Պետք է հետևել ամերիկացիների օրինակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պետք է հետևել ամերիկացիների օրինակին

/կրկին հայ-թուրքական հարաբերությունների մասին/

Արա Պապյան

1927թ. սկզբին ԱՄՆ իշխանությունները կանգնած էին նույն երկընտրանքի առջև, ինչ՝ ՀՀ իշխանությունները ներկայումս: Իշխանությունները, տեղի տալով տնտեսվարող շրջանակների շահերին, նպատակ ունեին Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ հասարակական կարծիքի և Սենատի զգալի մասը դեմ էր դրան: Դեմ էր դրան ոչ թե ընդհանրապես, այլ վճարվելիք գինը համարժեք չէր համարում: Գտնում էր, որ դավաճանության գնով չի կարելի սեփական շահն ապահովել:

Հարցը հետևյալն էր: Թեև ԱՄՆ և Օսմանյան կայսրության միջև պատերազմ չէր հայտարարվել I աշխարհամարտի ընթացքում, սակայն թուրքերը 1917թ. ապրիլի 20-ին խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պատերազմի ավարտից 10 տարի անց բնական էր, որ կողմերը պիտի ձգտեին վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները: Հատկապես, որ ամերիկյան ընկերությունները հարաճուն տնտեսական շահեր ունեին Թուրքիայում: Հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ դեռևս 1923թ. օգոստոսի 6-ին (Լոզան) երկկողմ պայմանագիր էր ստորագրվել: Ըստ ԱՄՆ սահմանադրության՝ այն ուժի մեջ կարող էր մտնել միայն Սենատի հավանությանն արժանանալուց հետո:

Այսու, 1926թ. դեկտեմբերին նախագահականը վերոհիշյալ պայմանագիրն ուղարկեց Սենատ: Թուրքիայում ԱՄՆ-ի տնտեսական հսկայական շահերի գիտակցումով հանդերձ, Սենատը 1927թ. հունվարի 18-ին մերժեց հավանության արժանացնել վերոհիշյալ պայմանագիրը: Բանն այն է, որ 1923թ. պայմանագիրն ուներ այնպիսի ճապաղ ձևակերպումներ, որոնք ցանկության դեպքում կարող էին մեկնաբանել որպես հրաժարում Վիլսոնի իրավարար վճռից (22.11.1920թ.): Հերթական անգամ նշեմ, որ սա է այն փաստաթուղթը, որով առ այսօր որոշված է Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր սահմանը: Ամերիկյան Սենատը հանուն տնտեսական շահի չոտնահարեց սեփական երկրի միջազգային պարտավորությունները և չուրացավ Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները:

Հիշենք, սա 1927թ. էր, չկար այլևս Հայաստանի Հանրապետությունը, և որևէ մեկը չգիտեր, արդյո՞ք երբևէ նորից կհառնի հայոց պետականությունը: Սակայն ամերիկյան օրենսդիրները որոշեցին վերջնականապես չփակել հայ ժողովրդի փրկության միակ դուռը:

Այդ քվեարկության շնորհիվ է, որ առ այսօր ունենք մի ազդեցիկ քաղաքական-իրավական լծակ, որը հմտորեն գործածելու դեպքում ոչ միայն կարող ենք ապաշրջափակել Հայաստանը, այլև երկրի համար ապահովել անվտանգության լուրջ երաշխիքներ և հսկայական դրամական մուտքեր:

Սենատի կողմից պայմանագրի մերժումից հետո ամերիկացիները, որպես գործնական մարդիկ, արագ կողմնորոշվեցին և 1 ամիս անց՝ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով վերահաստատեցին դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Բնականաբար, ՀՀ տարածքային իրավունքները մնացին անխաթար: Այս նոտաները ծառայում էին միայն իրենց բուն նպատակին, ուստի զերծ էին «խուճուճ» ու երկիմաստ ձևակերպումներից: Ահա դրանց բովանդակային մասը.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան համաձայնեցին միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա փոխադարձաբար հաստատել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ և հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը:
(The United States of America and Turkey are agreed to establish between themselves diplomatic and consular relations, based upon the principles of international law, and to proceed to the appointment of Ambassadors as soon as possible.)[1]

Եվ ոչ մի ավելորդ բառ: Առաջարկում եմ և՛ օրենսդիրների վարքի, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատող փաստաթղթի բովանդակության հարցում ընդօրինակել ամերիկացիներին: Եթե թուրքերն անկեղծ են և իսկապես ուզում են կարգավորել մեզ հետ իրենց հարաբերությունները, նրանք անվարան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ և կապաշրջափակեն Հայաստանը: Եթե իրենց բուն նպատակը մեզնից մեր իրավունքների ուրացման կորզումն է, ապա կխուսանավեն և արդեն խնդիրներ կունենան ուրիշների հետ:

Եկե՛ք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և, այսպես կոչված, սահմանի, այսպես կոչված, բացումը ինքնանպատակ չդարձնենք:

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.


15 սեպտեմբերի, 2009թ.