Jump to content

Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ

ՊՏՈՒՅՏ ՄԸ
ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ

ՄԻՋԱԳՅՈԻՂ

Նախ և առաջ հարկ է գիտնալ, որ այս գյուղը մտնելու համար քանի մը դժվարություններ կան, խոսքս պատվավոր մարդերու համար է և ո՛չ գողերու համար, իսկ անկե ելնելու համար դժվարություններն ավելի մեծ են. Արևելյան խնդրույն ձևով շինված գյուղ մ’է։ Եթե նավամատույցին ճանբայեն մտնել ուզես՝ վեց հոյակապ հոտը քթիդ ուշադրությունը կը գրավեն, և անմիջապես կը համոզվիս, որ Միջագյուղ բնակողի մը համար պզտիկ քիթ մը մեծ փորձանք է։ Եթե լերան կողմե իջնել փորձես՝ փրկանքդ հետդ տանելու ես, որ եթե գողերէ բռնվիս՝ կարենաս օձիքդ ազատել։ Իսկ եթե Պեշիկթաշի կողմեն գաս՝ աչերդ թաշկինակով մը կապելու ես, որ հովն անցյալ տարվան հրդեհեն մնացած մոխիրներն աչերուդ չփչե։ Այս գյուղին մեջ մտնելու ապահով ճանբան օդապարիկով հոն իջնելն է, կըսեն, իսկ ինձի համար հոն մտնելու ամենեն ապահով ճանբան հոն բնավ չմտնելն է:

Այս գյուղին մեջ հինգ հարյուր քսան տուն կա հայու, սակայն ասոնց մեջ կան տուներ, որք երկու և երեք ընտանիքներե բնակված են։ Եթե գործերն այսպես շարունակվին՝ քսան ընտանիք մեկ տան մեջ պիտի բնակին և վիճակագիրները տուն համրելու տեղ սենյակ պիտի համրեն։

Երկու եկեղեցի կա, միույն անունն Աստվածածին է, իսկ մյուսինը Լուսավորիչ։ Գյուղիս Աստվածածինը սահմանադրական չէ, ամեն այցելուները միևնույն եղանակով չընդունիր. հարուստ այցելու մը տաճարեն ներս մտնելուն պես ժամկոչ եղբայրները իրար կանցնին աթոռ մը գտնելու և հյուրին քովը դնելու համար. իսկ երբ այցելուն աղքատ է՝ հրաման կընդունի գետնի վրա աղոթելու։ Հարուստները սուրբ Զատկին կամ Ծնունդին՝ միայն կուգան եկեղեցին, և շատ անգամ ալ անձամբ չկրնալով ներկա գտնվիլ իրենց այցետոմսը կը ղրկեն եկեղեցին։

Այս եկեղեցվույն վերնատունեն ամեն տարի տեղ կը ծախվի կամ վարձու կը տրվի, թեպետև լրագիրներու մեջ ծանուցում չըլլար, արդեն հարուստ տիկինները ամբողջ վերնատունը ծախու առած են, և տոնի օրերը մեյմեկ պահապան կնիկ կը ղրկեն հոն, որպեսզի իրենց տեղը պաշտպանեն օտար կիներու հարձակումներու դեմ։ Արդյոք ժամանա՞կն է հիշել Ավետարանին այս խոսքը. Տուն իմ տուն աղօթից կոչեսցի, և դուք արարիք զսա այրս աւազակաց: Լուսավորիչը ժողովրդական է, այր և կին՝ խառն կը մտնեն տաճարն, բայց Լուսավորիչն, այրերուն վրա վստահություն չունենալուն համար թերևս, եկեղեցվույն աջ կողմն այցերուն տված է և ձախն՝ կիներուն...։ Ո՞վ կարող է պնդել, թե մեր Երեսփոխանական ժոդովն ալ այնպես վարված չէ, թո՛ղ չարամիտներն պարզամիտ ժողովրդյան հավատացնել աղեն, թե Երեսփոխանական ժողովն միայն կիները ներս առած է և այցերը դուրս ձգած է ես չեմ հավատար։

Սուրբ Աստվածածնա եկեղեցվույն դեմն է Թարգմանչաց վարժարանն, որ շատ կանոնավոր խեղճության մեջ կը գտնվի, և եթե ոչ յուր խեղճությամբը, գոնե յուր կանոնավորությամբը կարող է Ազգային վարչության նախանձը շարժել: Շատերը կը զարմանան, թե ասանկ հարուստ թաղի մը վարժարանն ինչո՞ւ աղքատ մնա։ Ես չեմ զարմանար։ Վարժարանն անոր համար աղքատ է, որովհետև թաղին մեջ հարուստներ կան։

Գյուղիս մեջ կա Հռիփսիմյանց վարժարան մը, որ խնամակալուհի տիկիններու տնօրենության տակ կը կառավարվի և հույս կուտա, որ օր մը ուսյալ և կրթյալ աղջիկներ դուրս պիտի տա։ Սույն վարժարանին սանուհիները բավական հաջողությամբ կը թարգմանեն գրաբարե աշխարհաբար, և եթե Սովելոց հանձնաժողովո ատենադպիրին գրաբար նամակները չեն կրնար լուծել հանցանքն իրենցը չէ, վասնզի իրենց դասատուն անգամ շատ անգամ ըղեղը կը պատառե՝ այդ նամակներն իմաստ մը հանելու համար։

Պարոն Շաշյան, որ Հայաստանի մեջ սովու պատճառած աղետներուն վրա ժողովրդյան գութը շարժելու և անկե նվեր հավաքելու նպատակավ նամակներ կը հրատարակե լրագիրներու մեջ, հասարակության անհասկնալի լեզվով կը խմբագրե յուր սավառնաթև նամակները, որպեսզի մեր ազգայիններն իրենց եղբայրներուն տառապանքներն իմանալով չտխրին և չլան։ Այս տեսակով պարոն ատենադպիրն ազատ էր լատիներեն ալ խոսիլ Ժողովրդեան...

Աղջիկներու վարժարան մալ կա, զոր Ազգանվեր հայուհյաց ընկերությունը բացած է՝ աղքատ աղջիկներու ձրի դաստիարակություն տալու համար: Կարողություն և հաջողություն կը մաղթենք սույն ընկերության ազնվասիրտ տիկիններուն, որ ամեն ջանք ի գոքծ կը դնեն իրենց նպատակին հասնելու համար...։ Եթե այս կիներն այր, և իրենց այրերը կին ըլլային՝ անշուշտ Թարգմանչաց վարժարանն այսպես դժբախտ տեսնելու դժբախտություն չէինք ունենար։

Լուսավորչյան վարժարանն գոհացուցիչ է առայժմ, սակայն միշտ հսկումի պետք ունի, որ անընդհատ հարատևե յուր կանոնավորոսթյանը մեջ։

Հայկական կրթարան անվամբ գիշերօթիկ և ցերեկյա վարժարան մը, որու տնօրենն է պարոն Գուրգեն, ամեն արգելքներու և ձախորդություններու դեմ դնելով այսօր խիստ կանոնավոր վիճակի մեջ մտած է։ Ահա գյուղիս ամենեն մեծ շենքն և մարդը։

Հոս է Բարեսիրաց ընկերության թատրոնն, որու անունն անշուշտ հազար անգամ կարդացած ես փողոցի պատերուն վրա։ Այս թատրոնի մեջ կը ներկայացվեին ժամանակավ անմահ Պեշիկթաշլյանի և մահկանացու Հեքիմյանի ողբերգություններն, որոնց նմաններն այժմ պարգևաբաշխության օրերը վարժարաններու մեջ կը ներկայացվին ի մեծ ձանձրություն հանդիսականներու։ Այս թատրոնին մեջ է, որ այժմ շատերը ատենաբանություններ կընեն ժողովրդյան օգտակար նյութերու վրա։ Անուրանալի ճշմարտություն մէ, որ Միջագյուղ ամեն թաղե առաջ սկսած է լուսավորյալ ազգերու նմանիլ աշխատելու և... չհաջողելու... քանի որ նմանիլը՝ ըլլալ չէ, միշտ պիտի հիշեմ կապիկին առակը։

Այս թաղը խաղաղասեր է. պատրիարքներու փոփոխութիյններու ժամանակ բնավ կարծիք հայտնած չէ։ Օր մը եկեղեցվույն մեջ լսված չէ. հիշվի, չհիշվի: Կերևի, որ միջագյուղցին եկող պատրիարքեն ալ գոհ է, գացողեն ալ, կամ ո՛չ եկողեն գոհ է և ո՛չ ալ գացողեն։ Նույնիսկ թաղային գործերուն մեջ ալ չեզոքություն կը պահե. ուրիշ թաղերու մեջ շաբաթը մեկ անգամ թաղականի կռիվ կը ծագի, հոս մինչև հիմա ատանկ բան մը պատահած չէ։ Հոս ելնող թաղականներեն հաշիվ փնտրելու գեշ սովորությունն ալ չկա. գեղացին իրարու վրա մեծ վստահություն ունի։

Պզտիկ երիտասարդություն մը կա, որ ընկերություններ կազմելով լուծելով ազգին իրական ծառայություններ կը փափագի մատուցանել։ Մինչև հիմա հարյուր ընկերություն կազմված և հարյուր հիսուն ընկերություն լուծված է. իսկ հիմա կա Արհեստական ընկերություն մը, որ հաստատ քայլերով ճանբա կառնե և որուն նպատակն է Հայաստանի մեջ արհեստ տարածել:

Գյուղիս ազգայինները քանի մը դասերու կը բաժնվին:

Դաս մը կա, որ միայն դիվանագիտական խնդիրներով կզբաղի։ Այս դասն երբ գինետուն մտնե և յուր առջև ունենա օղիի շիշը՝ կը փափագի գիտնալ, թե Կլատսթըն ի՞նչ խոսած է Արևելյան խնդրույն վրա, թե Պիսմարք ի՞նչ ընթացք պիտի բռնե, թե Քումանտուրիոս ի՞նչ գրած է Ղեորղիոսին, և մինչև որ ասոնց գոհացուցիչ պատասխանները չառնե՝ գինետունեն դուրս չելներ։

Մյուս դասը դիվանագիտական խնդիրներե ձանձրույթ կզգա. իրեն համար գիտնալու առաջին խնդիրն այն է, թե օղիի վրա աղած ձո՞ւկ ուտելու է, մի՞ս, թե պտուղ. ահավասիկ իրեն համար բարենորոգման խնդիրը...։ Դաս մալ կա, որ ամբողջ օրեր վարսավիրայի խանութներու առջև կը պարտի, որոշում տալու համար, թե ի՛նչ ձև տալու է մազերուն, որ օրիորդ ...ին հաճելի երևնա և յուր առջևեն չվռնտվի։

Թեթև դաս մալ կա, որու վրա թեթևությունը ծանրացած է. երբ ծանրացած է, կըսեմ, թեթևության քանակությունը կերեվակայեք անշուշտ, այս դասը կիրակի օրերը նավամատույցին վրա կսպասե, որ օրիորդ կամ տիկին ...ին հետ բարձրաձայն երկու բառ ֆրանսերեն խոսի։

Դաս մալ կա, որ առևտուրի մեջ կորուսածն խաղի մեջ վաստկելու համար խորամանկություն կը խորհի, հարուստներն ալ ունին այս ախտը, բայց անոնք բամբասանքե զերծ են, վասնզի ինչ որ ախտ է աղքատի համար անմեղ զբոսանք կը համարվի հարուստի համար։

Պզտիկ բացառությամբ թե՛ այրերն և թե՛ կիները պճնասեր են։ Չափեն ավելի կարևորություն կուտան հագուստներու, հետևապես այն, որ շքեղ հագված է՝ կատարյալ մարդ է. իսկ այն, որ պարզ հագված է՝ մարդ կոչվելու արժանի չէ։ Ուր որ ալ ըլլա, երբ կը տեսնես կին մը, որ հովահարով մը դեմքը կը հովհարե, նույնիսկ ձմեռվան ամենասաստիկ ցուրտ օրերուն մեջ, որ երեսները մեյ մը աջ մեյ մը ձախ կը դարձունե կես ծիծաղով, որ մեջքը միշտ կը կոտրտե և երկու րոպեին անգամ մը գլուխը կր շտկե, որ ձեռնոցները կը հանե, նորեն կը դնե, շրջազգեստը կը շտկե, չհավնիր, կը կանգնի, նորեն շտկելու ջանք կընե, երբեմն բերանը բանալով դիտմամբ կը խնդա, որ ակռաները ցույց տա. եթե չխնդար՝ գիտցիր, որ բերանին մեջ ակռա չկա, հասկցիր, որ այդ կինը միջագյուղցի է. իսկ երբ անոր քովը աղեկ հագված երիտասարդ մը գտնվի ու հետը խոսակցի, երբեմն ֆրանսերեն բառեր գործածելով, այդ կնկան սիկարա հրամցունե և քթին մեջ մտնելու չափ մոտենա. անոր՝ հազար ոսկիի գրավ դիր, որ ատոնց երկուքն ալ միջագյուղցի են. եթե կորսնցնես հազար ոսկին՝ եկուր ինձմե ա՛ռ։

Արևեն չայրելու համար՝ իգական սեռն, քիչ բացառու թյամբ, երեսը բրինձի փոշի կը քսե. բայց Միջագյուղի լուսինն արևու չափ կիզիչ ըլլալուն պատճառավ՝ գիշերներն ալ կը գործածե այն փոշին, որուն ոմանք սկսած են հիմա թոմաթես խառնել:

Սիրասուն օրիորդները կամ տիկիններն երբ տուն մը այցելութեան երթան՝ սանդուխին երկրորդ աստիճանեն կերկրնցնեն իրենց ոտներն և սպասավորներու քաշել կուտան իրենց կոշիկներն, որպեսզի պզտիկ ոտներն ամենուն ցույց տան. իսկ երբ ոտները մեծ ըլլան՝ սպասավորներուն քաշել կուտան իրենց ձեռնոցները, շատ մը կիներ ալ իրավամբ քաշել տված են իրենց ակռաները, որովհետև մեծ էին անոնք և մեծ ցավ կը պատճառեին... գեղեցկության։

Տիկիններեն ոմանք կոմսուհիներու կամ մարքիզուհիներու նմանելու համար ամեն հնարք ի գործ կը դնեն։ Երբ զավակ մը բերեն աշխարհ՝ իսկույն ոտնտուի մը կը հանձնեն զայն, վասնզի ազնվականության դեմ է, որ կին մը յուր զավակին կաթ տա։ Արդյոք պիտի գա՞ այն օրն, ուր սպասուհիներն բերեն իրենց տիկիններուն բերելիք զավակներն ալ, որպեսզի փափկասուն տիկիններն ծննդաբերության ծանր գործեն ալ խալսին...։

Միջագյուղցին ուրիշ թաղեցիներու բաղդատմամբ ավելի քաղաքավար է։ Խնդում երես ունի. եթե երբեմն տխուր տեսնես զինք՝ պատճառն թաղին ազգային վարժարանն է։

Գյուղիս կլիման չեզօք է. ո՛չ բարիք կը գործե և ոչ չարիք, բնակիչներն ալ իրենց կլիմային պես են։

Կան երիտասարդներ, որ ինքզինքնին միշտ բարձր դրից մեջ կը գտնեն, եթե ասոր պատճառը փնտրվի՝ դյուրին է համոզվիլ, որ այդ երիտասարդներն այդչափ բարձր չպիտի կարծեին զիրենք՝ եթե օդեն ավելի թեթև չըլլային։ Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կը լուծվի։ Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան և թեթևները վեր կելնեն։ Այս գյուղիս մեջ կան երիտասարդներ՝ որոնց գլուխն եթե չվան մը անցունենք՝ կրնանք զանոնք թռուցիկի պես բարձրացունել... օդին մեջ։ Ավելորդապաշտություն չկա այս գյուղին մեջ, ոսկին այս հաշվեն դուրս է, մանավանդ թե պակասապաշտություն կը տիրե հոս: Ամենն ավելի պաշտվող կուռքը նորաձևությունն է:

Զբոսանքը շատ կը սիրեն հոս, եթե տան մը մեձ պարն սկսի՝ առնվազն վեց օրեն կը վերջանա. իսկ երբ ազգային խնդրո մը վրա խոսք բացվի՝ կես ժամեն ավելի չտևեր։

Ներքին բերքն է ելակ և բամբասանք։ Ելակն ամեն տարի առատ չըլլար՝ բամբասանքն, որ շատ անձրևեն կամ շատ երաշտութենեն վախ չունի՝ ամեն տարի առատ հունձք կուտա։ Շատ տեղերեն հոս կուգան՝ այս ապրանքեն դնելու համար։

Արտաքին բերքն է գողեր և ծովեզերքին վրա շուներու դիակներ։

ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

Կ. Պոլսո մեջ երկու Քում Քաբու կա. ներքին Քում Քաբու և արտաքին Քում Քաբու, ինչպես Մասիսի մեջ երկու տեսակ լուր կա. ներքին լուր և արտաքին լուր։ Մասիսին լուրերուն արտաքինը ներքինեն որոշելու համար, երբեմն ուշադրություն պետք է, վասնզի շատ անգամ Ամերիկայի մեջ կնկան մը երեք զավակ մեկեն բերելուն լուրը Մասիսի մեջ ներքին լուրերուն տակը կը կարդացվի. ինչպես որ ուրիշ լրագիրներու մեջ շատ անգամ պատահած եմ հացագործի մը էշն, որ երբ փողոցի մեջ զռա՝ ներքին լուրերու մեջ կանցնի, իսկ երբ Պատրիարքարանի մեջ երգե՝ ազգային լուր կըլլա։ Իսկ Քում Քարուներու մասին այս շփոթությունները չկան. ներքինն երբեք արտաքինին մեջ և արտաքինն ալ բնավ ներքինին մեջ տեսնված չէ։ Բայց որովհետև առաջին անգամն է, որ ներքին Քում Քաբուն երթալ պտըտիլ կուզես՝ ես հանձն կառնեմ քեզի առաջնորդել։

Ժամը մեկ ու կես է. Մահսուսիյեյի շոգենավն ալ ճիշդ մեկ ու կեսին կամուրջեն կը մեկնի Քում Քաբու երթալու համար։ Վազե՛, բայց կաղաչեմ ուշադրություն ըրե՛, որ ծովը չիյնաս, երկաթյա կամուրջեն փայտյա կամուրջն անցած ատենդ։ Կը խնդրեմ, որ վերարկուդ ալ խնամքով կոճկես, վասնզի կամ ուրջին վրա կան տեսակ մը մարդեր, որ գրպանդ կը խառնեն և ինչ որ գտնեն հոն՝ կառնեն... այս տեսակ մարդերու գավառներու մեջ քայմագամ անունը կուտային անցյալները թուրք լրագիրները։ ժամը երկու զարկավ, և շոգենավը տակավին տեղեն չշարժիր. համբերե՛, հիմա կը մեկնի. մեր Երեսփոխանական ժողովն ալ ատյանը ժամը ճիշտ վեցին պիտի բացվի կը ծանուցանե, և ատյանը ութին կը բանա։ Ահա նավապետը երևցավ... վեր ելիր նստե՛, որ հով առնես... նավապետն ահա վարտիքը կապեր, ձեռներն ալ լվալուն պես կը մեկնինք... շուտ ըրե, աճապար՛, հովանոցդ բաց... շատ թրջեցա՞ր... վնաս չունի, ուրիշ անգամ երբ շոգենավը սուլել պատրաստվի՝ հովանոցդ բաց, որ շոգիեն չթրջվիս... աչքդ լույս, ճանբա ելաք... Սարայ Պուրնուն դառնալնուդ պես... բայց ինչո՜ւ կայնեցաք. կարծեմ ածուխը հատավ... նավապետն ինչո՜ւ չեն արթնեցներ, որ պետք եղածը նայի... նավաստիներն ո՜ւր են... ահա հոս են, սքանպիլ կը խաղան, անոնք իրենց տեղեն չեն երերար՝ մինչև որ հրաման չառնեն իրենց նավապետեն, որ չարթննար՝ մինչև որ իրեն ձայն չտրվի նավապետներեն, որ իրենց տեղեն չեն երերար մինչև որ... (կրկնե տասն անգամ): Ահա ճամբորդնրն որ շարժելու միտում ունենալ կը թվին... եթե ածուխ չկա՝ փառք Աստուծո, հողմ կա. հողմը կարող է ածուխին պաշտոնը վարել. բայց առագաստ չկա... ինչո՞ւ ապշած ե՛ք, պարոն ճամբորդներ. բացեք ձեր հովանոցները հողմին առջև, որ շոգենավը շարժի... ո՛չ, ո՛չ, համբերեցեք, ահա նավակ մը, որ Քում Քարու կերթա. չվան մը ձգեցե՛ք, որ շոգենավն քաշե, այդ թիավարները բարի անձեր են, ձեր խնդիրքը չեն մերժեր, մանավանդ թե ձեր ուզածն ալ ինքնօրինություն չէ: Տեսեք ի՛նչ եռանդով թի կը քաշեն... կես ժամեն Քում քաբույի նավամատույցը կը հասնիք։ Վերջապես հասաք...

Բարեկամ, ձախ կողմդ դարձիր, բայց երկաթուղվո գծին վրայեն մի՛ քալեր։ Հիմա աջ կողմ դարձի՛ր և սա նեղ. փողոցեն ներս մտի՛ր. քիչ մը քալելեդ ետքը ինքզինքդ կը գտնես բարձր շենքի մը առջև, ու երկու մարդ քու թևերեդ կը բռնեն և այդ շենքեն բռնությամբ ներս կը հրեն զքեզ։ Մի՛ վախնար, բան չկա։ Ձախակողմյան սանդուխեն վեր ելիր և բոլոր սենյակները պտըտե՛, մեջը մարդ չես կրնար տեսնել։ Ինչո՞ւ, վասնզի բոլոր սենյակներուն դռներուն վրա հետևյալը դրված է. առանց գործոց ներս մտնելն արգիլյալ է: ժամը չորս է, բայց այս արգելքն խղճի մտոք կը հարգվի։ Քում Քաբույի մեջն ես, բարեկամ, և այդ շենքն ալ Պատրիարքարան է. Պատրիարքարան ըսվելուն բուն պատճառն ալ անկանոն ընթացք մը ունենալն է։ Պաշտոնյաները կսկսին գալ. զքեզ բռնող երկու մարդերն առաջնորդեն քեզի սենյակ մը ուր սև աչերով, սև ընքվիներով, կլոր և սիրուն դեմքով մարդ մը անուշությամբ քու որպիսությունդ, թաղդ, տարիքդ և արհեստդ հարցունելեն ետև կըսե.

— Պարոն, երեք տարվան ազգային տուրք պիտի վճարեք, յոթանասունհինգեն՝ երկու հարյուր քսանևհինգ դահեկան։

Ներումն կը խնդրեմ. եթե գիտնայի որ ազգային տուրքդ վճարած չէիր՝ կը հորդորեի զքեզ Պատրիարքարանի փողոցեն չանցնելու. բայց որովհետև անգամ մը մտած ես հոն պարտքդ տալու ես առանց վշտանալու, վասնզի յուր պարտքը վճարելու անհոգություն ընողներուն համար Պատրիարքարանն ասկե ավելի դյուրին ճանբա չէր կրնար գտնել։

Պատրիարքարանեն դուրս ելնելուդ պես դիմացի դռնեն ներս մտիր. Մայր եկեղեցին է այն: Այս եկեղեցվույն մեջ ժամանակավ ամեն օր սուրբ պատարագ կը մատուցվեր, իսկ հիմա շաբաթը հազիվ մեկ անգամ պատարագ կըլլա հոն: Քսանը յոթ. քահանա ունի այս եկեղեցին, որոնք Ենի Քաբույի և Կետիկ Փաշայի եկեղեցիներու մեջ ալ պաշտոն կը վարեն. սակայն չկարենալով իրենց օրական ապրուստը ճարել, որովհետև շատ կ’ուտեն, շատ անգամ իրենց ծուխերուն տուները կը մնան, անոնց ննջեցելոց հոգվույն համար կուտեն, կը խմեն։ Ասոր համար է, որ շատ անգամ եկեղեցվույն մեջ քահանա չգտնվիր։ Մայր եկեղեցվո բակը երկու գերեզման կը տեսնես, ասոնց միույն մեջ թաղված է Տատյան Պողոս ամիրա և մյուսին մեջ կը քնանա Պեզճյան Հարություն, որ երկու հազար դահեկան ամսական կտակած է Մայր վարժարանին, հազար դահեկան ամսական արտաքին Քում Քաբույի վարժարանին և հիսուն դահեկան ամսական բանտի եկեղեցվույն ափսոս, որ ազգային լրագիրներուն համար և Պատրիարքարանի փոշիներուն մաքրվելուն համար բան մը չէ կտակած։

Եկեղեցվույն քովն է թաղին վարժարանը, որ համբավավոր եղած է յուր հարուցած վեճերովը։ Դասատուները շաբաթը մեկ անգամ կը փոխվին հոս, ամեն օր նոր դասատու և նոր դրություն։ Չար լեզուները կըսեն, թե այս վարժարանին մեջ ամենեն ավելի հարգ և պատիվ գտնող դասատուներն անոնք են, որ աշակերտներուն շատ թուղթ, գրիչ, մելան և մատիտ սպառել տալու դրությունն կը հարգեն, և այս դրությունը շատ հաճելի է եղեր հոգաբարձութեան անդամներուն։

Մենք չենք ուզեր հավատալ, բայց հավատացողներուն ալ հավատքը հերքելու չափ զորավոր փաստեր չունինք դժբախտաբար։ Աստված չընե, եթե հոգաբարձուներեն մեկն դերձակ ըլլար՝ աշակերտները շաբաթը մեկ անգամ նոր հագուստ հագնելու պիտի ստիպվեին։ Իսկ եթե մեկն ալ սափրիչ ըլլար՝ անպատճառ հետևյալ տողերը ներքին կանոնադրության մեջ պիտի անցընեին, «Աշակերտները պարտավոր են օրը երեք անգամ կտրել տալ իրենց մազերը»։

Ո՜վ անձնանվիրություն, գոնե անգամ մը քու երեսդ տեսնելու պատիվը պիտի չունենանք։ Տրտմիլ պետք չէ. կեդրոնական զբոսարանը գնա քիչ մը, որ բացվիս։ Աջդ դարձիր, և դեմդ կելնեն երեք զբոսարան. մեջտեղի զբոսարանը մտիր, ուր սեղանի մը վրա դրված պիտի տեսնես ազգային քանի մը լրագիրներ, որոնց վրա դրված կան օղիի շիշեր և գավաթներ։ Թաղին բոլոր ազգասերները հոս կը հաճախեն և օղի խմելով ազգային կենսական խնդիրներու վրա կը խոսին։ Ողջ ըլլան: Անդին քանի մը երիտասարդներ նստած, պրին և թրեֆա կը խաղան, ողջ ըլլան ու խաղան։ Ասդին քանի մը անձեր ջերմ վիճաբանության մը բռնված են. ասոնք թաղական Խորհրդո անդամներ են և անանկ բարկությամբ իրարու երես կը պոռան, որ կարծես թե ասոնցմե մին եկեղեցիեն բան մը ծախած և ստակը ծոցը դրած է... առանց յուր ընկերներուն իմաց կամ բաժին տալու։ Ուրիշ մը բարձր ձայնով խաղ կը կանչե, վերջապես խառնակությունը կը թագավորե հոն, սակայն այս կեդրոնական զբոսարանը դարձյալ շատ կանոնավոր է այն ամեն բաներեն, որ կեդրոնական անունը ունին, ինչպես Կեդրոնական վարչություն, Կեդրոնական սնտուկ, Կեդրոնական վարժարան, որ տակտվին չբացվեցավ։

Եթե այս զբոսարանեն չախորժեցար՝ ծովու վրա կառուցված և Աճեմ Տաղի ըսված զբոսավայրը գնա՛. հոն հանդարտ գլուխով կրնաս նստիլ, վասնզի հոն Թաղական Խորհուրդ չկա, և հետևապես, կռիվ ալ չկա։ Գլուխդ վեր ա՛ռ և սա պատուհանեն ներս նայե. տե՛ս սա կինը, որ աղքատ ըլլալուն պատճառավ բուտրա չէ կրցած առնել և ալյուր կը քսե երեսներուն. խե՜ղճ կնիկ...։ Քալե՛... նայե՛. սա գեղեցիկ աղջիկը հաքիքհիին հետ կը խոսի դրան առջև. ի՞նչ կը խոսի արդյոք... անշուշտ Հայկական խնդրույն վրա չխոսիր. կարմիր ներկ առած է առջի օրը և վճարելու դրամ չունի խեղճը... ի՜նչ խեղճություն։ Ահա քանի մը հայ երիտասարդ ձկնորսներ գինետունեն ելած՝ երգելով կուգան. մի՛ վախնար, ասոնք մարդու չեն դպչիր, պատվավոր կարծված անձերեն շատ պատվավոր են ասոնք, որ ստախոսություն, նենգություն և նախանձ բնավ չունին։ Ճանբադ շարունակե՛, և ահա Աճեմ Տաղի կոչված զբոսավայրը հասար։ Նստե՛ քիչ մը և եկող պարոններն և օրիորդները դիտե։ Ա՛ռ քեզի օրիորդ մը, որուն շրջազգեստը իյնալու վրա է, կերևի որ աղեկ կապած չէ... ահա կին մը, որ կուրծքը բացած՝ տղուն կաթ տալով կամաց-կամաց կուգա խնդալով... ասդին նայե՛, հարյուր տեսակ գույն կա սա կնկան հագուստներուն վրա։ Երիտասարդները կսկսին գալ։ Քում քաբուցին մեծավ մասամբ հոս կը հաճախե, ուր շատ մը նշանտուքներ և խոսկապներ տեղի կ՝ունենան ոչ պաշտոնապես: Երկու սեռերն հոս նշանացի կը խրրսին իրարու հետ երբ իրար. մե հեռու մնան, իսկ ականջե ականջ կը խոսին՝ երբ իրարու մոտ լինին. բնությունը կարծես երբեմն ականջն աղջիկներու այտերուն վրա դրած է, վասնզի երբեմն երիտասարդները այտերուն վրայեն կը խոսին, իրենց խոսքն դյուրավ լսելի ընելու համար։ Այս տեսակ խոսակցությունն շատերը քիչ մը տարօրինակ գտնելով՝ չեն ուզեր իրենց ընտանիքը հոն տանիլ։

Եթե նեղվեցար հոս՝ Պասմախանե կոչված զբոսարանը գնա... տե՛ս այրերու և կիներու բազմությունը։ Աջ կողմդ նայե՛, էրիկ կնիկ իրարու հետ կռվի բռնված են... էրիկը փայտով կսպառնա կնկանը, որ ապտակ կը ցցունե էրկանը... երկու տարու տղա մալ անոնց քովը նստած կուլա... կինը թաշկինակով շրջազգեստը կը սրբե. կարծեմ տղան մորը գիրկը միզած է և պատճառ տված է վիճաբանութեան։ Ընտանիքներու մեջ պզտիկ տղաներու մեզը մեր երեսփոխաններուն հարցապնդումին կը նմանի, միշտ վեճ կը հարուցանե։

Եկուր քիչ մալ աղջիկներու վարժարանն երթանք, որ Լուսավորչյան կը կոչվի և զոր տեր Սուքիաս քահանան կառուցած է 1868-ին, ազզեն օգնություն մուրալով։ Սույն վարժարանն ժամանակավ երեք հարյուրի չափ աշակերտ ուներ, իսկ հիմա որ տեր Սուքիասեն առնված և Թաղական Խորհրդո հանձնված է՝ հազիվ ութսուն աշակերտ ունի։ Կը կարծվի, որ հայրերը չեն ուզեր աղջիկ զավակ ունենալ, աղջիկներու կանոնավոր վարժարան մը չունենալնուն համար։

Այս թաղին մեջը կան Մեզպուրյան, Սուրենյան և Ագռանյան վարժարաններ, որոնց առաջին երկուքը երկու սեռե աշակերտներ կընդունին, իսկ վերջինը միայն իգական սեռեն կընդունի...: Շիտակը խոսելով՝ հայրերն և մայրերն անհոգություն չեն ըներ այս վարժարաններու տղա հասցնելու համար։ Այս մասնավոր վարժարաններուն ալ հաջողություն մաղթենք, քանի որ թաղային վարժարաններե հուսահատած ենք։

Թաղիս այրերը մեծավ մասամբ արհեստավոր և պատվավոր մարդեր են, որ ժամանակավ ազգային խնդիրներու մեջ մեծ դեր կը խաղային, իսկ քանի մը տարիներե ի վեր իրենց թաղային վարժարանին վեճերովը կզբոսնուն։

Ասոնք գրեթե ընդհանրապես սբիրթյուալիսթ են, ամենքն ալ օղի կը խմեն, միայն թե օղիին տյուզ տեսակեն կը գործածեն։ Այս տեղի ժողովուրդն այնպես համոզված է, թե օղին տեսակ մը ջուր է, որ տխրության վրա թափվելուն պես՝ ուրախության կը փոխե զայն։ Տյուզը տարբեր եղանակներով կը գործածվի հոն. ոմանք առանց ջուրի կը խմեն. քիչ մը ջուր դնողներ ալ կան. են որ առաջ քիչ մը ջուրով կը լվան իրենց բերանը և վերջը կը խմեն օղին, ոմանք գավաթով կը խմեն, իսկ ոմանք շիշով, և մեկ քանիներ ալ տակառով։ Գավաթով խմոցները կը ծաղրվին ինչպես օմեոբար բժիշկներն ալոբաթներեն:

Թե այրերը և թե կիները շատ կը սիրեն բաղնիքը, ձմեռը տաք բաղնիքներեն դուրս չեն ելներ, ամռան ալ ծովու բաղնիքներեն։ Ամենքն ալ սագե մը ավելի հաջողակությամբ կը լողան, բայց չափազանց տնտեսագետ ըլլալնուն պատճառավ՝ մինչև որ ութը ինը ժամ ծովու մեջ չմնան՝ բաղնեպանին վաթսուն փարա վճարելու համար դժվարություններ կը հանեն։ Խնայողության համար վեց ամիս Մեծ պահք կը բռնեն և լուբիայով ու ձեթով կանցունեն իրենց օրերը։

Առաջվան ջերմեռանդությունն անհայտ եղած է այս թաղեն և անոր հաջորդած է անտարբերություն աղոթքի մասին: Կիրակի առավոտ մը գնա Մայր եկեղեցին, ժողովուրդեն մարդ չպիտի տեսնես հոն, եթե քահանա մը տեսնես մոմ մը վառե և դուրս ելիր։ Կիները միայն սուրբ Զատկին կամ սուրբ Ծնունդին օրերը կերթան եկեղեցին, և այն ալ ոչ թե աղոթելու համար, այլ իրարու հագուստներու վրա դիտողություն ընելու, աղջիկներն մանչերուն նշանելու և երբեմն ալ եկեղեցվույն մեջ զավակ բերելու համար։

Իգական սեռը թուղթ բացող կնիկներու ալ կը հավատա, պակլա նետող խաթուններուն ալ. եթե կին մը հորի դույլ կորուսնե՝ թուղթ բացողներու կը դիմե կորուսած դույլը գտնելու համար, Թասոնիի՞ դիմելու էր. եթե աղջիկ մը յուր սիրականը կորուսնե՝ պակլա նետել կուտա։ Այս նախապաշարումները շատ տուներու մեջ դեռ կը տեսնվին։

Իգական սեռը հոս պճնասեր չէ, հագուստի մասին շատ դրամ չմսխեր, տարին անգամ մը Բերա կելնե և Լուի Ֆիլիբի ժամանակեն մնացած գլխարկ մը կառնե քառապատիկ գնով և ետ կը դառնա, ասոր կըսեն հնաձևություն նորաձևության...։ Հագուստ վայլեցնելու համար ալ երկու-երեք ժամ հայելիին առջևը մնալ չուզեր, հագուստն միմի այն յուր անձը պաշտպանելու համար կը հագնի, և ասոր համար է, որ երբեմն գուլպաները սխալմամբ ձեռներուն կանցունե և ձեռնոցներն ոտներուն։ Որչա՜փ երիտասարդներ կան, որ ասանկ աղջիկներ կը փնտրեն։ Աշխատասեր են, առավոտեն մինչև երեկո կամ կար կը կարեն, կամ լաթ կը լվանան և կամ տախտակ կը սրբեն. սոեսակ մը աղջիկներու կամ կիներու պես ծունկ ծունկի վրա դրած պատուհանին առջև չեն նստիր շաբաթներով:

Այս թաղին մեջ կը բնակի պարոն Մինաս Գափամաճյան, ազգային երեսփոխան և Լույս հանդեսին խմբագիր, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին կը ծառայե յուր լուրջ և զավեշտական հոդվածներով և սակայն դարձյալ պետք եղած քաջալերությունը չգտներ։ Հոս կը բնակի նաև ազգային երեսփոխան և Հայրենիքի խմբագիր պարոն Մկրտիչ Մելիքյան, որ խմբագրական ծանր բեռան տակ կը ճնշվի։ Չգիտեմ, թե այն ժողովուրդն, որ Հայրենիք մը չէ կարող ապրեր ունել, իրավունք ունի՞ Հայրենիք պոռալու...: Հոս ծնած է գերապատիվ Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյան. Պատրիարք կուզե ըլլալ և չի կրնար։

Այս թաղին սահմանն է արևելքեն օղի, արևմուտքեն գինի, հյուսիսեն քոնյաք, հարավեն րոմ կը կարծվի թե Նոյ նահապետ Քոսմ քաբուցի էր:

Կառավարությունն ոչ սահմանադրական է, ոչ ալ միապետական. անհոգությունն է, որ կը վարե թաղին գործերը:

Նշանավոր է, Մայր եկեղեցվո ջրհանկիրներու խումբը, որ կտրիճ երիտասարդներե կազմված է և մեծ պատիվ վաստկած է յուր ճյուղին մեջ։ Եթե հարուստ ըլլայի՝ ամբողջ թաղ մը կրակի կուտայի՝ այս կտրիճներու վազելը տեսնելու համար։

Քում Քաբուն շատ խոնավ է, բայց Քում քաբուցին շատ առողջ է։ Խոնավությունը միմիայն անոնց լաթերուն վնասած է, և եթե երբեմն Քում քաբուցի մը տեսնես, որ բորբոսած հագուստով կը վազե՝ հասկցիր, որ ատոր պատճառն խոնավությունն է։ Մոռցանք հիշելու, որ այս թաղին մեջ հազար երկու հարյուր տուն հայ կա և երկու հազար չորս հարյուր գինետուն, այսինքն տուն գլուխ երկու գինետուն, բայց թաղեցին այս թիվեն գոհ չըլլալով՝ բողոքած է, և յուր բողոքն ալ նկատողության առնվելով որոշված է հազար գինետուն ևս ավելցունել։

ՔԱՍԸՄ ՓԱՇԱ

Երկաթյա դիմակ մը պետք է մարդուս այս թաղը պտտելու համար։ Փողոց մը մտա՞ր, նույն փողոցին մեջ բնակող կիներն ու աղջիկներն պատուհաններու առջև կը վազեն և քու գալդ տեսնելով իրարու հետ խոսիլ կսկսին.

