Պետք է բարձրացնել
«Հորիզոնի» նախավերջին առաջնորդողը խոսելով մեր ուսուցիչների մտավոր ու բարոյական վիճակի վրա՝ երկու կողմից էլ գտնում է շատ անմխիթարական։ Եվ հիշատակելով, որ նրանց մտավոր պատրաստությունը բարձրացնելու համար անցյալ տարվա ծրագրական խորհրդակցությունների ժամանակ որոշում է եղել թեմական դպրոցներին կից մանկավարժական լրացուցիչ դասարաններ բաց անել—կանգնում է երկրորդ ցավի առաջ, թե ի՞նչ պետք է անել հայ ուսուցչին բարոյական ախտավոր վիճակից հանելու։
Նույն կենսական հարցին է նվիրված և պ. Ց. Խ. «Մեդալի մյուս կողմը» հողվածը «Բաքվի ձայնի» նախավերջին N-ի մեջ։
Պ. Ց. Խ. էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում է հիմնական կետի— հայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի։
Սակայն, ինչպես ճիշտ նկատում է պ. Ց. Խ., մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60-ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն է եղել։
Պատճառն ի՞նչ է, որ մինչև էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ է հանում բարոյական թե մտավոր անկման էն տեսակ երևույթներ, որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող է պատմել հենց տողերիս գրողը։
Պատճառը պետք է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրահատուկ վիճակի մեջ, ասում է պ. Ց. Խ.։
«Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ է գործածում։ Ասում է՝ այն ճահճացյալ դրությունն է պատճառը, որի մեջ գտնվամ է հայ ուսուցչությունը։
Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը էս պատճառի վրա կծանրանա, մյուսն էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն էն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե մտավորապես և թե բարոյապես։ Էս կամ էն անկյունը ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում էր իր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ մնացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն է գտնում, թողնում է փախչում հայոց դպրոցից, իր տեղը տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ են տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորադրություն են առնում, թե էլ դանոս չգրեք։ Եվ փաստ է սա։
Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օտար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում։
Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ։
Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա դասագինը, նրա ռոճիկը։ Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը։ Էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հայոց դպրոցի ապահովության խնդիրը։ Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահովության խնդիրը։ Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումը—- մեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե ծխական դպրոցներում, թե միջնակարգ։
Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում։
1913