Jump to content

Ռուզան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 4 ]

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ



ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ— Արցախի իշխանապետ

ՄԱՄՔԱՆ— Ջալալի կինը

ՈՈԻԶԱՆ— Ջալալի աղջիկը

ՆԵՐՍԵՀ— Ռուզանի նշանածը

ԶԱՔԱՐԵ— Ջալալի մեծ եղբայրը

ՈՒՄԵԿ— Ջալալի մեծ փեսան

ՍՄԲԱՏ— Ներսեհի մտերիմը

ՀԱՄՏՈԻՆ— Սյունյաց իշխան

ՊԱՊԱՔ— Ձորափորի իշխան

ԹԵՆԻ— Ռուզանի դայակը

ՇԱՆՈՒՅՇ— Ռուզանի նաժիշտը

ԱՍՊՐԱՄ— պալատական սպասուհի

ՍՈԻՐԻԿ— Ներսեհի հավատարիմը

ՋՈԼԱ— թաթարաց զորապետ

ԲՈՒՐԱ-ՆՈՒԻՆ— Ջոլայի եղբորորդին

ԱԲՈՒ թիկնապահներ
ԶԱՓԱՐ
Դահճապետ, հայ գուժկան, թաթար գուժկան, փայտահատ: [ 5 ]

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:


ՏԵՍԻԼ Ա



Ասպրամ և Սուրիկ


ԱՍՊՐԱՄ.— Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ։
ՍՈԻՐԻԿ.— Նրա համար, որ դու սովորութուն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բոլոր ժամանակդ այս սրահներումն են անցնում։
ԱՍՊՐԱՄ. — Այդ դու արդեն նկատե՞լ ես։
ՍՈԻՐԻԿ.— Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները:
ԱՍՊՐԱՄ.— Օ՛, այդ լավ չէ։ Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին։
ՍՈԻՐԻԿ.— Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում. գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին։
ԱՍՊՐԱՄ.— էհ, ի՞նչ անենք։ Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել։

[ 6 ]

ՍՈԻՐԻԿ.— Ինչո՞ւ չէ, երբեմն սատանայից ավելի։

ԱՍՊՐԱՄ.— Սատանայից ավելի՞. այդ ե՞րբ է լինում։
ՍՈԻՐԻԿ.— Երբ կամենում է մի գաղտնիք զինքը սիրողից ծածկել։
ԱՍՊՐԱՄ.— Ես ոչինչ չեմ ծածկում քեզանից:
ՍՈԻՐԻԿ.— Ուրեմն ասա՛, ինչի՞ համար ես այդքան այս կողմերը հաճախում։
ԱՍՊՐԱՄ.— (մտախոհ) Ինչի՞ համար։
ՍՈԻՐԻԿ.— Հա՛, ինչու համար։
ԱՍՊՐԱՄ.— Գիտե՞ս, ի՞նչ կա: Կամենում եմ հարստացնել թե ՛քեզ և թե՛ ինձ։
ՍՈՒՐԻԿ.— Հարստացնե՞լ։
ԱՍՊՐԱՄ.— Այո։
ՍՈԻՐԻԿ.— Ինչպե՞ս. ոսկու հա՞նք ես գտել։
ԱՍՊՐԱՄ.— Պապաք իշխանն արել է ինձ մի հանձնարարություն, որը եթե հաջողությամբ վերջացնեմ, հարյուր ոսկի պիտի ստանամ։
ՍՈԻՐԻԿ.— Հարյուր ոսկի՞...
ԱՍՊՐԱՄ.— Այո՛, հարյուր ոսկի, մի դանկ ոչ ավել և ոչ պակաս։
ՍՈԻՐԻԿ.— Ի՞նչ հանձնարարություն է այդ:
ԱՍՊՐԱՄ.— (զգուշությամբ այս ու այն կողմը նայելով)
Իշխանը պատվիրել է ինձ՝ աշխատել, ինչ միջոցով ուզում է լինի, գրավել օրիորդ Ռուզանի սիրտը դեպի Համտուն իշխանը։
ՍՈԻՐԻԿ.— Ինչո՞ւ համար։
ԱՍՊՐԱՄ.— Որպեսզի Համտունը խլե Ներսեհից նրա հարսնացուն։
ՍՈԻՐԻԿ.— (զարմացած) Ինչպե՞ս։
ԱՍՊՐԱՄ.— Հենց այնպես ինչպես արծիվը խլում է բազեից նրա որսը։
ՍՈԻՐԻԿ.— Հասկանում եմ. բայց դու ի՞նչ կարող ես անել. չէ՞ որ Ռուզանը Ներսեհին է սիրում։
ԱՍՊՐԱՄ.— Այդ նշանակություն չունի. Ռուզանը Համտունին էլ կսիրե, եթե սրա օգտին աշխատող լինի։ Չէ՞ որ աղջիկները լավին սիրում են՝ քանի դեռ լավագույնը չկա, բայց հենց որ սա հայտնվում է, լավին մոռանում են:

[ 7 ]

ՍՈՒՐԻԿ.— (հեգնական ժպիտով) Մի՞թե, ես այդ չգիտեի։ Ուրեմն գործդ հաջողեցրել ես։

ԱՍՊՐԱՄ.— Այնքան, որ կարող եմ ոսկիները ստանալ։
ՍՈՒՐԻԿ.— Այդ մեծ բան է։ Կնշանակե անձամբ խոսել ես Ռուզանի հետ։
ԱՍՊՐԱՄ.— Այո՛:
ՍՈՒՐԻԿ.— Ի՞նչ էիր խոսում։
ԱՍՊՐԱՄ.— Ինչ որ Պապաք իշխանը թելադրում է ինձ։
ՍՈՒՐԻԿ.— Օրինա՞կ:
ԱՍՊՐԱՄ.— Գովում էի շաարունակ Համտուն իշխանին՝ հիշելով նրա բարեմասնությունները, հռչակված անունը, նրա զորությունը, քաջատոհմությունը, հարստությունը, խելքը, գեղեցկությունը։ Պատմում էի առասպելներ Սյունյաց օրիորդների մասին, որոնք, իբր թե, խելագարվելու չափ սիրահարվել են Համտունին, բայց որոնց հպարտ իշխանը մերժել է սառնությամբ։ Ի վերջո հայտնեցին թե՝ Համտունը սիրում է միայն գեղեցիկ Ռուզանին, որից եթե մերժվի, անապատը պիտի քաշվի կուսակրոնություն ընդունելու։
ՍՈՒՐԻԿ.— Եվ ի՞նչ օգուտ այդ զրույցներից։
ԱՍՊՐԱՄ.— Նախ այն՝ որ Ռուզանն այսպիսով կընտելանա այն մտքին թե՝ Ներսեհից զատ կա և մի ուրիշ արժանավոր իշխան, որ հետամուտ է յուր սիրույն։ Երկրորդ՝ նա ինքն իրեն կսկսե համեմատություններ անել Ներսեհի և Համտունի մեջ և վերջինին ավելի գերազանց գտնելով՝ նրան էլ կընտրե փեսա։
ՍՈՒՐԻԿ.— Բայց չէ՞ որ մեծ իշխանը Ռուզանի ձեռքը Ներսեհին է խոստացել։
ԱՍՊՐԱՄ.— Այդ նշանակություն չունի։ Հենց որ Համտունն իմացավ, թե Ռուզանի սրտում բացվել է յուր համար մի փոքրիկ անկյուն, նա իսկույն փոխել կտա մեծ իշխանի որոշումը։
ՍՈՒՐԻԿ.— Բայց բացվե՞լ է այդ անկյունը։

[ 8 ]

ԱՍՊՐԱՄ.— Արդեն։

ՍՈԻՐԻԿ.— Ի՞նչ ապացույց ունիս։
ԱՍՊՐԱՄ.— Ահա՛, թե ինչ։ Ներսեհ իշխանի բացակայության պատճառը մինչև այսօր ծածկել են Ռուզանից՝ վախենալով թե՝ միգուցե նա անհանգստանա իմանալով, որ յուր փեսացուն գնացել է թաթարների դեմ կռվելու։ Պապաք իշխանի խորհրդով ես օրիորդին հայտնեցի թե՝ Ներսեհ իշխանը Խոխանաբերդ չէ գալիս այն պատճառով, որ մեծ իշխանը մերժել է նրան յուր ձեռը։ Օրիորդն այս նորությունը լսեց անտարբերությամբ։
ՍՈԻՐԻԿ.— Եվ առանց հուզվելո՞ւ։
ԱՍՊՐԱՄ.— Առանց հուզվելու։
ՍՈԻՐԻԿ.— Օ՜, այդ չափազանց է։
ԱՍՊՐԱՄ.— Հապա, ի՞նչ էիր կարծում։ Այժմ իմացիր թե՝ ի՞նչ փայտից են լինում տաշած այդ իշխանուհիները։
ՍՈԻՐԻԿ.— Եթե այդպես է, ուրեմն ոսկիները կստանաս:
ԱՍՊՐԱՄ.— Իհարկե։ Բայց եթե ստանամ, իսկույն պիտի պսակվինք, այնպես չէ՞:
ՍՈԻՐԻԿ.— Անշուշտ։ Հարյուր ոսկու հետ ո՞վ չի պսակվիլ:
ԱՍՊՐԱՄ.— Հարյուր ոսկո՞ւ և ո՞չ Ասպրամի հետ։
ՍՈԻՐԻԿ.— Այսինքն ուզում էի ասել՝ հարուստ Ասպրամի հետ։
ԱՍՊՐԱՄ.— (ցուցամատով սպառնալով) Հա, զգույշ կաց, խելոք խոսիր։ Այժմ մնաս բարով, ես շտապում եմ, վաղը կրկին կտեսնվենք։
(Դուրս է գնում)
ՍՈԻՐԻԿ.— Երթաս բարով։


ՏԵՍԻԼ Բ



Սուրիկ (միայնակ)


Վերջապես գաղտնիքը պարզվեցավ։ Անպիտանը չէր ուզում հայտնել։ Երևի խիստ են սաստել: Բայց ի՞նչ հիմարներն են. կարծես չգիտեն, որ կնոջ բերանում տաք

[ 9 ]


ՏԵՍԻԼ Գ



Նույնն և Սմբատ


ՍՄԲԱՏ.— (մտնելով) Դու այստե՛ղ, Սուրիկ։
ՍՈՒՐՒԿ.— Քո հրամանով, տեր:
ՍՄԲԱՏ.— Մի բան իմացա՞ր:
ՍՈՒՐՒԿ.— Ավելի քան սպասում էի։
ՍՄԲԱՏ.— Այսի՞նքն:
ՍՈՒՐՒԿ.— Քո գուշակությունը ճիշտ էր։ Պապաքն ու Համտունը, արդարև, աշխատում են խլել իմ տիրոջ հարսնացուն։
ՍՄԲԱՏ.— Հաստա՞տ տեղեկացար։
ՍՈՒՐՒԿ.— Այնպես հաստատ, ինչպես որ հաստատ է այն, թե՝ ես մի գլուխ ունիմ և ոչ երկու։
ՍՄԲԱՏ.— Ապրես իմ քաջ. ուրեմն դու կերթաս Ներսեհի ետևից։
ՍՈՒՐԻԿ.— Իմ նժույգը, տեր, սրընթաց է քամու պես, երկու ժամվա մեջ նա կհասցնե ինձ Մռավ։
ՍՄԲԱՏ.— Կպատրաստվես և կսպասես իմ հրամանին։ Այժմ պատմիր ինձ քո յսածները։ (Կամենում է նստել, բայց մի ոտնաձայն գրավում է յուր ուշադրությունը): Ո՞վ է գալիս այստեղ։
ՍՈՒՐԻԿ.— (նայելով դռան կողմը) Պապաք իշխանը՝ օրիորդի դայակի հետ։
ՍՄԲԱՏ.— Որ այդպես է, հեռանանք, մենք կխոսենք իմ սենյակում ։


(Դուրս են գալիս աջ դռնով):


[ 10 ]


ՏԵՍԻԼ Դ



Թենի և Պապաք



(Ներս են մտնում ձախ դռնով)


ԹԵՆԻ.— Այստեղ, Պապաք իշխան, կարող եմ մի փոքր հանգստանալ։
ՊԱՊԱՔ.— (աթոռը մոտեցնելով) Հրամմե, մայր Թենի, այս սրահի վերելքն, արդարև, շատ բարձր է։
ԹԵՆԻ.— Այո՛, ամեն անգամ երբ վերադառնում եմ եկեղեցուց, այս քարե սանդուղքները հոգնեցնում են ինձ: (Մի փոքր հանգստանալուց հետո շարունակում է): Հա, ա'յն էի ասում. այդ միության ես դեմ եմ։ Երբեք չէի կամենալ, որ իմ պահած ու պաշտած Ռուզանը այդ ձորոգետացուն գնար։ Ի՞նչ մեղքս ծածկեմ. ատելով ատում եմ Ներսեհ իշխանին։
ՊԱՊԱՔ.— Եվ իրավունք ունիս։ Ասում են թե՝ դրա մայրը մեծ թշնամություն է արել քեզ:
ԹԵՆԻ.— Օ՜, և ի՜նչ թշնամություն. նա ուղղակի դժբախտացրեց ինձ: Լսե՞լ ես այդ պատմությունը։
ՊԱՊԱՔ.— Լսել եմ. ասում են աղջիկ ժամանակդ շատ գեղեցիկ ես եղել. այնպես որ Հանդաբերդի Վախթանգ իշխանը տեսնելով քեզ՝ հրապուրվել է քո գեղեցկությամբ և հետդ նշանվել։ Բայց նրա քույրը, որ այս Ներսեհի մայրն է եղել, չարախոսել է քո մասին, ասելով թե՝ Թենին տարիքով մեծ է և բարքով դաժան։ Վախթանգը
քրոջ զրպարտության հավատալով հրաժարվել է քեզնից։
ԹԵՆԻ.— Այո. և այդ չարաբաստիկ դեպքից հետո՝ հայրս հիվանդացավ ու մեռավ։ Նա պատվասեր մարդ էր և չկարողացավ յուր դստեր անարգանքը տանել։
ՊԱՊԱՔ.— Երևակայում եմ թե՝ որքա՜ն կվշտանայիր։
ԹԵՆԻ.— Իմ վիշտն անսահման եղավ. որովհետև քիչ հետո մայրս էլ նույն բախտին հանդիպեց, սիրած ամուսնու մահը հարվածեց նրան ինչպես շանթ։

[ 11 ]

ՊԱՊԱՔ.— Օ՜, ի՛նչ դժբախտություն։

ԹԵՆԻ․— Այո՛, նա մեռավ թողնելով ինձ այս՝ (ցույց տալով մատի վրա ունեցած մատանին) իբրև միակ պաշտպան այս աշխարհի մեջ։
ՊԱՊԱՔ.— Այդ մատանի՞ն։
ԹԵՆԻ.— Այո։
ՊԱՊԱՔ.— Անշուշտ դա ունի թանկագին մի գոհար, որի արժեքը կարող է քեզ ապահովել։
ԹԵՆԻ.— Ոչ. նրա գոհարը չարժե ավելի՝ քան մի հատ երինջ,
բայց նրա տակը պահված է զորավոր մահաթույն։
ՊԱՊԱՔ.— (զարմացած) Մահաթո՞ւյն։
ԹԵՆԻ.— Այո՛։ Մայրս մեռնելուց առաջ տվավ ինձ այս՝ ասելով.— Թենի, քեզ այս աշխարհում թողնում եմ միայնակ։ Եթե երբևիցե հանդիպես այնպիսի դժբախտության, որ մահը գերադաս համարես կյանքից, հանիր այս մատանու ակը և նրա տակ դրած թույնը ջրում լուծելով խմի՛ր. նա քեզ կբերե խաղաղ՝ բայց հավիտենական քուն։
ՊԱՊԱՔ.— Որպիսի՛ տարօրինակ կտակ։
ԹԵՆԻ.— Բայց և փրկարար։ Քանի՜-քանի՜ անգամ ես կամեցել եմ դիմել այս քնաբեր մատանու օգնության։
ՊԱՊԱՔ.— Ի՜նչ տղայություն։ Արժե՞ միթե այդ աստիճան ընկճվիլ չարության առաջ։ Ընդհակառակը, պետք է աշխատել՝ պատժել հակառակորդին։
ԹԵՆԻ.— Օ՜ , շատ կցանկանայի, բայց ի՞նչ կարող էի անել։
ՊԱՊԱՔ.— Այն, ինչ որ Ներսեհի մայրը քեզ արավ։
ԹԵՆԻ.— Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ.— Նրա շնորհիվ դու իշխանուհի լինելու փոխարեն՝ դարձել ես մի դայակ․ հենց այդ պաշտոնիդ շնորհիվ՝ դու կարող ես վրեժ լուծել քո թշնամուց։
ԹԵՆԻ.— Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ.— Օգնելով ինձ՝ խանգարել Ներսեհի ամուսնությունը Ռուզանի հետ։

[ 12 ]

ԹԵՆԻ.— Օգնելով քե՞զ... Ուրեմն դու է՞լ դեմ ես այս միության։

ՊԱՊԱՔ.— Եվ ինչպե՞ս կարող եմ չլինել դեմ, քանի որ այդ միությունը պատճառ պիտի լինի իմ կործանման։
ԹԵՆԻ.— (վախեցած) Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ.— Դու գիտես, որ յոթ երկար տարիներ ես գերի էի Թաթարստանում և միայն երկու տարի է, ինչ վերադարձել եմ մեր երկիրը։
ԹԵՆԻ.— Գիտեմ։
ՊԱՊԱՔ.— Իմ գերության միջոցին' Ներսեհի հայրը անիրավաբար խլել էր այրի մորս ձեռքից Ծոփափորի իմ կալվածները և մեռնելուց հետո թողել այն յուր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն։ Երբ ես վերադարձա' աշխատեցի համոզել Ներսեհին ճանաչել իմ իրավունքը և վերադարձնել ինձ և իմ կալվածները, բայց նա չլսեց և իմ խնդիրն ու բողոքը թողեց անուշադիր։ Ինը տարի է' ինչ իմ տունը մի դանգ չէ ստացել այդ
կալվածներից։
ԹԵՆԻ.— Իսկ այդ խնամությունը ի՞նչ կապ ունի քո զրկանքի հետ։
ՊԱՊԱՔ.— Իմ հույսը Ջալալ իշխանի վրա էր։ Նա յուր ազդեցիկ միջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ ինձ իմ հայրենի ժառանգությունը։ Բայց այժմ, երբ Ներսեհն առնում է Ռուզանին, Ջալալն այլևս չի ցանկանում յուր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային։ Մյուս կողմից էլ Ներսեհն աներոջ զորության վրա վստահանալով' այսուհետև ավելի ևս համառությամբ պիտի դիմադրե ինձ։ Այս պատճառով, ահա՛, ես դեմ եմ այդ միության։
ԹԵՆԻ.— Իրավունք ունիս. այս ամուսնությունը վնաս կբերե քեզ։
ՊԱՊԱՔ.— Բայց եթե դու ինձ օգնես, ես վնասից կազատվեմ, իսկ դու' քո ատելիից։
ԹԵՆԻ.— Ամենայն սիրով. բայց ի՞նչ կարող եմ անե՛լ:
ՊԱՊԱՔ.— Ահա՛ թե ինչ։ Համտունը, ինչպես գիտես, եկել է Խոխանաբերդ Ռուզանի ձեռքը խնդրելու, բայց հայրը անպատճառ պիտի մերժե նրան, առարկելով, որ յուր դուստրը սիրում է Ներսեհին։ Այս պատճառով, ահա՛. ես որոշեցի գործը կարգադրել այնպես, որ Ռուզանը ինքը ընտրե Համտունին իրեն փեսա։ Եվ գործ դրած հնարներս հաջողվել են. Ռուզանի սիրտը այժմ գրավված է միայն Համտունով։

[ 13 ]

ԹԵՆԻ.— (ընդհատելով Պապաքին) Այդ մի ավետիք է, Պապաք իշխան. ո՞ւր էր թե Ներսեհը չերևար այլևս այս ամրոցում։ Բայց ես Ռուզանի մեջ փոփոխություն չեմ նկատել, միգուցե սխալվում ես։

ՊԱՊԱՔ.— Ռուզանը ծածկամիտ է և չէր բացվիլ քո առաջ, բայց ես ապահով եմ, որ հմտությամբ եմ գործել։
ԹԵՆԻ.— Ի՞նչ ես արել իսկապես։
ՊԱՊԱՔ.— Պատմությունը երկար է, հետո կզրուցեմ։ Այժմ ինձ հարկավոր է քո շուտափույթ օգնությունը։
ԹԵՆԻ.— Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ.— Քանի դեռ Ջալալը բացակա է ամրոցից, անհրաժեշտ է, որ Համտունը տեսնվի Ռուզանի հետ և յուր առաջարկությունը անե նրան անձամբ։ Համտունը պերճախոս է և կգրավե օրիորդին։ Բավական է աղջկա կողմից համաձայնության մի բառ և իշխանն այնուհետև կխլե նրան յուր հորից. դրա համար Համտունն ունի օրինական իրավունք։ Արդ դու մի հնարով բեր Ռուզանին այս սրահը և միջոց տուր նրան՝ պատահել Համտունին և խոսել նրա հետ...
ԹԵՆԻ.— (ընդհատելով) Իմ ներկայությա՞մբ այդ անկարելի է։
ՊԱՊԱՔ.— Քո ներկայությա՞մբ. Իհարկե ոչ. մի՞թե ես թույլ կտամ, որ իշխանուհու դայակը պատասխանատվության ենթարկվի։
ԹԵՆԻ.— Հապա՞։
ՊԱՊԱՔ.— Հենց որ իշխանն ու օրիորդը կսկսեն խոսել, մենք մի պատրվակով կհեռանանք այստեղից։
ԹԵՆԻ.— Եթե այդպես է, կարող ես հուսալ ինձ վրա։

[ 14 ]

ՊԱՊԱՔ.— Բայց պետք է շտապես, որովհետև Համտունը շուտ պիտի գա այստեղ։

ԹԵՆԻ.— (վեր կենալով տեղից) Հենց հիմա կերթամ Ռուզանի մոտ և մի պատրվակով կբերեմ նրան այս կողմը։ Բայց մինչև այն՝ իշխանը թող պատրաստ լինի այստեղ։ (Դուրս է գնում):
ՊԱՊԱՔ.— (ճանապարհ դնելով Թենիին) նա պատրաստ կլինի անշուշտ:


ՏԵՍԻԼ Ե
Պապաք (վերադառնալով)


Այս էլ այսպես, ուրեմն հաջողվում է։ (Ձեռքերը գոհությամբ շփելով): Այսուհետև Ներսեհը թող պինդ պահե յուր հարսնացուն։ Իշխաններն, անշուշտ, կմեղադրեն ինձ, երբ իմանան, որ գործը խանգարվել է իմ ձեռքով: Բայց ինձ ի՞նչ։ Ազնիվ կոչվելու համար ես հո չեմ կարող ցնցոտի հագնել կամ ծոմապահության վարժվիլ: Ես միջոց չունիմ, գեթ, հասարակ իշխանի վայել ապրուստ անելու, մինչ Ներսեհն իմ կալվածների եկամուտով բանակներ է կազմում և փառք ու հռչակ ստանալու համար թաթարաց դեմ արշավում։ Կարո՞ղ եմ միթե այս անիրավությունը տանել։


ՏԵՍԻԼ Զ
Նույնն եվ Սմբատ


ՍՄԲԱՏ.— (մտնելով) Ողջույն, տյար Պապաք։
ՊԱՊԱՔ.— Ողջույն, իշխան։
ՍՄԲԱՏ.— Ես քեզ էի որոնում։
ՊԱՊԱՔ.— Ծառա եմ հրամանիդ։
ՍՄԲԱՏ.— Այս պալատում, բարեկամ, պատրաստվում է մի խռովություն, որի մեջ, կարծեմ, մատ ունիս և դու:

[ 15 ]

ՊԱՊԱՔ— (իբր զարմանալով) Մի խռովություն, որի մեջ մատ ունիմ և ե՞ս։

ՍՄԲԱՏ․— Այո'։
ՊԱՊԱՔ.— Ենթադրությանդ մեջ, Սմբատ իշխան, կարի համարձակ ես։
ՍՄԲԱՏ.— Ես համարձակ եմ լինում՝ երբ վտանգը տեսնում եմ վերահաս։
ՊԱՊԱՔ.— Քաջի պատասխան է, բայց ի՞նչ խռովության մասին է խոսքդ։
ՍՄԲԱՏ.— Այն, որ Համտունը պատրաստվում է հարուցանել։
ՊԱՊԱՔ,— Ես ոչինչ չգիտեմ։
ՍՄԲԱՏ.— Դու նրա խորհրդատուն ես և ոչինչ չգիտե՞ս։
ՊԱՊԱՔ.— Բարի գործի համար ես ամենքի խորհրդատուն եմ։
ՍՄԲԱՏ.— Բայց մի սիրահոդ միություն քանդելը մի՞թե բարի գործ է։
ՊԱՊԱՔ.— Միություն քանդե՞լը... Ոչինչ չեմ հասկանում, կարո՞ղ ես պարզ խոսել։
ՍՄԲԱՏ.— Ինչու՞ չէ, այդ իմ թուլությունն է։
ՊԱՊԱՔ.— Ուրե՞մն։
ՍՄԲԱՏ.— Հասան-Ջալալ-Տոլան յուր Ռուզան աղջիկը մի՞ մարդու հետ պիտի ամուսնացնե, թե՞ երկու։
ՊԱՊԱՔ.— Եթե քրիստոնյա է՝ մեկ։
ՍՄԲԱՏ.— Իսկ եթե կռապաշտ լինե՞ր։
ՊԱՊԱՔ.— Դարձյալ մեկ։
ՍՄԲԱՏ.— Արդ, ամենքին հայտնի է, որ նա յուր դուստրը խոստացել է Ձորոգետի Ներսեհ իշխանին։ Ինչո՞ւ ուրեմն Համտունը յուր երկիրը թողած՝ նստել է այստեղ և սպասում է Ջալալին՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու համար։
ՊԱՊԱՔ. — Ես Համտունի խնամակալը չեմ, իրենից հարցրու այդ։
ՍՄԲԱՏ.— Բայց Համտունը եկել է Խոխանաբերդ քո խորհրդով։
ՊԱՊԱՔ.— Ո՞վ ասաց քեզ այդ։
ՍՄԲԱՏ— Նրանք, որ ուրիշի ասածովն են տեսնում, ոչինչ չեն տեսնում, ես վաղուց դիտում եմ քո քայլերը և հավատում եմ իմ աչքերին:

[ 16 ]

ՊԱՊԱՔ.— Քո աչքերը, բարեկամ, շատ վատ են ծառայում քեզ։

ՍՄԲԱՏ.— Ես կխլեմ նրանց, եթե կհաստատես թե՝ դո՛ւ չես այս բանում Համտունին դրդողը։
ՊԱՊԱՔ.— Ուրեմն խլիր, որովհետև Համտունին դրդողը ոչ թե Պապաքն է, այլ տոհմական օրենքը և յուր պատվասիրությունը: Ամենքին հայտնի է, որ իբրև Սյունյաց իշխանի, նրան կպատկանի Բագրատունյաց տոհմի աղջկա հետ ամուսնանալու առաջին իրավունքը։ Եվ ահա նա եկել է այդ իրավունքին տիրանալու։
ՍՄԲԱՏ.— Եթե այդպես է, դու մի՛ խառնվիր գործին, իսկ ես կհամոզեմ Համտունին' զոհել այդ իրավունքը հասարակաց խաղաղության։
ՊԱՊԱՔ.— Համոզի՛ր, եթե կարող ես։ Ես ուրախ կլինիմ, եթե նման կասկածներ հեռու լինին ինձնից։ (Նայելով լուսամուտին) ի դեպ, ահա՛ իշխանը գալիս է այստեղ, փորձի՛ր խոսել հետը, աշխատիր՝ ազդել վրան, ես առ ժամանակ միայնակ կթողնեմ ձեզ, որպեսզի հարկ եղածը բացատրեք նրան ազատորեն։ Հետո կվերադառնամ, որ տեսնեմ՝ ինչ եք շահել: (Աոանձին): Թող խոսե ինչ կամենում է։ Ես Համտունի սրտում այնպիսի թույն եմ կաթեցրել՝ որ սրա դեղթափը չի ազատիլ նրան։ Թող սա այստեղ խոսե, իսկ ես կաշխատեմ գործը կարգավորելու։


(Դուրս է գնում)




ՏԵՍԻԼ Է
Սմբատ (միայնակ)


Շահը, անձնական շահը... Ամենքի աչքերն էլ դրանով են կուրացած։ Ով է մտածում ժողովրդի համար. ում հոգն է թե՝ թշնամին նստած է երկրի սրտում, թե նրա հրոսակները ավերում են հայ գյուղերը: Վայ մեզ, սրանք են, ուրեմն, մեր երկրի պետերը, Ժողովրդի պաշտպանները... փոխանակ միանալու և թշնամուն դիմադրելու՝ օրն ի բուն իրար ոտքի տակն են փորում։

[ 17 ]


ՏԵՍԻԼ Ը
Սմբատ և Համտուն



ՀԱՄՏՈՒՆ.— (մտնելով) Ողջույն, իշխան. ների՛ր, որ խանգարում եմ քո մենավոր մտածությունները:
ՍՄԲԱՏ.— Շնո՛րհ արա, տե՛ր Համտուն, ավելի լավ է քեզ հետ խոսակցել, քան միայնակ մտորել։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛ միայնությունը վատ է ազդում և ինձ վրա, մանավանդ այս ամրոցում, ուր, կարծես, ինձ համար դարբնվում է մի դժբախտություն։ Չգիտեմ ինչու, ինձ այնպես է թվում թե՝ այս կամարները պիտի փլչեն իմ գլխին։ Կարծես մինը շարունակ, արդյոք չար ոգի, թե պահապան հրեշտակ' շշնջում է իմ ականջում թե' հեռացիր այս սրահներից, այստեղ ոչ մի բարիք չէ սպասում քեզ:
ՍՄԲԱՏ.— Բայց դու գտնվում ես մեր ամենից բարի և ամենից առաքինի իշխանի հարկի տակ։
ՀԱՄՏՈՒՆ.— Այդ ես գիտեմ, իմ կասկածը դրա մասին չէ ինձ անհանգստացնում է քո երեկվա գուշակությունը։
ՍՄԲԱՏ.— Այն որ ասացի թե' իշխանը կմերժե քեզ։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։ Եվ ինձ այժմ տանջում է ոչ միայն այն միտքը, թե չի պիտի կարենամ նպատակիս հասնել, այլև այն թե' ինչ մեծ գանձ եմ կորցրել իմ անհոգության շնորհիվ:
ՍՄԲԱՏ.— Իշխան, իզուր ես մտածում կորստյան մասին ա՛յն գանձի, որն երբեք չես ունեցել։
ՀԱՄՏՈՒՆ.— Չեմ կարող չմտածել։ Ես նմանում եմ ա՛յն անհոգ կալվածատիրոջ, որ յուր գետինը մի չնչին գնով վաճառել է դրացուն, իսկ սա այդ գետնում գտել է ոսկու հանք։ Քանի դեռ իմ երերումն էի, գիտեի որ Ջալալ-Տոլան ունի մի աղջիկ, որ գեղեցիկ է և որի հետ ամուսնանալու տոհմական իրավունք ունիմ ես։ Այն ժամանակ, արդարև, չէի մտածում այդ աղջկա վրա: Բայց բարի մարդիկ նախանձ գրգռեցին իմ մեջ։ Այդ նախանձն այժմ տոչորում է ինձ։

[ 18 ]

ՍՄԲԱՏ.— Մարդիկ ասացիր։ Մի՞թե Պապաք իշխանից զատ մի ուրի՞շն էլ խոսել է քեզ Ռուզանի մասին։

ՀԱՄՏՈՒՆ.— Պապաք իշխանի՞ց... դու ուրեմն գիտե՞ս այդ մարդու անունը:
ՍՄԲԱՏ.— Գիտեի ավելի վաղ, քան ինքը կկարծեր։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛, բարեկամ, այդ Պապաքն էր, որ իմ իշխանական պատվասիրությունը գրգռեց։ Նրա խորհրդով ես եկա մրցելու Ներսեհ իշխանի հետ, բայց շուտով էլ պատժվեցա։ Իշխանական սին փառասիրությունը տեղի է տվել այժմ իմ մեջ սիրո տանջանքների։
ՍՄԲԱՏ.— Թույլ կտա՞ս ինձ՝ ազատել քեզ այդ տանջանքներից։
ՀԱՄՏՈՒՆ.— Օ՜, և ինչպիսի՜ շնորհակալությամբ կընդունեմ այդ օգնությունը։ Պատրաստ եմ իմ երկրի ամենից բերրի գավառը նվիրել քեզ, միայն թե ասա՝ ինչո՞վ կարող ես օգնել ինձ։
ՍՄԲԱՏ.— Մի բարի խորհրդով։
ՀԱՄՏՈՒՆ.— Իսկ այդ խորհո՞ւրդը։
ՍՄԲԱՏ.— Հեռացիր այստեղից և մոռացիր այս խաչենցի օրիորդին։
ՀԱՄՏՈՒՆ.— (հուսահատաբար) Հեռանա՞լ այստեղից... օ՜, եթե միայն կարենայի, եթե ոտքերս հպատակվեին ինձ...
ՍՄԲԱՏ.— Քո սյունեցի նժույգը մի օրվա մեջ կարող է վերադարձնել քեզ քո երկիրը։
ՀԱՄՏՈՒՆ.— Իհարկե, նա իմ մարմինը կտանե, բայց հոգիս կմնա այստեղ. Հասան-Ջալալի աղջկան ես չեմ կարող մոռանալ։
ՍՄԲԱՏ.— Ով որ հեռանում է, նա էլ մոռանում է. լսի՛ր բարեկամիդ, որ խոսում է անկեղծությամբ։

[ 19 ]

ՀԱՄՏՈՒՆ.— Հավատում եմ քեզ, իմ բարի իշխան, բայց հեռանալ չեմ կարող։

ՍՄԲԱՏ.— Քո վիճակն ավելի կվատթարանա՝ եթե Ներսեհը վերադառնա այստեղ:
ՀԱՄՏՈՒՆ.— Գիտեմ։ Նախանձը, որ այժմ իմ սրտում վառվում է իբրև զոհի հուր, այն ժամանակ կբորբոքի ինչպես մի հրդեհ։
ՍՄԲԱՏ.— Բավական չէ նախանձը։ Կծագեն, նաև, ուրիշ գժտություններ։
ՀԱՄՏՈՒՆ.— Գժտություններից չեմ վախենում, նույնիսկ եթե բոլորը զինվեն իմ դեմ. միայն թե նա՛... նա՛ լիներ ինձ հետ։
ՍՄԲԱՏ․— Ո՞վ, օրիո՞րդը։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛, իմ սրտի իշխանուհին...
ՍՄԲԱՏ.— Նա Ներսեհին է սիրում.
ՀԱՄՏՈՒՆ.— (հանկարծ հուզվելով) Մի՛ ասիր այդ, Սմբատ իշխան, այս ամրոցը ես կկործանեմ միայն այդ խոսքը չլսելու համար։
ՍՄԲԱՏ.— (զգաստանալով և ինքն իրեն) Սա կատակ չէ անում, ես իզուր եմ խոսում։ (Համտունին) Ուրեմն ի՞նչ ես մտադիր անելու։
ՀԱՄՏՈՒՆ.— Չգիտեմ, շփոթված եմ։ Ես եկա այստեղ Պապաքի հետ խոսելու, նա է կապել այս հանգույցը, նա ինքն էլ պիտի լուծե։ Չգիտե՞ս ուր է նա։
ՍՄԲԱՏ.— Քիչ առաջ այստեղ էր և խոստացավ վերադառնալ։
ՀԱՄՏՈՒՆ.— Կխոսեմ նրա հետ առանձին։
ՍՄԲԱՏ.— Եթե այդպես է, ուրեմն չեմ խանգարիլ ձեզ։ Խոսեցեք, ինչ կամենում եք։ Միայն թե դու, ազնիվ իշխան, մի՛ մոռանար իմ խորհուրդը։ Եթե քո սերն ու իրավունքը կարող ես զոհել հասարակաց բարվույն, ապա զոհիր քաջությամբ, և ամեն բերան կօրհնե քեզ սրտագին։
ՀԱՄՏՈՒՆ.— Կաշխատեմ, Սմբատ իշխան, ստանալ քո սիրտն ու զգացմունքը։ Բայց եթե իմ ջանքն ապարդյուն անցնե և խելքը սրտիս վրա իշխել չկարենա՞...
ՍՄԲԱՏ․— Այն ժամանակ, իհարկե, կհաշտվիմ այն մտքի հետ թե' մարդը հրեշտակ չէ... թող աստված օգնե քո ջանքերին։ Պետք է շտապել ճամփել Սուրիկին։


(Արագ դուրս է գնում)


[ 20 ]


ՏԵՍԻԼ Թ
Համտուն (միայնակ)



Ի՞նչ տարօրինակ զգացմունք է այս։ (Ձեռքը դնելով սրտին): Ի՞նչ կա այստեղ. ինչո՞ւ չէ հանգստանում... Արդյոք մի աներևույթ ձեռք սեղմել է սրան յուր բռան մեջ, թե՞ սեգ իշխանուհու աչքերն են հարվածել։ Եվ ինչ. մի թե՛ սա է սերը... Օ՜ , ոչ, սերը երկնքից է իջնում, նրան աստված է վառում, իսկ այստեղ հրդեհում է մի դժոխք, որ դևերը կարող են բորբոքել...


ՏԵՍԻԼ Ժ
Նույնն և Պապաք



ՊԱՊԱՔ.— (մտնելով) Ի՞նչ է պատահել քեզ, իշխան, դու այսօր ավելի տխուր ես, քան երբևիցե տեսել եմ քեզ:
ՀԱՄՏՈԻՆ.— Հույսս արդեն հատել է. ինձ թվում է թե' երկար և ապարդյուն սպասեցի։ Մնում է միայն հեռանալ։
ՊԱՊԱՔ. — Բայց մեր գործն արդեն հաջողվելու վրա է։
ՀԱՄՏՈԻՆ.— Դու այդ միշտ ես ասում, ուր է ապա հաջողությունը։
ՊԱՊԱՔ.— Ամեն ինչ վերջացած է. մի քանի վայրկյանից Ռուզանն յուր դայակի հետ կգա այս սրահը։
ՀԱՄՏՈԻՆ.— Հետո՞։
ՊԱՊԱՔ.— Դու կներկայանաս նրան և քո առաջարկը կանես։
ՀԱՄՏՈԻՆ.— Բայց օրիորդը... կհոժարի արդյոք լսել ինձ։

[ 21 ]

ՊԱՊԱՔ։— Անհոգ եղիր. նախապատրաստ Է այնքան, որ կարող է լսել:

ՀԱՄՏՈՒՆ.— Քո հնարագիտությունը, Պապաք իշխան, հիացնում է ինձ։
ՊԱՊԱՔ.— Աստծո տված շնորհից պետք է միշտ օգտվել:
ՀԱՄՏՈՒՆ. — Շնորհակալ եմ, բարեկամ։ Հենց ա՛յն միջոցին, որ հուսահատությունը ճնշում է իմ հոգին, դու նրան կազդուրում ես նորից։ Եթե քո ջանքերը հաջողությամբ իսկ չպսակվին, այսուամենայնիվ, ես միշտ երախտապարտ պիտի մնամ քեզ։
ՊԱՊԱՔ.— Բարեկամական պարտքիցս ավելի ոչինչ չեմ արել։


ՏԵՍԻԼ ԺԱ
Առաջիններն և Ասպրամ


ԱՍՊՐԱՄ.— (մտնելով` հայտնում է Պապաքին իբր զգուշնալով) Իշխան, պատրաստվեցեք, մայր Թենին և Ռուզանը գալիս են այստեղ։
ՊԱՊԱՔ.— Հա՞, շատ բարի, ուրեմն ես կդիմավորեմ օրիորդին, իսկ դու մտածիր թե` ի՞նչ պիտի խոսիս հետը։ Իմ կարծիքով ազատ ու անկեղծ խոսիլը ավելի լավ է։
ՀԱՄՏՈՒՆ.— Գնա՛, դիմավորի'ր. խոսելու համար կարիք չունիմ պատրաստվելու։
ՊԱՊԱՔ.— Բարի, (Դարս է գնամ):


ՏԵՍԻԼ ԺԲ
Համատուն (միայնակ)


Բախտը, ուրեմն, դեռ երեսը չէ դարձրել ինձանից, դեռ կարելի է հուսալ: Նախազգացումը, կարծես, շշնջում է իմ ականջի թե` նա իմը պիտի լինի։ Օ, եթե այդ ճիշտ լիներ, եթե նա կարողանար ինձ սիրել, ինձ մտերմանալ և յուր սիրտն ու բախտը իմ ձեռքը հանձնել...

[ 22 ]


Տեսիլ ԺԳ'
 Նույն, Պապաք, Ռուզան և Թենի


ՊԱՊԱՔ.— (մտնելով Ռուզանի հետ) Այո՛, իշխանուհի, հենց իսկույն կամենում էի բարձրանալ քո դստիկոնը և խնդրել իշխանի կողմից՝ (ցույց տալով Համտունի վրա), որ հաճեիր թույլ տալ իրեն՝ ներկայանալ քեզ:
ՌՈՒԶԱՆ.— Ուրախ եմ, որ այդ ներղությունը չեմ պատճառել քեզ: (Համտունին դառնալով): Ինչո՞վ կարող եմ ծառայել իշխանին:
ՊԱՊԱՔ.— Տյար Համատունը, կարծեմ, կարիք ունի քո խորհրդին:
ՀԱՄԱՏՈՒՆ.— (Ռուզանին) Եթե մեծաշուք օրիորդը կհաճի նվիրել ինձ մի քանի վայրկյա՞ն....
ՌՈՒԶԱՆ.— Բարի խորհրդի համար պատրաստ եմ զոհել մի ժամ:
ԹԵՆԻ.— Իսկ ես, դստրիկս, մինչև դուք կխոսեք, կիջնեմ մատուռը մի փոքր աղոթելու..... (Պապաքին): Պապաք իշխան, կարո՞ղ ես ինձ օգնել:
ՊԱՊԱՔ.— Սանդուղքներից իջնելո՞ւ, ամենայան սիրով: Ով որ հաճախ չէ աղոթում՝ նա պետք է մի բանով ծառայե աղոթողներին, որպեսզի նրանց աղոթքից շահվի և ինքը. տուր ինձ քո ձեռքը, մայր Թենի (Թենիի թևն առնլով՝ դուրս են գալիս)։


ՏԵՍԻԼ ԺԴ
Համտուն և Ռուզան


ՌՈՒԶԱՆ.— (Թենիի ետևից նայելով) Բարեպա՞շտ կին: Օրը քանի՞ անգամ է սա մատուռ իջնում աղոթելու:
ՀԱՄՏՈՒՆ.— Երջանիկ է, ով հանգիստ խիղճ ունի և կարող է աղոթել:

[ 23 ]

ՌՈԻԶԱՆ․— Այո', իմ դայակը բախտավոր է այդ կողմից։ Բայց․․․ ներողություն, ես իշխանի այցելության պատճառը չհարցրի։

ՀԱՄՏՈՒՆ․— Իմ այցելաթյան պատճառը, ազնիվ օրիորդ, է իրավունքի մի բռնաբարումն, որի համար եկել եմ պաշտպանություն խնդրել քեզանից։
ՌՈԻԶԱՆ.— Իրավունքի բռնաբարո՛՞ւմ... տարօրինակ դարձված է այդ, տյա՛ր Համտուն։ Եթե իրավունքը Սյունյաց իշխանինն է և բռնաբարողը նրանից հզոր մեկը, ապա դժվար թե մի կին կարողանա պաշտպանել քեզ։
ՀԱՄՏՈՒՆ.— Ազնիվ օրիորդ, գործ դրված բռնությունը զորություն է ստացել քո համաձայնությամբ։ Եթե այդ համաձայնությունը դու վերապահես քեզ, այն ժամանակ բռնությունը կթուլանա ինքնիրեն։
ՌՈԻԶԱՆ.— (հուզվելով) Իշխան, ես իմ կյանքում չեմ քաջալերել ոչ մի անիրավ գործ։
ՀԱՄՏՈՒՆ.— Դու իսկապես չես մտածել քաջալերել մի անիրավություն։ Բայց համաձայնվելով երջանկացնել մինին՝
զրկել ես բախտից մի ուրիշին։
ՌՈՒԶԱՆ— Քո խորհրդավոր խոսքերը չեմ հասկանում, իշխան, հաճիր պարզ խոսել։
ՀԱՄՏՈՒՆ.— Թույլ կտա՞ս ինձ անկեղծ լինել։
ՌՈԻԶԱՆ.— Կխնդրեմ․․․ թաքչող ճշմարտության արժեքը ստությունից ավելի չէ, ազնիվ մարդը չպետք է կեղծի։
ՀԱՄՏՈՒՆ.— Ուրեմն ես կխոսեմ քեզ հետ ինչպես իմ․․․
ՌՈԻԶԱՆ.— (րնդհատելով) Ինչպես քո քրոջ հետ։
ՀԱՄՏՈՒՆ.— Իշխանուհի, դու ինձ հրամայում ես անկեղծ լինել, բայց կաշկանդում ես իմ լեզուն։
ՌՈԻԶԱՆ.— Ինձ զարմացնում է քո վարանումը, իշխան, եթե չես կարող ազատորեն խոսել, ապա լավ է որ չխոսես, ես սովոր չեմ լսել այն, ինչ մարդիկ վախենալով են արտասանում։
ՀԱՄՏՈՒՆ.— Վախենալու և ակնածելու մեջ տարբերություն կա, օրիորդ, կատաղած առյուծի ժանիքները ինձ չեն վախեցնիլ. բայց քո հայացքը պատկառանք է ազդում։

[ 24 ]

ՌՈՒԶԱՆ.— Չկա աշխարհում մի ճշմարտություն, որն ազնիվ մարդն ամաչեր հայտնել։ Խոսիր այնպես ազատ, ինչպես վայել է մի ազատ իշխանի։

ՀԱՄՏՈՒՆ.— Բարի, ուրեմն, կխ՛ոսեմ։ (Մի փոքր մտածելուց հետո): Դու գիտես, օրիորդ, որ մեր և ձեր իշխանական տների մեջ կա'ն ավանդական սովորություններ, որոնք հարգվել են մեր արժանավոր նախահայրերից և որոնք պտի հարգվեն նրանց հետնորդներից։
ՌՈՒԶԱՆ.— Անշուշտ այդպիսի սովորություններ կան։
ՀԱՄՏՈՒՆ.— Դրանցից մինը այն է' որ Բագրատունյաց ցեղի աղջիկը Սյունյաց տոհմին էր հարսնանում, իսկ Սյունյաց օրիորդը' Բագրատունյաց տանը։
ՌՈՒԶԱՆ.— Գիտեմ. նույնիսկ հայրս, որ Բագրատունյաց ցեղի իշխան էր, Սյունյաց Գրիգոր իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Բայց ինչի՞ համար են այդ հիշողությունները։
ՀԱՄՏՈՒՆ.— Ջալալ մեծ իշխանի աղջիկը, օրիորդ, Սյունյաց տան հարսը պիտի լիներ, բայց որի՞ն են նրա համար փեսացու ընտրել։
ՌՈՒԶԱՆ.— Ւմ մասի՞ն է քո խոսքը։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո, օրիորդ. Սյունյաց իշխանը տոհմական իրավունք ունի քեզ յուր հարսնացուն անվանելու։
ՌՈՒՋԱՆ.— Իրավո՞ւնք, տե՜ր աստված, իրավո՞ւնքն է ուրեմն ամուսնության շաղկապը:
ՀԱՄՏՈՒՆ.— Ոչ, իշխանուհի. ամենից առաջ՝ սրբազան սերը: Բայց երբ այգ սիրով լցված ազնիվ սիրտը մերժվում և արհամարհվում է, այն ժամանակ, արդեն, երևան է գալիս իրավունքի խնդիրը։
ՌՈՒԶԱՆ.— Եվ ո՞վ է իրավատերը։
ՀԱՄՏՈՒՆ.— Ես, որ միևնույն ժամանակ քո երկրպագուն եմ և ստրուկը։
ՌՈՒԶԱՆ.— Երկրպագիր միայն Կատարյալին, իսկ ստրկությունը անարգ արհեստ է։ (Վսեմությամբ): Քեզ վրա, Համտուն իշխան, ավելի մեծ համարում ունեի։

[ 25 ]

ՀԱՄՏՈՒՆ.— Այդ համարումը չպետք է նվազի. որովհետև անարգ մարդը չէր կարող քեզ պաշտել, որովհետև...

ՌՈՒԶԱՆ.— (ընդնատելով) Որպեսզի չնվազի, թույլ տուր, որ քո սիրո մասին ուրիշ բացատրություններ չլսեմ։
ՀԱՄՏՈՒՆ.— Իշխանուհի, թող որ խոսիմ, թող որ առ քեզ տածած իմ զգացմունքն արտահայտեմ, թող որ ասեմ թե՝ սիրում եմ քեզ...
ՌՈՒԶԱՆ.— (տեղից վեր կենալով) Իշխա՛ն, ների՛ր, որ ավելին չեմ կարող լսել։ Գուցե իմ ընտանեկան կրթությունը, կամ կանացի երկչոտությունս է պատճառ, որ Սյունյաց իշխանի սիրո խոստովանությունը դողալով եմ լսում, բայց այդ այդպես է։ Իմ ապագա բախտի տնօրինության իրավունքն իմ սիրելի ծնողներին է պատկանում, ես հնազանդում եմ նրանց հրամանին' ինչպես երկնառաք պատգամի. հետևապես ինքս իմ մասին որոշում անել չեմ կարող։
ՀԱՄՏՈՒՆ.— Բայց եթե քո հայրը ցանկանա յուր ընտրությամբ քեզ դժբախտացնել, միթե ոչ մի բողոք չի" պիտի բառնաս նրա դեմ։
ՈՈՒԶԱՆ.— Ես հավատում եմ իմ հոր առ իս ունեցած սիրույն, ուստի և իմ ապագայի վերաբերմամբ նրա փորձառությունն ու հեռատեսությունն ավելի գին ունի իմ աչքում, քան իմ անփորձ զգացմունքները... Թող որ այս խնդրի մասին վերջինը լինի մեր տեսակցությունը։ (Վայելչաբար գլուխ տալով՝ շուր է գալիս դեպի դուռը):
ՀԱՄՏՈՒՆ.— Օրիորդ, դարձյալ մի խոսք։
ՌՈՒԶԱՆ.— (կես դեպի ետ դառնալով) Ազնիվ իշխան, ես բոլորը ասացի։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ ԺԵ
Համատուն, հետո Պապաք


ՀԱՄՏՈՒՆ..— (միայնակ և զայրացած) Ի“նչ, ուրեմն, նա ինձ մերժում է. նա, մինչև անգամ, չէ կամենում ինձ լսե՞լ այս արդեն չափազանց է. ստորանալ մինչև այս աստիճան... (Դառնալով Պապաքին, որ այդ րոպեին մտնում է): Պապաք իշխան, նա ինձ մերժեց, ես անպատված եմ։

[ 26 ]

ՊԱՊԱՔ․— Հանգիստ եղիր․ ես բոլորը լսեցի․ նա չմերժեց քեզ։

ՀԱՄՏՈՒՆ.— (շփոթված) Ինչպե՞ս, ուրեմն ես... ի՞նչ, շփոթված էի... կամ գուցե լավ չլսեցի... բայց նա բացեիբաց մերժեց։
ՊԱՊԱՔ.— Ո՛չ, նա մերժման համար ոչ մի խոսք չասաց, այլ առարկեց թե՝ ինքն յուր հոր հլու հպատակն է, այդ կնշանակե թե՝ հայրս հրամայում է ինձ Ներսեհին գնալ, գնում եմ, կհրամայե քե՞զ հետ ամուսնանալ, քեզ հետ կամուսնանամ։ Հասկացա՞ր։
ՀԱՄՏՈՒՆ.— (բարկանալով) է՜հ, ի՜նչ ես դու քեզանից ենթադրություններ անում։
ՊԱՊԱՔ.— Ենթադրություն չէ, այլ իսկություն։ Օրիորդը քեզ
հետ համակրությամբ խոսեց. նա, մինչև անգամ, շեշտեց թե՝ հոր հրամանը գերադասում է յուր զգացմունքներին, հասկանու՞մ ես. այդ կնշանակե թե՝ նա զգացմունքներ էլ ունի քեզ համար, բայց, իբրև պարկեշտ աղջիկ, ծածկում է յուր հորից։ Նա ասաց թե՝ ինքն իրավունք չունի ինքնակամ յուր բախտը տնօրինելու և թե այդ
դեպքում՝ հնազանդում է հոր հրամանին՝ ինչպես երկնառաք պատգամի։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՜, այդպիսի մի բան ասաց։
ՊԱՊԱՔ.— Իհարկե, ասաց․ դու հուզված էիր և ամեն բան չլսեցիր։ Երբ մարդու կիրքն ելնում է՝ ականջներն այլևս չեն ծառայում նրան։ Դու չպետք է քեզ այդպես շուտ կորցնեիր։
ՀԱՄՏՈՒՆ.— Օ՜, այդ աղջկա հայացքը կշփոթեցնե ամենից սառնարյուն մարդուն։ Յոթանասնամյա ծերունին, անգամ, կկորցնե նրա առաջ յուր փորձառու իմաստությունը։
ՊԱՊԱՔ.— Եվ, ահա՛, հենց այդպիսի գանձը չպետք է ձեռքից հանել։
ՀԱՄՏՈՒՆ.— (հառաչելով) Ավա՜ղ, նա արդեն ելած է իմ ձեռքից։

[ 27 ]

ՊԱՊԱՔ.— Ո՛չ, ասում եմ քեզ. բոլոր նրա խոսածներից ես ա՛յն հետևցրի թե՝ նա մի զոհ է կամակոր հոր ձեռքում․ թե նա ճնշված է ծնողական հրամանի տակ. այս դեպքում, մինչև անգամ, պետք է կարեկցել և պաշտպանել նրան։

ՀԱՄՏՈՒՆ.— Բայց եթե դու սխալվո՞ւմ ես։
ՊԱՊԱՔ․— Չեմ սխալվում բոլորովին։ Եթե օրիորդը քեզ չհամակրեր, ապա նա չէր գալ քեզ հետ տեսակցելու։
ՀԱՄՏՈՒՆ.— (մտախոհ) Այո՛, այդ ճիշտ է... բայց չէ՞ որ նա չկամեցավ մինչև վերջն ինձ լսել։
ՊԱՊԱՔ.— Նա վեր կացավ տեղից, հենց որ դու ասացիր թե՝
«սիրում եմ քեզ»։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։
ՊԱՊԱP.— Եվ ավելացրեց թե՝ «ների՛ր, որ քո սիրո խոստովանությունը դողալով եմ լսում»։
ՀԱՄՏՈՒՆ.— Ճիշտ որ այդպես ասաց։
ՊԱՊԱP.— Եվ ապա բացատրեց թե՝ դրա պատճառը յուր ընտանեկան կրթությունը և կանացի երկչոտությունն է․․․
ՀԱՄՏՈՒՆ.—  ՜, ի՜նչ լավ հիշում ես։ Իրավ որ այդ՝ ամենը ես լսեցի։
ՊԱՊԱՔ.— Ուրեմն էլ ուրիշ ի՞նչ կարող էր ասել մի իշխանազուն օրիորդ, որ առաջին անգամն էր սիրո խոստովանություն լսում։
ՀԱՄՏՈՒՆ.— Եթե այդ բոլորը ճիշտ է, Պապաք իշխան, ուրեմն այս ամրոցից ես չեմ հեռանալ։
ՊԱՊԱՔ.— Այո՛, չի պիտի հեռանաս և պիտի պնդես քո իրավունքների վրա։
ՀԱՄՏՈՒՆ.— Կպնդեմ․ և, եթե հարկ լինի՝ նույնիսկ կռվի կելնեմ Ներսեհ իշխանի դեմ: Թող կամ նա՛ ինձ ոչնչացնե, և կամ ե՛ս նրան։ Մեզանից ով որ կենդանի կմնա, թող նա էլ ժառանգե այս գեղեցկուհուն։
ՊԱՊԱՔ.— Տո՛ւր ձեռդ սեղմեմ, այր մարդու վճիռ է։
ՀԱՄՏՈՒՆ․— (աջը պարզելով) Սեղմի՛ր և եղի՛ր իմ վկան։


Վարագույր


[ 28 ]


ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ


Ջալալ իշխանի հանդիսավոր ընդունելության ընդարձակ և սյունազարդ դահլիճը՝ քանդակազարդ պատերով և առաստաղով, սրակամար պատուհաններով և ոսկեզօծ դռներով: Սյուների վրա կախված են հնատարազ զենքեր ու դրոշակներ, պատերի տակ շարված՝ թավշապատ բազմոցներ:


ՏԵՍԻԼ Ա
Զալալ և Ռուզան


(Ներս մտնելով—միմյանց թևանցուկ. Ռուզան՝ թաշկինակն աչքերին)
ՋԱԼԱԼ.— Հանդարտի՛ր, զավակս, հանդարտի՛ր։ Քեզ արդեն ասացի, որ ես մաս չունիմ այդ գործում։ Համտունն այցելել է քեզ առանց իմ գիտության. նա օգուտ է քաղել իմ բացակայությունից։
ՌՈՒԶԱՆ.— Ինձ վշտացնողը, հայր իմ, Համտունի այցելությունը չէ, այլ այն լուրը, որ պտտվում է ամրոցի կանանց բերանում։ Ամեն անկյունում այդ մասին են խոսում։
ԶԱԼԱԼ.— Այդ լուրը հնարված է. ես քո ձեռը չեմ մերժել Ներսեհին:
ՌՈԻԶԱՆ.— (խնդագին) Ինչպե՞ս. դու չես մերժել նրան... ո՜հ, ասա՛, հայր իմ. ես կամենում եմ նորից լսել այդ։
ԶԱԼԱԼ.— Այո՛, զավակս, չեմ մերժել և ոչ իսկ մերժել կարող էի. Ներսեհը վաղուց սահմանված է քեզ համար:
ՌՈՒԶԱՆ.— (ուրախացած) Ա՜հ, որքա՜ն բարի ես, հայր իմ... (Համբուրում է հոր ձեռքը): Բայց ինչո՞ւ Ներսեհն այլևս չէ հաճախում այստեղ. տասն օրեն ավելի է՝ ինչ չեմ տեսել նրան։
ՋԱԼԱԼ.— (նստելով աթոռի վրա և յուր մոտ նստեցնելով Ռուզանին) Լսի՛ր դուստրս և ամեն բան կիմանաս։ (Ինքն իրեն): Պետք է վերջապես ծանոթացնել սրան բուն ճշմարտությանը։ (Դառնալով Ռուզանին): Բավական ժամանակ է, սիրելի Ռուզանս, ինչ հրամանով, ո՛չ մի անախորժ լուր չէ թափանցել քո դստիկոնը սրտիդ խաղաղությունր վրդովելու համար։ Թե ինչե՜ր էին անցնում իմ իշխանության մեջ, թե ինչ հոգսեր էին կնճռում քո հոր ճակատը, թե ինչո՜ւ նա օրերով բացակայում էր ամրոցից, այս ամենի մասին չէր հայտնվում քեզ ոչինչ...

[ 29 ]

ՌՈՒԶԱՆ.— (հորն ընդհատելով) ինչպես, հայր իմ, դու հոգսեր ու վշտեր ես ունեցել և ոչինչ չես հայտնել ինձ։

ՋԱԼԱԼ.— Այո՛, սիրելիս, որովհետև ճանաչում էի քո զգայուն սիրտը և չէի կամենում վշտացնել նրան։
ՌՈՒԶԱՆ.— Ա'խ, հայր իմ միթե կարելի է։
ՋԱԼԱԼ.— Այդպես էլ պետք էր, սիրելի զավակս։ Քո մասնակցությունը չէր կարող իմ վշտերը բառնալ, ուրեմն և հարկ չկար տխրեցնել քեզ իզուր։ Բայց այժմ որովհետև կամենում ես Ներսեհի բացակայության պատճառն իմանալ, ուստի ստիպված եմ ծանոթացնել քեզ այն հանգամանքներին, որոնց հետ կապ ունի Ներսեհի բացակայությունը։
ՌՈՒԶԱՆ.— Լսում եմ քեզ, սիրեցյալ հայր։
ՋԱԼԱԼ.— Այս դարը, որի մեջ ապրում ենք, սիրելի Ռուզանա, արտասուքի, արյան ու թշվառության դար է։ Ինչպես Հայաստանի բոլոր մանր իշխանաթյունները, նույնպես և իմ երկիրը շրջապատված է թշնամիներով, դրանցից մինն ու վտանգավորը որ թաթարաց վայրենիների գունդն է, բռնած ուներ մինչև այժմ Խաչենի սահմանը և հարմար առիթի էր սպասում իմ երկիրը մտնելու և այն հիմնահատակ անելու։ Իմ հպատակներն ամեն օր երկյուղի ու սարսափի մեջ էին, և նրանց իշխանը, որ քո դժբախտ հայրն է, չէր կարողանում զենքի զորությամբ ապահովություն բերել յուր հպատակներին։ Նրանց գլխին կախված էր փորձության սուրը։
ՌՈՒԶԱՆ.— Աստվա՛ծ իմ... Եվ այդ ամենի մասին ոչինչ չե՜ք հայտնել ինձ։

[ 30 ]

ՋԱԼԱԼ.— Այո՛, Ռուզան. և ահա' այս էր պատճառը, որ երբ Ներսեհը քիչ ժամանակ առաջ եկավ ինձ մոտ ձեր ամուսնության նկատմամբ իմ վերջնական համաձայնությունն ստանալու, ես նրան ասացի, «Որդյակ իմ, քեզ հայտնի է իմ իշխանության ու ժողովրդի արդի անապահով դրությունը. դու գիտես, թե ի՞նչ վտանգ կարող է հասնել նրանց, եթե գեթ մի օր ինքս ինձ տամ անհոգ զվարճության։ Իմ երկրի սահմանը բռնող թշնամին արծվի սրատեսություն և շան հոտառություն ունի. բավական է իմ կողմից փոքր զանցառություն և ահա նրա գնդերը կբռնեն մեր բլուրները, իսկ ա'յն երկիրն, ուր նրանց ոտքն է կոխում, կանաչ չի բուսուցանում։ Իմ դստեր ամուսնությունը, ասացի, մի հասարակ հանդեսով չի անցնիլ. իսկ իշխանական տան վայել խրախճանով պարապելու ես ժամանակ չունիմ, համբերիր, ասացի, մի առ ժամանակ, մինչև իմ այս թշնամին յուր որջը կդառնա և իմ երկրի մեջ կտիրե ապահովություն, այն ժամանակ ես կօրհնեմ ձեր միությունը և մեր բոլոր ժողովուրդը կմասնակցի այդ ուրախության»։

ՌՈՒԶԱՆ.— Եվ Ներսեհն, իհարկե, խոստացավ համբերել։
ՋԱԼԱԼ.— Այո։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ այդ խոստումը մի՞թե կարող էր արգելել նրան ըստ սովորականին մեզ այցելելու։
ՋԱԼԱԼ.— Կարող էր արգիլել, եթե նա կերթար քո և յուր երջանկության խոչընդոտները բառնալու։
ՌՈՒԶԱՆ.— Ուրեմն նա գնացել է մեր թշնամու դե՞մ պատերազմ ։
ՋԱԼԱԼ.— Այո', պատերազմ։ Եվ աստծո աջը զորավիգ կլինի նրան։
ՌՈՒԶԱՆ.— Անշուշտ։ Բայց ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Ներսեհը մի խոսք անգամ չասաց այդ արշավանքի մասին, երբ վերջին անգամ եկավ յուր հրաժեշտն ինձ տալու։
ՋԱԼԱԼ.— Ազնիվ երիտասարդն ինձ ևս չհայտնեց ոչինչ։ Բայց յուր ձեռնարկության լուրը մեր հետամուտները բերին։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ այդ ձեռնարկության ե՞լքը։
ՋԱԼԱԼ.— Առաջին հարձակումը հաջողակ է անցել։ Ներսեհը գրավել է թշնամու դիրքը, իսկ այնուհետև նոր լուր դեռ չունիմ. այսօր անշուշտ մեզ սուրհանդակ կգա։

[ 31 ]

ՌՈՒԶԱՆ.— Եվ երանի՜, թե նա ուրախ լուր բերե։

ՋԱԼԱԼ.— (վերկենալով տեղից) Աստծո օգնությամբ ուրախլուր կբերե։ Միայն թե դու քեզ հանգիստ պահիր այժմ և ազատ եղիր ամեն հոգսերից։ Ներսեհը, հույս ունիմ, կվերադառնա հաղթությամբ։ Եվ որպեսզի հակառակորդները ժամանակ չունենան գործելու, ես քո ձեռը հանդիսաբար կհանձնեմ իշխանին, հե՛նց որ նա հաղթանակով մուտ կգործե այստեղ։
ՌՈՒԶԱՆ.— Ահ, շնորհակալ եմ, հայր իմ։ (Համբուրում է ձեռը) Դու անսահման բարի ես դեպի քո դուստրը։
ՋԱԼԱԼ.— Կատարում եմ իմ պարտքը, որդյակ, միայն իմպարտքը։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ



Ռուզան (միայնակ)


Այժմ ամեն ինչ պարզ է ինձ համար։ Այս լուրը հնարված էր։ Ես այդ պիտի գուշակեի Համտունի անսպաս այցելությունից և զուր տեղը չանհանգստացնեի հորս, բայց չկարողացա։ Ես հանցավոր չեմ։ Երբ մարդ ունի այդպիսի գանձ, որի պահպանության համար դողում է ամեն վայրկյան, այն ժամանակ հողմի շունչն իսկ թունդ է հանում նրա սիրտը։ Այո՛, այսպես է։ Իմ աննման իշխանի սերը դարձրել է ինձ կասկածոտ... բայց, աստված իմ, այս ի՞նչ նորություն էր, որ հայրս հաղորդեց։ Ուրեմն Ներսեհը կանգնած է այժմ թշնամու դեմ... կամ գուցե արդեն կռվում է նրա հետ... իսկ եթե հանկարծ մի նետ' ապիրատ ձեռքից արձակված՝ գա և զարկե նրա գեղալանջ կրծքին... եթե հանկարծ մի տեգ նրա կողը մեխվի, կամ մի դարանակալ սուր նրա արևը խավարե ... Օ՜, այն ժամանակ... բայց ոչ. հեռո՜ւ ինձանից վեհերոտ մտքեր. արդար գործին աստված ինքն է առաջնորդում նրա աջը կպաշտպանե խաչի զինվորներին...

[ 32 ]

Բայց իմ հայրը, տեր աստված, որքա՞ն վշտերով, որպիսի՜ հոգսերով ծանրաբեռնված է եղել և այս ամենը ինչպե՜ս ծածկել է ինձանից... Եվ ինչո՞ւ, չեմ հասկանում, մի՞թե ես այս գերդաստանի անդամը չէի և չի պիտի գիտենայի թե' ինչե՞ր են գործվում իմ հոր իշխանության մեջ, իմ տանը, իմ շուրջը. ինչո՞ւ, պիտի ծիծաղեի ես այն ժամանակ, երբ իմ հոր սիրտը արտասվում էր թաքուն... մի՞թե ես նրան չէի՜ կարող օգնել, մի՞թե ես ոչինչ չէի՞ կարող զոհել... (Լսվում է շշուկ և՛ գալարափողի ձայն, Ռուզանը դիմում է դեպի պատուհանը): Այս ի՞նչ ձայներ են...


ՏԵՍԻԼ Գ
Նույն և Շանույշ


ՇՆՈՒՅՇ. — (շտապով ներս վազելով) Տիրուհի՛, ուրախ լուր...
ՌՈՒԶԱՆ.— Ի՞նչ կա, Շանույշ. ի՞նչ աղմուկ է այս։
ՇԱՆՈՒՅՇ.— (ուրախությունից շնչասպառ) Ներսեհ իշխանը, տիրուհի...
ՌՈՒԶԱՆ.- (շտապով ընդհատելով) Ի՞նչ, նա եկա՞վ... (Անհանգիստ): Ասա շուտ, նա եկա՞վ...
ՇԱՆՈՒՅՇ.— Այո', տիրուհի. փողերը նրա գալուստն են ավետում:
ՌՈՒԶԱՆ.— (խնդագին) Ա՜հ, աստված իմ. շնորհակալ եմ քեզանից, դու երջանկության նոր աղբյուր բացիր ինձ. (դառնալով Շանույշին): Բայց ո՞ւր է նա, Շանույշ, չէ՞ գալիս ինձ մոտ...
ՇԱՆՈՒՅՇ.— Ահա, նա, տիրուհի։

[ 33 ]


ՏԵՍԻԼ Դ'
Ռուզան և Ներսեհ
(Ներս է մտնում Ներսեհը)


ՌՈԻԶԱՆ.— Ներսեհ, սիրեցյալդ իմ, այս որքա՜ն անհանգստություն պատճառեցիր ինձ։
ՆԵՐՍԵՀ.— Ներիˊր ինձ, բարի Ռուզան, որ մեր երջանկությունը ապահովելու համար՝ այս անգամ քեզանից գաղտուկ գործեցի։
ՌՈՒԶԱՆ.— Եվ եթե ավելի երկարեր բացակայությունդ, սրտիս տխրութենեն պիտի ընկճվեի։
ՆԵՐՍԵՀ..— Ա', մ՞իթե չգիտեիր թե՝ ուր էլ որ լինիմ, քեզ համար կապրիմ։
ՌՈՒԶԱՆ.— Այո , բայց պատերազմի դաշտո՞ւմ...
ՆԵՐՍԵՀ.— Պատերազմի դաշտո՞ւմ... о՜ , այնտեղ մեռնողը ապրում է ավելի՝ քան ամենից երկարակյացը աշխարհի մեջ։ Եվ կա՞ արդյոք մի կյանք ավելի փառապանծ, քան այն' որ ժառանգում է զինվորը՝ հայրենիքի համար մեռնելով։ Այո՛, Ռուզան, չկա նույնպես մի տեղ, ուր քաջի կուրծքը կարողանար շունչ քաշել այնպեˊս ազատ, ինչպես պատերազմի դաշտում, ուր բանակները կռվում են մահու և կյանքի դեմ... Չկա ավելի մեծ հաճույք՝ քան տեսնել հայ քաջերին արյունախանձ կատաղության մեջ՝ երբ բորբոքում է ճակատամարտը, կամ սուսերամերկ և սրարշավ՝ երբ նահանջում է թշնամին։ Ամեն անգամ, երբ կռվի խառնակության մեջ, փշրվող նիզակների մոտ, կամ նետերի տարափի տակ աչքիս է ընկնում հայրենական դրոշակը, որ ազատ ծածանում է քաջերից մինի ձեոքում. ամեն անգամ, երբ տեսնում եմ այդ դրոշակի փառքի համար նահատակվող մեր մանկտին, սիրտս լցվում է հրճվանքով, բազուկներս գերբնական ուժ են ստանում, և իմ ձայնը որոտում է ինչպես մի մրրիկ, որ շառաչում է անտառի մեջ.... Այո՛, Ռուզան, սիրելի է պատերազմի դաշտը, մանավանդ ա’յն ժամանակ, երբ այնտեղ դարբնվում է հայրենիքի փառքն ու փրկությունը...

[ 34 ]

ՌՈԻԶԱՆ.— Օ՜ , ինչպե՜ս ոգևորում ես դու ինձ... կցանկանայի լինել մի զինվոր և կռվել քո դրոշի տակ... Բայց ասա’ ինձ. ինչ ելք ունեցավ քո արշավանքը, և ի՞նչ հաջողություն

քո սուրը։
ՆԵՐՍԵՀ.— Մի թե հաղթվելուց ետ քո աչքին կերևայի՞։
ՌՈՒԶԱՆ.— (հրճվանքով) Ուրեմն հաղթությա՞մբ վերադարձար։
ՆԵՐՍԵՀ.— Այո‘, քեզ համար, իմ պաշտելի կույս։
ՌՈԻԶԱՆ.— Կեցցե‘ս, իմ քաջ, և ուրեմն թշնամին անհետացա՞վ մեր սահմաններից։
ՆԵՐՍԵՀ.— Անհետացավ իսպառ։
ՌՈՒԶԱՆ.— Եվ ժողովուրդն այսուհետև պիտի ապրի խաղաղության մե՞ջ։
ՆԵՐՍԵՀ.— Անշուշտ։
ՌՈԻԶԱՆ.— Եվ գեղջուկն յուր դաշտը կհերկե հանգիստ, իսկ մշակն յուր արտը կհնձե ապահո՞վ...
ՆԵՐՍԵՀ.— Ոչ ոք այլևս չի խանգարիլ նրանց։
ՌՈՒԶԱՆ.— Ո՛վ իմ աննման, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ, և եթե իմ այս սրտի փոխարեն կյանքս էլ պահանջեիր, սիրով կնվիրեի քեզ, իբրև ժողովրդայն ազատարարին... դեհ, այժմ պատմիր ինձ քո արշավանքի մանրամասնությունը։
ՆԵՐՍԵՀ.— Ամենայն սիրով... բայց իշխանները գալիս են, դեռ դիմավորենք նրանց։


ՏԵՍԻԼ Ե
Առաջինները, Ջալալ, Մամքան, Թեճի, Զաքարե,
Սմբատ, Պապաք, Համատուն, Ումեկ


ՋԱԼԱԼ.— Իշխաններ, դուք ճանաչում եք այն երիտասարդին (մատնացույց անելով Ներսենի վրա): Յուր մանկության հասակից, ճանաչում եք և նրա հինավուրց ազգատոհմը:

[ 35 ]

Սրա նախնիքը հայտնի էին իրենց հավատարմությամբ դեպի մեր թագավորները և անձնվիրությամբ' դեպի հայրենիքր։ Ինչպես տեսնում եք, արժանավոր որդին հետևում է յուր նախահարց շավղին։ Նա այսօր հաղթական վերադառնում է ա՛յն ասպարեզից, ուր դուք վաղուց գործում էիք, և ուր գործել են յուր նախնիք։ Թաթարաց ա՛յն հզոր բանակը, որ մեր սահմանում գտնվելով՝ ահ ու սարսափ էր ազդում Խաչենի ժողովրդին, Ներսեհ իշխանի շնորհիվ իսպառ ջնջված է, իսկ նրա գլխավորները' գերված ու կապված։ Այսպիսով, ուրեմն, մեր երկրի խաղաղությունը ապահովված է երկար, և այս բարիքը մենք պարտական ենք իշխան Ներսեհին։ Ցանկանալով արժանապես վարձատրել նրա այս արիության գործը, կամենում եմ այդ առթիվ ստանալ իշխանուհվո և ձեր հաճությունը, իշխաններ։

ՄԱՄՔԱՆ.— Վարձատրիր իշխանին այնպիսի պարգևով, որին արժանի է յուր ցույց տված ծառայությունը. ես դրա համար տալիս եմ իմ սրտագին հաճությունը։
ԶԱՔԱՐԵ.— Հայրենիքի օգտին նվիրած ծառայությունը արժանի է միշտ լավագույն վարձատրության։ Ես համաձայն եմ քո մտադրության հետ։
ԻՇԽԱՆՆԵՐ.— Մենք ևս, մենք ևս։
ՋԱԼԱԼ.— (հանդիսաբար մոտենալով Ներսեհին) Որդյակ իմ,,դու, արժանի ես ա՛յն պարգևին, որը վաղուց հետե սահմանված է եղել քեզ համար, բայց որը տակավին հանձնված չէ եղել քեզ հանդիսացար։ Այդ պարգևը դու ամենաթանկագինն ես համարել բոլոր բարիքներից։ Եվ ահա իմ հատուկ ցանկությամբ և իշխանուհվո ու մեր հարգելի իշխանների հաճությամբ ես տալիս եմ քեզ այն իբրև մրցանակ քո փառավոր հաղթության։ (Բռնելով Ռուզանի ձեոքը և հանձնելով Ներսեհին): Ահա՛ նա։
ՆԵՐՍԵՀ.— (զգացված) Դու ինձ ամենաերջանիկը կացուցիր աշխարհում, մեծ իշխան։
ՋԱԼԱԼ.— (զրկելով երկուսին և համբուրելով) Դուք արժանի եք միմյանց, որդյակներս։

[ 36 ]

ՄԱՄՔԱՆ.— Ապրեցեք միմյանց համար և երջանիկ եղեք։ (Գրկելով և համբուրելով երկուսին)։ Այսօր մենք մեր հարգելի իշխանների հետ միասին կկատարենք ձեր նշանադրության հանդեսը և (դառնալով Ներսեհին) կտոնենք քո փառավոր հաղթությունը։ Իսկ գարնան, երբ մեր լեռները կգեղեցկանան, մենք կօրհնենք ձեր միությունը։

ԶԱՔԱՐԵ.— (մոտենալով) Իսկ ես, քանի դեռ մահը չէ այցելել իմ ծերության, այժմյանից եմ օրհնում ձեր ապագա միությունը։ (Գրկում և համբուրում է երկուսին):
ԻՇԽԱՆՆԵՐԸ.— (հետզհետե մոտենալով՝ շնորհավորում են Ներսեհին ու Ռուզանին, բացի Համտունից, որ կանգնած է հեռու):
ՄԱՄՔԱՆ.— (Համտունին) Դու միայն, Համտուն իշխան, անտարբեր ես դեպի այս հասարակաց ուրախությունը։
ՍՄԲԱՏ.— (ինքն իրեն) Որովհետև խեղճի սրտում վառվում է նախանձի կրակը:
ՀԱՄՏՈՒՆ.— (առաջ գալով) Ինձ տանջում է ա՛յն հոգսը թե՝ Ներսեհ իշխանի անխորհուրդ կերպով թաթարաց զորքերին ջարդելը եթե Չարմաղան մեծ զորապետն իմանա և ավելի մեծ ուժով մեզ վրա հարձակի, ի՞նչ պիտի անենք։
ՆԵՐՍԵՀ.— (եռանդով և հանդիսաբար) Եթե մատնիչները նրան չեն առաջնորդել, մենք նրան կդիմավորենք մեր սրով և կրծքով...
ՄԱՄՔԱՆ.— Իսկ այժմ, իշխաններ, գնանք մեր ուրախությունը առնելու։ (Բոլորը դուրս են գնում, բացի Պապաքից ու Համտունից):


ՏԵՍԻԼ Թ
Համտուն և Պապաք


ՀԱՄՏՈՒՆ.— Պապաք իշխան, այս նախատինքն ես չի պիտի տանեմ։ Դու գիտես, որ հայ իշխանական տների մեջ մեր Սյունյաց տունը, գրեթե, առաջինն էր։ Նա բարձակից էր Ասպետական և Արծրունի նախարարությանց։ Իմ նախնիքն արծաթե գահ, ոսկի գավազան և մարգարտե վարսակալ էին գործածում և թագավորական սեղանի վրա՝ իբրև գահերեց, չորս հարյուր նախարարություններից բարձր էին նստում։ Նրանք խնամություն են արել արքայական տների հետ, և նրանց հաջորդները Բաղաց թագավորության հիմնադիրներն եղան։ Ջալալ իշխանը չի պիտի համարձակեր այս փառավոր տոհմի պատիվն այսքան անարգելու։ Ես ամենից վատարանցը կլինիմ եթե իմ անպատվության վրեժը չառնեմ նրանից կրկնապատիկ:

[ 37 ]

ՊԱՊԱՔ․— Ինչո՞ւ Ջալալից։ Քո հակառակորդը Ներսեհ իշխանն է։

ՀԱՄՏՈՒՆ․— Իսկական հերոսը չի մերկացնում սուրը սինլքոր զինվորի դեմ, որին կարող է ընկճել լախտի մի հարվածով։ Իմ համազոր հակառակորդը Ջալալ իշխանն է, նրա հետ էլ ես իմ հաշիվը կտեսնեմ։
ՊԱՊԱՔ․— Նշանադրությունը եղավ, այժմ արդեն ուշ է վրեժխնդրության վրա մտածել։
ՀԱՄՏՈԻՆ․— Վրեժն երբ էլ լուծվի, հաճույք կպատճառե լուծողին։
ՊԱՊԱՔ․— Բայց այսուհետև այլևս ի՞նչ վրեժ կարող ես լուծել։
ՀԱՄՏՈԻՆ․— Ինչ վրե՞ժ, о՜ , ես գիտեմ, թե ինչ. ես արդեն որոշեցի։
ՊԱՊԱՔ․— Սպանե՞լ տալ Ջալալին։
ՀԱՄՏՈԻՆ․— Երբեք։ Ով որ սպանում է հակառակորդին, նա ազատում է նրան տանջվելուց։ Ջալալը պիտի ապրե, որպեսզի Համտունի ստեղծած չարիքներից շարունակ տանջվի։
ՊԱՊԱՔ․— Բայց ի՞նչ ես որոշել անել։
ՀԱՄՏՈԻՆ․— Լսիր, Պապաք, դու գուցե պատմությունից գիտես, որ իմ նախնիքներից մինն՝ Անդոկ նախարարը, պարսից Շապուհ թագավորից կրեց մի անարգանք, այն է' արքայական սեղանի վրա' Հայոց նախարարաց կարգին մեջ' փոխանակ երրորդ գահն ստանալու, տասն և չորրորդը ստացավ։ Անդոկ այդ նախատինքը չկարողացավ տանել և պարսից հզոր թագավորից յուր վրեժն առավ՝ նրա տերության մայրաքաղաք Տիզբոնն ավերելով և հրդեհելով։ Ես այդ հպարտ մարդու սերունդներից եմ և գիտեմ նրա չափով վրեժ առնելու արհեստը։

[ 38 ]

ՊԱՊԱՔ․— Բայց Անդոկի վրիժառությունը սոսկալի հետևանքներ ունեցավ։ Սյունյաց բարեշեն նահանգը ավերակ դարձավ այդ պատճառով։

ՀԱՄՏՈՒՆ․— Գիտեմ։ Գուցե իմ վրիժառությունն ևս նույն հետևանքն ունենա։ Ես Սյունյաց տոհմի վերջին շառավիղն եմ։ Ա՛յն ձեռքը, որ իմ կյանքի թելը կկարճե, կանհետացնե աշխարհից նաև Սյունյաց անունը։ Բայց ինձ համար միևնույն է.. ավելի լավ է մեռնել, քան անպատիվ ապրել։ Ես չի պիտի կարողանամ իմ զայրույթը զսպել։ Լսվում են երաժշտության ձայներ): Մինչև որ այս (ցույց տալով դեպի երաժշտության կողմը) ստեղծվող երջանկությունը չխանգարեմ։
ՊԱՊԱՔ․— Բայց ինչո՞վ։
ՀԱՄՏՈՒՆ․— (անուշադիր) Այո′, իմ աչքերը չեն կարող անտարբեր նայել ա′յն տեսարանին, երբ քահանան այս միությունը օրհնելով՝ իմ օրինական հարսնացուն կհանձնե ձորոգետցի Ներսեհին. այդ տեսարանը չպետք է տեղի ունենա։
ՊԱՊԱՔ․— Մի քանի շաբաթից հարսանյաց թափորը կճանապարհվի դեպի Մեծիրանից վանքը։
ՀԱՄՏՈՒՆ․— Եվ այնտեղ էլ, ուրեմն, պսակը կկատարվի։
ՊԱՊԱՔ․— Անշուշտ։
ՀԱՄՏՈՒՆ․— Հոգ չէ, թող կատարվի. այսուամենայնիվ, նորապսակները չեն տեսնիլ իրենց առագաստը։
ՊԱՊԱՔ․— Հասկացաː Ուրեմն սուրբ Հակոբա անտառում, երկու դարանակալ նետեր կթռչեն դեպի նրանցː:
ՀԱՄՏՈՒՆ․— Ո՛չ. ավելի մեծ չարիք կպատահի։
ՊԱՊԱՔ․— Այսի՞նքնː
ՀԱՄՏՈՒՆ․— Լսիր ինձ։ Այս ամրոցում դո՛ւ ես իմ միակ մտերիմն, ուստի հայտնում եմ քեզ (զգուշությամբ այս ու այն կողմ նայելով), որ հենց պսակի օրը այստեղ կհասնեն Չարմաղանի զորքերը։

[ 39 ]

ՊԱՊԱՔ․— (սարսափահար) Այդ ի՞նչ ես գուժում։

ՀԱՄՏՈՒՆ․— Հանգիստ կաց և լսիրː Հենց որ աոաջին գուժկանը կհասնե, դու միջոց գտիր ամրոցից փախչելու, որպեսզի մյուս հանցավորների հետ զուր տեղը չզոհվիս թաթարաց սրինː
ՊԱՊԱՔ․— Եվ դու կատակ չե՞ս անում։
ՀԱՄՏՈՒՆ․— (ծանրությամբ) Կար ժամանակ, երբ ես էլ սիրում էի կատակներ, բայց այդ ժամանակն անցավ. անարգված մարդը միայն վրեժ է առնումː


ՏԵՍԻԼ Ժ
Առաջիններ և մի սպասավոր


ՍՊԱՍԱՎՈՐ․— (ներս մտնելով) Տյարք, իշխան տաճարապետը սպասում է ձեզ։ (Գլուխ տալով դուրս է գնում)ː