— Տիկի՛ն, սա դիմացեն եկողը կը ճանչնա՞ս։

— Չեմ ճանչնար, բնավ տեսած չունիմ։

— Այս փողոցին մեջ մե՞կը կը փնտռե արդյոք։

— Ով գիտե։

— Վայելուչ երիտասարդ մէ։

— Ի՜նչ աղվոր մազեր ունի։

— Ասոր մազերուն աղվորությունն ալ ո՞ւր է, սատանա կը նմանի։

— Ապուշ—ապուշ նայվածք մալ ունի...

— Ասկից զատ օձիքին վրա ալ երկու մատ եղ կա, շոգենավի մեջ մեքենագո՞րծ է, ինչ է։

— Ոտքդ պագնեմ, ատ ի՞նչ մեծ ոտք ունի։

— Կամա՛ց խոսե, քա, կը մոտենա կոր։

— Թn՛ղ մոտենա։

— Աչքերն ալ պատուհաններուն վրա է։

— Աս ի՞նչ անշնորհք մարդ է։

Նույն փողոցեն ելա՞ր, խնդիրը կը սաստկանա, իգական սեռն անպատճառ և անպատճառ կուզե գիտնալ, թե ո՛վ ես դուն, թե մազերդ ինչո՛ւ աղվոր չեն և թե՝ օձիքիդ վրա ինչո՛ւ երկու մատ եղ ես դրած, և մինչև որ ասոնք չհասկնա՝ քունը չտանիր։ Բայց թողունք իգական սեռն պատուհաններու առջև և մենք մեր գործին նայինք։

Ինչպես որ առանց փուշի վարդ չըլլար, այնպես ալ առանց կոյանոցի Քասըմ Փաշա չըլլար, և եթե վարդը սիրողն անոր փուշն ալ սիրելոլ է՝ Քասըմ Փաշա նստողն ինչո՞ւ անոր կոյանոցն չհարգե, մանավանդ որ սույն կոյանոցն եթե Բարիղ փոխադրվեր՝ տարին մեկ միլիոն ֆրանգ հասույթ կը բերեր...: Շահու անսպառ աղբյուր մէ այս կոյանոցն Եվրոպայի մեջ, բայց Բուրքիո մեջ ինչպես տաղանդն ու հանճարն՝ նույնպես այս կոյանոցն քաջալերություն չգտներ և շատ անգամ հալածման ենթակա է... թող զրուցեն թե Թուրքիո մեջ շահու աղբյուրները ցամքած են...

Եկուր սա նեղ փողոցեն վեր ելնենք և Հայոց թաղը մտնենք, որ Ենի Չեշմե կը կոչվի ճիշտ այն գիրքերուն պես, որոնք հարյուր հիսուն տարի առաջ տպված են և Նոր տպագրություն կը կրեն իրենց երեսը։

Սույն թաղին մեջ ութսունհինգ հայ ընտանիք կա, որ չորս հարյուր հիսուն հոգի կը պարունակե։ Ասոնց մեջ բնավ բարեպաշտ չգտնվիր, վասնզի երբ եկեղեցի երթաս՝ ուրիշ մարդ չես գտներ հոն, բայց միայն սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն։ Այս հայրապետն երեսը միշտ ծամածռած է. կերևի որ շատ բարկացած է թաղեցվույն, որ յուր քրիստոնեական պարտավորությունները չճանաչեր։ Ոմանք կըսեն թե թաղեցին տեղվույն տեմիր պաշ քահանային հետ աղեկ չըլլալով ուխտ ըրած է եկեղեցին ոտք չկոխել. տեմիր պաջ քահանան ալ ուխտ ըրած է եկեղեցիեն դուրս ոտք չկոխել. սակայն զարմանալի է, որ մեր ազգայինները երբ գինեպանի մը բարկանան բնավ ուխտ չեն ըներ գինետունը ոտք չկոխելու...

Եկեղեցվույն դեմը դպրոց մը կա սուրբ Մեսրոպյան վարժարան անվամբ։ Սուրբ Մեսրոպը հոն բավական կը տանջվի, առավոտե մինչև երեկո աշակերտներու արարոդ կը կերթունե, անոնց քալել կը սորվեցունե, անոնց վարտիքը կը քակե և կը կապե։ Խեղճ սուրբ Մեսրոպ. եթե տան մը մեջ սպասուհի երթար՝ չորս հարյուր դահեկան ամսական կառներ... մայրերն զավակ բերելնուն պես՝ սուրբ Մեսրոպին կը հանձնեն զանոնք, որ դաստիարակվին։ Թաղականները առաջին տարին ճիգ մը ըրին և դպրոցը քիչ շատ բարեկարգեցին. այս տարի հոգնություն կառնեն, որպեսզի գալ տարի նորեն սկսին գործելու։

Հոս կը բնակի պարոն Խ. Սարաճ, որ յուր թագակիցներուն ուսման փափագ ներշնչելու համար հոդվածներ կը հրատարակե Հայրենիքի մեջ և որոնց վերնագիր ընտրած է Դպրոց և ազատությունը. կերևի որ թաղեցին նախապատիվ կը սեպե այն գրություններն, որոնք իրենց գլուխն ունին Բագոսը: Այս երիտասարդն եկեղեցվո քով հիմնած է թանգարան մը, ուր երբեմն կը մտնե և փոշիները թոթվելով դուրս կելնե անկե այն հուսով, որ թաղին տղաները կարդալ սորվին և օր մը գան կարդան հոն։ Թող պարոն Սարաճ այս հուսով ինքզինքը խաբե։

Թաղիս փողոցները այնչափ նեղ են, որ մարդս անցած ժամանակը կը կարծե թե ֆորսե հագած է, շունչ առնելու համար նեղություն կզգա։

Տուներն այնչափ սիրով գրկած են զիրար, որ ո՛չ արևն և ո՛չ անձրևը կարող են իրենց ազդեցությունը ներգործել փողոց են անցնողներուն վրա։

Թաղային կռիվները պակաս չեն, և ամենամեծ քաջությտւն կը սեպվի հոս կռիվ հանելեն ետքը կանոնավոր կերպով ետ քաշվիլը։

Երբ օտարեն հարձակում մը տեղի ունենա՝ այրերը ետ կը՝ քաշվին և ասպարեզը կը մնա գեղեցիկ սեռին, որ գրեթե ամեն կռիվներու մեջ հաղթանակը կը տանի։

Զբոսանքի տեղ չկա. թաղեն քիչ մը հեռու կա Օգ Մեյտանիի դաշտը, ուր սերը միշտ կը պտըտի հոն հաճախողներուն մեջտեղը։

Փողոցներեն ճանճ մանգամ չանցնիր, վասնզի ան ալ դիտե, որ բամբասանքի պիտի ենթարկվի։

Գեղեցիկ սեռը աշխատասէր է, կար կը կարե, գիշերներն անքուն մնալով կաշխատի և աղվոր հագվիլ կը սիրե, բայց հագուստը վայլեցնելու մեջ միշտ երջանիկ չէ։

Հոս շատ երբ մարդուս մորուքին կը խնդան, վասնզի այրերուն մեծ մասը սափրիչ են, մաս մալ կա, որ միշտ տխրադեմ է, վասնզի դարբին է և երկաթի հետ կաշխատի մինչև երեկո և փափուկ խնդիրներու մեջ մտնել չուզեր։ Երկու մասն ալ աշխատասեր և գործունյա են՝ երբ ածելիի և կռանի վրա է խնդիրը, իսկ երբ իրենց զավակներուն դաստիարակության վրա խոսք բացվի՝ այն ատեն անդամալույծ կը կտրին և պրոպատիկյա ավազանին մեջ նետվելու փափագ ալ չեն զդար։

Քասըմ Փաշայի օդը շատ աղեկ է բժիշկներու համար, քանի անգամ որ քոլերա եղած է մայրաքաղաքիս մեջ՝ Քասըմ Փաշայի մեջ ծնունդ առած է և ուրիշ թաղի մեջ մեռած է։ Շատ աղքատ բժիշկներ այս թաղին օղին շնորհիվ մեծ հարստություններ դիզած են։

Այս թաղին օդը ամառվան եղանակին մեջ միշտ լուծում կը պատճառե։ Թուրքո-ռուսական կռիվեն առաջ Արևելյան խնդրույն լուծում տալու համար դեսպանախորհուրդն այս թաղին ստորոտն ըրավ յուր նիստերը։

Այս թաղին մեջ օրենք մը կա, որով աղքատներուն խստիվ արգիլվւսծ է հիվանդ ըլլալը հարուստները միայն իրավունք ունին հիվանդանալու։ Անցյալներն աղքատ մը դիպվածով հիվանդացավ և թաղականին դիմեց, որ թուղթ մը առնե ու Փրկիչի հիվանդանոցը երթա։ Թաղական Խորհուրդն նկատելով, որ այս աղքատն օրինաց դեմ վարվելով հանդգնած է հիվանդ ըլլալու՝ զայն պատմելու նպատակավ ամբողջ վեց ամիս մերժեց անոր թուղթ տալ։ Աղքատին ճարը հատնելով տեղե մը տասը դահեկան ճարեց ու թաղականին տալով հաջողեցավ անկե թուղթ մը առնելու և այդ թուղթով Փրկիչ մտնելու։ Այս օրենքը շատ արդար է։ Թաղականը մոտերս ծանր տուրք մը պիտի սահմանե եղեր բոլոր այն աղքատներուն համար, որ կը համարձակին օրենքն ոտնակոխ ընելով հիվանդանալ։

Այս թաղին գետն է այն նշանավոր ականն, որ Բերայեն կը վազե և այս թաղեն անցնելով ծովը կը թափի։ Այս գետին վրա զբոսարաններ շինված են, ուր կերթա թաղեցին՝ քիչ մը օդ առնելու և ծխախոտ ու կլկլակ քաշելով ժամանակ անցունելու։ Այս գետը կրնա նավարկելի ըլլալ, միայն թե ճամբորդներուն քիթը կտրելու է և կամ քիթը կտրած ճամբորդներ ճարելու է:

ՊԵՇԻՔԹԱՇ

Սըսսսթ... ձայն մի՛ հաներ, վերարկուդ կոճկե՛, ձեռներդ ալ ննջեցյալի մը պես կուրծքիդ վրա դի՛ր և բարև բռնե. աջ կողիդ մի՛ նայիր, ձախդ ալ մի’ դառնար, գլուխդ վեր մի՛ բռներ. վար ալ մի՛ բռներ. ետևդ մի՛ նայիր, առջևդ ալ մի՛ նայիր, ահա ասոնք են իմ հրահանգներս Պեշիքթաշի մեջ քալելու համար, ասոնք են ահա այս թաղին փողոցի կանոնադրության հոդվածներն, որ մինչև ի վերաքննություն՝ Սահմանադրության հոդվածներու պես գործադրվելու են գոնե փողոցներու մեջ։ Իսկ եթե այս շրջանակը նեղ գտնես, ինչպես պատրիարքները Սահմանադրության շրջանակն, և անկե քիչ մը դուրս ելնել ուզես, ինչպես պատրիարքները Սահմանադրության շրջանակեն՝ խստապահանջ չեմ ըլլար և թույլ կուտամ քեզի, որ գոնե առջևդ նայիս, որ չիյնաս, վասնզի եթե իյնաս և երկու ոտներդ ալ կոտրես ոչ ոք կուդա ձեռներեդ բռնելու և քեզի օգնելու, դու քեզի օգնե, որ, կըսեն այս թաղին պարոնները, Աստված քեզի օգնե, և այն վիճակի մեջ թող կուտան զքեղ, որ Աստված քովդ գա, ձեռներեդ բռնե և Վեզիր խանը տանի զքեզ ոտներդ կապել տալու համար: Ժամանակավ ինքնօգնություն բառը չկար մեր ազգին մեջ, նույն իսկ ինքնօգնութեան հեղինակն անպատճառ Պեշիքթաշ բնակած ըլլալու է և հոն զգացած ըլլալու է այսպիսի գիրք մը հորինելու և հրատարակելու պետքը։ Արդ, առջևդ նայե՛, որ չիյնաս և ողջ առողջ ելնենք սա թաղեն։

Սա նեղ փողոցեն վեր ելնենք ու եկեղեցին մտնենք, վտանգի շատ թաղերու մեջ անպատճառ նեղ փողոցեն անցնելու է եկեղեցի երթալու համար, ո՞չ ապաքեն նեղ ճանբան միշտ արքայություն կը տանի։ ժամանակավ այս թաղին մեջ ժողովուրդը մեծ ջերմեռանդություն ուներ յուր քալբաքին մեջ. քալբաքներուն վերնալեն ի վեր ժողովրդյան մեջ բարեպաշտությունն ալ վերացավ: Կրոնական ժողովը, տղայական խնդիրներով զբաղելով տղայական որոշումներ տալու տեղ պարտավոր էր ժողովուրդը եկեղեցասիրության վարժեցնելու համար անոր գլուխը քալբաք անցունել։ Տե՛ս սա եկեղեցին, ի՞նչ ճաշակով շինված է. այլ ի՞նչ օգուտ, մեջը հավատացյալեն ավելի փոշի կա և փոշիներն մաքրվելու համար դրան քով գոնե մեկ վրձին ալ չկա։ Թաղականներն ո՞ւր են... քահանաներն ի՞նչ կընեն, քարոզիչն ո՞ւր է... մի՛ հարցուներ. քահանաները իրենց քարոզչին հետ շաբաթը հինգ անգամ կռիվ կընեն և վեց անգամ կը հաշտվին։ Թաղեցվույն ժողովրդական մասը քահանաներու կողմը կը բռնե, իսկ ազնվական մասն՝ քարոզիչինր։ Ի՞նչ է ասոնց կռվույն պատճառը: Ի՞նչ կրնա ըլլալ կրոնականներու կռվույն պատճառն, կամ իրենց հուսացածին չափ մարդ չմեռնիր և կամ հարսանիք ու կնունք չըլլար, որով իրենց պյուտճեին հավասարակշռությունը կը կորսվի։ Միթե ասոնց պյուտճեն հավասարակշռելու համար ամեն օր մեռնելո՞ւ է, ամեն օր կին մ՝առնելու է, ամեն օր զավա՞կ ունենալու է։ Այո՛, եթե այս անկարելի է՝ Գերմանիայեն ելմտագետ մը բերելու է, որ կանոնավորե ասոնց պյուտնեն:

Այս թաղն ալ ունի երկու վարժարաններ, որոնց մեջ օր մը մեր թոռներու թոռները պիտի կրթվին՝ եթե պեշիքթաշցին հաջողի մինչև նույն օրը բարեկարգել յուր դաստիարակության շենքերը։ Պեշիքթաշցին, յուր վարժարանները կանոնավորելու համար, քսան տարին ի վեր դասատու կը փոխե, հոգաբարձու կը փոխե, գրասեղան կը փոխե, տնտես կը փոխե, գրիչ կը փոխե, թաղական կը փոխե, գիրք կը փոխե, և դարձյալ չհաջողիր. թող անգամ մ՝ալ դպրոցին աշակերտները փոխե, տեսնենք ի՞նչպես կ՝ըլլա եթե դարձյալ հուսացված արդյունքը չտեսնվի՝ այն ատեն հարկ կ՝ըլլա թաղեցվույն փոխել յուր... յուր... լաթե՞րը... ո՛չ, յուր... գլուխը։ Այս թաղին մեջ կը բնակի Ութուճյան, Մասիսի խմբագրապետը, որ կարող է այդ վարժարաններու տնօրենությունն յուր վրա առնել և թաղին զավակներուն դաստիարակությանը աշխատիլ, սակայն կը վախնա խեղճն, որ ասանկ պաշտոնի մը գլուխ անցնելուն պես՝ քանի մը ամիսեն յուր տունը պիտի քարկոծեն. Պեշիքթաշցին ասոր փորձը տված է դժբախտաբար։ Ութուճյան այս քարկոծումեն չէր վախնար՝ եթե Մասիսի եկամուտը ներեր շաբաթը մեկ անգամ նոր ապակիներ անցունել յուր տանը պատուհաններուն։

Մասնավոր վարժարան մը կա հոս, որ աշակերտներուն Հայոց Պատմություն միայն կը կարդացունե։ Մեկ դասագիրքը երկու անգամ կր կարդացունե. աշակերտը զայն լմնցնելուն պես՝ Փափազյանի Հայոց Պատմություն մը կը տրվի իրեն աս ալ երեք անգամ կարդալեն ետքը Սուրենյանը կը կարդա. ասոնց կը հաջորդեն մյուս Հայոց Պատմությունները, զորս երեքական անգամ կը կարդա իրարու ետև։ Աստված քառասուն տեսակ Հայոց Պատմություն տված ըլլալով մեզի՝ խեղճ աշակերտները դեռ չկրցին անոնց ամենը կարդալ լմնցնել, որ մենք ալ տեսնեինք, թե այս դասատուն Հայոց Պատմությունեն վերջը ի՛նչ դասագիրք պիտի տա աշակերտներուն։ Այս դասատուն, կըսեն, միայն քանի մը հարուստ ծնողներ կը հրավիրե քննության։

Պեշիքթաշի մեջ մաս մը կա, որ վաճառականությամբ կամ արհեստով կապրի, մաս մալ կա, որ չգիտցվիր ինչպես կապրի, մաս մալ կա, որ պարտք դիզելով կապրի, մաս մալ կա, որ շաբաթականով կամ ամսականով կապրի: Այս ամենեն մեծ մասն է, որ մեծ վարժություն ըրած է գետինը ծռելով գետնեն... բան մը առնելու... ո՛չ, գետնեն բարև առնելու և տալու։ Այս մասին բերանեն բնավ չպակսիր սիկառան և ծառա եմը: Եթե օր մը հարյուր անգամ ծառա եմ չըսե՝ հետևյալ օրը պաշտոնեն կը հանվի։ Այս խեղճերը պաշտոնե չզրկվելու համար վարժապետի մը երգ մը շինել տված են ծառա եմ նաքարաթով և ամեն իրիկուն սեղանը չնստած այդ երգը կերգեն։ Միջագյուղ ալ կերգեն նույն երգը Շիրքեթի Քայրիյեյի մեջ պաշտոն վարող երիտասարդներն, որոնք Միջագյուղի ազգայիններուն կեսը կը կազմեն։

Ով որ այս թաղը կերթա՝ պարտավոր է արատ հանող փոշիեն քիչ մը հետը տանելու, վասնզի քիչ մարդ կա, որ այս թաղը մտած ըլլա և վրան արատ քսված չըլլա. հոս արատն առատ է։

Անցյալ դարե մնացած փաստաբաններ կը գտնվին հոս և որոնք Աստուծո վերաբերյալ դատերը կը փաստաբանեն։ Ասոնք ժողովրդյան կողմե վավերացված փաստաբաններ ըլլալով՝ Պեշիքթաշի ճարտասանները կը համարվին։

Աղաչելու և պաղատելու այնքան վարժված են, որ երբ այդ խղճուկ բարևներով դեմդ ելնեն՝ կստիպվիս կամ պաշտոն մը կամ քսակդ անոնց տալ, ասոնք երբ ուղեն՝ իրենց աչերեն արտասուք ալ կը հանեն։

Երիտասարդություն՝ չկա հոս. երբ ազգային խնդրո մը համար խորհրդակցիլ հարկ ըլլա՝ Սամաթիայեն կամ ուրիշ թաղեն մարդ կը կանչեն. իսկ եթե թաղն տեղեն առնես տանիս՝ ժողովուրդը ձայն չհաներ. այնքան խաղաղասեր է։

Ինքզինքն ազնվական կարծող մասն առանց գինետուն կամ նպարավաճառի մը խանութը հանդիպելու շիտակ տուն կերթա. իսկ մնացած մասերը գինետուն ալ կերթան, զբոսարան ալ և նարտ կամ թուղթ կը խաղան կիրակի օրերը մինչև երեկո։ Ոմանք ալ գիշերները մեյ մեկ տուն հավաքվելով բրեֆա կը խաղան։

Ասոնք, երբ փողոցի մեջ գտնվին՝ իրենց բարեկամը չտեսնելու կը զարնեն և բարև տալու կը վախնան, որ չըլլա թե իրենց բարեկամին խահվե մը հրամ ընելով քսան փարա վատնեն։

Ընկերականությունն հոս այն չափ հառաջ գացած է, որ երկու դրացի զիրար չեն ճանչնար և միջագյուղցիին կը հարցնեն, թե ով իրենց քովի տունը նստող ընտանիքն։

Պեշիքթաշցին այն աստիճան քաջասիրտ է, որ չորս պեշիքթաշցի կարող է մեկ մուկի դեմ կռվելու։ Ամեն անգամ որ Լա պել էլենի ներկայացում տրված է՝ Այաքսներու դերերը կատարելու համար պեշիքթաշցի դերասաններ փնտրված են։

Այրերը հոս շաբաթն երկու անգամ շապիկ կը փոխեն։ Երբ ազգասիրության վրա խոսք բացվի, կըսեն նախ բաղնիք և ապա ազգ։ Ասոնք, քիչ բացառությամբ, ժամերով սափրիչներու առջև կը նստին, և ածիլվելեն առաջ երեք ժամի չափ մազխիլով կը փեթտեն իրենց պեխերուն Հայրերն և կլոր ձև մը կուտան անոնց։

Դառնանք իգական սեռին։

Գեղեցիկ սեռն փողոցը քալած ժամանակը գետինը չնայիր, այլ երկինք և աս ալ թերևս յուր պարանոցն ցույց տալու համար։ Կիներն հոս մեծ ազդեցություն ունին իրենց էրիկներուն վրա, որոնք միշտ կիներուն ետևեն կը քալեն ըստ Ավետարանին՝ թե թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ կնոք իւրոյ: Կիներն այրերու հնազանդելու տեղ այրերը կիներու կը հնազանդին։ Պեշիքթաշի կիները գեզեցիկ են, տանտիկին և տնաշեն. հոս բրինձի փոշին շատ հարգ չունի։ Պարզասիրությունն ալ քիչ հարգ ունի. վասնզի Պեշիքթաշի թաղն Բերայի շատ մոտ ըլլալով՝ թաղիս իգական սեռը շաբաթը գոնե մեկ անգամ Բերա կերթա և նոր ձևր կառնե տունը կը բերե։

Այս թաղին կիներն այրերեն ավելի ազգասեր են, բայց օրվան մեծ մասն իրենց հագուստ ձևելու և կտրելու հատկացուցած ըլլալով ժամանակ չեն գտներ աղջիկներու վարժարանն անգամ մը աչքե անցունելու։

Պզտիկ աղջիկներուն գալով ասոնք փողոցեն անցնողներե չտեսնվելւլ եղանակով մը պատուհաններուն առջևը կը նստին, և քովի տունը զարնվելուն պես՝ իրենց գլուխը պատուհանեն դուրս կը հանեն և դուռը զարնողը գլխեն մինչև ոտները քննելեն ետև վազելով վար կերթան, և յուրաքանչյուրն իրեն մորը կիմացունե, թե այս կազմով, այս հասակով, այս գույնով մեկը եկավ դրացվույն տունը։ Մայրերն շնորհակալություն հայտնելով այս փոքր դեսպաններուն՝ նորեն վեր կը ղրկեն զանոնք, որ աղեկ մը մտիկ ընեն, թե ինչ կը խոսվի դրացվույն տունը և իրենց իմացունեն:

Պեշիքթաշցին գարնան Ֆուլյալըք կերթա և ամռան Օխլամուր ըսված զբոսավայրն, ուր կիրակի օրերը օգգապազ կը խաղան և անբարոյական խոսքեր ընելով բարոյականություն կը քարոզեն հանդիսականներուն, որոնց մեջ պատվավոր այրեր և կիներ գտնվելեն զատ վեց յոթը տարու տղաներ ալ պակաս չեն, իսկ ձմեռը տան մեջ կը փակվի կը նստի, մինչև որ անունի տոնախմբություններն սկսին: Այս տոնախմբություններն սկսելուն պես ա՛լ տուն նստիլն արգիլված Է. ամեն գիշեր անունի երթալու է, մինչև առավոտ գոնե օխա մը օղի և հինգ օխա գինի խմելու է, որ սիրտը հանգիստ ըլլա:

Թաղիս օդն ոչ ծանր է և ոչ թեթև, ոչ ուրախություն կը պատճառե և ոչ տրտմություն, անտարբերություն կը պատչառե:

Այս թաղին մեջ երեք հարյուր հիսունի մոտ հայ տուն կա, բայց այս տուներուն մեջ քանի՞ մարդ կա. աս ալ տեղվույն թաղական խորհուրդեն հասկնալու է:

Թաղիս ներքին բերքն է խել մը գլոլխներ. տողրամանի պաշի, քերեսթեհի պաշի, չամաշրչի պաշի, համամչի պաշի. այս գլուխները արքունական շինություններու մեջ կը գործածվին: Նշանավոը է նաև այս թաղին քոյուն պաշին:

ՔԱՐԱԿԵՈՄՐՅՈՒՔ ԵՎ ՍԱԼՄԱԹՈՄՐՈՒՔ

(Միացյալ թաղ)

Շուտ ըրե, բարեկա՛մ, բարեկամներուդ ես քեզ մեղա ըսե, գնա՝ խոստովանանք եղիր, հաղորդվե՝ ու ծնողներուդ վերջին ողջույնդ տուր եթե ողջ առողջ դառնանք՝ բան մը կորսնցուցած չենք ըլլար, իսկ եթե մեռնինք՝ չենք տանջվիր, թե ինչո՞ւ չկատարեցինք մեր քրիստոնեական, ընտանեկան և բարեկամական պարտավորությունները... բարեկամներու մնաք բարով չըսած մեռնիլը մեծ անքաղաքավարություն է: Թերևս հարցունես ինձ, թե ի՜նչ հարկ կա այս պատրաստություններն ընելու, պատերա՞զմ պիտի երթանք, ո՛չ, բարեկա՛մ, պատերազմ չպիտի երթանք, այլ Հաս գյուղ բնակող շոգենավներեն մեկուն մեջ պիտի մտնենք:

— Ո՛չ, ո՛չ, ես այդ շոգենավները չեմ մտներ:

— Տղայություն պետք չէ, մի՛ վախնար:

— Ուխտ ըրած եմ չմտնելու:

— Կնիկ մի՛ ըլլար, աշխարհիս վրա ամեն բան մեզի համար է. քաջալերվե՛, նետվե նայիմ սա շոգենավին մեջ, մահեն վախցողը մարդ ըսվելու չէ արժանի։ Օ՛ն անդր, քաջալերություն, հապ օ՛ն, հառաջ։

Ահա շոգենավուն մեջն ենք... հոս նստե՛. քաջությամբ նստե, ծունկերդ շատ մի բանար, որ սա խեղճ մարդն ալ նստի... ծունկերո՛ւդ վրա եկան նստեցան, վնաս չունի, համբերե...— Բայց տե՛ս, կռնակս ալ կելնեն կը նստին։— Հող չէ, խեղճ բեռնակիրները հոգի շունին։ — Շունչս կտրիլ սկըսավ:— Բան մալ չես ըլլար, կը վարժվիս։— Շոգենավն ո՛ր չափ ծռեցավ, մեջը ջուր առնել սկսավ, պիտի խեղդվինք:— Բան չկա, ամեն բան տեսնելու չէ։ Ահա եկանք Պալատ, պատրաստվե՛ որ ելնենք, սակայն կամաց կոխե նավամատույցին որ չփլի... եբրայեցիներու շուկայեն պիտի անցնինք Հիմա, ժամացույցդ և քսակդ պահպանե։ Ահա Քեսմե Քայա կոչված զառիվերը, ուսկից վեր ելնելու համար գոնե չորս կանգուն երկայնությամբ շնչառություն ունենալու է։ Զառիվերին գլուխը հասանք՛ Սալմաթոմրուքն է հոս։ Մեծ փողոցին վրայի զբոսարանը թաղին ազգային զբոսարանն Է։ Տես, քարերուն վրա հինգ տեսակ ազգային լրագիրներ դրված են, որոնց երեսը նայող չկա. թանգարան մալ կա, որուն տերն է սույն թաղին Գրասիրական ընկերությունն, որ վեց տարեկան ըլլալով՝ ակռայի վախն անցուցած է և օր ըստ օրե աճելու վրա է։ Աս ընկերության նպատակն Է լրագրով, գիրքերով և կիրակնօրյա դասախոսություններով թաղին մեջ ընթերցասիրություն տարածել: Այս զբոսարանին մեջ կը գտնվին դիվանագետներ, որոնք ամեն օր կը քննադատեն կամ Պիսմարքի ընթացքը կամ Կլատսթընի աշխարհավարությունը։ Հառաջանանք դեպի Քարակեոմրյոլք։ Այս գինետունները քանի մը ամիս առաջ գոցված էին, իսկ հիմա նորեն բացվեցան՝ դեսպաններու շնորհիվ։ Թաղեցիները շնորհակալության ուղերձ մը կստորագրեն դեսպաններու տալու համար, վասնզի խեղճերը իրիկունները Պալատու գինետունները կերթային խմելու և գիշերվան ժամը չորսին հազիվ կրնային իրենց տուները մտնելու, որով իրենց ընտանիքներեն հանդիմանություններ կը լսեին։ Զրույց կը պտըտի, թե թաղեցին պիտի պնդե եղեր, իրիկունները կանուխ տուն երթալը դյուրացնելու համար, որ յուրաքանչյուր տան քովը պզտիկ գինետուն մը բացվի։


Այս թաղին փողոցներուն թիվը երեսունը մեկի կը հասնի. բայց ասոնց մեջ կան անանկ փողոցներ, որոնցմե անցնելու համար կատարյալ մարմնամարզություն գիտնալու է. առանց ասոր, կա՛մ գլուխդ կը կոտրես կամ թևդ և կամ ուրիշ մեկ կողմդ։ Փողոցներ կան, որ Ե. Պոլսո առումեն ի վեր նորոգված չեն և նորոգվելիք ալ չունին։

Ահա Քարակեոմրյուքի եկեղեցին, որուն անունն է Ոսկեբերան և ուր կա հրաշագործ Աստվածածին։ Ուխտատեղի է, ջերմեռանդ և բարեպաշտ ուխտավորները պզտիկ Չարխափան կանվանեն այս աղոթից տունը։ Զավակ չունեցող այրերն ու կիները հոս ուխտի կուգան, շատ զավակ ունեցողներն ալ հոս ուխտ կընեն։ Պարապ պարտողները, հիվանդութենե ելնողները, իրենց սպասավորներուն իրավունքը ուտողները, իբրև ավանդ առնված ադամանդներն ուրիշի ծախողներն, որբևայրիներուն ստակը կլլողներն ընդհանրապես հոս ուխտի կուգան։

Այս տեղի քահանաներն ալ քիչ շատ ուսած են հրաշագործություն և երբեմն երբեմն պզտիկ հրաշքներ ալ կը գործեն: Ջերմեռանդի մը կողմե Աստվածածնա պատկերին նվեր տրված զուտ ոսկիե գոտի մը երկու օրվան մեջ ոսկեզօծ պղնձի փոխվեցավ. ուրիշի մը նվիրած Խաս թելփեչեն ալ սիմի այլափոխվեցավ։

Երբեմն ինքնիրմե ասանկ այլակերպություններ տեղի կունենան այս եկեղեցվույն մեջ, այլակերպություններ որ ուրիշ եկեղեցիներու մեջ ալ պակաս չեն։

Թաղիս քարոզիչն ալ կտրուկ մարդ մէ, շատախոսություն չսիրեր. շատ անգամ պաշտոնական գրություններն և երբեմն ալ Ավետարանը կը համառոտե և այնպես կը կարդա, ունկնդիրներուն ձանձրույթ չտալու համար։

Թաղական Խորհուրդը մոտերս պիտի որոշե, որ օրինավոր տետրակ ունենա եկեղեցական անօթներու, որպեսզի անոնք ալ հրաշքով չփոխվին կամ երկինք չհամբառնան։ Մեծ զգուշություն և խնամք պետք է այն թաղերը, ուր հրաշքներ կը գործվին:

Սույն միացյալ թաղն, որ կը բաղկանա Քարակեոմրյուք, Սալմաթոմրուք, Սուլթան Համամ, Պզտիկ և Մեծ Մալթա թաղերե՝ ունի հինգ հարյուր հիսունը չորս տուն հայ։ Ամենեն բազմամարդն է Սալմաթոմրուք, որ ունի չորս Հարյուր քսան և ութը տուն, մեկ եկեղեցի, մեկ նախակրթարան, մեկ ուսումնարան և աղջիկներու վարժարան մը։ Հիշյալ դպրոցներուն մեջ կան հարյուր երեսուն և ութ աշակերտ և ութսունը չորս աշակերտուհի կամ աշակերտանուշ կամ աշակերտադուխտ: Վեց տարեկանեն վեր աշակերտ կամ աշակերտուհի չնդունվիր, վասնզի այս տարիքին մեջ հոն կը սորվին հայերեն, տաճկերեն, ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն, սլավերեն. եբրայերեն, թվաբանություն, տրամաբանություն, պատմություն, աշխարհագրություն, կրոնագիտություն, գծագրություն, երաժշտություն, բնագիտություն, քիմիաբանություն, փիլիսոփայություն, մարմնամարզություն, հոգեմարզություն, հոս ընթերցանությունը իրենց մորն արգանդին մեջ կուսանին: Թաղեցին յուր վարժարաններուն այս հրաշալի հառաջադիմությունն պարտավոր է Ուսումնական Խորհրդույն, որ բնավ հոգ չըներ նույնիսկ եթե աչերովն ալ տեսնե, որ մսավաճառ մը վարժարանի տնօրենություն կամ հոգաբարձություն կընե:

Ժողովուրդը մեծ մասամբ տգետ է, և տգիտությունն պաշտպանություն գտնելով՝ օր ըստ օրե հառաջ կերթա։ Եթե այս վարժարանին մեջ գիտության տեղ տգիտության դասեր ավանդվեին՝ առաջին կարգի վարժապետանոց մը կըլլար տգիտության։

Իրենց վիճաբանության եղանակին վրա թեթև գաղափար մը տալու համար՝ կը հրատարակենք հոս վիճաբանություն մը, որ երկու հոգվո մեջ տեղի ունեցած է.

— Բարեկա՛մ, այս տեսուչն մեր զավակներուն ապագան կըսպաննե։

— Ո՛չ, այս տեսուչն մեր զավակներուն ապագան կը շինե. երեկ լալըննի Ահմետ աղան վարժարաններու այցելություն մը ընելով՝ շատ գոհացուցիչ գտեր է զանոնք։

— Բայց երեկ պոզաճի Տիմիթբոն կը պնդեր, թե այդ մարդն այդ պաշտոնին մարդը չէ։

— Սխալ է, պոզանին կիրք ունի մեր տեսուչին դեմ, որ իրիկունները պոզա չխմեր։ — Խորհուրդ մը ընենք և սա տեսուչը փոխենք, մեղք է մեր զավակներուն։

— Ատանկ բան չըլլար, դուն քու նստած խանութիդ վարձքը չես կրնար վճարել և կելնես ազգային գործերուն մեջ կը մանես։

— Ես քեզի պես ուրիշին իրավունքը չեմ ուտեր, դուն ինձի աղեկ նայե՛։

— Բերանդ ժողվե՛, հիմա աթոռը գլխուդ կիջեցնեմ հա՛, անպիտա՛ն։

— Դուն ալ ասկե վերջը եկուր տե, մեր տունեն կնկանդ համար շապխա առ։

— Անցյալ շաբթու չէ՞ր որ եկար թանթալոնս առիր և Քարակեոմրյուք ուխտի գացիր։

— Բուկին ինչ վատ ըլլալդ ամեն մարդ գիտե։

— Վատը դու ես...

Ծեծկվուքը կսկսի, ապտակ և կից փոխանակվիլ կսկսին:

Երրորդ մը կուգա և կը միջամտե...

— Բանթալոնի մը համար կը վայլե՞ որ...

— Վա՛տ ըսավ ինձի։

— (Ականջն ի վար) Դու ալ այդ ավանակին խոսքին կարևորություն մի՛ տար։

— Ան ալ ինձի անպիտան ըսավ։

— (Ականջն ի վար) Ամոթ է, այդ իշուն խոսքերուն կարևորությո՞ւն կուտաս։ (Բարձր) Հաշտ վեցէ՛ք, եղբայր եք դուք.. բայց այս բանթալոնի խնդիրը ի՞նչպես ծագեցավ։

— Վարժարանի վրա խոսք բացվեցավ...

— Վարժարանին բանթալոնի պիտի հագցունեիք, ինչ պիտի ընեիք որ...

— Չէ՛, տեսուչը...

— Առնենք, եղբայր, առնենք, տեսուչին բանթալոն մը տողենք, ի՞նչ կ՛ըլլա եղեր։

— Չես հասկնար, եղբա՛յր, խնդիրը վարժարաններու վրա էր։

— Վարժարաններո՞ւ համար կը վիճաբանեիք։ — Այո՛:

— Դուք երկուքնիդ ալ ավանակ եք եղեր... վարժարանի մը համար իրարու սիրտ կոտրել ի՞նչ պիտի ըլլա. ես ալ կարծեցի, որ օգտակար բանի մը համար կը վիճեիք... ա'յ ավանակներ։

Վիճաբանողներն այս դիտողությունն իրավացի կը գտնեն, կը զղջան, որ չնչին խնդրո մը համար զիրար վիրավորած են, կը պագտվին, կը հաշտվին և ուխտ կընեն, որ մեյ մալ վարժարանն իրենց բերանը չառնեն։

Թաղականի կռիվները հոս պակաս չեն։ Երբ Թաղական Խորհրդո ընտրոuթյան ձեռնaրկվի` մարդուն մեկը Դիոգինեսի լապտեր մը կառնե երեք հազար հոգիեն ինը հոգի գտնելու համար, և դարձյալ չհաջողիր։ Թաղական ըլլողն կա՛մ վեց ամիսեն հրաժարական կուտա և կամ յուր անկողինը Թաղական խորհրդարանը կը փոխադրե։

Սալմաթոմրուքի մեջ կան քանի մը մարդեր, որոնք մեծ գործ մը տեսնելով անմահանալու համար իրենց շանը պոչը կը կտրեն։

Քսանի չափ հարուստներ կան, որոնք ազգային բարենպատակ գործերուն համար իրենց քսակը չեն խնայեր։ Ասոնցմե տասն և ութ հատը անցյալ տարի իմանալով, որ Դպրոցասիրաց Արևելյան ընկերությունն իրենց պարահանդեսի տոմսակ պիտի ղրկե՝ անմիջապես տեղ մը հավաքվեցան և որոշեցին թաղը ոտք չկոխել, մինչև որ պարահանդեսը տրվի։

Հոս ալ ուրիշ թաղերու պես շատ մը ընկերություններ կազմված են և կործանված են։ Ա բ գ—ի ընկերությունը հաստատված օրն՝ թաղեցին կը հուսար, որ հիմնական կերպով սկսված սույն ընկերությունն աա բբ գգ պիտի գար ախչ, բծպ, դկշ, դհռն և բա, բե, բի կարդալով՝ օր ըստ օրե հառաջ պիտի երթար... Ընկերությունն այսօր յուր անունն իսկ մոռցած է։ Ուրիշ քանի մը ընկերություններ ալ կազմվեցան, բայց անոնք և о ֆ-են սկսած ըլլալով՝ խիստ կարճատև կյանք ունեցան։ Հիմա ճ մ յեն ընկերություն մը հաստատելու միտք ունին։ Այդ ընկերություններն որքան որ անուն չունին այսօր՝ դրա մագլուխ մը ունին, որ կսւզմված է քսանը մեկ հատ երկաթուղվո բաժնետոմսե, վաթսունը վեց և երեք քառորդ արծաթ մեճիտե, քսան փարայե, տասն ոսկիե, երկուք ու կես ոտք ունեցող թիկնաթոռե ու մեջը պարապ մեկ մելանի շիշե: Այս դրամագլուխը կը պահպանեն քանի մը անձեր ազատ և անկախ որևէ պաշտոնական և ոչ-պաշտոնական երաշխավորութենե և պատասխանատվութենե, և թաղեցին կը խպնի երթալ այդ անձերե ստորագրություն առնել:

Պզտիկ մաս մը կա այս գյուղին մեջ, որ երբեմն կը շարժի, երբ... երկրաշարժ ըլլա։ Բայց մեծ մասն անշարժ ըլլալով լուսավորությունը կը կաղա հոն։

Իգական սեռը արականեն ավելի պարկեշտ է։ Աղեկ հագվելու բնավ հոգ չտանիր, ամեն օր ալ չհագվիր, տարին անգամ մը կը հագվի, մնացած օրերը գիշերազգեստով պատուհանին առջև կը նստի և ֆես կը հյուսե: Ասոնց համար տոնի օր չկա. չորս տարին անգամ մը կերթան եկեղեցին, որ իրենց քթին քովն է, և իրենց քիթն ալ մեծ չէ, որ եկեղեցվույն հեռավորությունն պատճառ բռնեն։ Ասոնք լալըն կը հագնին եթե չորս տարին անգամ մը եկեղեցի երթան։ Այս թաղի կիներուն հայերեն խոսակցությունն ուրիշ թաղի կիներուն խոսակցութենեն կը զանազանի սա կետին մեջ, որ ուրիշ թաղի կիներն հայերենի մեջ տաճկերեն բառեր կը խառնեն, մինչդեռ ասոնք տաճկերենի մեջ հայերեն բառեր խառնելով հառաջ կը տանին մայրենի լեզուն։ Ասոնք կարող են Մշակի մեջ հայերեն հոդվածներ գրել:

Այս թաղն առողջ օդ մունի. և եթե թաղեցին գեշ օդի մը մեջ աշխարհ գալու ստիպվեր մեռած պիտի ծներ։

ԷՅՈՒՊ

Էյուպի մեջ երկու սուրբ կա, որ իրարմե կես ժամու չափ հեռավորություն ունին։ Այս սուրբերեն միույն անունն է Աստվածածին և մյուսինը Եղիա։ Այսօր սուրբ Եղիայի էյուպի վրա պիտի խոսինք։

Այս թաղին մեջ բնավ սատանա չկա, գրեթե մեծ մասամբ աղավնիի պես միամիտ են։ Ժողովուրդը պահպանողական ըլլալող քայլ մը հառաջ գնացած չէ այն վիճակեն, որուն մեջ ստեղծած է զինքն Աստված։ Այս թաղին մեջ պտըտողն ինքզինքն Ադամա ժամանակակից կը կարծե։

Հարյուր տասը հայ տուն կա հոս։ ժամանակավ երկու վարժարան ունեին, մին աղջիկներու և մյուսը մանչերու, իսկ հիմա այդ շենքերն այրած ըլլալով՝ աշակերտներու մեկ մասը տան մը մեջ կը խաղան և մեկ մասն ալ փողոցներու մեջ։ Աշխատող պզտիկ մաս մը կա, որ հանգանակությամբ վերաշինել կաշխատի թաղին վարժարանները։

Ժողովուրդն յուր զավակներուն դաստիարակությանը համար սիրտ չհատցուներ. եթե Աստված կամենա, կըսե, մեր զավակներն առանց վարժարան երթալու ալ կրնան ուսումնական ըլլալ:

Հոս ո՛չ ընկերություն կա և ո՛չ երիտասարդություն, այլ առանձնասիրություն և տղայություն կա, ամեն մարդ պարտավոր է յուր տունը քաշվիլ ու նստիլ, մեծ անիրավություն է դրացվույն տունն երթալ և մեկ երկու ժամ նստելով ժամանակ անցունելը։

Այս թաղին մեջ արհեստն ալ յուր օրորոցին մեջ է դեռ։ Էյուպի ազգայիններուն մեկ մասը բրուտ ըլլալով հողե տեսակ-տեսակ ամաններ և անոթներ կը շինեն։

Հողե տեսակ մալ անոթ կը շինեն, որուն հայերենր չենք հիշեր, բայց մեր ընթերցողներուն կատարյալ գաղափար մը տալու համար հիշյալ անոթին վրա՝ կը պարտավորինք ըսել, թե շատ մը կիներ հիմա ճիշտ այդ հողե անոթը հարդե շինելով՝ վրան լաթ մը կանցունեն և քիչ մը ծաղիկով և ֆորտելայով զարդարելեն ետքը իրենց գլուխը կանցունեն:

Այս թաղին մեջ գինետուն չկա և օղի ծախվիլը արգիլված է... ի՜նչ դժբախտություն։ Թաղեցին երեկոները ընդհանրապես Իլիմոն Իսկելեսի կը հանդիպի և հոն քանի մը գավաթ օղի խմելեն ետքը կերթա յուր թաղը՝ ուր տան մը մեջ ալ գաղտնի օղի կը ծախվի։ Շատ մը ընտանիքներ իրենց զավակներն օղիե կտրելու համար այս թաղը կուգան, ինչպես որ տենդ ունեցողներն ալ հիմա Միջագյուղ կերթան՝ ջուր խմելե կտրվելու համար։

Ժողովուրդն եկեղեցասեր է, սակայն քարոզիչ չուզեր. եթե տարին մեկ-երկու անգամ Պատրիարքարանե քարոզիչ մը ղրկվի հոն՝ թաղեցին սիրով կընդունի զայն այն պայմանով, որ քարոզը տալուն պես թաղեն դուրս ելնե։

Կիները մեղվի պես ժրաջան են, վայրկյան մը պարապ չեն նստիր, էնթարի, շալվար հագած՝ Ֆեսհանեյի համար ֆես կը հյուսեն, նստած իրենց տանը դրան սեմին վրա, որու առջևեն կանցնի թաղին կոյանոցը։ Թաղին աշխատավորներե գոնե հանգանակություն մալ բանային և անոր արդյունքովն մաքրեին սույն կոյանոցն, որուն մեջ երբեմն կիյնան լամպիքա շատկեկ խժողները, իսկ եթե թաղեցվույն քիթը շահ մունի այդ կոյանոցին հոտեն՝ ատոր ըսելիք չունինք։

Կիները լայնածավալ սիրտ մունին, և այս պատճառավ երկարակյաց են, ամենեն կարճ կյանք ունեցող կինն իննսունինը տարեկան է, և երբ հարյուր տարեկան կին մը մեռնի՝ ծաղիկ հասակին մեջ առ Աստված փոխված կը համարվի, իսկ երբ մեկ տարեկան աղջիկ մը մեռնի վիժած կը սեպվի։

Իգական սեռին մեջ փոքրիկ մաս մը կա, որուն հետ խոսելու համար զրահ հագնելու է, վասնզի ասոնք փայտով կը խոսին, և եթե կանխավ զգուշություն չընես՝ գլուխդ կը պատռեն։

Բամբասանքն հոս հուսացվածեն ավելի է, միայն թե սահմանափակ ըլլալով՝ էնթարի շալվարին վրա կը դառնա միշտ։

Թաղին բերքն է փայտե շինված տղու խաղալիքներ, որոնցմե երբեմն մեծ մարդեր ալ ծախու կառնեն իրենց համար։

Օդը թեպետև աղեկ է, բայց բնակիչներուն թմրությանը նայելով՝ կերևի որ քիչ մը թմրեցուցիչ է։ էյուպցիներեն ոմանք փողոցը քալած ժամանակնին կը քնանան և աղվոր երագներ կը տեսնեն։

ԳԱՏԸ ԳՅՈՒՂ

Աշխարհագրական հնավանդ սովորության դեմ խոսած չլլու. համար՝ պարտավոր ենք ըսել, թե այս գյուղն ալ ունի յուր արևելքն, արևմուտքն, հյուսիսն և հարավն. բայց մեր խիղճն ալ հարգելու համար կստիպվինք խոստովանելու, որ արևելքին, արևմուտքին և հյուսիսին գոյությունն անվանական է. հարավն է միայն, որ կը տիրե այս գեղին վրա։ Հյուսիսն իսկ եթե երբեմն քանի մը խոսք ընել ուզե՝ հարավին բերնով կը խոսի։ Արևն հոս հարավային կողմեն կելնե և հարավային կողմեն կը մտնե, վերջապես ամեն բան հարավ է հոս։

Այս տողերը գրելով մեր նպատակն է իմացունել արգո հասարակության, որ ձմեռվան եղանակին մեջ այս գյուղն երթալ փափագողներն ամառվան հագուստ հագնելու են, իսկ ամառվան տաք օրերուն մեջ երթալ ուզողները մերկ երթալու են հոն, այսինքն տեքոլթե հագնելու են։

Մաճսուսիյեյի ընկերությունն յուր ճամբորդներն զովացնելու համար է, որ այնպիսի ձևով շոգենավներ կը բանեցունե, որոնք միշտ ծովու ալիքներ կընդունին իրենց մեջ, որով ճամբորդները ծովու ջրով կը լվացվին և կը զովանան: Եթե այս չըլլար՝ ճամբորդները տաքեն կը մարեին։

Այս գյուղն այնչափ օրհնյալ գյուղ մէ, որ քանի մը տարիներն առաջ, երբ հրեային մեկը գուշակություն ընելով ըսավ, թե գետնին տակ պիտի անցնի այն գյուղն, որու անվան սկզբնատառը գ է՝ ամեն մարդ միաբերան պոռաց, թե Գատը գյուղն ըլլալու է այդ գյուղը։ Հրեային գուշակությունը չելավ, բայց ի՞նչ օգուտ, գեղին պատիվը հրապարակի վրա կոտրեցավ։ Այն թվականին ըսողներ ալ գտնվեցան, որ այս յուրը տարածողները մեր կեսարացի ազգայիններն էին, որոնք աժան գնով տուն վարձելու համար հնարած էին այդ լուրը. Եվ արդարև, տուներուն գիները հարյուրին վաթսուն իջան, շատ մը վաճառականներ իրենց առնելիքն ուզեցին գեղիս մեջ նստող վաճառականներեն. շատերը հեռացան դեղեն, իսկ մեր կեսարացի ազգայիններն իրենց նստած տեղեն չշարժվեցան, թող աժան նստինք ու գետնին տակն անցնինք, ըսելով:

Այս գեղին մեջ թեպետև երեքհարյուր հիսուն տուն հայ կա, բայց բնիկ ազգային հազիվ քսաներեք ու երեք քառորդ մարդ կա՝ մնացածն այլևայլ թաղերե գաղթած է։

ժամանակավ ամայի դաշտ մէր այս գեղը, իսկ երբ քանի մը եվրոպացիներ, որոնք որսորդություն ընելու մոլությունն ունեին, այս գեղն եկան զայն որսորդության հարմար գտնելնուն համար՝ մեր ազգայիններեն ալ շատերը անոնց հետևելով եկան բնակություն հաստատեցին հոն։ Այսօր եթե եվրոպացիներն հեռանան այդ դեղեն՝ մեր ազգայիններն ալ կը թողուն զայն։ Քվ կրնա պնդել, թե մեր ազգայիններն եվրոպացիներու նմանիլ չեն ուզեր...

Այս գեղին մեջ բացի հարավեն կը տիրե նաև ազնվապետությունն, որ հարավին չափ տենդ կը պատճառե գեղին ազգային գործերուն և թերևս անկե ավելի վնասակար է։

Ամեն անգամ, որ թաղական Խորհուրդ ընտրված է՝ անդամներու մեջ անհամաձայնություն գոյացած է։ Թաղական Խորհուրդն այնքան կարծիքներե բաղկացած է, որքան անդամներե որ կազմված է, և այս շատ վնաս տված է ազգային վարժարանին հառաջադիմության։ Թաղական Խորհրդո յուրաքանչյուր անդամն իրեն հաճելի եղած գրոեթյամբ կուզե առաջ տանիլ վարժարանը, մին ֆրանսական դրությունը կը պաշտպանե, ուրիշ մը գերմանական դրության վրա կը հարձակի, երրորդ մը անգղիական դրությունը իբրև փրկարար միջոց կը նկատե, չորրորդ մը թրքական դրութենեն մազի չափ չշեղիր, հինգերորդ մը ավստրիական դրությունը կը փաստաբանե, և կարծիքներուն այս անհամաձայնության մեջ վարժարանը կը գոցվի, և բացվելու համար կսպասե, որ Թաղական Խորհուրդն հաճի դրություն մը ընդունիլ։ Թաղական Խորհուրդն չկրնար համաձայնություն գոյացնել, բայց վարժարանը կը բացվի և կսկսի կառավարվիլ, օր մը գերմանական դրությամբ, օր մը ֆրանսական դրությամբ, առավոտ մը թրքական դրությամբ և երեկո մը անգղիական դրությամբ. այսպես թաղականի մեջ համաձայնություն կը գոյանա և թաղեցին ուրախ սրտով զիրար կը շնորհավորե ըսելով. «Ապրին Թաղական Խորհրդո մեծապատիվ անդամներն, որ իրարու հետ համաձայնած են»։ Սակայն այս վարժարանին անկանոն Ընթացքը մեծ օգուտ բերավ ազգին, ծնունդ տվավ Պերպելյան վարժարանին այժմ Իճատիե որ պատիվ կը բերե ազգին։

Գյուղիս բնակիչները շատ քաղաքավար են. իրարու սիրտ չկոտրելու համար ամենամեծ զոհողություններու հանձնառու կըլլան։

Անցյալները ազնվապետական դասեն մեկը կացինով մը վարժարանին հիմը տեղեն կը հաներ, ուրիշ մալ քանի մը քայլ հեռուեն կը դիտեր։ Երբ այս վերջնույն հարցվեցավ, թե ինչո՛ւ անտարբեր կեցած էր՝ հետևյալ պատասխանը տվավ.

— Մտերիմ բարեկամս է, եղբա՛յր, միտքս դրի, որ երթամ երկու խոսք ընեմ, բայց վերջեն մտածեցի, որ մեր բարեկամությունը պիտի վիրավորվի. անոր համար թող տվի, որ ուզածն ընե։

Մաս մը կա հոս, որ ազնվապետներու գործիք ըլլաչով՝ այն ատեն միայն ազնվապետներու առջև ձայն կրնա հանել՝ երբ շարքի մը երգել հարկ ըլլա:

Մեկ մասն բոլորովին անտարբեր ազգային գործերու կամ ծովեզրյա սրճարաններու մեջ նարտ կը խաղա և կամ նարկիլե կը քաշե։

Ուրիշ ազնվապետական մաս մալ կա, որ միայն ուիսթով կամ պեզիքով կը ծառայե ազգին։

Այս գեղին եկեղեցին, որու անուն է սուրբ Թագավոր և ուր սուրբ Աստվածածնա օրը մեծ տոնախմբություն կըլլա՝ ուխտատեղի մէ և ուխտավորներեն շատ դրամ կընդունի: Այս թագավորն ալ ուրիշ թագավորներու պես բավական հասույթ ունի, բայց գործածելու կերպը չգիտեր, ելմտագետ թաղականներ չունենալուն համար։ Եթե ուխտավորներեն առնված դրամներն լավ մատակարարվեին՝ երջանիկ սուրբ Թագավոր մը կունենայինք և յուր վարժարանն ալ միշտ բարեկարգ վիճակի մեջ կը հարատևեր։

Այս գեղին մեջ ընդհանրապես կամչնան ազգային զգացում կրելու, ինչպես դու կամչնաս տունդ ջուր կրելու։ Եթե երբեք ստիպվին ասոնք օր մը ազգային զգացման պետքը ճանաչելու՝ դարձյալ իրենք անձամբ չպիտի կրեն զայն, այլ իրենց սպասավորներուն պիտի տան զայն, որ իրենց ետևեն բերեն։

Բայց այս դեղին մեջ կը գտնվին նաև այնպիսի անձեր, որոնք ազգային զգացում կը կրեն։

Ասոնցմե է Մուրատյան բարեհամբավ գերդաստանն, որ ծանօթ է յուր ազգասիրական գործերովն։

Մեծապատիվ Մկրտիչ էֆենտի Մուրատյան աղջիկներու վարժարան մը բացած է հոս 1868-են ի վեր և ամիսը 6—700 դահեկան ծախք ընելով՝ աղքատ աղջիկներ դաստիարակել կուտա հոն։ Ձմեռվան եղանակին մեջ աղքատներու ձրի ածուխ կը բաշխե, ինչպես նաև աղքատներու ձրի բժիշկ կը ղրկե և ձրի դեղ կուտա։ Մուրատյան եղբայրներն իրենց մորը թաղման համար եկեղեցվույն յոթ անասուն ոսկի և կտակի պաշտոնի համար ութսուն ոսկի, վարժարանի շինության համար հարյուր ոսկի նվեր ընելեն զատ՝ երկու հարյուր հիսուն ոսկի դարձյալ նվիրած են վարժարանի շինության համար:

Նմանապես հոս կը բնակին մեծապատիվ Սերովբե Կյուլպենկյան, Աբիկ Ունճյան և Շաշյտն Պողոս էֆենտիներն, Սովելոց մասնաժողովո անդամներեն երեքն, որոնք իրենց մյուս ընկերներուն հետ մինչև այսօր գիշեր ցերեկ աշխատելով՝ ամեն ազգասեր սրտերու մեջ անմոռաց հիշատակ մը թողած են, թեպետ և մեր Ազզային ջոջերեն հնդական օրինակ առած չեն։ Ասանկ աշխատող ազգասերներ ունենալնես ետքը՝ սովն դեռ քառասուն տարի ալ տևե՝ բնավ փույթ չենք ըներ։ Թաղիս բնակիչներն ընդհանրապես հարուստ են և ընդհանրապես մեկ ձիթապտուղը, կըսեն, չորս պատառ կընեն, տնտեսագիտությունն մինչև այս աստիճան հառաջ գնացած է. բայց շատ հարուստներ այս ալ շռայլություն համարելով որոշած են սեղանի վրա մեկ ձիթապտուղ միայն դնել։

Քանի մը հարուստներուն համար ալ արևը սովորականեն երեք ժամ վերջը կը ծագի, երբեմն ալ բնավ չծագիր, և այդ հարուստներն մինչև երեկո քնանալով՝ գիջերը կարթնանան և կսկսին իրենց բրեֆային:

Ուրիշ թաղերու հետ բաղդատմամբ՝ օղիի և գինիի գործածությունը քիչ է հոս, ընդհանրապես գոնյաք կը գործածվի։

Իգական սեռն գոնյաքի տեղ բամբասանք կը գործածե և առանց ջուրի։ Իրարու ետևե զիրար գետինը կանցունեն, իսկ երբ դեմ առ դեմ գան՝ զիրար երկինք կը բարձրացունեն:

Եթե գործ չունիս՝ եկո՛ւր սա պատուհանին առջև քիչ մը կայնինք ու մտիկ ընենք։

— Տիկին Քաթի՛կ, օրիորդ Աղավնին տեսա՞ր երեկ:

— Բարով խերով չտեսնեի, ատ որչափ ճերմակ քսված էր... գլուխն ալյուրի պարկին մե՞ջ է խոթեր, ի՛նչ է ըրեր:

— Անանկ ալ շրջազգեստ մը հագած էր, որ չորս կողմը բաց էր։

— Թերևս քումաշթ պակսած է։

— Գոնե ոտները պզտիկ ըլլային:

— Այսուամենայնիվ սատանան շատ գեղեցիկ է:

— Գեղեցկությունն ալ ո՞ւր է ատոր... երեսը բնավ տեսնել չեմ ուզեր, կռողը տեսնե։

Ահա օրիորդ Աղավնին դուռը կը զարնե այն տան, ուր այս խոսակցությունր կըլլա։

— Բարի եկաք, օրիորդ Աղավնի, աս ո՞ւր եք. հիմա տիկին Քաթիկին քեզի համար կը խոսեի և կըսեի, թե օրիորդ Աղավնին մեզի բոլորովին մոռցավ։

— Ես ձեզի կը մոռնա՞մ, ամեն օր գալ կուզեմ, բայց տան գործերը թող չեն տար: (Մեկուսի) Կռողը տանի երկուքնիդ ալ: — Օրիորդ Աղավնի, իրավ որ ձեզի տեսնամ նե՝ քույրս տեսածի պես կըլլամ։ (Մեկուսի) Սատանան տեսնե երեսդ: (Բաձր) Օրիորդ Աղավնի, ամեն օր տեսնամ նե քեզի՛ չեմ կշտանար։

— Շնորհակալ եմ։ (Մեկուսի) Խենթ ըլլալու էի, որ խոսքերուն հավատայի։

— Այդ շրջազգեստիդ ձևն ուսիկի՞ց առիր, Աղավնի։

— Հավնեցա՞ք։

— Շատ հավնեցա, օրիորդ Աղավնի, հատ մալ ես պիտի շինեմ անանկ։

— Հավնելու բան մը չէ, կարծեմ։

— Ի՞նչ կըսես, օրիորդ Աղավնի՛, շատ ձևավոր է։ Օրիորդ Աղավնի, խահվե՞ կուզեր, անո՞ւշ կ՛ուզեր, պտո՞ւղ կ՛ուզեր, կերակո՞ւր կ՛ուզեր, գինի՞ կ՛ուզեր, սիկարա՞ կուզեր, կ՛աղաչեմ, օրիորդ Աղավնի, առանց քաշվելու զրուցեցե՛ք։

— Բան մալ չեմ ուզեր, ձեր ողջությունը կուզեմ։

— Անուշ մը հրամմեցե՛ք։

— Շատ լավ, կընդունիմ։

— Քեզի բան մը պիտի հարցնեմ, բայց շիտակ պիտի զրուցես, վասնզի շաբաթ մը կա, որ տուներուս մեջ կռիվը պակաս չէ. տիկին Թերեզային առջևի ակռաները շինծու չե՞ն մի։

— Ետևիններն ալ շինծու են։

— Ողջ ըլլաս, ես կըսեմ նե՝ ինձի չեն հավատար... անուշ մալ կը հրամմե՞ք, օրիորդ Աղավնի։

— Չէ, շնորհակալ եմ։

— Բան մալ պիտի հարցունեմ, բայց կը քաշվիմ կոր...

— Մի՛ քաշվիր։

— Տիկին Մարթային գիրությունը բնակա՞ն է, թե բամպակ թխմած է։

— Տիկին Անթառամին ըսածին նայիս նե՝ բամպակ է, իսկ տիկին Շուշանին խոսքին հավատանր նե՝ բուրդ կը թխմե եղեր։

— Շնորհակալ եմ, օրիորդ Աղավնի, մեզի մեծ հոգե մը ազատեցիր, չգիտես քանի մը օրե ի վեր ո՛րչափ անհանգիստ էի... օրիորդ Աղավնիին կերակուր բերեք:

Օրիորդ Աղավնին մնաք բարով կըսե և կը մեկնի մռմռալով. «Ասոնք ալ միշտ ուրիշները վար զարնելու խոսքեը կընեն»:

Իգական սեռի մեջ կա ընտիր մաս մը, որ երբեմն ազգածին խնդիրներու վրա կը խոսի. կա մաս մալ, որ Ազգանվեր Հայուհյաց ընկերության մեկ ճյուղը կը կազմե այս գեղին մեջ և որ մեծ գործեր տեսնելու պատրաստված է։

Նորաձևությունը տեսակ մը ախտ եղած է հոս, գեղեցիկ սեռը շատ անգամ դիտակով Մարսիլիայի շոգենավին կը նայի, որ վերջին ամենեն առաջ յուր վրա երևի։

Գեղիս զբոսավայրն է Մոտա Պոտնու ըսված տեղն, որ ծովու վրա կը նայի, բայց հոն գացողները ծովին չեն նայիր՝ այլ գեղեցիկ սեռին, որ անշուշտ ծովեն ավելի զվարճություն կը պատճառե։

Գեղիս բերքն է առաջին կարգի տենդ, աղքատները տենդին երրորդ տեսակեն կրնան առնել, առաջին տեսակը հարուստներու համար պահված է և շատ սուղ կը ծախվի։

Զարմանալի է սակայն, որ բժիշկներն երբեմն հիվանդներ կը ղրկեն հոս օդափոխության համար:

Օդին վիճակը խեղճ է. Սկյուտարը թող չտար, որ հյուսիս մտնե հոն և բարեկարգություն մտցունե օդին մեջ։

ՐՈԻՄԵԼԻ ՀԻՍԱՐ

— Հրամմեցեք, աղա՛, պատվական սթաքոզ, աժան պիտի տամ:

— Մի՛ քաշեր, եղբայր, թո՛ղ տուր օձիքս:

— Պատվական սթաքոզ, աղա, օղիի հետ աղեկ կերթա:

— Թո՛ղ տուր, պետք չունիմ:

— Ինձի նայե դուն, աղա՛, եկուր քեզի աղվոր քեֆալ տամ, անոնց մի՛ նայիր դուն...

— Ձուկ առնելու համար չեկա հոս, եղբայրներ։

— Ասդին եկուր, բարեկամ, անոնք խարդախ մարդեր են... օխա մը ձուկ ունիմ պահած, քեզի տամ, օղիին վրա շատ աղեկ կուտվի. այս առտու բռնեցի, բարեկամի տրվելու բան է...

— Չեմ ուզեր։

— Եկուր քեզի օղի մը հրամցունեմ։

— Շնորհակալ եմ, ես թաղը պտըտելու համար եկա և ոչ թե օղի խմելու համար։

— Այս դեղին մեջ օղի կը խմվի, բարեկամ, և առանց օղի խմելու պտըտիլն անկարելի է հոս։

— Սովորություն չունիմ։

— Գոնե սա ձուկեն առ, աժան պիտի տամ:

— Չեմ ուզեր։

— Ի՞նչ կ՝ուզեք մարդեն, անպիտաններ, թող տվեք, որ գործին երթա, ինչո՜ւ օձիքին փակեր եք։

— Չեր մարդասիրութենեն շնորհակալ եմ։ — Ասոնք անանկ մարդիկ են, որ նավամատույցին վրա մեկը տեսնելնուն պես չորս կողմեն կը պաշարեն։

— Այո՛:

— Եվ կուզեն, որ բռնի ձուկ առնել տան քեզի։

— Ճիշտ է։

— Թանի անգամ ըսած եմ իրենց, որ այս բնավորություննին փոխեն։

— Շատ բարի մարդ եք։ Մնաք բարով, թաղը քիչ մը պիտի պտըտիմ։

— Հազար անգամ պատվիրեցի իրենց, որ գեղը եկողներն մի ձանձրացունեք, բայց որո՞ւ կըսես։

— Շնորհակալ եմ, մնաք բարով։

— Ասոնք անանկ մարդիկ են, որ գլուխնուն դրածը կընեն:

— Շնորհակալ եմ։

— Գեղին վարժարանին համար քանի մը ղուրուշ նվեր կ’ուտա՞ք, աղա, ծառադ՝ իմ վրաս առած եմ դպրոցին տնօրենությունն և կը կառավարեմ։

— Թաղեցին ի՞նչ կընե։

— Թաղեցին ձուկ կը բռնե։

— Դպրոցն եկամուտ ունի՞։

— Ոչ, դպրոցը եկամուտ չունի, և առանց եկամուտի ալ շատ աղեկ կառավարվելու վրա է... փառք Աստուծո, մենք եկամուտի պետք չունինք։

— Առանց դրամի ի՞նչպես կը կառավարվի։

— Վարժապետներու ամսական չեմ տար։

— Լա՛վ։

— Տնտեսի ալ ամսական չեմ տար։

— Շատ աղեկ։

— Թուղթի, գրիչի և մելանի ալ ստակ չեմ տար։

— Կեցցե՛ս։

— Փայտի, ածուխի համար ալ բան մը չեմ վճարեր։

— Սքանչելիք... գոնե բոլոր վարժարաններու տնօրենությունը դուն առնեիր վրադ։

— Հիմա հարցուր ինձ, թե ի՞նչպես կը կառավարես։ — Հարցուցի:

— Հարցուցի ըսելով չըլլար, հարցո՛ւր։

— Շատ աղեկ, ի՞նչպես կը կառավարես:

— Ռոպերթյան վարժարանի հայ ուսանողներեն մեկ քանըն կուգան ձրիաբար գաս կուտան. է՛յ, ըսե՛։

— է՜յ։

— Տնտեսի համար պետք չունիմ. աշակերտներն իրենց ուտելիքն ու խմելիքն իրենք կը բերեն էյ, ըսե։

— է՜յ:

— Թուղթը, գրիչը և մելանը ասդիեն անդիեն կը մուրամ, է՜յ, ըսե։

— է՜յ:

— Փայտի, ածուխի պետք չունիմ, վասնզի մեր աշակերտները մրսելու սովորություն չունին։ Ահա այսպես կը կառավարեմ դպրոցը, բայց դարձյալ կը բամբասվիմ։

— Ի՞նչ ըսելով կը բամբասեն։

— Կըսեն, թե երբեմն քանի մը ընկերներուս հետ վերը այգին կելնեմ օղի խմելու և դպրոցին աշակերտներուն խաղ կանչել կուտամ: Կըսեն, թե ձկնորսներու օղի խմցնելով զանոնք շահած եմ և գեղին մեջ հասարակաց կարծիքը խղդած եմ։ Անցյալները վարժուհիի մը խնդիր ծագեցավ. ես կուզեի որ վարժուհին ելնե. գեղին բոլոր ձկնորններն ժողովքի եկան և միաբերան պոռացին. վարժուհին չենք ուզեր: Քանի մը լուսավորյալներ սկսան հարցնել, թե վարժուհին ինչո՞ւ չեք ուզեր, եթե հանցանք ունի՝ ըսեք հանցանքն և ան ատեն մենք ալ ձեզի հետ կ՝ըլլանք և չենք ուղեր։ Ձկնորսները, որ բարի մարդիկ են՝ նորեն պոռացին։

— Չենք ուզեր։

— Ինչո՞ւ չեք ուզեր։

— Մենք ի՞նչ գիտնանք. Բառնիկ աղային հարցուցեր:

— Բայց վարժուհին հանցանք չունի։

— Հանցանք չունենալուն համար չենք ուզեր, ըսին և վեճը դոցվեցավ. եթե չգոցվիր՝ ձկնորսներն աղեկ մը պիտի ծեծեին այդ լուսավորյալները։ — Վարժարանն հիմա ի՞նչ վիճակի մեջ է:

— Աղեկ է. ես ուրիշ գործ չունիմ, առավոտե մինչև երեկո դպրոցի համար կաշխատիմ. ուզած ժամանակս ալ ազգային հանդես ըսելով լրագիրներու մեջ ծանուցում կընեմ, հանդես մը կուտամ, քանի մը հարյուր դահեկան ալ անկե կը փրցունեմ։

— Ի՞նչ բանի հանդես է այն։ Սահմանադրութեան տարեդարձի՞ հանդես է, եկեղեցվույն տոնախմբությա՞ն հանդես, թե վարժարանին...։

— Իրավ որ կարևորություն տված չեմ անուն մը դնելու համար, եկո՛ւ տես, որ հարցնող փնտրո՛ղ ալ չկա, բայց գայ տարի անուն մը պիտի դնեմ։

— Քանի՞ տուն հայ կա։

— Ամառը ութսուն տուն է, աշունը յոթանասունը հինգ, ձմեռը վաթսուն և գարունը վաթսունը հինգ։

— Թաղեցիին արհեստն ի՞նչ է:

— Թաղեցիին մեկ մասը նավավար է և մեկ մասը ձկնորս։ Ամենքն ալ մաքուր սիրտ կը կրեն և մաքուր օղի կը խմեն, բայց այնչափ առողջ են, որ սովորական խոսակցության մը մեջ անգամ իրենց ձայնը Թարապյայեն կը լսվի: Հաստանդամ մարդիկ են, շատ կապրին, անուշ-անուշ հայհոյել մը ունին։

— Ողջ ըլլան։ Կիներն ի՞նչպես կյանք կ՛անցունեն։

— Յազմա կը շինեն, կը ծախեն և էրիկնին կը նային:

Ուրիշ թաղերու մեջ՝ գործը կարգին դնողն միայն կը կարգվի, որ կարենա յուր կինը ապրեցունել, հոս հակառակն է, ապրուստը ճարել չկրցողը կը կարգվի, որ կինը զինքը նայի։ Հոս պճնասիրություն, բամբասանք, շռայլություն, թատրոններ, զբոսարաններ չկան, հոս կյանքն անմեղ է։

— Մեծապես շնորհակալ եմ տված տեղեկություններեդ։

— Օդը շատ քաջառողջ է, եթե առջի իրիկվընե երկու օխա օղի խմես՝ առտուն անանկ թեթև կարթննաս, որ կը կարծես թե առջի դիքերը բան մը խմած չես, շատերը հոս կուգան օղի խմելու։ — Շնորհակալ եմ։

— Եթե վարժարանին համար նվեր մը ընես՝ ես ալ շնորհակալ կըլլամ։

— Եկո՛ւր սա ձուկը մի՛ փախցուներ, աղա։

— Սա ստաքողն առ ու օղիի մեզե ըրեք աղա՛ս։

— Սա քեֆալը չառնե՞ս։

— Պետք չունիմ, ըսի և ինքզինքս նավակի մը մեջ նետեցի։

ՍԵԼԱՄՍԸԶ

Ահա վիճաբանելու, հայհոյելու և իրարու գլուխ պատռելու հարմարություն ունեցող թաղ մը, որու մեջ մարդս եթե վայրկյան մը մնա՝ ինքզինքն Ազգային երեսփոխանական ժողովո մեջ կը կարծե և դուրս ելնելու ճար մը կը մտածե։ Հարցուր սա թաղեցվույն, թե ինչ է այս անսպառ վիճաբանություեներու պատճառն, և վստահ եղիր, որ հետևյալ պատասխան պիտի առնես.

«Սահմանադրության գործադրություն»:

Այս թաղին մեջ մտնալուդ պես՝ գինետունն մը հետևյալ խոսակցությունը պիտի լսես.

— Այս շաբաթ անպատճառ փոխելու է։

— Այո՛, ես ալ ձեր կարծիքեն եմ, վար առնելու է և տեղը ուրիշ մը դնելու է: Թաղական Խորհուրդ ընտրվողը գործ տեսնելու է։

— Ասանկ Թաղական խորհուրդություն չըլլար:

— Ներեցե՛ք, բարեկամ, Թաղական Խորհուրդը դեռ երկու օր է, որ պաշտոնի անցավ... սպասեցեք, նայինք ի՞նչ պիտի ընե...:

Թանի օր կուզե թող ըլլա. փոխանակադիր ընդունել տալու չենք, որ օր համրենք։

— Եվ դեռ գործ մը չտեսավ որ...

— Տեսա՞ր խելացի խոսքը... գործ մը տեսած չըլլալուն համար պետք է որ իյնա, մենք Թաղական Խորհուրդ ընտրեցինք, որ վարժարանները բարեկարգն, թաղին գործերը կար— գադրե, մեկ-երկու գանձապետներու քով մնացած դրամն ուզե...

— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ, եղբայր...

— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ... երկու օրվան մեջ գանձապետին մեկը թաղականին ամբողջ ստակը պարպեց... շիշ մը օղի բեր ծո, ինձի մի՛ բարկացներ, Աստվածդ սիրես. քիչ մալ մեզե բեր։

— Ես ալ համակարծիք եմ բարեկամիս... շիշ մալ ինձի ղրկե, Հակոբիկ։

— Թաղին մեջ քանի խաղաղություն ըլլա, վարժարանները շտկվին կըսենք նե՝ միշտ բան մը կելլա... ազգերնիս անոր համար ետետ կերթա կոր ա՛...— օխա մը ճերմակ գինիեն ղրկե ինձ, վարպետ... սեր և միություն ըլլա նե՝ գեշ կըլլա... գինիի հետ քիչ մալ ձուկ ղրկե...— Որո՞ւ պիտի հասկցնես, ամեն մարդ մեկ կողմ կը քաշե, կենդանությո՜ւն... ի՜նչ պատվական գինի... փոխենք, եղբա՛յր, փոխենք սա Թաղական Խորհուրդը և տեղը մեր ծանոթներեն քանի մը հոգի դնենք...

— Սա Տ... աղան դնենք, մոտերս շատ ինկած է խեղճը, տունը օխա մը ածուխ առնելու համար դրամ չունի. ան ալ մեր ազգն է, թո՛ղ քանի մը ղուրուշ ալ ան վաստկի։

— Սա շիշը լեցո՛ւր, ծո... չեմ ըսեր որ Տ... աղան չվաստկի, բայց մեր ալ վիճակն աղեկ չէ, եղբա՛յր... գործերը շատ դադրած են։

— Իմ կարծիքս ալ սա է, որ Սահմանադրութենեն դռնե մեր ածուխին ու փայտին ստակը հանենք... բայց Սահմանադրությունն ալ գործադրվելու է... Սահմանադրության դեմ եղողն իմ առաջին թշնամիս է... մեղք է Սահմանադրության, թեպետև Տ... աղային ալ մեղք է։

— Ելե՛ք, ազգային դեղարանը երթանք և հոն լուծենք խնդիրնիս։

— Շատ աղեկ։

Տեսարանն է ազգային դեղարանին մեջ։

— Բարև, էֆենտի։ — Բարև:


— Բարի իրիկուն:


— Աստուծո բարին:


— Բարեկամներու հետ եկանք ձեզի ձանձրություն տալու.


— Ձեր տալիք ձանձրութենեն շնորհակալ եմ... ո՞վ է հիվանդ մեջերնիդ:


— Թաղական Խորհուրդը հիվանդ է:


— Հասկցա... բայց մարդիկը դեռ երկու օր է, որ անցան պաշտոնի:


— Աղեկ ա՛, մինչև որ տապալենք նե՝ երկու շաբթվան կ՝ըլլան։


— Ի՞նչ հանցանք պիտի գտնենք, զայն տապալելու համար:


— Եղբա՛յր, նախ և առաջ տապալելու կրա խորհինք. վերջը հանցանք մը կը գտնենք հարկավ... հանցանքներու սով չկա, փա՛ռք Աստուծո:


— Գիտեք, որ ես զձեզ միշտ պաշտպանած եմ, բայց այս խնդրույն մեջ կետ մը կա, որուն հակառակ եմ ես:


— Ի՞նչ կետ:


— Թաղականը հանցանք չունի դեռ. սպասեցեք քանի մը օր, որ սխալ քայլ մ՝առնե և ան ատեն իրավունքով հրապարակ ելնենք:


— Պիտի հա՛մաձայնիս մեզի:


— Անկարելի է այս կետին մեջ:


— Մեղնե չպիտի բաժնվիս:


— Խղճիս կը դպչի:


— Ռոպ տը լաֆեքթեոր մը կուտա՞ս ինձի դուն:


— Գլխուս վրա։


— Ինձ ալ շիշ մը Պորտոյի գինի տվեք։


— Շատ լավ։ Չհասկնաք թե ես թաղականը չտապալելու կողմն եմ. ես ալ կուզեմ որ տապալվի, բայց...


— Երկար մի՛ ըներ, օխա մը ձկան քուղ տուր ինձի։


— Չեր ալ սիրտը կոտրել չեմ ուզեր... կաշխատիմ այս գիշեր մեկ աղվոր պատվական և ընտիր հանցանք մը գտնել և անով տապալել թաղականն, բայց պայմանավ մը...


— Այսինքն մեկու մը բան չըսենք։


— Ո՛չ... սա պայմանավ, որ եթե ասկից վերջը հիվանդանալով դեղ դնելու ստիպվիք՝ իմ դեղարանս հրամմե՛ք։


— Պարտքերնիս է, եղբայր, այս գիշերվընե բոլոր բարեկամներուս կըսեմ, վաղվընե անգին հիվընդնան և հոս գան դեղ առնեն, հիվանդ չեղած ատեննին ալ թող գան առնեն. Էֆենտիմ, ի՞նչ կըլլա եղեր... պարապ տեղը հազարումեկ բանի ստակ կը տրվի կոր...


— Շնորհակալ եմ։


— Մնաք բարով։


— Երթաք բարով:


Հետևյալ օրը կռիվը կը ծագի թաղին մեջ, թաղեցիներեն խումբ մը պատվավոր ազգայիններ փայտերով զինված՝ թաղային խորհրդարանի վրա կը հարձակին և թաղականներուն մեկուն ոտներեն, մյուսին մորուքեն, մեկալին ականջեն քաշելով խորհրդարանեն դուրս կը հանեն: Պատրիարքարանը եղելությունը կիմանա և հրահանգ մը կը ղրկե, որ նկատելով, որ ով կ՝սկսի և խորհուրդ լուծյալ է ով կը վերջանա։


Ինչ որ կը պատմենք հոս՝ տարին հինգ վեց անգամ կը պատահի այս թաղին մեջ։ Սահմանադրության հաստատութենեն ի վեր չէ եղած թաղական մը, որ իր պաշտոնավարության ամբողջ շրջանն լրացուցած ըլլա։ Առժամանակյա Թաղական Խորհուրդ մը մեկ քանի տարի պաշտոն կը վարե երբեմն։ Եվ ոչ մի Թաղական Խորհուրդ կանոնավոր հաշիվ կրցած է տալ այս թաղին մեջ. թաղեցին ալ Թաղական Խորհուրդ ընտրելեն գլուխը բերելու ժամանակ չունի, որ հաշիվ պահանջե և առնե։ Հինգ հարյուր քսան և հինգ տուն հայ կա հոս, վեց հարյուր երեսուն քվեարկու և երկու հազարի մոտ բնակիչ... բայց երբ թաղականի համար քվե տալ հարկ ըլլա՝ քվեարկուներու թիվը վեց հազար կ՝անցնի. ալ հասկցիր, թե մեկ հոգի քա՜նի քվե կուտա հոս. սելամսըզցին շա՝տ շռայլ է... քվեի մասին։ Երեք կուսակցություն կա հոս, կեդրոնական, աջակողմյան և ձախակողմյան։


Կեդրոնականն է՝ թաղական տապալող, աջակողմյանն է՝ վայրահաջ մասն, որ քահանաներու գործիք է, իսկ ձախակողմյանն է՝ անտարբեր մասը, որ միշտ խոհեմություն կը համարի լռելն։


Թաղեցվույն բարեպաշտությանը գալով՝ կրնաք շուտով հասկնալ զայն, երբ ըսեմ ձեզ, թե կիրակի օրերը եկեղեցվո մեջ երկու հարյուրե ավելի մարդ չըլլար, և ժողովրդյան մեջ շրջաբերության հանված գանձանակին մեջ ալ հազիվ յոթանասունը հինգ փարա կը գոյանա։ Այս եկեղեցին տասը քահանա ունի. Աստված ամենն ալ անփորձ պահեսցե և սելամսըզցիին պարգևեսցե։ Եկեղեցվո խաչահանգստին ջուրը երկու տեսակ է, մեկն անարատ է, իսկ մյուսը նենգված։ Անարատին գինը քիչ մը սուղ է, իսկ մյուսը ձրի է, ուզածիդ չափ կրնաս խմել։ Առաջին տեսակեն ուղողն լուսարարին կը դիմե. որ անմիջապես կերթա և պահած տեղեն կը բերե, երկրորդ տեսակեն խմել ուզողը գլուխն եկեղեցվո ջըշեղջին վրա դրված դույլին կերկնցնե և ուզածին չափ կը խմե. այդ ջուրն ախորժակ կր բանա եղեր։


Հոս ալ թաղային վարժարանն ետ երթալու մասին կը մրցի մյուս թաղային վարժարաններու հետ, և շատերը կը հուսան, թե առաջին մրցանակն աս պիտի վաստկի։


Քանի մը տարիներ առաջ սովորություն կար հոս՝ օրը երեք ընկերություն կազմել... տարվան մը մեջ երեք հազարի չափ ընկերություններ կազմվեցան... դպրոցներ բարեկարգելու ընկերություն, ընթերցասիրություն տարածելու ընկերություն, ծխախոտը ձգելու և ափիոն կլլելու ընկերություն, ընկերություններ կազմելու ընկերություն, գիրք հրատարակելու ընկերություն, գիրք չկարդալու ընկերություն, որ մեկը համրեմ. բայց ասոնց ամենն ալ խոտի պես անցան գնացին։ Հիմա հատ մը միայն կա, որու անունն է Կրթասիրաց ընկերություն, բայց գործը չգիտենք տակավին, և չգիտնալու իրավունք ունինք, վասնզի դեռ նոր է, տղա է և Աստված գիտե մեծնալիքը։ Մեր փափագն է, որ գոնե այդ ընկերությունն յուր նախորդներուն չնմանի։


Սկյուտարցին ուր որ ալ ըլլա շուտ կը ճանչցվի։ Երբ կը տեսնես մարդ մը, որ լեցուն ճերմակ տոպրակ մը ունի ձեռքը գիտցիր, որ մարդը սկյուտարցի է, և եթե չէ՝ մոտերս անպատճառ սկյուտարցի պիտի ըլլա։


Սկյուտարցին յուր կյանքին մեջ բնավ չըսեր յուր մեկ մտերիմ բարեկամին կամ ազգականին. «Այս գիշեր մեր տունը հրամմե, կերակուրը մեկ տեղ ուտենք»։ Բայց յուր կյանքին ամեն օրերու մեջ ըսելե չդադրիր այն մարդուն որուն երեսը կյանքին մեջ անգամ մը տեսած է. «Գիշեր մը խնճույք մը ըրե՛ ու զիս ալ հրավիրե եղբայր, ի՞նչ կըլլա, մենք ալ օտարական չենք»։


Գինետունները հոս այնչափ համակրություն և քաջալերություն գտած են, որ հանդդնած են եկեղեցվույն քիթը մտնել, այնքան մոտեցած են անոր։ Գինետուններուն հաճախորդները Արամյան զավակներն են, որ գիշերվան երեքին տուն կը դառնան, վասնզի, ինչպես ըսինք՝ ազգային վիճաբանությունները գինետան մեջ տեղի կունենան և ան ալ ժամը երկուքեն վերջը։ Ժամը երկուքեն առաջ վիճաբանությունն արգիլված է. երկու ժամ շարունակ օղի կը խմվի և ետքը ատենապետն գինեպանը զանգակ հնչեցնելով՝ դիվանին պատրաստված և ատենին բացված ըլլալն կը հայտնե։


Սկյուտարցիին նմանը չկա առևտուրի մեջ. Պոլսո կողմը Սելամսըզցին լավ հմտություն և կատարյալ տեղեկություն ունի ածուխին վրա. ուստի երբ ձմեռվան համար ածուխ առնելու երթաք՝ սելամսըզցի մը առեք ձեր հետը և թող տվեք, որ ան ընե ընտրությունը։ Ածուխդ առի՞ր, մնաք բարովք ըսե ու գործդ գնա՛։


Սելամսըզցի ժողովուրդն ընդհանրապես բարձր ձայնով կը խոսի կամ կը հայհոյե, և աս ալ քաջության և անկեղծության նշան կը համարի։ Հնություններու մեջ նշանավոր են թույսուզի սրճարանն և անոր բազմոցները։ Այս սրճարանի մեջ կը սորվի ամեն մարդ, թե ի՞նչ Է ածուխի, փայտի և միսի ցիները, թե որո՞ւ կնիկն Էրիկն թողած ու փախած Է, թե Էրիկն թողած ու ինչո՞ւ փախած է, թե որո՞ւ աղջիկն որ երիտասարդի պիտի նշանվի և թե ինչո՞ւ պիտի նշանվի։ Հոս Է նաև Չիֆթլիկ ըսված զբոսավայրն, որ ամեն տեսակ զբոսանք ունի յուր մեջը. մուտքը ազատ է, ելնելու համար ալ դրամ վճարելու հարկ չկա։ Հոս ալ երբեմն ազգային խնդիրներու վրա վիճաբանություններ տեղի կունենան։ Ազգային վիճաբանությունները տեղի չեն ունենար միայն այն տեղերն՝ ուր որ պետք էին ըլլալ։


Իգական սեռն ալ արականին պես վիճաբանությունը քիչ մը շատ կը սիրե հոս։ Քանի մը անդամներ խնամակալություններ կազմվեցան և լուծվեցան՝ աղջիկներու վարժարանն բարեկարգելու համար, չհաջողեցան բարեկարգելու... ինքզինքնին նախ և առաջ։


Գեղեցիկ սեռն հոս գեղեցիկ է, աղքատասեր է, զբոսասեր է։ Նորաձևության դասերը Գատը գյուղեն կը սորվի։


Այս թաղին մեջ կան պակլա նետող, թուղթ բացող կիներ, որ ամեն բան կը բացատրեն քեզի, ամեն գաղտնիք կը գտնեն։ Իգական սեռին մեջ շատ հավատացողներ կան այս կիներուն, սակայն չմոռնանք ըսելու՝ որ Սելամսըզի այրերուն մեկ քառորդն իգական սեռին մեջն կը հաշվըվի միշտ։


Հոս ամեն տուն Լեպլեպինի Հռռճռռեն մեյ—մեկ կտոր կը կանչեն, և եթե օր մը ամբողջ Սելամսըզը պարտելու ըլլաս՝ Լեպլեպիճի Հոռհոռին ամբողջ օբերան մտիկ ըրած կըլլաս:


Ազգային երգերը մինչև այսօր չեն կարողացած այս տուներեն ներս մտնելու։


Սիրահարության համար հոս մինչև հիմա հատուկ տեղ մը պատրաստված չըլլալով՝ թաղեցին շատ անգամ Իճատիե կերթա Խալֆային լեռը և հոն խոսկապ, նշանտուք կընե: Կիները շատ անգամ հոն ձեռնոց կը նետեն իրենց անարգանք ընող կիներուն և մենամարտութեան կը հրավիրեն զանոնք: Դեռ անցյալ օր երկու կին իրարու բավական հայհոյություն— ներ ուղղեցին և իրարու գլխարկ պատռտեցին, և եթե ոստիկանությունը չմիջամտեր՝ իրարու գլուխ ալ պատռտելու հավանականություն կար։


Դպրոցականներուն մեծագույն մասը փողոցներու մեջ հայերեն չեն խոսիր, սակայն երբ հայհոյել հարկ ըլլա՝ մայրենի լեզուն կը գործածեն և սամաթիացիներու երկրորդը կրնան համարվիլ։


Սելամսըզցին այնքան սիրով է իրեն դրացի Ենի մահալեցիի հետ, որ անցյալներն, երբ դպրոցները միացնելու փորձ եղավ՝ մազ մն՛աց, որ երկու թաղն ալ զիրար կործանելու չափ հառաջ պիտի երթային։ Սելամսըզցին յուր դրացվույն հետ դժոխք անգամ երթալ չուզեր։ Ենի մահալեցին ալ անոր հետ արքայություն ալ չերթար։ Սելամսըզցին հիմա այնքան բաժնված է Ենի մահալեցիեն, որ ներքին համոզմամբ զայն ուրիշ ազգ կընդունի։ Իրարու քահանայե հաղորդություն չեն առներ, և ոչ ալ իրարու եկեղեցի կերթան, արդեն երկու թաղի քահանաներն ալ իրենց ծուխերուն հետ համընթաց կը քալեն։


Եթե Ենի Մահալեյի վարժարանի մեջ աշակերտ մը կռիվ ընե՝ իսկույն զինքը կը հանդիմանեն ըսելով,. «Կերևի, որ Սելամսզի քահանաները կնքած են զքեզ»։


Սկյուտարի օդը խիստ է, ակարները անմիջապես կառնե կը տանի անդիի աշխարհ։


Ներքին բերքն է հրաժարյալ պատրիարքներ, որ կուգան այս թաղին մեջ կը նստին տան մը մեջ, որ ձրի կը տրվի, թեպետև շատ մը պատրիարքներ առանց վարձքի նստելու տուն

մունենալով հանդերձ՝ չեն ուզեր իրենց հրաժարականը տալ:

ԹՈԲ ՔԱԲՈԻ

— Կաղաչեմ, այս թաղին անունը մի՛ տար, եղբա՛յր:


— Ինչո՞ւ։


— Վասնզի այս թաղին անունը տխուր հիշատակներ կարթնցնե մաքիս մեջ։


— Ի՞նչ պատահեցավ։


— Երկու տարվան աղաս գոհ տվի այդ թաղին։


— Օդը այսչափ գե՞շ է։


— Ո՛չ:


— Շիտա՛կ զրուցե՛, եթե գեշ է՝ մենք ալ չերթանք:


— Ո՛չ, բարեկա՛մ, օդը պատվական է։


— Ի՞նչպես եղավ, որ տղադ մեռավ հոն։


— Կիրակի առավոտ մը աղաս հետս առի ու եկեղեցի քնացի. ես ալ ուրիշներու պես աղոթքիս զբաղած էի... մեյ մալ ժամերգության միջոցին անանկ ձայն մելավ, որ... ա՜հ մինչև այսօր ականջես չելներ այդ ձայնը... ա՜հ, եղբա՜յր, անանկ ձայն մելավ, որ աղաս վախցավ, մարեցավ, ինկավ։


— Տե՜ր ողորմյա... որոտո՞ւմ էր։


— Ո՛ւր էր թե որոտում ըլլար... անբացատրելի ձայն մեր:


— Թնդանո՞թ էր։


— Երանի թե թնդանոթ ըլլար... անմեկնելի բան մ՞էր։


— Ի՞նչ էր ուրեմն։


— Տիրացուին ձայնն է եղեր... անմիջապես տղաս գիրկս առի ու բժիշկներու դիմեցի, հույս չկա, լեղին բրդած է, ըսին և զավակս մեռավ։


— Այո՛, պարոնին խոսածը սուտ չէ, իմ կինս ալ օր մը վախցավ այդ ձայնավորին ձայնեն և երեք ամսու զավակ մանցուց։


— Օր մալ ես լեղապատառ դուրս փախա այդ եկեղեցիեն:


Այս տեղեկությունները կարդալեն ետքը բնական է, որ մեր ընթերցողներն դժկամակին մտնել Թոբ Քաբույի եկեղեցին, ուր թաղեցին ալ մտնել շատ չսիրեր։ Թաղեցիին եկեղեցի չերթալուն պատճառն՝ եկեղեցվույն զանգակ չունենալն է կըսվեր. իսկ երբ երկու տարի առաջ Խրիմյան հոն քարոզ խոսելու գնաց և եկեղեցվույն մեջ մարդ չտեսավ՝ թաղականներուն դառնալով ըսավ.


— Պարապ բան է, որ ծախքեր կընեք ասանկ ժողովուրդին զանգակ շինել տալու համար, իմ տեսածիս ու հասկցածիս նայելով՝ սա պարիսպեն թնդանոթ ալ նետելու ըլլաք՝ աս տեղ մարդ եկեղեցի չպիտի գա։


Ջերմեռանդներուն գալով՝ ասոնք կը պատասխանեն, թե իրենք կուզեն ամին օր եկեղեցի երթալ, բայց կը վախնան, որ ձայնավորի ձայնեն կը վախնան և կը հիվանդանան։


Մենք ալ ուրեմն եկեղեցվույն դռնեն նայելով շատանանք վասնզի բժշկի ստակ տալու ժամանակ չէ։


Այս եկեղեցվույն մեկ կողմն է թաղային վարժարանն, ուր եթե Աստված կամենա, մանչեր պիտի դաստիարակվին օր մը:


Այս վարժարանին դրան վրան տախտակ մը կար ժամանակավ, որու վրա գրված Էր Լևոնյան վարժարան: Հիմա այդ տախտակը վերցված Է և տեղն ուրիշ բան մը դրված չէ։ Երկու հարյուրի մոտ աշակերտներ կան սույն վարժարանին մեջ. որու ուսման ընթացքը վեց տարվան բաժնված է հետևյալ եղանակավ:

Ա. Տարի Ուղղական Բան
Բ. » Սեռական Բանի
Գ. » Տրական Բանի ի Բան
Դ. » Հայցական Զբան
Ե. » Բացառական ի Բանէ
Զ. » Գործիական Բանիւ։


Աշակերտ մը վեցերորդ տարին լրացունելուն պես վարժարանեն կելնե, և հայրը վաճառական մը կը փնտրե, որ աղան անոր քով գրագրության տա։ Իսկ երբ հայրն չհաջողի զավակը վաճառականի մը քով գրագրության դնել կը սրդողի և կը զղջա յուր տղուն այնչափ ուսմունք սորվեցուցած ըլլալուն համար։


— Կարապետ աղա, զավկիդ տեղ մը գտա՞ր։


— Չէ, ուսմունքն ալ պարապ բան է եղեր, եղբայր. տղաս տասնևվեց տարի կարդալ տվի, որ ուսումնական ըլլա և վարժարանեն ելնելուն պես վաճառականի մը քով դնեմ, որ մարդ ըլլա։ Ամեն բան գիտե, կրակի պես է, գրիչեն արյուն կը կաթե, բայց ի՞նչ օգուտ։


— Վաճառական մը չգտա՞ր։


— Քանի մը վաճառականներու ներկայացուցի զինքը, բայց այդ վաճառականներն ալ տգետ ըլլալով՝ տղուս հարգը չեն ճանչնար, մյուս տղաս պիտի հանեմ վարժարանեն և արհեստի պիտի տամ:


— Շատ լավ կընեք։


Եկեղեցվույն մյուս կողմն է աղջիկներու վարժարանն, որու վրա ալ ժամանակավ Գոհարիկյան վարժարան գրված էր և վարժարանին մեջ քիչ-շատ ուսում կար, իսկ հիմա Գոհարիկյան վարժարան անունն և ուսմունքն վերցված են իբրև ավելորդ բաներ և միայն վաթսունի չափ աղջիկներ կերթան կուգան իրենց կերածը մարսելու և քալել սորվելու համար, վերջինը կրնա օգտակար ուսում մը համարվիլ, վասնզի շատ աղջիկներ քալելու կերպն ալ չեն գիտեր։


Թաղիս թաղականները գրեթե բնավ չեն փոխվիր. մեկ կողմե հրաժարական կուտան, մյուս կողմե հրահանգ կը ղրկվի Պատրիարքարանեն, հին թաղականները նորեն կընտրվին և առոք փառոք պաշտոնի գլուխ կանցնին և կսկսին գործել։


Վիճաբանության մեջ թաղականներու գործածած պաշտոնական լեզուն հետևյալն է։


— Շունշանորդի՛, ես քեզի չըսի՞, որ այդ գումարը հաշվույն չանցունես։


— Փատի կտո՛ր, ինչո՞ւ պիտի չանցունեմ եղեր։ — Իրարու ինչո՜ւ անվայել խոսքեր կընեք, իշու կտորներ, չե՞ք ամչնար, մենք թաղական պիտի ըլլանք, ամեն մարդ մեզմե բարի օրինակ պիտի առնե... ավանակի պես կը վարվիք իրարու հետ... արջ ու պես կը խոսիք...։


— Հիմա հորդ պառկած տեղեն կսկսիմ հա՛... քեզի ի՜նչ կըլլա կոր... մենք իրարու հետ հաշիվի մը վրայոք մարդու պես կը խօսինք կոր...


— Սա աթոռն բռնելուս պես գլխուդ կիջեցունեմ հա՛, իշու թոռ, իրարու հետ քաղաքավարությամբ խոսեցեք ըսի, ավանա՛կ, գոմեշ... գե՞շ ըսի։


Թաղականի մեջ մեկ հոգի կա միայն, որ սուրբ կամ Ծնունդի օրերը առատ-առատ ժամուց կուտա յուր քսակեն. մնացածներն ալ առատորեն ժամուց կուտային, բայց թաղականի սնտուկեն կուտային ժամանակավ, իսկ հիմա, որ թաղին մեջ իմացված է սնտուկեն ժամուց տրվիլը, սուրբ Զատկի և Ծնունդի օրերը հիշյալ թաղականներն եկեղեցիեն կանուխ կելնեն կերթան, որ չստիպվին ժամուց տայ իրենց քսակեն...


Եթե հարցվի, թե ի՞նչ է Թաղական Խորհրդո տեսած գործը՝ կը պատասխանենք, որ անոր գլխավոր գործն է չորս կալվածներե գոյացած եկամուտը հավաքել և մեկ լուսարարին ու երկու ժամ կոչին ամսական վճարել։ Եթե լուսարարին ու ժամ կոչին հրահանգ տրվի, որ իրենց ամսականներն երթան այդ կալվածները վարձողներեն առնեն ամսե ամիս՝ թաղականներուն գործ չմնար։ Չմոռնանք ըսել սակայն, որ թաղականն երկու ամիսե ի վեր թաղին վարժարանին հոգաբարձությունն յուր վրա առած է... տեր Աստված ընդունելի արասցե... Ելնոդ հոգաբարձությունը, կըսեն, ողջ ըլլա, վարժարանները բավական կործանեց և հեռացավ։ Հիշյալ հոգաբարձության անդամները երկու տարի առաջ սուրբ Ստեփանոսի տոնախմբության օրը չորս տակառ օղի և ութը տակառ գինի բերել տալով վարժարանը՝ հոն սեղան շտկեցին և մինչև երեկո այնքան օղի և գինի խմեցին, որ չկրցան քալել և տակառի պես գլտորվելով կրցան իրենց տուները մտնել։ Վարժարանին աշակերտներն տեսան իրենց հոգաբարձուներն նույն վիճակի մեջ և իրենք ալ գինետուն մը մտնելով մեյմեկ հատ տնկեցին ի փառս սրբույն Ստեփանոսի նախավկային։


Եկեղեցին երեք քահանա ունի, որք խոսք կառնեն այն խնդիրներու մեջ, որք հարսանիքի, կնունքի կամ ննջեցյալի հետ վերաբերություն ունին, ուրիշ խնդրո մը վրա խոսք բացված ժամանակ կը քնանան։


Թաղեցին ալ շատ հոգ չտան իր յուր վարժարանին ու եկեղեցվույն, միայն տյուզ օղիին վրա է յուր խելքը։ Թոբ գաբուցին միշտ մինչև առավոտ կը նստի գինետունը՝ յուր առջևն ունենալով տյուզի հետ քիչ մը եփած լուբիա կամ քիչ մը պտուղ եթե ոստիկաններ չգան ժամը երեքին և գինետան դուռը, զարնելով դուրս չհանեն զայն գինետունեն։ Յուր խոսակցությունը եղանակով է, կա՛մ շարքը պիտի կանչե կա՛մ մանի: Ազգային գործերուն վրա բան մի՛ հարցուներ իրեն, վասնզի սովորություն չունի ատանկ բաներու վրա խոսելու։ Իսկ եթե Կլատսթըն, Պիքոնսֆիլտ, Կրանվիլ անուններեն մին փախցունես՝ անմիջապես ապտակ մը կուտա երեսիդ ըսելով, թե ֆրանսերեն լեզվավ հայհոյած ես իրեն։ Ձայնավոր վարժապետն այս գինետունը բերելու է, որ ձայնը հանե և հոն եղողները վախցունե, որ մեյ մալ չերթան հոն։


Ուրիշ գինետան մը մեջ խումբ մը կա, որ թաղին ազնվական մասն է։ Ասոնք իրարմե մեյմեկ կանգուն հեռավորությամբ աթոռակներու վրա նստած են. իրենց առջևն ունին երեսուն փարանոց մեյմեկ շիշ տյուզ: Բնավ իրարու հետ չեն խոսիր, կարծես սրդողած են իրարու, իրենց երեսը կախած լռիկ մնջիկ իրենց շիշը պարպելու և նորեն լեցնել տալու կը նային։ Այնպիսի ձևով մը և պարկեշտությամբ մը կը խմեն, որ կարծես թե օղի խմելն պարտավորիչ է, և մեծ պատիժի պիտի ենթարկվին եթե կաթիլ մը օղի մնա շիշերուն մեջ։ Լռությունը կանոնավոր կերպով կը տիրե հոն... մեկը աչերը վեր առնելով յուր քովինին օղիի շիշին չնայիր. հոն արտասանված խոսքերն են բարի իրիկուն, սա լեցուր, գիշեր բարի: Խոսելու վարժված երեսփոխան մը կը ճաթի, եթե վայրկյան մը նստի ասոնց մեջ։


Կիները բնական է, որ բամբասանքը սիրեն, բայց իրենց աշխատասիրությունն, վարքն ու բարքը մեծ գովեստի արժանի են։ Ասոնք շատախոսություն ընելու համար տունե տուն պտըտող ու փողոցները չափող կիներեն չեն. կաշխատին և իրենց ձեռագործները ծախելով ստակ կը վաստկին. Պճնասիրություն բնավ չունին. պարկեշտությամբ կը հագվին և մեծ հնազանդություն ու հավատարմություն կը ցցունեն իրենց ամուսիններուն։ Շատ մը այրեր իրենց կիներուն, հայրեր իրենց աղջիկներուն, մանչեր իրենց մայրերուն բեռ եղած են և անոնց վաստկած դրամով կապրին... կեցցե՜ արական սեռին պատիվը...


Թաղիս մեջ 400 տուն կա հայու, որուն յուրաքանչյուրին մեջ գրեթե երկու ընտանիք կա։


Թոբ Քաբույի օդը շատ առողջ է, և եթե այսպես շարունակե՝ քահանաները այդ թաղեն հրաժարիլ պիտի ստիպվին,

վասնզի բնավ ննջեցյալ չըլլար եղեր։

ԿԵՏԻԿ ՓԱՇԱ

Այս թաղին ազգայիններն իրարու խոսք չեն հասկնար լեզուները խառնված են հոն, վասնզի վերջին հրդեհեն ի վեր Պոլսո բոլոր թաղերեն, ինչպես նաև գավառացի ազգայիններեն գաղթականություն հաստատված է հոս։


Ինչպես որ աշտարակը շինողներն իրարու լեզու չհասկնալնուն համար չկրցին աշտարակին շինությունն ավարտել, այնպես ալ ասոնք դեռ չհաջողեցան իրենց վարժարանին շինությունն ավարտել։


Յոթը կամ ութը ամիս է, որ ձեռնարկած են վարժարանի շինության, առանց անոր ծախքը նախապես հոգալու, ի սկզբան այնպես կարծած են ասոնք, որ վարժարանի հիմը դրվելուն պես՝ ուրիշ բան չմնար ընելու, եթե ոչ առավոտ երեկո քիչ մը ջուր տալ շենքին արմատին, որ բույսի պես աճի ու բարձրանա։ Ուստի հիմը դրվելուն պես թաղեցին ուրախացավ, որ վարժարանի խնդիրն ալ լուծվեցավ, և սպասեց, որ ինքնիրմե բարձրանա։ Իսկ երբ տեսավ, որ սխալած է յուր կարծիքին մեջ՝ սկսավ ասդին անդին վազել դրամ ճարելու համար: Շատ ծանր կերպով բարձրացավ այս շենքը. կես կանգուն բարձրանալուն պես՝ երկու ամիս դադար կառներ և կսպասեր, որ թաղեցին դրամ ճարե և նորեն սկսի բարձրանալ. եթե մեկ կանգուն բարձրանար՝ չորս ամիս կսպասեր։ Հիմա որ բավական բարձրացած է՝ դարձյալ կսպասե, որ պատուհաններու համար ապակի ճարեն ու բերեն։ Այս ընթացքով հուսալի է, որ մեկ-երկու տարիեն հիշյալ վարժարանն աշակերտ պիտի կրնա ընդունիլ։ Եկեղեցիեն քիչ մը վեր թաղային սրճարանին դեմ խրճիթ մը կա, ուր կը դաստիարակվին թաղին աշակերտները, որոնց թիվը քսանհինգ կամ երեսուն է։ Դպրոցին մեջ հետևյալ դասերը կավանդվին։


Առավոտեն մինչև կես օր եկեղեցական երգերու վարժություն.


Կես օրեն վերջը ծերական, Սաղմոս, Նարեկ և քիչ մալ պնակի վրա գրավարժություն։


Այսուամենայնիվ այս վարժապետը ննջեցյալի մը լուր առնելուն պես՝ դասերը կը թողու, ննջեցյալին կը դիմե և ննջեցյալեն վերադառնալուն՝ աշակերտները ծեծելու կը ձեռնարկե: Ծեծի դասը շաբաթը երեք անգամ է և ան ալ երեկոյան դեմ։


Սուրբ Հովհաննես Ավետարանիչ անվամբ եկեղեցի մը կա հոս, որուն քարոզիչն ուրիշ մտմտուք չունի, եթե ոչ սա՝ թե ի՞նչպես կարելի է քանի մը ամիսեն եպիսկոպոսության բարձրանալ: Ամեն կիրակի քարոզ կը խոսի, ամեն քարոզին բնաբան կը դնե Ավետարանեն մեկ պարբերություն մը և քարոզը կը վերջացունե արևելյան խնդիրով։


Հոս ալ թաղական Խորհուրդն ուրիշ Թաղական խորհուրդներու պես կարևորություն չտար վարժարանին, այլ կը նայի, որ հարուստ ազգայիններեն մեկը մեռնի և անկե երեք չորս հարյուր ոսկի փրցունելով անոր մարմինն եկեղեցվո մեջ թաղե։


Անհավատալի չէ, որ երբեմն թաղականի անդամներեն մեկը յուր հարուստ բարեկամներեն մեկուն հետ խոսակցի այսպես։


— Բարեկամ, քեզի համար գեղեցիկ տեղ մը կա։


— Ո՞ւր, Վոսփո՞ր։


— Չէ, Կետիկ Փաշայի կողմը... ծովահայաց գետին մը:


— Չեմ ուզեր։


— Սքանչելի տեղ... երեկ քանի մը բարեկամներ կը խոսիինք, ամենքս ալ քեզի արժանի տեսանք այդ տեղը։ Եթե ես ստակ ունենայի՝ ես կառնեի։ — Առնեմ ի՞նչ ընեմ, եղբայր։


— Եթե մեռնելու ըլլաս՝ իմաց տուր ինձի, որ այս տեղը քեզի տանք...


— Մեռնելես ետքը գետինն ի՞նչ ընեմ։


— Թաղվելու համար, եղբայր։


— Հիմա հասկցա միտքդ, բայց ես դեռ մեռնելու միտք չունիմ։


— Ես ալ չեմ ուզեր, որ հիմա մեռնիս. Աստված չընե, սակարկությունը լմնցունենք հիմա. դուն երբ որ ուզես՝ այն ատեն մեռի՛ր, միայն թե ստակը կանխիկ տուր, որ վարժարաննիս շինենք լմնցունենք։


Բարձր ձայն ունեցող ժամկոչները մեծ հարգ ու պատիվ կը վայելեն թաղիս մեջ։


Հոս 300 տուն կա հայու։ Մեծ մասը կեսարացի է, ժողովրրդյան մեկ մասին գործը սեղանավորություն է, աննշան մաս մալ արհեստավոր կը գտնվի։


Եթե այս թաղին մեջ ժիր և գործունյա մեկը տեսնես՝ ան ալ գավառացի հայն է. բնիկ թաղեցին գործունեութենե զուրկ է։


Թաղեցին նշանավոր է յուր անտարբերությամբն, զոր ցույց կուտա ամեն խնդիրներու մեջ։ Հոս եթե մեկու մը հագուստը կռնակեն քաշես առնես՝ ինչուս պետք կըսե և թող կուտա, որ հագուստը առնեն տանին։


Հոս հարուստ և փորը կուշտ մարդ չկա շատ. աղքատն ու արբեցողն չափեն ավելի է։


Եթե հոս վարպետորդի մեկը գտնվի՝ ամբողջ թաղն մատի վրա կառնե և ամիսներով ու տարիներով կը խաղցունե։


Թաղեցիներն այն աստիճան վախկոտ են, որ եթե քիչ մը բարձր ձայն հանես՝ ամենքն ալ կը զարհուրին և կը փախչին։


Այստեղ ընկերական կյանք չկա. իրենց ամենեն գլխավոր զրոսանքն է զբոսարանի մը մեջ մտնել և իքի յուզ խաղալ։


Իգական սեռն ոչ գործ ունի և ոչ արհեստ, իր կյանքը քնանալով կամ պատուհաններու առջև նստելով կանցունե։ Պարոններեն և օրիորդներեն ոմանք գիշերները փողոցները կը շրջին և անմեղ սիրահարություններով ժամանակ կանցունեն։


Ահա թաղին մեջ կը բնակի Փանոսյան, խմբագիր Մանգումեյի, բայց չգիտցվիր, թե թաղին վարժարանին վրա ինչո՞ւ հոգ չտանիր։ Հոս կը բնակին նաև քանի մը բժիշկներ, որոնցմե մին անցեալները մինչև որ ստակը չառավ՝ տունեն դուրս չելավ աղքատ հիվանդի մը երթալու համար։ Հարուստներն ալ պարտավոր են հոս նախ բժշկին այցելութեան գինը ղրկել և ապա աղաչել բժիշկն, որ բարեհաճի գալ և իրենց հիվանդն... մեռցունել։ Այն ատեն բժիշկը վազելով կերթա։


Հոս է Վարդովյանի թատրոնը, որ ձմեռվան եղանակին մեջ ներկայացումներ տալով ժողովուրդը կը կրթե։ Քանի մը ատենե ի վեր հայերեն ներկայացումներն արգիլված ըլլալով Բարձրագույն Դռան կողմե՝ միայն տաճկերեն լեզվով ներկայացումներ կը տրվին։ Քաղեցին ալ վախեն հայերեն չխոսիր, որ Բարձրագույն Դռնեն դիտողություն մը չըլլվի իրեն։


Այս թատրոնեն օգուտ քաղելով քանի մը խաբեբաներ չորս կանգուն երկայնությամբ և մեկ ու կես կանգուն լայնությամբ հայտարարություններ կը հրատարակեն, փառավոր ներկայացում, սքանչելի ներկայացում, խիստ շքեղ ներկայացում, արտաքո կարգի ներկայացում, ներքո կարգի ներկայացում և այլն ըսելով խեղճ ժողովրդյան քթեն կը բռնեն և անճոռնի ներկայացումներ տալով ժողովրդյան քսակը կը պարպեն։ Հոս թատրոնի դռնապանն հեղինակ կըլլա և ողբերգություն մը կը գրե՝ եթե առավոտ մը քսակին մեջ ստակ չգտնե։ Քատրոնի տեսարանին վրա փառավոր ներկայացումներ տրված են շնորհիվ Վարդովյանի անդուլ աշխատությանը, բայց տեսարանեն դուրս օթյակներու մեջ ալ ներկայացումները պակաս չեն եղած։ Քիչեր են, որ թատրոն կերթան՝ ներկայացված խաղը տեսնելու համար, շատերը օթյակներու մեջ կը նային՝ իրենց փնտրած անձերը գտնելու համար։


Երբ մարագույրը բացվի՝ հանդիսականները ուժգին ծափահարությամբ կողջունեն դերասաններն և իրենց երեսը կը դարձունեն դեպի օթյակները. շատ անգամ ծափահարություն մը կը լսվի այնպիսի վայրկենի մը մեջ, ուր բնավ հարկ չկա ծափ զարնելու։ Հանդիսականներեն ոմանք կըսեն.


— Ի՞նչ անպիտան մարդեր կան. հիմա ծափահարություն ընելու ի՞նչ կա։


Եվ չեն գիտեր խեղճերն, որ ծափահարություն ընողն խաղին համար չըրավ, այլ յուր սիրուհիեն ժպիտ մը կամ նշան մը առած ըլլալուն համար ծափ զարկավ։


Հնդհանրապես ուրիշ թաղերե ազգայիններ կուգան թատրոն։ Կետիկ փաշացին շռայլություն կը համարի տարին անգամ մը թատրոն երթալը։ Եվ արդեն հոս բնակողներուն մեծ մասը ոսկվո միայն երկրպագություն կընեն և ոչ ուրիշ բանի: Կան քանի մը հոգիներ, որ տարին անգամ մը կրնան թատրոնեն ներս մտնել ան ալ եթե հաջողին չքշված պակաս ոսկիները թատրոնի տոմսավաճառին կլլեցունել։ Եթե տոմսավաճառն դիտողություն ընելով հայտնե ոսկվո պակաս ըլլալն սա պատասխանը կառնե.


Եթե մեր ոսկին պակաս է՝ ձեր տալիք խաղն ալ լման չէ ա՛։


Ուրիշներն ալ տնտեսագիտության համար իրենց ընտանիքները կառնեն և փողոցի մեջ թատերաբեմին ետևի կողմը այնին, որ անկից լսեն ներկայացումն, մեկ մասն ալ տոմսավաճառի և կամ ուրիշ պաշտոնյայի մը հետ խոսքը մեկ ընելով՝ ձրի կը մտնե թատրոնեն, և Վարդովյան կը կարծե, թե այս անկարգություններուն առաջքն առնելով դրամ պիտի վաստկի։


Կետիկ Փաշայի դիրքը բարձր է և օդն ալ գեշ չէ. միայն թե մարդս յուր տունեն մինչև որ շուկա երթա՝ հազար ու մեկ գույն փոշիներու մեջ կը լողա, եթե լողալ չգիտնա՝ կը

խեղղվի։

ՍԿՅՈԻՏԱՐ ԵՆԻ ՄԱՀԱԼԵ

Լսած եք անշուշտ, որ ախտ մը կա, որու անունն է ինձի մի՛ դպչիր, բայց չեիք իմացած հարկավ, որ այդ ախտն այս թաղին մեջ ծնունդ առած է։


Հիմա հասկցաք ա՛լ, որ այս թաղին մատ դպցունելու չէ, եթե չեք ուզեր ավելի ևս վատթարացունել զայն։


Մեր ուշադրութենե վրիպելու չէ, որ եթե այս թաղին աղաներուն դպչելու չըլլաք՝ թաղին բոլոր իրավունքներն օտարի կը ծախեն. իսկ եթե դպչելու ըլլաք ազգին իրավունքներն օտարի կուտան. ահա դպչելու և չդպչելու տարբերությունն:


Փոքրիկ պատմություն մը ընենք հոս։


Բավական տարիներ առաջ, տեղվույն հույներր գերեզմանատուն չունենալով հոն՝ կը փափագին աժան գնով ծախու առնել գետին մը, ուր թաղել կուզեին իրենց ննջեցյալները։


Թաղին քանի մը հայ աղաները հույներու այս դիտավորությունը լսելով՝ անոնց հետ բանակցոլթյան կը մտնեն:


— Իմացանք, որ թաղիս մեջ տեղ մը կը փնտրեք եղեր ձեր ննջեցյալները թաղելու համար։


— Այո՛, անանկ միտք մը ունինք։


— Այս մասին մեր ձեռքեն եկած ծառայոլթյունը չենք զլանար ձեզի. երկու եկեղեցիներն արդեն քույր-եղյբայր են, իրարու շատ կը նմանին, երկվորյակ են կարծես...


— Շնորհակալ ենք։


— Քույրն եղբորն վրա կը խենդենա։


— Ողջ ըլլա: — Ըսեք մեզի հիմա, դուք ո՞ր կողմ կուզեք գետին ունենալ։


— Մենք կուզենք, որ ձեր գերեզմանատանը կեսը մերն ըլլա:


— Այդ ըլլալու բան չէ, ատոր խոսքը մի՛ ընեք...


— Ինչո՞ւ, քույրն յուր եղբորն այս ծառայությունը չկրնար ընել։


— Անկարելի է։


— Ինչո՞ւ անկարելի ըլլա, ատկե դյուրին ի՞նչ կրնա ըլլալ...


— Մեր գերեզմանատունն ի՞նչպես ձերինը կրնա ըլլալ...


— Գիշերվան մը մեջ մեր Պալըքչըյի գերեզմանատունեն գերեզմանաքարեր բերել կուտանք, կը դնենք, և հետևյալ օրը կըսեք, թե հույները մաս ունին եղեր մեր գերեզմանատան մեջ։


— Ատանկ բան մը կարող ենք ընել։


— Կարո՛ղ եք հապա, դուք թաղին երևելիներն եք, մեծերն եք, դուք ամբողջ թաղն ալ կրնաք ծախել։


— Հապա մեր խի՜ղճը...


— Խիղճն ասանկ գործերու մեջ մտնելու իրավունք չունի, խղճին ապտակ մը կը զարնեք դուրս կը վռնտեք... կամ թե ձեր խղճին քանի մը ոսկի կուտաք...


Իրավունք ունիք, խղճին դպչելու բան մը չկա հոս. մեր ըրածը գողություն չէ, սպանություն չէ. եղբայրն յուր քույրեն գետին կուզե, և քույրն ալ կուտա, ասոր ո՞վ կրնա բան մը ըսել...


— Խղճի վերաբերյալ խնդիր չէ աս... փառք Աստուծո, ձեր ըրածը գողություն չէ, ազգին մեկ կալվածեն մեզի ալ բաժին պիտի հաներ։ Ավետարանը կըսե, երկու շապիկ ունեցողն մեկն ընկերին տալու է. և որովհետև դուք հոս մեկ գերեզմանատուն ունիք՝ պետք է, որ կեսը մեզի տաք... աստվածահաճո գործ մէ սա։


— Մեզի ալ այնպես կը թվի... — Ձեր այս աստվածահաճո գործին ամբողջ վւսրձատրություն ալ պիտի ընդունիք...


— Չէ, չէ, մենք կաշառքով գործ չենք տեսներ։


— Կաշա՞ռք... Աստված չընե։


— Չենք ուզեր որ ըսեն, թե աղաները ստակ կերած են ու ազգին տեղն ուրիշին ծախած են։


— Մենք ալ չենք ուզեր։


— Ինչո՞ւ բամբասվինք։


— Ինչո՞ւ բամբասվիք... ես վարձատրություն բառը գործածելով՝ հասկցնել ուզեցի, թե Աստուծո կողմե պիտի վարձատրվիք։


— Ատոր ըսելիք չունինք, բայց կաշառք չենք ընդունիր։ Ուրիշ բան է, եթե դուք մեր տեսած գործեն գոհ ըլլաք և ձեր շնորհակալությունն հայտնելու համար մեզի դրամական նվեր մը ընեք... նայե, ատոր ըսելիք չունինք, իբրև նվեր կընդունինք, բայց իբրև կաշառք՝ բնավ երբեք ատ մեր պատվույն կը դպչի։


— Շատ լավ. մնաք բարով։


— Երթաք բարով։


— Քանի մօրեն կը տեսնվինք։


Քանի մօրեն ետքը հունական տապանաքարեր կը տեսնվին մեր գերեզմանատան մեջ. ժողովուրդն իրար կանցնի։


— Իմացա՞ր պարոն կարապետ։


— Չիմացա, ի՞նչ կա։


— Մեր գերեզմանատան մեջ հունաց քարեր կան։


— Անկարելի է:


— Ես տեսա։


— Թերևս մեր քարերը հունարենի թարգմանած են։


Ժողովուրդն աղաներու կը դիմե։


— Աղանե՛ր, ինչո՞ւ նստած եք։


— Ի՞նչ ընենք հապա։


— Գերեզմանատունը երթալու վրա է։


— Ո՞ւր։


— Չգիտենք ուր... հունաց քարեր կան։ — Օրհնյալ ժողովուրդ, առաջուց չկայի՞ն այդ քարերը:


— Չկային:


— Մեր գիտցածին նայելով այդ քարերը շատունց ի վեր կային հոն, և հույներն իրավունք ունին այդ գետնի վրա։


Ժողովուրդը կը հուզվի, գերեզմանատան մեջ կռիվը կսկսի, հիսունեն ավելի հայ երիտասարդներ կը բանտարկվին, և ազգը մեծ դժվարությամբ կարող կըլլա առնելու գերեզմանատան կեսը հույներեն՝ որք ամբողջ գերեզմանատունը կլնել կուզեին։ Հոս կը վերջանա այն փոքրիկ պատմությունն. որ այն ատեն մեծ հուզում պատճառած է ժողովրդյան մեջ։


Թաղականությունը հոս մենաշնորհ մէ քանի մը անձերու, որք քսան տարիե ի վեր իրենք զիրենք կընտրեն, ամեն տարի հրաժարական կուտան, նորեն կընտրվին, դարձյալ կը հրաժարին, վերստին կընտրվին։ Ասոնց քաղաքականությունը միապետական է, խեղճ Սահմանադրությունը ինքզինք կը պատռե և դարձյալ չի կարող յուր ձայնը լսելի ընել։ Թաղական Խորհուրդն ուզածին պես կը կառավարե վարժարանն, որ այժմ անդրջրհեղեղյան կարգի դպրոց մը կրնա համարվիր ճեմարանն այն աստիճան հինցած Է, որ ամենաթեթև հով մը փչած ժամանակ երկրպագություն կընե։ Եկեղեցին բավական հարուստ ըլլալով կարող էր յուր թաղին վարժարանին ծախքերը հոգալ եթե Աստված կամենար...


Թաղեցին այս մասին բոլորովին անհոգ է, իմին ինչո՜ւս պետք. Թաղական Խորհուրդն հարկավ իրավունք ունի, որ կըսե, այսպես կը վարվի։ Ազնվապետական մասը Թաղական Խորհրդո համամիտ է ամեն խնդիրներու մեջ, և այս մասն պատարագի ժամանակ երկու անգամ, առաքելոցին և օրհնյալ եղերուքիե, Թաղական Խորհրդարանը կերթա, սիկար քաշելու և խահվե խմելու, եթե երբեմն այս մասին մին մոռնա Թաղական Խորհրդարանն երթալու և խահվե խմելու՝ թաղականեն ժամկոչ մը կը ղրկվի եկեղեցին և իմաց կը տրվի այդ աղային, որ խահվեն պաղած է, հրամմե թո՛ղ խմե։


Եկեղեցվույն մեջ առաջին փնտռվելիք բանն է իրենց համար՝ փառավոր ձայնավորներ ունենալ, ասոնք կուզեն, որ իրենց ձայնավորին ձայնը Գատը դեղեն ալ լսվի, որ այդ գեղեն ալ ժողովուրդ գա իրենց եկեղեցվույն։


Ենի Մահալեն երկուքի բաժնված է, վերին Ենի Մահալե և ստորին Ենի Մահալե, և Ենի Մահալե՝ նոր թաղ կոչվելուն բուն պատճառն ալ թաղին հին ըլլալն է:


Վերին Ենի Մահալեն բոլորովին ազնվապետական է. ամե՛ն մարդու հետ տեսնվելու չզիջանիր. Ողիմպոսի աստվածներուն հետ միայն տեսնվելու արժանի կը համարին զիրենք: Այս մասն, ինչպես ըսինք՝ յուր կարծիքը թաղական աղաներուն տված է և բնավ բանի մը չխառնվիր. միայն կը խառնվի այն խնդիրներուն, որոնք աղեկ միսի, կարագի, բանջարեղենի, գինիի, օղիի և վերջապես մարմինը ուռեցնելու արհեստին հետ կապակցություն ունին։


Ահավասիկ վերի թաղին բնակիչներեն մեկուն խոսակցությունն սելամսըզցիի մը հետ.


— էֆենտի, այսօր ազգային ժողով գացի՞ր։


— Երթալու միտք չունեի, բայց այդ կողմեն միս առնելու ստիպված ըլլալով քիչ մը ներս նայեցա։


— Ի՞նչ կար։


— Շունշանորդիները պատվական միս կը կտրեն կոր...


— Ազգային ժողովին համար ըսի...


— Հեց ու կես օխա առի, բայց ասանկ ընտիր միս...


— Երեսփոխանները ամբողջ եկա՞ծ էին։


— Փաշա Լիմանի գինիով ի՞նչ աղվոր կերթա, գիտե՞ս:


— Եղբայր, Ազգային ժողովո մեջ ի՞նչ խոսեցան այսօր։


— Ւ՞նչ գիտնամ, եղբայր... փորձած եք, ոչխարի միսեն պիֆտեք կը շինվի՞ մի։


— Իմ խոսքի՛ս պատասխանե։


— Ի՞նչ պատասխանեմ, ես գիտե՞մ ինչ խոսեցան։ Երեսփոխանին մեկը դուրս ելած մեկուն կը պոռար ըսելով, թե ես քեզի պես ազգին ստակները կերած չեմ և քեզմե աղեկ օրենք գիտեմ... աղեկ օրենք գիտնալն ստակ չըներ, միտիան անանկ մեջ կը լեցունեն որ... այսօր ինչո՞ւ համար քեֆալ չկար։


— Մնաք բարով։ — Երթաք բարով, գիշերը եկուր նարտ խաղանք։


— Տեղս հեռու է, մնաք բարով։


Վերի թաղին իգական սեռը գեղեցիկ է, բայց արական սեռն այդ գեղեցկութենե զրկված է։ Իգական սեռին մեջ բամբասանքն այն աստիճան հառաջ գնացած է, որ եթե ուրիշ մը բամբասելու համար նստին՝ շաբաթե մը հազիվ կրնան լմնցունել։ Հոս կիներն պատուհաններու առջև կը նստին և փողոցեն անցնողին հասակին, քթին, մորուքին, հագուստին վրա գիտողություններ կընեն։ Կիները հոս երկու գլխարկով եկեղեցի կերթան, թեպետև մեկ գլուխ ունին։ Գլխարկին մեկն իրենց գլուխը կը դնեն և մյուսն սպասավորն կը տանի իրենց ետևեն։ Եկեղեցվո մեջ գլխարկը կը փոխվի։ Կիներուն գլուխներն այնքան փոքր են, որ հիմակվան գլխարկներեն հատ մը բավական էր չորս կնկան գլուխ գոցել եթե սովորություն ըլլար չորս-հինգ հոգիի մեկ գլխարկ դնելը։ Նորաձևությունը հոս կը պաշտվի։ Ենի մահալեցուհին Սելամսըգ կերթա և անկե հագուստի նոր ձևեր կը գողնա։


Վարի թաղն հասարակապետական է։ Երիտասարդության մեջ երբեմն շարժում կը տեսնվի, բայց այդ շարժումն միշտ ապարդյուն կր մնա. վասնզի միապետությունն թող չտար, որ երիտասարդությունը գործե։


Այս թաղին մեջ ալ ընկերություններ հաստատված և կործանված են. թեպետև այժմ չգիտենք, թե ընկերության մասին ի՞նչ վիճակի մեջ է, սակայն դյուրին է գուշակել, որ կա՛մ ընկերություն մը կազմվելու վրա է կամ ընկերություն մը կործանվելու վրա։


Երիտասարդության մեջ մաս մալ կա, որ ինքզինք ձայնավորության տված է և աղվոր խաղեր երգելով պոռալ կը փափագի, այս մասին կարծիքն այն է, թե գեղեցիկ ձայնով խաղ կանչելն մեծապես կը նպաստն ազգային հառաջադիմության և թե՛ եթե քիչ մալ օղի կամ գինի խմելով խաղեր կանչվին՝ ազգին վերականգնման գործը դյուրացած կը համարվի։ Թաղեցվույն ընդհանուր լեզուն տաճկերեն է, իսկ աղքատներունը հայերենով խառն տաճկերեն։


Գինետուն-հաճախողները մեծ մասամբ աղքատ են և մոլի. իրենց սովորությունն է ժամը չորսին տուն դառնալ: Հարուստները չեն երթար գինետուն և չերթալու ալ պատճառ ունին. վասնզի գինետուններն իրենց տուներուն մեջ փոխադրած են։ Այս թաղին թե՛ հարուստն և թե՛ աղքատն ընդհանրապես ուտելու, խմելու, պառկելու և քնանալու համար միայն աշխարհ եկած կր կարծե զինքը։


Հոս կը բնակի պարոն Խաչատուր Միսաքյան, որուն գործերուն հրատարակությանը կսպասե դեռ ազգն։


Հոս կը բնակեր Փունջ լրագրի խմբագիր պարոն Համբարձում Ալաճաճյան, որ յուր թերթը շաբաթն երկու անգամ հրատարակել բավ կը համարի ազգին ծառայելու համար։


Այս թաղն նույնն է այսօր՝ ինչ որ էր հարյուր տարի առաջ. և եթե երիտասարդությունն թաղին գործերուն ձեռք չերկնցնե երկու դար ալ այսպես կերթա։ Ուստի սելամսըզցիին կիյնա, որ շաբաթը մեկ անգամ հսկում ընե յուր դրացվույն համար։


Շատերը կը պնդեն, թե եթե Ենի մահալլեցիք քանի մը շաբաթ ուրիշ գեղ մը փոխադրվին օդափոխության համար թաղին օդը կը փոխվի և թաղեցին ալ յար կարծիքներուն մեջ փոփոխություն զգալով քիչ մը կարթննա քունեն։


Տեղվույս քարոզիչն է Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյան, որ եպիսկոպոսանալու համար Ղալաթիո օճախը գործիք եղած է ժամանակավ, և յուր ձեռներեն բռնելով քալեցնող Հայրիկն տապալելու աշխատած է գիշեր ցերեկ... թերևս օր մը արդարանար այս մարդն, եթե աշխատակից չլիներ այնպիսի խմբակի մը, որ իրեն անձնական շահուն համար կը գործե միայն։ Արդյոք պատրիարք ըլլալու համար զո՞վ պիտի մատնե

այս կրոնավորը...

Բ Ե Ր Ա

Բերայի սահմանն է արևելքեն խաղամոլություն, արևմուտքեն պճնասիրություն, հարավեն շռայլություն և հյուսիսեն խարդախություն։


Ա՛լ ասանկ սահմանակիցներ ունենալեդ ետքը հանդարտ սրտով կյանք անցո՛ւր։


Այս թաղը Պոլսո Բարիզն է, եթե Բարիզն իրեն նվաստություն չհամարիր յուր անունն Բերայի վրա տեսնելը։


Անվանի են հասարակաց պարտեզներն, որք դրախտ ալ կը կոչվին և ուր կը գտնվի ծառ գիտութեան բարւոյ և չարի բարւոյ ծառը դեռ պտուղներով բեռնավորված է, իսկ չարի ձառին վրա ոչ թե պտուղ, այլ տերև անգամ չես կարող գտնել։


Փողոցները բավական լայն են, միայն թե առավոտներն այդ փողոցներե անցնելու չգար, վասնզի ամեն առավոտ կավլվին և փոշեղեն մառախուղ մը չորս կողմը կը պատե:


Ունի գեղեցիկ խոսարաններ, որոնց մեջ երգեցիկ աղջիկներ մինչև առավոտ եղանակով կը խոսին այլևայլ նյութերու վրա։ Ունի նաև համալսարաններ, որոնց մեջ աղեկ թուղթ խաղալու, վարպետությամբ դիմացինդ կողոպտելու գիտությունը կավանդվի դյուրուսույց եղանակով։


Տուներուն գրեթե երեք մասը քար ու կիր է։ Այս տուները շատ քաջ են. կրակե բնավ չեն վախնար, բայց կայրին։


Ձեռագործներն մեծ կատարելության հասած են. գեղեցիկ սեռեն անոնք, որ գող կըլլային, եթե արական սեռին վերաբերեին, հոս խանութներ բացած՝ մեր ազգային աղջիկներուն և տիկիններուն գրպաններեն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, ամեն րոպե, բազում դրամ կը քաշեն։


Փոքրիկ գլխարկի մը համար երկու ոսկի կուզեն, իսկ զայն շտկելու համար, այսինքն վրան ծաղիկ մը կապելու համար մեկ ոսկի կը պահանջեն։ Բարիզեն եկած գաղապարին համեմատ շապիկներ կի կարեն, զոր առաջին անգամ կոճկելուդ կոճակները կը բրդին, եթե քիչ մը երկար շունչ առնես՝ կաբերը կը քակվին. այսպես հասկցիր բոլոր հագուստներուն համար։ Այս տեղեն շապիկ կամ զգեստ ծախու առնողն ուշադրությամբ և որոշյալ չափով շունչ առնելու է։


Նշանավոր Է յուր լիճն, որ ձմեռ ատեն կը գոյանա Թագսիմեն մինչև Ղալաթիո Սերայը։ Ընկերություն մը այդ լճին վրա նավակներ բանեցնելու արտոնություն խնդրեց, բայց չկրցավ ս՛տանալ։


Եթե արտոնություն տրված ըլլար՝ այդ մարդը մեծ գումարներ կը շահեր, սակայն այս արտոնության հակառակեցան կիներեն ոմանք, որք բարեպատեհ առիթ կը համարեին սույն լիճն իրենց խոշոր սրունքներն արգո հասարակության ցույց տալու համար, վասնզի երբ այդ լճակեն անցնեին՝ մինչև ծունկերը վեր կառնեին իրենց շրջազգեստն։ Գալով այն կիներուն, որք նիհար սրունքներ ունեին՝ ասոնք բավական աշխատեցան, որ շնորհվի այդ արտոնությունն, որպեսզի իրենք ալ ձմեռվան եղանակին մեջ կարողանային դուրս ելնելու ազատությունը վայելել, վասնզի ասոնք կզգուշանային իրենց տկար սրունքներն ուրիշներու ցցունելե, միանգամ ընդ միշտ հաստատելու համար այն ճշմարտությունն, թե կիներն իրենց տգեղ կողմերն ծածկելու համար միշտ մեծ զոհողություններ կընեն։


Այս թաղին ազգայիններուն վրա կատարյալ տեղեկություն տալու համար՝ պարտավոր ենք շատ մասերու բաժնել զանոնք։


Մաս մը կա, որ բնիկ բերացի չէ, այլ կամ Հաս գյուղցի կամ Ենի քաբուցի է, որ ժամանակավ շատ հարուստ ըլլալուն պատճառով այս թաղն եկած է և սնանկացած է, որպես թե հաս գյուղի կամ Ենի աբույի մեջ սնանկանալն մեծ դժվարություններ ունենար։ Արդ, սնանկացած բոլոր ամիրաներն գրեթե այս թաղին մեջ կը բնակին։ Եվ արդարև, այս թաղն շատ դյուրություններ կընծայե այն անձերուն, որք հաստատապես որոշած են դադրեցնել իրենց վճարումներն, և ասոր համար է, որ շատ վաճառականներ հոն կերթան՝ երբ սնանկանալ փափագին։ Շատերն ալ սնանկանալն վերջը հոն կերթան՝ իրենց ծանոթներե հեռու մնալու համար, վասնզի սնանկությունն ժամանակավ այնքան անպատիվ բան մը նկատված էր, որ սնանկացող մը նորընծա քահանայի մը պես քառասուն օր ապաշխարանք կը քաշեր և տունեն դուրս չէր ելներ։ Հիմա, փա՜ռք լուսավորության, սնանկությունը թեպետև սովորական բան մը դարձած է, բայց դարձյալ կը գտնվին խավարյալ մարդեր, որոնք իրենց փոքրություն և ամոթ կը համարին ուրիշին իրավունքը կլնելը։ Ահա այս խավարյալներն են, որ Բերա կը գաղթեն, լույս մաղթենք իրենց համար, որպեսզի նախապաշարումը մեկդի թողլով՝ հանդարտ խղճով սնանկանան և իրենց մեծ պատիվ համարին ուրիշներու ստակներն ուտելը. Արդեն հարստանալու համար ամենեն կարճ ճանբան է աս, և այն բոլոր հարուստներն, զորս այսօր կը տեսնենք, բայց տեսնել չենք ուզեր՝ այդ ճանբով հասած են իրենց նավահանգիստը։ Ահա մարդ մը, որ յուր կյանքին մեջ բնավ վաճառականությամբ չէ զբաղած և այսօր Վոսփորի երկու ափերուն վրա բարձրացած հոյակապ շենքերու տեր է։ Ի՜նչպես կառուցած է զանոնք, մի՛ հարցուներ, հափշտակությամբ կառուցած է։ Ասդին դարձիր և կը տեսնես այնպիսի անձեր, որք իրենց կյանքին մեջ հազիվ ապրելու համար դրամ վաստկած են, բայց այդ անձերն այսօր, չգիտեմ, ո՛ր կղզվույն մեջ տեր են այնչափ գետիններու՝ որոնցմե Նոյ նահապետին օրեն ի վեր մաս-մաս կը ծախեն, և այդ գետինները չեն սպառիր, ո՛չ թե միայն չեն սպառիր, այլ որքան ծախվին՝ այնքան կընդարձակվին: Ի՜նչպետ մի հարցուներ, վասնզի պատասխանը գողություն է, և այս դողերն մեծ հարգ ու պատիվ կը վայելեն հասարակության մեջ՝ որ կըսե անոնց համար. — Շատ խելացի, շատ ճարպիկ մարդեր են. կանխավ պատրաստած են իրենց ապագան։


Եթե ասոնք ուրիշ հողի մը վրա գտնվեին՝ ցմահ բանտարկության կը դատապարտվեին։


Դաս մալ կա, որ ո՛չ գործ ունի և ո՛չ եկամուտ և ո՛չ ալ հոգ ապրելու համար։ Այս մասին վրա եթե ակնարկ մը ընես՝ կը զարմանաս, թե ինչպես կապրի և ինչո՛ւ անոթութենե չմեռնիք. բայց երբ իր ընթացքը քիչ մը քննես՝ կը զարմանաս, թե ինչո՛ւ միլիոնի տեր չըլլար։ Այս մասին բոլոր դրամագլուխն է յուր կրած հագուստն, զոր կը շինե՝ բարեկամներե նախ փոխ առնելով և հետո չվճարելով։ Բոլոր հարստությունն յուր վրա կը կրե, Պիասի աշակերտներեն է։ Այդ հագուստին տեր ըլլալուն պես՝ բարեկամե մը քանի մը դահեկան կը գտնե և կերթա թաղին ամենեն նշանավոր սրճարանին մեջ կը նստի։ Աչերը կը հառե սրճարանին դրանը, ուսկից անծանոթի մը մտնելուն կսպասե ճիշտ այն ձկնորսին պես, որ կարթը կը ձգե ջուրին մեջ և ձուկի մը գալուն կսպասե: Օտարական մը մտա՞վի անոր հետ իսկույն բարեկամ կըլլա, քովը կ՛երթա և կսկսի խոսակցության.


— Ե՞րբ եկաք, կը հարցունե անոր։


— Երեկ գիշեր եկա։


— Ես զձեզ տեղ մը տեսած եմ, զձեղ պիտի ճանաչեմ... բայց հիշողությունս քիչ մը տկար է ու...


— Կարելի է։


— Մարտիրոս աղային քեռորդիեն եք դուք։


— Ո՞ր Մարտիրոս աղային։


— Մարտիրոս աղա մը կար... սա ինքը... սա Մարտիրոս տղան, որ վերջը... վերջը բան մը եղավ։


— Վերջաբա՞ն մի եղավ...


— Վերջաբան մը եղավ, ըսին այն ատենները։


— Մարտիրոս անունով մորեղբայր չունիմ ես։


— Չունի՞ք մի։


— Չունիմ:


— Ո՞վ է ան ուրեմն, որ Մարտիրոս անունով մորեղբայր մը ունի, որ վերջը բան մը եղավ... ներեցե՛ք, ներեցե՛ք, հիմա հիշեցի... դուք չեք. ես ձեզի ուրիշի մը նմանցուցի... Կարապետն էր այն, որ ձեզմե աղեկ չըլլար, բարեկամս էր և որ Մարտիրոս աղային քեռորդին էր. պատվական երիտասարդ մէ՛ր, բայց վեց տարի կա, որ զինքը տեսած չունիմ։ Մարտիրոս աղան ալ բարի մարդ մէր, որ վերջը... վերջը... տեր ողորմյա, ի՜նչ եղավ այս մարդը վերջը... հա՛, վերջը շատ աղքատ եղավ. վասնզի իր բոլոր հարստությունը քոնսոլիտի մեջ թաղեց... խե՜ղճ Մարտիրոս աղան։ Բայց ես զձեզ ալ անպատճառ տեղ մը տեսած եմ, և ձեր դեմքն ինձի ծանոթ է։


— Հավական է, որ Ենի Բարու տեսած ըլլաք։


Ճիշտ Ենի Բաբու, ճիշտ, ահ, եղբայր, կաղաչեմ, որ քոնսոլիտ չխաղաք, քոնսոլիտը կը սնանկացնե մարդս, ինչպես նաև երբեմն մարդս կը սնանկացնե քոնսոլիտը:


— Ես չեմ խաղար։


— Կեցցե՛ս. հիմա սիրեցի զքեզ... ներեցե՛ք, խոսքի բռնվեցանք և մոռցա հարցնելու, թե ի՞նչ պիտի հրամմեք... խահվե՞ թե օղի։


— Բերանս չեմ դներ օղի։


— Դարձյալ կեցցես, դարձյալ սիրեցի զքեզ. քանիներու խրատ տված եմ, որ սա անիծյալ ըմպելիքեն ետ կենան, և խրատս լսելի չէ եղած։ Խահվե մը բեր։ Տունը ի՜նչպես են, ա՜ղեկ են. մայրդ ի՜նչպես է։


— Մայր չունիմ։


— Դուք ողջ եղեք։ Ներելի՜ է հարցունել, թե ինչով կը զբաղիք։


— Պզտիկ վաճառականությամբ մը... կտավի գործ։


— Շատ լավ. կտավի գործը ամենեն աղեկն է։ Հորեղբորորդի մը ունիմ, զոր միշտ հորդորած եմ կտավի գործ ընել, բայց մտիկ չէ ըրած իմ խոսքերս։


— Հրամանքնիդ ինչո՞վ կզբաղիք։


— Շիտակը խոսելով ես հիմակուհիմա գործ մը չունիմ. մեր հորեն մնացած քանի մը տուներ կան, անոնց եկամուտովը կապրինք, կուզեմ գործի մը ձեռն զարնել, բայց չգիտեմ թե ինչ գործ բռնեմ...


Այս պահուն տան սպասավորի կերպարանքով մեկը կը մտնե և ատենաբանին խոսքը կընդմիջե՝ անոր ականջն բան մը փսփսալով։


— Առաջ ինչո՞ւ իմաց չտվիք։


— Ինքն քսան ոսկի ուզած էր, մենք ալ ձեր մեծապատվութենեն այնքան ուզեցինք։


— Տեր ողորմյա... հիմա ի՞նչ ընելու է... Վալաթիա գնա՛, սենյակը բաց...


— Մարդը հիմա կուզե, վասնզի վար չպիտի իջնա և հոս մեկու մը պիտի տա եղեր։


— Ճաթելո՛ւ բան...


— Ի՞նչ կա, կը հարցունե օտարականը։


— Ոչինչ, քսան ոսկինոց հայելի մը ապսպրած էի, մարդն երեսուն ոսկինոցեն բերած է և հիմա տասն ոսկի ալ կուզե. չսպասեր ալ, որ սպասավորը Ղալաթիայեն երթա բերե... սա եվրոպացիները զարմանալի մարդեր են...


— Եթե կընդունիք՝ ես տամ և ժամե մը ինձի կուտաք։


— Չէ, շէ, ի՞նչ ըսել է, ամոթ բան է. մանավանդ թե ես չեմ սիրեր փոխառություն ընել։


— Ի՞նչ վնաս ունի. ժամվան մը փոխառության խոսքը կըլլա՞... եկուր պարոն, ա՛ռ...


— Աս մեծ ամոթ եղավ շիտակը։


— Վնաս չունի։


— Մինաս, շուտ ըրե, Վալաթիայեն տասն ոսկին բեր։


— Շատ աղեկ։


Սպասավորը կը թռի։


— Ներումն կը խնդրեմ, բարեկամ։


— Զարմեր։


— Ի՞նչ բանի վրա կը խոսեինք։


— Գործ մը բռնելու վրա։


— Այո՛, կուզեմ գործի մը սկսիլ. բայց կը վախնամ, որ դրամագլուխս կը կորսնցնեմ, վասնզի հիմակվան գսրծերն շատ աղեկ չեն՝ իմ բռնած ընթացքս ավելի շահավոր է:


— Իրավունք ունիք... գործ բռնելու ժամանակը չէ:


Ժամ մը կը խոսակցին գործի վրա. սպասավորն, որ տասը ոսկին բերելու գնացած էր՝ վազելով զբոսարանին առջևեն անցած ատենը ներս կը կանչվի յուր տերեն։


— Ո՞ւր է, կը հարցունե իրեն, ստակը։


— Բանալին սխալ առած եմ. փոխելու կերթամ։


— Ա՛յ ապուշ, շուտ ըրե... ապուշ սպասավորներն ալ քաշվելու բաներ չեն շիտակը. քառասուն սպասավոր վախեցի, սա քառասունըմեկերորդը պիտի ըլլա։ Խելքը գլուխը սպասավոր մը կը ճանաչե՛ք։


— Չեմ գիտեր անանկ մեկը։


Այս խոսակցության միջոցին մեր բարեկամը մեկեն ի մեկ զբոսարանեն դուրս կը ցատկե և երեսուն տարու մեկու մը վիզը կը փաթտվի և կ՝սկսի անոր հետ պագտվիլ։ Համբույրի արարողությունն լմնալուն պես՝ յուր համբույրակիցին հետ զբոսարանին դրան առջև կուգա և յուր բարեկամին կըսե.


Եղբայրս է, որ Մարսիլիայեն եկած է... հետը տուն երթամ և քառորդե մը դառնամ, ներեցեք, հազար ներումն, միլիոն ներողություն...


Մարզն մինչև այսօր կ’սպասե այդ սրճարանին մեջ սպասավորին որ մինչև այսօր բանալին չէ կրցած գտնել, բարեկամին՝ որ եղբորը հետ դեռ կը պագտվի, և տասը ոսկիին՝ որ ետ դառնալու միտք չունի։ Ահա այս դասին մեկ գործն, որու ականատես ըլլալու պատիվն ունիմ։ Տարակույս չկա, թե այս տեսակ գործերն այսօր վաճառականութենեն ավելի շահ կը բերեն՝ եթե ամեն օր պատահին։


Ուրիշ մաս մը յուր բոլոր ժամերը խաղամոլությամբ կանցունե. նարտ, թուղթ և կամ ուրիշ տեսակ խաղ մը յուր արհեստն է. ատով յուր ընտանիքը կը կերակրե կամ անոթութենե կը մեռցունե։ Այս խաղամոլներն ալ երկու կարգի կը բաժնվին, հարուստներն ոսկիով կը խաղան, աղքատներն արծաթով։ Մաս մալ կա հոս, որ միջնորդ է կա՛մ տան, կամ սիրո և կամ երբեմն երկուքին մեկեն։


Չմոռնանք հիշել, որ ընդհանուր կանոն մէ հոս՝ շաբաթ մը անոթի մնալ և դարձյալ հին հագուստներով չպտըտիլ՝ քսան փարա չունեցողն Ռոչիլտի տղուն պես կը հագվի, և ասկից է, որ Բերան ուրիշ թաղերեն ավելի հարուստ կը կարծըվի։


Այս թաղին մեջ կը բնակին ազգին ամենեն նշանավոր հարուստ ազգայիններն, որք վերջին տարիներս իրենց քսակը բացած են բարենպատակ գործերու համար... միայն այն տեսակ բարենպատակ գործերու համար կուտան, որոնց շնորհիվ իրենց անունները լրագիրներու մեջ կը հրատարակվին և իրենք ալ կը փառավորվին. իսկ լումա մը չեն տար այն բարենպատակ գործերու համար, որք ազգին պատիվն ու փառքը կը կազմեն, վասնզի այդ լուման լրագիրներու մեջ պիտի չհրատարակվի, և մեծ անխելքություն է, որ մեկն ազգին երկու դահեկան տա և անունը լրագիրներու մեջ չհրատարակվի։ Բացառությունները մոռնալու չէ։


Կա երիտասարդություն մը, որ հինգ տարին անգամ մը կսթափի և մտքեն կանցունե կազմել ընկերություն մը եթե չկա, իսկ կործանել եթե կա։ Ատենոք համակամ ընկերություն մը կար, այժմ չիք։ Կազմված էր նաև Օժանդակ ընկերություն մը, որու նպատակն Էր աղքատ հիվանդներու ձրիաբար բժիշկ ղրկել և դեղ տալ։ Այս ընկիրությունն բավական դրամ հավաքեց, բայց ետքը անոր քանի մը անդամներն, որ աղքատ էին, հիվանդացան, և իրենց հիվանդությունն ալ ծանր ըլլալով՝ ընկերության դրամով ինքզինքնին դարմանեցին, որով ընկերությունն ալ յուր նպատակին հասած համարվեցավ։


Հոս կը բնակին ազգին ամենեն երևելի բժիշկներն։ Հոս կը գտնվին ընդհանրապես ազգին ամենեն նշանավոր հիվանդություններն, ինչպես են կալվածոց հոգաբարձության խնդիրը, Հասունյան խնդիրը և այլն։


Գարակյողյան եղբայրներուն շինելիք վարժարանը այս թաղին գերեզմանական մեջ պիտի բարձրանա, եթե... քոնսոլիտները բարեհաճին բարձրանալ։


Հոս ալ թաղեցին յուր թաղականեն գոհ չըլլար երբեք և այս պատճառավ թաղականի կռիվները պակաս չեն։


Թաղային վարժարանը, Նարեկյան անուն, ուրիշ թաղային վարժարաններու հետ բաղդատելով՝ շատ խեղճ է, հարբուխե բռնված է աս, մինչդեռ մյուսները տենդե կը տանջվին:


Թաղիս մեջ չորս եկեղեցի կա. Սուրբ Երրորդութեան, Խորվիրապ, Ոսկեբերան և Սուրբ Հարություն, և այս չորս եկեղեցիներու մեջ չորս բարեպաշտ քրիստոնյա չկա։


Թաղեցին շատ զբոսասեր է. ամառվան եղանակին մեջ հասարակաց պարտեզը կամ մասնավորաց պարտեզները կերթան և ձմեռն ալ թատրոններ, պարահանդեսներ և ուրիշ զբոսարաններ կը հաճախեն։


Իգական սեռն ինքզինքը բոլորովին հայելիներուն տված է. ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով և դարերով հայելիներու առջև կը կանգնի և ինքզինքը կը գեղեցկացունե։ Բացառությունը խիստ քիչ է այս մասին։ Կիներրեն շատերն այն ատեն միայն կը հագվին, երբ դուրս ելնել կամ հյուր ընդունիլ հարկ ըլլա. իսկ եթե այս հարկը չներկայանա՝ տան մեջ գիշերազգեստով կը պտըտին. արդյոք ցերեկազգեստով կը մտնեն անկողին։


Կիներուն բամբասանքը հոս քիչ է. եթե երբեմն բամբասանք մը ընել պետք ըլլա՝ խիստ քաղաքավարությամբ կը վարվին։


— Տիկին իմացա որ Ք...-ին կինը Զ...—ին էրիկը կը սիրե եղեր, բայց կը խնդրեմ, որ այս խոսքս գաղտնի մնա քովդ։


— Վստահ եղիր, որ մեկու մը Չեմ ըսեր։


Լուր տվող տիկինը կը մեկնի, և տիկին Ք... յուր դրացույն դուռը կը զարնե։ Սպասավորը դուռը կը բանա։


— Տիկինդ վար կանչե, Մինա՛ս։


— Տիկինը չորս ժամ է, որ հագվելու համար սենյակը մտավ և տակավին չելավ: — Շուա գնա՛, ըսե իրեն, որ տիկին Ք... եկած է և կարևոր խոսք մը ունի ըսելու։

Սպասավորը վեր կը վազե, իմաց կուտա տիկնոջն, որ հագված ըլլալով՝ վար կիջնա։


— Վեր հրամմեցեք, տիկին Ք...


— Չեմ կրնար, տիկին Շ... խոսք մը ընեմ և երթամ պիտի վասնզի գործ ունիմ տունը:


—Խե՞ր է:


— Ի՞նչպես խեր... Փ...ին կինը Զ...ին Էրիկը կը սիրե եղեր, բայց ոտքդ պագնեմ, ուրիշի մի՛ ըսեր, գաղտնի պահե. մնաք բարով:


— Ասանկ բան ուրիշին կըսվի... անհոգ եղիր։


Տիկին Ք... կը մեկնի, և տիկին Շ... սպասավորին կըսե.


— Սա հովանոցս ինձի բեր։


Հովանոցը կը բերվի, և տիկին Շ... ձախ թևի փողոցը կը մտնե և տան մը դուռը կը զարնե։ Դուռը կը բացվի, վեր կելնե և կը դիմավորվի խոշոր կնիկե մը։


— Հրամմեցեք, տիկին Շ... կըսե տան տիկինը, հրամանքնիդ. ալ հոս կուգա՞ք եղեր, ո՞ր հովը փչեց ասանկ:


—Սանկ... ի՞նչպես եք, աղե՞կ եք. ի՞նչպես է ձեր ամուսինը... Փ...—ին կինը Զ...—ին Էրիկը կը սիրե եղեր, հիմա իմացա և շատ ցավեցա։ Ոտքդ պագնեմ, չըլլա որ ուրիշի զրուցես. վասնզի ինձի ըսողն պատվիրեց, որ մեկու մը չըսեմ։


— Անհոգ եղիր, կ՛ըսե, և տիկին Շ...ին մեկնելեն անմիջապես ետքը փողոց կը վազե՝ յուր ծանոթներուն ավետիս տատալու։


Բայց իրա՞վ է, որ Փ...ին կինը Զ...ին Էրիկը կը սիրե. քավ լիցի... մեծ սուտ մէ... արդեն Փ...ին կինն յուր Էրիկն անգամ չսիրեր։ Փ...ին կինն օր մը այս լուրը ստեղծող տիկինին շրջազգեստն դիպվածով կոխած էր եկեղեցվույն մեջ և զայն քիչ մը պատռած էր. այդ տիկինն ալ Փ...ին կինեն վրեժ լուծելու համար ասանկ արատ մը ըսելու ելած էր անոր վրա։


Բերայի գեղեցիկ սեռին վրա ավելի խոսիլն ավելորդ կը համարինք, քանի որ ըսինք, թե հայելիին առջև միայն կյանք կանցունե. այսչափը բավական է, այսչափը շատ իսկ է։


Ամառվան եղանակին մեջ այս թաղին մեջ ջուր չգտնվիբր և թաղեցին կստիպվի առանց ջուրի անցունել... յուր օղին։


Օդն աղեկ է, բայց կերևի որ ամառն օդ ալ չգտնվիր. վասնզի հարուստները գեղերը կերթան օդ առնելու։


Բերայի մեջ հայու ո՞րչափ տուն կա, այս հարցման այն ատեն կրնանք գոհացուցիչ պատասխան տալ երբ օրինավոր վիճակագրություն մը ըլլա։ Առանց այս վիճակագրության սպասելու ինչ որ ըսենք՝ վավերական չպիտի համարվի, մանավանդ թե այս մասին կարծիքները համաձայն չեն։ Ոմանք կը կարծեն, թե Բերայի մեջ երկու հազար տուն կա հայու, ոմանք կը պնդեն, թե երկու հազար հինգ հարյուր տուն կա. ըսողներ ալ կան, թե հազար հինգ հարյուր է Բերայի տուներուն թիվը... չափազանցություն, չափազանցություն... չափազանցություն... իմ կարծիքովս հազիվ երեք տուն հայ կա

Բերայի մեջ...

Պ Ա Լ Ա Տ

Մայրաքաղաքիս թաղերուն առաջինը կը համարվի, երբ աժան գնով բանջարեղեն կամ պտուղ ծախու առնելու վրա է խնդիրը. փա՜ռք հրեա ազգին, բուսային ուտելիքն շատ վար գնով կը վաճառվի հոս։ Բայց միայն պալատցին օգուտ կը քաղե այս աժանութենե, որովհետև բերացին կամ սկյուտարցին կաղամբ կամ խնձոր դնելու համար Պալատ չկրնար երթալ, ինչպես որ ես ալ Ամերիկա չեմ երթար սնտուկ մը կազ գնելու համար։


Այս թաղին մեջ կա քար ու կիր մեծ եկեղեցի մը։ Այդ քար ու կիր շենքին անունն է Հրեշտակապետ, որ ինչպես հայտնի է մահկանացուներուս հոգիները կառնե և որ, ինչպես հայտնի չէ՝ բժիշկներու վերատեսուչը կը համարվի։ Այսուհետև ա՛լ մի զարմանար, թե ինչո՜ւ ընդհանրապես շատ համբավ կստանան այն բժիշկներն, որք ընդհանրապես շատ մարդ կը մեռցունեն, վասնզի անոնք հրեշտակապետեն պաշտպանությունը կր վայելեն։


Հրեշտակապետն էր, որ հոգին առավ Ռոտոսթոյի առաջնորդ Թադեոս եպիսկոպոսին, որու մարմինն հիշյալ եկեղեցվույն մեջ թաղված է։ Եթե գիտնայինք, որ Հրեշտակապետն մամլո ազատությունն կը հարգե, կիմացոսնեինք իրեն, որ այս ընտրության մեջ սխալած է, վասնզի Թադեոս եպիսկոպոսն ազգին շատ վնասակար,— որովհետև բնավ վնասակար շեղողը չկա, կրոնավոր մը չէր, և եթե Հրեշտակապետն անպատճառ որոշած էր կրոնավորի մը հոգին առնել մենք կըրնայինք իրեն ներկայացնել քառասուն ընտրելիներ, սրոնցմե յուր ուզածն կարող էր անդիի աշխարհ ղրկել:


Այս եկեղեցվույն մեջ ատենոք տասնևութ քահանա կապրեր, իսկ հիմա միայն հինգ քահանա անոթութենե կը մեռնի... ձեզի կը թողում թաղեցվույն ջերմեռանդության հաշիվն ըներ Պալատ ունի մանչերու թաղային վարժարան, ուր հարյուր ութսուն աշակերտ կերթա։ Կա նաև աղջիկներու թաղային վարժարան մը, որ ութսուն աշակերտ ունի։ Երկու վարժուհի, ինը դասատու, մեկ տեսուչ և քառասուն ոսկի օսմանյան՝ կը կառավարեն այս երկու վարժարանները: Այս քառասուն ոսկիին քսանը եկեղեցիեն կը վճարվի, տասներկուքը աշակերտներու թոշակեն և մնացած ութը ոսկին հոգաբարձութենե, որ բնավ չդադրիր վիճակ հանելե և նվիրատոմս տպել տալե հօգուտ այս վարժարանին։


Հոս թաղական կընտրվին միշտ այն անձերն, որոնց մազն ու մորուքը ճերմկցած են. իսկ երբ սև մազերով ու պեխերով մարդեր թաղական ընտրվին՝ ընտրությունն ապօրինավոր կը համարվի։ Այս սովորությունն եթե յուր վնասն ունի՝ սա օգուտն ալ ունի, որ շատերը, թաղական ընտրվելու փափագով, իրենց մազերն ու պեխերը չեն ներկեր։


Պալատու մեջ կար ժամանակավ Ժողուրդասեր անվամբ ընկերություն մը, որուն անունը վերջեն Շահասերի փոխվեցավ և որուն քանի մը հարյուր ոսկիներն քանի մը ազգասեր ստամոքսներու մեջ հալեցան։ Հիմա Աղքատասեր անվամբ ընկերություն մը կա, որ սուրբ Ծնունդին և զատկին օրերը թաղին աղքատներուն կը բաժնե տարվան մեջ հավաքված գումարը և տարին երկու օր կը խնդացնե թաղին աղքատները:


Վեց հարյուր քսան և չորս տուն հայ կա թաղիս մեջ։


Թաղեցվույն մեծ մասը արհեստավոր է, որուն սովորությունն է ամեն կիթակի առավոտ բաղնիք երթալ և բաղնիքեն ետքը եկեղեցի և եկեղեցիեն վերջը գինետուն։ Աղոթքն, ինչպես կը տեսնվի՝ յուր առջևն ունի մաքրություն և ետևն օղի։ Ըստ մեզ թաղեցին ավելի տրամաբանորեն վարված կըլլար՝ եթե նախ գինետուն երթար, ետքը բաղնիք և ամենեն վերջը եկեղեցի մտներ: Թևպետ և թաղիս մեջ տասը գինետուն կա՝ բայց թաղեցին հազար հինգհարյուր գինետուն ապրեցնելու կարող է, վասնզի գինետուն պահելն վարժարան պահելու պես դժվարություններ չունի, վասնզի ամեն մարդ ամեն երեկո ազգասիրաբար առնվազն քառասուն փարա կուտա գինետան։


Պալատցին որչափ քիչ դպրոցասեր՝ այնչափ շատ հյուրասեր է. յուր հյուրասիրութենե ծնունդ առած է հետևյալ առառածը.


«Պաղտատ գացողը վերադարձած է, իսկ Պալատ գացողը վերադարձած չէ»։


Եթե թաղիս մեջ գիշեր մը հյուր գտնվիս՝ զքեզ կատարեմ լապես կը գինովցնեն։


Մեր ազգայիններն հոս գրեթե մեծ մասամբ դյուրահավան են: Գաղտնյաց զտող, գուշակություններ ընող կիներուն մեծ պատիվ և հավատք կընծայեն. ամենեն երևելի կախարդուհիներն այս թաղին մեջ կը բնակին։ Առանձնասեր են. նախապատիվ կը համարին ամիսներով առանձին նստիլ՝ քան թե ժամ մը մեկ երկու բարեկամներու հետ խոսակրիլ։ Չմոռնանք ըսել, թե շատակեր են, և եթե այս դարուս մեջ մեկը պալատրի սպասավոր մը ունենա՝ հացավաճառին հետ ամեն օր կռիվ ընելու կստիպվի, կարծելով թե հացավաճառը մեկ հացի տեղ չորս հաց անցուցած է հաշվույն մեջ։


Սովորականեն ավելի անգործ շատախոսներ կան, որք կույր են մտոք և դեղ ալ առնելու տրամադիր չեն, իրենց միտքը բանալու համար։


Թաղիս մեջ սովորություն մը կա, որով մեկն յուր բարեկամներուն բարև տալը կը դադրեցունե, եթե երկու երեք հարյուր ոսկի մեկեն վաստկի։


Շատ ուշ կամուսնանան հոս. հիսունեն առաջ կարգվիլն անխոհեմության նշան կը համարվի, և երբ մեկն հիսունեն առաջ կարգվի՝ ամենուն երեսեն կիյնա և իբր շռայլ որ կը նկատվի թաղեցիեն։


Երիտասարդություն մը կա սակայն, որ ամեն ճիգ կը թափե թաղը լուսավորելու համար, կազով չհասկնաք։ Այս երիտասարդությունն ավելի թատրոն կը շինե քան թե դպրոց. և եթե իշխանություն տըվի իրեն՝ թաղային վարժարանը թատրոնի կը փոխե, եկեղեցվո մեջ ալ ներկայացում տալու համար Պատրիարքարանեն արտոնություն խնդրելու կերթա:


Պալատին կիները նշանավոր են իրենց պարկեշտությամբն և հավատարմությամբն։ Ասոնք շաբաթն երեք անգամ տախտակ կը սրբեն և երեք անգամ լաթ կը լվան։ Նորաձև հագուստներ հագնելու համար իրենց քունը չեն խռովեր, պարզությունը կը սիրեն և նորաձևությունն միշտ պարզության մեջ կը գտնեն։


Թաղիս օդը աղեկ չէ, բայց ի՞նչ ազդեցություն ունի աղեկ

օդն, երբ մարդ իւր քսակին մեջ օդեն ուրիշ բան չունենար։

Ի Ճ Ա Տ Ի Ե

Բնակություն հաստատելու համար պատվական թաղ մէ, եթե մարդս նապաստակ ըլլա... լեռնեն վեր ելնելու դյուրություն ունենալու համար։


Երանի՜ անոնց, որք նապաստակ չեն, բայց երկար շունչ ունին. վասնզի անոնց համար է այս թաղն։ Վա՜յ անոնց, որոնց շունչը կարճ է. վասնզի անոնք արժանի չեն այս թաղին մեջ բարձրանալու, անոնց շունչը կես ճանբան չհասած կսպառի, մանավանդ երբ Գուզկունճուքեն վեր ելնել ուզեն։


Հոս բնակելու համար լայնածավալ սիրտ մալ ունենալու է, որ չճաթի մարդ թաղեցվույն ընթացքը քննելով։


Եկո՛ւր մտնենք նախ և. առաջ թաղիս ծովահայաց զբոսարանն, ուր տասնի չափ ազգայիններ օրվան խնդիրներուն վրա կը խոսին։ Ասոնց ամենն ալ ստույգ աղբյուրներե լուրեր կը հավաքեն և իրարու կը հաղորդեն։ Կը փափագի՜ս այս օրվան լուրերն իմանալ։


— Շատ հետաքրքիր եմ նոր լուրեր իմանալու։


— Եկո՛ւր, իրենցմե քանի մը քայլ հեռու նստինք և նոր լուրեր իմանանք։ Ահա սկսան խոսիլ։


— «Իքը հրաժարական տված է այսօր։


— Այո՛, տված է, բայց Մեկալը չէ ընդունած։


— Մուշտակը կը պնդե եղեր այս կետին վրա։


— Ես չեմ կարծեր, որ համաձայնություն գոյանա, որովհետև Իքը Բան ընելուն պես՝ մյուս կողմեն ալ Բանը Իք պիտի ընե։


— Իքին տեղը ես ալ ըլլամ՝ այնպես կը վարվիմ։ — Դուն Մեկալը գիտե՞ս, ի՛նչ համառ է:


— Բայց Իքը ինչ իրավունք ունի Բանին երեսն այդպես պոռալու։


— Բանն ալ իրավունք չուներ Իքը վար զարնելու։


— Ես չեմ կարծեր, որ միաձայնություն գոյանա, վասնզի Մուշտակն Իքին կողմն է, Մեծավորն ալ Բանը կը սիրն։


— Վերջին լուրն իմացա՞ք. Մեծը բան մը պիտի խոսի եղեր։


— Պզտիկը երեկ գացեր է։


— Եթե ասանկ երթա՝ իմ կարծիքովս Բանը տարիե մը Իք կըլլա։


— Իքն ալ Բան կըլլա։


— Բայց Մուշտակն ալ պիտի ըսե. «Ինձի նայեցեք. եթե Բանը Իք ըլլա՝ ես ալ Իք պիտի ընեմ, ապա թե ոչ Իք չեմ ըներ»։

— Իրավունք ունիս, շատ վարպետորդի է։ Մինչև որ Իքը Բան չընե՝ չպիտի ընդունի։ Ամիրային կարծիքն ի՞նչ է այս մասին։


— Ամիրան առաջին օրը լուր առած էր ներսեն, որ Իքը պիտի շարունակե եղեր մինչև որ Բանը գա»։


Կարծեմ բավական տեղեկություն առիք այս օրվան դեպքերուն վրա ա՛լ լրագիր կարդալու հարկ չմնաց։ Օն, ելնենք և քիչ մալ թաղային վարժարանը երթանք։


— Իքը ո՞վ է. Բանն ի՞նչ է. Մեկալը կը ճանշնա՞ս...


— Եվ ոչ մին կը ճանաչեմ... ահա թաղային վարժարանը։


— Ատոր վրա Ներսեսյան գրված է:


— Ներսեսյանին մի՛ նայիր դուն, ազգին ստակովը շինված է ան։


— Ինչո՞ւ ուրեմն Ներսեսյանը յուր անունը դրած է վրան։


— Վասնզի Ներսեսյան արքունի շինություններու մեջ աշխատող գործավորներուն շաբաթականներեն զեղջ ընելով գումար մը գոյացուց և այդ գումարը գումարելով այն գումարին հետ, զոր թաղեցին տված էր՝ շինեց այդ քար ու կիր վարժարանն, որ կանոնավոր... — Ի՜նչ անիրավություն է աս... եթե քսակէն գումար մ՚ալ տված ըլլար՝ այսպես գրելու չէր, այլ, ինչպես սովորություն է՝ գրելու էր, «Ներսեսյան նվիրեց այս չափ ոսկի դպրոցիս շինությանը համար»: Այս թաղին մեջ մարդ չկա՞, եղբայր:


— Ըլլալու է... շինեց այս քար ու կիր վարժարանն, որ քանի մը դասարան և քանի մը ճեմիշ ունի. ճեմիշները դասարաններեն ավելի կանոնավոր եղած են միշտ։ Այս վարժարանին մեջ ժամանակավ դասատու մը գանակոծված է. կարծեմ մոտերս ալ կարգը պիտի գա հոգաբարձությունը ծեծելու։


— Շուտ ընենք, ելնենք սա թաղեն, չըլլա որ մեզի ալ ծեծեն։


— Թաղեցին պաղած է վարժարանեն. վասնզի անոր շինությանը համար իր կողմե տրված գումարն ոչինչ համարվեցավ և վարժարանին անունը ներսեսյան դրվեցավ:


— Աղջիկներու վարժարանն ի՞նչպես է։


— Շատ աղեկ է, քար ու կիր է։ Հոս աղջիկներու վարժարան մ՚ալ կա, զոր Մեզպուրյան բացած է և զոր թաղեցին գոցել կուզե։ Այս վարժարանն օր ըստ օրե հառաչ կերթա:


— Թաղեցին ի՞նչ կընե։


— Նարտ, թուղթ և իքի յուզ կը խաղա և ընդհանրապես յայնածավալ սիրտ մունենալով՝ կարևորություն չտար վարժարաններուն փակվելուն, միայն յուր քսակը լեցնելու կաշխատի և միայն հացի պարկ կը կրե, ուրիշ առթի թողլով ազգային զգացում կրելը: Թեպետև բացառություններ կան, բայց շահը կը պահանջե, որ անոնք ալ ձայն չհանեն։


— Աս ի՞նչ զարմանալի թաղ է, եղբայր։


— Ընկերություն մ՛ալ կա հոս, բայց չգիտեմ թե ինչ կընե. կարծեմ մոտերս ուրիշ ընկերություն մալ պիտի կազմվի՝ այս ընկերությունը առաջ տանելու համար։


— Աս ի՞նչ անտարբեր թաղ է։


— Արդեն այս թաղն հին չէ, քանի մը տարվան թաղ է. ուրիշ թաղերն ձանձրացողները հոս եկած են. ուստի այս թա¬ ղը Պոլսո մյուս բոլոր թաղերուն թերություններեն մեյմեկ քիչ ունի:


— Ընթերցասիրությունն ի՞նչպես է գոնե։


— Հայերեն լրագիր կարդալն արգիլված է. և այս արգելքին դեմ վարվողը կա՛մ երեք ոսկի տուգանք կը վճարե, կամ տասնհինգ օրեն մինչև ամիս մը բանտարկության կը դատապարտեի։ Հոս կը կարդացվին ընդհանրապես Թերճեմանը հաքըքաթ, Վաքըթ և ճերիտեյի հավատիս լըագիրները։


— Երիտասարդություն չկա՞ հոս։


— Չկա. «Այս թաղին կլիման, կըսեր մեկ բարեկամս, երիտասարդի մազերն շուտով կը ճերմկցունե. բայց ճերմկցնելեն վերջն ալ դեռ շատ կապրեցունես. ասոր համար երիտասարդը դեռ մազերնին չճերմկցուցած եթե ուրիշ թաղ մը երթան, և ուրիշ թաղերու մեջ մազերնին ճերմկցուցած անձինք հոս գան՝ շատ լավ և օգտակար կըլլա։


— Անհասկնալի թաղ մը։


— Մեծագույն մասն առանց օղի խմելու չկրնար հանգիստ ընել, հոս ընդհանրապես շատ կը ծխեն և քիչ կուտեն։


— Քի՞չ ուտելու համար շատ կը ծխեն, թե շատ ծխելնուն համար քիչ կուտեն։


— Առաջինը հավանական է, վասնզի կեսարացիներ կան հոս։ Քիչ կուտեն՝ բայց գեղեցիկ օդով կը սնանին։ Թաղեցին ընդհանրապես նիհար է։ Թաղս ջերմեռանդ քիչ ըլլալուն պատճառավ եկեղեցի շինված չէ հոս՝ իբրև ավելորդ ծախք, թաղեցիներեն մեկ քանին երբեմն Սելամսըզի եկեղեցին կերթան, երբեմն ալ Գուզկունճուք։


— Իգական սեռն ի՞նչպես է։


— Կիները գեղեցիկ են, բարեձև, կրթության հակամետ։ Կիներն իրենց մայրենի լեզուն Սելամսըզի կիներեն շատ աղեկ կը խոսին։ Այս թաղի կիներուն տանտիկնությունը Սկյուտարի թաղերուն և ո՛չ մեկուն մեջ տեսնված է։ Երեսի ներկը միայն քիչ մը չափեն ավելի հառաջ երթալու վրա է հոս. ծեր այրերն ալ երբեմն այս ներկեն կը գործածեն։ Նորաձևության մասին Գատը գեղցիներուն չափ հառաջ գնացած չենՀոս կիները գեղեցկաձայն են և միշտ տաճկական երգեր կերգեն, ինչպես որ իրենց ամուսիններն ալ տաճկական սեթրի կը հագնին։ Թաղիս մեջ մեծ ֆեսը շատ հարգի է, երբեմն իրենց գլուխը կը դնեն այնչափ մեծ ֆեսեր, որոնց յուրաքանչյուրին մեջ չորս օխտ խաղող կը դրվի:


Օդը խիստ է. քաջառողջներուն չդպչիր, վատառողջներն անդիի աշխարհ կը ղրկե։


Հայերե բնակված տուներուն թիվը հինգ հարյուրի մոտենալու

վրա է, իքի յուր խաղացողներուն թիվն ալ վեց հարյուրի:

Ս Ա Մ Ա Թ Ի Ա

Օղի չխմողները զատվին... անոնք իրավունք չունին այս թաղը մտնելու։


Բաժնվին մեզմե նաև անոնք, որք սորված են ծառա եմ-ի. հոս ամեն մարդ տեր է, վասնզի ամենքն ալ իրենց աշխատությամբն և արհեստովը կապրին և, հետևաբար, պեյերու, էֆենտիներու ոտները լզելու պարտավոր չեն։


Մեզի հետ չգան նաև այն անձերն, որք արձակ հայհոյել գիտեն, անոնք հոս կը ծաղրվին, վասնզի սամաթիացիներուն հայհոյությունն գրեթե միշտ ոտանավոր է։


Բնավ հոս պարտելու չեն այն օրիորդներն կամ տիկիններն, որոնց երեսներուն վրա կարմիրը անպակաս է, սամաթիացին կարմիրն միշտ հավկիթներու վրա տեսնել կուզե։


Ամենևին գործ չունին հոս այն կիներն, որք ամեն քայլափոխին կես մեջքեն կը կոտրտվին թղթյա կիներուն պես, զորս հեյալը կը ներկայացնե. վասնզի սամաթիացին այնպիսիներու վրա կը խնդա։


Այս թաղին մոտենալու չեն նաև այն երիտասարդները, որք կամ շատ թեթև են և կամ շատ ծանր։


— Մարդ երթալու չէ ուրեմն հոս։


— Ինչո՞ւ։ Ամեն մարդ ստիպվա՞ծ է այդ թերություններն ունենալու։ Եկո՛ւր քեզի հետ երթանք, բայց այնպիսի փողոցե մը մտնենք, որ մեկե մը չտեսնվինք. վասնզի տեսնվելնուս պես մեր օձիքեն կը քաշեն ու գինետուն կը տանին։ Տեսնվեցանք... ահա քանի մը երիտասարդներ սա փողոցեն ելան և խնդալով մեզի կը մոտենան... մոտեցան։ — Օ՜օ՜օ՜, բարի եք եկեր։


— Շնորհակալ ենք։


— Եկեք նայինք, եկեք, Հայկական ընկերութսունը երթանք և քանի մը հատ տնկենք։


— Հայկական ընկերությունը օղի խմելու համար հաստատված ընկերություն մէ:


— Նպատակն այն չէ... բայց ո՞ր ընկերությունն է, որ նպատակին ծառայած ըլլա։


— Գտնե անունը փոխեն։


— Ինչո՞ւ... աղե՞կ գիտես, որ Հայկ օղի չէր խմեր։


— Պետրե, Հայկական ընկերության օղին թե՛ աղեկ չէ և թե՛ սուղ է, Օրմանոզին տանինք մեր բարեկամները։


— Օրմանողինն ալ երեսուն աստիճան է, եղբայր, անցյալ շաբթու օխա մը տյուզ խմեցի հոն և դպավ ինձի։


— Եթե ինձի հարցվեր՝ ես Կյումիշ հալքալըին կը տանեի բարեկամներս։


— Եղբա՛յր, ան ալ օղիի հետ, կտոր մը պանիր միայն կուտա։


— Ալթըն օլուքին երթանք։


— Եղբայրնե՛ր, մենք թաղին մեջ քիչ մը պիտի պտըտինք։


— Խաղին մեջ մարդ չկա. ամենն ալ գինետուններու մեջ են այսօր։


— Մահտեսիին երթանք, մարդը հայ է և պատվական օղի ալ ունի։


— Շատ աղեկ, Մահտեսիին երթանք։


— Լա՛վ... երթանք...


Քանի մը փողոց դառնալով՝ մտանք Մահտեսիին գինետունն, որու գինվո սեղանին առջև կայնած կը խմեին տասնի չափ հաստաբազուկ ձկնորս ազգայիններ։


— Տամ աման, աման էֆենտիմ, աման:


— Թարալալա թացի լալալա, թիրալալա թարիլլալալա։


— Պինի վար...


— Թարալալա թարիլլալամ...


— Թիրալալա թարիլլալամ... — Սենին կիպի մանիճիլեր տեֆթերիմտե... պինի վար:


— Այս բարեկ...


— Թարալալա թարիլալիլալիա... թիրալալիլալամլամ.. օ՜օօօ՜հ։


— Այս բար...


— Տամ ամա՜ն, ամա՜ն եեր պենի...


— Ա՛ռ նայինք, տայր, և տնկե՛, ըսավ ասոնց մին իր քովինին, անոր կուրծքին հարված մը տալով յուր ափով։


Այս հարվածն, որ անոնց քով մտերմության նշան կը համարվի, եթե մեզ արվի՝ գերեզմանի նշան կը...


— Պիր կյուզելե մայիլ օլտում եեր պենի...


— Թարալալա թարիլլալալամ...


— Եեր պենի... իչերիմե պիր քուրտ տյուշմյուշ կեճե կյունտյուզ...


