Jump to content

Ռուսական վտանգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռուսական վտանգը

ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

I.

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏ

Ամեն մի ազգություն գոյություն ունի այն չափով, որ չափով որ հակադրում է ինքն իրեն ուրիշ, մանավանդ հարևան ազգերին: Ամեն մի ազգության ինքնորոշումը այն չափով է խորը և հաստատուն, որ չափով որ նրա ազատությունը տիրող ազգերի լծից կրում է ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ և մտավոր ու բարոյական բնույթ:

Հայ ազգն իր պատմության վերջին շրջանում եղել է երկու մեծ ժողովուրդների՝ ռուսի և թուրքի լծի տակ և հզորապես ենթարկվել է նաև նրանց մտավոր ու բարոյական ազդեցության:

Բնական է, որ հայության ազատագրական պայքարը պիտի մղվեր այդ երկու ճակատների վրա: Մինչդեռ, մի կողմից՝ քաղաքական պայմանները, մյուս կողմից՝ հայ ժողովրդի սահմանափակ ուժերը թույլ չէին տալիս, որ այդ պայքարը լիներ երկու ճակատների վրա էլ միաժամանակ և միևնույն թափով:

Մինչդեռ վերջին ժամանակ հայությունն իրոք կռվել է միայն մեկ ճակատի, թուրքական ճակատի վրա:

Այս ճակատի վրա է միայն, որ հայ ժողովուրդը հրապարակ է եկել իր բոլոր ուժերով ու զենքերով՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե բարոյական:

Այստեղ է, որ նրա գրավել է իր ազգային ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր դիրքերը:

Այստեղ է, որ նրա կատարել է հիմնական վերագնահատություն բոլոր պատմական արժեքների:

Այստեղ է վերջապես, որ նա ճշտել ու ձևակերպել է հստակորեն իր տեսակետները, թոթափել է իր վրայից իր թշնամու ազդեցությունները, մշակել է մի կուռ, անհողդողդ համոզում իր թշնամու մասին և հանդես է եկել իբրև մի ազգային ամբողջական զգացում, միտք և կամք: Շնորհիվ հայի և թուրքի կրոնի մեծ տարբերության, ինչպես նաև շնորհիվ թուրքի ցեղի կուլտուրական հետամնացության, հայ ժողովրդի և մանավանդ հայ ինտելիգենցիայի մտավոր և բարոյական ազատագրումը թուրքական ազդեցությունից կատարվել է համեմատաբար դյուրին կերպով և արագ:

Թուրքը ճնշել է միայն գերազանցապես իր ֆիզիկական զորությամբ, իր քաղաքական կազմակերպությամբ:

Այդ պատճառով հայ ազատագրական կռիվը թուրքի դեմ կրել է գերազանցապես ֆիզիկական և քաղաքական բնույթ:

Բոլորովին տարբեր պատկեր է ներկայացնում հայ ժողովրդի ազգային պայքարի երկրորդ մեծ ճակատը՝ ռուսական ճակատը:

Կրոնական մեծ տարբերություն հայ և ռուս ժողովուրդների միջև չի եղել, ինչպես նաև չի եղել կուլտուրաների խոշոր տարբերություն:

Ռուս ազգը հանձին իր պետության ոչ միայն նվաճել էր ֆիզիկապես հայ ժողովրդի մի մեծ հատվածը, ոչ միայն ճնշում էր այն քաղաքականապես, այլ ամեն ջանք էր թափում տարրալուծելու հայ ազգությունը, ձուլելու այն իր մեջ և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու:

Ռուս պետության այս հայակործան քաղաքականությանը նպաստում էին մեծապես և մեր երկրի տնտեսական պայմանները, որոնց շնորհիվ հայ բուրժուազիան և հայ ինտելիգենցիան դուրս էին եկել իրենց հայրենիքի սահմաններից և կենտրոնացել օտար վայրերում՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա...

Կտրված իրենց հայրենի հողից և հարազատ ժողովրդից՝ հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան հարաճունորեն ենթարկվում էին այլասերման, օտարացման, բարոյալքման: Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում հայ ինտելեգենցիայի և հայ բուրժուազիայի մտքի և զգացմունքների վրա:

Եվ պատմության դառն հեգնանքով մեր ազգի ռուսահայ հատվածի ամենաբարեկեցիկ և ուսյալ տարրերը, որոնք ուրիշ ազգերի մեջ սովորաբար ազգային կուլտուրայի գլխավոր մշակներն ու սպասավորներն են լինում, մեզ մոտ հետզհետե կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը հարազատ ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում էին օտար գաղափարներով, օտար տրամադրություններով ու օտար մղումներով:

Բնական է, որ այս հանգամանքը մահացու հարված էր հասցնում մեր ազգային ուրույն կուլտուրայի զարգացման:

Այս է պատճառը, որ մեր բարձր դասերի ազդեցությունը մեր ժողովրդի աշխատավորական զանգվածների վրա ազգային տեսակետով եղել է բացասական, քայքայիչ, այլասերող: Ավելի կամ նվազ չափերով ռուսացել է հոգեպես ռուսահայ ինտելիգենցիան և իր հերթին ռուսացման է ձգտել ենթարկվելու նաև հայ աշխատավորությունը, որքան նա ազդեցություն է ունեցել վերջինիս վրա:

Հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան մեզ մոտ եղել են իրոք ռուսական կուլտուրայի, ռուս լեզվի տարածողը և քարոզողը:

Եվ այսպես աստճանաբար, հարաճունորեն հայ ժողովրդի առջև ծառացել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը:

Հայ քաղաքական ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ զարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել են, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը՝ ռուսական ճակատը:

Հայ ծխական դպրոցների փակումը, հայ եկեղեցական կալվածքների գրավումը և առհասարակ ամբողջ գոլիցինյան ռեժիմը հանդիսացան սփաթեցնող ազդակներ հայ ազգի ինքնագիտակցության համար նաև Հյուսիսի հանդեպ:

Սակայն ռուսական տիրապետությունը այնքան խորը արմատներ էր գցել հայ ժողովրդի հոգու մեջ, այնքան էր ապազգայնացրել նրա վերին խավերը և այնքան էր ընդարմացրել հայ քաղաքական միտքը, որ ծայր տվեց մի հեղափոխական կռիվ ոչ թե ռուս պետության, այլ ռուսական ռեժիմի դեմ: Չափազանց բնորոշ է, որ անգամ համաշխարհային պատերազմի նախօրյակին և այդ պատերազմի ընթացքում, երբ փոքր ազգերի ազատագրման խնդիրն այնքան հրատապ կերպարան էր ստացել, մեր հանրային կյանքում առաջ չեկավ որևէ քաղաքական հոսանք ընդդեմ ռուս պետության: Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել էր մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան էր կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք, կարծես, զրկվել էինք ընդունակությունից զատելու հայ ազգի և Հայաստանի շահերը ռուս ժողովրդի և Ռուսաստանի շահերից:

Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդգրկել էինք ազգովին, ոչ թե արդյունք էր ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական փսիխոզ էր, մասսայական խենթություն:

Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան իրենք ռուսները: Մենք կռվել են Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ և անվերապահությամբ, քան ինքը ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել ենք անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք կատարում ենք միաժամանակ հայկական գործ:

Ճիշտ է, մենք ունեցանք մռայլ տարակուսանքի և սպանիչ հիասթափման զգայացունց վայրկյաններ: Ճիշտ է, մենք զգացինք, անգամ գիտակցեցինք մեր շատ սխալները և փորձեր արեցինք վերագնահատության ենթարկելու մեր ազգային քաղաքական ընթացքը և ճշտելու մեր նոր անելիքը: Սակայն հայ ժողովրդի կաշկանդված քաղաքական միտքը վարանումով կանգ առավ կես ճանապարի վրա՝ առանց թոթափել կարողանալու իր վրայից ռուս պետության ճնշող ծանրությունը:

Իրերի անխուսափելի, երկաթե ընթացքն էր, որ ուղղություն էր տալիս մեր հասարակական մտքին, որը միշտ հետ էր մնում դեպքերից, միշտ փաստերը արձանագրողի և ոչ թե կանխատեսողի դեր էր կատարում:

Մեր քաղաքական միտքը կույր էր հանդեպ ռուսական ճակատի, մեր քաղաքական բնազդը իրերի պատմական բերումով անդամալուծված էր ռուսական վտանգի հանդեպ, և մենք չէինք էլ գիտակցում, թե որպիսի մեծ թշնամի էր թողնում մեր հայրենիքի սահմաններում և թե որպիսի մեծ չարիքից էր ազատում հայ ազգն իր ինքնորոշման ճանապարհի վրա: Ռուսից բաժանվելով, մենք զգում էինք մեր ազգային մարմնի մեջ մի խորը ցավ, բայց չէինք գիտակցում, թե այդ ցավը վիրահատությունից (օպերացիայից) առաջ եկած ցավն էր, որ ազատում էր մեր ազգը մի մեծ ներքին խոցից և սկիզբն էր դնում մեր ազգային ինքնաբուժման և իսկական ինքնորոշման: Անցավ երկու տարի: Մենք ստեղծեցինք անկախ և ազատ Հայաստան: Բայց մեր քաղաքական միտքը մնաց առաջվա պես գրեթե անազատ և կախյալ ռուսական գերությունից:

Եվ այսպես, երբ Ռուսաստանը այժմ նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից է ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք կարծեք ինչ որ տատանումների են ենթակա:

Եվ այդպես է ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ ռազմական ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը (որովհեև այդ վտանգը ռազմական տեսակետով շատ չնչին է և Ռուսաստանի ներկա միջազգային և ներքին վիճակում չի կարող չնչին չլինել), այլ այն պատճառով, որ ռուսական վտանգը մեզ համար գերազանցապես հոգեբական բնույթ ունի: Նա ոչ թե սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում:

Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից է կարծես ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը:

Եվ նկատի ունենալով այն, որ մեր ազգային ինքնիշխան և ազատ գոյության համար ներկա պայմաններում չկա ավելի վտանգավոր թշնամի, քան ռուսն է, մենք պարտավոր ենք հավաքել, լարել մեր բոլոր ուժերը կռվելու համար ռուսական ճակատի վրա: Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ մեր հոգու մեջ այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մենք պիտի մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից՝ գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից, հիվանդություններից:

Ռուսական ճակատի վրա ևս, ինչպես երկար ժամանակ թուրքական ճակատի վրա, մենք պիտի հանդես գանք մեր բովանդակ ազգային ուժով՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե բարոյական: Ազգովին մենք պիտի ներշնչենք այն անդրդվելի գիտակցությամբ, որ ռուսն էլ մեր թշնամին է, քանի որ նա չի կամենում հաշտվել Միացյալ և Անկախ Հայաստանի գոյության հետ, և որ մենք կարող ենք կռվել և պետք է կռվենք նրա դեմ էլ նույնքան սեղմ շարքերով ու անվեհերապահությամբ, որքան թուրքերի դեմ, քանի որ նա հանդգնում է խախտել մեր ազգի արդեն ինքնորոշված ազատ կամքը:

II.