ՏԵՍԻԼ ԺԱ
Համտուն և Պապաք


ՀԱՄՏՈՒՆ․— Գնանք, բարեկամ, միամիտ բախտավորները զվարճանում են, գնանք մասնակցենք նրանց ուրախությանը։
ՊԱՊԱՔ․— Բայց քո հայտնությունը իմ արյունը սառեցրեց։
ՀԱՄՏՈՒՆ․— Հոգ չէ, Խաչենի գինին նորից կտաքացնե, գնանք։
ՊԱՊԱՔ․— (դժվարանալով) Ավելի լավ է, որ միասին չմտնենք դահլիճ։
ՀԱՄՏՈՒՆ․— Բարի, ուրեմն դու գնա առաջ, իսկ ես կգամ հետո։
ՊԱՊԱՔ․— (առաջանալով և ինքն իրեն) Արժանի վրեժ է, եթե լուծվի, բայց ես թող սրան համախոհ չճանաչվիմ։ (Դուրս է գնում):

[ 40 ]


ՏԵՍԻԼ ԺԲ
Համտուն (միայնակ)


Հիմա՛ր կնամարդ, չէ կամենում ինձ հետ միասին մտնել մարդկանց մոտ, որպեսզի հետո մեղսակից չհամարվի ինձ։ (Գլուխը շարժելով): Հապա, անմիտ. ի՞նչ էիր մտածում, որ նախանձի դժոխքը վառում էիր այստեղ։ (Ցույց տալով սիրտը): Մի՞թե Համտունին էլ համարում էիր մի Պապաք, որ հակառակորդի հետ կռվեր՝ կանանց հետ դաշնակցելով։ Չէ, բարեկամ, հավաբնում միայն աղվեսն է շահատակում, իսկ առյուծի համար կա անեզր անապատ, ուր նա խեղդում է ոչ թե հավ, կամ խլուրդ, այլ վագր ու հովազ։ Եթե հարկ կա վրեժ առնելու, ապա պետք է այնպես անել, որ այդ վրիժառությունից աշխարհը սասանի... (Դուրս է գնում):


Վարագույր


[ 41 ]


ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ


Ջալալ իշխանի ընդունելության դահլիճը (տե'ս ատաջին արարվածի երկրորդ տեսարանը), որ զարդարված է տոնական տարազով: Սյուների խոյակները պսակված են կանաչ դրասանգներով և գույնզգույն վարդերով, որոնք օձապտույտ իջնում են մինչև սյուների խարիսխները: Կանաչահյուս ժապավեններ՝ մանեկաձև կախված' միացնում են դաճլինի կամարաշարերը և նույնպիսի հյուսեր զարդարում դռների և պատուհանների բարավորները; Դահլիճի մեջտեղը բացված է փառավոր սեղան' արծաթե ամաններով ու թակույկներով: Դահլիճի խորքում կանգնած են երգիչների և երգչուհիների խմբեր:

Վարագույրը բացվելուց' բազմականները բոլորած են սեղանը, սպասավորները գինի են մատռվակում, իսկ երգիչները երգում են:


ՏԵՍԻԼ Ա
Ջալալ, Մամքան, Ռուզան, Ներսեհ, Զաքարե, Սմբատ,
ՈՒմեկ, Թենի, Պապաք, երգիչներ, երգչուհիներ,
սպասավորներ, երաժիշտներ

Երգիչներ
Գարուն՝ կանաչ և ծաղիկներ
Բերավ, փռեց մեր լեռներին․

Երգչուհիներ
Եվ իշխանի հատու սուսեր՝
Խաղաղություն մեր սրտերին։


[ 42 ]


Բոլորը միաասին
Բայց երանի անանց լիներ այս գարուն,
Եվ ծաղիկներ միշտ փթթեին անթառամ,
Եվ խաղաղ կյանք մեր ազդակյաց համարյուն՝
Երկար ամոք՝ բաշխեր երկին բարեխնամ։

Երգիչներ
Բայց, վա՜շ, բնության գեղեցկություն
Պիտի աւքյրե ծերուկ ձմեռ։

Երգչուհիներ
Եվ հայ սրտի խաղաղություն՝
Սուր թշնամվույն աշխարհավեր։

Բոլորը միասին
Օ՜ն, աղջիկներ, պատրաստեցեք մեզ պաշար՝
Ձմռան սաստիկ ուժի դեմը առնելու,
Իսկ դուք, տղայք, սրեցեք սուր և տապար՝
Մեր թշնամյաց կառափները ջարդելու։



ՋԱԼԱԼ.— (բաժակը ձեռին) Սիրելի բարեկամներ, անդրանիկ դստերս ամուսնությունից հետո` անցել են արդեն յոթ երկար տարիներ, և բոլոր այդ ժամանակ մեր լեռներում դեռևս չէ կատարվել մի խրախճան։ Իմ սիրելի փեսայի քաջարության շնորհիվ այսօր, ահա, առաջին անգամ, ցնծության երգեր են հնչում այս կամարների տակ։ Անցան ամառ, աշուն և ձմեռ, ահա՚ վերջանում է նաև մեր լեռների գեղեցիկ գարունը, և սակայն մեր ժողովուրդը գտնվում է տակավին ապահովության մեջ։ Այսօր, ուրեմն մենք տոնում ենք ոչ միայն իմ դստեր ու փեսայի հարսանիքն, այլև մեր ժողովրդի խաղաղության տարեդարձը, որ բոլորել է Ներսեհ իշխանի շնորհիվ... Ուրեմն, սիրելիներս, առաջին բաժակը նվիրենք ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։

[ 43 ]

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ.— (բաժակները բարձրացնելով) Ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ.— (ձայնակցում է հանդիսականներին):
ՈՒՄԵԿ.— (շտապով տեղից բարձրանալով) Սպասեցեք, իշխաններ. (դառնալով Ջալալին) մեծափառ տեր, իմ իրավունքը բռնաբարված է. ես բողոքում եմ քեզնից քո արդարության առաջ։
ՋԱԼԱԼ.— (ծիծաղելով) Ի՞նչ, մի՞թե ես քո դեմ մի անիրավություն արի։
ՈՒՄԵԿ.— Այո’, տեր, բախտը մեզ տալիս է երկու «կենաց բաժակ» դատարկելու առիթ, իսկ դու այնոնց միացնում ես մի բաժակի մեջ։ Ես տաճարապետ եմ քո մեծության հրամանով, ուստի պահանջում եմ, որ այդ «կենացները» զատ-զատ դատարկվին։
ՋԱԼԱԼ— Իրավունք ունիս։ Ուրեմն առաջ ժողովրդի բարեկենդանության կենացը։
ՈՒՄԵԿ.— Համաձայն եմ (հանդիսականներին): Բազմականներ, ժողովրդի բարեկենդանության կենացը։ Մաղթենք, որ այն լինի հաստատ և հարատև։
ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ.— Ժողովրդի բարեկենդանության կենացը։ (Խմում են):
ՈՒՄԵԿ.— Ահա', այդպես. պետք է հարգել կարգն ու կանոնը։
ՋԱԼԱԼ.— (ծիծաղադեմ) Սիրելի իշխան, դու նախանձախնդիր ես կենացների կանոնավոր բաշխման, գովում եմ եռանդդ։ Բայց ես այդոնք միացրի, որովհետև ամեն բանում սիրում եմ միություն։
ՈՒՄԵԿ.— Բայց միությունն անհրաժեշտ է թշնամու զորքի առաջ և ոչ զինվոր սրվակների, որոնք նույնքան դեմ են միության, որքան մեր վարդապետները՝ կուսակրոնության։
ԹԵՆԻ․— Մեր տաճարապետը խոսում է իբրև հերետիկոս․ պե՞տք է արդյոք հնազանդիլ նրան։

[ 44 ]

ՈՒՄԵԿ.— Երբ հերետիկոսը ստամոքսներ է կառավարում, պետք է նրան հնազանդել։ Այդ հանցանքը, մայր Թենի, ոչ ոքին չի տանիլ դժոխք։

ԶԱՔԱՐԵ.— Կեցցես, Ումեկ, այսօր դու ավելի խելոք ես, քան երեկ։
ՍՄԲԱՏ․— Ումեկ իշխանը խելոք է խոսում, երբ հարցը վերաբերում է ստամոքսին։
ՈՒՄԵԿ.— Եվ ավելի խելոք, երբ վերաբերում է քաջության։
ՋԱԼԱԼ.— Հարկավ, ուրիշների...
ՈՒՄԵԿ.— Ես վերջինը չեմ մեր քաջերի մեջ։
ՋԱԼԱԼ.— Դրա ապացո՞ւյցը:
ԶԱՔԱՐԵ.— (ծիծաղելով) Ա՛յն, որ խուչախների կռվում ինքն եղավ առաջին գերին։
ՍՄԲԱՏ.— Եվ մեծ իշխանի արշավանքում' առաջին փախստականը։
ՈՒՄԵԿ.— Դուք ակնարկում եք իմ երկչոտությո՞ւնը․ բայց ձեր հիշածները դեռ չեն ապացուցանում ոչինչ։ Ես տեղի եմ տվել անհաջող բախտին։ Ւ՞նչ կանեիք դուք, եթե իմ
տեղը լինեիք։
ՍՄԲԱՏ.— (աշխույժով) Մենք ավելի լավ կհամարեինք քաջությամբ մեռնել։
ՈՒՄԵԿ.— (զվարթ անտարբերությամբ) Իսկ ես լավ համարեցի ապրել։ Սա թեպետ քաջություն չէ, բայց խոհեմություն է։ Ով որ չէ կամենում մեռնել, նա իրավունք ունի
ապրելու։ (Դառնալով Ներսեհին) Ի՞նչ կասես սրան, իշխան։
ՆԵՐՍԵՀ.— (ծիծաղելով) Ես դժվարանում եմ պատասխանել։
ՈՒՄԵԿ.— Եվ լավ ես անում։ Պսակվող մարդը ամենից քիչ իրավունք ունի տաճարապետի ներկայությամբ ճշմարտություն խոսելու։
ՌՈՒԶԱՆ․— Իսկ ես համարձակ կասեմ` թե ով փախչում է ապրելու համար, նա արդեն մեռնում է կենդանվույն։
ՄԱՄՔԱՆ.— Իրավունք ունիս, զավակս։ Եվ իրավ, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե Ումեկ իշխանը յուր այս տարօրինակ խոհեմությամբ հրամանատար լիներ մեր զորքերին։
ՈՒՄԵԿ.— Հավատա՛, իշխանուհի, ամեն ինչ խաղաղությամբ կվերջանար։ Ի՜նչ հարկ կա կռվել զորեղի դեմ ա'jն ժամանակ, երբ ինքդ ես զգում քո թուլությունը։ Այդպիսի դեպքում կամավոր պարտությունը հավասար է հաղթության։

[ 45 ]

ԶԱՔԱՐԵ.— Տեր տաճարապետ, քո քարոզը գեղեցիկ կհնչեր մի կուսանոցում, բայց դու նստած ես զինվորների հետ։

ՈԻՄԵԿ.— Ճշմարիտ զինվորը չի վհատիլ իմ խոսքերից։
ՋԱԼԱԼ.— Որպեսզի չվհատի նաև սուտ զինվորը, ապա վարի՛ր պաշտոնդ առանց փիլիսոփայելու։
ՈԻՄԵԿ.— Բյուր ներողություն, մեծ իշխան։ (Ծառաներին) Մատռվակնե՚ր, լցրեք բաժակները գինով (բաժակը ձեռին՝ տեղից բարձրանալով և հանդիսականներին դառնալով): Բարեկամներ, խմենք այժմ մեր սիրարժան հարսի և հարգարժան փեսայի կենացը. մաղթենք իշխանազուն ամոլներին երկար կյանք, մշտավառ սեր, անսպառ երջանկություն...
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ.— Կեցցե՜ն իշխանազուն ամոլները։
ՈԻՄԵԿ.— Եվ երջանիկ սիրահարները։ (Երաժիշտներին): Երաժիշտներ, ձայնակցեցե՛ք մեր ուրախությանը։ (Երաժշտությանը նվագում է):



Խումբը երգում է

Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,
Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,
Լծեք եզինք, առեք գութանն ու արոր
Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից։
Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,
Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,
Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,
Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք։


ՈԻՄԵԿ.— (դաոնալով դեպի Պապաք) Պապաք իշխանը լուռ է և տխուր։ (Հանդիսականներին): Բազմականներ, ո՛վ արդյոք ձեզանից կարող է պատճառն ասել, թող խոսե, ես նրան մի զտարյուն նժույգ կընծայեմ։

[ 46 ]

ՊԱՊԱՔ.— Մի՛ վատնիր գույքդ, իշխան, ես ուրախ եմ այնքան, որքան իրավունք ունիմ։

ՍՄԲԱՏ.— (հեգնությամբ) Եթե իշխանը մտածում է գալոց շարիքների մասին, ապա նա ամենից քիչ իրավունք ունի ուրախանալու։
ՊԱՊԱՔ.— (hեգնությամբ) Դու մարգարե կլինեիր, իշխան, եթե Հրեաստանում ծնվեիր։
ՍՄԲԱՏ.— Եթե ճիշտ գուշակեցի, ուրեմն մեր երկիրն էլ մարգարեներ է ծնում։
ՊԱՊԱՔ.— Դու չսխալվեցար։
ՈՒՄԵԿ.— Արևս վկա, առաջին անգամն եմ տեսնում մի մարդ, որ ուրախության ժամերն իսկ նվիրում է հասարակաց հոգսերին։
ՊԱՊԱՔ.— Իսկ ես շատ եմ տեսել մարդիկ, որոնք հասարակաց հոգսի ժամերը նվիրել են ուրախության։
ՈՒՄԵԿ.— Եվ դրանք, ուրեմն, իմաստնաբար են գործեր վասնզի հոգսերը կան միշտ և կլինին, մինչդեռ ուրախությունը հազվագյուտ է մեր օրերում։ Ավելի լավ է հոգսերից խլել մի ժամ և տալ ուրախության, քան ուրախության վայրկյանը նվիրել հոգսերին։


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և սպասավոր


ՍՊԱՍԱՎՈՐ.— (մտնելով և դիմելով Ջալալին) Մեծափառ տեր, հեծելազորն ու թափորը կազմ ու պատրաստ սպասում են քո հրամանին* Մեծիրանից վանքը ճանապարհվելու համար։
ՋԱԼԱԼ.— (դառնալով Ումեկին) Տե'ր տաճարապետ, տուր քո հրամանները, թափորը սպասում է մեզ։
ՈԻՄԵԿ.— (բարձրաձայն) Օ՜ն, ուրեմն, իշխաններ և իշխանուհիներ. թողնենք սեղանն յուր
բախտին, դիմենք այժմ այնտեղ, ուր մեր ուրախությունը պիտի պսակվի։ Եպիսկոպոսը վաղուց սպասում է վանքում։ Ճանապարհը հեռի է, եթե մի փոքր էլ այստեղ ուշանանք՝ սրբազանը կբարկանա և մեզ պատժելու համար վանքի դռները կփակե։

[ 47 ]

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․— Պատրաստ ենք, իշխան, առաջնորդիր մեզ: (Վեր են կենում տեղերից):

ՐԻՄԵԿ․— (աոաջ անցնելով) Օ՜ ն, ուրեմն, թող երաժշտություն սկսե թմբուկները թնդացնեն լեռները, ոչ մի մահկանացու տխուր չմնա այստեղ։ Հառա՜ջ, բարեկամներս:
ԶԱՔԱՐԵ․— (պատուհանից նայելով) Ա՞յս ինչ է... Սպասեցեք, իշխաններ, սպասեցեք... Գլուխը բռնած ետ է գալիս):
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․— (թափվելով Զաքարեի վրա) Ի՞՛նչ կա, իշխան, ի՞նչ պատահեց քեզ։
ՄԱՄՔԱՆ․— (վախեցած և շտապով) Սիրելի տա՜գր...
ՋԱԼԱԼ․— Ի՞նչ եղավ քեզ, եղբայր իմ...
ՌՈԻԶԱՆ․— Այս ի՞նչ է, աստված իմ։


ՏԵՍԻԼ Գ
Առաջինները և մի գուժկան
(որ մտնում է քրտնաթոր, շնչասպաո և օձիքը պատառած)


ՊԱՊԱՔ․— (տեսնելով գուժկանին և ինքն իրեն) Հա՜, ուրեմն չեմ խաբված։
ՋԱԼԱԼ․— (բոլորին լսելի ձայնով) Ա՜հ... գուժկա՜ն...
ԲՈԼՈՐԸ․— (բոլորը սարսափած ետ նայելով) Գուժկա՜ն...
ՌՈԻԶԱՆ․— (նայելով Ներսենին) Աստվա՜ծ իմ։
ՄԱՄՔԱՆ․— (սարսափած) Այս ի՞նչ է պատահել։
ՋԱԼԱԼ․— (գուժկանին) Ի՞նչ պիտի գուժես, թշվառական, ասա′ շուտ։
ԳՈՒԺԿԱՆ․— (բոլորին լսելի ձայնով) Չարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր. նրա գունդերից մի քանիսը դիմում են այս ամրոցը, իսկ ասպատակները ցրվեցան դեպի գյուղերը։ Թշնամու անցած տ'ղերը Պետարակ, Շամքոռ, Բարտավ, ավերված և բնակիչները սրե անցած են։

[ 48 ]

ԶԱՐԱՐԵ.— (վշտանար) Աստվա՜ծ իմ, աստված իմ, այս ի՞նչ արիր դու։ (Ընկնում է աթոոի վրա):

ՄԱՄՔԱՆ.— Այս ի՞նչ լսեցի. այս ինչ թշվառություն հասավ մեզ։
ՌՈԻԶԱՆ.— Ներսե′հ... հա′յր իմ...
ՆԵՐՍԵՀ.— Հանզիստ եղիր, Ռուզանս, չարժե մի լուրից այդպես շուտով այլայլվիլ:
ԹԵՆԻ.— Օ՜, մեր մեղքերի համար պատժում է մեզ աստված...
ՋԱԼԱԼ.— (կատաղի բարկությամբ) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, աստվա’ծ իմ, այս ի՞նչ հարվածներ ես բերում մեր գլխին... Մի՞թե, արդարև, այս պատիժները կրելու չափ հանցավոր ենք քո առաջ... պակասե՞լ է, արդյոք, Հավիտենականի գութը, թե՞ չարարվեստ դժոխքն երկինքն է փոխադրվել... մի տարի, մի տարի անգամ այս ապաբախտ Ժողովրդին միջոց չես տալիս ազատ շունչ քաշելու, և դառնության բաժակը նա մինչև մրուրն է քամում...:
ԶԱՔԱՐԵ.— (սթափվելով) Ջալալ, եղբայր իմ, այդ ի՞նչ ասացիր, դու հայհոյեցիր ամենակարող աստծուն։
ՋԱԼԱԼ.— Ի՞նչ, սարսափո՞ւմ ես ապագա գեհենից, մենք այստեղ արդեն դժոխքի մեջ ենք։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը ձեռքերով բռնում):
ՆԵՐՍԵՀ.— (առաջ գալով) Իշխաններ, ինչո′ւ եք սառել, արյուն չէ՞ վազում ձեր երակներում, Գերվելո՞ւ եք սպասում, թե երկնքից օգնության։
ՍՄԲԱՏ.— Ի՞նչ կարող ենք անել այս անակնկալ ժամուն:
ՆԵՐՍԵՀ.— Ինչ կարող ենք անե՞լ... Եվ այդ դո՞ւ ես ասում, Սմբատ իշխան, մի՞թե քո նախահարց փառքը քո ձեռքով ես կամենում մրոտել։ Կռվի դաշտը ընդարձակ է, սուր և մահ... ահա մեր գորձը:
ՈԻՄԵԿ.— Ինչ կամենում եք անել, խոհեմությամբ արեք, որ թշվառությունը չծանրանա մեր գլխին։

[ 49 ]

ՆԵՐՍԵՀ.— (բարկացած) Հեռո′ւ, վտտարանց, խոհեմության մասին միայն դու մտածիր...

ՋԱԼԱԼ.— (բարձրանալով աթոռից) Եվ իրավ, իշխաններ, ինչ՞՛ւ եք սառել։ Մի՞թե մահն այդքան վախեցնո՞ւմ է ձեզ: Մեր մանկությունր պատել են արյունոտ խանձարուրում, մեր հասակն աճել է կռվի արհավիրներում, հոգիներս էլ պիտի փչենք ռազմի դաշտի վրա։ Թշնամու սրին, մինչև նրա մեզ հասնելը, զոհվել են արդեն բյուր մեզ նմաններ, ինչո՞ւ, ուրեմն, հապաղենք մեր եղբարց բախտին կցորդ լինելու։ Օ՜ն անդր, դեպի սուր, անպաշտպան Ժողովուրդը սպասում է մեզ։
ՆԵՐՍԵՀ.— (սուրը հանելով) Դեպի սուր, քաջե՛ր։
ԲՈԼՈՐԸ.— (սրերը հանելով) Դեպի սո՜ւր և դեպի մա՜հ։


Վարագույր


[ 50 ]


ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ


Տեսարանը ներկայացնում է Խոխանաբերդ ամրոցի տակ՝ մի հովտաձև դաշաավայր՝ մի կողմից բարձրացած բլրակով, որի ստորոտում զարկած է զորապետի շքեղ ու ընդարձակ խորանը: Նրա մեջ նստած են Ջոլա և Բուրանուին, ետևները կանգնած ունենալով մի-մի սպառազինյալ թիկնապահ: Խորանի հատակը ծածկված է գորգով, որի վրա ձգված են մի քանի թավշյա օթոցներ: Դրանցից մինի վրա չոքած է Համտունը: Զորապետի խորանից հեռու, դաշտավայրի երկարությամբ, զարկած են զորքերի բազմաթիվ վրաններ, որոնց մոտերքը անցուդարձ են անում զինվորներ:


ՏԵՍԻԼ Ա.
Ջոլա, Բուրտ-Նուին, Համտուն, երկու թիկնապահ


ՋՈԼԱ․— (Համտանին) Այո՛։ Ջալալ-Տոլան այս անգամ արդեն գործել է այնպիսի հանդգնություն, որը մենք նրան չի պիտի ներենք։ Համարձակվել թաթարաց զորքերը ջարդե՞լ, այն զորքերը, որոնք իմ եղբոր՝ Չարմաղանի ամենաընտիր գնդերն էին կազմո՜ւմ, այդ աններելի է հավիտյան։
ԲՈՒՐԱ․— Եվ հանդգնել մեր գնդապետներին բանտարկել յուր ամրոցո՞ւմ։
ՋՈԼԱ․— Արդյոք ձեր լեռներում ի՞նչ էին մտածում մեր մասին։ Մի՞թե կարծում էին թե՝ թաթարաց ուժը սպառվել, կամ նրանց սուրը հողի մե՜ջ է թաղվել։
ՀԱՄՏՈԻՆ․— Ո′չ այս և ո՛չ այն, պայծառափայլ տեր։ Մեր լեռներում բոլորն էլ գիտեն, որ թաթարաց ուժը անսպառ է, և նրան սուրը՝ միշտ փայլուն և հատու։ Միայն իշխաններն են, որոնք երբեմն թեթև հաջողություններից շլանալով՝ մոռանում են պարտ ու պատշաճ հարգանքը տալու թե՛ հզոր իշխաններիդ (զլուխր խոնարհելով) և թե մեծ խանին։ Եվ եթե այդ իշխանների մեջ գտնվում են այնպիսիներն, որոնք ձեր մեծությանց զորությունը ճանաչելով՝ ծառայում են խանին հավատարմությամբ, դրանք էլ, դժբախտաբար, ծաղրի են ենթարկվում ստահակ իշխանների կողմից։

[ 51 ]

ՋՈԼԱ․— Այդպիսի ջերմեռանդ և մեզ հավատարիմ իշխաններից մինը դու ես, հավատացած եմ։

ՀԱՄՏՈՒՆ․— (խոնարհությամբ) Մինչև այսօր իմ պարտքից ավելի ոչինչ չեմ արել։
ՋՈԼԱ․— Մեզ էլ հենց այդ է հարկավոր։ Ով որ ճանաչում է յուր պարտքը, նա էլ վայելում է իրավունքներ։ Մենք, իհարկե, չենք թողիլ, որ քեզ նման հավատարիմները ճնշվին ստահակներից։ Մենք քեզ ոչ միայն կպաշտպանենք, այլև կհասցնենք բարձր աստիճանի։ Քո հավատարմությունը մեզ հայտնի եղավ ա′յն ժամանակ, երբ սուրհանդակդ հասնելով Սևան' գուժեց եղբորս' մեծ զորապետ Չարմաղանին յուր գունդերի ջարդվիլը։ Մենք իսկույն առինք մեր զորքերը և մտինք Արցախ։ Տիրելով Ջալալի մի քանի գավառներին, այսօր ահա գտնվում ենք նրա ամրոցի առաջ։ Այսուհետև արդեն դու պետք է մեզ առաջնորդես։ Եթե քո խորհուրդը կօգնե մեզ՝ Ջալալի բերդն առնելու, այն ժամանակ ես նրանից կխլեմ Աղվանից բոլոր իշխանությունը և կհանձնեմ քեզ։ Եվ որպեսզի դու այլևս հակառակորդ չունենաս, ես կգերեմ ինձ հետ այն բոլոր իշխաններին, որոնց ցույց կտաս։
ՀԱՄՏՈՒՆ․— Պատրաստ եմ ծառայելու մեծափառ խանին։
ՋՈԼԱ․— Առավոտվանից արդեն մեր զորքերը պաշարել են Խոխանաբերդը և մի քանի անգամ էլ հարձակվել են նրա մատչելի կողմերի վրա։ Բայց, ինչպես տեսնում եմ, ներսի դիմադրությունը բավական զորեղ է։ Ասա՛ ինձ, որքա՞ն զորք ունի Ջալալն յուր ամրոցում։

[ 52 ]

ՀԱՄՏՈՒՆ․— Հինգ հարյուր զինվորից ավելի չկա, բայց այդ Էլ մեծ ուժ է, քանի որ նրանց կառավարում են փորձառու և ընտիր զորապետներ։

ՋՈԼԱ.— Այսինքն ովքե՞ր։
ՀԱՄՏՈՒն.— Առաջին՝ իշխան Հասան-Ջալալը, որ հուսաբեկ զինվորին իսկ հոգի է ներշնչում։ Երկրորդ՝ նրա եղբայր ծերունի Զաքարեն, որի մազերը սպիտակել են պատերազմների մեջ, և երբեք չի հաղթվում ա՛յն գունդը, որին նա առաջնորդում է։ Երրորդ՝ Գուգարաց Սմբատ իշխանը, ոո լեռնականների ահ ու սարսափն է։ Չորրորդ՝ Ձորոգետի Ներսեհ իշխանը, որ նշանավոր է յուր միշտ աներկյուղ, և նամանավանդ հանդուգն քաջությամբ, և հենց այս վերջինն էր, որ ձեր գունդերը ջարդեց Մռավի մոտ։
ԲՈՒՐԱ.— Եվ մենք, ուրեմն, այդ վերջինին գլխատման կարժանացնենք, իսկ մնացյալները գերի վարվելով՝ կարող են մեզ ծառայել Սմրղանդի բաղնիքներում։
ՋՈԼԱ.— Բայց ինչո՞ւ այդ իշխանները հենց այս միջոցին հավաքվել են այդտեղ։ Մի՞թե Ջալալը մեր գալուստը գիտեր։
ՀԱՄՏՈՒՆ.— Ո՛չ, տեր իմ. նրանցից մի երկուսն յուր ազգակիցներն են, որոնք գրեթե միշտ գտնվում են իշխանի հետ, մյուսները հրավիրված են, որովհետև իշխանը հարսանիք ուներ։
ՋՈԼԱ.— Հարսանի՞ք։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։
ԶՈԼԱ.— Որդի՞ն է ամուսնացնում։
ՀԱՄՏՈՒՆ.— Ո՛չ, տեր իմ. որդիքն անչափահաս են. նա ամուսնացնում է դուստրը։
ՋՈԼԱ․— Ո՞ւմ հետ։
ՀԱՄՏՈՒՆ.— Ձորագետի Ներսեհ իշխանի, որի համար ասացի թե՝ ձեր բանակը ջարդողն էր։ Նա Ջալալի աղջիկն առնում է իբր մրցանակ յուր հաղթության։

[ 53 ]

ՋՈԼԱ.․— Մի՞թե, ուրեմն մենք նրա համար ավելի լավ հարսանիք կանենք, քան կարող էր անել Հասան-Ջալալը։

ԲՈՒՐԱ․— (խղճահարվելով) Բայց ինչ որ էլ լինի, հորեղբայր, պետք է խոստովանել որ մեր արշավանքը վատ ժամանակ պատահեց։ Ես, գոնե, չէի կամենալ այսքան անգթաբար խանգարել մի ուրախություն։ Ես խղճում եմ Ջալալին։
ՋՈԼԱ․— Քեզ պես երիտասարդին բնական է խղճահարվիլը, բայց երբ իմ հասակը կառնես, այն ժամանակ կցանկանաս ավելի արդարությամբ պատժել՝ քան թուլությամբ խղճահարվիլ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ճիշտ ես հրամայում, տեր, որովհետև Ջալալը նույնպես կարող էր խղճալ ձեր զորքերին և չկոտորել տալ նրանց, բայց նա հակառակն արավ, համոզված լինելով թե' արդարությամբ պատժում է յուր թշնամիներին։
ՋՈԼԱ․— Կեցցես, իշխան, դու արժանի ես Աղվանից տիրապետը լինելու, և ես այդ պատվին կարժանացնեմ քեզ։ Միայն ասա, իրա՞վ, որ լսածիս չափ մեծ գանձեր ունի ձեր Ջալալ–Տոլան։
ՀԱՄՏՈՒՆ․— Գրեթե այնքան, որքան կարող էր ունենալ մեծափառ խանը։
ՋՈԼԱ․— Ճշմարի՞տ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ստել քո մեծության առաջ ինչպե՞ս կհամարձակվիմ։
ՋՈԼԱ․— (ուրախությամբ) Ա՜հ, ուրեմն մենք այս բերդի ստորոտից հեշտությամբ չենք հեռանալ։ Մենք կբանանք Ջալալի սնդուկները և կհրամայենք հենց իրեն' իշխանին, փոխադրել յուր գանձերը մեր լայն քսակները։
ԲՈՒՐԱ․— Հորեղբայր, միթե կարծում ես, թե այդ գանձերի մեջ կարող ես գտնել մի այնպիսի հազվագյուտ բան, որ մեր Թաթարստանը չունենա՞ր։ Չարժե ուրեմն այդքան ուրախանալ այն բանի համար, որից ինքդ շատ ունիս։
ՋՈԼԱ․— Երիտասարդ ես, Բուրա, երիտասարդ։ Երբ ինձ պես վաթսուն տարիքդ կառնես, այն ժամանակ, եթե կենդանի լինեմ, կհարցնեմ․ «Ինչպե՞ս է, որդի քո բարեկամությունը ոսկվո հետ», և դու կպատասխանես՝ «մտերմական է, հորեղբայր»։

[ 54 ]

ՀԱՄՏՈՒՆ․— (Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար, բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս։

ԶՈԼԱ․— (հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ։
ՀԱՄՏՈՒՆ․— Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի։
ՋՈԼԱ․— (տեղը հանգստանալով) Ա՜, հասկացա, դատարկ բան է։
ԲՈՒՐԱ․— (լարված հետաքրքրությամբ) Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի՞, և անո՞ւնը...
ՀԱՄՏՈՒՆ․— Ռուզան։
ԲՈՒՐԱ․— Որ դեռ ամուսնացած չէ՞։
ՀԱՄՏՈՒՆ․— Որի հարսանիքն էր այս օրերս, բայց այդ հարսանիքը ձեր գալովը խանգարվեց։
ԲՈՒՐԱ․— Ասացիր, որ շա՞տ է գեղեցիկ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ամբողջ Թաթարստանը կնախանձի քեզ, տեր, եթե նրան քո ամուսին տեսնե։
ԲՈՒՐԱ․— (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի։
ՀԱՄՏՈՒՆ․— (ինքն իրեն վախեցած) Ի՞նչ է ասում...
ՋՈԼԱ․— (նեղանալով) Հապա ո՞ւր կմնա քո հոր զորքերի ջարդվելու վրեժը և այս բանակի այսքան ժամանակ հոգնեցնելու արդյունքը։

[ 55 ]

ՀԱՄՏՈՒՆ․— (Բուրային) Տեր-Նուին, Ռուզանն առանց այն էլ քոնը կլինի, բայց պետք է քո հոր համար Էլ բաժին տանես Ջալալի գանձերից։ Առանց օժիտի աղջիկ չեն առնիլ, այն էլ ամենահարուստ հայ իշխանի աղջիկը։

ԲՈՒՐԱ․— Իրավունք ունիս։ Բայց քանի որ, քո ասելով, այդքան զորություն կա Ջալալի բերդում, ուրեմն ո′չ մեր զորքերը նրա բերդը կառնեն, և ո′չ էլ ես' նրա աղջիկը։
ՀԱՄՏՈՒՆ․— Երկար պաշարումը կստիպե նրանց անձնատուր լինել։
ԲՈՒՐԱ․— Նախ՝ մենք չենք կարող երկար ամիսներով նստել այս բերդի տակ։ Երկրորդ պաշարյալները կարող են համառիլ և սովից մեռնիլ։
ՋՈԼԱ․— Ավելի լավ. թող բոլորը կոտորվին։ Այն ժամանակ մեր զորքերը անաշխատ կառնեն բերդը։
ԲՈԻՐԱ․— Բայց ես չեմ կամենում, որ այն աղջիկը ևս սովից մեռնի ամրոցում։
ՀԱՄՏՈՒՆ․— Ուրեմն, եթե ինձ կլսեք, ես ձեզ կտամ մի խորհուրդ, որով հեշտությամբ ձեր նպատակին կհասնեք։
ՋՈԼԱ․— Ասա′ տեսնեմ։
ՀԱՄՏՈՒՆ․— Հրամայեցեք այս շրջակա հայ գյուղերից հավաքել հազար հոգի, կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, մանուկ թե ծեր։ Դրանց բոլորին ձեռնակապ կանգնեցնել տվեք այս հովտում, որ հանդիպակաց է Ջալալի պալատին։ Հազար կապյալների ետևում թող կանգնեն հազար սուսերամերկ զինվորներ։ Ապա պատգամ ուղարկեցեք հալալին և հայտնեցեք նրան ձեր մեծությանց հրամանը, այն է' հանձնել ձեզ բերդը և յուր դուստրը։ Եթե կհամաձայնի' բարի, եթե ոչ հենց որ պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, իսկույն կհրամայեք հազար կապյալները կոտորել։ Այս միջոցը դուք գործ կդնեք ամեն օր, մինչև որ կամ Ջալալը, յուր հպատակների կոտորածը դադարեցնելու համար կհանձնե ձեզ բերդը և կամ ներսի իշխանները ապստամբելով՝ ամրոցը կմատնեն ձեզ։
ԲՈՒՐԱ․— Այդ հնարը լավ է, բայց չափազանց անգութ է։

[ 56 ]

ՀԱՄՏՈԻՆ․— Քո մեծությունը չէ ճանաչում հայի համառությունը։

ՋՈԼԱ․— Անշուշտ, որովհետև այս առաջին անգամն է, որ սա գործ ունի ձեր կամակոր ազգի հետ։
ԲՈԻՐԱ․— Լավ, թող այդպես լինի։
ՋՈԼԱ․— (դառնալով յուր թիկնապահին) Ջափա՛ր, շուտով հասիր մեր պաշարող զորքերին և ասա Գիուգ զորապետին, որ հարձակումը դադրեցնե. ապա թող գյուղերից ժողովել տա հազար հոգի և ամեն բան կարգադրե այնպես, ինչպես իշխանն ասաց։ Դեհ, շուտ։
ՋԱՓԱՐ․— Այս րոպեին, տե՛ր։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և մի բարապան


ԲԱՐԱՊԱՆ․— (ներս մտնելով) Պայծառափայլ տյարք, ձեր մեծությանց ներկայանալու համար եկել են Ջալալ իշխանի մարդիկն՝ ընծաներով, կհրամայե՛ք ընդունել և բերել նրանց այստեղ։
ՋՈԼԱ․— Ընդունի՛ր։ (Բարապանը դուրս է գնում) Անշուշտ խաղաղություն խնդրելու համար են եկել։ Բայց ես նրանց և ոչ մի առաջարկությունը պիտի ընդունեմ։ Ինձ հարկավոր է Ջալալի ամրոցն, որ այս երկրի ապստամբության ծննդարանն է, և որն ես հիմնահատակ պիտի անեմ։ Իսկ իշխանի գանձերն առանց յուր բարեհաճ կամացն իսկ մերը կլինին։ Այս բերվածները դեռ կընդունինք իբրև առհավատչյա։
ՀԱՄՏՈԻՆ․— Այո՛ տեր, դուք զրկած կլինիք ձեր բանակը հարուստ ավարից և ձեր քսակներն՝ անգին գանձերից, եթե նրա խաղաղության առաջարկությունն ընդունեք, կամ բավականանաք նրա ղրկած ընծաներով, որոնք, անշուշտ, ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա իշխանազն հյուրերի գրպանների թափթփունքը։
ԲՈԻՐԱ․— Իսկ որ ամենից ավելի է, մինչև որ նրա դուստր Ռուզանն իմ վրանը չբերվի, և ոչ մի խաղաղության դաշն պիտի կռվի։ Ռուզանն առնելուց ետ՝ մենք ձեռք չենք տալ նրա ամրոցին. ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը:

[ 57 ]

ՋՈԼԱ․— Բուրա′, ուրեմն դու կամենում ես իմ դիտավորությունը խանգարե՞լ և մի հայի աղջկա համար զոհում ես պատիվը քո հոր, որի զորքերը հենց այս իշխանի հրամանով այնպես անգթաբար ջարդվեցան, և որոնց վրեժը դու պարտավոր ես լուծել։

ԲՈՒՐԱ․— Դու արյուն խմելով ես ծերացել, Ջոլա հորեղբրայր, և չես կշտանալ, եթե երկրի երեսի բոլոր քրիստոնյաների արյունը ծծես։ Բայց ես բավական եմ համարում այն կոտորածն, որ մինչև այստեղ հասնելնիս մեր զորքերն արին։ Այդ էլ բավական մեծ վրեժ էր մեր ջարդված զորքի համար։ Ես վճռել եմ։
ՀԱՄՏՈՒՆ․— Տեր-Նուին, եթե դու այս անգամ հաճիս Ջալալին շնորհել յուր իշխանությունը, դրանով այս կողմերում թաթարաց համար կպատրաստես մի անպարտելի թշնամի։ Եթե Ջալալն այժմ խաղաղություն է խնդրում, այդ նրա համար է, որ ձեր բանակները հանկարծ վրա հասան, և նա խնջույքով պարապած լինելով՝ ժամանակ չունեցավ պատրաստվելու։ Բայց եթե նրա աչալուրջ ժամանակ այս երկիրը մտնեիք, դուք այստեղ կգտնեիք այնպիսի դիմադրություն, որի նմանին թաթարը չէ հանդիպել ոչ մի տեղ։
ՋՈԼԱ․— (Բուրային) Ինչպե՞ս ես գտնում այս հայի խորհուրդը, որ ինձանից ու քեզանից ավելի լավ է ճանաչում յուր ազգն ու իշխաններին։
ԲՈՒՐԱ․— (անուշադիր աչքերը խորանի դռանը սևեռած) Քո խոստման համաձայն՝ իրեն նպաստավոր, իսկ մեզ՝ աննպաստ։ Բայց ահա գալիս է Ջալալի պատգամավորը, թող նրան լսենք։
ՀԱՄՏՈՒՆ․— (ինքն իրեն) Չէ հաջողվում։ Ի՞նչ հիմարություն արի Ռուզանի անունը հիշելով։ (Դեպի դուռը): Ա՜հ Զաքարե իշխանը...

[ 58 ]


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն, Զաքարե, հինգ ընծայակիրների և մի դրոշակի հետ


ԶԱՔԱՐԵ․— (մտնելով և խորը գլուխ տալով, որի ժամանակ դրոշակիրը դրոշը խոնարհում և այնպես պահում է մինչև. խոսակցության վերջը: Տեր-զորապես, տե′ր Նուին, իշխան Հասան-Ջալալ-Տոլան խոնարհ բարեկամությամբ ողջունում է ձեր մեծությանց մուտքը մեր երկիրը: Եթե այսօրվանից ձեր մի քանի գունդերը հարձակված չլինեին մեր բերդի վրա, մենք ձեր գալուստը կընդունեինք իբրև շնորհաբեր այցելություն խանի հեռավոր կալվածներին։
– Բայց որովհետև այդ հարձակումը տեղի ունեցավ, ուստի մենք ստիպվեցանք պաշտպանվել։ Բայց իշխան Ջալալ-Տոլան բնավ չէ ցանկանում սրով դիմադրել խանի զորքերին, ըստ որում նրան ծանոթ է ձեր սրի ուժը և հաջողությունը։ Ուստի խոնարհելով ձեր զորության առաջ, իմ բերանով խնդրում է, որ բարեհաճեք նվիրել իրեն ձեր թանկագին բարեկամությունը և յուր երկրից հանել ձեր զորքերը։ Դրա փոխարեն նա խոստանում է յուրաքանչյուր տարի վճարել վեհափառ խանին ձեր կողմից որոշված հարկը։ Իսկ առայժմ խնդրում է ընդունել այս (ցույց տալով ընծաները) առհավատչյան։
ՋՈԼԱ․— Ես ընդունում եմ Հասան-Ջալալի ուղարկած ընծաները. (ընծայակիրներն ընծաները դնում են գետնին) և նրա խոնարհած դրոշը. բայց սպասում եմ, նաև, բերդի բանալիներին և յուր դուստր Ռուզանին, իմ եղբորորդի Բուրա-Նուինին (ցույց տալով Բուրային) կնության համար։ Սրանք ղրկելուց ետ՝ նա յուր իշխաններով կիջնե իմ բանակը՝ անձամբ յուր իշխանությունը իմ ձեռը հանձնելու, որովհետև ես այն պիտի տամ առավել արժանավոր (ցույց տալով Համտունին) մարդու...
ԶԱՔԱՐԵ․— (խոնարհած դրոշը խլելով, կանգնում է հաղթական ձևով և ապա նայում է Համտունին, որին մինչև այն չէր նշմարել) Ա՜... դու այստե՞ղ ես... այդ դո՞ ծանոթացրիր նրանց Ջալալի դստեր հետ։

[ 59 ]

ՀԱՄՏՈԻՆ.— (իբր անտարբերությամբ) Այո՛։

ԶԱՔԱՐԵ.— Եվ ո՞ր սատանան ներշնչեց քո մեջ այդ գարշելի մատնությունը ։
ՀԱՄՏՈԻՆ.— Նա, որին դու քեզ եղբայր ես անվանում։
ԶԱՔԱՐԵ․— Թող դժոխքը վարձատրե քեզ, հայրենիքի դավաճան։
ՋՈԼԱ․— (Զшքարեին) Իմ ներկայությամբ համարձակվում ես հայհոյել իմ հյուրի՞ն։
ԶԱՔԱՐԵ.— Ես հայհոյում եմ վատարանց մատնիչին։
ԲՈԻՐԱ.— Պատգամավոր, դու ուշանում ես. քո իշխանն սպասում է քեզ։ Գնա՛ և հայտնիր նրան Ջոլա զորապետի պատասխանը։ Իսկ իմ՝ Չարմաղանի որդվո Բուրա-Նուինի կողմից ավելացրու, որ ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը, եթե միայն նա կհամաձայնվի կնության տալ ինձ յուր Ռուզան դուստրը։ Իսկ եթե ոչ, հենց որ մեր պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, մենք կսկսենք կոտորել ա՛յն հազար կապյալները, որ այդ իսկ նպատակով ժողովել պիտի տանք այստեղ։ Եվ այդ կոտորածը մենք կշարունակենք ամեն օր, մինչև որ Ջալալը կզիջանի մեր կամքին։ Այժմ ազատ ես, գնա՛։ (Դառնալով յուր թիկնապահին)։ Աբու, ընկերացի՛ր պատգամավորին և նրա իշխանի պատասխանը բեր մեզ շուտով։
ԱԲՈՒ.— Գլխիս վրա, տեր։
ՋՈԼԱ.— (հուզված) Բուրա, դու շատ ողորմածությամբ ես վարվում քո հորդ անարգող թշնամու հետ։
ԲՈԻՐԱ.— Ես այդպես եմ կամենում։ (Զաքարեին): Դու ազատ ես (Զաքարեն դրոշակը ձեռքին շրջում է ելնելու յուրայիններով):
ՋՈԼԱ․— (բարկությամբ Զաքարեին) Կամակո՛ր հայ, դու չլսեցի՛ր, երբ քեզ ասացի թե՝ ընդունում եմ ընծաները․․․
ԶԱՔԱՐԵ․— (ցույց տալով ընծաները) Ահա՛ ընծաները։
ՋՈԼԱ.— Եվ դրոշակը։
ԶԱՔԱՐԵ․— Երբ իմ իշխանապետի առաջարկությունը չնդունեցիք, դրոշակն ազատ ետ պիտի դարձնեմ նրան։

[ 60 ]

ՋՈԼԱ.— (կատաղությամբ) Հանդգնում ես մինչև այդտեղ (թիկնապահ Աբուին): Առ դրա ձեռքից այդ դրոշակը։ (Թիկնապահը մոտենում է խլելու):

ԶԱՔԱՐԵ.— (ձախ ձեռքով մի կողմը հրելով թիկնապահին) Հեռո՜ւ այդ պիղծ ձեռքերով... առաջ հոգիս այս մարմնից, հետո դրոշակն իմ ձեռքից։
ՋՈԼԱ․— Հոգիդ կքաղեն հենց այս րոպեին։ (Կոչելով դեպի դուրսը): Զինվորնե՛ր (Ներս են թափվում մի քանի սուսերամերկ զինվորներ): Սատակեցե՛ք այդ անզգամին։ (Զինվորները բարձրացնում են սրերը, Զաքարեն աներկյուղ կանգնած է նրանց մեջ):
ԲՈՒՐԱ․— (շտապով վեր թռչելով տեղից և բարկացած դեպի զինվորները գոչելով) Դարձրե՛ք սրերդ իրենց պատյանները։ (Ջոլային): Հորեղբայր, ինչո՞ւ չես հարգում զինաթափ ծերությունը։ Մի՞թե մենք իրավունք ունինք սպանել ա՛յն մարդուն, որ մեր մեծահզորության վրա վստահանալով՝ մտել է մեր վրանը իբրև մի ապահով տեղ։ (Զինվորներին): Դո՛ւրս կորեք և չհամարձակվեք այսուհետև սուր բարձրացնել անզեն մարդու վրա։ (Զինվորները դուրս են գնում):
ՋՈԼԱ.— (բարկությամբ և ինքն իրեն) Ահա՛ իմ եղբոր անմտության հետևանքը... ո՞վ է տեսել, որ մի համբակ այս իրավունքը բանեցնե...
ԶԱՔԱՐԵ.— (Բուրային) Գերազնիվ տեր, մատուցանում եմ քեզ իմ անկեղծ հարգանքը։ Դու արժանի ես իշխելու, որովհետև մեծահոգի ես և գիտես հարգել պատգամավորի իրավունքը։ Եթե մենք սուր ի ձեռին կռվելու լինինք քո դեմ, դարձյալ քո արժանիքը պիտի մեծագրենք․․․ մնաս բարյավ։ (Դուրս է գնում յուրայիններով):
ՋՈԼԱ․— (բարկությամբ բորբոքված) Բուրա՛, դու անարգեցիր քո հորեղբորն օտարի և յուրայինների առաջ։
ԲՈՒՐԱ.— Ընդհակառակը, հորեղբայր, ես քեզ ազատեցի մի անպատվությունից, որ նաև մեր սուրն ու անունը պիտի արատավորեր։
ՀԱՄՏՈՒՆ.— (ինքն իրեն) Այս էլ բավական է, որ Ջալալի աղջկան Թաթարստան կուղարկեմ։


Վարագույր


[ 61 ]


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Ջալալ իշխանի խորհրդարանը. աջ ու ձախ բացվում են երկու խոր, ընդարձակ դռներ, որոնք ծածկված են վարագույրներով: Սենյակի մեջտեղը սեղան և աթոռներ։


ՏԵՍԻԼ Ա
Ռուզան (խիստ վրդովված)


Եվ ուրեմն այսպես. թշնամին չէ գոհանում մեր հպատակությամբ և ղրկած ընծաներով, նա ինձ էլ պահանջում է յուր կնության, հակառակ դեպքում սպառնում է կոտորել հազարավոր անմեղներ... Եվ այս դժոխային լուրը ես լսեցի իմ ականջով, թեպետև ջանացին ծածկել։ Այո, լսեցի, սա ուրեմն երազ չէ և ոչ էլ ցնորք... վշտերից ծանրագույնը հասնում է ինձ հենց այն օրը, երբ ես այնքան մոտ էի երջանկությանը... Ո՞վ դառն ճակատագիր... Ուրեմն ես, դժբախտության աղջիկս, պատճառ պիտի լինիմ արյունահեղ կոտորածի՛. ես, որ մանկությունից սովորել եմ ծառայել իմ հոր ժողովրդին, ես, որ խնամել եմ նրա որբը, մխիթարել այրին, պատսպարել աղքատին, ես, որ անքուն հսկել եմ հիվանդների մահճի մոտ և իմ ձեռոք սրբել այնքա՛ն շատ արտասուք․ այսօր, ուրեմն, պատճառ պիտի լինիմ արյան ու անեծքի... օ՜ հ, ո′չ, անկարելի է. այդ չի պիտի լինի... իմ աչքերը չեն տեսնիլ այդպիսի աղետ., եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ, թող ուղարկեն թշնամուն, թող մատնեն ինձ թաթարին, ես չեմ տրտնջալ, և ոչ էլ կհակառակեմ, միայն թե աղետը վերանա ժողովրդից... միայն թե նրա լացի ձայնը չհասնե իմ ականջին։ Ո՞վ է գալիս այստեղ։ (Նայելով վարագույրի ետևից) Հայրս և իշխանները. գալիս են խորհրդի, պահվիմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում... (մտնում է աջ դռան վարագույրի ետևը):

[ 62 ]


ՏԵՍԻԼ Բ
Զալալ, Զաքարե, Ներսեհ, Մամքան, Սմբատ,
Ումեկ, Պապաք։


ՈՒՄԵԿ․— (Ջալալին) Այսպես է, իշխան, դրությունը ծանր է, պետք է շտապել մի ելք գտնել։
ՋԱԼԱԼ․— (մտախոհ և տխուր) Պետք է շտապել, այո՛։ Բայց խնդիրն այն է, որ շտապելով էլ չենք կարող ելք գտնել։
ԶԱՔԱՐԵ․— Դանդաղելով նույնպես չենք շահիլ ոչինչ։
ՈՒՄԵԿ․— Ուրե՞մն։
ԶԱՔԱՐԵ․— Պետք է որոշենք թե' չարիքներից ո՞րն է փոքրագույնը, և այն էլ ընտրենք։
ՋԱԼԱԼ․— Թշնամու պահանջը պարզ է․ երկուսից մինը պիտի զոհենք՝ կա′մ ժողովուրդը, կա′մ իմ Ռուզանը։
ՄԱՄՔԱՆ․— (վշտանար) Իմ Ռուզա՞նը... Օ՜, մի ասեք այդ, մի արտասանեք նրա անունը։
ՋԱԼԱԼ․— Ուրեմն որոշեցեք, ո՞րն է փոքրագույնը... (ամենքը լուռ են): Ինչո՛՛ւ չեք խոսում... (դառը ժպիտով) Հո ամենքդ գիտեք, որ մի հատ ոսկին ավելի քիչ արժե, քան թե հազարը։
ԶԱՔԱՐԵ․— Եղբա՜յր իմ...
ՋԱԼԱԼ․— Անանիա Շիրակացին1 անշուշտ կտարակուսեր, եթե նրան ասեի թե՝ իմ մի ոսկին ավելի արժե, քան ուրիշների նման հազարը... Ւսկ դո՞ւք, դո՞ւք ինչ եք ասում։



1 - Հայտնի թվաբան յոթերորդ դարում։

[ 63 ]

ԶԱՔԱՐԵ․— Սիրելի եղբայր, ժողովուրդը նույնպես բաղկանում է իշխանի հարազատ որդիներից, հայրը չպետք է խտիր դնե յուր զավակների մեջ։

ՋԱԼԱԼ․— Ուրեմն, քո կարծիքով պետք է մեկը զոհել` որ հազարը փրկվի։
ԶԱՔԱՐԵ․— Արդարությունն ու պարտքս հրամայում են ասել այո′։
ՋԱԼԱԼ․— (եռանդով և վշտահար) Ուրեմն ե՛ս եմ միայն, որ մեղանչում եմ պարտքի և արդարաթյան դեմ... Օ՜ ինչպես հեշտ է դատապարտել... բայց եկեք առաջ կուրծքս պատառեցեք' հանեցեք այստեղից ծնողի սիրտը և նրա փոխարեն դրեք իշխանինը. այն ժամանակ գուցե հայրը չզգա ոչինչ, և իշխանն յուր դուստրը զոհե ժողովրդին է։ (դառնությամբ)․․․ Ո՞վ արդյոք ձեզնից կարող է բանալ այս տախտակն, որն աստված ամրեցրեց․․․
ԶԱՔԱՐԵ․— Հիշի′ր Հեփթայեին, սիրելի եղբայր..․
ՋԱԼԱԼ․— Հեփթայեն յուր աղջիկը զոհեց աստծուն, իսկ ես պիտի զոհեմ գարշելի թաթարին։
ԶԱՔԱՐԵ․— Այս զոհն էլ, անշուշտ, աստված է պահանջում։
ՄԱՄՔԱՆ․— (հուզված) Մի’ ասիր այդ, սիրելի տագր, աստված անիրավ զոհ չի պահանջիլ։
ԶԱՔԱՐԵ․— Նրա խորհուրդն անքննին է և կամքն անհասանելի։
ՋԱԼԱԼ․— Եթե անքննին է, ուրեմն չքննենք և դառնանք մեր խնդրին։ (դառնալով Ներսեհին): Դու ինչո՞ւ չես խոսում որդյա՛կ։
ՆԵՐՍԵՀ․— Ես սպասում եմ քո հրամանին։
ՋԱԼԱԼ․— Խոսի՛ր, հայտնի՛ր քո կարծիքը։ Եթե ես կորցնում, եմ իմ դուստրը, դու կորցնում ես քս կյանքի լուսատուն։
ՆԵՐՍԵՀ․— Երբե՛ք։ Ավելի շուտ Խաչենը դեպի ակունքը կդառնա, քան թե Ռուզանը կխլեն իմ ձեռքից։
ՋԱԼԱԼ․— Ի՞նչ անենք ուրեմն։
ՆԵՐՍԵՀ․— Պիտի մերժենք բռնավորի պահանջը։

[ 64 ]

ԶԱՔԱՐԵ․— Պիտի մերժե՞նք։

ՆԵՐՍԵՀ․— Բացեիբաց։
ՄԱՄՔԱՆ․— Օ՜ , այդպես խոսիր, սիրելի որդյակ...
ՈԻՄԵԿ․— Իսկ այդ մերժման հետևա՞նքը։
ԶԱՔԱՐԵ․— Կլինի այն, որ բռնավորը կհրամայե կապյալները կոտորել։
ՆԵՐՍԵՀ․— Մենք թույլ չենք տալ այդ։
ԶԱՔԱՐԵ․— Ի՞նչ կարող ենք անել։
ՆԵՐՍԵՀ․— Մեր ունեցած ուժերով կհարձակվենք նրա դեմ։
ԶԱՔԱՐԵ․— Բայց այդ ուժն հինգ հարյուր զինվորից ավելի չէ, մինչդեռ թշնամին մեզ պաշարել է տասնյակ հազարով։ Եթե նրա հարձակումն անակնկալ չիներ, մենք կարող կլինեինք դրսի ուժերը ժողովել և քաջաբար դիմադրել․ բայց նա հասավ անսպաս և փակեց մեզ այստեղ՝ ինչպես զնդանում։
ՆԵՐՍԵՀ․— Խոխանաբերդն ամուր է և ունի առատ պաշար։ Մեր զորքի մի քառորդը կարող է պաշտպանել նրան, իսկ մնացածով մենք անակնկալ թշնամու վրա կհարձակվենք և եթե չկարողանանք մեծ կոտորած անել, գոնե կպատառենք մեզ փակող շղթան և կանցնենք շուտով Խաչենի հովիտը։ Այնուհետև հեշտ կլինի զորք ժողովել գավառից և անընդհատ հարձակումով նեղել թշնամուն։
ՍՄԲԱՏ․— Մինչև այն էլ Գուգարքից իմ զորքերը կհասնեն, և դրացի իշխանները մեր շուրջը կժողովվին։
ՄԱՄՔԱՆ․— Եվ աստծու աջը զորավիգ կլինի ձեզ։
ԶԱՔԱՐԵ․— Սիրելի որդյակներս, Հայրենիքի համար կռվիլը և նրա ազատության զոհվիլը մեծագույն փառքն է աշխարհի մեջ։ Այդ ճիշտ է։ Բայց պետք է զոհել այնտեղ, ուր հույս կա փրկության, զոհն ապարդյուն է, եթե նա յուր ետևից բերում է միայն կորուստ և թշվառություն։ Մեր զորքերն, այո՛, կարող են բեկանել թշնամու շղթան. նրանք հաջողությամբ կելնեն նաև դաշտը, բայց նրանց կհետևի բազմաթիվ թշնամին։ Հինգ հարյուր զինվորը չէ կարող ճակատել մի բյուր զորքի դեմ. նա փախուստ կտա կամ իսպառ կջնջվի։ Բացի այդ, մենք զորաժողովի համար պետք ունինք ժամանակի․ մինչդեռ թշնամին կազմ է և պատրաստ․ նա ոչ միայն կխանգարե մեր զորք ժողովելն այլև Խաչենք կավերե հիմնովին. նա սուր կքաշե անպաշտպան ժողովուրդը և գյուղերն ամեն տեղ կդարձնե մոխրակույտ։ Այս ամենը պետք է դուք աչքի առաջ ունենաք։

[ 65 ]

ՋԱԼԱԼ․— Այդ ամենը, հարկավ, ես հաշվել էի վաղուց, այդ պատճառով էլ խոնարհեցա և իմ իշխանական հպարտությունը զոհեցի ժողովրդի փրկության։ Ես նվեր ղրկեցի թշնամուն իմ գանձի մեծ մասը և, իբրև հպատակ, խոստացա. հարկ տալ խանին. բայց նա այդ ամենը առ ոչինչ դրեց։

ԶԱՔԱՐԵ․— Այդպես արավ Ջոլան։ Բայց Բուրա-Նոլինը, որ ըստ երևույթին, ավելի իրավունքներ է վայելում, քան ծերուկ հորեղբայրը, խոստացավ ազատել ժողովուրդը սրածությունից և թողնել քեզ ազատ քո իշխանության մեջ․․․
ՋԱԼԱԼ․— Բայց դրա համար խնդրում է իմ դուստրը իբրև փրկանք։
ԶԱՔԱՐԵ․— Այո՛։
ՋԱԼԱԼ․— Օ՜, և ի՜նչ քիչ բան է խնդրում։ Եվ Հասան-Ջալալը պիտի ստորացնե իրեն ա′յն աստիճան, որ յուր իսկ ձեռով հանձնե թաթարին յուր հրեշտակ աղջկա՞ն։ Ոչ. այդ չի լինի։ Ես կամենում էի, արդարև, ձեր բոլորի խորհուրդը լսել, որպեսզի իմանայի, թե քանի՞սը ձեզնից իրավունք են տալիս հորը' պաշտպանել դստերը։ Այժմ գոհ եմ տեսնելով, որ միայն դո′ւ ես զլանում ինձ այդ իրավունքը, սիրելի եղբայր։ Եվ դու, իհարկե, կատարում ես քո պարտքը։ Բայց ես վճռել եմ. ես բաց աչքերով չեմ մատնիլ իմ գառը՝ անգութ գազանին, թող թաթարն յուր սուրը նախ այս կուրծքը խրե և ապա թե մարմնիս վրա կոխելով՝ իմ գանձն հափշտակե։
ՆԵՐՍԵՀ․— Մենք նրա սուրը կփշրենք յուր իսկ գլխի վրա։
ՍՄԲԱՏ․— Ուրեմն վճռված է, կանչենք թշնամու պատգամավորին և հայտնենք նրան մեր պատասխանը։
ՋԱԼԱԼ․— Հրամայի՛ր կանչել։

[ 66 ]

ՍՄԲԱՏ․— (գնալով դեպի ձախ դուռը և վարագույրը բանալով) Բարապա′ն, ներս բեր պատգամավորին։

ԶԱՔԱՐԵ․— Քանի դեռ ուշ չէ, նորեն մտածեցեք, ձեր պատասխանը տալուց առաջ թող խոհեմությունն առաջնորդե ձեզ։
ՋԱԼԱԼ․— Խոհեմությունը մինչև այժմ չօգնեց մեզ, եղբայր, գործենք այժմ անխոհեմությամբ. գուցե այդպիսով բախտը ծիծաղի մեզ։


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Աբու


ՋԱԼԱԼ․— (դառնալով Աբուին) Ի՞նչ է պահանջում ինձանից քո տերը։
ԱԲՈՒ․— Քո դուստր Ռուզանը իրեն կնության։
ՄԱՄՔԱՆ․— Թող պապանձվի այդ լեզուն...
ՆԵՐՍԵՀ․— (ձեռքը դեպի սուրը տանելով) Դժոխքն է խոսում այս։

ՋԱԼԱԼ․— Ասա’ այն բռնավոր գազանին, թե հենց այս րոպեին ես կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու, դեռ այնքան թույլ չեն մեր բազուկները, որ չկարողանան տապալել իրենց թշնամուն։ Գնա և հայտնիր այս քո տիրոջը։

(Աբուն դուրս է գնում):


ՆԵՐՍԵՀ․— (սուրը հանելով) Կեցցե՛ մեծ իշխանը, ահա իմ սուրը պատրաստ է նրան ծառայելու։
ԻՇԽԱՆՆԵՐ․— (բոլորը միասին վեր կենալով և սրերը հանելով) Կեցցե' մեծ իշխանը, ահա′ և մենք՝ պատրաստ նրա հրամանին։
ՋԱԼԱԼ․— Օ՛ն ուրեմն, հառա՜ջ, իշխաններ, հրամայեցեք բանալ բերդի դռները, թող մեր զորքերը հետևին մեզ իսկույն։ Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռին և կռվի դաշտի վրա։ Անարգ կյանքից ավելի՝ ազատ մահն է գովելի․ հաոա՜ջ, քաջերս։ (Բոլորը պատրաստվում են ելնելու):

[ 67 ]


ՏԵՍԻԼ Դ
 Առաջիններն և Ռուզան


ՌՈԻԶԱՆ․— (դուրս գալով աջ դռան վարագույրի ետևից)։ Կացե՛ք, հայր իմ։

ՋԱԼԱԼ.— (ցնցվելով) Աղջիկս․․․

(բոլորը միաբերան)

ՆԵՐՍԵՀ.— Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ— (ցնցվելով) Աղջի՛կս․․․

ՌՈՒԶԱՆ.— (բոլորին) Ո՞ւր եք դիմում, իշխաննե՛ր։

ՋԱԼԱԼ.— Թշնամու դեմ, որդյա՛կս։
ՌՈՒԶԱՆ.— Ես չի պիտի թողնեմ։
ՋԱԼԱԼ.— Հազար կապյալներ պիտի զոհվին այնտեղ՝ եթե մենք ուշանանք։
ՌՈՒԶԱՆ.— (հանդիսավոր) Գիտեմ. բայց նրանց ես պիտի ազատեմ։
ՋԱԼԱԼ.— Օ՜հ, աղջիկս․․․
ՆԵՐՍԵՀ.— Ռուզա՛ն, ի՞նչ ասացիր։
ՄԱՄՔԱՆ.— Ի՛նչ եմ լսում։ (Դիմում է դեպի Ռուգանը): Դստրի՛կս, ի՞նչ ես խոսում։
ՌՈՒԶԱՆ.— Ի՞նչ, մի՞թե կարծում էիք, թե ձեր խռովության ու վրդովման պատճառները գաղտնի պիտի մնային ինձնից։ Ես բոլորն իմացա։ Թեպետ ինձ արգելեցիք ներկա լինել ձեր խորհրդարանում. սակայն ա՛յս հասարակաց աղետի ժամանակ՝ ես չէի կարող ձեր հրամանը ճշտությամբ կատարել։ Ես պահվեցա այո վարագույրի ետև (ցույց է տալիս աջ դռան վարագույրը) և բոլորը լսեցի։ Ես գիտեմ թե ո՞վ է այն անձն, որ Համտուն իշխանի սրտում դավաճանություն է հղացել, թե ո՞վ է նա, որ բռնավոր Ջոլայի՝ մեր երկիրը արշավելուն պատճառ է դարձել և որ հազար անմեղ կապյալների կոտորելուն էլ պատճառ պիտի դառնա... այդ թշվառն ես եմ. ես ինքս էլ, ուրեմն, իրբև հանցավոր, պատիժը կկրեմ։
ՋԱԼԱԼ.— Աղջի՛կս, ի՜նչ ես կամենում անել։
ՌՈՒԶԱՆ.— Ես պարզ խոսեցի, տիրեցյալ հայր. ես պիտի զոհվիմ. ինձ պիտի ղրկեք թշնամու բանակն և հանձնեք բռնավորին, որովհետև քո իշխանության և ժողովրդի բախտն այդ անձնազոհությունից է կախված։ Իսկ ես այնքան թուլասիրտ չեմ, որ իմ հայրենիքին այսպիսի մի զոհ բերելու համար վայրկյան անգամ տատանիմ։ Ես վճռել եմ։

[ 68 ]

ՋԱԼԱԼ.— Երբեք, ես այդ չեմ անիլ։

ՌՈՒԶԱՆ.— Բայց, հայր իմ, եթե դու չանես, ես պարտավոր եմ անել և դրա համար արդեն քո հրամանն ունիմ։ Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ՝ սիրել հայրենիքը իմ անձից ավելի, և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին։ Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու․ մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես․․․
ՄԱՄՔԱՆ.— Ա՜հ, բավական է, Ռուզա՛ն, մի՛ խոսիր, ես ցնորվում եմ․․․
ՌՈՒԶԱՆ.— Քո մի հատիկ դստեր համար ես ցավում, մայր իմ, այնպես չէ՞... Հապա ի՞նչ անեն ա՛յն հարյուրավոր մայրերը, որոնց որդիները մի քանի ժամից պիտի զոհվին անգութ դահիճների սրին։ Ի՞նչ պիտի անեն այն հարյուրավոր հարսունք, որոնք մի ժամից պիտի այրիանան։ Ո՞վ պիտի խնամե և մխիթարե այն հազարավոր մանուկներին, որոնք մի օրում պիտի որբանան․․․ Մի՞թե արդարություն է, որ այսքան հոգիները քո դստե՞րը զոհվին։ Ավելի լավ չէ՞, որ դրանց բոլորին ազատելու համար զոհվիմ միայն ես։ Եվ մի՞թե դո՛ւք, որ ազգի տերն եք ու պաշտպանը, պիտի զլանա՞ք նրան այդ կարևոր շնորհը։
ՋԱԼԱԼ.— (ձեռքով ճակատը բռնելով) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ինձ դրել ես երկու սրի մեջ՝ մեկը մյուսից սայրասուր։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը առնում ձեռների մեջ):
ՌՈՒԶԱՆ.— Ուրեմն վճռված է. դուք սիրտ չունի՞ք ինձ հրամայելու. ես ինքս կերթամ. թող պատգամավորը ինձանից առաջ չհասնե յուր տիրոջ մոտ։ (Կամենում է դուրս գնալ):

[ 69 ]

ՄԱՄՔԱՆ.— (մոտենալով և Ռուզանի թևն առնելով) Ռուզան, դստրիկս։

ՌՈՒԶԱՆ.— (քնքշաբար մորը հեռացնելով) Ա՜հ, մայր իմ, մի՛ խանգարիր ինձ, աղաչում եմ...
ՄԱՄՔԱՆ.— (ավելի մոտենալով և գրկելով Ռուզանին) Ոչ, Ռուզան, ոչ, քեզ չպիտի թողնեմ, քեզ այսպես պիտի գրկեմ, իմ կուրծքը քեզ համար պատնեշ պիտի շինեմ․ թող թափվին ինձ վրա բռնավորի դահիճներ․ թող նրանք առաջ ինձ մաս֊ մաս կտրտեն և ապա թե քեզ իմ գրկից խլեն։ Ես բաց աչքերով չի պիտի տեսնեմ քեզ գերի՝ անհավատ բռնավորի ձեռքում, քե՛զ, Ռուզա՛ն, որին վարդի պես պահել, վարդի պես մեծացրել եմ. դու պիտի խնայես մորդ, որի աչքերի լույսն ես, Ռուզան...
ՌՈՒԶԱՆ.— Ա՜հ, մայր իմ, մայր իմ... դու մորմոքում ես իմ սիրտը, դու թուլացնում ես իմ արիությունը...
ՄԱՄՔԱՆ.— (աղաչավոր ձայնով դեպի իշխանները) Իշխաններ, դուք կանգնել եք անգործ, մի՞թե չեք զգում մեր թշվառության ծանրությունը, փութացեք, գործեցեք՝ ինչ
որ կարող եք...
ԻՇԽԱՆՆԵՐ.— (առաջ շարժվելով) Մենք սպասում ենք մեծ իշխանի հրամանին։
ՌՈՒԶԱՆ.— (հրամայաբար) Թող ոչ ոք ձեզանից առաջ չշարժվի։
ՄԱՄՔԱՆ.— (հուսահատ ձայնով) Ռուզա՛ն... աղջի՛կս... (թուլացած նստում է աթոռին):
ՆԵՐՍԵՀ.— (առաջ գալով) Ռուզա՛ն, ես մինչև այժմ լռեցի, որովհետև չի պիտի կարենայի ազդել քեզ վրա ավելի, քան կարող էին ազդել մի հոր վշտահար դեմքը և մի թշվառ մոր աղաչավոր լեզուն։ Բայց որովհետև դու անդրդվելի ես մնում այդ հսկա ուժերի առաջ, ուրեմն ես այլևս չի պիտի աշխատեմ քո սիրտը շարժելու։ Ես չի պիտի խոսեմ մեր բարեկամության վրա, մեր ջերմ և անզուգական սիրո վրա, որին ուխտել ենք հավատարիմ մնալ մինչև ի մահ, այլ միայն պիտի աղաչեմ, որ մի փոքր համբերես։ Ես այս րոպեին իմ քաջերով կթռչեմ դեպի այն հանդիսավայրն, ուր հազար կապյալներն են․ ես կջնջեմ այդ զոհերի դահիճների խումբը, ես կազատեմ նրանը...

[ 70 ]

ՌՈԻԶԱՆ․— (ընդհատելով) Իսկ դրան հետևող կրկնապատիկ թշվառությո՞ւնը, իսկ թշնամու ահագին բանա՞կը։

ՆԵՐՍԵՀ․— Ես դրանց դեմ ոտքի կհանեմ բոլոր Արցախը․ գեղացիների բրերով միայն կջնջեմ այն բանակն, որ դու ահագին ես անվանում։ Չանցած մի քանի օր, և Ջոլայի զորքերը անհետացած կլինեն մեր սահմաններից։
ՌՈԻԶԱՆ.— Դու այդ չես կարող անել, սիրելի Ներսեհ։
ՆԵՐՍԵՀ..— Եթե դժոխքի կատաղիներն անգամ զինվեն իմ դեմ, ես չի պիտի հաղթահարվիմ։ Այս կուրծքի մեջ, ուր բաբախում է մի սիրտ քեզ սիրելու համար, սնանում է և մի առյուծ՝ քեզ պաշտպանելու համար։ Քանի դեռ շնչում եմ, քանի դեռ արյուն է վազում իմ երակներում, և քանի այս բազուկը կորովի է, ես թույլ չեմ տալ, որ բռնավորի պիղծ ձեռքերը մոտենան քեզ։ Բայց երբ ես անկարող կլինեմ քո անիրավ ճակատագիրը ջնջելու, երբ ես իմ քաջերով կընկնեմ պատերազմի դաշտում, այն ժամանակ, Ռուզան, ազգի փրկության սեղանի վրա դու կհանես քո ողջակեզը։ Ուրեմն դեռ այժմ մենք կերթանք գործելու։ (Շարժվում է դեպի առաջ):
ՌՈԻԶԱՆ.— (հրամայաբար) Ներսե՛հ։ (Ներսեհը կանգ է առնում, Ռուզանը շարունակում է մեղմով): Ներսեհ, իմ հոգվո անգին հատոր, գիտես, որ քեզ սիրում եմ. սիրում եմ իմ բոլոր հոգվով, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Մինչև այսօր դու էիր իմ մտածմունքը, դու էիր իմ հրճվանքը, դու էիր իմ սիրո և հիացման առարկան... օ՜, հիշում եմ ինչպե՜ս մեր անուշ զրույցների և զբոսանաց ժամերում՝ ինձ թվում էր, թե աշխարհն էլ չունի վշտեր, թե ցավերն ու չարիքները վերացել են երկրից։ Ինչպե՛ս ես քեզնով հպարտանում էի և քո ապագա կենակցությունն ինձ հետ՝ համարում բախտի մեծագույն մի շնորհ. զի հավատում էի՝ թե այդ միությամբ մեզ համար պիտի բացվի երջանկության այն աղբյո՛ւրն, որից հավասարապես պիտի օգտվենք թե՛ մենք, թե՛ մեր հարազատները և թե ժողովուրդը... Բայց ահա՛ աստված տնօրինեց այլ կերպ։ Նա փակեց մեր առաջ երանության դուռը և բացավ փորձության մի փշալից ճանապարհ, որով պիտի անցնենք։ Անցնենք, ուրեմն, առանց դժգոհության, զի ոչ ոք կարող է աստծո խորհուրդները քննել կամ գուշակել թե՝ այս ամենը չի իսկապես բարիք, որ նա ղրկել է մեզ վշտերի կերպարանքով... Խոնարհե՛նք նրա սուրբ կամքի առաջ և մեզ վիճակված դառն բաժակը քամենք կամակար։ Իրա՛վ, սա մեր սրտին կբերե տանջանք, բայց և ժողովրդին կտա փրկություն։ Ուրեմն և դու, սիրեցյալդ իմ, քաջացիր և կրիր քո բաժին զրկանքն և հենց այդ զրկանքում քո վարձը որոնիր, զի մեզնից ոչ ոք ունի իրավունք՝ Ժողովրդի ազատությունն յուր բախտին զոհելու։

[ 71 ]

ՆԵՐՍԵՀ.— Ես բախտ չեմ որոնում, ով աննման կույս, բայց իբրև հայ զինվոր՝ պարտավոր եմ հայ կնոջ մեջ՝ հայ անվան պատիվը պաշտպանել։

ՌՈՒԶԱՆ.— Այդ պարտքը ես կվճարեմ․ զի իմ վճիռն անդարձ է, ինչպես զոհի վերջին շունչը, որ նա ավանդում է մահու թագավորությանը... Ուրեմն կացեք բարյավ և մ՛ի խանգարեք ինձ (պատրասավում է դուրս գնալու):
ՋԱԼԱԼ․— Աղջիկս․․․
ՄԱՄՔԱՆ.— Ռուզան...
ՍՄԲԱՏ.— (առաջանալով) Իշխանուհի, դու կապտում ես մեր սրբազան իրավունքն, արգելելով մեզ կատարել մեր պարտքը․ մի՛ թույլ տար, աղաչում եմ, որ զինվորի սուրը կարմրի ամոթից։
ՌՈՒԶԱՆ.— Ժամանակն անցնում է, իշխաններ, մի խանգարեք ինձ։ Զինվորի պատվասիրությունը ստիպում է ձեզ կռվել․ գիտեմ, բայց դա կլինի մի չարիք, որ դուք կգործեք, և որին կհետևե ավելի մեծ թշվառություն։ Զեր ունեցած ուժին ես ծանոթ եմ քաջապես։ Զաքարե հորեղբայրս ամեն ինչ խոսեց, ես ամեն ինչ լսեցի։ Դուք չպիտի կարենաք դիմադրել թշնամուն, ուրեմն և հուսահատ փորձի մի՛ դիմեք։ Ես չեմ ՛կամենում, որ իմ պատճառով զոհերի թիվն ստվարանա. թողեք ինձ... (Հեռանում է դեպի դուռը):

[ 72 ]

ՄԱՄՔԱՆ.— (Ճչալով) Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ.— (բարկությամբ) Կա՛ց Ռուզան, հրամայում է հայրդ։
ՌՈՒԶԱՆ.— (արտասվալից ձայնով) Բայց կանչում են կապյալները...
ՆԵՐՍԵՀ.— (առաջն առնելով) Ես դեռ մեռած չեմ, Ռուզա՛ն։
ՌՈՒԶԱՆ.— (կանգնելով դռան առաջ, դեմքը դեպի բեմը ձեռքը հրամայաբար դեպի Ներսեհը պարզելով) Մի քայլ անգամ չհամարձակվես փոխել... (Պատկեր):


Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Ամրոցի մատուռի սյունազարդ գավիթը, որի վրա բացվում է մատուռի դուռը:

ՏԵՍԻԼ Ա
Պապաք և Թենի


ՊԱՊԱՔ.— Ռուզանն իմաստուն որոշումն էր արել երկիրը թշնամուց ազատելու համար. բայց հայրն արգելեց նրան այդ որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ.— Այդ ես իմացա և չեմ մեղադրում իշխանին․ ոչ մի ծնող չի հրժարիլ յուր սիրած աղջիկը մատնել թշնամուն։
ՊԱՊԱՔ.— Բայց միևնույն է, թշնամին վերջ ի վերջո կտիրանա նրան։

[ 73 ]

ԹԵՆԻ.— Կտիրանա՞։ Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ.— Իշխաններն արդեն ելնում են Ջոլայի դեմ. այդ կնշանակե՝ թե նրանք գնում են ուղղակի մահվան առաջ, վասն զի թշնամին բազմաթիվ է և մեր հինգ հարյուրին կջարդե մի ժամում։ Այնուհետև նա բերդը ամեն կողմից կպաշարե և կառնե անաշխատ։ Այստեղ գտնվողներին, իհարկե, սուր կքաշե, իսկ Ռուզանին կտանե յուր հետ։
ԹԵՆԻ.— Դու սարսափեցնում ես ինձ, իշխան։
ՊԱՊԱՔ.— Այո՛, ա՛յդ կլինի մեր ճակատագիրը, ամենքին կկոտորեն։
ԹԵՆԻ.— Ամենքի՞ն, և նույնիսկ կանա՞նց։
ՊԱՊԱՔ.— Կանանցից երիտասարդներին գուցե գերի տանեն, բայց պառավներին մյուս աշխարհը կուղարկեն։
ԹԵՆԻ.— (սարսափահար) Ի՞նչ անենք, ուրեմն, իշխան, փրկության մի ճանապարհ չորոնե՞նք։
ՊԱՊԱՔ.— Փրկության միակ ճանապարհը կլինի այն, որ գտնվի մեկը, որ հորդորն Ռուզանին յուր որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ.— Ի՞նչ հարկավոր է հորդորել, քանի որ նա ինքը պատրաստ է զոհվելու. բանն այն է, որ նրան արգելում են։
ՊԱՊԱՔ.— Նա կարող է փախչել։
ԹԵՆԻ.— Բայց բերդի դռները փակված են ամուր, իսկ ամեն ելքի մոտ դրված են պահապաններ։
ՊԱՊԱՔ.— Այս մատուռի ավանդատունն ունի մի պատուհան, որ նայում է դեպի կաղնիների անտա՛ռը։ Այդ պատուհանից հեշտությամր կարելի է իջնել։
ԹԵՆԻ.— (մտածելով) Այդտեղ, արդարև, կա այդպիսի մի ելք։
ՊԱՊԱՔ.— Հայտնի՛ր այս մասին օրիորդին։
ԹԵՆԻ.— Հայտնե՞մ...
ՊԱՊԱՔ.— Այո՛, անպատճա՛ռ. և քանի շուտ՝ այնքան լավ։
ԹԵՆԻ․— (տարակուսելով) Բայց...
ՊԱՊԱՔ.— Չպետք է տարակուսել և ոչ էլ ուշացնել։ Մի փոքր ժամանակից Ռուզանը կգա այստեղ, որովհետև հայրը' արգելելով նրան յուր որոշումն իրագործել, իրավունք տրվավ միայն իջնել այս մատուռը և աղոթել։ Ուրեմն ուր որ է՝ նա կգա. աշխատիր խոսել հետը իսկույն։

[ 74 ]

ԹԵՆԻ.— Բայց, իշխան, այդ ես չեմ կարող անել, լեզուս չի զորիլ...

ՊԱՊԱՔ.— (վճռաբար) Խոսի՛ր ասում եմ, ցո՛ւյց տուր ճանապարհը. հակառակ դեպքում մենք ամենքս կորած ենք։ Ահա' և օրիորդը (ցույց տալով գավթի մի կողմը), գալիս է նաժշտի հետ. աշխատի՛ր առաջ հեռացնել այդ աղջկան, ապա խոսիր հետն առանձին։ Ես կերթամ իշխանների մոտ, գուցե կարողանամ համոզել նրանց՝ ուշացնել հարձակումը։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ
Թենի (միայնակ)


(Նայելով դեպի Ռուզանի կողմը) Խեղճ աղջիկ. գալիս է աղոթելու... որքա‘ն վշտահար է... Բայց ի՞նչ անեմ, խոսե՞մ արդյոք. ցո՞ւյց տամ փախստյան ճանապարհը... Սա, արդարև, կլինի մի բարիք բոլոր երկրի համար... Բայց եթե հանկարծ իմանա՞ն.,.. Ո’հ, սիրտս ճմլվում է. չգիտեմ ի՞նչ անեմ, խղճում եմ այս հրեշտակին... Բայց Պապաքն ասաց՚ թե մեզ բոլորիս կկոտորեն... այդ հո ավելի սարսափելի է...