— Ա՜ ա՜ ա՜ ա՜ ա՜հ... թարալալալալիլալամ։


— Հոս նայեցեք, տայիներ, մանին ձգեցեք ու ցնծացեք... վարժարանին գանձանակն է։


— Ծո տղաք, դպրոցին թապախն է. տվեք նայինք... խմենք, բայց դպրոցնիս ալ չմոռնանք։


— Ա՛ռ վարպետ։


— Բռնե վարպետ։


— Ա՛ռ։


— Շեն կեցեք։


— Տամ աման... ակա՜ն:


— Պիզ վերելիմ փարալարը եեսին թաղական:


— Ծո տղա, ինչո՜ւ անանկ բաներ կը խառնես։


— Քեզի ի՞նչ պե, վայ կեչմիշի քընալը:


— Հիմա մեռելներուդ պառկած տեղեն կսկսիմ, հա՛։


— Երթանք... աֆ կընեք, աղաներ, ձեզի ձանձրություն սրվինք։


— Չէ՛, չէ՛:


— Զրուցեցեք նայինք, բարեկամներ, քիչ մը ձեր թաղին վրա խոսինք։


— Բարեկամ, մեր թաղին ժողովրդեան մեկ մասին պատգամավորությունը տեսաք ահա. ասոնք ձկնորսներն են, որ իրենք օրականը հանելուն պես գինետուն կուգան և կը խմեն. այսուամենայնիվ, ինչպես տեսաք, դպրոցին համար միշտ ստակ կուտան, մասնավոր սեր ունին թաղին վարժարաններուն համար։ Մյուս մասին ալ ներկայացուցիչները կրնանք համարվիլ մենք, արհեստավորներս: Հոս ազնվապետություն չկա, մեր դրոշակն ե՝ ազատություն, հավասարություն, եղբ այրություն։ Եթե դրօշակին վրա պարապ տեղ մնացած ըլլար՝ տյուզ բառն ալ պիտի ավելցնեինք հոն: Հոս բնիկ էֆենտի չկա. իբրև արտաքին բերք՝ քանի մը էֆենտիներ կը գտնվին երբեմն։


— Թաղական Խորհուրդ ունի՞ք կանոնավոր:


—Թաղական ըլլալն շատ դժվար է հոս, իսկ ըլլալեն վերջն եթե առաջին շրջանն առանց կռվո անցունե՝ արվեստահանդես ղրկվելու չափ հազվագյուտ բան մը եղած կըլլա. իսկ եթե երկրորդ շրջանին դարձյալ թաղական ընտրվի անպատճառ կարտաքսվի։ Հոս ամեն թաղեն ավելի շարժում կա։ Ասկե երկու երեք ամիս առաջ քսան երեսուն երիտասարդներ Թաղական խորհրդարանը մտան և Թաղական Խորհրդին թևեն բռնելով դուրս հրամցուցին զայն։


— Ինչո՞ւ։


— Վասնզի դպրոցն աղեկ չէին նայեր։ Պատրիարքարանն ալ առժամանակյա թաղական մը տվավ մեզի։


— Նոր թաղականն ե՞րբ պիտի ընտրվի։


— Երբ որ հին թաղականը դուրս հրամցնող երիտասարդներն մեղա ըսեն։


— Եթե չըսե՞ն։


— Քվեարկության չպիտի մասնակցին։


— Վարժարաններն ի՞նչպես են։


— Երկու տարի է, որ շտկելու կաշխատին. ընդհանուր կարծիքն այն է, թե տաս տարիեն կարելի պիտի ըլլա զանոնք բարեկարգելը։ Հոս ծնած է մինեճի Անդրանիկն, որ ժամանակավ շատ աշխատած է այդ վարժարաններուն համար, անգղիերեն խոսող հայն առաջին անգամ Սամաթիայեն ելած է. ջրհանկիրներու մեջ ալ այսօր անգղիերեն կարդացողներ կը գտնվին։


— Հիմա ո՞վ կը հսկե դպրոցներու վրա։


— Այսինքն ո՞վ չհսկեր, ըսել կուզես։


— Հիմա ո՞վ է, որ չհսկեր դպրոցներուն վրա։


— Երբեմն հոգաբարձուներու և հոգաբարձուհիներու մեջ կարծիքներու անհամաձայնություն ծագած ըլլալով՝ հիմա որոշված է, որ ամուսնացած թաղականներն իրենց կիներովը չհսկեն վարժարաններու վրա։ Հիմակվան թաղականներն այնչափ օրինապահ են, որ Ընդհանուր դատախազի դրությունն կառավարութենե ընդունվելեն ի վեր՝ Թաղական Խորհրդո մեջ ալ ամեն օր հարյուրեն ավելի մասնավոր դատախազներ կը գտնվին։


— Հայկականեն զատ ընկերություն չկա՞ հոս։


— Շատ մը ընկերություններ կային ատենոք, բայց հիմա չկա։ Պարզասիրաց ընկերություն մը կա միայն, որ կիներուն պարզ հագնիլ պիտի սորվեցնել կարծեմ ասոր ալ անունը կա միայն։


— Եկեղեցասիրություն կա՞ հոս։


— Այո՛, բոլոր թաղերեն ավելի. թաղեցին հավասարապես կը սիրե ազգն և եկեղեցին, բայց ասկե հետևցնելու չէ, թե նվազ կը սիրե օղին, զոր կը խմե երեկոյան ժամը մինչև մեկ ու կեսին։ Գինետան մեջ մեկուկեսեն ավելի նստողներն կը բամբասվին, իսկ մինչև մեկ ու կես նստելով ճաթելու չափ օղի խժողներն մեծ համակրություն կը վայելեն՝ իբրև. օրինավոր մարդեր։ Եկեղեցվույն գորգերն այնչափ շատ կը համբուրվին որ ամիսն անգամ մը կը պատռվին. թաղականը այս կետը նկատողության առնելով տեսավ, որ այդ համբույրներուն գորգ չպիտի դիմանա, ուստի որոշեց գորգերը վերցնել: Ժողովուրդը հիմա հողի վրա կը կայնի և հողը կը համբուրե. թող որ եկեղեցվո հողն ալ հինցած է այդ համբույրներեն։


Սամաթիացին ցած ձայնով խոսիլ չգիտեր. թեպետև երբեմն գաղտնիք մը հաղորդելու համար ականջդ ի վայր կը խոսի, բայց դարձյալ այդ խոսքը Ենի Քաբույեն կը լսվի: Ինչպես վերը հիշեցինք քծնիլ չսիրեր, շողոքորթութենե կը փախչի, բայց երբ ազգային կռիվ մը ելնե՝ հոգվով մարմնով կը նետվի. իսկ եթե ազգային վեճ մը չըլլա՝ կաշխատի վեճ մը հանելու։ Առանց վեճի կարելի չէ իրեն ապրիլ։


Սամաթիացիներուն մեկ մասն ոսկերիչ է, և այս հերիք է հասկցնելու համար, թե կերակուրի մասին ո՛րքան բծախնդիր է: Ամենեն լավ միսն, ձուկն, կարագն, պանիրն, ապուխտն և պտուղն սամաթիացիին կերթան։ Մեծ կարևորություն կը տրվի հոս փորին, զոր գոհացնելու համար բան մը չխնայվիր։ Հոս փորը պճնասեր է։


Սամաթիացին թաղին մեջ հայերեն, իսկ շուկան տաճկերեն կը խոսի։


Դառնանք գեղեցիկ սեռին, որ իրոք գեղեցիկ է, պարզասեր և աշխատասեր։ Սամաթիո տիկինները դաստիարակության պետքը զգացած են և կաշխատին, որ իրենց աղջիկներն ալ ուսում և կրթություն առնեն, մինչդեռ ուրիշ թաղի մը տիկիններն կը փափագին, որ իրենց աղջիկներն բրնձի փոշի և կարմիր ներկ առնեն։ Թաղիս տիկիններն շատ մը թաղերու այրերեն ավելի ազգասեր են։ Առաջին անգամ Սահմանադրութեան տարեդարձը պատվող կինը սամաթիացի էր:


Եթե Պոլսո մյուս թաղերն Սամաթիո հետևող ըլլան՝ Պոլսո ժողովուրդն քիչ ատենի մեջ զգալի փոփոխություն կը կրե, բայց օղիին գինն ալ շատ կը բարձրանա։


Թաղիս օդը շատ աղեկ չէ. ուստի զայն բարեխառնելու

համար է, որ թաղեցին օղին շատ կը խմե։

ԳՈԻԶԿՈԻՆՃՈԻՔ

Վոսփորի մեկ հոսանքը կը պահանջե, որ Գուզկունճուքի նավամատույցին մերձենալու համար՝ նավավարն յուր նավակն միշտ դեպի Պեյլերպեյ ուղղե և դեպի հոն թի քաշե. վասնզի եթե դեպի Գուզկունճուք ուղղվի՝ Սկյուտարի առջև կը գտնե ինքզինք։ Գուզկունճուքցին միշտ այս ճանբով երթևեկելուն համար սովորություն ըրած է իրեն եկեղեցի երթալու համար դեպի Պեյլերպեյի նավամատույցին զբոսարանն ուղղել յուր գնացքը, վասնզի եթե դեպի եկեղեցին առնե յուր քայլերն՝ ինքզինքը գինետուններու մեջ կը գտնե։ Ցամաքն ալ ունի յուր հոսանքները։


Այս թաղն թեպետև պաշտոնապես Իճատիեյի հետ միացած է, բայց ո՛չ պաշտոնապես չէ միացած և ոչ մեկ թաղին հետ։


Օրհնյա՜լ է Աստված. հոս բնավ կռիվ չպատահիր թաղին վարժարանին վրա...


— Փա՜ռք քեզ Աստված. վերջապես տեսանք թաղ մը, ուր կռիվ չըլլար եղեր վարժարանին վրա։ Կեցցե՛ գուզկունճուքցին... գուզկունճուքցիին օղի մը տար ինձմե...


Այո՛, Գուզկունճուքին մեջ բնավ կռիվ չեն հարուցաներ թաղին վարժարանին վրա. և ասոր պատճառն ալ կրնաք գուշակել, եթե ըսեմ ձեզ, որ Գուզկունճուքի մեջ ազգային վարժարան չկա...


— Հիմա հասկցվեցավ, որ թաղին վարժարաններն են եղեր կռվո պատճառները։


Արդարև կա պզտիկ շենք մը, ուր պզտիկ տղաներ կերթան քնանալու համար։ Թաղեցին անգամ մը սրդողած ըլլալով վարժարանին դեմ՝ ուխտ ըրած է լումա մը չտալ անոր համար, և հիմա ուխտադրուժ չսեպվելու համար ստիպված է քսակին բերանը չբանալ յուր վարժարանին համար։


Մինչև այսօր հոս թաղային կռիվ ալ տեսնված չէ, և ասոր ալ պատճառն սա է, թե այս թաղին մեջ...


— Թաղ չկա, այնպես չէ՞։


Այս թաղին մեջ եթե մեկը սխալի և սևին ճերմակ ըսե՝ յուր դեմը չգտներ ուրիշ մեկն որ ելնե ըսե, ոչ, այդ սև է և ոչ ճերմակ։ Ահա ասանկով վիճաբանություն բնավ չըլլար, գլուխներն առաջվան պես անփոփոխ կը մնան և միայն ֆեսերը կը փոխվին, և այն ալ երկու տարին անգամ մը։


Հոս տարին երկու հարյուր հիսուն օր կը տոնեն և կը հանգչին։ Ոչ ոք կը փափագի հարստություն դիզելու, փառք վաստկելու և համբավ հանելու. ամեն մարդ կը փափագի ձուկ դիզելու, ձուկ վաստկելու և ձուկ հանելու. տկար ստամոքս ունենալով՝ ոչխարի կամ կովու միսը կը դպչի իրենց։ Եթե իրենց սիրտերուն մեջ քիչ մը դպրոցասիրության եռանդ ունին՝ ան ալ կը մարի այն գինիեն, զոր կը խմեն ձուկին վրա և որ կը թափվի իրենց եռանդին վրա։ Եթե օղի խմեին՝ թերևս եռանդն բորբոքեր, բայց ասոնք ուրիշ թաղերու ազգայիններուն պես երեկոները գինետուններու մեջ շատ չեն անցուներ, այլ քանի մը գավաթ խմելով՝ իրենց տուները կերթան։


Ասոնց սովորությունն է՝ ամեն գիշեր կամ ամեն կիրակի կամ տոնի օրերն մեյմեկ տուն հավաքվիլ և զբոսնուլ։ Ասոնց խոսակցությունն ընդհանրապես կը կազմվի նարտե կամ խաղի թուղթե։ Շատ անգամ ալ նավամատույցի զբոսարանին մեջ նարտ կը խաղան հրեաներու հետ, որոնցմե զվարճախոսության դաս ալ կառնեն Անի ոճով Նարտ կամ թուղթ խաղալու ատեն կորսնցնողը իրավունք կունենա ուզածին և կրցածին չափ հայհոյություն ընելու, վաստկողը կատարյալ լռություն պիտի պահե և երբեմն քթին տակեն պիտի խնդա, ընկերն ա՛լ ավելի բարկացնելու համար։ Հայհոյության մա— սին՝ այս թաղն պահպանողական կուսակցության կը վերաբերի։


Այս թաղը կը բնակեր վսեմափայլ և բարձրապատիվ Ստեփան փաշա Ասլանյան, որ, ինչպես հայտնի է՝ Երուսաղեմի անձնանվիրաբար քննելու համար երկու հարյուր ոսկի օսմանյան առավ վեհանձնաբար։


Կոկիկ եկեղեցի մը կա հոս, որ կոկիկ և գեղեցկաձայն քահանաներ ունի, բայց կոկիկ ջերմեռանդներ չունի։


Իգական սեռն ալ գրեթե արականին պես կյանք կանցունե. ուսումնասիրության վրա գաղափար ունենալու պատրաստություն չունի դեռ։ Օրվան կեսը կանցունե տապկելով այն ձուկերն, որք արականեն կուղղվին։ Ինչպես քերականության, նույնպես ալ Գուզկունճուքի մեջ արականն նախապատիվ է իգականեն. հոս կինն յուր էրկանը ետևեն կերթա, մինչդեռ Բերայի մեջ ասոր հակառակն է և էրիկն կնոջը ետևեն երթալու ստիպված է, ըստ Ավետարանին, թե «Թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ կնոջ իւրոյ»։


Գուղկունճուքի կիները աշխատասեր են։ Նորաձևության մասին Իճատիեյեն կառնեն իրենց դասերը։


Բամբասանք ընելու տրամադրություն չունին շատ, իսկ հագուստի մասին բամբասվելու բավական հարմարություն ունին։


Գուզկունճուքի օդը հոտած ձուկ կը հոտի և կստիպե հոն գացողն յուր քիթը բերանը ծամածռելու։ Օգին պատճառավն է, որ ընդհանրապես գուզկունճուքցիները ծամածռած երես

ունին։

ԱՐՏԱՔԻՆ ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

Արտաքին Քում Քաբուն բոլորովին տարբեր է ներքին Քում Քաբույեն, ինչպես որ ամեն մարդու ներքինն տարբեր է արտաքինեն։ Քում Քաբույի ներքինն օձ է, իսկ արտաքինն աղավնի։


Քում Քաբույի ներքինն օտարեն կը փախչի, իսկ արտաքինն անոր կը փակչի, օրինակի համար, երբ տեղվույս նավամատույցին վրա գտնվիս՝ բոլոր նավավարներն շուրջդ կը պատեն և զգեստներեդ կսկսին քաշել ու քաշքշել ըսելով։


— Սամաթիա՞ պիտի երթաս, աղա, եկու տանիմ


— Եկուր երթանք, պարոն։


— (Ականջդ ի վար) Ո՞ւր պիտի երթաս, բարեկամ։


— Դուն անոր ականջ մի՛ կախեր. անոր նավակը ծակ է տակեն ջուր կառնե։


— Մտի՛ր, աղա, մտի՛ր, մեկ հոգի կուզեմ, եկուր շուտ մը երթանք։


Փառք տուր Աստուծո, եթե առանց զգեստդ պատառվելու կամ մեկ կողմդ կոտրվելու կարողացար նավակի մը մեջ նետել ինքզինքդ, իսկ ընդհակառակն, եթե նավակ չմտար և ետ դառնալ որոշեցիր՝ ականջներդ բաց և մտիկ ըրե հետևյալ ուղերձներն, որք ետևեդ կուղղվին։


— Թող տո՛ւր, պե՜, նավակ մտնելու դրամ չունի։


— Ինչո՞ւ չունենա... տնտեսագիտության դար է հիմա. տապանակ ուխտիորվ (քալելով) ավելի շուտ կերթա:


— Աղա, կոշիկներդ թևիդ տակն ա՛ռ, որ չպատռին։


— Ոտներդ ալ կռնակիդ վրա դիր, որ չհոզնին։ Թաղիս ազգայիններն գրեթե ընդհանրապես կա՛մ ձկնորս են, կա՛մ նավավար, կա՛մ ջրհանկիր և երբեմն ալ երեքն միանգամայն են։


Ասոնք ուրիշ թաղերու ազգայիններու պես չեն, որ կարծեն թե քաղաքական խնդիրները լուծվելուն պես՝ Պիսմարք իշխանը պիտի գա և իրենց հացագործին ստակը պիտի տա. ուստի քաղաքական գործերու վրա խոսելով չեն անցուներ իրենց ժամերը։ Ասոնց ներքին կացությունը այն ատեն կը խանգարվի, երբ տանը տիկինը հիվանդանա, և արտաքին գործերն ալ այն ատեն կը վատթարանան, երբ Ամբակում եղբայրն տկարություն ունենա և չկարենա գործի երթալ։ Երբ նավակին թին կը կոտրվի՝ Ամբակում եղբոր համար նավային ցույցի նշան է, իսկ երբ նավակը խորտակվի՝ արտաքին միջամտության նշան է, այլ երբ անառակին մեկն յուր կնկանը սիրտը գրավել փորձե՝ պատերազմ կը հրատարակե և թող չտար, որ ուրիշ մը իր երկրեն մաս մը գրավե առանց արյունահեղության։


Թաղիս ազգայինները քաջ են, ետևեդ չեն ըներ այն խոսքը, զոր չեն համարձակիր երեսդ ի վեր զրուցելու։ Հավատարիմ են իրենց խոստմանը. եթե խոստանան քեզ ապտակ միջեցնելու՝ անմիջապես կը գործադրեն զայն։


Ասոնք դպրոցասեր և եկեղեցասեր են. առանց ուսումնական ըլլալու ուսման հարգը կը ճանաչեն և իրենց զավակներու կրթությանը համար կուտան իրենցմե պահանջված գումարը, ինչպես նաև եկեղեցվույն պայծառությանը համար չեն զլանար իրենց լուման։


Ո՛չ նարտ կը խաղան և ո՛չ թուղթ, գիշերները զբոսանքի կամ մարմնամարզության համար երբեմն իրենց կիները կը ծեծեն։


Խմելով կը խմեն օղին։


Կիներն ալ ճիշտ այցերու պես են՝ աշխատասեր և անկեղծ: Ասոնց ներքինն շատ պարկեշտ է, իսկ արտաքինն, որ այլանդակ հագուստներով կը ներկայանա՝ ներքինին հակապատկերն է։ Թեև իրենց թևերը, կուրծքերը և սրունքները բացած փողոցի մեջ լաթ կը փռեն, սակայն դարձյալ վերադասելի են այն շատ մը կիներեն, որք գոց թևերով, կուրծքով և սրունքներով տան մեջ լաթ կը փռեն։ Այս կիները շատ անգամ իրարու հետ կը ծեծվին և կը հաշտվին։


Ասոնք ուրիշ կիներու վրա սա առավելությունն ալ ունին, որ ազգը շատցնելու համար մեծ զոհողություն, անձնանվիրություն կընեն, յուրաքանչյուր կինն առնվազն տասնվեց տղաներե մայր կոչվելու պատիվն ունի։


Երկու հարյուրի մոտ տուն կա։ Այս գումարը տասնևութով բազմապատկելով՝ կունենանք երեք հազար վեց հարյուր հոգի։ Տէր Աստուած աճեցուսցէ և բազմացուսցէ։


Ներքին բերքն է ընտիր հայհոյություն։

ՀԱՍ ԳՅՈԻՂ

Այս գյուղն իրավունք ունի պարծենալու այն մեծ տուներովն, որոնց մեջ ամիրաներ կը բնակեին ժամանակավ և որք այժմ զորանոց եղած են մուկերու։ Հարկ չէ, կարծենք, կրկնել, թե ամիրաներու հաջորդեցին մուկերն, և հետևապես, մուկերը կը գործեն այժմ ինչ որ կը գործեին երբեմն ամիրաները։


Կենդանության նշան տված ըլլալու համար միայն այս թաղը միշտ շարժման մեջ է. շարժում՝ որ կը կայանա թաղական փոխելու, հոգարարձություն ընտրելու, դասատու փոխելու և երբեմն ալ պատրիարք փոխելու մեջ։


Թաղեցին միապետությամբ կը կառավարվեր՝ երբ Բարմաք Քաբույի բնակիչները թաղականի պաշտոն կը վարեին։ Ուրիշ փողոցներու բնակիչները չէին կարող թաղական ընտրվիլ. որովհետև Բարմաք Քաբույի աղաներն, վեց տարի թաղականություն ընելեն ետքը, երբ օրինավորապ ես հրաժարեին իրենց գահաժառանգ զավակները կը բազմեցունեին այն աթոռին վրա, որ թաղական կը կոչվի և որուն վրա նստիլ շատերը կը փափագին։ Իսկ երբ Պողոս պատրիարքին օրով մեծ հեղափոխություն տեղի ունեցավ միապետական կառավարությունն փոխվեցավ հանրապետականի։ Այս թվականեն ի վեր կոշկակարներն և ջրհանկիրներն են, որ մեծ ազդեցություն կը բանեցունեն թաղականի ընտրության վրա։ Միապետական կառավարության ատեն թաղականը վեց տարի պաշտոն կը վարեր և չէր գործեր ոչինչ, իսկ հանրապետության ատեն թաղական մը հինգ օրեն ավելի չէ կարող պաշտոն վարել։


Թաղեցին արդարև կը շարժի՝ բայց երբ զայն շարժող գտնվի. եթե ինք իր գլխուն ձգելու ըլլաս՝ տարիներով կը քնանա։ Թաղիս մեջ շարժող երիտասարդներ շատ կը գտնվին, երբ խնդիրք այնպիսի բանի մը վրա ըլլա՝ որու մեջ անձնական կիրք շատ գտնվի և դպրոց բնավ չգտնվի։ Երբեմն Ներսեսյան վարժարանն ընկերներուն նախանձը կը հուզեր, իսկ այսօր ընկերներուն վրա նախանձելու տրամադիր է։ ժամանակավ գեղին հրեաներեն և տաճիկներեն աշակերտ կնդուներ, իսկ այսօր անոնց վարժարաններուն աշակերտ կուտա։ Այն ատեն թաղեցին ուրիշ սիրտ ուներ։ Շատ հավանական է։


Գյուղիս ազգայինները մեծ ջանք ցույց կուտան առաջքն առնելու համար այն վնասին, որ նյութական է. իսկ մեծ անհոգություն կը ներկայացնեն այն վնասին, որ բարոյական է, չգիտնալով անշուշտ որ բարոյական վնասեն ալ կը ծագի նյութական վնաս, ինչպես որ բարոյական շատեն ալ կը ծագի նյութական շահ, կաղաչեմ, մի՛ բարկանաք, տեր երեսփոխաններ: Այսպես, երբ թաղին մեջ հրդեհ պատատի՝ ամբողջ թաղեցին տունեն դուրս կը վազե և կրակը մարելու համար կարողութենեն վեր կաշխատի, իսկ երբ վարժարանն բարոյապես մոխիր դառնա՝ ոչ մեկ թաղեցին գլուխը պատուհանեն դուրս չհաներ։ Թաղեցվույն ուշադրությունն վարժարանին վրա հրավիրելու ամենեն դյուրին և կտրուկ ճանբան, վարժարանը նախ կազով թրջելու է և լուցկիով մը բռնկցնելու է զայն, ամբողջ թաղեցին գիշերազգեստով կը վազե վարժարան և կրակը մարելու կաշխատի։ Մոռնալու չէ սակայն, որ հաս գյուղցին լուցկիի պես մեկեն ի մեկ հայրենասիրությամբ կը վառի, կը բորբոքի երբեմն. եթե այս բորբոքումեն անմիջապես օգուտ քաղես՝ կրնաս իրմե ստակ հավաքել, մանրերկրորդ մը անցնելուն պես՝ հաս գյուղցին կը մարի։ Վիեննայի ամենեն գեշ լուցկիներուն տեսակեն է Հաս գյուղցին, բռնիկիլն ու մարիլը մեկ է. մինչև իսկ երբեմն սիկառ մը վառելու համար անոնց քսան հատը մեկեն բռնկցնելու է։


Այսօր հինգ վարժարան կա գյուղիս մեջ... մրցումն որպես թե հառաջադիմություն պիտի արտադրեր... հինգ վարժարանեն աշակերտ մը չելներ տարին։


Հաս գյուղցին ինքնիրմե բանի մը ձեռնարկելու հանդգնություն չունի, իսկ երբ գրգռող մը ըլլա՝ այն ատեն ծայրահեղության կը դիմե։


Լուսավորյալ երիտասարդներ կան հոս, որք իրարու հետ երկար ատեն բարեկամ չեն կրնար մնալ։


Ասոնց բարեկամությունն շաբաթ մը միայն կը տևե այս պայմանաժամը լրանալուն պես իրարմե կը բաժնվին: Ես ասոնց բարեկամությունն գեշ չուխայե շինված բանթալոնի կը նմանեցնեմ. շաբաթե մը կը մաշի և օր մալ քիչ մը ուժով նստելուդ պես՝ երկուքի կը բաժնվի և շապիկդ ետևեդ կերևա: Բանթալոնին այս կերպ բաժնվելուն ընդհանրապես կըսեն «Բանթալոնս բացված է». Հասգյուղցին ալ երբ իր մեկ բարեկամե բաժանվի՝ կըսե. «Մենք բացված ենք»: Իսկ Հաս գյուղի մեջ մտերիմ բարեկամ կը ճանչցվի այն մարդն՝ որ յուր ընկերին ուրիշե մը գանակոծումը կը տեսնե և չտեսնելու համար ճանբան կը փոխե: Երբ այս մարդուն հանդիմանես յուր կամավոր կուրությունն՝ քեզի կը պատասխանե.


— Իմ սիրտս փափուկ է. երբ կը տեսնեմ որ բարեկամներես մին ցավ ունի՝ սիրտս գեշ կըլլա:


Եթե այս պատասխանով գոհ չըլլաս՝ ուրիշ մալ կու տա քեզ.


— Եղբա՛յր, ես ազատամիտ մարդ եմ. կարծիքներու ազատությունը կը հարգեմ։


Հաս գյուղցին ոչ շողոքորթ է, ո՛չ կեղծավոր և ոչ ազատախոս. բարեխառն բարք ունի:


Հարատևությունը հոս միմիայն վեճ հարուցանելու մեջ կը գտնվի։


Ասոնք երբ շոգենավ նստին՝ նախ կը խոսին սոխի վրա, ետքը խնդիր կը հարուցանեն փայտի վրա և վերջը հարցապնդումներ կընեն ածուխի վրա, մինչդեռ հրեան դրամներու գիներուն վրա կը խորհրդակցի և հույնը վաճառականության վրա։ Գեղիս կիներն ընդհանրապես գեղեցիկ են, պարկեշտ և միանգամայն ազատ։ Ասոնք կաշխատին կամ մետաքս քաշելով կա՛մ զինվորականի ճերմակեղեն կտրելով։ Պտույտը շատ կը սիրեն։ Հոս միայն ապօրինավոր ամուսնություններ տեղի կունենան, օրինավոր ամուսնությունն արգիլված է, և գյուղը լի է ամուրիներով։ Ամեն անոնք, որ աղջիկ կը փախցունեն՝ հոս կուգան ապաստանելու։


Հազարի չափ տուն կա հայու, եթե յուրաքանչյուր տունեն ամեն օր մեյմեկ հոգի թաղային խնդիր հարուցանե՝ ամեն օր 2,77 խնգիր կունենա թաղը։


Ներքին բերքն է մայրապետներ և հայրապետներ:


Բժիշկները շատ կը գովեն գեղիս օդը. բժիշկներու վկայութենեն կրնաք մակաբերել անշուշտ, որ գյուղս առատ հիվանդներ

կը մատակարարե Ասկղեպիոսի աշակերտներուն։

ԳԸՆԱԼԸ ԿՂԶԻ

Նախ և առաջ խոսինք այս կղզվույն մեկ հրաշագործությանը վրա, որուն ականատես եղած են շատերը։ Այս հրաշագործության վրա խոսելով՝ մեր նպատակն է ծառայություն մը մատուցանել ամեն անոնց, որք կը փափագին կղզվույս մեջ գետին ծախ ու առնել։


Գիտնալու եք, որ կղզվույս մեջ գետինները շարժուն են և կը քալեն։


— Մենք այդ հրաշքին չենք հավատար։


— Թերահավատ եք ուրեմն։


— Թերահավատությունն չենք ընդունիր։


— Շատախոսություն ընելու ժամանակ չունիմ ըսածս ապացույցներով և կենդանի վկաներով կարող եմ հաստատելու։ Այո՛, գետինները կը քալեն. ուստի անոնք որ կղզվույն հարավային կողմը գետին ունենալ կուզեն՝ պարտավոր են հյուսիսային կողմեն գետին ծախու առնել, քանի մը օրվան մեջ այդ գետինը դեպի հարավ ճանբա կ՝ելնե։ Անոնք որ ծովեզերքին վրա գետնի տեր ըլլալ կուզեն, ծովու մեջ քանի մը հազար կանգուն գետին առնելու են. շաբաթվան մը մեջ այդ գետինը ծովեզերքին վրա կուգա կը հաստատվի։ Սա ալ մտքե հանելու չէ, որ եթե գետին մը ծախու առնելու ըլլաս չորս կողմը պատ քաշելու ես, վասնզի եթե պատով չշրջափակես զայն՝ այնչափ կը քալե, որ ծովեն անցնելով Թարթալ կերթա և երբեմն ալ այնչափ կերթաք որ բոլորովին անտեսանելի կ’ըլլա։ — Բայց ի՜նչպես կը քալեն այս գետինները, բնավ հավատալիքս չգար։


— Եթե չես հավատար՝ փորձի համար քանի մը հարյուր կանգուն տեղ ա՛ռ և կը հավատաս։


— Ուրեմն այդ գետինները քալեցնո՞ղ մը կա։


— Չգիտեմ, բայց բարեկամներես մին կըսեր, թե կղզվույն գետիններն անիվի վրա դրված ենք կրնաս զանոնք տանիլ ուր որ ուզես:


— Այդ անիվը դարձնո՞ղ մը կա արդյոք։


— Հարկավ։


— Այդ դարձնողը կրնա՜ս ինձի ներկայացնել։


— Ի՜նչ պիտի ընես։


— Պեռյուք Տերե տուն մը ունիմ այնպիսի թաղի մը մեջ, որ բնավ հարգ չունի, եթե այդ մարդն իմ տունս Պեռյուք Տերեյի ծովեզերքն քալեցունե՝ հազար ոսկի կուտամ իրեն։ Կը քալե՜ արդյոք։


— Կղզվույն մեջ ոչ միայն կը քալե, այլ կը վազե, բայց չգիտեմ թե Պեռյուք Տերեյի մեջ ալ կը քալե։


— Շատ բան, շատ բան, գետինին ալ քալելը բնավ լսած չունեի, ըսել է թե այդ կղզվույն բնակիչներն չեն շարժիր, կը պառկին և կը քնանան։


— Ինչո՜ւ։


— Վասնզի այդ երկրին մեջ, ուր գետինը կը շարժվի՝ մարդերը պարտավոր են չշարժվիլ։


Թողունք ալ այս շարժման խնդիրն և դառնանք կղզվույն։ Այս կղզվույն վրա կատարյալ ծանոթություն մը տալու համար կը հիշեմ քեզ բժշկի մը պատասխանը, զոր տված է շոգենավի մեջ յուր մեկ բարեկամին, որ Գընալը կերթար. «Կը զարմանամ թե Գընալըյին ինչո՛ւ այսչափ կարևորություն կը տրվիք ըսավ բժիշկը, հոն ուրիշ բան չկա՝ եթե ոչ չընար մը և Ասապա էֆենտի մը»։ Ասապա էֆենտին, որ ազգային երեսփոխան ալ է՝ կղզվույն պետն է։ Ով որ ցավ կամ դատ ունի՝ անոր կը դիմե, որ խրատելով և հաշտեցունելով ետ կը դարձունե զանոնք։ Կղզվույն մեջ ամենեն կը հարգվի իբրև երիցագույն բնակիչ և հյուրասեր մարդ մը, որ Թաղական Խորհրդո ալ անդամ է։


— Ասապա էֆենտիրն ալ գետինները կը քալե՞ն։


— Չէ՛, անոր գետինները ծույլ են, բնավ չեն շարժիր և կը մնան ուր որ են։


— Կիրակի առավոտները չընարին տակը կերթան կղզվույն բնակիչները, որք ձմեռը քառասուն տունե և ամառը վաթսուն յոթանասուն տունե կը բաղկանան։ Հոս ձմեռը երեսունի չափ տուն կա հայու։ Անցյալները կղզեցվույն և թաղականին մեջ վեհ մը ծագեցավ, որ հաշտությամբ վերջացավ։ Երեսուն աշակերտի համար երկու վարժարան կա, մին թաղային և մյուսը մասնավոր։ Թաղային վարժարանը կը կառավարվի բարի քահանայե մը, որ եկեղեցվույն ալ քահանան է, և աշխատող դասատուե մը, որ եկեղեցվույն ձայնավորն է: Այս վարժարանին մեջ Եղիշեն թարգմանող աշակերտներ կան, ինչպես նաև Ավետարանը հասկցող աշակերտուհիներ։ Մասնավոր վարժարանին ալ դասատու տնօրեններն են երկու պարկեշտ եղբայրներ, որք կը մրցին թաղային վարժարանին հետ։ Երեսուն աշակերտի համար երկու վարժարան... հառաջադիմության նշան չէ այս...


Կղզվույն բնակիչներն եկեղեցի չեն երթար, անոնց միայն մտմտուքն է, թե ինչպես կարելի է տասը փարա արժեք ունեցող մեկ բանր քառասուն փարայի ծախել։ Ամառվան եղանակն անցունելու համար կղզի գնացողներուն ալ միայն մտմտուքն է, թե ինչպես ընեն, որ կղզվույն բնակիչներուն հետ առևտուր չընեն։ Ասոր համար է, որ անոնք իրենց միսը, եղը, պանիրը, հացն ու ջուրը Պոլսեն կը տանին իրենց հետը։


Հոս բնավ շուն չկա. փողոցներու մեջ կատուները կը պտտին և տուներու մեջ ալ մուկերը։ Կղզվույն մեջ առատ կով կա, բավական էշ ալ կը գտնվի, ինչպես նաև այծեր։ Այս կովերն, էշերն և այծերն կանանչ խոտ և ծառ չեն թողուր կղզվույն մեջ։ Եթե լուսին չեղած գիշեր մը կղզվույն մեջ պտտելու ելնես՝ կովերը մազերդ կը փրցունեն, մարգագետին կարծելով գլուխդ մեկ կողմե դուն կը քալես, մյուս կողմեն ալ կովը մազերդ կը կտրե։


— Կովը չը՞հասկնար, թե մարդ ես։


— Գիշերը ի՞նչպես պիտի հասկնա։


— Քալելեդ չը՞հասկնար։


— Կարծեմ հիշողությունդ շատ տկար է. քիչ մը առաջ չըսինք, որ գետիններն ալ կը քալեն հոս։


Բնիկ կիները գեղջկական կյանք կը վարեն. ո՛չ պճնասիրություն գիտեն, ո՛չ բամբասանք և ո՛չ արտասահմանյան պտույտ։


Օդափոխության համար ուրիշ թաղերեն եկողներն ալ ծովեզերքին վրա պտըտելեն և կոշիկ հինցունելեն զատ՝ գործ տեսած չունին։ Ծովեզերքին վրա շաբաթ և կիրակի իրիկունները շատ բազմություն կ՝ըլլա: Այս հրապարակն բոլոր մյուս գեղերու հրապարակներեն ամենեն պարկեշտն է։


Կղզվույն օդն այնչափ մաքուր և առողջարար է, որ եթե

բժիշկ մը գա հոն՝ երկու օրվան մեջ կը մեռնի... անոթութենեն։

ՊՈՅԱՃԻ ԳՅՈԻՂ

Այս գյուղին ազգայինները ժամանակավ այնչափ կը քնանային, որ շատ մը բժիշկներ իրենց չքնացող հիվանդն երբ հոս կը ղրկեին։ Ոմանք ալ կը պնդեին, թե Եպիմենիդեսը հոս ծնած ըլլա: Չհավատալու բան չկա. իրենց շատ քնանալուն ամենահզոր մեկ փաստն ալ այս էր, որ հոն բնավ թաղականի կռիվ լսված չէր. եթե չքնանային՝ կարելի՞ էր միթե, որ կռիվ չհանեին և իրենց աղաղակներովն լրագիրներու էջերը չլեցնեին:


Բայց քանի մը ժամանակե ի վեր այս գյուղն արթնցած է շնորհիվ երիտասարդության, որ ընկերություն մը հաստատած է՝ գյուղին վարժարանը հառաչ տանելու համար, և որ վերջերս յուր հաշվեցուցակն ալ հրատարակած է։


Գյուղիս հայերը շատ ուժեղ ստամոքս ունին, անոնց յուրաքանշյուրն ոչխար մը կարող է ուտել եթե ուրիշի մը տունը ճաշի հրավիրվի։ Համեղ կերակուրներեն ավելի կախորժին քան թե խոսարաններեն և լսարաններեն։


Պոյաճի գյուղցին շատ կը սիրէ յուր անունը փոխել։ Կարապետը Քարլո և Մկրտիչը Պաթիսթ կըլլան հոն։ Շաբաթե մը ետքը նորեն կը փոխվին անոնք և ժան կամ Բոլ կըլլան, և մարդս կստիպվի ամեն շաբթու առաջին օրն յուր բարեկամին հարցունել:


— Այսօրվան անունդ ի՞նչ է։


— Ժոզեֆ: Քուկի՞նդ։


— Մարթեն:


Զվարճությունը շատ կը սիրեն, ամիս մը շարունակ կըրնան ուտել, խմել և երգել, առանց ամենափոքր անհանգստություն մը զգալու։


Հոս սա աղեկությունը կա, որ իրարու միս չեն ուտեր և իրարու հետ շատ սիրով են։ Եթե երբեմն պատահի իրարու հետ վեճի բռնվիլ՝ քառորդե մը կը հաշտվին և դրսեն բնավ միջամտություն չեն ընդունիր, իրենց անկախությունը պաշտպանելու համար։ Ասոնք ընդհանրապես այնչափ իրարու քիթ մտնելով կը խոսակցին, որ հեռվանց տեսնողն կը կարծե, թե իրենց խոսակցությունը քթի վրա է։


Կիներեն ոմանք թեպետև իրենց անունները չեն փոխեր, բայց այնչափ կը փսխեն կերպարանքն, որ ցերեկին չես ճանչնար այն կինն, զոր առավոտուն տեսած ես, ոչ ալ երեկոյին կը ճանաչես այն աղջիկն, զոր ցերեկին տեսած ես: Միօրինակությունն այս գյուղին մեջ շատ ձանձրություն կը պատճառե, և մենք կը զարմանանք, որ Պոյաճի գյուղցին ի՜նչպես կը համբերե և շաբաթը անգամ մը տուն չփոխեր: Խնդրենք Աստուծմե, որ այս մոլությունն թաղականներուն և վարժարանը կառավարող անձերուն վրա չգործադրվի։


Իգական սեռն շատ կսիրե ճաշակով հագվիլը և ճաշակով բամբասելը։


Ամառվան եղանակին մեջ շատ տեղերե կուգան հոս օդափոխության համար: Ժամանակավ ուխտի կերթային, հիմա միայն օդափոխության կերթան։


Գյուղիս հայ տուներուն թիվը ճիշտ չգիտցվիր, բայց վաթսունի և յոթանասունի մեջ տեղը կը կարծվի։


Օդը խիստ է, այսինքն միապետական է, իսկ բնակիչները մեղմ են։


Գիւղիս անունեն ոմանք կենթադրեն, թե ատենոք կիները հոս պոյաներ կը շինեն և իրենց երեսներուն, մազերուն և աչերուն կը քսեն եղեր։ Ես ենթադրությամբ ուրիշներուն

մեղքն առնելու կը վախնամ։

ՂԱԼԱԹԻԱ

Ղալաթիո սահմանն է հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն՝ երգիչ աղջիկներ։


Դրամի կողմեն սահման չունի. մոլություններու մասին անսահման է։


Դաշտի վրա շինված ըլլալով՝ ամառը գրեթե միշտ ցամաք է. իսկ ձմեռը՝ թաղիս երեք քառորդը ծով կը դառնա և մեկ քառորդը ցամաք կը մնա։ Այս թաղը երկու տեղագրություն ունի, մին ամառվան իսկ մյուսը ձմեռվան. ամառվան տեղադրությունն առաջնորդ բռնելով եթե ձմեռն այս թաղին մեջ պարտիլ ուզես՝ ջուրերու մեջ կը խղդվիս. իսկ եթե ձմեռվանովն ամառ ատեն հոս շրջագայիս՝ նավդ ցամաքը կը նստի։ Արդ, մեծ զգուշությամբ քալելու ես այս թաղին մեջ, որպեսզի վտանգի մը մեջ չիյնաս։


Գլխավոր լեռն է Ղալաթիո աշտարակը, որ Բաբելոնի աշտարակ ալ կրնա կոչվիլ երբ քաղաքական տեսակետով նայվի հոն։ Հրդեհի նշանը կը տրվի միշտ այս լեռնեն, որուն գագաթը ձյուն չգտնվիր բնավ, այլ միայն կրակ, և ասոր համար հրաբուխ լեռ ալ կը կոչվի։


Ջերմուկներն են գինետուններն, որոնց մեջ մարդ չափեն ավելի կը քրտնի։ Հանքային ջուրերն են. ապսենթ, մաստիքա, գոնյաք և այլն։ Գլխավոր ջերմուկն է Հոմիսիոն խանը, ուր քոնսոլիտի վրա գործ կը լինի։ Ամենեն ավելի քրտնցնող ջերմուկն է այս, որուն մեջ շատերը կը մտնեն ուժ առնելու համար, և ուժաթափ դուրս կելնեն անկե։ Թաղիս ամենեն մեծ ճանբան այն է, որ ուղղակի մինչև Միջագյուղ կը տանի, եթե թրանվեյի կառքերուն մեկուն տակը չմնա մարդ։


Կրոնքը շատ է. գործածականը հայտնի չէ։


Բնակիչն է խաղամոլություն. թիվն որոշ չգիտցվիր։


Թաղիս օդը բնավ կարևորություն չունի. ամենքը կը հարգեն Քոմիսիոն խանին օդը, որ շատերուն կը վնասե և սակայն ամենուն ալ սիրելի է։


Թաղիս մեջ բնիկ հազիվ քսանը հինգ կամ երեսուն տուն կա հայու։ Պանդուխտ եղբայրներն, որք ստորերկրյա տեղեր կը բնակին հոս՝ ամեն կիրակի օրերը թաղին եկեղեցին կերթան և գանձանակներուն ստակ կը ձգեն։ Եթե թաղեցիներուն մնար՝ շատուց ծախված էր եկեղեցին, որ այսօր շատ եկամուտներ ունի։


Այս եկեղեցվույն Թաղական խորհրդարանին մեջն էր ժամանակավ Վալաթիո օճախը: Այս եկեղեցվույն մեջ կըլլան ազգային Երեսփոխանական ժողովո նիստերն, որք ամեն արժանիք ունին Ղալաթիո աշտարակին մեջ տեղի ունենալու։


Հոս բարձրացած է Կեդրոնական վարժարանն, որ դեռ բացված չէ։


Ղալաթիացին տասներկու տարիներն ի վեր կը փափագեր վար առնելու յուր թաղականն, որ ազգային շահերուն ջերմ պաշտպան ըլլալով՝ չէր թողուր, որ քիչ մատեն ալ ուրիշները թաղականություն ընեն և խնդան, իսկ այս տարին թաղեցին հաջողեցավ հրաժարեցնել յուր թաղականն, որ լալով հեռացավ խորհրդարանեն։ Ընտրվեցավ ուրիշ Թաղական Խորհուրդ մը, որուն անդամներուն մեջ անշահասեր մարդեր կը գտնվին, սակայն ասոնք ալ դասատուներու փոփոխությունը շատ կը սիրեն և գրեթե շաբաթ չանցնիք, որ առանց պատճառի դասատու չփոխեն։


Հոս է կեդրոնական թանգարանն, որ ըստ ծանուցման՝ շաբաթը երեք օր բաց է և ըստ իրողության՝ շաբաթը ժամ մը միայն բաց է՝ սիկառա խմել ուզողներուն։


Այս թաղն է Միացյալ ընկերությանց գրասենյակն, որ երկու ամսվան մեջ երկու գործադիր ժողով տեսնելու պատիվն ունեցավ։ Աստված երրորդեն պահե։


Վերջապես այս թաղն կեդրոնական ըլլալով՝ շատ դյուրություններ կուտա մեզի՝ հոն երթալու և շաբաթը քանի մը անգամ

ազգային խնդիրներու վրա կռիվներ հարուցանելու։

ԳՈԻՐՈՒ ՉԵՇՄԵ

Այս գյուղին Գուրու Չեշմե կոչվելուն պատճառն են գեղին աղբյուրներն, որ բնավ չեն վազեր։


Գեղացին աղբյուրը կը շինե, բայց անոր ջուր բերելու հող չըներ։


Միայն աղբյուրներուն հետ չէ, որ այսպես կը վարվի, յուր վարժարանին և եկեղեցվույն հետ ալ նույն ընթացքն ունի։


Այս գյուղին ազգայիններն այնքան կաշխատին եկեղեցվույն պայծառությանը, որ անցյալները եկեղեցվույն մեջ շաբաթ մը կաթիլ մը եղ չկար։ Երբ քահանան իմացուր իրենց, թե եղը հատեր է՝ ասոնք սրճարանի մը մեջ հավաքվեցան՝ խորհրդակցելու համար։


— Ի՞նչ կըսեք, եղբայրներ, եկեղեցվո եղը հատեր է։


— Ի՞նչ կւլլա եղեր, թող առանց եղի կատարվին արարողությունները։


— Ես ալ համակարծիք եմ. արարողությունն առանց եղի ալ կըլլա։


— Ցերեկ ատեն կանթեղ վառելն ի՞նչ նշանակություն ունի:


— Շռայլությո՜ւն է, շռայլությո՜ւն։


— Մեր քահանան ալ այլանդակ մարդ մէ, Դիոգինեսի պես ցերեկ ատեն կանթեղ կը վառե։


— Առավոտները մութուն կսկսի եկեղեցին, և անպատճառ լույս պետք է։


— Լուսնի լուսովը թո՛ղ կարդա։ Եվ վերջապես որոշում կը տրվի, որ քահանան քիչ մը տնտեսագիտական օրենքներով վարվի։

Վարժարանին գալով Գուրու չեշմեցին դասատու կը բերե, բայց ամսական չտար։ Շատ դասատուներ մինչև այսօր Թաղական Խորհրդարանը կերթան իրենց մնացած ամսականներն ուզելու համար և չառնելու համար։

Կիրքն այս գեղացիներուն մեջ չափազանց ըլլալու է, որ իրենց մեջ համաձայնություն գոյացնելն միշտ անկարելի եղած է։

Հոս երեսուն քառասուն տուն կա հայու եթե ութսուն տուն ըլլար ամեն օր նոր կռիվներ պիտի ծագեին։

Կիներն այրերեն ավելի դպրոցասեր և եկեղեցասեր են. բայց իրենք իշխանություն չունենալով՝ լռություն պահելու ստիպված են։

Կիներն շատ չեն սիրեր պտույտ այն պատճառավ, որ պտըտելու տեղ չկա։

Օդը շատ աղեկ է գեղին բարձունքին վրա, իսկ ծովեզերքի օդն աղեկ չէ։ Օղին ազդեցության շնորհիվն է, որ վերի կողմին ազգայիններն ավելի աղեկ են քան վարիններն, և եթե վերիններն վար իջնան կամ վարիններն վեր ելնեն՝ օդափոխությամբ իրենց բնավորությունն ալ կը փոխեն։

ԷՅՈԻՊ ՍՈԻՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԱ

Սուրբ Եղիայի էյուպը պտըտած ենք, քիչ մալ Աստվածածնա էյուպը շրջինք։

Այս թաղն ձեռներն աշխարհես քաշած է. քայլ մը հառաչ երթալու կամք չունի, և եթե չենք սխալիր՝ աշխարհ եկած ըլլալուն վրա ալ զղջացած է։ Եթե կարելի ըլլար՝ երկնիր դեմ բողոք կը բառնային ասոնք, թե ինչու զիրենք աշխարհ ղրկած է։

Այս թաղեցին վերջին ծայր բարեպաշտ և ջերմեռանդ է. քիչ կուտե, շատ կաղոթե։

Դաստիարակությունը չսիրեր, ուստի կարևորություն չտար վարժարանին, թեպետև երիտասարդներեն ոմանք կը ջանան թագին մեջ ուսման սեր տարածելու։

Այրերն և կիներն հուսահատ վիճակ մունին. ընդհանրապես իրենց գլուխներն միշտ ի խոնարհ կը բռնեն, որպես թե մեկե մը հանդիմանված ըլլային։

Պետք է գիտնալ, թե ասոնք ծույլ չեն, կաշխատին, բայց մեքենաբար և միշտ կը մնան հոն ուր որ են։

Աստուծո մոտ և սատանայե հեռի են և այնչափ երկյուղած են, որ եթե սուրբ Եղիա անդիի թաղին մեջ երկաթյա տախտակն քիչ մը ուժով շարժե՝ ամենքն ծակե ծակ կը փախչին մուկի պես։

Ասոնց մեջ գիրություն չկա, ընդհանրապես նիհար են, բայց քաջառողջ։

Արբեցություն չունին, ջուր կը խմեն միայն։

Լավ երազ կը մեկնեն, այս թաղին մեջ մարդ չկա, որ ամեն գիշեր քանի մը հարյուր երազ չտեսնե։ Օր մը ծերին մեկը կըսեր.

— Այս զիշեր մինչև լույս աչքերս չգոգեցի. բայց որչափ ալ երազ տեսա։

Կերևի թե ասոնք իրենց արթուն եղած ատենն ալ երազ կը տեսնեն: Եվ ես չպիտի զարմանամ այսուհետև, թե ինչո՞ւ երբեմն քանի մը ամիսներ երազ չեմ տեսներ, վասնզի էյուպցիները կը տեսնեն իմ տեսնելիք երազներն, և կամ այնչափ շատ երազ կը տեսնեն, որ մեզի երազ չմնար տեսնելու։

Շատ տուներու մեջ Պղնձե քաղաք Երազահան և վիճակահանության գրքեր կը գտնվին, բայց Համպուրկի վիճակահանության չեն գրվիր։

Հագուստի մասին ալ բնավ փոփոխություն չէ կրած այս թաղս լուսահոգի Հակոբ պատրիարքի օրեն ի վեր։

Այս ու ամենայնիվ կիներն, թեպետև աշխատասեր և հավատարիմ՝ զիրար բամբասելու մասին ալ ծույլ չեն։

Օդը շատ թեթև է, և այս թեթևությունն ալ այդ միլիոնավոր երազներեն առաջ եկած է։

ՊԵՈՅՈՒՔ ՏԵՐԵ

Գյուղ մ՚է, ուր օդափոխության համար կերթան ընդհանրապես, բայց Էրիկ փոխելու համար գացողներ ալ չեն պակսիր։

Գրեթե ամենեն հարուստներն են, որ այս գյուղը կերթան ամառներն և շռայլությամբ կյանք կանցունեն, շատերն ալ հարուստ կոչվելու համար կերթան հոն։

Շատ գեղեցիկ տուն՛եր կան ծովեզերքի հրապարակին վրա: Կիներն այն տուներուն դռները կը բանան և այն դիրքով կը նստին գավիթի մեջ, որ անցնողները կը տեսնեն անոնց ամուսիններուն նյութական և մարմնական հարստությունը։

Գիշերները շատ բազմություն կըլլա այդ հրապարակին վրա, բազմություն սիրահարություններու։ Այդ հրապարակին վրա նոր սերեր կստեղծվին. հոն կըլլան խոսկապներ, նշանտուքներ և հարսնիքներ, և ինչո՞ւ չըլլան, ամեն մարդ հոն աղեկ ժամանցունելու համար կերթա. անանկ չէ՞, Մարթա տուտու:

Բնիկ ազգայիններն քիչ են հոս և ունին ախոռի պես տեղ մը, որուն անունը վարժարան դրած են և ուր կերթան գեղին տղաները՝ ապականյալ օդ ծծելու համար։ Վարժարանն ողորմելի վիճակի մեջ Է. գեղացին ալ յուր վարժարանեն նվաղ խղճալի չէ, որ աչեր ունի և չտեսներ, ականջ ունի և չլսեր, իսկ բերան ունի և կուտե։ Անիրավություն չնենք, այս վարժարանին վրա այն ատեն հարձակինք՝ երբ թաղային կանոնավոր վարժարանի մը հանդիպինք մեր պտույտներուն մեջ։

Բնիկն եկեղեցի ալ չերթար, օդափոխության համար գեղը գնացող ազգայիններն են, որ կիրակիե կիրակի եկեղեցի կերթան և քիչ մը ստակ կը ձգեն։

Գեղիս ազգայիններուն մեծագույն մասին գործն է սրճարաններու մեջ քաշվիլ և նարտ կամ թուղթ խաղալ։ Պզտիկ մասն ալ ձուկ բռնելով կզբաղի։

Գյուղիս մեջ ազգային տեսակետով եթե նշանավոր և մեծ բան մը կա՝ ան ալ հարուստ ազգայնո մը պարտեզն է, որուն դռները հասարակության երբեմն կը բացվին և երբեմն կը գոցվին։

Այս գյուղն շատ հարմար է ամեն անոնց, որք միայն զվարճանալու համար եկած են աշխարհ, ամեն տեսակ զվարճություն կա հոն։

Այս գյուղը թեպետև խոնավ է, բայց գեղացիներուն գլուխները միշտ չոր են, չգիտեմ, թե արևո՛ւ մեջ կը տաքցունեն, թե փուռի մեջ։

ԵՆԻ ՔԱԲՈԻ

Սքանչելի օդ ունի...

Ենի քաբուցին առավոտուն արթննալուն պես կզգա, թե յուր գլուխն վրան Է և թե գողերը չեն կտրած զայն, սակայն երբ գլուխն վերցունել ուզե՝ հուսահատություն կուգա յուր վրա, վասնզի գլուխն այնքան ծանր է, որ չկրնար վերցունել զայն։

Արդյոք այս գլուխներն շատ մեծ են և ատոր համար չեն կրնար վեր առնել զանոնք։ Չեմ կարծեր։ Արդյոք այդ գլուխները շա՜տ լեցուն են և ա՜յդ պատճառավ է որ ծանրակշիռ են: Միթե չգիտե՜ս, որ Ենի Քաբույի մեջ պարապ գլուխներն ալ, որ թեթև ըլլալու Էին՝ ծանր կը կշռեն։ Թեթև երիտասարդներու համար ինչ պատվական թաղ։ Արդ, Ենի քաբուցին երբ անկողինեն ելնել ուզե՝ ուրիշ մեկը պիտի գա իրեն օգնելու, գլուխն վերցնելու, որպեսզի կարողանա կանգնիլ, հայկական հատկանիշ, ապա թե ոչ շաբաթներով կը պառկի։ Ենի քաբուցիին գլխուն ծանրությունը ապացուցված է գողության դեպքով մը, որ հետևյալն է. Ենի քաբուցի երիտասարդ մը իր նշանածեն համբույր մը գողնալու համար գիշեր մը անոր տունը կերթա։ Աղջկան հայրն, որ խավարյալ էր և չէր ուզեր յուր ապագա փեսան հարսանիքեն առաջ տանը մեջ տեսնել կիմանա, որ փեսան դռնեն կամացուկ մը ներս մտած է, ուստի կերթա զայն հանդիմանելու։ Փեսան յուր ապագա տները տեսնելուն պես՝ պատուհանեն վար կը ցատկե, գլխիվայր գետին կիյնա և քանի մը րոպե ալ այնպես կը մնա։ Ահա ասկե փորձված է, որ Ենի քաբուցիին գլուխն ամբողջ մարմինեն ծանր է։

Սույն թաղն երկու վարժարան ունի, մին մանչերու և մյուսն աղջիկներու համար։

Այս վարժարաններն այժմ միացած են Քում Քաբույի վարժարաններուն հետ և մեծ հույս կուտան, որ ապագային մեջ ալ չպիտի կրնան լավագույն վիճակ մունենալ՝ եթե հոգաբարձության ուսումնական անդամներն իրենց դերը կատարելու վախնան:

Երբ ազգային մեծ խնդիրներ երևան կուգան՝ այս թաղն պատերազմի դաշտ կորոշվի։ Սահմանադրության վրայոք վեճերուն և ուրիշ կարևոր խնդիրներուն համար կարևոր կռիվներ տեղի ունեցած են հոս, անգամ մը կռիվն այնքան ծանր կերպարանք առավ, որ Ենի քաբուցիի մը գլխեն ավելի ծանրացավ և թաղին եկեղեցվույն մեջ քսանեն ավելի անձեր վիրավորվեցան։

Նախորդ Թաղական Խորհուրդն, որ վարժարանները բարեկարգելու պաշտոնով ընտրված էր՝ եկեղեցվույն կից փողոցն բարեկարգեց և հասարակաց զվարճության համար չխնայեց և ոչինչ։ Անոր շնորհիվն է, որ եկեղեցվույն կից հրապարակը ծառերով զարդարվեցավ և այժմ պատիվն ունի տեսնել յուր վրա պարոններ և օրիորդներ, որք ամառվան գիշերները հոս կը խմբվին և անմեղ զբոսանքներով ժամանակ կանցունեն։ Նախորդ Թաղական Խորհուրդն յուր աշխատության պտուղն տեսնելով՝ բերնին ջուրերը կը վազցունե, թաղականն է, որ կը տեսնե պտուղն, սակայն երիտասարդներն են, որ կը քաղեն զայն։

Թաղիս ազգայինները երկու կարգի կը բաժնվին, արհեստավոր և դյուրակյաց:

Արհեստավոր մասն յուր պարապո ժամերն թաղին սրճարաններու մեջ նարտով և թուղթով կսպաննե։ Հոս ընդհանրապես իքի յուզ կը խաղան և այս խազին մեջ այնքան համբակ հանած են, որ եթե ուրիշ գեղերու մեջ իքի յուզի վրայոք վեճ մը ծագի՝ հոս կուգան վճիռ ընդունելու: Արբեցության կողմեն նշանավոր չեն, կես օխա օղի խմելեն ետքը կզգան, թե գավաթ մը օղի խմած են, և բնավ չեն կարող մրցիլ իրենց սահմանակից տերություններուն հետ... թաղեցիներուն հետ պիտի ըսեի...։

Դյուրակյաց մասը դրսեն հանդարտ կերևա, բայց երբ թաղային խնդիր մը ծագի՝ անմիջապես ասպարեզ կը նետվի։

Թաղիս կիներն պարկեշտ են և աշխատասեր։ Ահա իրենց ծրագիրն.

«Երկուշաբթի՝ լաթ լվալ և երեկոյին ձեռներն իրենց ամուսիններուն ցույց տալ.

«Երեքշաբթի՝ տախտակ սրբել.

«Չորեքշաբթի՝ պատուհան մաքրել.

«Հինգշաբթի՝ կարկտել և քթի տակեն մռմռալ.

«Ուրբաթ՝ ճերմակեղենները հարթել.

«Շաբաթ՝ խորհարանի վերաբերված գործերը տեսնել և բաղանիք երթալ.

«Կիրակի՝ եկեղեցի երթալ և վերջը զիրար բամբասիլ»։

Թաղիս մեջ երկու հարյուր վաթսունի չափ տուն կա հայու։

Հոս պարոնի տեղ տեր կը գործածեն, բայց տերի տեղ դեռ բան մը չեն գտած։

Ք Ա Ր Թ Ա Լ

Քանի մը օր առաջ Քարթալ գացինք տեղվույն ազգայիններուն վրայոք տեղեկություններ հավաքելու համար, բայց բարեբախտաբար թաղին մեջ մարդ մը չկրցանք գտնել բացի գինեպաններն, որք գինի կուտային մեզ ամեն անգամ, որ իրենցմե տեղեկություն կուզեինք։ Բարեբախտաբար ըսինք, և իրավունք ունինք. վասնզի իմացանք, որ թաղիս հայերն այգեգործ ըլլալով իրենց այգիները գացած Էին աշխատելու: Երանի թե բոլոր թաղերու հայերն այգեգործ ըլլային և սրճարաններու մեջ խաղերով չանցունեին իրենց թանկագին ժամերը։ Ուստի ետ դառնալով՝ Պոլիս անցանք և հետևյալ տեղեկությունները քաղեցինք այնպիսի անձե մը, որ լավ կը ճանաչե քարթալցին և մանավանդ անոր գինին։

Քարթալցին, ըսավ այս անձը, բնավ հոգ չըներ, թե ազգային վարչություն չկա, թե Երեսփոխանական ժողովն չըներ, ինչ որ ընել պարտավոր է, թե ազգային վարժարանները կիրքերու վառարան դարձած են և այլն. վասնզի Ազգային վարչություն, Երեսփոխանական ժողով, Ազգային վարժարան բառերն իրեն համար օտարական են, և քարթալցին այն ատեն կը սիրե օտարականն՝ երբ որ ութը դահեկանի ծախե անոր գինին, որ դահեկանի արժեք ունի. և որովհետև Ազգային վարչությունն, Երեսփոխանական ժողովն և ազգային վարժարանները Քարթալ գացած չեն գինի առնելու համար, այս պատճառով քարթալցիին անծանոթ մնացած են։

Օտարական մը Քարթալ մտնելուն պես՝ կը շրջապատվի գինեպաններեն, որանց յուրաքանչյուրն յուր գինին կը գովե և դրացվույնը կը պարսավե։

Հիվանդի համար հին գինի ունիմ պատվական, կըսե մին, և առողջի անգամ վնասակար գինի մը կուտա քեզի:

Սեղանի գինի ունիմ, կը պոռա ուրիշ մը, ցույց տողով գինի մը, որ ոչ թե սեղանի, այլ աթոռի գինի չկրնար ըլլալ։

Այսպես իրենց խոսակցությունն կամ այգիի վրա կը դառնա և կամ գինիի վրա։

Քարթալցին եկեղեցասեր է. ժամկոչը փատ ի ձեռին ամեն առավոտ դռները կը զարնե և կարթնցնե բարեպաշտ ժողովուրդն, որ աղոթքին երթա։ Հայտնի չէ, որ փատե՞ն թե Աստուծմե վախնալուն համար եկեղեցի կերթան։ Ինչ որ ալ ըլլա՝ սա հայտնի է, որ կը սիրեն իրենց եկեղեցին, թող մյուս թաղականներն ալ իրենց ժողովուրդներն ոստիկաններու միջոցավ եկեղեցի բերել տան։

Թաղային վարժարանն, որ շատ տարիներե ի վեր խեղճ էր, դասատու չունենալուն պատճառավ՝ այժմ ավելի խեղճ է՝ դասատու մը ունենալուն համար։ Վասնզի դասատու մը վարժարանեն ներս մտնելուն պես՝ վեճն ալ քանի մը շաբաթեն կը մտնե թաղեցիին մեջ։ Աս ընդհանուր օրենք մ՚է։

Կա հոս բարի քահանա մը, որ շատ տարիներե ի վեր կ՛տրածե այս հոտն և շատ տարիներե ի վեր գինի կը ծախե. Կաթողիկոսն եթե Քարթալ գա՝ շաբաթվան մը մեջ գինվո վաճառականության կսկսի, պանդուխտ քահանա մալ կա, որ գյուղին քահանային օգնականն է թե եկեղեցվո մասին և թե գինվո։

Կիներն ալ այրերուն պես այգիները կերթան գործելու։ Ասոնք Պոլսո մյուս թաղերուն թերություններեն զերծ են անոր համար, որ այգի մշակելեն ժամանակ չեն կարող գտնել, թերություն մշակելու։ Պարզասեր, աշխատասեր, հավատարիմ և բարի քրիստոնեուհիներ ըլլալու ստիպված են այս գեղին մեջ։

Հոս կը գտնվի այնպիսի հյուր մը, որ իրեն զավակներն անոթի թողլով ուրիշներուն կիներուն և քույրերուն համար հանգանակություն կընե։ Թաղիս մեջ իբր հարյուր քսան տուն կա հայու։ Օդափոխության համար այլևայլ թաղերե հոս կուգան ամառներն և տենդ առնելով ետ կը դառնան։

Գյուղիս տենդը շատ գլխացավ կուտա. երեք օրը անգամ մը կը բռնե, իմ Պտույտիս պես, որ երեք օրը անգամ մը կը հրատարակվի...:

Շատերն ալ գինի առնելու համար կուգան և առանց գինովնալու չեն վերադառնար։

ԳԱՆՏԻԼԼԻ

Ահա գեղ մը, ուր ոչ քոլերա մտած է և ոչ նորաձևություն:

Հայու քսան և հինգ տուն կա։

Պարոն Աբրահամ Այվազյան քանի մը տարիներ առաջ հանգանակություն ընելով հաջողած է կանգնել վարժարան մը, որուն մեջ թաղին տղաները միշտ կը կարդան այն բաները, զորս կավանդեն մանկավարժներն նախնական դպրոցներու մեջ։ Ավելորդ է ըսել, թե կամ թաղին տղաները բնավ չեն մեծնար և կամ թաղեցին աղքատ լինելով դասատուի մը ամսական վճարելու կարողություն չունի։ Գիտենք որ այս դպրոցին մեջ տարին քանի մը անդամ պեորեկ կուտեն աշակերտները, բայց չգիտենք, թե տարին քա՛նի անգամ ծեծ կուտեն։

Գեղիս աղգայիններն մեծ մասամբ նավավար են. եկեղեցին կը հաճախեն և գինետուն բնավ չեն երթար։ Դիտողության արժանի է, որ հօգուտ Հայաստանի սովյալներու երեսուն ոսկի գոյացավ այն նվերներեն, որք հավաքվեցան այս գյուղին մեջ:

Կիներն յազմա կը բանին և ստակ շահելով երբեմն իրենց ամուսիններուն պարտքերն ալ կը վճարեն։ Կիներն էին, որ անցյալ տարի կռվեցան գերեղմանատան մեջ գերեղմանի խնդրույն համար։

Ասոնք պարզասեր, աշխատասեր և հավատարիմ ըլլալով Հանդերձ՝ ազգային զգացում ալ կը կրեն, իրենց աղջիկները միշտ ազգային երգեր կերգեն։

Ծեր քահանա մը ծեր ժամանակե մ՛ի վեր քահանայություն կը գործե և վեճի մը առիթ տված չէ բնավ։ Գյուղիս բարձունքեն կը մեկնին թնդանոթին այն յոթը ձայներն, զորս երբ լսենք՝ մեր անկողիններեն կը ցատկենք և փողոցը կը վազենք հասկնալու համար՝ թե հրդեհն ո՛ւր է։

Նավավարներն երբեմն գյուղիս մեջ անանկ կտակներ կնեն ազգին, որ կարծես թե կատակ կընեն, նավավարի մը ըրած կտակն մեր ամենեն հարուստներն իսկ չեն ըներ, ուսկից կը հետևի թե գյուղիս մեջ ազգասիրության կրակը վառ է միշտ։

Գյուղիս օդն և ջուրն այնքան առողջարար են, որ եթե մեկը շաբաթ մը մնա հոս՝ հետևյալ շաբթուն կը պարտավորի թիկնաթոռն փոխելու և ավելի ընդարձակն դնելու:

ԵՆԻ ՄԱՀԱԼԵ ՍԱՄԱԹԻՈ

Այս թաղը Սամաթիո ձագն է և ամեն նկատմամբ յուր հորը կը նմանի։

Հոս ալ թաղականի կռիվները պակաս չեն, բայց հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոսի շնորհիվ այժմ կռիվները առաջվան պես մշտնջենական չեն, այլ առժամանակյա։ Վարժարանին գալով՝ հայտնի է, որ թաղային վեճերու մատնված թաղի մը վարժարանն գոհացուցիչ չկրնար ըլլալ։

Թաղիս այրերն և կիներն ազգային զգացում ունին, միջին դասեն ըլլալովն շողոքորթություն չեն գիտեր և ճշմարտությունը բարձրաձայն կը խոստովանին։

Այրերն օղին կը սիրեն, ինչպես նաև գինին, ասոր համար շատերն իրենց հետը լապտեր կառնեն, որ եթե ուշանան գինետան մեջ՝ մութուն չստիպվին երթալ իրենց տուները։

Հրաշագործը հոս հրաշքներ կընե և հիվանդներ կը բժշկե։

Օդը լավ է, բայց թաղեցին օդեն ավելի դրամը կը սիրե։

ՆԱՐԼԸ ՔԱԲՈՒ

Աղքատ թաղ մէ։

Ժամանակավ քանի մը հարուստ վաճառականներ իրենը մեջ հոգաբարձություն մը կազմելով թաղին վարժարանը կը կառավարեին. իսկ մեկ երկու տարիե ի վեր այդ հոգաբարձությունը լուծված է և թաղեցին ինք իր գլխուն կը կառավարն յուր վարժարանն, որ ինչպես հայտնի է՝ նախանձելի վիճակ մը չկրնար ունենալ, թաղային վարժարան մըլլալուն պատճառավ։

Այս թաղին եկեղեցվույն ժամկոչներն այնքան արթուն անձեր են, որ ուրիշ թաղերու գողերուն եթե եկեղեցական անոթ պետք ըլլա՝ թաղիս եկեղեցիեն կառնեն կը տանին։

Թաղիս մեջ դրամով հարուստ ազգային չկա, բայց սրտով ամենն ալ հարուստ են։ Իրենց պարտավորությունը կը ճանաչեն՝ եթե իրենց ներկայացունես զայն, և ազգօգուտ ձեռնարկություններու համար իրենց լուման չեն մերժեր։

Թաղս ծովեզերյա ըլլալով՝ թաղեցին լավ լողալ գիտե... օղիի մեջ։

Կիները աշխատասեր են, և եթե պատուհաններուն նայիս հոս ամեն օր լաթ կը լվան, վասնզի իրենց տանը պատուհաններեն ամեն օր ճերմակեղեն կախված են։

Օդը մեղմ է, թաղեցվույն բնավորությանը պես. իսկ երբ հարավը փչե և ծովն ալեկոծե՝ թաղեցին ալ ծովուն հետ կը կորուսնե լուր հանդարտ բնավորությունը և ալիքներուն պես կը կատաղի։

Այս միջոցին Նարլը քաբուցիի մը առջևեն մի քալեր փողոցի մեջ. զքեզ կը տապալե և կանցնի կերթա ալիքի պես:

Պ Ե Յ Ք Ո Զ

Կեցցե՛ Սահմանադրություն...։

— «Արի՛ք Հայկազունք հառաջ ընթանանք,

Սահմանադրության նոր բարև մ՝ալ տանք»:

Առաջին անգամ Պեյքոզի մեջ արտասանվեցան վերոհիշյալ խոսքերն, բայց չորս հինգ տարի կա, որ բարևը կտրեցինք Պեյքոզին և ազգային հիմարանոցին առջև կուտանք Սահմանադրության մեր բարևը։

Շատ նշանավոր եղած է Պեյքոզ Սահմանադրության տարեդարձային այն հանդեսներով, որք տեղի կունենային յուր դաշտավայրին վրա, ուր կը հավաքվեին ազգասեր հայերն և իրարու բերնեն կը հափշտակեին ճառերը, գինիի գավաթներն և Սահմանադրությունը։

Բնավ նշանավոր եղած չէ յուր վարժարանովն, որ հեռի է աշակերտները գոհացնելե։

Խաղային կռիվներն երբեմն երևան կուգան և քանի մը շաբաթներ պտըտելեն ետքը աներևույթ կըլլան, վերստին երևնալու համար։

Թաղեցվույն մեծ մասն անհոգ է եկեղեցվո և վարժարանի մասին, երիտասարդությունն երբեմն կաշխատի, որ բարեկարգություն մտցունե վարժարանին և թաղականին մեջ. սակայն բարեկարգությունն առանց դրամի չըլլար, և մեր երիտասարդությունն ալ դժբախաաբար առանց դրամի կըլլա։

Նավավարներ և ձկնորսներ առատ են։ Ասոնք սքանչելի գինի կը խմեն և պատվական ալ ձուկ կուտեն գինվո վրա: Նախանձ և ատելություն չկա իրարու մեջ. ամենքը սիրով կը վարվին միմյանց հետ, և միշտ այսպես սիրով մնալու համար ուխտ ըրած են, որ չխոսին թաղային խնդիրներու վրա, որոնցմե, կըսեն, միշտ վնասված է իրենց բարեկամությունը։

Կիները տան գործերով կզբաղին, քիչով գոհ կըլլան և մեծ պահանջումներ չեն ըներ։ Պարկեշտ և հավատարիմ են, բայց կը գտնվին հարկավ այնպիսուհիներ ալ, որք իրենց ամուսիններեն երբեմն ապտակ կուտեն՝ ընդդիմախոս գտնվելնուն համար։

Պեյքոզին օդն ալ միշտ գովեստներով կը հիշվի... ընդհանրապես ամեն թաղին օդը, որչափ ալ գեշ ըլլա՝ միշտ այն թաղին վարժարանեն լավ է։

ՄԱՔՐԻ ԳՅՈՒՂ

Այս գյուղին մեջ միշտ փափագ մը կը տեսնվի հառաջդիմության, բայց հառաջադիմություն բնավ չտեսնվիր:

Տասը տարիե հետե ամեն ջանք ի գործ կը դնեն իրենց վարժարանը բարեկարգելու համար, սակայն վարժարանը բարեկարգության երես չտեսներ։ Այս օրերս վարժարանի հոգաբարձությունը հրաժարական տվավ յուր պաշտոնեն, զոր ուրիշներն ստանձնել կուզեն և չեն հաջողիր: Վարժարանը բարեկարգելեն առաջ թաղեցվույն սիրտը բարեկարգելու պետը կա։

Եկեղեցասիրությունն հազվագյուտ է թաղիս մեջ, ժամկոչը ուրիշ թաղերեն մարդ կը կանչե եկեղեցվույն։

Բնիկ գեղացին արհեստավոր է և վարժարանի վերաբերյալ խոսքերուն մեջ բնավ չխառնվիր։ Կը գտնվին հոս վաճառականներ, որք ուրիշ թաղերե եկած են հոս, կամ օդափոխության համար կամ իրենց պարտատերներուն չերևալու համար։

Գեղիս գլխավոր զբոսավայրն է Սաքըզ Աղաճի կոչված զբոսավայրն, ուր սիրահարության դեպքեր շատ կը պատահին։

Գեղիս մեջ ջուր չկա, ուստի հոս կրնան երթալ այն ծնողներն, որք կը վախնան, թե իրենց տղաները ջուրի մեջ կիյնան և կը խղդվին, վասնզի խմելու իսկ ջուր չգտնվիր. երբեմն ծովուն ջուրը կը խմեն... լողալ սորվելու համար ծովը մտնողները։

Գյուղիս հայ տուներուն թիվը որոշ չգիտցվիր. վասնզի օրե օր ավելնալու վրա է, ինչպես նաև ազգասերներու թիվն, որ վայրկյանե վայրկյան պակսելու վրա է։

ՖԵՐԻ ԳՅՈՒՂ

Այս գեղին մեջ պատվական գարեջուր կը շինվի. ազգային գործերու վերաբերությամբ գյուղացիին թմրությունն հառաջ եկած է այս ըմպելիքեն, զոր շատ կը խմե։

Քահանա մը կա, որ կը կարդա այս եկեղեցիին մեջ և կարդացած ժամանակը երբեմն հետևը կը նայի և եկեղեցվույն մեջ մարդ մը տեսնելուն պես գանձանակը կառնե և կարդալով կսկսի պտտցունել գանձանակն։ Եկեղեցվույն մեջ այս քահանայեն զատ մարդ տեսնելը հրաշքի կարգ անցած է։

Հազիվ հիսուն վաթսուն տուն կա հայու։ Վարժարանին մեջ աշակերտները կը կարդան Քերական, Սաղմոս և Նարեկ:

Բերայեն հոս կերթան կենդանիները գարեջուր խմելու, և մեռյալներն ալ թաղվելու. վասնզի հոս փոխադրված է Բերայի գերեզմանատունը։

Օդն այնքան աղեկ է, որ ամեն կիրակի մեծ բազմությամբ ամեն թաղերե հոս կը դիմեն, քիչ մը և շատ գարեջուր առնելու համար:

ԵՆԻ ԳՅՈԻՂ

Կամաց-կամաց ազնվականներու բնակարան կը դառնա այս գյուղն և աղքատներու քավարան։

Գեղացին կաշխատի յուր վարժարանն և եկեղեցին կանոնավորության մեջ պահելու, և կը հուսացվի, որ իրեն նպատակին հասնի։

Պճնասիրությունն հոս մեծ դեր կը խաղա։ Կիները Պեռյուք Տերեյի կիներուն հետ մրցելու համար ամեն զոհողություն կընեն, և այրերն ալ իրենց քսակները միշտ բաց կը պահեն գոհացնելու համար իրենց կիներուն պահանջումները։ Կիները օրը չորս անգամ հագուստ կը փոխեն, վասնզի նորաձևությունն այս գյուղիս մեջ ամսե ամիս չփոխվիր, այլ երեք ժամը մի անգամ։

Բամբասանքն հոս ֆրանսերեն տեղի կունենա։

Չեն պակսիր հոս ազգասեր և ուսյալ տիկիններ, որք կը խորհին ազգին վրա... բրինձի փոշիեն ետքը։

Այրերն երեկոները տուն մը կը հավաքվին և վիսթով կը զբաղին։ Կիներն ալ պարելով, կամ պտույտ ընելով, կամ դաշնակ զարնելով, կամ երգելով, կամ վիպասանություն կարդալով կզբոսնուն։ Տնական գործերն աղախիններուն հանձնված են։

Օդը մաքուր է։ Թերճեմանը էֆքյարի տնօրեն պարոն Ճիվելեկյան Բերայեն հոս կուգա երբեմն մաքուր օդ առնելու Թերհեմանը Հաքիքաթին լեզվին փչելու համար։

Գյուղիս մեջ քառասուն տուն կա հայու, չորս հարյուր գլխարկ կնկան և երկու հազար զույգ կոշիկ։