Jump to content

Պուղու մեթոդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Եթե ուսուցիչներից մեկը բացակայում էր, նրան փոխարինելու էր հրավիրվում Պուղին։ Ինչ մասնագիտությամբ ասես՝ Պուղին փայլում էր. էլ հայոց լեզու, էլ անգլերեն, էլ ռուսերեն, էլ ֆրանսերեն, էլ մաթեմատիկա, էլ... Մի խոսքով, բազմագիտակ մարդ էր մեր Պուղին, մանավանդ, նկատի պիտի առնենք, որ հեռավոր ու ծայրամասային գյուղերը Պուղուց բացի համարյա ոչ ոք չէր ուզում գնալ։

Մի օր էլ հայրենի գյուղի դպրանոցի տնօրենը գնաց Մելիք Շահնազարի մոտ ու, ինչպես միշտ, թախանձանքով սկսեց խոսել.

-Մելիքն ապրած կենա...

-Հասկացանք, էլի Պուղու ետեւից եք եկել։

-Հա, Մելիք, ֆոլկլորի վարժապետը հիվանդ է, ասում եմ՝ երկու օրով մեր Պուղին փոխարինի։

Մելիքը կանչում է Պուղուն։

-Պուղի, մարդկանց վիզը ծուռ է, էլի դու պիտի մի բան անես։

-Ինչ եմ ասում, Մելիք, համաձայն եմ։

Պուղին սկսում է նորից իր դասերը գյուղի դպրանոցում։ Մի օր չանցած, տնօրենն ասում է.

-Պուղի, կենտրոնից մեթոդիստ է եկել, դես մտածեցինք, դեն մտածեցինք, որոշեցինք, որ քո դասը լսի, էլի դու երեսներս պարզ կանես, մեր դպրոցի պատիվը կփրկես։

-Դեհ, որ որոշել եք՝ ինչ ասեմ,- համաձայնում է Պուղին։

Մեթոդիստը գնում է դասալսման։ Պուղին դասը պատմում էր՝ աչքն անընդհատ գցած մեթոդիստի աչքերին։ Եղավ մի պահ, դասի ավարտից մոտիկ, որ մեթոդիստը ժպտաց։ Պուղին իսկույն լռեց ու այլեւս ոչինչ չասաց։

Ուսուցչանոցում Պուղու վարած դասը դրվատվեց, լավ խոսքեր ասվեցին Պուղու հասցեին, միայն վերջում մեթոդիստը մի կողմ քաշեց Պուղուն ու թե.

-Չհասկացա, պարոն Պուղի, ինչու ամբողջ դասի ընթացքում աչքդ աչքիցս չէիր կտրում, հենց ժպտացի՝ խոսքդ կիսատ թողեցիր ու էլ ոչինչ չասացիր։

Պուղին բացատրեց.

-Անհասկանալի բան չկա, պարզապես դաս պատմելու իմ մեթոդը սա է. ընտրում եմ դասարանի ամենաթույլին ու դասը պատմելիս հետեւում աչքերին, հենց որ ժպտում է, նշանակում է՝ հասկացավ դասը։ Դե, եթե նա հասկացավ, դասարանն, ուրեմն՝ հասկացավ ու հասկացավ։ Էլ դրանից հետո ի՞նչ խոսեմ։