Ռեթեոս Պերպերյան
Ճառագայթող երես մը՝ պայծառ խղճմտանքի ցոլացումով. գեղեցիկ խարտյաշ գլուխ մը, երիտասարդի գլուխ, միշտ վեր բռնված, հակառակ մտավորական անընդհատ ու ծանր վաստակի մը ու, կարծես, ճիշտ այդ վաստակովը առուգացած. հասակը ոչ մեծ և ոչ փոքր. իր պարտականությանը, իր բովանդակ պարտականությանը մեջ ամփոփված մարդու հասակ։
Այս ամենը սակայն խրոխտ բան մը ունի որ անմասն չէ արդար հպարտութենե մը և որուն համար անծանոթ մը՝ իրեն մոտը երթալու պիտի վարաներ իրավամբ։ Ապաքեն իր մտերմության շրջանակը անձուկ եղած է միշտ, և չափազանցություն մը չէ պնդելը, որ ոչ ոք մուտք ունեցած է հոն։
Այս առանձնությունը հաճելի է իրեն. անկե, այդ բարձունքեն կդիտե, տարիներու հոլովումին հետ, անցքը, անդուլ անցքը իրերուն ու մարդերուն, հարափոփոխ, շահեկան, ու մշտնջենական տեսարանը՝ անակնկալով, ահավորով, ծիծաղելիով, զմայլելիով լեցուն, որուն թերևս ատեն-ատեն սրտնեղությամբ կհետևի, բայց զոր չի դադրիր ուշադրությամբ ուսումնասիրելե։
Մեր ազգին կրթության հոյակապ վաստակավորն է ան. իր դաստիարակության գործը պարզապես հիանալի է. կոչումի ու անձնվիրության գործ, որ քահանայութենե ավելի սուրբ է և վարդապետութենե ավելի հմտության կկարոտի. ինքն իր գլխուն հիմնելով, պահելով, զարգացնելով կրթական հաստատություն մը, զոր ազգին բոլոր հարուստները ու աղաները մեկտեղ հավաքված՝ անկարող էին կանգուն պահել. ինքը մեկ հոգի՝ ավելի շատ աղքատ ու կարոտ տղոց նյութական ու մտավորական սնունդ տված, մեծցուցած է զանոնք քան թե ոևէ հարուստը մեր ազգին, և այս ամենը լռության ու համեստության քողին տակ՝ հռչակված ողորմությանց ճիշտ դեմը. ի՜նչ մեծ դաս։
Արդար է ուրեմն որ իր հիմնած վարժարանը իր անունովը և ինքն ալ իր վարժարանովը պարծենա։
Իր տված կրթությունը նյութապաշտ ձգտումը չէ, զոր ամեն բարձրագույն իտեալի վտարումեն կձևացնեն ոմանք, այնքան ջատագովված, գրեթե դրվատված այսօր. այլ նկարագիրը կազմող դաստիարակություն, որ օգտակարին ետևեն վազելու ատեն գիտե Ճշմարտին քով ալ կանգ առնել ու Գեղեցկին առջև կորսնցուցած վայրկյաններուն համար չափսոսալ։
Այս կրթությունը ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ արդեն, քանի որ ջերմ հավատացյալ մըն է ինքը, որ մարգարեի մը վայելուչ մթասքող լեզվով մը գրի առած է Լամընեի մռայլ ու մութ պատգամները, որոնք կարծես ստորերկրյա եկեղեցիե մը կուգան, անոր հաստ ու խուլ պատերը ճեղքելով կհասնին մինչև մեզի։ Ի՞նչ բանի հավատացող սակայն, ասիկա պիտի չի կրնար որոշ կերպով ըսել մեզի. հավատացող մը, որ մարդս վայելելու համար չի գար աշխարհ, այլ պարտք մը կատարելու, քաղելե ավելի հերկելու համար. անձնուրացության հավատացող մը ուրեմն, հավատքներուն գերագույնը։
Խորհող մը, իմաստասեր մըն է ինքը. ոչ անոնցմե որոնք վայրապար դեգերանքներու մեջ մոլորած՝ ամեն օրվան ճամփան կկորսնցնեն. իր իմաստասիրությունը գիտե սակավատև կյանքեն մարդուս՝ շատ բան չպահանջել ու քիչով գոհանալ, որովհետև գիտե որ աչքդ բացած գոցած պահուդ ահա օրը իրիկուն կըլլա. իրավունք ունի ուրեմն չարհամարհելու ամենաչնչին բարելավությունը, զոր կյանքը կրնա պարգևել։
Կյանքի պատահարներու դաժան հպումեն, անոնց ատեն-ատեն մարդուս ուսին վրա նետած ցուրտ վերարկուեն սարսուռ զգացած է հարկավ երբեմն բանաստեղծի հոգին, որ իր ներսը կբնակի. բայց լքումի ու վհատության անմատչելի է իր սիրտը. հետո օրն ի բուն մանկության, պատանեկության հետ ապրող այս մարդը, ատով իսկ, ապագային կնայի ամեն ատեն. անոր հետ մտերիմ ու ծանոթ է ալ։ Քառորդ դարի մը տևողությամբ հաստատված անխափան մտերմություն, ամենեն պատվաբերն այս առանձնասերին համար։
Գրագե՞տ է արդարև. հրապարակագիր. ամեն ատեն. իր տարազը պարզության, վայելչության, ճկունության տարազն է. շլացնելն ավելի համոզելու կմիտի ան. իր ակնկալությունը դրվատիք ունենալե ավելի իրավունք ունենալու մեջ կկայանա. գույներու, երանգներու շլացումովը չի հոգնիր իր վրձինը. բայց մատիտը իր գիծերուն ճշտությամբը անհավասարելի է, ինչ որ որքան նկարչին նույնքան գրագետին խղճմտությանը և պարկեշտությանը ապացույցն է։
Իր սեռը, տարիքի բերմունքով թե ուրիշ պատճառով մը չեմ գիտեր, fantaisieեն կխորշի միշտ. իր գրվածքը լուրջ ու հյութեղ է։ Հետո, իր դավանանքը գրականության մեջ նույնն է ինչ որ էր կյանքի ըմբռնումին համար. արշավի մարդը չէ ինքը, ոչ իսկ աճապարանքի. ասոր համար է որ իր գրած լեզուն, տարիներու ընթացքին մեջ ոտքեն մինչև գլուխը մերկացած ըլլալով հանդերձ գրաբարի շքեղ գրգլյակը, դեռ բոլորովին մեր աշխարհաբարը չէ եղած. բաճկոնը պակաս չէ, ոչ ալ շապիկը, բայց բան մը, զոր ստուգիվ չեմ կրնար ճշտել՝ պակաս է վերջaպես անոր վրա։ Ասիկա սակայն իմ փույթս չէ բնավ և չի նվազեցներ իր գրագետի արժանիքը։ Իմ մասիս չեմ ներեր որ մեկը դեմս ելլե ու գրած լեզվիս չհավնի. գրականության մեջ լեզվի թույլտվությունը, անոնց համար, որոնց ուզած ձևով այդ լեզուն գրելու կարողությունը վեճի տակ չէ, այն թույլտվություններեն մեկն է, զոր Ժյուլ Քիմոնի մեկ խոսքը փոխ առնելով հոս, «անհրաժեշտ» պիտի կոչեմ. ուստի արդար է, որ ես ալ չմիջամտեմ ուրիշի մը գրելու եղանակին, գրելակերպին, քանի որ հետադեմ մը չսեպվելու համար անպատճառ հարկ է որ ես ալ քայլ մը առնեմ դեպի հառաջ։
Գաղափարներու աշխարհին մեջ շատ հեղ տարակարծիք գտնված ենք իրարու քսան տարիներե ի վեր, հորմեհետե հոս հոն կհանդիպինք իրարու մամուլի միջոցով։ Féministe մըն էր ան արդեն Մայտան պաշտպանելով իմ հարձակումներուս դեմ երբոր ես իմ արևելքցիի համառությամբս այդ դատին դեմ կմաքառեի և դեռ կմաքառիմ, համոզված, որ ատով կինը կկորսնցնե քան թե կշահի իր շնորհին մեջ, որ իր կոչումն է. եսասերի, կնասերի համոզում պիտի ըսեք ինծի և իրավունք պիտի ունենաք։
Քիչեր մեր մեջ կհավասարին իրեն հմտությունով, որ շարունակ կարդալով, վերծանելով ձեռք բերված է։ Զարմանք որ այս ընթերցումի մոլությունը չէ վնասած իրեն։ Ես կկարծեմ, որ կարդացված գիրք մը մոռցվելու է. կվախնամ որ դարձյալ ծանր ճշմարտազանցություն մը ըրած չըլլամ առաջ նետելով այս գաղափարը, որ, ամչնալով կխոստովանիմ թե, իմ էն սիրած գաղափարներես մեկն է. ասոր համա՞ր է արդյոք, որ այն սուղ վայրկյաններուս մեջ զոր ընթերցանության կհատկացնեմ, ակնարկ մը կնետեմ ու կանցնիմ գրքի էջերուն վրայեն, զանոնք ավելի աչքե անցուցած ըլլալու քան թե անոնցմե բան մը հիշելու նպատակով։
Զորավոր իմացականությունները, որպես է այս գրագետինը, կօգտվին գուցե ուշադրությամբ հետևելով հեղինակին, բայց չի՞ գար ատեն մը որ միտքը ավելի հիշելու քան թե խորհելու ծալքը առնե. կամ միտք պահված ամեն նյութի համար դնելու տեղ չմնա հիշողության մեջ և կամ այդ բոլորը խնամով կարգով հոն զետեղելը դժվարանա, անթիվ հատորներով առլցված մատենադարանի մը պես։
Կրթության, դաստիարակության կենսական հարցերը իր ամեն ժամու որոճումներուն նյութերը և իր մեծ հեղինակության ենթականերն են, որուն իր շատ մը առիթներով արտասանած բանախոսությունները կվկայեն, ու հոս է, որ ահա դաստիարակը, խորհողը, գրագետը ձեռք ձեռքի կուտան կմիանան, կազմելու համար մեր ժամանակին ամենեն նշանավոր դեմքերեն մին որ Պերպերյանն է։
Ապագա՞ն. բայց ապագան հիմակվընե շնորհված է այս բախտավոր ու միանգամայն արժանավորին. անմահության մեջ մտնե՜լ կենդաիության ատենեն. այս առասպելային ու շքեղ ճակատագիրը այսօրվնե իրենն է։
<1901>