ՏԵՍԻԼ Գ
Նույն, Ռուզան և Շանույշ


ԹԵՆԻ.— (աառաջանալով դեպի Ռուզանը) Իմ բարի զավակս..
ՌՈՒԶԱՆ— Դու այստե՞ղ ես, մայր Թենի, չէի կասկածում․ անշուշտ աղոթում էիր խեղճ կապյալների համար։

[ 75 ]

ԹԵՆԻ.— Այո՛, զավակս։

ՌՈՒԶԱՆ.— (Շանույշին) Շանուլշ, դու գնա’. ես կաղոթեմ և կվերադառնամ Թենիի հետ։
ՇԱՆՈԻՅՇ.— Թող աստված լսե քո աղոթքը, իմ բարի տիրուհի։ (Հեռանում է) :


ՏԵՍԻԼ Դ
ԹԵՆԻ և ՌՈՒԶԱՆ


ՌՈՒԶԱՆ.— (հուզված) Թենի, մա՛յր Թենի, այս ի՛նչ վիշտ հասավ մեզ... ամեն բան իմացար, այնպես չէ՞...
ԹԵՆԻ.— Այո՛ զավակս...
ՌՈՒԶԱՆ.— Այժմ ասա՛, ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ իմ դժբախտ գլուխը ողբալու համար։
ԹԵՆԻ.— Հանգստացիր, որդյակս, աստված ողորմած է. նա չի զլանալ մեզ յուր օգնությունը:
ՌՈՒԶԱՆ.— Հանգստանա՞մ... օ՜, մի ասիր այդ, Թենի, ինչպե՞ս կարող եմ ես հանգստանալ, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից մահն իմ պատճառով յուր ահռելի շնչով պիտի մոտենա հազար անմեղների, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից բյուր հայի բերան անեծք պիտի կարդա իմ անվան... Օ՜, ինչո՛՛ւ մայրս ինձ ծնեց. ինչո՞ւ ինձ կյանք տվող վայրկյանը՝ չեղավ ինձ մահաբեր... իսկ այժմ ինչո՞ւ արգելեցին ինձ. ինչո՞ւ թույլ չավին այս թշվառությունը բառնալու... Մի՞թե ես կկամենայի մատնել ինձ գազանին, եթե չիմանայի, թե իմ հայրն անզոր է՝ յուր երկիրը փրկելու։
ԹԵՆԻ.— Սիրելի զավակս, դու, արդարև, կամեցար բարի գործ կատարել, քո զոհն, անշուշտ, հաճելի կլիներ աստծուն. բայց ի՞նչ արած, ծնողների սիրտն էլ քարից չէ տաշած, նրանք չէին կարող թույլ տալ քեզ՝ այդ անել։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ դու, մայր Թենի, չէ՞ որ այս զոհը կարևոր ես համարում։

[ 76 ]

ԹԵՆԻ.— Անշուշտ, որդյակս, լավագույն է, որ մարդ ինքը միայն մեռնի, քան յուր պատճառով հազարավորներ։

ՌՈՒԶԱՆ.— (փարվելով Թենիին) Օհ, շնորհակալ եմ, մայր Թենի. ուրեմն դու ինձ կօգնես այս սուրբ գործի մեջ, այնպես չէ՞։
ԹԵՆԻ.— Կօգնե՞մ... ինչո՛՛վ, աղջի՛կս։
ՌՈՒԶԱՆ.— Ցույց կտաս ինձ մի փախստյան ճանապարհ...
ԹԵՆԻ— (ինքն իրեն) Անշուշտ աստված է կամենում, որ այս աղջիկը զոհվի։ (Ռուզանին) Փախստյան ճանապա՞րհ... ի՞նչ ես խոսում, զավակս, մի՞թե կարող եմ։
ՌՈՒԶԱՆ.— Աղաչում եմ Թենի, ի սեր աստծո, ի սեր այն խաչին, որի վրա Փրկիչը բարձրացավ. խոսի՛ր, ցույց տուր ինձ մի ելք. դու ավելի տեղյակ ես ամրոցի անցքերին. իմ սիրտը հուզված, ուղեղը շփոթված է. ես ոչ մի ելք չգիտեմ...
ԹԵՆԻ.— Աղջիկս, դու ինձ երդվեցրիր զարհուրելի երդումով, պիտի կատարեմ խնդիրդ...
ՌՈՒԶԱՆ.— Պիտի կատարե'ս. բարի. ուրեմն խոսի՛ր, ասա՛, ո՞րտեղից կարող եմ ես ելնել։
ԹԵՆԻ.— Այս մատուռի ավանդատունը ունի մի պատուհան, որ հանում է դեպի կաղնիների անտառը։ Իսկ այդտեղից մի կածան իջնում է ուղղակի թշնամու բանակը...
ՌՈՒԶԱՆ.— (ուրախացած) Ա՜հ, հիշում եմ, իրավ որ այդտեղ կա մի ցածուն պատուհան։ Շնորհակալ եմ, մայր Թենի, անհուն շնորհակալ։ Դու ուրեմն ճանապարհը բացիր ինձ համար և իմ հոր ժողովուրդն ազատված է քո շնորհիվ... Օրհնյալ է աստված, որ ողորմեց մեզ յուր անհուն ողորմությամբ։ Բայց քեզնից, մայր Թենի, ունեմ դարձյալ մի խնդիր։
ԹԵՆԻ.— Դարձյալ մի խնդի՞ր։
ՌՈՒԶԱՆ.— Ամենավերջինը...
ԹԵՆԻ.— Ի՞նչ, սիրելի՛ս...
ՌՈՒԶԱՆ— Տուր ինձ քո ա՛յն մատանին, որի մեջ ասում էիր, թե թույն կա պահված։

[ 77 ]

ԹԵՆԻ․— (նայելով մատի վրա մատանուն) Այս մատանի՞ն, բայց ինչո՞ւ է պետք։

ՌՈՒԶԱՆ․— Տո՛ւր ինձ, աղաչում եմ, դա կարող է ինձ փրկել։
ԹԵՆԻ․— Փրկե՞լ, ինչի՞ց։
ՌՈՒԶԱՆ․— Դժոխքից, գեհենի կրակներից։
ԹԵՆԻ․— Չեմ հասկանում խոսքերդ։
ՌՈՒԶԱՆ․— Օ', շո՛ւտ, ժամանակն անցնում է։
ԹԵՆԻ․— (անզգայաբար հանելով մատանին և տալով Ռուզանին) Ահա՛, բայց ասա’, ինչի՞ համար ես ստանում այն։
ՌՈՒԶԱՆ․— (արագ քրքրելով մատանու պսակը) Ասում էիր, որ այստեղ, այս գոհարի տակն է պահված, այնպես չէ՞։
ԹԵՆԻ․— Այո այդտեղ կա զորեղ մահաթույն, բայց ինչո՞ւդ է պետք այն։
ՌՈՒԶԱՆ․— (պահելով մատանին) Ա՜հ, շնորհակալ եմ քեզանից, մայր Թենի։ Երբ իմ զոհաբերության գնով փրկված կլինի այս երկիրը, ա՛յն ժամանակ ես կօգտվիմ քո այս նվերից՝ անհավատ գազանին չմատնվելու համար․․․ այժմ մնաս բարով։ (Շտապով մտնում է մատուռը և դուռը ետ դնում):
ԹԵՆԻ․— Բայց դու.. իշխանուհի..․


ՏԵՍԻԼ Ե
Թենի (Միայնակ)


Չլսեց, աստված իմ... (Շվարած): Ի՜նչ արի ես, արդյոք չսխալվեցա՞, արդյոք նա չշփոթեցրե՞ց ինձ... Մի՞թե ցույց պիտի տայի ճանապարհը․․․ բայց Պապաքն ասաց, թե մեր բոլորի փրկությունը կախված է նրա զոհաբերությունից։ Այո՛, այդպես է. բայց մատանի՜ն․ մի՞թե պետք է տայի նրան։ Արդյոք դրանով մի ոճիր չգործեցի... (Մտածում է) Կարծեմ՝ ոչ. ընդհակառակն․․․ եթե Ռուզանը զոհում է իրեն՝ մեզ ազատելու համար, ապա ես էլ ազատում եմ նրա արդար հոգին։ Թող ուրեմն իմ խիղճը չտանջե ինձ իզուր...


Վարագույր


[ 78 ]


ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Մի մացառուտ լեռան զառիվայր ստորոտ, որ ծածկված է ծառերով, թուփերով և տեղ-տեղ՝ մեծամեծ ժայռերով: Լեռան կատարին երեում է Խոխանաբերդը' բարձր պարիսպներով և հզոր աշտարակներով:


ՏԵՍԻԼ Ա
Շանույշ և Սուրիկ (միմյանց հանդիպելով)


ՍՈՒՐԻԿ.— Շա՚նույշ, դո՞ւ էլ եկար տիրուհուն պտրելու։
ՇԱՆՈՒՅՇ.— Այո՛ՙ Սուրիկ. սիրտս չհամբերեց. ես էլ եկա նրան որոնելու։
ՍՈՒՐԻԿ.— Նա այստեղից չէ անցել, հավատացած եմ, ես այնպիսի ճանապարհով իջա, որ ամբողջ զառիվայրը կարող էի տեսնել, բայց օրիորդն իմ աչքին ոչ մի տեղ չերևաց։
ՇԱՆՈՒՅՇ.— Ինձ թվում է թե՝ նա մոլորվել է մացառուտում։
ՍՈՒՐԻԿ.— Գուցե, բայց և այնպես նա չի ազատվիլ մեր ձեռքից. հետամուտները շատ են. ուր որ է նրա առաջը կառնեն։
ՇԱՆՈՒՅՇ.— Իսկ եթե նա արդեն հասած լինի բանա՛՛կը։
ՍՈՒՐԻԿ.— Այն ժամանակ արդեն գործը կդժվարանա, մենք չենք մոտենալ բանակին։
ՇԱՆՈՒՅՇ.— Ուրեմն ժամավաճառ չլինենք, անցնենք զատ-զատ կողմեր, գուցե մեզանից մեկին հաջողի պատահել նրան։
ՍՈՒՐԻԿ.— Անցնենք: (Բաժանվում են աջ ու ձախ):

[ 79 ]


ՏԵՍԻԼ Բ
Շանույշ և Ռուզան


Ռուզանը երևում է զառիվայրի բարձրում, որտեղից նա ժայռերն ու թուփերը բռնելով իջնում է դեպի վայր, հերարձակ, շտապ քայլերով և երկյուղագին այս ու այն կողմը նայելով. բեմը դատարկ է:
ՇԱՆՈՒՅՇ.— (վերադառնալով) Ոչ մի տեղ չէ երևում։ Այս կողմը (ցույց է տալիս եկած կողմը) քարաժայռնրն են և նրանց ներքևը՝ սարսափելի անդունդ. ոչ ոք այդտեղից անցնել չի կարող։ Իսկ այստեղից (ցույց է տալիս հակառակ կողմը) սկսում է մեծ հովիտը, որի վրա բանակած է թշնամին։ Եթե մի քայլ այն կողմն անցնեմ, նրա դժոխային գունդերը կերևան։ Ինձ մնում է եկածս ճանապարհով կրկին վերադառնալ (պատահմամբ նայում է բարձր և տեսնում է (Ռուզանին): Ահա նա... ահա՜... Ո՞հ, աստված իմ, շնորհակալ եմ քեզանից... տե՛ս ինչպե՞ս աներկյուղ դիմում է նա դեպի յուր դահիճը։ Ծածկվիմ այստեղ, մինչև նա կիջնե։ (Քաշվում է մացառի ետևը): Ո՛հ, աստված իմ, խնայիր նրան, ուժ տուր իմ բազուկներին՝ զորով դարձնել նրան յուր ծնողների գիրկը։
ՌՈՒԶԱՆ.— (իջնելով դեպի բեմը և մի քանի քայլ մնացած՝ կանգ առնելով զառիվայրի վրա) Ինձ չէին կամենում թողնել, ինձ արգելում էին. իմ պատճառով ուզում էին Ժողովուրդը զոհել և սգո մեջ թողնել բյուրավոր ընտանիքներ։ Ո՛չ. այդ բոլորի փոխարեն նշանակված զոհը ես եմ և ես միայն կզոհվիմ։ Մի քանի վայրկյան ևս, և ես կհասնեմ թշնամուն, իմ ձեռքը կտամ բռնավորին և սրա փոխարեն կստանամ իմ հոր և յուր ժողովրդյան ազատությունը․․․

[ 80 ]

Իսկ այնուհետև անելիքս որոշված է. այդ մասին այլևս մտածելիք չունիմ… Բայց… (տատանվելով որոշման մեջ): Ո՜հ, ինչպե՜ս դժվար է՝ թողնել իմ ետևից մայրս կիսամեռ, հայրս սգավոր, փեսաս սրտաբեկ… հեռանալ սիրելիներից․ հեռանալ հայրենիքից… և այս ծաղիկ հասակում խամրիլ խորշակահար… Ա՜հ, ծնկներս ծալվում են... (բռնում է ծայրից): Աստվա՜ծ իմ, ուժ տուր ինձ. արիացրո՛ւ ինձ՝ այս լուծը մինչև ի վերջ տանելու… (հեկեկում է և ապա մի քանի քայլ առաջանալով՝ բացականչում): Բայց ի՞նչ եմ անում… Ինչո՞ւ եմ ուշանում․ չէ որ բանբերից առաջ պիտի հասնեմ զոհերին… (առաջանում է դեպի այն կողմը, ուր պահված է նաժիշտը):

ՇԱՆՈՒՅՇ.— (պահված տեղից ելնելով) Բայց ես չի պիտի թողնեմ, տիրուհի։
ՌՈՒԶԱՆ.— (վեր թռչելով) Ա՜հ, Շանո՛ւյշ, դու այստե՞ղ ես. այդ ինչպե՞ս եկար և ինչո՞ւ։
ՇԱՆՈՒՅՇ․— Ո՜հ, տիրուհի, դու չի պիտի գնաս թշնամու մոտ, դու պիտի խղճաս քո ծնողներին։
ՌՈՒԶԱՆ.— Այդ դո՞ւ պիտի սովորեցնես ինձ, խե՜ղճ աղջիկ։ Դարձիր ամրոցն առանց ուշանալու․ դու այնտեղ կհարկավորվիս։
ՇԱՆՈՒՅՇ.— Բայց ո՞ւմ պիտի հարկավորվիմ. իմ միակ տիրուհին այստեղ է. ես եկա նրան ծառայելու․ ես նրան պիտի օգնեմ ամրոցը բարձրանալու։
ՌՈՒԶԱՆ.— Այդ նեղությունը քեզ չի պիտի տամ, Շանույշ, դարձի՛ր, ասում եմ քեզ. մի՛ ուշացնիր ինձ։ Մինչև թշնամուն հասնիլը դեռ բավական ճանապարհ կա. մի փոքր ևս և բանբերը կհասնե բռնավոր տիրոջ մոտ, և կապյալները սրո կերակուր կդառնան․ թող որ շտապեմ նրանց ազատելու։
ՇԱՆՈՒՅՇ.— Եվ քեզ գազանին մատնելու, այնպես չէ՞. ո՜հ ոչ. չեմ կարող․ թույլ չի պիտի տամ։ Եվ եթե ինձ չլսես… (Ընկնում է ծնկան վրա և բռնում է Ռուզանի ոտքերից), այսպես պիտի ընկնեմ քո առաջ․ պիտի փարեմ քո ծնկներով, պիտի արգելեմ քեզ։

[ 81 ]

ՌՈՒԶԱՆ.— (աշխատելով հեռացնել նրան) Հեռո՞ւ... Անխոհեմ աղջիկ. ինձ չկարողացան արգելել իմ ծնողների արտասվալից աչքերը, և այժմ դո՞ւ պիտի արգելես. հեռո՞ւ ասում եմ քեզ: (Հեռացնում է նրան):

ՇԱՆՈՒՅՇ.— Բայց դու չգիտես, տիրուհի, թե ի՜նչ հանցանք ես գործում նրանց դեմ. թե ի՜նչ թշվառություն ես բերում նրանց գլխին... Եթե տեսնեիր, թե ինչպե՜ս էր կոծում մայրդ և դառն արցունքներ թափում... Եթե տեսնեիր, թե ինչպես ողբում էր հայրդ, և ինչպե՜ս լալիս ու ճիչեր էին արձակում քույրդ, փոքր եղբայրներդ, և ամրոցը դղրդում էր նրանց հեկեկանքների ձայնից...
ՌՈՒԶԱՆ— (արտասվահույզ) Ա՜հ լռի՛ր, Շանույշ, այդ բոլորը ես գիտեմ, բայց դու նորեն պատմելով կարտում ես իմ սիրտը, լռի՛ր...
ՇԱՆՈՒՅՇ.— Իսկ Ներսեհի համար դեռ ոչինչ չասացի, տիրուհի, թե ինչպես վիրավոր և հուսահատ...
ՌՈՒԶԱՆ.— (արագ ընդհատելով) Բավակա՛ն է, Շանույշ, դու կամենում ես թուլացնել իմ արիությունը, բայց այդ չի հաջողիլ քեզ. ես գիտեմ իմ զոհաբերության ծանրությունը. բայց նա անհրաժեշտ է։ Այժմ թո՛ղ ինձ, գնա՚ իմ սիրելիների մոտ և տա՛ր նրանց իմ վերջին ողջույնը։ Ասա' իմ մորը, որ ես թշվառացող ծնողաց անեծքները իրենից հեռացնելու համար զոհեցի ինձ... Ասա' իմ հորը՝ որ յուր ժողովրդի ազատությունը գնելու և յուր փառավոր անունը ապագայում արատից զերծ պահելու համար զոհեցի ինձ. ասա իմ սիրելի քրոջն ու եղբայրներին՝ որ իմ անունն անմոռաց ունենան և հետևեն իմ օրինակին' երբ այդ հայրենիքը պահանջե... Եվ, վերջապես, ասա Ներսեհին, որ ես իմ սերը խեղդեցի այս թշվառ սրտում միայն նրա’ համար, որ նա յուր բախտը ազգից անիծված մի կնոջ հետ չկապե... Այժմ հեռացի’ր... (Առաջանում է դեպի հովտի կողմը):
ՇԱՆՈՒՅՇ.— (առաջն առնելով) Դու դարձյա՞լ գնում ես։
ՌՈՒԶԱՆ.— (հրելով Շանույշին) Թո՛ղ, ասում եմ քեզ։ (Առաջանում է մի քանի քայլ դեպի խորքը և ապա ճչալով ետ քաշվում):

[ 82 ]

Ա՜հ, այսքան մո՜տ ենք մենք թշնամուն։ (Դարձյալ երկու քայլ առաջանալով): Ահա՛, ահա՛ այստեղից երևում է բոլորը։ Նայի՛ր, Շանույշ, ո'հ, մի՛թե չես սարսափում։ Տե՛ս, բոլոր հովիտը և գետափը ծածկված է թշնամու վրաններով։ Իսկ այս շքեղ խորանը, որ այսքան մոտ է մեզ, բռնավորինը չէ' արդյոք։ Նայի՛ր, սուսերամերկ պահապանները դժոխքի հրեշների պես հսկում են նրա դռանը։ Իսկ այս կողմը, տե՛ս, կանգնած են կապյալները, ո՛հ, որքա'ն շատ են. յուրաքանչյուրի գլխին շողում է մի սուսեր, նայի՛ր և սարսափիր... Իսկ այն ծերունիները. այն փոքրիկ տղաները, այն կանայքը․․․ բոլորն էլ ձեռնկապ... նրանք լալիս են, այնպես չէ'։ Իսկ այս առույգ երիտասարդների խումբը, որ գլխակոր կանգնած է դահիճների առաջ... Ո՛հ, այս տեսարանը կտրատում է իմ սիրտը... Բայց աստված իմ. ահա և Համտունը՝ գարշելի դավաճանը, տե՛ս՝ ինչպես է ճեմում յուր զոհերի առաջ։ (Ետ քաշվելով): Շանույշ, էլ ժամանակը հասավ, համբերելու ուժ չմնաց։ Մինչև այժմ սրտիս մեջ տրոփ և ոտքերումս մի դող էի զգում, այժմ, ընդհակառակն, արիություն եկավ վրաս, ես այլևս չեմ սարսափում բռնավորի առաջն ելնելու։ Այս թշվառներն ազատելու և դավաճանը պատմել տալու հույսը լցնում է իմ սիրտը ուրախությամբ։ Այժմ ես կերթամ. մնաս բարյավ... (Առաջանում է):

ՇԱՆՈԻՅՇ.— Բայց ես սպասում էի թե' այս ամենը կսարսափեցներ քեզ, տիրուհի։
ՌՈՒԶԱՆ.— (ետ գալով) Բայց ոչ. նայի՛ր ինձ. տե՛ս թե' գեղեցի՞կ եմ դեռ, գեղեցի'կ եմ այնքան, որ բռնավորի սիրտը շարժել կարողանամ։ Նայիր ինձ. ուղղիր իմ մազերը. ուղղի՛ր հագուստներս, թող բռնավորը հիանալու չափ գեղեցիկ գտնե ինձ։
ՇԱՆՈԻՅՇ.— (անզգայարար ազդելով նրան) Դու գեղեցիկ ես, տիրուհի, գեղեցիկ' ինչպես հրեշտակ, բայց էլ ինչո՛ւդ է պետք գեղ՛եցկությունը։

[ 83 ]

ՌՈԻԶԱՆ.— Բռնավորի աչքերն ու միտքը կուրացնելու... Այժմ դու դեպի ամրոցն՝ ե՛ս դեպի զոհերը: (Առաջանում է):

ՇԱՆՈԻՅՇ.— (վերջին անգամ արգելելով) Տիրուհի՛...
ՌՈԻԶԱ՛Ն.— (ուժգին հրելով Շանույշին) Հեռո՜ւ, ասում եմ քեզ, համառ աղջիկ, (Վազում է դեպի բեմի խորքը):
ՇԱՆՈԻՇ.— (ընկնելով գետնին) Ա՜հ, ամեն բան վերջացավ...


Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Թաթարաց բանակը: (Տե՛ս երրորդ արարվածի տեսարանը):
Զորապետի խորանից քիչ հեռու կանգնած են մի շարք կապյալներ:

ՏԵՍԻԼ Ա
Ջոլա, Համտուն, Ա ծերունի, Բ ծերունի, պառավ կին, մի շարք կապյալներ, որոնք հեռանում են Բուրայի խորանից



ՋՈԼԱ.— (մոտենալով կապյալներին) Ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ էիք ուզում իմ եղբորորդուց։
Ա ԾԵՐՈԻՆԻ.— Գթություն, տե՛ր:
ՋՈԼԱ.— Գթություն ձե՞զ, մի՛ հուսար, ծերո՛ւկ։ Քանի ձեր իշխանը ամրացած է բերդում, դուք չեք ազատվիլ մահից։
Ա ԾԵՐՈԻՆԻ.— Բայց ի՞նչ հանցանք ունի խեղճ ժողովուրդը։
ՋՈԼԱ.— Ոչինչ։ Մեծերի համար ապրում է, մեծերի համար էլ պիտի մեռնի։
Ա. ԾԵՐՈԻՆԻ․— Բայց մի՞թե այդ արդարություն է։
ՋՈԼԱ.— Լռի՛ր, անպիտան․ համարձակվում ես իմ առաջարկության մասի՞ն խոսել. հո չե՞ս կամենում, որ գլուխդ շների առաջ ձգվի ա՜յս վայրկյանին։ (Հեռանում է):

[ 84 ]

ՀԱՄՏՈԻՆ․— (խոսող ծերունուն) Ինչո՞ւ չես կապ դնում լեզվիդ, բարեկամ․ մի՞թե չգիտես, որ ձեռքերը կապված մարդը չպետք է լեզուն շարժե։

Ա ԾԵՐՈՒՆԻ․— Լեզուն, տեր իմ, սրտի գործիքն է և ոչ ձեռքերի։
ՀԱՄՏՈԻՆ․— Դու երևի սպասում ես, որ մի սուր ցցեն սիրտդ և հետո՞ լռես։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Ուրեմն, տեր իմ, սա մի մեծ բախտ է, որ այստեղ, մեզ հետ գտնվում է մի հայ իշխան՝ ազատ ձեռքերով։
ՀԱՄՏՈՒՆ․— Ի՞նչ ես կամենում ասել։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Այն, որ քո լեզուն կարող է խոսել։
ՀԱՄՏՈՒՆ․— Վե՞րջը։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Գթա՛, ուրեմն, մեզ և բարեխոսիր մեր փրկության համար։
ՀԱՄՏՈԻՆ․— Ի՞նչ կարող եմ անել: Ես էլ այս բանակում մի գերի եմ ձեզ նման։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Գերի՞, ո՜հ, ո՛չ. թաթարները մի գերիի հետ չեն վարվիլ այդպես սիրով։ Դու դեռ երիտասարդ ես և չես կարող դառն փորձերի մեջ ալևորածին խաբել։
ՀԱՄՏՈԻՆ․— (բարկությամբ) Խաբե՞լ և ինչի՞ համար, հանդուգն ծերունի։
ՄԻ ՊԱՌԱՎ․— Որովհետև ամաչում ես ասել թե՝ դու մի մատնիչ ես։
ՀԱՄՏՈԻՆ․— Քաշի՛ր լեզուդ, գարշելի պառավ, ապա թե ոչ սուրս կլռեցնե նրան։
ՊԱՌԱՎ․— Իսկ աստծո անեծքի ձայնը ինչո՞վ պիտի լռեցնես։
ՀԱՄՏՈԻՆ․— (սուրը քաշելով) Դու շարունակո՞ւմ ես։


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և Բուրա


ԲՈԻՐԱ․— (հեգնությամբ ժպտալով) Իշխան... դահճի պաշտոնը կամենում ես թեթևացնե՞լ։

[ 85 ]

ՀԱՄՏՈՒՆ.— (ետ քաշվելով) Քեզ հայհոյողների թիվը կամենում եմ պակսեցնել, տե՛ր։

ՊԱՌԱՎ.— (ինքն իրեն) Վա՛տ և խաբեբա։
ԲՈՒՐԱ.— Արևս վկա, իմ հոր պալատում դեռ մինչև այսօր քեզ չափ հավատարիմ մեկը չտեսա։
ՀԱՄՏՈԻՆ.— Մարմնավոր իշխաններին հավատարիմ լինել մեր կրոնն է մեզ պատվիրում։
ԲՈՒՐԱ.— (հեգնությամբ) Քո հայրենակիցների մեջ, երևի, միայն դու ես այդ կրոնը պաշտում։
ՊԱՌԱՎ.— Միայն դա՛ է, որ անարգում է այն։
ՀԱՄՏՈԻՆ.— (կատաղի հայացքով) Լեզո՛ւդ, անզգամ պառավ։
ՊԱՌԱՎ.— Պիտի անիծեմ քեզ, մինչև իմ վերջին շունչը։
ՀԱՄՏՈԻՆ.— Այդ շունչը երկար չի տևիլ:
ԲՈՒՐԱ.— Ուրեմն մի՛ վշտացնիր նրան, իշխան։


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Ջոլա


ՋՈԼԱ.— (մտնելով) Բուրա, դու անծանոթ էիր հայի կամակորության։
ԲՈՒՐԱ.— Այստեղ մի փոքրիկ օրինակը տեսա։
ՋՈԼԱ.— Ավելի մեծը պիտի տեսնես։
ԲՈՒՐԱ.— Ի՞նչ է պատահել։
ՋՈԼԱ.— (դեպի ետ նայելով) Աբու, այստե՛ղ արի։
ԲՈՒՐԱ.— (անհամբեր) Ջալալն իմ առաջարկությունը մերժեց։
ՋՈԼԱ.— Բավական չէ մերժումը։
ԲՈՒՐԱ.— Հապա՞։
ՋՈԼԱ.— Իսկույն կլսես։

[ 86 ]


ՏԵՍԻԼ Դ
Առաջիններն և Աբու



ԲՈԻՐԱ.— (Աբուին, որ մտնում է) Հա՛, ի՞նչ լուր բերիր։
ԱԲՈՒ.— Ջալալ իշխանը, տեր, քո մեծության հրամանն անարգեց։
ԲՈԻՐԱ.— (բարկացած) Կրկնի՛ր նրա պատասխանը բառ առ բառ։
ԱԲՈՒ․— Ասա՛ այն բռնավոր գազանին, պատասխանեց նա, թե ես ա՛յս րոպեին կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու։
ՀԱՄՏՈԻՆ․— (ուրախանալով և ինքն իրեն) Ահա՛ թե ի՞նչ էի կամենում լսել... հրճվի՛ր այժմ, սի՛րտ իմ։
ԲՈԻՐԱ.— (կատաղաբար) Այդպե՞ս հանդգնեց պատասխանել այն շունը․․․ Յուր դստեր փոխարեն նա յուր սու՞րն է առաջարկում ինձ։ Լավ, ուրեմն։ Ես այդ սուրը նրա գլխի հետ միասին իմ ոտքերի տակ կփշրեմ․ նրա երկիրը արյան ու կրակի ծով կդարձնեմ։ Մինչև մի քանի օր բոլոր այն շեները թող անապատ դառնան (կանչելով դեպի բեմի խորքը): Է՜յ, դահիճներ, առաջ անցեք։ (Ներս են մտնում մի խումբ կարմրազգեստ դահիճներ, իրենց դահճապետի հետ):
Այստե՛ղ, իմ աչքի առաջ, նախ կոտորեցեք այս գլխավորներին (ցույց տալով կապյալների վրա), որոնք եկել էին իմ գթությունը հայցելու․ մնացած խուժանը թող բաժին դառնա զորականի սրերին։ (Դառնալով յուր դիմացը գտնվող կապյալներին): Ես ձեզ խոստացա կյանքերնիդ շնորհել, եթե ձեր իշխանն իմ առաջարկությունը կընդուներ։ Բայց նա, ինչպես լսեցիք, ոչ միայն մերժել է այն, այլև խրոխտացել է թե՝ պիտի գա յուր սրովն ինձ պատասխանելու։ Ուրեմն ես այժմ սուր քաշել կտամ ձեզ և ձեր դիակները կհրամայեմ դիզել նրա բերդի առաջ։ Թող այդ հիմարը հասկանա, որ ես կատակ չեմ անում, և այնուհետև գա յուր պատասխանը տալու։

[ 87 ]

Ա ԾԵՐՈՒՆԻ․— (ծնկան վրա գալով) Գթություն, տե՛ր, մենք անմեղ ենք, այդ գիտես դու, գիտե և աստված։

Բ ԾԵՐՈՒՆԻ․— (ծնկան գալով) Խնայի՛ր մեզ, տե՛ր, դու ամենազոր ես, իսկ մենք՝ անպաշտպան։
ԲՈՒՐԱ․— (բարկությամբ) Լռեցե՛ք, թշվառականներ։ (Դահիճներին)։ Դահիճնե՛ր, ձեր գործը տեսեք։


