Jump to content

Պիոներ հրաչը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պիոներ հրաչը

Կրծքին ալ փողկապ,
Տղան՝ կարմրալանջ,
Տղան՝ պիոներ,
Անունը Հրաչ:
Հրաչը աշխույժ,
Փողկապով հպարտ,
Հրաչը՝ նոր ուժ,
Օղակի մեջ զարդ,
Պիոներ նա մի,
Գործին միշտ պատրաստ,
Օրինակելի,
Մաքրասեր, զգաստ:
Մարզանքում ճարպիկ,
Զիլ վազքում շատ վարժ,
Խուզարկու, անվախ,
Ճկուն, դյուրաշարժ:
Պատահեց էսպես.
Մի խիստ շոգ ամառ
Պիոներները
Գնացին ճամբար:
Մի օր անտառից
Հրաչի դիմաց
Մի եզ դուրս պրծավ
Սաստիկ կատաղած:
Մի եզ ահարկու,
Պոզեր սրածեր,
Ոտների տակից
Թռչում են կայծեր:
Հովիվը զիլ-զիլ
Կանչում է հեռվից.
— Խրտնել է եզը
Դոշիդ կարմըրից:
Շպրտիր գետին
Էդ զիզի-պիզին,
Կարմիր չի սիրում,
Զոհ կերթաս եզին:
Չի կորցնում իրեն
Վտանգի առաջ
Էն հնարագետ
Պիոներ Հրաչ:
Թողնում է կարմիր
Փողկապն իր վզին,
Պատվի նշանն իր
Չի զիջում եզին:
Վստահ լինելով
Իր վազքի չափին,
Իրեն հանձնելով
Էդ վազքի թափին,
Կտրում-անցնում է
Մի ճամփա երկար.
Ոտք տալով թռչում
Բարձրանում մի ծառ,
Բայց բռնած ճյուղքը
Դալար ու ճկուն՝
Հրաչի քաշից
Թեքվում է իսկույն:
«Պահիր, դալար ճյուղք,
Լավ կարմրալանջին,
Գալիս է, եկավ
Օղակն առաջին»:
Մենակ չի տղան,
Տղան պիոներ,
Մի ամբողջ ջոկատ
Եկան ընկերներ:
Օղակը տեսավ
Էդ իր Հրաչին,
Իր լավ Հրաչին
Ժիր հնարագետ,
Որ փրկեց իրեն
Եվ փողկապն իր հետ: