Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու բոլոր իրավունքները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու բոլոր իրավունքները

կամ

Բաց նամակ Lragir.am-ի խմբագրությանը

Արա Պապյան

Lragir.am-ի 20.03.2010թ.-ի «Հոնքը սարքելու փոխարեն» հոդվածի անհայտ հեղինակն անում է հետևյալ միանշանակ պնդումը. «...աշխարհի որևէ քիչ թե շատ կայացած երկիր թույլ չի տա էթնիկ հիմքով քաղաքական կուսակցության գոյությունը»: Միանգամայն անհիմն և իրականությանը չհամապատասխանող պնդում:

Օրինակ, Իսպանիայի խորհրդարանում ներկայացված 10 կուսակցություններից և բլոկներից 6-ն էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ են: Դրանք հետևյալներն են. Միասնության և միության կուսակցությունը [Կատալոնիա] (Convergència i Unió Partido de Catalunya)՝ ներկայացված Իսպանիայի 50 նահանգներից միայն 4-ում և խորհրդարանում ունի 6 տեղ; Բասկերի ազգայնական կուսակցությունը (Partido Nacionalista Vasco)՝ ներկայացված 3 նահանգում և ունի 6 տեղ; Կատալոնիայի ձախ հանրապետականները (Esquerra Republicana de Catalunya)՝ 4 նահանգում և 3 տեղ, Կանարյան կոալիցիան (Coalición Canaria)՝ 2 նահանգում և 2 տեղ, Գալիցիայի ազգայնական բլոկը (Bloque Nacionalista Galego)՝ 3 նահանգում և 2 տեղ, Նավարրային՝ այո բլոկը (Nafarroa Bai)՝ 4 նահանգում և 1 տեղ: Ի դեպ վերջին երկու բլոկների մեջ մտնում է համապատասխանաբար 6 և 4 կուսակցություն: Բացի վերոհիշյալներից Իսպանիայում գործում են նաև մի քանի տասնյակ այլ էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ, որոնք ներկայացված չեն դաշնային խորհրդարանում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս կուսակցություններից շատերը հանդես են գալիս ոչ այնքան ինքնավարության պահանջով (քանի որ այդ շրջաններից շատերն արդեն ինքնավար են), որքան առավելաբար պահանջում են լիակատար քաղաքական անկախություն: Սակայն դրանից նրանք հանցագործ չեն դառնում կամ համարվում: Անկախության պահանջը, առավել ևս՝ ինքնավարության պահանջը, ինքնին հանցագործություն չէ: Դա իրավունք է: Դա մարդու ազատ ընտրության բաղադրիչներից է:

Կանադայի խորհրդարանում ներկայացված (51 տեղ) Քեբեկցիների կուսակցությունն (Bloc Québécois) ունի էթնիկ բնույթ և գործում է Կանադայի 13 նահանգներից և տարածքներից միայն մեկում՝ Քեբեկում, բայց դրանից այդ կուսակցությունը չի դառնում հանցագործ: Այդ կուսակցության վերջնական նպատակն է անկախ պետականության ստեղծումը: Նրա նախաձեռնությամբ Քեբեկում մի քանի անգամ անկախության հանրաքվե է անցկացվել, սակայն միշտ էլ 2-3% չի բավականացրել 50% սահմանագիծն անցնելու համար: Վստահաբար կարող եմ ասել՝ եթե Քեբեկի բնակիչների մեծամասնությունը մի օր քվեարկի անկախության օգտին, կենտրոնական իշխանությունը բանակը չի ուղարկի՝ ճնշելու քեբեկցի «անջատողականներին»: Ի վերջո անջատվելու կամ միանալու իրավունքը մարդու անօտարելի իրավունքներից մեկն է: Նշեմ, որ Կանադայից անկախության ձգտող կուսակցությունը նույն Կանադայի կենտրոնական իշխանությունից դրամական աջակցություն է ստանում իր կուսակցական գործունեության համար, քանի որ դա է օրենքի պանաջը: Քեբեկցիների կուսակցությունը Կանադայի ամենամեծ էթնիկ/տարածաշրջանային կուսակցությունն է, սակայն յուրաքանչյուր նահանգում կա մի քանի էթնիկ/տարածաշրջանային կուսակցություն: Կանադայում համապետական վերջին ընտրություններին (2006թ.) մասնակցում էր Կանադայի տեղաբնիկ ժողովուրդների ազգային կուսակցությունը (The First People National Party of Canada), սակայն այն տեղ չգրավեց խորհրդարանում, քանի որ հավաքեց ընդամենը 1201 քվե: Դա 7.6 անգամ քիչ էր, քան Կանադայի Մարիխուանայի կուսակցությունը (The Marijuana Party of Canada): Ի դեպ Կանադայում գրանցված է նաև Ռնգեղջյուրի կուսակցություն (Rhinoceros Party):

Ֆրանսիայում գործող էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններից հիշատակելի են բասկերի Բասկերի երկիր (Abertzaleen Batasuna) կուսակցությունը, էլզասցիների (գերմանացիների) Նախ Էլզասը (Alsace d’abord) կուսակցությունը, բրետոնցիների Բրետոնի ժողովրդավարական միություն (Union Democratique Bretonne) կուսակցությունը, Սավոյցիների լիգա (Ligue Savoisienne) կուսակցությունը և կորսիկացիների Ազգային միություն (Unione Naziunale) կուսակցությունը: Սրանք բոլորն էլ իրենց էթնիկ տարածաշրջանների համար ավելի լայն ինքնավարություն պահանջող կամ անկախության ձգտող կուսակցություններ են:

Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատում Շոտլանդական ազգային կուսակցությունն (Scottish National Party) ունի 7 տեղ և 2 տեղ Եվրոպայի խորհրդարանում, իռլանդական Շին ֆեյն (Sinn Fein) [Մենք ինքներս] կուսակցությունը՝ համապատասխանաբար 5 տեղ և 1 տեղ, ուելսցիների Փլեյդ Քըմռը (Plaid Cumru, Ուելսի կուսակցություն)՝ 3 տեղ և 1 տեղ, Ալսթըրի միութենական կուսակցությունը (Ulster Unionist Party)՝ 1-ական տեղ: Հատկանշական է, որ սրանք բոլորը, բացի վերջինից, անկախական/անջատողական կուսակցություններ են, այսինքն՝ պայքարում են հանուն իրենց ազգային-տարածքային միավորների լիակատար անկախության: Այսուհանդերձ, այդ կուսակցությունները ոչ միայն չեն փակվում, և նրանց անդամները չեն ձերբակալվում ու հալածվում, այլև իրենց ներկայացուցիչներն ունեն Եվրոխորհրդարանում:

Ռումինիայի քաղաքական դաշտում գնչուները ներկայացված են երկու միավորով՝ Գնչուների կուսակցությամբ (Partija Roma), որը ներկայացված է նաև խորհրդարանում և արտախորհրդարանական «Ռոմա» [գնչու] քաղաքացիական միություն կուսակցությամբ (Civil Union "Roma"): Նույն երկրի հունգարացիները խորհրդարանում ներկայացված են Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միություն կուսակցությամբ (Democratic Union of Hungarians in Romania), որը 22 տեղ ունի պատգամավորական պալատում, 9 տեղ՝ սենատում, 3 տեղ՝ Երվրոխորհրդարանում: Ռումինական գերմանացիների Ռումինիայի գերմանացիների դեմոկրատական ֆորում կուսակցությունը (Demokratisches Forum der Deutschen in Rumanien, DFDR) խորհրդարանի պատգամավորական պալատում ունի 1 տեղ:

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգներում ընտրական պայքարն ընթանում է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև: Այսուհանդերձ, կան բազմաթիվ, այդ թվում նաև տարածաշրջանային/նահանգային ընդգրկման, կուսակցություններ: Նշեմ 2 ամենահետաքրքիրները՝ Բոստոնի թեյախմության կուսակցությունը (Boston Tea Party) և Միացյալ Նահանգների մարիխուանայի կուսակցությունը (United States Marijuana Party): ԱՄՆ-ում չկան էթնիկ կուսակցություններ, որովհետև երկրում չկան հոծ բնակեցված էթնիկ շրջաններ: Փոխարենը ներկայումս գործում են բազմաթիվ տարածաշրջանային/նահանգային կուսակցություններ, այդ թվում՝ Օրեգոնի անկախ կուսակցությունը (Independent Party of Oregon) կամ Հարավի անկախության կուսակցությունը [Թեքսաս] (Southern Independence Party, [Texas]):

Ակնհայտ է, որ այսօր Ջավախքի հայերը չունեն անկախության ձգտում: Նրանք անգամ վարչական լայն և լիակատար ինքնավարության ձգտում չունեն: Ես անգամ չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է: Նրանց ուզածը միայն որոշ հարցերում սահմանափակ ինքնավարությունն է: Պարզ ասած՝ ուզում են, որ իրենց էլ մարդու տեղ դնեն, որ իրենք իրենց հողի վրա որպես հայ արժանապատիվ ապրելու անսակարկ իրավունք ունենան:

Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու բոլոր իրավունքները: Այդ թվում նաև իրենց կամքն ազատորեն՝ սեփական քաղաքական և ոչ քաղաքական կառույցների միջոցով, արտահայտելու իրավունք: Հետևաբար, հանուն տարածաշրջանի կայունության ջավախահայերը պիտի կարողանան կենսագործել իրենց իրավունքները, օրինակ՝ գոնե այն մակարդակով, ինչ գնչուները Ռումինիայում: Թե չէ մի օր Ջավախքը կհոգնի Հայաստանի և Ղարաբաղի մատաղացու գառը լինելուց:


20 մարտի, 2010թ.