ՏԵՍԻԼ Ե
Առաջիններ և Ռուզան


ՌՈՒԶԱՆ․— (շտապով և շնչասպառ բեմը մտնելով և ձեռքը դեպի դահիճները պարզելով ճչում է) Ա՛հ, ոչ, սպասեցեք… (Բոլորը ցնցվում են)։
ԲՈՒՐԱ․— (դահիճներին) Սպասեցե՛ք։
ՀԱՄՏՈՒՆ․— (առանձին) Ա՛հ, Ռուզանը․․․ բախտիս անիվը դարձավ․․․
Ա ԾԵՐՈՒՆԻ․— Իշխանուհի, Ռուզան, դու այստե՛ղ․․․
ԲՈՒՐԱ․— (զարմացած) Ռուզա՛ն․․․
ՋՈԼԱ․— (Համտունին՝ հետաքրքրությամբ) Ո՛վ է այս կինը։
ՀԱՄՏՈՒՆ․— (հուզված) Նա է․․․
ՋՈԼԱ․— Բայց ո՛վ։ (Հարցական հայացքով նայում է կես՝ Համտունին և կես՝ Ռուզանին)։
ՌՈՒԶԱՆ․— (առաջ գալով) Հասան-Ջալալի աղջիկ Ռուզանը։
ՋՈԼԱ․— (զարմացած) Հասան-Ջալալի աղջի՛կը․․․
ՌՈՒԶԱՆ․— Այո, նույն ինքը։ (Դառնալով Բուրային)։ Չարմաղան մեծ զորապետի որդի Բուրան դու լինելու ես, անշուշտ։
ԲՈՒՐԱ․— (համեստությամբ) Այո, քո բարեկամը։
ՌՈՒԶԱՆ․— Գուցե այս րոպեին, բայց ոչ առաջ։
ՋՈԼԱ․— (Համտունին) Այս կինը կախարդելու է եղբորորդուս։
ՌՈՒԶԱՆ․— (Բուրային) Դու պատգամավոր էիր ուղարկել հորս մոտ և պահանջել ինձ՝ քեզ կնության, հակառակ դեպքում պիտի կոտորեիր այս անմեղներին։

[ 88 ]

ԲՈՒՐԱ.— Այո՛, իշխանուհի։

ՌՈՒԶԱՆ.— Երկու օր առաջ սկսված էր իմ հարսանիքը: Ես պիտի ամուսնանայի այն երիտասարդ իշխանազնի հետ, որին երկար ժամանակից ի վեր սիրում եմ։ Բայց ձեր անակնկալ հարձակումը մեր ուրախությունը փոխեց տխրության...
ԲՈՒՐԱ.— (ցույց տալով Համտունին) Այս իշխանը կարող է վկայել, որ ես ցավել եմ դրա համար։
ՌՈՒԶԱՆ․— Շնորհակալ եմ... Այդ ցավը, սակայն չէ արգելել քեզ պահանջել իմ հորից' ուղարկել յուր դուստրը քեզ կնության։
ԲՈՒՐԱ.— Քո գեղեցկության գովեստն, որ այս իշխանն արավ, քեզ դարձրեց իմ սրտին կարի տենչալի։
ՌՈՒԶԱՆ.— Սակայն քո պատգամը մեր ամրոցը լցրեց վշտով։
ԲՈՒՐԱ․— Ինշո՞ւ, իշխանուհի, Չարմաղանի որդին մի բանով ավելի արժե, քան ա՛յն իշխանազնը, որին քեզ հայրդ պիտի տար։
ՌՈՒԶԱՆ.— Չարմաղանի որդին շատ ավելի արժե... Բայց այդ չէ խնդիրը... Մենք գարշում ենք ձեզանից ոչ թե նրա համար, որ դուք այլակրոն, կամ, ըստ մեզ՝ անհավատ եք, այլ, որովհետև ձեր սուրն ու ձեռքերը պղծվում են շարունակ անմեղների արյունով. որովհետև դուք ձեր հացը զանգում եք թշվառների արտասուքով։ Այնտեղ, ուր կոխում է ձեր ոտքը, սփռում է ավեր և ապականություն, ահա՛ այս ամենի համար մենք ատում ենք ձեզ։
ՋՈԼԱ.— (անհանգիստ շարժումներով) Եղբորորդիս կամ գժվել, կամ անզգայացել է։
ԲՈՒՐԱ.— Լռի՛ր և լսիր, ծերո՛ւկ։
ՌՈՒԶԱՆ.— Եվ այսպես՝ եթե իմ հայրը մերժեց քո առաջարկությունր, նա իրավունք ուներ, որովհետև ոչ մի ծնող չի հոժարիլ յուր դուստրը կնության տալ ա՛յն ազգի որդուն, որին ինքն ատում և որից գարշում է, սակայն ես, որ պաշտելու չափ սիրում եմ իմ փեսային և կյանքն առանց նրան համարում եմ դժոխք, այնուամենայնիվ, երբ իմացա թե՝ հորս մերժումը պիտի գրգռե ձեզ՝ այս անմեղները կոտորելու, և թե մերայինները չի պիտի կարենան ժամանակին այս մարդազոհն արգելել, գաղտուկ փախա մեր ամրոցից և միայնակ եկա այստեղ, որպեսզի արգելք լինիմ այն կոտորածին, որ իմ պատճառով պիտի լիներ։ (Դեմքը Բուրայից կիսադարձ պարզում է ձեռը նրան): Ահա քեզ իմ ձեռը:

[ 89 ]

ԲՈԻՐԱ.— (Ռուզանի ձեռը ազնվաբար բռնելով) Իշխանուհի, դու ինձ հիացրիր ոչ միայն քո գեղեցկությամբ, որ երկնային է, այլև այն անձնվիրությամբ, որ ցույց տվիր դեպի թշվառ ազգակիցներդ։ Քո խոսքերը թեպետ ծանր էին ու դառն, բայց որովհետև ճշմարտություններ էին, ուստի ես լսեցի ոչ առանց հաճության։ Եվ ես քեզ անշուշտ կվերադարձնեի քո հոր գիրկը, եթե քեզ գտնեի պակաս արժանավոր։ Բայց, ինչո՞ւ թաքցնեմ, այժմ արդեն քեզանից զրկվիլը ինձ համար կլինի մեծագույն կորուստ։ Ուստի, որպեսզի դու չգարշես ինձանից՝ ես կսովորեմ այսուհետև հարգել քո կրոնը, որ կարողանում է այդքան արժանիքներ ծնեցնել մի աղջկա մեջ. ես կսիրեմ նաև ա՛յն ազգն ու ժողովուրդը, որ ծնում ու կրթում է քեզ պես զավակներ։ Իսկ քեզ կտանեմ թաթարաց երկիրն՝ այնտեղի մեծագույն զարդը դարձնելու համար:

ՌՈՒԶԱՆ.— Դրա համար քեզանից խնդրելիք ունիմ։
ԲՈԻՐԱ.— Իմ բոլոր իշխանությունս տալիս եմ քո ձեռքը. հրամայիր, ինչ կամենում ես։
ՌՈԻԶԱՆ.— Ես խնդրում եմ քեզանից նախ՝ այս կապյալների և իմ հոր իշխանության մշտական ազատությունը և ապա (դառնալով դեպի Համտուն և հանդիսաբար նրան մատնացույց անելով) այս դավաճանի գլխատումը։
ԲՈԻՐԱ.— (դեպի դահիճներն ու զորականները) Արձակեցե՛ք բոլոր կապյալներին և թողե՛ք նրանց։ (Ռուզանին): Իսկ քո հորը, տիրուհի, հենց այս վայրկյանից ազատ եմ հայտարարում յուր բացարձակ իշխանության մեջ։ Ինչ վերաբերում է այս իշխանին (ցույց տալով Համտունի վրա), որին ես երբեք չհարգեցի, սա կգլխատվի մի քանի րոպեից։ (Դառնալով դահճապետին): Դահճապետ, այս ապիրատի գլուխը մի ժամից կուղարկես Ջալալ իշխանին:

[ 90 ]

ԴԱՀՃԱՊԵՏ.— (մոտենալով Համտունին և ձեռքը նրա ուսին զարկելով) Գնանք, բարեկամ, իմ գործն էլ թեթևացավ։ (Դուրս է տանում նրան):

Ա ԾԵՐՈԻՆԻ.— (ծնկաչոք դեպի Ռուզանը) Ազնիվ իշխանուհի, մենք պատրաստ էինք քեզ համար զոհվելու, իսկ դու այս ի՞նչ արիր... (ծերունուն ձայնակցում են բոլոր կապյալներն իրենց օրհնություններով):
ՌՈԻԶԱՆ.— Ինչ որ ես արի, նույնը սովորեցրեք ձեր զավակներին անել, և ձեր հայրենիքը կազատվի ցավերից:


Վարագույր


[ 91 ]


ՎԵՐՋԱԲԱՆ


Տեսարանը ներկայացնում է մի կանաչազարդ հովիտ, ուր բանակած են թաթարները: Բեմի աջ կողմը Բուրայի իշխանական վրանն է՝ կազմված մի քանի բաժանմունքներից, որոնց առաջինը ներկայացնում է կանանոցը՝ զարդարված կերպասյա, փնջազարդ վարագույրներով: Վրանի մեջ դրված է զեղեցիկ զահավորակ՝ մետաքսյա օթոցով և թավշյա բարձերով: Նրա վրա կռթնած է Ռուզանը, առջևն ունենալով բոլորշի փղոսկրազարդ սեղանիկ, որի վրա դրված է արծաթյա հուրան՝ ոսկյա գավաթի հետ:


ՏԵՍԻԼ Ա
Բուրա և Ռուզան


ԲՈՒՐԱ.— Ո՛վ իմ գեղանի, բոլոր ցանկություններդ արդեն կատարվեցան. քո հորն ու ժողովրդյան ես տվի ազատություն և ատելի Համտունին պատժեցի չարաչար։ Այնուհետև ցանկացար, որ իմ զորքերը հանեմ քո հոր իշխանության սահմաններից, որպեսզի նրա երկրում տիրե ապահովություն. այս վերջին ցանկությունն էլ, ահա, կատարեցի։ Այժմ մենք հեռի ենք Խաչենի հովիտներից և քո հայրենական լեռների միայն կատարներն ենք տեսնում։ Արդ, հասել է ժամը, որ դու խոստումդ կատարելով՝ երջանկացնես ինձ։ Օ՛ն ուրեմն, վանի՛ր թախիծը քո դեմքից և լուսալիր աչերդ արցունքներից ազատիր։ Թո՛ղ հրճվանքի արևը սիրուն ճակատդ ոսկեզօծե և շուրթերիդ վրա՝ սիրո ժպիտը խաղա։ Թո՛ղ, որ ես մոտենամ քեզ. ո՛վ հավերժահարս, և սիրավառ կուրծքիս վրա այդ սիրուն գլուխդ հանգչեցնեմ։

[ 92 ]

ՌՈԻԶԱՆ.— Քո շնորհը դեպի ինձ` մեծ է, ո՛վ իշխան, բայց տու՛ր ինձ, խնդրում եմ, մի փոքր ժամանակ։

ԲՈԻՐԱ.— (զարմացած և դժգոհ) Դարձյա՞լ Ժամանակ. այս քանի՞երորդ անգամ։
ՌՈՒԶԱՆ.— Ոչ ավելի, քան մի ժամ... Ես կամենում եմ քո հաճույքը կատարելուց առաջ՝ վերջին անգամ աղոթել և, դրա հետ միասին, կատարել մի սուրբ պարտք, որ ծանրանում է այժմ իմ խղճի վրա։
ԲՈԻՐԱ.— Գիտցի՛ր, ո՛վ Ռուզան, դու միակ կինն ես, որին ես այսքան զիջումներ եմ անում։ Իմ հարեմի գեղեցկուհիների ամենից համառն անձնատուր է եղել ինձ մեր միայնության առաջին ժամում։ Բայց քո ձայնն ու հայացքը հաղթահարում են ինձ, ուստի չեմ կամենում, որ առանց քո ցանկության, նույնիսկ, շունչս մոտենա քեզ։ Ուրեմն ես նորեն տալիս եմ քեզ, ահա՛, մի ժամ ժամանակ։ Բայց գիտցի՛ր, որ դա կլինի վերջինը։ Այդ ժամն անցնելուց ետ' դու պիտի երջանկացներս ինձ քո սիրաշունչ համբույրներով։ (Դուրս է գնում):
ՌՈԻԶԱՆ.— (աչքերը խոնարհած) Թող այդպես լինի, տե՛ր...


ՏԵՍԻԼ Բ
Ռուզան (միայնակ)


Ահա՛, հասավ ժամը՝ վերջին պարտքը կատարելու, կյանքին և աշխարհին վերջին բարևը տալու... Օ՜հ, ուրեմն, սի՛րտ իմ, զորացի՛ր և գործի՛ր, պարտքերից ծանրագույնը կատարի՛ր քաջությամբ։ Այն խաչը, որ մինչև այստեղ հոժարամիտ կրեցիր, այժմ պիտի փառավորես քո կյանքի գնով... Թո՛ղ երկյուղն ապշե՝ արիությունդ տեսնելով․ թող մահն ամոթից կարմրի քո առաջ... (հանում է մատանին և գոհարը բարձրացնելով` նայում Է տակը պահված թույնին)։

[ 93 ]

Դո՛ւ, որ այդքան փոքր ես և, սակայն, ահավոր զորություն ունիս քո մեջ. դո՛ւ, որ եղծանում ես արարչի հրաշակերտը` նրա երակների արյունը սառեցնելով և զգացմունքների անոթը փշրելով, անշուշտ, ստեղծված ես ո՛չ միշտ չարիքներ ծնանելու համար, և ո՛վ դիմում Է քո օգնությանը` չէ՛ միշտ հանցավոր և անիծապարտ... Երբ բախտի չար կամքով դառնանում է սրտի անուշ քաղցրությունը, երբ բռնության շնորհիվ սիրո արքայությունը փոխվում է դժոխքի, երբ ապականությունը զորանալով` սպառնում է առաքինությանը նախատական կորուստ, այն ժամանակ դու, ո՛վ մահաբեր թույն, դառնում ես տենչալի և արդա՛ր հոգվույն. և եթե նրան բաժանում ես մարմնից և սատար լինում երկինք վերանալու, դրանով արդեն գործում ես բարիք՝ ազատելով հոգին մեղսածին կապերից: (Մատանին խրում Է ոսկյա գավաթի մեջ) օ՛ն, ուրեմն, իջի՛ր հատակն այս ջրի, որ հոսել Է իմ երկրի կուսական լեռներից. հաղորդի՛ր սրան քո բոլոր զորությունը, թունավորի՛ր սրա վերջին կաթիլը, որպեսզի սա սրտիս բերե հավիտենական քուն և փրկե հոգիս սիրատանջ վշտերից.... (տեղից բարձրանալով՝ նայում է հեռուն): Այժմ մնաք բարով, հայրենի լեռնե՛ր, հայրենի երկի՛նք, հայրենի արև, ձեզ վրա նայում եմ ես վերջին անգամ և ձեզ նվիրում իմ ետին շունչը, իմ օրհնությունը... Մնաս բարով և դու, հայո՛ց ժողովուրդ, քեզ սիրեցի ես կաթոգին սիրով և քո փրկության սեղանի վրա (բարձացնում է թունալից գավաթը) դնում եմ, ահա՛, իմ ողջակեզը... Ընդունի՛ր այս զոհը և աղոթի՛ր աստծուն, որ սա լինի վերջինը այն անբավ զոհերի, որ քո որդիքը բերին քեզ կամակար... (խմում է թույնը և վրանի վարագույրը քաշելով՝ մտնում է նրա խորքը):

[ 94 ]


ՏԵՍԻԼ Գ
Գուժկան, զինվորներ, Ջոլա և Բուրա


ԳՈՒԺԿԱՆ.— (աղմուկով ներս վազելով) Օ՜ն, ի զե՜ն, եղբա՛յրք, թշնամին հասնում է։
ԶԻՆՎՈՐՆԵՐ.— (շրջապատելով գուժկանին) Ովքե՞ր են, ո՞ր կողմից...
ԳՈՒԺԿԱՆ.— Հայերը, հայերը, ահա՛ մեր ետևում։
ՋՈԼԱ.— (դուրս վազելով վրանից) Ի՞նչ աղմուկ է այս։
ԲՈԻՐԱ.— (դուրս գալով մյուս վրանից) Ո՞վ է համարձակվում մեր հանգիստը վրդովել։
ԳՈՒԺԿԱՆ.— Տեր իմ, հայերը վրա հասան հանկարծ, մեր վերջապահները կռվի բռնվեցան, բայց չկարողանալով դիմադրել նրանց, կիսով չափ ջարդվեցան և փախուստ
դարձան։
ԲՈՒՐԱ.— (վրդովված) Իսկ մեր հեծելազո՞րը...
ԳՈՒԺԿԱՆ.— Պատահեց թշնամուն այս հովտի բերանում և կռվում է նրա հետ։
ՋՈԼԱ.— (կատաղաբար) Անիծյալնե՜ր, դավաճաննե՜ր, մինչև այդտեղ հանդգնեցա՞ն...
ԲՈԻՐԱ.— (դեպի զորականը) Ազդարարնե՛ր, նշան տվեք, թող ամենքը զենքի դիմեն։ (Թմբուկները զարկում, շեփորները հնչում են. ամենքը շտապով դիմում են զենքի):
ՋՈԼԱ.— (Բուրային) Ես գիտեի, որ վաղ թե ուշ այս չարիքը պիտի հասներ։
ԲՈՒՐԱ.— Հորեղբայր, չարիք սերմ անողը՝ չարիք էլ հնձում է։
ՋՈԼԱ.— Բայց դու բարիք արիր այդ անիծյալ հայերին, էլ ուրիշ ի՞նչ են ուզում։
ԲՈՒՐԱ.— Եկել են, անշուշտ մեր գողոնը խլելու:
ՋՈԼԱ.— Ի՞նչ գողոն, տղա՛ս, Ջալալի գանձերը հո չառի՞նք:
ԲՈՒՐԱ.— Գանձերից թանկագինը գտնվում է մեր վրանում... բայց խոսելու ժամանակ չէ. աճապարենք գործել (թիկնապաններին): Հապա քաջեր․ իմ նժույգը։ (Թիկնապահներն շտապում են նժույգներ բերել):
ՋՈԼԱ.— Եվ ի՛մը շուտով:

[ 95 ]


ՏԵՍԻԼ Դ
Ներս են վազում մի խումբ փախստյաներ


ԲՈԻՐԱ.— Այս ի՞նչ է, փախստյանե՞ր․․․
ՄԻ ՓԱԽՍՏՅԱ.— Տեր֊Նուին, հայերը սաստիկ թափով մեզ ցրվեցին։
ԲՈԻՐԱ.— (զայրացած) Թշվառականներ, դուք համարձակվում եք փախչել, երբ մենք դեռ նոր ենք սուրը մերկացնում։
ՓԱԽՍՏՅԱ.— Տեր իմ, անկարելի է դիմադրել։
ԲՈԻՐԱ.— Քաշի՛ր լեզուդ, կնամա՛րդ, (մյուսներին և զորականին), օ՜ն, ամենքդ հառա՜ջ (սուրը հանելով դիմում է բեմի խորքը):
ՋՈԼԱ.— Հառաջ, օ՜ն հառաջ... (հետևում է Բուրային):
(Զորքերը գոռալով հետևում են նրանց):


ՏԵՍԻԼ Ե


Բեմից դուրս սկսում է ընդհարումն, շփոթ, աղաղակ, զենքերի շաչյուն, իրար ետևից մտնում են բեմը թաթար փախստյաներ, որոնք խմբակներով փախչում են այս ու այն կողմը: Ապա երևում են հայոց ու թաթարաց ախոյաններ, որոնք մենամարտելով՝ մտնում են բեմը, ուր ոմանք ընկնում, և ոմանք փախուստ են տալիս: Սրանց հետևում են ուրիշ ախոյաններ, որոնք նույն ձևով կռվելով անցնում են բեմից: Լսվում են մոտեցող թմբուկների ու փողերի ձայներ, հաղթական աղաղակներ: Ներս են մտնում հայոց իշխանները' Ջալալ, Զաքարե, Ներսեհ, Սմբատ, Ումեկ, իրենց թիկնասյաններով. նրանց հետևում են զորախմբերը:
ՋԱԼԱԼ.— (Ներսեհին) Հապա, իմ քաջ, առաջ անցիր, Ռուզանս գտի՛ր։
ՆԵՐՍԵՀ.— (դիմելով դեպի աոաջին պատահած վրանը) Այս վրանը դատարկ է։
ՋԱԼԱԼ.— (ցույց աալով կանանոցը) Ահա' կանանոցը, այստե՛ղ որոնիր։
ՆԵՐՍԵՀ.— (կանանոցի վարագույրը քաշելով) Ահա այստեղ է մեր սիրո հրեշտակը (մոտենալով Ռուզանին) Ողջույն քեզ, պաշտելիգ իմ:

[ 96 ]

ՋԱԼԱԼ.— (ներս վազելով) Այստե՜ղ է Ռուզանս. (փարվելով աղջկանը). ո՛վ իմ անգին զավակ:

ՌՈՒԶԱՆ.— (դժվարությամբ բարձրանալով գահավորակի վրա) Ներսեհ... հայր իմ... դուք այստե՞ղ... Ո՛վ ամենազոթ աստվա՜ծ..․
ՋԱԼԱԼ.— (անհանգստությամբ) Այս ի՞նչ է, դու հիվանդ ես, սիրեցյա՜լ զավակս։
ՆԵՐՍԵՀ.— Գուցե մի չարի՞ք հասավ քեզ...
ՌՈՒԶԱՆ.— Օ՜, ոչինչ. այս շուտով կանցնի... Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս ուրախ եմ․ ուրեմն դուք այստե՛ղ, իմ շուրջն եք... և այս երազ չէ, սիրեցյալ հա՛յր, սիրելի հորեղբա՛յր, և դու Ներսե՛հ, և դո՞ւք իշխաններ, ողջույն ձեզ. о՜, որքան երջանիկ եմ, որ նորեն տեսնում եմ ձեզ... դե՛հ, պատմեցեք այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հասաք այստեղ...
ՋԱԼԱԼ.— Աստուծո օգնությամբ, սիրելի զավակս։
ՌՈՒԶԱՆ.— Բայց պատմեցեք, ես ուզում եմ լսել։
ՆԵՐՍԵՀ.— Հենց որ թշնամին ամրոցի մոտից հեռացավ, մենք դուրս եկանք բերդից մեր սակավաթիվ զորքերով: Հիսնապետներին ցրեցինք գյուղերը զորաժողով անելու, իսկ մենք քայլ առ քայլ հետևեցինք թշնամուն։ Երկու օրվա ընթացքում մեր շուրջը ժողովեցան հինգ հազար քաջեր, որոնց հետ միասին և հարձակվեցանք թշնամու վրա։ Թաթարաց գնդերը չվում էին զաա-զատ. մի քանի կետերում մենք նրանց ջարդեցինք, իսկ մի քանիսում՝ փախուստ դարձրինք։ Վերջին դիմադրությունը եղավ (զույգ տալով) այս հովտում, ուր մեռնողների թվում դժոխք ուղարկեցինք ծերուկ Ջոլային։ Բայց Բուրա-Նուինը փախչողների հետ ազատվեց։
ՌՈՒԶԱՆ.— Օրհնյա՜լ է աստված... իսկ մեր քաջերից մի՞թե շատերն ընկան։
ՆԵՐՍԵՀ.— Հազիվ մի երկու տասնյակ զինվոր...
ՌՈՒԶԱՆ.— Իսկ իշխաննե՞րը՝ բոլորը ողջ են։
ՍՄԲԱՏ.— Միայն Պապաքը զոհ գնաց յուր անխոհեմության։ Նա կամեցել էր դասալիք լինել, ուստի և զինվորներից նետահար եղավ։

[ 97 ]

ՌՈՒԶԱՆ.— (դժվարաշունչ) Ուրեմն աստուծո աջը օգնության է հասել ձեզ... օրհնվի նրա անունը հավիտյա՜նս հավիտևնից...

ՋԱԼԱԼ.— (անհանգստությամբ) Բայց քեզ ի՞նչ է պատահում, զավակս, դու հետզհետե նվազո՞ւմ ես..․
ԶԱՔԱՐԵ.— Ի՞նչ չարիք է հասել քեզ, Ռուզան, խոսի՛ր հայտնապես։
ՆԵՐՍԵՀ.— Խոսի՛ր Ռուզան, քո դեմքի դալուկը սարսափեցնում է ինձ։
ՍՄԲԱՏ.— Միգուցե ապիրատի մեկը հարվածեց քեզ շփոթի ժմանանակ։
ՌՈՒԶԱՆ.— Ես, այո՛, հարված ստացա, բայց ոչ ուրիշի, այլ իմ ձեռքից...
ՋԱԼԱԼ.— Քո ձեռքի՞ց... Դու, ուրեմն, վիրավորեցի՞ր քեզ։
ՌՈՒԶԱՆ.— Ես թունավորեցի ինձ...
ՋԱԼԱԼ.— (սարսափահար) Դո՞ւ... թու...նավորեցի՞ր քեզ,... ով անբախտ զավակ...
ՆԵՐՍԵՀ.— (հուսահատաբար) Ո՜վ զարհուրելի գույժ, ինչո՞ւ երկինքը չէ փլչում մեր գլխին...
ՌՈՒԶԱՆ.— Մի՛ տխրիք և մի հուսահատիք... ես երջանիկ եմ, որ պիտի մեռնեմ ձեր գրկերում...
ՋԱԼԱԼ.— (վշտահար) Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ կամեցար մեռնել... մի՜թե բավական չէր քո փախուստը...
ՌՈԻԶԱՆ.— Օ՜, հայր իմ, մի՛ կշտամբիր ինձ... եթե ես չփախչեի, եթե ես չզոհեի ինձ, թշնամին չէր հեռանալ քո բերդի ստորոտից...
ԶԱՔԱՐԵ.— (տխրահռչակ) Եվ մենք չէինք կարող զորաժողով անել և երկրի փրկությունը սրով ձեռք բերել։
ՍՄԲԱՏ.— (առանձին) Ճշմարիտ է ասում, սա ինքն է մեր փրկիչը...
ՆԵՐՍԵՀ.— (հուզված) Բայց մեզ փրկելուց ետ ինչո՞ւ կամեցար մեռնել.․․

[ 98 ]

ՌՈՒԶԱՆ.— (նվազաձայն) Որպեսզի թշնամու ձեռը չփարեր քո հարսնացուին...

ՋԱԼԱԼ.— Մի՞թե չգիտեիր, որ քո հայրը չէր թողիլ քեզ նրա ճանկերում:
ՌՈՒԶԱՆ.— Գիտեի․ բայց չուզեցի որ թշնամին ճանաչեր ինձ իբրև գործիք դավադրության.․. Կամեցա, որ աշխարհն իմանա թե` հայ աղջիկը կարող է զոհվել, բայց երբեք խաբել...
ՋԱԼԱԼ.— (լալագին) Ո՛վ իմ աննման զավակ...
ՈՒՄԵԿ.— (իշխաններին) Բայց ո՞վ մատակարարեց սրան թույնը։
ՌՈՒԶԱՆ.— Մի բարի հոգի...
ՍՄԲԱՏ.— Ահա՛ այս գավաթի մեջ է մեզ ամենքին հայտնի Թենիի մատանին։
ՆԵՐՍԵՀ.— (վեր թռչելով) Թենիի մատանի՞ն... (մոտենում է դիտելու):
ՋԱԼԱԼ.— (զարհուրագին) Թենիի մատանի՞ն... Օ՜, որդեսպան (Ռուզանին). ուրեմն այդ պառա՞վը մատակարարեց քեզ թույնը...
(Ամենը սարսափի բացականչություններ են անում):
ՌՈՒԶԱՆ.— Նա մի բարի գործ կատարեց. ների՛ր նրան, հայր իմ...
ՋԱԼԱԼ.— (զայրագին) Ներել նրան, օ՜, ոչ. միակ և առաջին արյունը, որ պիտի թափվի իմ ամրոցում կլինի այդ ժանտ պառավի արյունը...
ՌՈՒԶԱՆ.— (վերջին շնչում) Ների՛ր նրան, հայր իմ, քեզ խնդրում է զավակդ յուր վերջին շնչում...
ՋԱԼԱԼ.— Բայց նա...
ՌՈՒԶԱՆ.— (ընդհատելով) Այո՛, Թենին կին է, կնոջ միշտ պետք է ներել...
ՋԱԼԱԼ.— (արտասվագին) Իսկ դու, զավակս, դու արդեն թողնում ես մեզ...
ՌՈՒԶԱՆ.— (վերջին շնչում) Թողնում եմ... այո՛, բայց հանգիստ և ուրախ... հավիտյան ձեզ օրհնելով... մնացեք բարով, հայր իմ... և դու Ներսեհ... և դուք, իշխաններ... տարեք իմ ողջույնը տարաբախտ մորս... աղաչեցեք, որ ներե ինձ և աղոթե ինձ համար... (հետզհետե նվազելով՝ ընկնում է գահավորակի վրա):

[ 99 ]

ՋԱԼԱԼ.— (հեկեկալով և Ռուզանին գրկելով) Ո՛վ իմ աննման, ո՞ւր թողեցիր ինձ...

ՆԵՐՍԵՀ.— (ծնկան գալով գահավորակի աոաջ) Ռուզան, Ռուզան...
ԲՈԼՈՐԸ.— (հեկեկում են):


Վարագույր

ՎԵՐՋ