Jump to content

Ջան, ա՜յ լուսին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջան, ա՜յ լուսին

Ջան, ա՜յ լուսին


Լուսինն ելավ են սարից,
Սարի բարձր կատարից,
Շեկլիկ-մեկլիկ երեսով՝
Փռեց գետնին լույսի ծով.—

— Ջա՜ն, ա՜յ լուսին,
Ջա՜ն քո ուսին,
Ջա՜ն քո կլոր
Շեկ երեսին...

Խավարն իսկույն չքացավ,
Ու էլ գետնին չկացավ,
Լուսնի լուսից հալածված՝
Խոր ձորերի մեջ մնաց.

— Ջա՜ն, ա՜յ լուսին,
Շեկլիկ լուսին,
Ջա՜ն քո արծաթ
Կամար ուսին...

Բայց ամպերը մոլեգին՝
Նախանձեցին լուսնյակին,
Ելան երկինք կապուտակ՝
Լուսնին առան իրենց տակ.

Ջա՜ն, ա՜յ լուսին
Խավար լուսին,
Ջա՜ն, կսպասենք
Մենք քո հույսին...