքված միասին կամենային երաժշտություն կազմել. նորանցից ամեն մինը առանց տակտի յուր ձայնին զոռ էր տալիս. որպիսի՛ ներդաշնակություն կդուրս գար. — ահա՛ քեզ զինվորական մուզիկան: