Jump to content

Ջհուդի ականջը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջհուդի ականջը
Ջհուդի ականջը

Կովել քաղաքի կայարանում մեր վագոնը լցվեց հրեաներով: Եղանակն անձրևային էր, անախորժ, մինչև անգամ ցուրտ, թեև օգոստոսը դեռ չէր վերջացել։ Բոլոր ճանապարհորդները թրջված էին, բոլորի իրեղենները՝ ցեխոտված, որովհետև կայարանն անկարգ էր, իսկ պլատֆորմը ծածկոց չուներ։

Սկսվեց այնպիսի իրարանցում, որի նմանը չէինք տեսել Թիֆլիսից մինչև Լեհաստան, անցնելով Կովկասի վառվռուն տարրերի միջով։ Առաջին պահ չէինք լսում ոչ միայն մեքենայի խուլ թնդյունը և կառքերի ձանձրալի դղրդյունը, այլև իրարու ձայնը։

Ներս խուժելով, հրեաները կատվի արագությամբ իրենց բազմաթիվ կապոցները տեղավորեցին, գտնելով այնպիսի անկյուններ ու խորշեր, որոնց մասին ես մինչև այդ ժամանակ գաղափար չունեի: Այսպես է հրեան։ Ով շատ է ճանապարհորդում, նա շուտ է հարմարվում անհարմարություններին։ Իսկ ո՛վ չգիտե, որ աշխարհի երեսին ոչ ոք այնքան չի ճանապարհորդում, որքան հրեան։ Չէ՞ որ այդ անբախտ ժողովրդի ճակատին պատմությունը գրել է.

— Թափառի՛ր հավիտյան։

Երբ իրարանցումը մի փոքր դադարեց, մեզ մոտեցավ մոխրագույն վերարկուով ու մեխակի գույնի, լայն, ճխլտված գլխարկով մի մարդ և, տասն անգամ ներողություն խնդրելով, նստեց իմ դեմը։ Իսկապես բոլոր տեղերը բռնված էին, բայց մարդն այնուամենայնիվ նստեց, աշխատելով կարելույն չափ իր մարմինը փոքրացնել։

Տեսե՞լ եք արդյոք մի տղամարդ, որի դեմքը ներկայացնե գեղեցկի և տգեղի զարմանալի խառնուրդ։ Երևակայեցեք հորիլլոյի դնչից և ամենագեղեցիկ դեմքի մի հյուսվածք և դուք կունենաք մոտավորապես նորեկ հարևանիս պատկերը, նրա քառակուսի ծնոտը, տափակ քիթը, լայն բերանը, հաստ շրթունքները, խոշոր կինամոնագույն աչքերի խելացի արտահայտության և կանոնավոր կազմված գլխի, սիրուն ճակատի և նուրբ հոնքերի գեղեցկության հետ։

Նստեց թե չէ այդ մարդը, սկսեց ոտքից մինչև գլուխ զննել մեզ խիստ հետաքրքիր հայացքով, չմոռանալով նայել իրեղեններիս։ Հրեայի ախտ դարձած հետաքրքրությունը, որ ուզում է անպատճառ իմանալ․ ովքե՞ր են իր ուղեկիցները, ի՞նչ դիրք ունին, ո՞ւր են գնում և ինչո՞ւ։ Հենց այս հատկությունն է, որ ճանապարհորդության մեջ նրան դարձնում է մերթ ցանկալի և համակրելի ընկեր, մերթ ձանձրալի և ատելի ուղեկից։

Վերջապես նորեկը հեռացրեց մեզանից իր խուզարկու հայացքը, երևի գուշակելով, որ մեզ շատ էլ դուրեկան չէ այն։

— Ֆեյլդման,– դարձավ նա իր ազգակիցներից մեկին,— քսանմեկ կխաղա՞ս։

— Այ-վա՛յ, ժամանակ չկա,— պատասխանեց Ֆեյլդմանը, որ նստած էր մեր կողքի փոքրիկ բազմոցի վրա,– վերջապես ես քաղցած եմ, ուտել եմ ուզում։

Դա մի փոքրիկ, շատ փոքրիկ, արագաշարժ և արագախոս ծերուկ էր, պստիկ, ճերմակ միրուքով ու թավ, սև ունքերով։ Նա անմիջապես իր ոտների տակից «այ-վայ» անելով դուրս բերեց և ծնկների վրա դրեց մի զամբյուղ՝ ուտելեղենով լիքը։ Շուտով մեր վագոնում տարածվեց կանաչ սոխի և ինչ-որ ապխտած ձկան հոտ։ Ֆեյլդմանն ուտում էր կապիկի պես, այսինքն՝ երկու ձեռները մոտեցնելով բերանին. քիչ-քիչ, բայց արագ-արագ և արագ-արագ ճպճպելով աչքերը։

— Է՛հ, բաս ի՞նչ անեմ, տխուր է,— ասաց հարևանս, անգիտակցաբար իր լայն գլխարկը բարձրացնելով ծոծրակի կողմը։ Այդ միջոցին տասը տարեկան աղջիկս ծիծաղելով ասաց.

— Հայրի՛կ, չե՞ս տեսնում, այդ մարդու մի ականջը չկա։ Նայի՛ր։

Արդարև, հարևանիս ձախ ականջը կտրած էր մինչև բլթակը, և այս թերությունը նրա կերպարանքին տալիս էր ավելի տարօրինակ տեսք։

Ես կարծեցի, որ փոքրիկի անմեղ ծիծաղը կդիպչի այդ մարդուն և շտապեցի զսպել նրան։ Բայց պատահեց հակառակը։ Հրեան սիրալիր ժպտաց, բաց անելով իր լայն բերանը մինչև վերջին ատամները։ Եվ այդ ժպիտը նրա դեմքից քշեց այն բոլորը, ինչ որ անասնական էր։ Մատը թափ տալով օդի մեջ, նա հայրական եղանակով ասաց.

— Մադմուազել, մի՛ ծիծաղիր ականջիս վրա, առնետները կբարկանան։ Գիտե՞ս, նրանք են կերել օրը ցերեկով իմ ականջը։ Ախ, նրանք սոված են, շատ են սոված, այդ գարշելի, հոտած առնետները։ Հեյ-մե՜յ, ի՜նչ կուշտ ծիծաղում ես, երանի՜ քո հասակին…

Ապա նա, իր տեղը լայնացնելով, դարձավ ինձ․

— Ո՞ւր եք գնում։

— Առայժմ Վարշավա։

— Գործո՞վ։

— Ոչ, հենց այնպես։

— Ի՞նչ ազգից եք,— շարունակեց նա, տեղը ավելի լայնացնելով։

— Հայ։

— Աա՜, հա՞յ եք,— գոչեց նա, կարծես ուրախանալով և, միևնույն ժամանակ, տեղն ավելի լայնացրեց,— որտեղից եք գալիս։

— Թիֆլիսից։

— Թիֆլիսից գնում եք Վարշավա,— պատասխանեց նա դառն հեգնական ծիծաղով,— կնշանակե դժոխքից գնում եք գեհեն։

— Մի՞թե։

— Կատարելապես,— գոչեց հրեան և այս անգամ տեղն այնպես ուղղեց, որ այլևս որդիս հարկադրվեց վեր կենալ։

Ես ասացի, որ մենք միայն մի օր ենք մնալու Վարշավայում: — Օօ՜, և ո՛չ մի ժամ, ո՛չ մի ժամ չմնաք, պարոն։ Վատ է, շատ վատ այնտեղ։

Եվ բացատրեց, թե ինչու է վատ այնտեղ։ «Ազգերը և դասակարգերը» խառնվել են միմյանց և ոտքի կանգնել։ Փողոցներում ստեպ-ստեպ իջնում է կարմիր դրոշակ։ Նրա գույնը խիստ գրգռում է «ոմանց», ինչպես որսորդի աչքերը օրհասական արջին։ Ատրճանակ, դաշույն, հրացան, ռումբ, լրտեսություն, մատնություն, կողոպուտ - ահա՛ ինչեր են տիրում այնտեղ։ Որտեղ նայում ես - արյու՛ն։

— Եվ մեծ մասամբ մեր արյունը, հասկանո՞ւմ եք, մե՛րը, ազգերից ամենաբախտավորինը։ Օօ՜, երկու հազար տարի է ծծում են մեր սրբազան արյունը և դեռ չեն կշտացել անիրավները։ Մի՛ գնաք այդ անիծյալ քաղաքը, որովհետև այնտեղ հրեաներ կան։ Առհասարակ փախեք Ռուսաստանից։ Ես էլ ստիպված եմ գնում։ Ընտանիքս Քիշնևից տարա այնտեղ․ կարծում էի ավելի ապահով կլինի։ Բայց, աստված իմ, աստված իմ, ե՞րբ պիտի վերջապես խելքի գան բռնակալները։

Նա լռեց, ծանր ու երկարատև մի հառաչանք արձակեց կրծքից։ Ապա իր խելոք և խոր թափանցող աչքերը — նրանց մեջ արդեն վառվել էր պատմական վիշտը — դարձրեց դեպի լուսամուտը։

Աղմուկը չէր դադարում։ Այժմ հրեաները զբաղված էին մի տեղ թուղթ խաղալով, մյուս տեղ՝ ուտելով։ Նրանք վիճում էին բարձրաձայն, այնպես որ կարծում էիր, թե ահա, ահա՛ պիտի պայթի կռիվ, և պիտի ջարդոտեն միմյանց քիթն ա պռունգը։ Բայց գոռում-գոչումներին հետևում էր բարձրաձայն ծիծաղ, ապա վայրկենական դադար, ապա դարձյալ գոռոցներ և հայհոյանքներ։

Դրսում անձրև չկար, մենք անցել էինք նրա սահմանը։ Կառախումբն արդեն կտրում էր Լեհաստանի դաշտերն ու անտառները։ Աջ ա ձախ երևում էին գյուղեր, ագարակներ, մերթ ընդ մերթ ամառային դղյակներ,— մի ժամանակվա փարթամ Լեհաստանի բեկորները։ Ոչխարների հոտերը և ձիերի երամակները արածում էին աշնանային դեղնագույն կանաչը, անտառների մեջ ցրված։ Գյուղացիները հերկում էին ոսկեգույն հողը, ուշադրություն չդարձնելով անցնող կառախմբի վրա։ Գեղջկուհիները իրանց կապույտ գոգնոցների մեջ ժողովում էին կաղամբ, գետնախնձոր, եգիպտացորեն, որ մեծ մասամբ երկաթուղու գծի մոտ էին ցանված։ Տեղ-տեղ, խոշոր տերևների միջից, ժպտում էին հասուն դդումներ, իսկ արևածաղկի դեղին աչքերն ապուշ-ապուշ նայում էին մայր մտնող արեգակին, ծծելով նրա վերջին ճառագայթները։

Աշխատանքը եռում էր, բայց կյանքը մեռած էր։ Մարդկանց հոգնած դեմքից չէր նկատվում զվարթություն, այն, ինչ որ բանաստեղծի երևակայությունն է հորինում գյուղական կյանքի համար։ Չէր երևում, որ այստեղ մարդիկ պարում են ու երգում և իրենց կայտառ քրքիջը միացնում բնության երգեհոնին, այնպես, ինչպես ես տեսա Բելգիայի սքանչելի մարգերում։ Մռայլ դեմքերի և կորացած մեջքերի վրա զգացվում էր քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի ճնշումը։ Արդեն Վարշավայում պայթող ռումբերի թնդյունը արձագանք էր գտել Լեհաստանի գյուղերում։ Արդեն իր գոռոզությամբ և պատմական կամակորությամբ նշանավոր ժողովուրդն արթնացել էր հարյուր տարվա թունավոր նիրհից և ականջ էր դնում դեպի հյուսիս։ Նա բռունցքները սեղմում էր կատաղի, ատամները կրճտում էր բորբոքված և մռնչում վանդակի մեջ փակված վագրի պես։ Բայց… տակավին անզոր…

Սիրուն է Լեհաստանն իր երկրի մակերևույթից հազիվհազ բարձրացող բթածայր բլուրներով, խիտ անտառներով, ոչ խոր ձորերով, պարզ գետակներով և ոչ պարզ երկնքով։ Այնտեղ երկիրն այնքան դաժան և մերկ չէ, որքան բուն Ռուսիայում, այդ անվերջ անապատներում։ Այնտեղ գյուղացու տնակը ռուս մուժիկի խրճիթից տարբերվում է, որովհետև տնակ է իր եվրոպական ձևով և եվրոպական մաքրությամբ։ Զգում ես, որ երկիրը բռնած է մի ընդունակ ազգ, որի հարուստ պատմությունը միայն արյունոտ էջերից չի կազմված, և որի զավակների միակ պարծանքը անցյալի ու ներկայի կրած բռնությունը չէ…

Հրեան հայացքը հեռացրեց պատուհանից։ Ես ևս։ Նա նայեց աղջկաս մեղմ հայացքով, որքան թույլ էր տալիս դեմքը և ասաց.

- Աա՜, մադմուազել, էլի դու ականջիս ես նայում: Օօ՜, ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր, քանի որ կարող ես. շուտով այդ ապրանքը կթանկանա։

Եվ արագությամբ դարձավ ինձ.

— Պարոն, կորած ականջս պատմություն ունի, կարո՞ղ եք երևակայել։

— Ձեր ակա՞նջը։

— Այո՛, իմ այս անիծյալ ականջը,— կրկնեց նա երկու մատների ծայրով քաշելով կարմիր բլթակը, որ չորացած բակլայի էր նման,— կկամենա՞ք լսել։ Բնորոշ է, պարոն, շատ բնորոշ մեր ժամանակների համար։ Աա՜, ի՞նչ կասեք, չէ՞ որ պետք է մի բանով զբաղվել ճանապարհին։ Ֆեյլդմանը դեռ խփշտում է։ Հետո երևի չքանալու է։ Չէ՞, Ֆեյլդման, դու կարծեմ պիտի ննջես։

— Երեք կայարանից հետո կասեմ,— պատասխանեց Ֆեյլդմանը, յուղոտ մատները սրբելով մի գույնզգույն կեղտոտ թաշկինակով։

Ես ոչ միայն համաձայնվեցի լսել հարևանիս պատմությունը, այլև հետաքրքրվեցի։ Հրեայի պատմածը չի կարող անմիտ լինել։

— Լսեցեք,— սկսեց նա, գլխարկը դնելով ծնկների վրա,— բայց դեռ թույլ տվեք կապոցներս ուղղեմ։ Ըհը՛, այսպես, լսեցեք,— շարունակեց նա, այլևս միանգամայն ապահովելով իր համար ընդարձակ տեղ,— ես հրեա եմ, ոչ, ջհուդ եմ, բառիս իսկական իմաստով։ Իսրայելի զավակը, անունս է Ահարոն Այզելման։ Եվ ինչպես ջհուդ, իհարկե, առուտուրով եմ պարապում։ Ի՞նչ արած, հայր Աբրահամը մեզ համար հող չի թողել, որ մշակենք… Այնպես չէ՞, Ֆեյլդման։

— Հի՜, հի՜, հի՜,— ծիծաղեց Ֆեյլդմանը իր փոքրիկ դեմքը ցցելով օդի մեջ և աչքերը փակելով։

— Ես ունիմ, ա՛հ, ի՛նչ եմ ասում, ունեի անիծված քաղաքներից ամենաանիծյալ Օդեսայում պատրաստի հագուստեղենի և մաշկեղենի խանութ։ Ի՛նչ խանութ, ահագին մագազին էր, հինգ աչք ուներ, մեծ հայելի ապակիներով։ Բայց առաջ ես մի հասարակ դերձակ էի — այս է գլխավորը։ Ունեի մի փոքրիկ ցածր խանութ, որ գտնվում էր քաղաքի մեծ փողոցներից մեկում, մի հարուստ մագազինի մոտ: Այդ մագազինի տերն էր Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևը: Վաճառում էր նա պատրաստի հագուստեղեն, մաշկեղեն և զանազան ասվյա կտորներ։ Ա՜խ, երանի ես հարևան չլինեի, չտեսնեի այդ հարստությունը ե չմոլորվեի։ Ով գիտե, գուցե այն ժամանակ ավելի բախտավոր կլինեի։ Ֆե՛յլդման, այնպես չէ։

— Աստված մեզանից լավ գիտե, ինչ որ եղավ, պետք է լիներ,— ասաց Ֆեյլդմանը, բառերը կոտորակների նման օդն արձակելով։— Ծխի՛ր։

Հարևանս վերցրեց իր ընկերոջ աոաջարկած ծխախոտը, վառեց և շարունակեց.

— Այդ Ագրինցևը Օդեսայի գազաններից մեկն էր։ Ապրանքը վաճառում էր իր ուզած գնով, ապառիկ ոչ ոքի չէր տալիս, միևնույն ժամանակ գնողների հետ վարվում էր կոպիտ: Մարդը կուշտ էր, կարիք չուներ ուրիշներին շողոքորթելու։ Բայց գլխավորն այն է, որ մաշկեղենի առուտուրի մեջ մրցակից չուներ։ Ապրանքն ստանում էր առաջին ձեռքից։ Սիբիրի բոլոր նշանավոր վաճառականների հետ անմիջական հարաբերության մեջ էր։ Մի խոսքով, հսկա էր, գոնե իմ աչքում։ Իսկ ես… ես մի քոսոտ ջհուդիկ էի… դերձակ։ Ճշմարի՞տ է, Ֆեյլդման։

— Աստծու օրենքի պես։

— Խանութս պարոն Ագրինցևի մագազինին կպած էր, ի՞նչ ասեմ, ինչպես մի կեղտոտ կարկատան մի նոր և փառավոր մուշտակի։ Այս բանը նրան դուր չէր գալիս։ Նա ուզում էր ինձ դենը շպրտել, բույնս քանդել, մեծացնել և միացնել իր մագազինին։ Բացի դրանից, նա չափազանց ատում էր մեր ցեղը, աչքով աչք չուներ մեզ տեսնելու։ Բայց ես էլ հիմար չէի։ Այդ բանը շատ լավ իմանալով, ես վաղօրոք տեղս ամրացրել էի։ Տանտիրոջս հետ ունեի տասներկու տարով նոտարի մոտ կապած պայմանագիր։ Եթե նա ժամանակից թեկուզ մի շաբաթ առաջ ինձ դուրս աներ, պարտավոր էր վճարել երկու հազար ռուբլի տուգանք։ Դուրս անե՜լ, հիի՜, ոչ, Ահարոն Այզելմանը նպատակ ուներ։ Նրա գլխում հղանում էր մի մեծ, հանդուգն ծրագիր։ Ես տեսնում էի, որ հարևանս շատ է չաղանում, չափից դուրս։ Եվ բոլորովին անարժան։ Այդ մարդը, պարոն, ոչ խելք ուներ, ոչ ճարպկություն։ Նա վաճառական չէր։ Կարդալ-գրելում՝ կարդում էր, ինչպես կառապան։ Այնինչ, ես օր չէր անցնում, որ մի կամ երկու լրագիր չկարդայի։ Գիտեի առուտուրը որտե՛ղ է ծաղկած, որտե՛ղ է ընկած, բորսայում ինչ թղթեր են բարձր, որոնք են ցածր, մի խոսքով, ի՛նչ որ կարելի էր իմանալ լրագիրներից, իմանում էի։

Երբ հարևանիս, ինչպես հարկն է, լավ ճանաչեցի և նրա գործերին տեղեկացա, տեսա, որ ասպարեզից ոչ թե նա ինձ, այլ ես նրան կարող եմ քշել։ Օօ՜, պարոն, ինչու կեղծել, այսպես է հրեան։ Նա վաճառականության մեջ երբեմն Դավիթ է, որ կռվում է Գողիաթի հետ. թեև միշտ էլ հաղթող չի լինում, բայց կռվում է։ Դա նրա ախտն է պապերից ժառանգած։ Ինչևէ։ Ես ունեի սրա ու նրա ձեռքում տոկոսով տված մի փոքրիկ գումար, որ խնայել էի ասեղիս ծայրով: Շատ քիչ էր։ Բայց ունեի և՛ մի բարեկամ՝ Շմուլ Մոզեր անունով։ Նա այժմ էլ կա, փառք աստծու, մահից ազատվեց։ Ճարպիկ մարդ է այդ Մոզերը, խելքը գլխին… Այն ժամանակ նա մի հասարակ միջնորդ էր…

— Սրա ու նրա համար ցորեն էր առնում ու ծախում,— լրացրեց Ֆեյլդմանը,— լեզու ունի, որ ածելու նման է կտրում։ Հայրն էլ այնպես էր։

— Կաց, Ֆեյլդման, ես բոլորը կասեմ,– շարունակեց հարևանս։— Ահա՛, պարոն, միտքս հայտնեցի Շմուլ Մոզերին։ Իհարկե, իսկույն հասկացավ և ոգևորվեց։ Մենք վճռեցինք մրցել Ագրինցևի հետ։ Շմուլ Մոզերն իր ունեցած երեք հազար ռուբլին միացրեց իմ փոքրիկ դրամագլխին և ինքն իսկույն ուղևորվեց Սիբիր։ Ես լուր տարածեցի, թե վճռել եմ խանութս քանդել, մեծացնել։ Եվ, իրավ, այս մասին բանակցում էի տանտիրոջ հետ։ Հարևանս ինձ հրամայեց «խելոք կենալ»։ Ես կատակով ասացի. «Ձերդ մեծապատվություն, միշտ խելոք լինելը ձանձրալի է, ուզում եմ մի քիչ գժվել»: Մի օր, տեսնելով, որ խանութիս ցուցանակը վերցրել եմ, պատվերներ չեմ ընդունում և լուսամուտները փոխել եմ տալիս, դարձավ ինձ․

— Այզելմա՜ն։

— Հրամայեցեք, Սերգեյ Պախոմովիչ։

— Դու ինձ հետ կատակ մի՛ անիլ։

— Ինչպե՞ս կհանդգնեմ, ձերդ մեծապատվություն։ — Ասում եմ, կատակ մի անիլ, ես գիժ մարդ եմ։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրի ես, տեսնելով, որ այլևս շարժել եմ իմ գոռոզ հարևանի հետաքրքրությունը։

— Ուզում եմ, որ դու այստեղից կորչես, քանի որ դեռ գլուխդ չեմ ջարդել։

— Ո՞ւր կհրամայեք կորչել, ձերդ վաճառականական գերազանցություն։

— Ուր ուզում ես, թեկուզ Երուսաղեմ։ Ես արդեն զզվել եմ քո հոտից։

— Անցագիրս տվեք, գնամ։

— Որքան արժե։

— Հազար երկու հարյուր։

— Ա՜խ, դու սատանայի ռեխ եբրայեցի։

— Այդ միայն տուգանքն է։

— Էլ ի՞նչ ես ուզում:

— Մի՞թե չգիտեք, ձերդ մեծապատվություն, խանութիս վերանորոգման ծախքը։ Ուղիղ ինը հարյուր ռուբլի էլ այն է։

— Ես քո դունչը կջախջախեմ, անիծյալ Հուդա Իսկարիովտացի,— բռնկվեց Ագրինցևը։

— Ջախջախեցեք, Սերգեյ Պախոմովիչ, բայց ամեն մի դունչ որքան էլ ատելի լինի, ուտել է ուզում։

Նա մի քանի օր գոռգոռաց, հայհոյեց պապերիս, նախահայրերիս, կրոնս, հավատս, բայց համաձայնվեց վճարել թե տուգանքը և թե ծախսերս։ Ինձ էլ միայն այդ էր հարկավոր։ Խանութս դատարկեցի, բայց ես իմ գործն արդեն տեսել էի, դիմացի տանը, ուղիղ Ագրինցևի դեմ ու դեմ վարձել էի չորս աչք։

Գործը շատ բարդ չէր, որ մեծ դժվարություն քաշեի։ Ապրանք շուտով ստացա Վարշավայից։ Իսկ ընկերս հրաշքներ էր գործում Սիբիրում։ Մի տարի անցած նա գրավեց մի քանի խոշոր առևտրական տներ և ձեռք բերեց մեծ վարկ։ Դա մի զարմանալի հաջողություն էր. ունենալով ընդամենը յոթ հազար ռուբլի դրամագլուխ, վայելում էինք հիսուն հազար վարկ։ Բայց հաջողությունը մեզ չմոլորեցրեց. վճռեցինք արթուն լինել և գործն ընդարձակել պահանջի համեմատ։ Բախտը ժպտում էր մեզ, մենք շատ շուտով անցանք քաղաքի հայտնի վաճառականների շարքը։ Ա՜խ, երջանիկ օրեր, որ այնքան թանկ արժեցաք ինձ ապագայում…

Հրեան տխուր հառաչեց և ձեռով դրստեց իր լայն ճակատը։

Կառախումբը կանգ էր առել։ Մի քանի ճամփորդներ դուրս եկան, նրանց փոխարինեցին նորերը։ Եկան, ի միջի այլոց, նաև երկու նիհար և խիստ միմյանց նման երիտասարդներ՝ լայն վերարկուներով և փոքր գլխարկներով։ Դես անցան, դեն անցան և վերջը կանգնեցին անցքում ու սկսեցին զննել ուղևորներին։

Ֆեյլդմանը կապկի արագությամբ մոտեցավ մեզ և շշնջաց.

— Գրպանահատներ են, որսի են եկել։

Վերջապես աղմուկը հանդարտվեց, հարևանս շարունակեց.

— Ագրինցևը սկզբում մեզ վերաբերվում էր արհամարհանքով։ «Տե՛ս, այդ քոսոտ երուսաղեմցիները ուզում են մրցել Ագրինցևի հետ։ Չգիտեն, որ կարող եմ կոշկիս քթով նրանց կոյանոց շպրտել»։

Ճիշտ այս խոսքերն էր նա ասել իմ բարեկամներից մեկին։ Եվ ուշադրություն չէր դարձնում մեզ վրա, մինչև անգամ մեր խանութի կողմը չէր նայում։ Իսկ ես, ընդհակառակը, առաջվա պես խոնարհ էի ու համեստ։ Գլուխ էի տալիս Ագրինցևին ամեն անգամ պատահելիս այնպես, ինչպես մենք՝ հրեաներս միայն սովոր ենք գլուխ տալ։ Հիշում էի հանգուցյալ հորս խոսքերը. «Տե՞ս, չլինի թե կյանքումդ շահես որևէ քրիստոնեի թշնամություն։ Միշտ խոնարհվիր, միշտ գետնին նայիր, այդ քեզ չի ստորացնիլ, բայց կպաշտպանե փորձանքներից»։

Եվ խոնարհվում էի։ Միևնույն ժամանակ աշխատում էի ամենայն եռանդով։ Այժմ հասարակ դերձակի գլուխը ներկայացնում էր խոշոր հաշիվների և պես-պես ծրագրերի շտեմարան։ Շմուլ Մոզերն ինձանից ավելի հանդուգն էր. միշտ դրդում էր լայնացնել ու լայնացնել գործը։ Ապրուստիս մեջ շատ քիչ փոփոխություն էի մտցրել։ Հագնվում էի առաջվա պես համեստ, բայց այլևս ինքս չէի կարում ինձ համար. ժամանակն ավելի թանկ արժեր։ Ընտանիքս այժմ կենում էր երկուսի փոխարեն չորս սենյակում։ Չէի խմում, չէի շռայլում, կանանց վրա աչք չունեի։ Բայց զավակներիս ուսման համար ոչինչ չէի խնայում։ Այժմ մեծ որդիս համալսարանում է։

Սկսեցի, հակառակ հարևանիս սովորության, ապառիկ ապրանք բաց թողնել։ Բայց, իհարկե, գիտեի ում։ Դրա համար ունեի առանձին ցուցակ, որից դուրս ամենքին մերժում էի։ Դա եղավ մրցման առաջին միջոցը Ագրինցևի դեմ։ Ինքս ոտքի վրա մնալու համար պատրաստ էի նրան գլորել գետին։ Երկուսս միասին միևնույն շրջանում, միևնույն փողոցում, միևնույն առուտուրը չէինք կարող վարել։

Կար և մի ուրիշ միջոց․ քաղաքավարություն գնողների հետ։ Վա՜յ այն վաճառականին, որ չգիտե ժամանակին ժպտալ, ժամանակին տխրել, ժամանակին ձևանալ բթամիտ, նայելով իր գնողի տրամադրությանը։ Եթե գնոդդ ցորենի առևտրական է, ասա՛, որ Մովսիսի ստացած պատգամների մեջ այդ առուտուրն էլ կա. եթե պետական պաշտոնյա է, առանց նրան երկրագունդը կդադարի պտտվել արեգակի շուրջը, եթե ոստիկանապետ է, թող կորչեն բոլոր հեղափոխականները, որ կործանեցին առուտուրը, իսկ եթե զինվորական է, թող տարտարոսը գլորվի նենգամիտ Անգլիան, որ միշտ դավեր է լարում «մեր հայրենիքի» դեմ և այլն, և այլն։ Եվ ես այսպես էի անում։

Մյուս կողմից, ո՛չ մի կոպտություն ինձ չէր շփոթեցնում կամ վիրավորում։ Տեսնում ես, որ գնողը, հետդ խոսելիս, երեսիդ էլ չի նայում, խոսում է եզակի դեմքով, ինչպես սպասավորի հետ։ Գրո՜ղը տանի, ով գիտե, ինչ-որ նախկին սպա է և կամ պաշտոնաթող և գողության մեջ բռնված ինտենդանտ, կամ սրա պես մի խրտվիլակ։ Գոհություն աստծու, այսպիսիների թիվը մեծ է սքանչելի Ռուսիայում։ Ես մտածում էի՝ թող գոռոզանա, փքվի, մի օր կտրաքվի։ Ես կշոյեմ առայժմ նրան, միայն թե ինձանից մի բան գնե։ Եվ «ձերդ պայծառափայլություն, ձերդ գերազանցություն, ազնվություն» և այլն, ինձ համար այնքան սովորական էին, որքան այս զինվորի բերանում՝ «Լսում եմ»։ Սակայն չնայելով այս բոլորին, երբեմն լսում էի այնպիսի վիրավորիչ խոսքեր, որոնք արյունս էին բորբոքում։ Օօ՜, քանի՜-քանի անգամ են երեսիս շպրտել՝ «անհավատ, հեթանոս, կապիկի դունչ, քոսոտ շուն» և այլն, և այլն։ Այզելման, կուլ տուր մանկությունից սկսած մինչև գերեզման, որովհետև կուլ է տվել քո հայրն էլ, քո պապն է, քո ամբողջ ցեղը, դարե՜ր շարունակ։

— Ա՜խ, քրիստոնյա պարոն,— գոչեց նա, հանկարծ բորբոքվելով և տեղից վեր թռչելով,— երկու հազար տարի է մեզ հայհոյում եք և անարգում, ի՞նչ եք առաջացրել, ասացեք։ Եվ ովքե՛ր են անարգում, Աբրահամի և Մովսիսի աստվա՜ծ, բոլոր աստվածներից վեհը։ Մարդկության տականքը՝ կաշառակեր պաշտոնյաները, գող գանձապետները, լրտեսները, արբշիռները, որդերը, աղբակույտի ճանճերը, կոյանոցի սողունները։ Արարածնե՜ր, որոնցից գեհենը պիտի գարշի և Կայենը զազրի։ Մարդասեր Եհովա, գոռոզանում են իրենց խաչով, չեն ուզում հասկանալ, որ այդ խաչը մենք ենք կառուցել։ Հալածում են մեզ մի մարդասերի անունով, և չեն ուզում հասկանալ, որ նա ինքն արյան գնով կռվել է հալածանքի դեմ։ Ես հարցնում եմ. ո՞ւր էին այդ քրիստոնյաները, երբ մենք պաշտում էինք իսկական աստծուն, երբ դավանում էինք կրոններից բարձրագույնը, երբ ունեինք իմաստուններ և մարգարեներ… Գլուխներ ենք տվել աշխարհին, որոնց միշտ պիտի երկրպագություն տաք, ո՜վ գոռոզներ և ամբարտավաններ։ Ահա՛ հենց այժմ սկսվել է մի մեծ շարժում, որ պիտի տակնուվրա անի մարդկության կյանքը։ Աա՜, դուք կարծում եք, որ մենք վաճառականներ լինելով՝ իսկի բան չենք հասկանում սոցիալիզմից։ Ո՞վ է նրա առաջին մարգարեն։ Դարձյալ մի հրեա։ Իսկ սիոնի՜զմը։ Աա՜, այժմ այլևս չե՞ք ծաղրում, ով քրիստոնյաներ։ Սպասեցեք, ամբարտավաններ, եթե հին Երուսաղեմը չգրավենք, նորը կկառուցենք…

— Մի միլիարդ չորս հարյուր միլիոն դրամագլուխ ունեինք Ամերիկայում և Անգլիայում,— մեջ մտավ Ֆեյլդմանը,— թող այժմ էլ ասեն, թե հրեան գծուծ է, հի՛, հի՛, հի՛։ Մենք կստիպենք ձեզ հարգել մեզ, կստիպենք, հի՛, հի՛, հի՛…

— Կաց, Ֆեյլդման,— փոխեց եղանակը Այզելմանը,– ես բոլորն ասացի։ Ա՛հ, ներեցեք, պարոն, սիրտս լիքն էր։ Գիտեմ, դուք այն քրիստոնյաներից չեք, որոնց հետ խոսելն երկյուղալի է։ Այնպես չէ՞, Ֆեյլդման, հայերը մեր բարեկամներն են, մենք պատմական եղբայրներ ենք։ Ագրինցև,– գոչեց նա, նորից տաքանալով,— հիշում եմ այսօրվա պես այն վիրավորանքը, որ դու ինձ հասցրիր: Պարոն, լսա՞ծ եք Ուռուսով իշխանների մասին։ Նշանավոր մարդիկ են։ Մի օր նրանցից մեկին ծախեցի մի օձիք և մի զույգ թևեր՝ հազար երկու հարյուր ոուբլով: Նա Ագրինցևի կթան կովն էր, իմ ձեռքն ընկավ, որովհետև Ագրինցևը չէր կարողացել լավ շոյել նորին իշխանության սիրտը։ Բայց օհ, այդ հազար երկու հարյուր ռուբլին ինձ որքա՜ն տանջանքներ տվեց։ Պատմեմ, տեսեք։ Հենց նույն օրերը ես ընտրվել էի տեղական ժողովարանի անդամ։ Երեկո էր. ես կնոջս և մի երկու ծանոթներիս հետ ընթրում էի սեղանատանը։ Մեզանից ոչ հեռու, մի ուրիշ սեղանի մոտ նստած էր Ագրինցևն իր ծանոթների հետ։ Նա հարբած էր և բարձր ձայնով պարսավում էր հրեաներին. այսպես են, այնպես են։ Սովորական զրպարտություննե՛ր։ Մեր սեղանի մոտ կար մի տաքարյուն փաստաբան։ Չհամբերեց մարդը, բողոքեց։ Եվ նրա և Ագրինցևի մեջ վեճ բացվեց։

— Քեզ ով է խոսեցնում, որ մեջ ես ընկնում,— գոռաց Ագրինցևը։

— Դուք, պարոն,– ասաց սեղանակիցս,— ի՞նչ իրավունքով եք զրպարտում մեզ։

— Լռի՛ր, քոսոտ ջհուդ, լռի՛ր։

Մենք վրդովվեցինք։ Ագրինցևը դարձավ ինձ.

— Աա՜, Այզելմա՛ն, դու էլ այստե՞ղ ես։ Ժողովարանի անդամ ես ընտրվել։ Շնորհավորում եմ։ Բայց հեռո՛ւ, հեռո՜ւ նստիր մեզանից, հոտ է փչում։

— Հետաքրքրական է իմանալ,— ավելացրեց Ագրինցևի ընկերներից մեկը, որ նույնպես հարբած էր,— հրեուհիները երբևէ մաքրո՞ւմ են իրենց եղունգները։

Կինս գունատվեց։ Նա կուշաթափվեր, եթե ես նրան ժամանակին չտանեի դահլիճ։ Երբ մենակ վերադարձա սեղանատուն, տեսա, որ վեճը սուր կերպարանք է ստացել։ Ագրինցևը ոտքի էր կանգնել շիշը ձեռքին և սպասում էր հարձակվել սեղանակիցներիս վրա։ Ես միջամտեցի։ Եվ ահա՛ այդ միջոցին պարոն Ագրինցևն ինձ ապտակեց։ Օօ՜, այսօր էլ երեսս այրվում է այդ հրապարակական վիրավորանքից։ Լսո՞ւմ եք, պարոն, նա ապտակեց ինձ հարյուր մարդկանց և մի այդչափ էլ կանանց ներկայությամբ։

— Եվ դուք չպատասխանեցի՞ք,- հարցրի ես հարևանիս։

— Ա՜խ, պարոն, ինչպե՞ս պատասխանեի,— գոչեց նա, դարձյալ ոտքի ելնելով,— եթե շունը կծում է, մի՞թե այդ նշանակում է, որ մարդն էլ պիտի կծի։ Ես, իհարկե, բողոքեցի հասարակությանը, դիմեցի դատարանին։ Փաստաբանը լրագիրներում տպեց նամակ։ Եվ վերջ ի վերջո ես ինքս ստիպվեցի վերջ տալ վեճին, վախենալով հետևանքներից:

Հրեան մի քանի վայրկյան լռեց՝ իր հուզմունքը զսպելու համար, ապա շարունակեց.

— Ագրինցևը քանի գնում, այնքան ավելի կատաղում էր։ Արդեն ես քշում էի նրան ասպարեզից։ Օ՜օ, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու այժմ սնանկ ես, անցյալ պասկեքին կոպեկ չունեիր, որ մորդ համար «մացա» գնեիր։ Բայց համոզված եմ, որ մի օր դու կդառնաս Մորգան կամ Շվաբ և ամբողջ հարավային Ռուսիայի առուտուրը ձեռքումդ կունենաս։ Օ՜օ, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու վաճառականության Սողոմոնն ես։ Դու էիր, որ շարունակ հորդորում էիր ինձ ընդարձակել մեր գործերը։ «Տես, ասում էիր, ես այդ անիծյալ քրիստոնյային պիտի մերկացնեմ և փողոցները ձգեմ։ Նա անարգում է իմ ազգը, ընտանիքը, հավատը, իմ բոլոր սրբությունները։ Ես նրան պիտի կործանեմ»։

Եվ կործանում էինք, պարոն, կործանում էինք այդ Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևին։ Օ՜օ, այնպես արագ, որ ես ինքս էլ զարմանում էի։ Նա ատամները կրճտում էր և երկար փառահեղ միրուքը փետում։ Մենք նրան հարկադրել էինք արդեն ապրանքը ապառիկ բաց թողնել։ Բայց ամեն մարդու բան չէ, պարոն, ապառիկ ծախելը։ Ողորմելին չգիտեր, որ շատ անգամ գոռոզ արտաքինի և շքեղ հագուստի տակ թաքնված է ինքը չքավորությանը։ Եվ տալիս էր այդպիսիներին ու կորցնում էր անիրավը…

Այնուհետև մենք նրան ստիպեցինք ապրանքի գինը իջեցնել 20 տոկոսով։ Այս էլ մի մեծ հարված էր նրա համար, որովհետև մենք գիտեինք ապրանքն ավելի էժան գնել և ավելի էժան տեղափոխել։ Մի խոսքով, առաջին անգամ նա կորցրեց տասնհինգ հազար և այնուհետև սկսեց խելքն էլ կորցնել։ Իսկ ծախսերը չէր պակսեցնում։ Եվ ինչպե՜ս էր ծախսում, աստված իմ։ Սեփական կառք ուներ, Մոսկվայից բերել տված, որ սև մարմարիոնի պես էր փայլում արեգակի տակ։ Նժույգներ ուներ, որոնցից ամեն մեկն արժեր հազար հինգ հարյուր ռուբլի։ Եվ խմում էր. սիրում էր ուրիշներին հրավիրել: Մի երեկո կլուբում երաժիշտներին և ծառաներին հարբեցրեց կոնյակով: Իսկ կինը, տեր աստված, կինը մի սաժեն բարձրություն ուներ, մի արշին լայնություն, փոքրիկ նեղ աչքերով, կատարյալ մոնղոլուհի։ Շատ էր սիրում մեծամեծներին։ Ամիսը մի կամ երկու անգամ երեկույթներ էր սարքում։ Ինքը՝ նահանգապետի կինը, չէր մերժում նրա հրավերը։ Դե, իհարկե, այդպիսի մի բարձրաստիճան հյուրին խոմ չէր կարելի տապակած ձկով կամ երշիկով հյուրասիրել։ Շմուլ Մոզերը, ձեռքերը միմյանց քսելով, հրճվանքով կրկնում էր.

— Բարեկամդ անդունդն է գլորվում…

Եվ գլորվում էր։

Նույն ժամանակներն ես օր ու գիշեր հանգիստ չունեի։ Որքան հաջող են գնում հրեայի գործերը, այնքան նա քիչ է քնում։ Զարթնում էի, պարոն, վեց ժամին, յոթին արդեն մագազինումս էի։ Կողպում էինք տասներկու ժամին: Իսկ Ագրինցևը փաշա էր. գալիս էր մագազին տասնմեկից ոչ առաջ և երեկոյան ութ ժամին արդեն թղթախաղի սեղանի մոտ էր։ Սիրուհիներ պահելը վաղուց գիտեինք։ Դեռ մի փոքրիկ սկանդալ էլ պատահեց, որը ծածկելու համար նա կաշառեց ոստիկանապետին։ Գործակատարների հաշիվները չէր քննում։ Եվ գողանում էին անիրավները։

— Ես գնում եմ, Այզելման,— ընդհատեց հարևանիս խոսքը Ֆեյլդմանը, երբ կառախումբը կանգ առավ: Ծերուկը բեռնավորվեց իր բազմաթիվ կապոցներով և մեզ գլուխ տալով չքացավ։

— Այժմ,— շարունակեց հարևանս,— ես մոտենում եմ պատմությանս կորիզին։ Լավ լսեցեք, պարոն, տեսեք ձեր քրիստոնյաներն ինչպես են վրեժ առնում մեզնից։ Ագրինցևն այժմ հարբում էր շուտ-շուտ։ Ոչինչ, այդ սովորական բան է Ռուսիայում, չէ՞ որ նա տարենը մի քանի անգամ Մոսկվա էր գնում։ Լսում էի նրա գոռոցները գործակատարների վրա։ Եվ ի՜նչ խոսքեր, աստված իմ։ Երբեմն մինչև անգամ ծեծում էր խեղճերին։ Բայց պետք է խոստովանել, հետո փող էր բաշխում նրանց։

Մի օր ճաշից հետո Ագրինցևը հանկարծ մտավ մեր խանութը։ Աոաջին անգամն էր պատիվ անում մեզ։ Նկատեցի իսկույն, որ բարեկամս բավական թրջված է և մի քիչ օրորվում է։ Գործակատարներիս աչքով նշան արի զգույշ մնալ։ Իսկ Շմուլ Մոզերին խնդրեցի բնավ չխոսել։ Շատ թունավոր լեզու ունի անպիտանը։ Բարեբախտաբար, օրվա այն միջոցին էր, երբ գնորդներ չեն լինում։

Ագրինցևը, ներս մտնելով, կանգ առավ դռների մոտ, ձեռքերը դրեց պանթալոնի գրպանները, հետո փորը դուրս ցցեց և արտասանեց.

— Ջալինկին Զուխտո՜ւմ:

Իբր թե ծաղրում էր մեր աղավաղված եբրայերենը, որով երբեք չէինք պարծենում։ Ես պատասխանեցի.

— Милостиво просим!

— Այզելման, ուզում եմ խոզաբունդ տեսնել:

— Համեցեք,– ասացի ես քաղաքավարի, բնավ չվշտանալով նրա վիրավորական խոսքից։— Շնորհ արեք ներս գալու։

— Օ՜օ, էլեկտրական լո՞ւյս։ Ո՞ր ժամանակից։

— Արդեն մի քանի ամիս է։

— Այդ ի՞նչ իրավունքով։

— Ինչպես թե ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պախոմովիչ։

— Հարցնում եմ, ո՞վ է քեզ իրավունք տվել։

— Փողը և իմ ցանկությունը,— պատասխանեցի ես։

Ագրինցևը ծիծաղեց։

— Աա՛, ուրեմն դու փող էլ ունիս, ցանկության էլ։ Իսկ ես կարծում էի, որ միայն գողացած ապրանք ունիս։

— Ինչպե՞ս թե գողացած ապրանք,— գոչեցի ես,— իմ խանութում այդպիսի բան չկա։

— Ուրեմն որտե՞ղ ես թաքցնում իմ ապրանքը, ասա՛. դո՞ւ չես սովորեցնում գործակատարներիս, որ մաշկերս գողանան և քեզ ծախեն, աա՞։ Այդ մի այնպիսի անամոթ զրպարտանք էր, որին չէի կարող դիմանալ: Ուստի տաքացա և Ագրինցևին անվանեցի ստախոս:

-Աա՜, Իսրայելի շուն,- գոռաց նա այնպես, որ հարևաններս հավաքվեցին,- աա՜, սատկած կատու, խոզի փորոտիք, ես քո ատամները կջարդեմ, տո՛ւր ապրանքս, տո՛ւր, ասում եմ:

Հարևաններս միջամտեցին և աշխատեցին խաղաղացնել նրա զայրույթը: Ամենքը հավատացին նրան, որ «Այզելման և Մոզեր» առևտրական տունն երբեք չի ստորացնիլ իրան գողացած ապրանք գնելու չափ:

Ագրինցևը սթափվեց մի փոքր: Ես լուռ էի, որովհետև նահանգապետը նրա կողմն էր, իսկ ես մի հրեա: Սկսվեց մի ուրիշ տեսարան: Ագրինցևը կամեցավ ծխել և լուցկի պահանջեց:

Ես ունեի մի գործակատար: Վիտալի Ռաբինովիչ էր անունը: Ոսկի էր այդ երիտասարդը, մագազինիս հոգին, աջ թևս: Խելոք էր նա, պարոն, ընդունակ, եռանդուն: Միշտ կարդում էր ընտիր գրքեր: Խեղճ մոր միակ զավակն էր: Ա՜խ, ես նրան սիրում էի հարազատ որդուս չափ: Կորա՜վ թշվառը, իր անձը զոհեց ինձ, անպիտանիս: Ա՜խ, ներեցեք, ես չեմ կարող նրան հիշել առանց արտասուքի:

Հրեայի խոշոր աչքերից դուրս ցայտեցին երկու կաթիլ և գլորվեցին այտերի վրա: Նա ոտքի կանգնեց՝ իր խորին հուզմունքը զսպելու համար:

Անցան մի քանի լուռ և ծանր րոպեներ: Հրեան սրբեց աչքերը, զսպեց իրան և նորից նստեց:

- Ներեցեք,- ասաց նա,- ես շատ թույլ մարդ չեմ, բայց այս մեկ կորուստը ինձ համար ծանր էր: Ռաբինովիչը չուներ հալածանքներ քաշած հրեայի փորձառությունը և սառնությունը: Նա դեռ չէր զրկվել ինքնասիրության կրքից, ինչպես մեզանից շատերը: Հպարտ էր, սիրում էր իր ցեղակիցների ոտնատակ եղող պատիվը: Դժբախտաբար հենց նա առաջ եկավ և լուցկի տվեց: Վառելով իր թանկագին սիգարը, Ագրինցևը նայեց ոտքից մինչև գլուխ Ռաբինովիչին արհամարհական հայացքով և ասաց.

-Դու է՞լ ջհուդ ես: — Ոչ, պարոն,— պատասխանեց Ռաբինովիչը, գլուխը հպարտ բարձրացնելով,— ես հրեա եմ։

— Այդ միևնույն աղբն է։

— Ներեցեք, պարոն, միևնույնը չէ։ Ջհուդներ կան բոլոր ազգերի մեջ, իսկ մենք հրեաներ ենք։ Վերջապես, բավական է, պարոն, հեռացեք, ես իմ տիրոջ պես չեմ կարող տանել ձեր վիրավորանքները։

— Աա՞, ի՞նչ,— գոռաց Ագրինցևը,— չե՞ս կարող տանել։ Ախ, ուրեմն դու հեղափոխական ես։ Ախ դո՛ւ գարշելի, հոտած։

— Պարոն,— չկարողացավ իրեն զսպել Ռաբինովիչը,— գարշելին դուք եք և անարգ հոտը ձեր բերանից է գալիս։ Փորձեցեք շարունակել ձեր հայհոյանքը, և ես ցույց կտամ ձեզ․․․

Այս ասելով, Ռաբինովիչը ձեռը տարավ գրպանը։ Շմուլ Մոզերը բռնեց նրա թևից և տարավ մագազինի խորքը։ Ես կարծում էի, որ Ագրինցևը կհարձակվի նրա վրա և տեղն ու տեղը կխեղդի նրան։ Բայց այդ չպատահեց։ Հետո միայն իմացա, որ այդ մարդկանց խրոխտությունը իրենց քաջությանը չի համապատասխանում։ Նրանք քաջ են միայն խեղճերի համար։ Ռաբինովիչի ատրճանակը սանձահարեց նրա լրբությունը։ Այնուամենայնիվ, վերջին խոսքը նա ասաց, դառնալով ինձ.

— Ես, ինչպես իմ տերության հավատարիմ հպատակ և ուղղափառ քրիստոնյա, պարտքս կհամարեմ հայտնել ում հարկն է։

— Ի՞նչ հայտնել, պարոն,— հարցրեց Շմուլ Մոզերը։

— Այն, որ ձեր այս խոզարանը լիքն է հեղափոխականներով։ Աա՛, անպիտաններ, ուրեմն հայր Վլադիմիրը զուր չի ասում, թե դուք խորշում եք ուղղափառներից։ Դուք «գոյ» եք անվանում մեզ, ձեր թալմուդը մեզ պիղծ է կոչում։ Աա՛, մենք պի՞ղծ ենք։ Եթե պիղծ ենք, ապա ինչի՞ համար եք ձեր պասեքին գողանում մեր երեխաներին, սիրտը ծակում և արյունը քամում, որ ձեր «մացա»-ին խառնեք, աա՞, ասացե՛ք։

Ո՞վ կարող էր այդ խելացնորին համոզել, որ այդ բոլորը զրպարտություն է։ Նա գոռում էր ու պնդում ասածը։ Վերջապես, հարևաններս ազատեցին մեզ նրանից։ Հետևյալ օրը խուզարկեցին ոչ միայն Ռաբինովիչին, այլև ինձ, Շմուլ Մոզերին, բոլոր գործակատարներիս թե՛ տանը և թե՛ մագազինում։ Իհարկե, ոչինչ չգտան։ Բայց այդ բանը բավական վնաս տվեց մեզ։ Քաղաքական ահաբեկությունը այն ժամանակ մեծ էր, մարդիկ վախենում էին իրենց ստվերից։ Ոչ միայն գնողներս պակասեցին, այլև բանկերում սկսեցին մեզ վրա ծուռ աչքով նայել․․․

Շմուլ Մոզերն ինձ մխիթարում էր.

— Մի՛ վախենար, մեր բանը շուտ կդրստվի, բայց Ագրինցևի գործերը շատ վատ են, քանի որ այդպիսի միջոցների է դիմում։

Նա իրավունք ուներ, շուտով այդ երևաց։ Հիմարությունն առհասարակ ինքն է իր համար փոս փորում: Ագրինցևը, տեսնելով, որ մեզ չբանտարկեցին, լուր տարածեց, թե մենք կաշառել ենք ոստիկանությանը։ Կաշառելը, պարոն, հրեաների քաղաքացիական պարտականություններից մեկն է։ Բայց քաղաքական գործերում մենք զգույշ ենք․․․

Լուրը հասավ ոստիկանապետին, հետո նահանգապետին։ Երկուսն էլ դադարեցին այցելել Ագրինցևի տունը, մինչև անգամ ընդհատեցին նրա հետ ամեն մի ծանոթություն։ Այս մի մեծ հարված էր Ագրինցևի համար: Լսեցի, որ նա մի քանի անգամ գնում է նահանգապետին բացատրություն տալու, չի ընդունում։ Մեջ է ընկնում պատվարժան ավագ քահանա Վլադիմիրը և հազիվ կարողանում է ոստիկանապետին միայն հաշտեցնել «պատրիոտ» Ագրինցևի հետ։ Այդ հայր Վլադիմիրն էլ մի պատիժ էր տեղական հրեաների համար։ Ամեն կիրակի իր քարոզներով գրգռում էր ռուս ամբոխին մեր դեմ։ Եվ հաջողություն ունեցավ։

Ագրինցևը դիմեց մի ուրիշ միջոցի, իր գործակատարների բերանով տարածեց, թե ես ու Շմուլ Մոզերը լրտեսներ ենք։ Մի օր ինձ մոտ եկան երկու անծանոթ երիտասարդներ և բացատրություն պահանջեցին։ Մեջ ընկավ Ռաբինովիչը և նրանց բավարարություն տվեց։ Իհարկե, մենք կարողացանք մաքրել մեր անունը, բայց չէ՞ որ այս տեսակ զրպարտություններն անհետևանք չեն մնում։ Գտնվեցին թեթևամիտներ, որ մեզնից երես դարձրին։

Բայց այդ մեր գործին վնաս չբերեց։ Վերադարձան մեր բոլոր հին գնորդները, երբ հասկացան, ոը մենք կրկնակի զրպարտված ենք։

Նույն միջոցին Ագրինցևի գործերը քայքայվել էին այնպես, ոը մեծ խելք էր հարկավոր նրանց ուղղելու համար։ Այնինչ Ագրինցևը զրկվել էր իր մեծ գլխում անփոփված փոքրիկ ուղեղի մնացորդից էլ։ Դուրս եկավ, որ այդ մարդը պարտքերի մեջ խրված է ավելի, քան մենք կարող էինք սպասել։

Մի օր նրա մուրհակը բողոքի ենթարկվեց։

Դա ողբերգության սկիզբն էր. շարունակությունը շուտով տեսանք։ Մարդը կորցնում էր իր վարկը արագ-արագ։ Ֆաբրիկաներն արդեն կրճատել էին նրա կրեդիտը, իսկ մեկը միանգամայն մերժել էր։ Այս բոլորը մենք շատ լավ գիտեինք և նպաստում էինք։ Աշնան սկզբին նա նոր ապրանք չստացավ, իսկ հինը ամառվա ընթացքում կերվել էր ցեցից։

Ագրինցևն անզոր էր կանգնել անկման կես ճանապարհին։ Հարբում էր նա այժմ բոսյակի պես։ Մագազինը փոխեց կնոջ անունով, որովհետև ինքն արդեն սնանկ էր ճանաչված։ Կառքերն ու ձիերը ծախվեցին։ Կինը ամաչում էր տնից դուրս գալ կամ հյուրեր ընդունել։

Ագրինցևն երբեմն կանգնում էր իր անցյալ փառքի դռների առջև և ճեղքով ինչ-որ սպառնալիքներ ուղարկում դեպի մեր կողմը։ Ես դեռ վախենում էի նրանից և այժմ ավելի, քան առաջ։ Հուսահատությունը սարսափելի է, պարոն։ Ահա՛ ինչու չէի կարողանում խղճալ այդ մարդուն։

Խղճա՞լ, ոչ, նա շատ էր անարգել մեզ։ Մի օր Շմուլ Մոզերն ասաց.

— Այզելման, մենք արդեն վարձատրված ենք։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրի ես։

— Ագրինցևը խանութը փակում է վաղը։

— Տեսնում եմ։ Հետո՞։

— Նա կորած է։ Անցյալ շաբաթ մեր սինագոգը շուն գցողների մեջ տեսել են և՛ Ագրինցևին։

Այդ արդեն ես չգիտեի։

Անցավ կես տարի ևս։ Ագրինցևը չքացել էր ասպարեզից։ Բայց մենք նրան չէինք մոռացել, և ինչպե՞ս կարող էինք մոռանալ մի մարդու, որ դեռ մի քանի տարի առաջ առաջնակարգ քաղաքացիների շրջանում էր: Իսկ ա՞յժմ․․․ այժմ, ով գիտե, ո՞ւր։ Մի օր, հարգելի պարոն, պատահեց հետևյալը։ Մադմուազել, և դուք, պատանի պարոններ, լավ լսեցեք, զվարճալի է։ Որքան շատ են տանջվում ծնողները, այնքան պիտի խելոքանան զավակները։ Հենց այս է պատճառը, որ հրեան ծեր է և խոհեմ օրորոցից սկսած։

Այո, պարոն, պատահեց այն, որ ես ամբարտավանությունը ցեխի մեջ տեսա։

Նստած էի մագազինումս։ Շմուլն ու գործակատարների մի մասը գնացել էին ճաշելու։ Հանկարծ դռների առջև հայտնվեց մի մարդկային կերպարանք։ Այնքան այլանդակ էր նա, որ ես առաջին րոպեին չճանաչեցի։ Կարծեցի թափառական մուրացկաններից է, որոնց դեմքը հարատև սովը այնքան աղավաղում է։

Հարգելի պարոն, ես եղել եմ Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ճանաչում եմ Ռուսիայում կենող բոլոր ազգությունները և կարող եմ ասել, որ ոչ մի ազգ այնքան շուտ չի հաշտվում ճակատագրի հարվածների հետ, որքան ռուսը։ Երեկվա հարուստը այսօր կառապան է, և այս նրա համար կարծես սովորական բան է։ Երեկ նա շամպայն էր խմում, այսօր, փույթ չէ, սիվուխա կխմի։ «Ոչինչ»,— ասում է նա և շուտով ամեն բան մոռանում։

Դուք արդեն գուշակեցիք, որ հյուրս Ագրինցևն էր։ Հագնված էր նա այնպես, ինչպես, տեսած կլինեք, հագնվում է օղիի գերի ռուս փոքրիկ չինովնիկը, երբ պաշտոն չունի և թափառում է դատարանների առջև, սրան ու նրան իր ծառայությունն առաջարկելով։ Այն տարբերությամբ, որ չինովնիկի անցյալից մնացել է «ֆուրաշկայի» կոկարդն ու կարմիր ժապավենը, իսկ Ագրինցևի -հարստությունից՝ մի մուշտակ, հնամաշ, օձիքի մազերը թափված, փեշերն ու կուրծքը կեղտի բծերով ծածկված։

Նա հարբած չէր այդ օրը։ Դեմքը լուրջ էր, եթե կարող է այդ լուրջ լինել, ինչ ասեմ, մի մեծ կապույտ կարմրագույն ուռուցք։

— Բարով, Այզելման,— ասաց նա օղիի քայքայված ձայնով, որի մեջ, սակայն, դարձյալ զգացվում էր արհամարհանք դեպի ինձ։ — Պատիվ ունեմ, Սերգեյ Պախոմովիչ,– պատասխանոցի ես առանց հեգնության, այնպես, որ կարծես ոչինչ փոփոխություն չէր պատահել նրա ճակատագրի մեջ։ Ես մինչև անգամ չզլացա ոտքի կանգնել այդ փողոցային շրջմոլիկի համար:

— Այզելման, ես եկել են քեզ մի բան առաջարկելու,— ասաց պարոնը և ձգվեց աթոռի վրա, ոտներն երկարացնելով և ձեռքերը խոթելով պանթալոնի գրպանը։

— Հրամայեցեք։

— Առաջինը՝ արի հաշտվենք, այսինքն՝ դու ինձանից ներումն խնդրիր, և ես կներեմ։ Աստված վկա, կներեմ։

Լսո՞ւմ եք, պարոն, դեռ ես պիտի նրանից ներումն խնդրեի, դեռ նա պիտի ինձ ներեր։

Գործակատարներս, քիթ քթի տալով, սկսեցին ծիծաղել։

— Նո՜ւ, խնդրիր,— կրկնեց նա,— ուղղափառ ռուսը չար չէ։ Որքան էլ կատաղի, սիրտը բարի է, ոխ պահել չգիտե։ Ես անցյալը մոռանում եմ, դու էլ մոռացիր, աա՞․․․

— Սերգեյ Պախոմովիչ, ես ձեր դեմ ոխ չունիմ, կարող եք հանգիստ լինել,— ստեցի ես մի փոքր։

— Աա՜, այդպե՞ս, շատ լավ, շատ լավ։ Ուրեմն, ես քեզ ներում եմ։ Թողնենք այդ։ Դատարկ բան է։ Չարժե խոսել անցյալի մասին։ Մեր կյանքը գետ է, երբեք ետ չի դառնում, մեր հոգին էլ այսպես պետք է լինի։ Աա, դու ուզում ես ասել, որ քեզ մի քանի անգամ հայհոյե՞լ եմ։ Ի՞նչ կա. այժմ դու կարող ես ինձ հայհոյել։ Կլսեմ։ Դրանից իմ հոր ոսկորները գերեզմանում տրեպակա չեն պարիլ։ Այզելման, ես եկել եմ առաջարկելու ահա թե ինչ. արի ընկերանանք և միասին տանենք մեր գործը։ Աա՛, ի՞նչ կասես։

— Ընկերանա՞նք, դու և ե՞ս, Սերգեյ Պախոմովիչ։

— Այո՛, հենց ես ու դու, ի՞նչ կա։

Մարդը կատակ չէր անում, ես էլ լուրջ խոսեցի.

— Բայց ես մի պիղծ ջհուդ եմ, Սերգեյ Պախոմովիչ, մի կեղտոտ և հոտած անհավատ։ Եվ ինչպե՞ս դուք, ուղղափառ քրիստոնյա, կարող եք ձեզ ստորացնել, ընկերանալով ինձ հետ։

— Դե լա՛վ, մի ծաղրիր ինքդ քեզ, լավ չէ. ազգային պատվի զգացում ունեցիր։ — Բայց ի՞նչ կասի հայր Վլադիմիրը, եթե ես ունենամ ազգային պատվի զգացում: Նա չի՞ գժվի, երբ մեր խանութի ճակատին կկարդա միասին գրված «Ագրինցև և Այզելման»: Աա՞, նա ձեզ կանիծի, այդ բարեպաշտ քրիստոնյա հայրը…

— Հայր Վլադիմիրին ես ուղարկեցի սատանաներին, այլևս նա իմ տուն չէ գալիս:

— Հասկանում եմ. այլևս փորը չի կարող կշտացնել ձեր տանը: Խելոք մարդ է, ուրեմն…

Ագրինցևը հասկացավ իմ վիրավորանքը և կուլ տվեց:

— Հը՛, ասա,— շարունակեց նա,— ե՞րբ ենք պայմանագիրը ստորագրում: Ասում ես պիղծ ջհուդ ես: Ես էլ այս մասին շատ եմ մտածել, բայց և այնպես վճռել եմ ընկերանալ: Ի՞նչ անենք, ջհուդներն էլ ինձ նման մարդիկ են: Իսկապես նրանց դեմ ոչինչ չունիմ: Կարող են իրենց սինագոգում որքան քեֆներն է «ալելույա» կանչել: Ջհուդ ես, ես էլ հենց այն պատճառով եմ ուզում ընկերանալ քեզ հետ, որ ջհուդ ես: Օ՜օ, ջհուդները դևեր են վաճառականության մեջ: Նրանց հետ ոչ ոք չի կարող մրցել: Աա՛, ի՞նչ կասես, շնորհակալ չե՞ս, որ քեզ այսքան պատիվ եմ անում:

Ռաբինովիչը մոտեցավ և ականջիս շշնջաց.

— Թողեք այդ խրտվիլակին շպրտեմ փողոց: Նա դարձյալ մեզ անարգում է:

Բայց ես ուզում էի Ագրինցևի հետ խոսել. այժմ նա ինձ հաճույք է պատճառում:

— Օ՜օ,— ասացի ես, հազիվ զսպելով ծիծաղս,— շատ և շատ շնորհակալ եմ: Լա՛վ, ընկերանանք: Ո՞ւր է ձեր դրամագլուխը:

— Ինչպես թե դրամագլուխը:

— Այո՛, ո՞րն է ձեր դրամագլուխը:

— Իմ դրամագլուխն է անունս և ազգանունս:

— Հետո՞:

— Հետո այն, որ ես ուղղափառ քրիստոնյա եմ: Ինձ հետ ընկերանալով, դուք կարող եք բոլորովին հանգիստ լինել, որ ոչ մի քրիստոնյա ձեզ չի վիրավորիլ: Մի խոսքով, ես Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևն եմ:

Այս անգամ արդեն ծիծաղս չկարողացա զսպել:

— Այզելման,— վիրավորեց Ագրինցևը և ոտքի թռավ,— դու ինձ չես հավատո՞ւմ: Զգուշացիր, Այզելման, ես դեռ առյուծ եմ:

Պետք էր ճշմարտությունն ասել, և ես ասեցի, չվախենալով նրա կատաղությունից: Ժամանակն էր, որ ես վրեժս առնեի իմ թշնամուց, որ այնքան անարգել, այնքան հալածել էր ինձ:

Ես ասացի, վաճառականությունը կանոններ ունի, որոնց մոռացողը չարաչար պատժվում է: Մի մարդ, որ իր կոպտության, գոռոզության և շռայլության շնորհիվ կորցրել է ամեն ինչ, չի կարող նույնիսկ խոսել վարկի մասին:

— Դուք ոչ միայն փողով եք սնանկ, Ագրինցև,— շարունակեցի ես,— այլև խելքով: Երբ դուք հարբում էիք և մեզ հրեաներիս հրապարակորեն անարգում, մտածո՞ւմ էիք, արդյոք, որ մի օր պիտի այդպես ստորանաք իմ առջև: Ո՞ւր է այժմ ձեր անցյալը: Կարողություն չեմ ասում, այլ գոռոզություն: Ո՞ւր են ձեր ուղղափառ հավատակիցները. ինչո՞ւ Մոսկվայի քրիստոնյա ֆաբրիկանտները ավելի առաջ բողոքեցին ձեր մուրհակները, քան Վարշավայի հրեաները: Եթե դուք մարդ լինեիք, ես ձեզ չէի կործանիլ մինչև այդ աստիճան: Ցույց կտայի ձեր փրկության ճանապարհը: Ախ, Սերգեյ Պախոմովիչ, Սերգեյ Պախոմովիչ, մի՞թե այժմ էլ խելքի չեք եկել, մի՞թե այժմ էլ ուզում եք ինձ ծաղրել: Բայց չէ՞ որ դուք եք արժանի ծաղրի: Ոչ, ոչ, պարոն, ոչ ծաղրի, այլ ցավակցության: Նայեցեք ձեզ ոտքից մինչև գլուխ, ինչ օրի եք հասել: Զգո՞ւմ եք, արդյոք, որ կորած եք հավիտյան:

Կարող եք երևակայել, պարոն. այն մարդը, որ կարելի է ասել, կյանքում չգիտեր ինչ ասել է արտասուք, հանկարծ արտասվեց, ինչպես մի ողորմելի կին: Այստեղ ես նրան խղճացի, բայց միայն մի քանի րոպե: Կարո՞ղ էի մոռանալ հենց միայն այն օրը, երբ նրա կի՛նը անպատվել էր կնոջս գլխարկ պատրաստող ֆրանսուհու մոտ, անվանելով նրան… Օ՜օ, ես պատրաստ էի այդ ամբարտավան քրիստոնյային կոշկիս կրունկով խփել և գցել ցեխի ամենաթանձր տեղը: Թող նա այնտեղ խեղդվեր, ավելի լավ վիճակի արժանի չեր:

— Շարունակեցեք, Սերգեյ Պախոմովիչ, շարունակեցե՛ք,— ասացի ես կծու հեգնությամբ,— արտասուքը մաքրում է մեր հոգին կեղտերից։ Անշուշտ հայր Վլադիմիրը ձեզ ասած կլինի, որ զղջալը քրիստոնեի պարտավորություններից մեկն է։

Բայց, ավա՜ղ, նա չէր զղջում։

— Դու ծաղրում ես ինձ, անհավատ,– գոչեց նա, արտասուքն արագ սրբելով և ոտքի կանգնելով,— ես քեզ ցույց կտամ։

Ես հանդարտ ձայնով պատասխանեցի.

— Ո՛չ, Սերգեյ Պախոմովիչ, ո՛չ, ես այլևս ձեզանից երկյուղ չունիմ։ Դուք անզոր եք։ Լսեցե՛ք, դուք այժմ փող չունիք, վարկ չունիք, խելք չունիք, իսկ պատվի մասին չխոսենք։ Դուք ընկած եք, ով քրիստոնյա, այնպես, ինչպես միայն ձեր նմաններն են ընդունակ ընկնելու։ Եվ որովհետև ձեր ուղղափառ քրիստոնյաները ձեզ չեն օգնում, ե՛ս կօգնեմ։ Լսեցեք, ես ձեզ կընդունեմ ինձ մոտ դռնապան․․․ Կնշանակեմ ամսական քսանուհինգ ռուբլի ռոճիկ, որ ինձ պահպանեք խուլիգաններից։ Ուտելիքդ էլ կտամ։ Մի՛ վախենաք, ես ձեզ սոխով և ապխտած ձկով չեմ կերակրիլ: Այն ես կշարունակեմ ուտել։ Ես ձեզ կտամ ձեր բորշչը, կվասը և սիվուխան․․․

Հարվածս զորեղ էր։ Ագրինցևը վայրկենաբար գունատվեց։ Նրա ուռած երեսն ավելի այլանդակվեց։ Երկյուղալի էր նա։ Բռունցքները սեղմելով հարձակվեց վրաս։ Բայց նույն վայրկյանին երկու առողջ երիտասարդական ձեռքեր բռնեցին նրան ետևից։ Ռաբինովիչն էր, որ ուզում էր դուրս վռնդել այդ կեղտն իմ խանութից։ Ես դարձյալ թույլ չտվեցի։

Ներս մտավ Շմուլ Մոզերն և մի վայրկյանում բոլորը հասկացավ։

Ագրինցևն ուշքի եկավ, սթափվեց։ Այն ժամանակ կատարվեց ուրիշ տեսարան: Նա մոտեցավ ինձ, այս անգամ ընկճված և խեղճացած։

— Ասա՛,— գոչեց նա տարօրինակ ձայնով,— ասա՛, ինչի՞ց եք ստեղծված դուք, ջհուդներդ։ Ասա՛, ինչի՞ց։ Մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները։ Ասա՛, ինչի՞ց են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը։ Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչո՞ւ դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում։ Ինչո՞ւ կիսիս չափ չկաս՝ տասն իմ չափ եռանդ ունիս։ Ինչո՞ւ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով։ Ինչո՞ւ դու կարողանում էիր առավոտներն ինձանից ավելի վաղ զարթնել, գիշերները ինձանից ուշ քնել։ Ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո որ ապրանքն է թանկանալու, որն է էժանանալու։ Ինչո՞ւ դա բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի։ Ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում: Ասա, որ ես դուրս գջլեմ եղունգներովս։ Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այնպես լավ են լսում հեռվից։ Ասա, Այզելման, ինչո՞ւ դուք հրեաներդ անհաղթելի եք։ Ինչո՞ւ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում։ Ասա՛, պատասխանիր, ես չեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ․․․

Տարօրինակ հարցեր են, այնպես չէ։ Ես կամեցա ինչ-որ ասել, բայց Շմուլ Մոզերն ինձ առաջեց։

— Ես կպատասխանեմ,— ասաց նա հանդարտ ձայնով և մոտեցավ Ագրինցևին։— Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեան։ Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով։ Հող է այդ նյութը և հող պիտի դառնա թե՛ ձեր ավետարանով և թե՛ մեր թալմուդով։ Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ։ Հազար ինը հարյուր տարի է դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում։ Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը։ Հարցնում եք, ինչո՞ւ ենք մենք ձեզանից ավելի շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում։ Ինչո՞ւ, որովհետև առավոտները ձեր կոզակների ձիերի տրոփյունն է մեզ զարթեցնում, իսկ գիշերները ոստիկանների շվոցներն են խափանում մեր քունը։ Մենք այդ տրոփյունն ու այդ շվոցները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է։ Ոչ. այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել, բնավ չքնել, որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները, իսկ մեր գլխին հավիտյան կախված է բռնության սուրը։ Մենք վազում ենք, ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք։ Իսկ հալածվողների ոտները փետուրից են։ Ախ, կար ժամանակ, երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և ամբարտավան։ Անցա՜վ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով Քրիստոսի աշակերտներ։ Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը։ Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել․․․ Ռուսիան։ Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչո՞ւ մենք հաջող ենք վաճառականության մեջ։ Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքանն էլ չունենայինք։ Չէ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է։ Միակ միջոցը գոյության։ Ա՞յն էլ ուզում եք խլել։ Խլեցե՛ք, մենք ուրիշը կգտնենք։ Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք։ Շատ պարզ է։ Մենք ուզում էինք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք։ Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն ունեիք այն։ Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհ, ահա՛ ձեր դժբախտության հիմքը։ Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր ամբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք։ Այսպիսի հանգամանքներում դժվա՞ր էր ձեզ թավալել գետին ու խեղդել։ Ոչ։ Եվ մենք թավալեցինք ու խեղդեցինք ձեզ։ Ի՞նչ եք ուզում այժմ մեզանից։ Ընկերանա՞լ։ Շատ բարի, համեցեք ընկերանանք։ Բայց ամեն մի ընկերություն հիմնվում է իրավունքների հավասարության վրա։ Տվեցեք ձեր իրավունքները մեզ էլ կամ վերցրեք հազարավոր շղթաները մեր ձեռքերից ու ոտքերից, և մենք կարող ենք ընկերանալ։ Վերջապես, մեր վարք ու բարքերի մեջ կա ահագին անդունդ, նախ լեցրեք այն՝ հետո։ Դուք, պարոն Ագրինցև, ծնված եք գոռալու, հայհոյելու, հարբելու, ծեծելու, կոտրատելու և մատնելու համար։ Ախ, ի՛նչ երևելի ոստիկան կլինեիք դուք, եթե ժամանակին հասկանայիք։ Նայեցե՛ք. ձեր այդ խոշոր բազուկները՝ կարծես ստեղծված են մեզ՝ խեղճերիս բռնելու և բանտ դնելու համար։ Եվ դուք ուզում էիք, որ մենք չկարողանա՞նք հաղթել ձեզ վաճառականության մեջ։ Ի՜նչ կոպիտ մոլորություն։ Մեր հայրերը և մեր նախահայրերը, մեր հարյուրավոր սերունդները առուտրի մեջ են մաշել իրենց խելքը։

Ագրինցևը, այդ անհամբեր և ոչ ոքի հակաճառությանը չընդդիմացող մարդը, լուռ լսում էր Շմուլ Մոզերի թունավոր խոսքերը։ Երբ ընկերս ավարտեց, նա նայեց շուրջը նախանձի և չարության սուր հայացքով։ Ապա մոտեցավ ինձ մի քանի քայլ և ասաց.

— Այդ շան ձագին ես չեմ պատասխանիլ: Իմ հաշիվը քեզ հետ է։ Ահա ինչ կասեմ քեզ, Այզելման. տեսնում ես այս դանակը։ Սա քեզ համար է…

— Նա գրպանից հանեց մի մեծ դանակ, ցույց տվեց և նորից դրեց գրպանը։ Աստված իմ. այս վայրկյանիս էլ աչքերիս առջև փայլում է նրա դեղնագույն կոթը։

Անցան ամիսներ։ Այդ միջոցներին հրեաների դրությունը սոսկալի էր։ Ինչ-որ անհայտ չար ոգիներ գործում էին եռանդով։ Պատրաստվում էր այն դժոխային անցքը, որի մասին գիտեք, պարոն, և որը հետո պիտի կրկնվեր ավելի զորեղ կերպով։

Մենք հիմար չէինք, գուշակում էինք։ Երբեմն ժողովներ էինք անում, խորհրդակցում, բայց ի՞նչ կարող էինք անել։ Մեր թշնամին պարզ էր ով է. նա զորեղ էր, իսկ մենք՝ տկար: Պետք է դիմեինք իր իսկ օգնությանը, և մեր դրությունն այս անգամ հիշեցնում էր առասպելական մկներին։

Նահանգապետը մերոնցից մի քանիսին ասել էր.

— Հրեաները երազումն էլ վտանգ են տեսնում։ Բայց ոչ մի երկրում այնքան նրանք բախտավոր ա ապահով չեն, որքան Ռուսաստանում։ Նրանք իրենք են ուրիշներին հալածում ու ճնշում։ Նրանք խռովարարներ են։

Եվ այլն, և այլն. պատմական խոսքեր, որ վաղը, մյուս օրը բեմերից պիտի արտասանվի իբրև ծաղր և ամոթ։

Մի երեկո խանութիս առջև նկատեցի Ագրինցևին։ Մի խումբ կասկածելի մարդկանցով շրջապատված՝ նա ինչ-որ խորհրդակցություն ուներ նրանց հետ։ Երբե՜ք քաղաքի կենտրոնական փողոցներում այդպիսի դեմքեր չէի տեսել։ Դա մարդկության այն տականքն էր, որ թափառում էր մթին խորշերում, կեղտոտ անկյուններում։

Ես մոտեցա դռներին և պարզ լսեցի այս խոսքերը.

- Այս ամենահարուստ մագազիններից մեկն է մեր քաղաքում։ Մի ահագին սնդուկ կա ոսկով լի։ Բոլորը ձերը կլինի։ Բայց տիրոջը ձեռք չտաք. նա իմն է…

Աչքերս մթնեցին, ոտքերս դողացին։ Եթե Ագրինցևը նկատեր իմ սարսափը, պիտի խնդար չարությամբ։ Ես հեռացա խանութիս խորքը և հայտնեցի բոլորը Շմուլ Մոզերին։ Խորհուրդ կազմեցինք գործակատարների հետ։ Ես այն կարծիքին էի, որ պետք է մեր կանանց ու երեխաներին հեռացնենք Օդեսայից, իսկ ինքներս մնանք մեր կայքը պաշտպանելու։ Այսպես էլ արինք։ Ես իմ ընտանիքին ուղարկեցի Քիշնև՝ կնոջս ծնողների մոտ, իսկ Շմուլ Մոզերն իր մորը՝ Բենդեր։ Նա շատ էլ չէր հավատում համառ լուրերին և ոչ էլ այդ պարզ սպառնալիքներին։ Արդեն հրեաները շատ են հալածվել, ավելի տանջել նրանց չի կարելի։ Խե՜ղճ մարդ, չգիտեր, որ այլ էր մեր կարծիքը, այլ էր որոշումներ արձակողների տրամադրությունը․․․

Պարոն, ես ձեզ չեմ ձանձրացնիլ՝ պատմելով այդ աղետալի օրերի անցքը։ Դուք բավական տեղյակ եք, թեև շատ բան չգիտեք։

Եկան այդ օրերը հենց այն ժամանակ, երբ մեր գործերը ամենափառավոր դրության մեջ էին։ Երկնային ահե՜ղ դատավոր, Մովսեսի, Ահարոնի աստված, կգա՞, արդյոք, մի օր, որ դու պատժես մեր դահիճներին։ Ոչ այնպես, ինչպես այժմ օտարների ձեռքով, երկրից դուրս, այլ հենց այստեղ, իրենց հողի վրա, իրենց արյունակիցների ձեռքով։ Պարոն, քրիստոնյա պարոն, ես հավատում եմ նախախնամությանը և համոզված եմ, որ այդ օրը հեռու չէ․․․ նա արդեն մոտենում է ահռելի կերպարանքով։

Արշավանքն սկսվեց ուրիշ փողոցներից և միայն երկրորդ օրը հասավ մեզ։ Այն միջոցին, երբ մեր հարևան հրեաների խանութները կողոպտում էին, երբ տներից դուրս ձգվող մանկական անկողինների բուրդն ու փետուրը քամու բերանումն էին, կանանց և երեխաների աղաղակներն ու հեծկլտանքը լեցրել էին օդը, մենք փակված էինք խանութում։

Ես էի, Շմուլ Մոզերն ու Ռաբինովիչը. տասնչորս գործակատարներիցս միայն նա էր մնացել, այդ ազնիվ երիտասարդը։ Բոլորը գնացել էին պաշտպանելու իրենց մերձավորներին։ Ռաբինովիչ, ինչպե՞ս կարող եմ սառնարյուն հիշել քեզ, անվեհեր տղա, որ այնպես զոհվեցիր ինձ․․․

Եվ մենք երեքս պիտի պաշտպանեինք հազարավոր խուժանի դեմ հարյուր քսան հազարի ապրանք՝ քսանուհինգ տարվա դառն աշխատանքիս արդյունքը։ Շմուլ Մոզերն ասաց.

— Այզելման, թողնենք ամեն ինչ ճակատագրի կամքին։ Ես կյանքս գերադասում եմ կայքից։

— Իսկ իմ կյանքը կայքիս մեջ է,— ասացի ես։

Ռաբինովիչը բոլորովին ուրիշ կարծիք ուներ։

Նա ասում էր, որ ամեն մի հրեա պիտի սովորի զենքով պաշտպանել իր կյանքը և ինչքը։

Ահա մոտեցան խռպոտ բղավող ձայները։ Լսվեց քաղցած և կիսամերկ խուժանի դիվային քրքիջը։ Ես ու Շմուլը սարսափից կուչ եկանք պատի տակ։ Ռաբինովիչը հանեց գրպանից մի ատրճանակ և պահեց ձեռքում։

Մոտ մի ժամ տևեցին աղմուկը, կողոպուտը, կոտորածը մեր փողոցում։ Բայց մեր դռները դեռ անշարժ էին։ Հետո մի քանի րոպե տիրեց չարագուշակ լոություն։ Լսում էինք միայն բազմաթիվ քայլերի ձայներ։ Շմուլ Մոզերը կարծեց, որ մենք փրկվեցինք։ Ես մոտեցա դռներին, նայեցի նրանց արանքով դուրս։ Սիրտս ասում էր, որ այնտեղ պատրաստվում էր մեր դեմ մի վատ բան։ Եվ ահա ինչ տեսա. փողոցի մեջտեղում կանգնած էր Ագրինցևը, ձեռքում մի շիշ օղի։ Նա գոռաց.

— Անիծվածնե՜ր, ո՞ւր եք փախչում։ Զորքի՞ց եք վախենում։ Շարունակեցեք, ոչ ոք ձեզ չի խանգարիլ։ Այս կողմն եկեք, ո՞ւր եք վազում, ավանակնե՜ր։

Հետո շարունակեց.

— Ահա՛, լակեցեք այս շիշն էլ։ Չորրորդն է, վերջին հինգ ռուբլիս եմ ծախսել։ Լակեցեք։ Քա՛ջ եղեք։ Խփեցե՛ք, կոտրեցե՛ք դռները։ Սնդուկը ոսկով լիքն է։ Այստեղ, մի՛ հեռանաք, ապուշներ։ Լսո՞ւմ եք։ Էէ, ի՞նչ շքեղ ցուցանակ ունի։ Մտեք ներս, տեսեք։ Ամենքիդ մի բան կհասնի։ Բայց ձեռք չտաք այն մեկին, մորուքավորին։ Կբռնեք և ինձ կհանձնեք։ Նո՛ւ, սկսեցեք, շան զավակներ։ Մեկ, երկու, երեք, հուռա՜, կեցցե՜․․․

Խուժանը կրկնեց «հուռա» և «կեցցե»․․․

Շմուլ Մոզերը գոռաց.

— Այզելման, մագազինը կորած է, գոնե մեր գլուխներն ազատենք։ Բայց այլևս ուշ էր։ Դռները դղրդացին և խորտակվելով ընկան մայթերի վրա։ Աչքերիս առջև բացվեց մի տեսարան, որ եթե երազումս տեսնեի, արյունս պիտի սառչեր երակներիս մեջ։ Բայց հուսահատությունը ինձ տվել էր տարօրինակ քաջություն, ես չվախեցա։ Մոտ հարյուր սրիկաներ Ագրինցևի ղեկավարությամբ ներս խուժեցին՝ փայտերով, կացիններով զինված։ Կային և կանայք ու պատանիներ։

Ես փորձեցի կաշառել խուժանին փողով, որ մագազինս չկողոպտեն։ Բայց ո՞վ էր լսում։ Այստեղ միայն Ագրինցևի ձայնն էր ազդու։ Սրիկաներն ինձ հրեցին ներս, և այդ պահին լսվեց ատրճանակների ձայն։ Խուժանը մի վայրկյան ետ մղվեց՝ գոռալով.

— Ռումբ, ոումբ․․․

Բայց ոումբ չկար։ Դա Ռաբինովիչի ատրճանակն էր, որ սրիկաներից մեկին թավալեց դռների մեջ։

Առաջ բռնեցին Շմուլ Մոզերին։ Բռնողը մի հաղթանդամ կին էր՝ Մեհերայի ահռելի կերպարանքով։ Նա գոռում էր.

— Ես քեզ պիտի կենդանի այրեմ։

Եվ ձգեց ընկերոջս ամբոխի ձեռքը։ Բայց Շմուլ Մոզերին մահ չէր վիճակված։ Նրան քաշքշեցին, ծեծեցին, ոտնատակ արին, բայց և այնպես ազատվեց։ Կապկի ճարպկությամբ դուրս պրծավ տասնյակ ձեռքերից՝ պատառոտված հագուստով, ջարդված կողերով և փախավ մագազինի ետևի դռներով, թողնելով հատակի վրա արյան հետք։

Շրջապատեցին Ռաբինովիչին։ Նա դատարկել էր արդեն ատրճանակը և դարձյալ մեկին սպանել և երկուսին վիրավորել։ Զենքը խլեցին ձեռքից, և մեկը սկսեց նրա կոթով զարնել թշվառի բաց գլխին։ Այս բոլորը տևեց մի քանի րոպե միայն։ Խուժանն արդեն կողոպտում էր ունեցածս։ Ես տեսա ազնիվ գործակատարիս այլանդակված դիակը փողոց շպրտվելիս։ Նրա գանգը երկու կտոր էին արել կացնի հարվածով։ Թշվա՜ռ մայր․․․ նա այժմ թափաոում է փողոցներում՝ ցնորված․․․

— Աա՜, վերջապես դու իմ ձեռքումն ես,– լսեցի ես Ագրինցևի ձայնը այն ժամանակ, երբ մի թեթև հույս կար ամբոխի ձեռքից ազատվելու,– ո՞ւր ես ուզում փախչել։

Նրա հուժկու ձեռքերն ինձ սեղմեցին պատին։ Ի՛նչ թաքցնեմ, պարոն, ես նրան խոստացա բոլորը, ինչ-որ ունեի, միայն թե կյանքս ինձ թողներ։ Ես ստորացա այդ սինլքորի առջև, որովհետև աչքիս առջև կանգնած էին զավակներս, որոնք պիտի մնային անխնամ։

— Մի՛ վախենար,— գոչեց Արգինցևը,— ես քեզ չեմ սպանիլ։ Ընդհակառակը, դու պետք է ապրես, որ միշտ հիշես Ագրինցևին։ Է՜յ, թավալեցեք այս քոսոտին գետին․․․

Սրիկաներից երկուսն օգնեցին նրան և ինձ թավալեցին։ Գրպանումս ունեի մի մեծ դանակ. այդ էր իմ միակ զենքը ամբողջ կյանքումս։ Այժմ ուրիշ է, այժմ ես ատրճանակ ունիմ և պիտի հրացան էլ ձեռք բերեմ։ Ես նշան արի թշնամու սիրտը, բայց վիրավորեցի միայն նրա թևը։ Կարծես նա ցավ չզգաց, ճիչ անգամ չարձակեց:

— Այզելման,— գոռաց նա ծնկները սեղմելով կրծքիս և կոկորդս բռնած,— ընկերդ ասաց, թե դուք ինձ թավալեցիք և խեղդեցիք։ Բայց այդպես չեն թավալում մեր օրենքով, այլ այսպես: Դե՜հ, հանիր լեզուդ․․․

Զուր էի ճիգ անում ազատվել նրա ձեռքերից։ Նա թքեց երեսիս և մի քանի անգամ ապտակեց։ Սրիկաները ոտքերով զարկում էին կողերիս։ Հասկանալի էր Արգինցևի միտքը։ Ես երես ի վայր շուռ եկա։

— Էէ, չե՞ս ուզում որ աչքերդ հանեմ, լեզուդ կտրեմ,— ասաց նա,— ոչինչ։ Թող այդպես լինի։ Այսքանն էլ բավական է, ես ուզում եմ միայն քեզ վրա մի նշան թողնել․․․

Նույն վայրկյանին գլխիս վրա փայլեց դանակի դեղին կոթը։ Զգացի սուր ցավ և հետո երեսիս վրա տաքություն։ Արյունս էր, որ խառնվելով հողի հետ, փակեց աչքերս։ Ես լսեցի.

— Է՜յ, սրիկաներ, ես միայն այս ականջն եմ վերցնում Այզելմանի հարստությունից։ Մնացյալը ձեզ լինի։ Բաժանեցեք․․․

Այստեղ ես ուշաթափվեցի․․․


Հրեան կանգ առավ: Օ՜օ, որքան ատելություն, վրիժառության կրակ և անզորության կսկիծ կային նրա խելացի աչքերի մեջ։ Մի քանի վայրկյան տիրեց լռություն։ Պետք է զորեղ կամքի տեր լիներ Ահարոն Այզելմանը։ Տեսնելով, որ իր պատմվածքը մեզ վրա գործեց ճնշող տպավորություն, շտապեց զսպել իր սրտի ալեկոծությունը։

Եվ, դառնալով աղջկաս, նա դարձյալ ժպտաց սիրալիր և ասաց.

— Մադմուազել, այժմ մի ականջս ուղղափառ քրիստոնյա է, իսկ մյուսը՝ հրեա․․․

Մենք հասանք Վարշավա․․․