Պոլոզ Մուկուչի սրամտություններից
*
[խմբագրել]Մի օր դեպոյում ժողով է հրավիրվում: Նախագահողը հայտնում է օրակարգը.
— Էսօր պիտի խոսենք դեպոյում հայհոյանքն արգելելու, դրան վերջ տալու մասին:
Այդ պահին Մուկուչը, որը գործով եկել էր դեպո, տեղից վեր է թռչում և բարձրաձայն ասում.
— Ըշտե, ըսեք դեպոն փակենք, է՛լի...
*
[խմբագրել]Մի տարեց կին մահանում է: Երբ մարդիկ նրա դագաղը դուրս են բերում տնից և շարժվում դեպի գերեզմանոց, հանկարծ երկինքը մթնում է, ամպրոպ ճայթում և սկսում է կարկուտ գալ:
Տեսնելով, որ հնարավոր չէ ճամփան շարունակել, հուղարկավորողները դագաղը բռնած մտնում են մոտակա դպրոցի շենքը: Երբ խաղաղվում է, դագաղը նորից հանում են դուրս և շարժվում դեպի գերեզմանոց: Այդ պահին մի անցորդ է մոտենում Պոլոզին ու կամաց հարցնում.
— Ծո՛, Պոլոզ, հլա ճիշտ ըսէ, էդ պառավ կնկա դագաղը ինչի՞ տարան դպրոց:
— Վերաքննություն ուներ, տարան, օր հանձնե, օր հոգուն մեղք չէղնի:
*
[խմբագրել]Պոլոզ Մուկուչը ձմերուկ է վաճառում: Մի կին վերցնում է ձմերուկը, սկսում երկու ձեռքով սեղմել և պահել ականջի մոտ: Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողությունը, Մուկուչը զայրանում է.
— Քուր ջան, երկու կիլանոց ձմերուկմ ես վերուցե, գուզես միջեն դուխավոյ արկեստրի ձեն ելնի՞:
*
[խմբագրել]Գյումրի է գալիս մի բարձրաստիճան պաշտոնյա:
— Անմահ է, թագավորի աչքի լույս է, սրան մեռնել չկա,— ասում են այս ու այն կողմից:
Մուկուչը տեսնում է՝ ոնց որ չոփ, կաշի ու ոսկոր.
— Անմա՛հ չէ, հըբը ի՛նչ է, իդոր վրա ու՞ր ա մեռնելու բան...