Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը

Արա Պապյան

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը՝ ազգի կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունն է, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը:

Ըստ այդմ, երբ ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորել վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա՝ որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի, հարատևելու հնարավորությունը: Ընդսմին, Հայկական հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների մասով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությունը վտանգող մարտահրավերները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է՝ ՀՀ և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը, ինքնանպատակ չէ: ՀՀ՝ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր, կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով կամ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի հարատևման ապահովումը:

Առանց հայկական հարցի լուծման՝ հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները, այդ թվում.

  • պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,
  • երկրի տնտեսական զարգացման և քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում,
  • նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն ապահով և բարեկեցիկ երկրում, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:

Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի. դա խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է և դեռ զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների միջև եղած հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ և լուծումներ:

Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր՝ Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:

Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի ՀՀ-ին հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

Հայկական հարցը ներկա փուլում ունի 3 հիմնական բաղադրիչ՝ տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը կարելի լուծված է համարել միայն նշյալ 3 բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման՝ այն է՝ ամբողջական կամ մասնակի հատուցման դեպքում:

Հայկական հարցի լուծումը հնարավոր է և այն կարող է ունենալ դրսևորման բազմազան ձևեր: Այսուհանդերձ, Հայկական հարցի լուծումը հնարավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն՝ հաշվի առնի ներկայիս ժողովրդագրական, ռազմական, քաղաքական և տնտեսական իրողությունները: Միևնույն ժամանակ, իրագործելի լինելու համար լուծումը պիտի գործնականում նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու դրանց տարածաշրջանային հարցերում ավելի լայն ներգրավմանը:

Տարակույս չկա, որ 1920թ. նոյեմբերի 22-ից Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության իրավատիրությանն անցած տարածքները (նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների զգալի մասը) առ այսօր իրավականորեն ՀՀ մաս են կազմում: Սակայն կարծել, որ Թուրքիայի Հանրապետությունը դրանք կամավորությամբ կամ միայն միջազգային օրենքների ճնշման տակ կամ առանց ռազմական ճնշման կվերադարձնի իրավատիրոջը, իրատեսական չէ: Ուստի անհրաժեշտ է գտնել Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների համար երկուստեք ընդունելի, Իրավարար վճռի մաս կազմած երկրների հավանությանն արժանացած, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը հաշվի առնող և միջազգային իրավունքով ամրագրելի ձև: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, ՀՀ տնտեսությանը հնարավորություն ընձեռի հարաճուն և շարունակաբար զարգանալու, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

Ըստ այդմ, Հայկական հարցի հնարավոր լուծում է խնդրո առարկա տարածքին որոշակի նոր կարգավիճակ շնորհելը տարածքային վարձակալության (territorial lease) ճանապարհով. Հայաստանի Հանրապետության de jure իրավատիրությունը կհամադրվի Թուրքիայի Հանրապետության de facto տնօրինման հետ:

Այսինքն՝.

Ա. Թուրքիայի Հանրապետությունը ՀՀ-ից միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ պայմանագրի հիման վրա և ողջամիտ վարձավճարով[1] վարձակալում է «Վիլսոնյան Հայաստանը»: Նշյալ պայմանագիրը և կից համաձայնագրերը ամրագրում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև միջազգային կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում: Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը որոշվում է համապատասխան համաձայնագրով:

Բ. Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից, պահպանում են իրենց քաղաքացիությունը, օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Երկու երկրի բոլոր քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի, բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք, բացի տեղական հարկերից և վճարներից, համապատասխան օրենսդրությամբ նախատեսած չափով հարկեր են վճարում՝ ըստ գրանցման վայրի և քաղաքացիության:

Գ. Երրորդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ նավթամուղներից և գազամուղներից) ստացած եկամուտները գնում են տեղական ենթակառուցվածքների (ճանապարհներ, երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ) բարեկարգմանը և զարգացմանը:

Դ. Տարածքն ապառազմականացվում է, այսինքն՝ տարածքից դուրս են բերվում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով (Treaty on Conventional Armed Forces in Europe, CFE, 1990) առանձնանշած հարձակողական բնույթի 5 զինատեսակները (տանկեր, զրահամեքենաներ, հրանոթներ, մարտական ինքնաթիռներ և հարձակողական ուղղաթիռներ): Տարածքի վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանությունն իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի անվտանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտանգությունն ապահովում են համայնքային ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքացիական դիտորդական և խորհրդատվական առաքելություններ:

Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Ներկայումս այդ տարածքները կազմում են Թուրքիայի Հանրապետության Կարսի (9.587 քկմ, 130 հազ. բնակիչ), Արդահանի (5.661 քկմ, 120 հազ. բնակիչ), Արդվինի (7.436 քկմ, 192 հազ. բնակիչ) և Իգդիրի (3.587 քկմ, 180 հազ. բնակիչ) նահանգները: Ընդամենը՝ 26.241 քկմ (Թուրքիայի Հանրապետության տարածքի 3,4%) և 779 հազ. բնակիչ (բնակչության 1,1%) Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի, անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն:

Եզրակացություն.

  • Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:
  • Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի:
  • Հայկական հարցը չլուծելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու հարևան երկրների իրավիճակից կամ բարեհաճությունից:
  • Հայկական հարցի լուծումը հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունն է և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:


Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Ողջամիտ կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-ի 1%-ին համարժեք վճարը՝ տարեկան 8.6 մլրդ ԱՄՆ դոլար, քանի որ այդ տարածքը կազմում է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի գրեթե 13%-ը (ավելի քան 100 հազ. քկմ) և այնտեղ ապրում է Թուրքիայի բնակչության ավելի քան 8%-ը (մոտավորապես 5.6 մլն մարդ): Վերոհիշյալի մեջ չեն հաշվարկված նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքները, քանի որ դրա համար առաջարկվում է այլ լուծում:


22 սեպտեմբերի, 2009թ.