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԵՎ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՏԱՐԵՐՔԸ

Հայաստանի քաղաքական անկախությունը և հայ ժողովրդի ազգային ինքնորոշումն ապահովելու համար անհրաժեշտ է մեր կյանքի բոլոր ասպարեզներում արմատախիլ անել այն գերազանցապես բացասական հետքերը, որ թողել է մեկ դարի ռուսական տիրապետությունը:

Ռուսաստանն այսօր պիտի մերժվի մեր կողմից ոչ միայն իբրև քաղաքական զորություն և քաղաքական սիստեմ, այլև իբրև կուլտուրական ազդեցություն, կուլտուրական արժեք:

Որպես քաղաքական զորություն, Ռուսաստանը դուրս է ընկել այսօր աշխարհիս բախտը որոշող մեծ պետությունների շարքից. այնքան է կազմալուծված տնտեսապես և անդամալուծված ներքին հակամարտ ուժերի անհաշտ կռվից, որ երկար ժամանակի ընթացքում ոչ միայն ի վիճակի չպիտի լինի տևականորեն և տիրականորեն ազդելու իր սահմանների վրա գտնվող և իր բռնապետական լծից ազատագրված կամ ազատագրվող ազգերի քաղաքական ճակատագրի վրա, այլ հազիվ թե ուժ ունենա պահպանելու իր մայր հայրենիքի կատարյալ անկախությունը, ռուս ազգի պատմական սահմանների անձեռնմխելիությունը:

Ռուսաստանին այսօր սպառնում է Տաճկաստանին վիճակված բախտը: Այդ տխուր ու թերևս անխուսափելի ճակատագրի դեմ է որ կռվում է ռուս ազգը ներկայումս: Ռուսական աշխարհակալությունը մահվան է դատապարտված, ինչպես և թուրքականը:

Միջազգային ուժերի փոխհարաբերություների արդի շրջանում Ռուսաստանը, ինչպես և Տաճկաստանը, կարող է հաստատել իր գոյությունը և ճանաչվել մեծ պետությունների կողմից՝ իբրև մի սոսկ ազգային պետություն: Ռուսաստանը չպիտի կարողանա խաղաղություն ձեռք բերել, մինչև որ չհաշտվի այդ իրողության հետ: Արևի լույսի պես պարզ է, որ այն հզոր պետությունները, որոնք ջախջախեցին Գերմանիան, պիտի ի վիճակի լինեն վերջ ի վերջո իրենց կամքը թելադրելու նաև ծայրից ծայր քայքայված Ռուսաստանին ու Տաճկաստանին:

Աշխարհի խաղաղությունն է այդ պահանջում, հաղթող մեծ պետություների շահն է այդ պահանջում, և այդպես էլ կլինի վաղ թե ուշ:

Մահացու հարված ստացած գազանների հուսահատական ճիգերն ու ջղաձգությունները չպիտի մոլորեցնեն մեզ:

Իբրև քաղաքական սիստեմ, ժամանակակից Ռուսաստանն անկարող է նույնպես վճռական ազդեցություն ունենալ մեր ժողովրդի ազգային ինքնորոշման վրա:

«Սովետական», «խորհրդային» կոչված սիստեմը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուս ձևափոխված բռնապետությունը: Այդ սիստեմը ունի նույն բռնապետական տենդենցներն ու մեթոդները, ինչ որ մենք ճաշակեցինք ցարերի բռնապետական սիստեմի մեջ:

Մեր ժողովրդի ազգային անկախության շենքը չի կարող տևականորեն դրվել մի օտար սիստեմի հիմքերի վրա, որ իր հայրենիքում անգամ հայտնաբերեց իր կատարյալ սնանկությունը:

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է այդ սիստեմին և չի կամենում, չի կարող հաշտվել մի բռնազբոսիկ սիստեմի հետ, որ Լենինն ու իր համախոհներն ամեն գնով ձգտում են փաթաթել մեր բոլոր ազգերի վզին:

«Սովտեական» սիստեմը ռուս բռնապետական ռեժիմի մեջ ծնված քաղաքական մտքի ծնունդ է: Նա յուրահատուկ արդյունք է ցարական բռնապետության:

Այդ սիստեմի գրեթե երեքամյա գոյությունը Ռուսաստանում չապացուցեց իր կենսունակությունը, իր քաղաքական նպատակահարմարությունը:

Ընդհակառակը, նա պատճառ դարձավ կատաղի քաղաքացիական պատերազմիների, որոնք շարունակում են մինչև այսօր էլ և հայտնի չէ, թե երբ պիտի վերջանան:

Մի խոսքով, «սովետական» սիստեմը չտվեց իր երկրին այն, ինչի պահանջը ամենից ավելի աղաղակող կերպով է զգում ռուս ժողովուրդը, այսինքն՝ խաղաղություն:

«Սովետական» սիստեմի պահպանությունը պահանջում է երկրի ուժերի գերագույն լարում ոչ թե ժամանակավորապես, այլ տևականորեն, անդադարորեն, որովհետև նա հենվում է միայն զենքի վրա, որովհետև նա փոքրամասնության դիկտատուրա է: «Սովետական» իշխանությունը, ինչպես և ամեն մի բռնապետական իշխանություն, պահանջում է ժողովրդական եռանդի ապարդյուն սպառում, որովհետև նա միշտ բացարձակ կամ խուլ պատերազմական վիճակի մեջ է իր երկրի ազգաբնակչության մեծագույն մասի հետ և այդ պատճառով նա հարկադրված է ազգային ուժերի շատ խոշոր մասը գործադրել ոչ թե պետության բարորության, այլ սոսկ իր իշխանության պահպանման համար:

Այդպիսի մի քաղաքական սիստեմ, այդպիսի մի պետական իշխանություն կարող է միայն կործանարար լինել ուժասպառ և արյունաքամ հայ ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը կարող է և պետք է որդեգրի միայն մի սիստեմ, որ հիմնվում է մեծամասնության կամքի վրա և որ, ուժերի նվազագույն լարումով, ընդունակ կլինի պահպանել երկրի ներքին խաղաղությունը:

Աշխարհիս երեսին այդպիսի մեկ սիստեմ կա միայն, և դա դեմոկրատիան, ռամկավարական հանրապետությունն է:

Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնությանը:

Այս է հրահանգում մարդկային պատմության իմաստությունը: Այս է պահանջում և՛ մեր հայրենիքի, մեր ազգի շահը:

Այդ առողջ քաղաքական սկզբունքի վրա է կառուցված մեր ռամկավար հանրապետության շենքը, և մենք ոչ մի հիմք, ոչ մի շահ չունենք հեղաշրջելու այն և յորացնելու «սովետական» սիստեմը:

Սակայն եթե ռուս պետականությունը խորապես ազդել է մեր հանրային մտքի վրա, անհամեմատ ավելի խոր արմատներ է գցել մեր ժողովրդի, մանավանդ վերին խավերի հոգու մեջ ռուսական կուլտուրան:

Ահա թե ինչու ռուսական կուլտուրայի, ռուս կուլտուրական արժեքների վերագնահատությունն այսօր, երբ հայությունը իր ազգային ազատ զարգացման հիմքերն է դնում, դառնում է մի ծայր աստիճան հրատապ խնդիր, հրամայական պահանջ: Պետք է որ այդ կողմից ևս մենք ճշտենք մեր դիրքերը, պարզենք մեր վերաբերմունքը, ձևակերպենք մեր ազգային շահերին և ոգուն համապատասխան տեսակետներ:

Միայն այդպիսի աշխատանքի միջոցով է որ մենք ի վիճակի պիտի լինենք ազատվելու ոչ միայն ռուս պետականության ծանր լծից, այլ ռուսական կուլտուրայի ստրկությունից:

Բայց ի՞նչ է ռուսական կուլտուրան և ռուսական ոգին, որ աղբյուրն է այդ կուլտուրայի:

Ռուսական ոգին երկու ներհակ ծայրեր ունի:

Մեկը` մոլեգին մղումն է դեպի կոպիտ, բռնի ուժի և նրա պաշտամունքը: Այդ ձգտումը բնազդական, ես պիտի ասեմ, օրգանական և բնական արտահայտություն է ռուս ժողովրդի երակների մեջ առատորեն հոսող մոնղոլական արյան:

Մյուսը՝ երազուն է, մեղկ, տարտամ, խորհրդապաշտ (միստիկ), անգործնական, կամազուրկ: Դա ծնունդ է ռուսի սլավոնական արյան:

Մոնղոլական տարրը միշտ ակտիվ է ռուս ժողովրդի ոգու մեջ, մինչդեռ սլավոնականը գրեթե միշտ պասիվ, կրավորական: Այդ պատճառով հաղթողն էր գրեթե միշտ մոնղոլական տարրը:

Ցարական ռեժիմը մոնղոլական ոգու, մոնղոլական տարրի տիրապետությունն էր Ռուսաստանում:

Ռուսական ընդդիմադիր, ազատական հոսանքները սլավոնական տարրն էին ներկայացնում:

Այդ հոսանքները թույլ էին և անզոր հանդեպ ցարական ռեժիմի: Եվ նրանք երբեք չպիտի հաղթանակեին, եթե գերմանական պատերազմից և դավերից ուժասպառ Ռուսաստանը չկազմալուծվեր, եթե անհուսալի պատերազմական դրությունից վարկաբեկված սիստեմը չանդամալուծվեր:

Եվ թող չթվա, եթե ասեմ, որ փետրվարյան հեղափոխությունն իրոք հաղթանակ չէր Ռուսաստանի ազատական հոսանքների՝ կադետների, էսէռների, մենշևիկների: Իշխանությունն ընկավ սրանց ձեռքը ոչ թե այն պատճառով, որ սրանք ուժեղ էին, այլ որովհետև թշնամին անձնատուր եղավ առանց կռվի՝ շնորհիվ իր ներքին քայքայման կամ ընդարմացման, և որովհետև ուրիշ կազմակերպված կամք չկար տակավին վերացնելու այդ իշխանությունը:

Թե կադետների, թե էսէռների և թե մենշևիկների մեջ իշխում էր սլավոնական մեղկ, անվճռական, անգործնական և կազմազուրկ ոգին: Նրանք երբեք տերը չդարձան ռուսական բիրտ իրականության. նրանք մինչև վերջը մնացին երազողներ, փիլիսոփաներ, բայց երբեք չեղան ռեալ քաղաքականություն վարող պետական գործիչներ:

Այդ երեք կուսակցությունների մեջ գրեթե ամփոփված էր ռուսական ամբողջ լավագույն ինտելիգենցիան:

Այդ երեք կուսակցությունների շուրջ համախմբված էր ռուս ժողովրդի կրթված մասի 90-95 տոկոսը:

Եվ, չնայելով դրան, ռուս ինտելիգենցիան՝ հանձին իր երեք կուսակցությունների՝ անհաղորդ մնաց ռուս ժողովրդի իրական շահերին ու պահանջներին: Այդ պատճառով նրա իշխանությունը եղավ անվանական և շատ կարճատև: Նա տեղի տվեց, հենց որ հրապարակ եկավ մի այլ կազմակերպված կամք, որ իր հոգեբանությամբ, իր հակումներով շատ ավելի մոտ էր ռուս ժողովրդին, շատ ավելի հարազատ ըմբռնում ուներ ռուսական շահերի և պահանջների:

Այդ նոր կազմակերպված կամքը հանդես եկավ «բոլշևիզմ» անվան տակ, խոսեց սլավոնական ոճով, բայց գործեց մոնղոլական եղանակով:

Եվ հաղթեց:

Բոլշևիզմը մի յուրատեսակ համադրություն էր ռուս ժողովրդի ոգու մեջ իշխող երկու հակամարտ, ներհակ ծայրերի՝ սլավոնականի և մոնղոլականի: Ցարական բռնապետությունը շատ էր բացահայտ, իրապաշտ, մարմնավոր: Ռուս ժողովրդի խորհրդապաշտ, առաքելասեր, իդեալամոլ ոգուն այդ ռեժիմը չէր գոհացնում: Մինչդեռ Կերենսկու քաղաքական սիստեմը շատ էր ինտելիգենտ, մեղմ և ընդհանրապես խորթ ռուս ժողովրդին իր արևմտյան ձևերով և շատ էր անիրական, կրավորական՝ իր սլավոնական էությամբ: Նա անզոր էր զսպելու ռուս ժողովրդի մոնղոլական տարերքը:

Եվ ահա եկավ բոլշևիզմը և միացրեց մոնղոլական բռնապետությունը սլավոնական տարտամ երազների և իդեալների հետ, ստեղծեց մի ինքնահատուկ քաղաքական սիստեմ, որի հիմքերը բռնապետական են անպայմանորեն և որի վերնաշենքը հարմարեցված է ռուս ժողովրդի միստիկ ու առաքելական մղումներին: Բոլշևիզմը չափազանց բնորոշ արտահայտությունն է հակասություններով և ծայրահեղություններով լի ռուսական ոգու: Բոլշևիզմի մեջ դուք կգտնեք և՛ ռուսական մոլեգին աղանդավորականություն, և՛ անզուսպ մղում դեպի ծայրահեղ դրություններ, և արտառոց գաղափարներ, և՛ խելացնող որոնում իդեալական աշխարհի ու արժեքների, և՛ աշխարհակալական մեսիանիզմ (առաքելականություն), և՛ անօրինակ երկություն խոսքի և գործի, և՛ հոյակապ սլացումներ մտքի ու երևակայության, և սանձարձակ բռնության, դաժանության ու վանդալիզմի հակում: Բոլշևիզմի մեջ չկա միայն ռուսական ոգու սլավոնական տարրերին հատուկ կանացի պասիվիզմը (կրավորականությունը), մեղկությունը, երազունությունը. այլ ընդակառակը, կա մոնղոլական աղբյուրից բխած առնական հզոր շեշտ, վճռականություն, կտրուկություն, որ միշտ վայրագ ու դաժան է, որովհետև մոնղոլական ծագում ունի:

Բոլշևիզմի մեջ դուք կգտնեք ռուս սլավոնական տարրին այնքան հատուկ ապշեցուցիչ թուլությունը և նույնիսկ բացակայությունը իրականության զգացումների, որ արտահայտվում է նրա սոցիալական բարձր իդեալների մոլեռանդ հետապնդման մեջ, ռուսական այնքան հետամնաց պայմաններում:

Իրականության զգացումի այդ թուլությունը կամ բացակայությունը ռուս ոգու մեջ կապված է վառ երևակայության հետ: Ռուս մարդը կեղտոտ խրճիթի մեջ ապրելով, ընդունակ է երևակայել ու անկեղծորեն հավատալ, թե ապրում է մաքուր պալատի մեջ, որովհետև նա ընդունակ է ապրել գեղեցիկ երազների աշխարհում և միաժամանակ լինել անտարբեր դեպի իր մղձավանջային շրջապատը, դեպի իր դաժան ու այլանդակ իրականությունը:

III.

ՌՈՒՍԱԿԱՆ ՈԳՈՒ ԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն ռուս ցեղի մոնղոլա-սլավոնական հատկությունները չեն միայն, որ ձևավորել են ռուսական ոգին, ռուսական կուլտուրան: Դարերի ընթացքում ռուս բռնակալական ռեժիմը, որ անշուշտ համապատասխան է եղել ռուս պետության և ռուս ազգի աշխարհակալական ձգտումներին, իր հերթին ճնշել, աղճատել, այլանդակել է ռուս ժողովրդի, մանավանդ ռուս ինտելիգենցիայի հոգեկան աշխարհը, մեծապես նպաստել է նրա հիվանդոտ կողմերի զարգացման, հրեշավոր չափերով ուժ է տվել այն ծայրահեղ, ներհակ հակումներին, որոնցով ի բնե այնքան հարուստ է ռուսական ոգին:

Ո՞ր ժողովրդի մեջ դուք կգտնեք այնպիսի արտառոց մտավոր հոսանքներ, ինչպես դուք տեսնում եք ռուս ժողովրդի մեջ: Նիհիլիզմ, մաքսիմալիզմ, բոլշևիզմ՝ այս բոլորն էլ ռուս վատառողջ ոգու հիվանդոտ արգասիքներն են:

Այս հոսանքները հիմնված են իրականության անպայման, անվերապահ ժխտման վրա:

Մերժել, ամեն գնով ոչնչացնել այն բոլորը, ինչ որ կա, և ստեղծել նորը, որը ոչ մի բանով նման չլինի հնին: Քանդել հինը միանգամից ոչ թե լավը, այլ լավագույնը չլինելու համար: Լավ է ոչինչ չունենալ, քան ունենալ այն, ինչ որ կա: Կամ ոչինչ, կամ բոլորը: Հեղաշրջել միշտ, բայց ոչ բարեփոխել: Աստճանական նվաճում, չափավոր պահանջ, իրական կարելիություն, բնականոն զարգացում՝ բուրժուական նախապաշարմունքներ են միայն: Եվ այս բոլորի հետ բռնի ուժի, բռնության մոլեգին պաշտամունքը:

Ո՛ր երկրի մեջ կգտնեք այնպիսի տարածված գաղափարական տեռորիզմ, որ գոյություն ունի Ռուսաստանում: Բայց ո՞ր երկրի մեջ դուք կգտնեք այնպիսի տոլստոյականություն, ինչպես Ռուսաստանում:

Չարիքը պետք է միայն զենքով, ուժով, արյունով վերացնել: Չարիքին չպետք է երբեք դիմադրել: Այս երկու ծայրահեղ, միանգամայն իրար ժխտող գաղափարներն ու տրամադրությունները միաժամանակ ծնունդ են ռուսական ոգու: Երկուսն էլ արտահայտում են ռուսական ոգու երկու ներհակ ծայրերը:

Ռուսական ոգու մեջ կա նաև մի մոլեգին օրգանական մղում ժխտելու, մերժելու Արևմտյան Եվրոպայի կուլտուրան և ես պիտի ասեմ նույնիսկ, առհասարակ ամեն մի կուլտուրա: Եվ շարունակ մենք տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից առաջ են գալիս նորանոր հասարակական հոսանքներ, որոնք բացասական, թշնամական դիրք են բռնում հանդեպ եվրոպական քաղաքակրթության: Այսպես էր, օրինակ, սլավոնասիրությունը (славянофильство), որ չէր կամենում հաշտվել եվրոպական կուլտուրայի ներմուծման հետ ռուսական կյանքի մեջ և որ ատում էր Արևմուտքը ու լույսը սպասում Արևելքից: Այսպես էր նույնպես և նարոդնիկությունը, որ կատաղի պայքար էր մղում եվրոպական կապիտալիզմի ներմուծման դեմ Ռուսաստանի մեջ և որ ամեն գնով ձգտում էր տանել ռուս պետությունը ոչ Արևմտյան Եվրոպայի, այլ ինչ որ նոր ճանապարհով: Այսպեսս էր տոլստոյականությունը, որ ժխտում էր ամեն տեսակի քաղաքակրթություն և, մանավանդ, Արևմտյան Եվրոպայինը, համարելով այն՝ չարիք: Այսպես է վերջապես բոլշևիկությունը, որ կուլտուրական երկրներին դաս տալու մեծամիտ հավակնությամբ պատերազմ է հայտարարել ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը և որ թունալից ատելիությամբ ժխտում է եվրոպական կուլտուրան, անվանելով այն բուրժուական կամ իմպերիալիստական:

Դիտե՛ք ռուս հանրային մտքի զարգացումը վերջին մեկ հարյուրամյակի ընթացքում, և դուք կտեսնեք, որ ճիշտ այդ հոսանքներն են եղել, որ գտել են ամենամեծ ժողովրդականությունը, ամենալայն արձագանքը թե ռուս ինտելիգենցիայի և թե ռուս հասարակական զանգվածների մեջ: Եվ, ընդհակառակը, շատ ավելի սահմանափակ ծավալում են ունեցել և անհամեմատելի թույլ, սառն ընդունելություն են գտել հասարակական այն հոսանքները, որոնք ճանաչել են եվրոպական կուլտուրան, ձգտել են յուրացնել նրա արժեքները և մղել Ռուսաստանը եվրոպական ազգերի ճանապարհներով:

Այսպես, օրինակ, մեծ հաջողություն չունեցան ոչ արևմտասիրությունը (западничество), ոչ ազատականությունը (լիբերալիզմը), և ոչ էլ գիտական սոցիալիզմը (մարքսիզմը), եթե չհաշվենք բոլշևիզմը, որ մարքսիզմի անունն է կրում միայն և իր էությամբ բացարձակապես մարքսիզմը ժխտող մի հոսանք է: Արևմտասիրության, լիբերալիզմի և գիտական սոցիալիզմի իսկական հետևողներն եղել են մեծ մասամբ ինտելիգենտ մարդիկ, իսկ ժողովրդական լայն խավերի ոչ սիրտը և ոչ էլ միտքը նրանք չեն կարողացել յուրացնել, ցնցել, գրավել:

Թշնամանքը դեպի կուլտուրական աշխարհն ու արժեքները, ատելիությունը դեպի քաղաքակիրթ մարդկությունը չափազանց ուժեղ է ռուս ժողովրդի մեջ և անկասկած ունի մոնղոլական ծագում, և այդ պատճառով նա այնքան հեշտությամբ և ոգևորությամբ յուրացնում է արևմտյան կուլտուրային հակառակ գաղափարներն ու նշանաբանները: Այդ գաղափարներն ու նշանաբանները խոսում են ռուս ժողովրդի սրտի, հոգու խորքերից:

Այս տեսակետով ռուս ժողովուրդը կարող է համեմատվել միայն իր արյունակից թուրք-թաթարական ցեղի հետ:

Եվ իզուր չէ, որ ասում են՝ քերիր ռուսի կեղևը, և դուրս կգա թաթարը:

Եվ, իրավ, Արևմուտքը, Եվրոպան, ռուսական ոգու կեղևն է միայն կազմում, իսկ նրա էությունը արևելյան է, ասիական, մոնղոլական:

Արևմուտքը և Արևելքը, Եվրոպան ու Ասիան, սլավոնն ու մոնղոլը ռուսական ոգու մեջ դարերի ընթացքում չեն կարողացել հաշտվել, ձուլվել և մի ներդաշնակ ու օրգանական միություն կազմել: Նրանք միշտ մնացել են անհաշտ, հակամարտ և մի ջլատիչ, տանջալից երկություն են առաջ բերել, մի մեծ, անանցելի վիհ են բացել ռուս մարդու հոգու մեջ:

Այդ պատճառով ռուսական ոգին եղել է հեղափոխ, հախուռն, երերուն, տարտամ:

Այդ պատճառով, վերջապես, նրա ուժն արտահայտվել է գրեթե միշտ այն ժամանակ, երբ նա տարակուսել է, որոնել է, տարրալուծել է, բացասել է, քանդել է. բայց դրական արժեքներ նա չի կարողացել ստեղծել, շինարար աշխատանքի մեջ նա եղել է միշտ թույլ. որովհետև դրա համար պետք է հոգու ներդաշնակություն, միատարրություն, միակամություն և առողջություն, որից գրեթե զուրկ է եղել ռուս ինտելիգենտը, ռուս ստեղծագործող անհատը:

Ռուսական ոգու լավագույն մարմնավորումը ռուս ինտելիգենցիան է: Ռուսական ոգու լավագույն արտահայտիչը, հայելին, ռուս գրականությունն է:

Թե ռուս ինտելիգենցիան և թե մանավանդ ռուս գրականությունը շատ հաճախ ամբողջ քաղաքակիրթ մարդկութան լարված ուշադրության առարկա են եղել: Մի նոր, ապշեցուցիչ աշխարհ են բացել նրանք Եվրոպայի առաջ: Եվ Եվրոպան երբեմն զարմանքով, երբեմն հիացմունքով. իսկ երբեմն նաև սարսուռով ու գարշանքով դիտել, ուսումնասիրել է այդ տարօրինակ աշխարհի արտառոց տիպերը, դեպքերը, երևույթները, որոնք իրենց բովանդակ էությամբ ու կերպարանքով ա՛յնքան խորթ, ա՛յնքան օտար են եղել կուլտուրական Արևմուտքին:

Տպավորությունը ռուսական աշխարհից մռայլ է և ճշնող: Հիվանդ է այդ աշխարհը խորապես, այլանդակ է իր արտահայտությունների, իր մղումների մեջ: Սարսափ է ներշնչում նա ամեն մի առողջ, նորմալ մարդու:

Շինարար տիպեր, դրական երևույթներ չկան այդ աշխարհում:

Ամեն ինչ խարխափում է երկու ծայրահեղությունների մեջ:

Կամ մեղկ ու թուլամորթ համակերպություն դաժան և մռայլ իրականության, ստրկահոգի նահանջ բռնության առջև` կամ անհաշիվ ու խենթ ըմբոստություն, անվերապահ ու ամբողջական մերժումն տիրող իրականության:

Կամ անվերջ վարանում, ամուլ տարակուսանք, կամազուրկ քննադատություն՝ կամ հիսթերիկ վճռականություն, մոլեգին աղանդամոլություն, վայրագ քանդումն բոլոր արժեքների, բոլոր հիմքերի:

Կամ մտքի հիվանդություն՝ կամ կամքի հիվանդություն:

Եվ միշտ չափի պակաս, նույնիսկ կատարյալ բացակայություն, թե սիրո, թե ատելության մեջ. միշտ մի անհաղթելի, անբացատրելի, տարամերժ մղում դեպի ծայրահեղություններ, դեպի արտառոց դրություններ: Միշտ հրեշավոր խախտումն ներքին հավասարակշռության, միշտ ջլատիչ բացակայություն հոգեկան ուժերի ներդաշնակության:

Եվ թո՛ղ չափազանցություն չհամարվի, եթե ասեմ, որ թե ռուս ինտելիգենցիան և թե ռուս գրականությունը լավագույն նյութն են ներկայացնում մարդկային հասարակության հիվանդաբանական (պաթոլոգիական) երևույթներն ու պրոբլեմներն ուսումնասիրելու համար: Ռուսական լավագույն գրողները՝ Չեխովը, Գորկին, Անդրեևը և նույնիսկ Տուրգենեը (որ ամենից ավելի առողջն ու եվրոպականն է ռուս գրողների մեջ և որ ունի մի քանի գեղեցիկ դրական տիպեր՝ այն էլ կանանց տիպեր) տվել են գրեթե միայն աննորմալ, հիվանդոտ, բացասական տիպեր: Իսկ եթե նրանք ստեղծել են կամ, ավելի ճիշտը, փորձ են արել ստեղծելու նաև առողջ, հավասարակշռված, դրական տիպեր, դրանք էլ դուրս են եկել բռնազբոսիկ, արհեստական, անկենդան:

Ռուս գրականությունը, ինչպես նաև ռուս ինտելիգենտի ոգին, որ և ռուս գրողի ոգին է, չէր ներկայացնում և չէր էլ կարող ներկայացնել բավականաչափ նպատակավոր նյութ այդպիսի ստեղծագործության համար: Այդ պատճառով ռուսական գրականությունը, ունենալով հանդերձ գեղարվեստական շատ խոշոր արժեք, գրեթե զուրկ է կրթիչ, դաստիարակիչ նշանակությունից: Նա մեծապես շահեկան է գիտնականների և գեղարվեստագետների համար, բայց նրա բարոյական ազդեցությունը հասարակական լայն խավերի վրա ավելի շուտ բացասական է, քան դրական:

Առանձնապես բացասական է նրա ազդեցությունը մատաղ սերնդի և տակավին չկազմակերպված նկարագիրների (քարաքտերների) վրա:

Նա առաջ է բերում և զարգացնում մի վատառողջ սեր դեպի կյանքի հիվանդոտ կողմերը, այլանդակ արտահայտությունները աղճատված, հաշմանդամ տիպերը, դեպի տգեղներն ու թույլերը, դեպի ճնշումներն ու զրկվածները, դեպի կեղտն ու հրեշավորը, դեպի մութ անկյուններն ու մահվան դատապարտված երևույթները:

Նա սնուցանում է ռոմանտիկ տրամադրություններ, տարտամ հույզեր, երազային իղձեր, որոնք բթացնում են իրականության զգացումը, մշուշով պատում անհատի առողջ միտքը, կտրում այն՝ շրջապատող աշխարհից և մղում դեպի անիրագործելին, անկարելին, հեռավորը:

Հասարակական առողջ զարգացման համար ռուսական գրականությունը ոչինչ չի տալիս:

Նա չի տալիս կենդանի տիպեր, որոնք իրենց նախաձեռնության ստեղծագործ ոգով, իրենց անհողդողդ կամքի ու երկաթե նկարագրի զորությամբ կարող են օրինակ դառնալ այդպիսի զարգացման համար:

Նա չի տալիս պատմություններ, որոնց վրա մատաղ սերունդը սովորի մտքի, զգացումի, կամքի, կարգապահության (դիսցիպլինայի). պատմություններ, որոնց վրա նա սովորի դատել կարելին անկարելիից, իրականը՝ անիրականից, առողջը՝ հիվանդագինից, օգտակարը՝ անօգուտից, պետքականը՝ անպետքից:

Ոչինչ՝ հաստատուն, կայուն, անվիճելի, ամեն ինչ՝ երերուն հարափոփոխ, վիճելի: Անվերջ որոնումներ, անդադար դեգերումներ, անորոշ ձգտումներ, մշուշապատ երազանքներ, անեզր ցանկություններ, հեղհեղուկ տրամադրություններ...

Ահա ռուս գրականության աշխարհը:

Բնական է, որ այդպիսի գրականության ազդեցությունը մատաղ սերունդների վրա չի կարող լինել բարերար, դրական: Եվ որքան ավելի տաղանդավոր, հանճարեղ է այդ գրականությունը գեղարվեստական տեսակետով, այնքան ավելի վնասակար է նրա թողած ազդեցությունը. որովհետև որքան ավելի գեղարվեստական է որևէ արժեք, այնքան ավելի խորը հետքեր է նա թողնում անհատի հոգու մեջ, այնքան ավելի նա վարակիչ, հաղորդական է:

Ոչ միայն ռուս գրականությունը, այլև ռուս հասարակական միտքն ընթացել է նույն հիվանդոտ ճանապարհներով:

Հեղափոխականությունը նա դարձրել է ինքնանպատակ: Կռիվը պետական որոշ ռեժիմի, այսինքն՝ կռիվը կառավարության դեմ նա դարձրել է իրոք կռիվ պետության, պետականության դեմ առհասարակ:

Նա բթացրել է, մեռցրել է ռուս ժողովրդի մեջ օրինապահության, կարգապահության, առողջ զգացումը:

Նա սերմանել է ատելություն, անարգանք դեպի իշխանությունն առհասարակ:

Նա սնուցել է արհամարհական, ժխտողական վերաբերմունք դեպի քաղաքակիրթ հասարակության տարրական հիմունքները:

Նա կասկածի տակ է դրել մարդկային բոլոր առաքինությունները, բոլոր սրբությունները:

Մոլեգնորեն քարոզելով աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտական) իդեալներ ու տեսություններ (թեորիաներ), նա իրոք ամենակատաղի պայքար է մղել ազգությունների իրավունքների դեմ:

Լինելով տիրող ազգության արտահայտիչ, նա բարձր գաղափարներով ու մոլորեցուցիչ կեղծիքներով է մղուշապատել իր ատելությունն ու անարգանքը դեպի հպատակ ազգերն ու ցեղերը:

Վերցրե՛ք ամենաազատամիտ և բարյացակամ ռուս ինտելիգենտին, քննե՛ք նրան մի քիչ, քրքրեք նրա հոգեկան էությունը, և դուք անպատճառ կգտնեք այնտեղ անտիսեմիտիզմ (հրեատյացություն) և առհասարակ թշնամանք ու տհաճություն դեպի բոլոր այլազգիները:

Սա մի մոնղոլական հատկություն է, որ այնքան բնորոշում է նաև թուրքին, թաթարին: Շա՞տ եք պատահել դու ձեր կյանքում ռուսների, որոնք հարգեն ձեր լեզուն, անկեղծորեն ձգտեն խոսել ձեր լեզվով, որոնք հարգեն ձեր ազգային անհատականությունը...

Բնորոշ չէ՞ արդյոք ռուսական մտածողության, ռուսական հոգեբանության համար, որ ազգասեր, նացիոնալիստ կամ հայրենասեր, պատրիոտ բառերը ստացել են գրեթե հայհոյական իմաստ, ինչպես մեր օրերում բուրժուա, կամ «բուրժույ» խոսքը:

Լինել ոչ ազգասեր և ոչ հայրենասեր՝ դա ռուս ինտելիգենտի առաջին պահանջն է: Ով այդպես չէ, նա հետադեմ մարդ է, նա ծաղրի և արհամարհանքի է արժանի:

Եվ մի այնպիսի առողջ զգացում, ստեղծագործող բնազդ, ինչպիսին է ազգասիրությունը, հայրենասիրությունը, որ ամենաանհրաժեշտ հիմքը պիտի կազմի ամեն մի ժողովրդի բնականոն կրթության և դաստիարակության, ենթարկում էր բարոյական ու մտավոր հալածանքի: Եվ այդպիսով աղճատվում, այլանդակում էր ռուս մատաղ սերունդների հոգին, այլասերում էր ռուս ինտելիգենցիան, այլասերում էր ամբողջ ռուսական կյանքն ու կուլտուրան:

Նույնը կարելի է ասել և կրոնի մասին:

Դուք կարո՞ք եք մատնանշել մի այլ երկիր, ուր կրոնն այնքան արհամարհական լիներ կրթված դասի մեջ, որքան Ռուսաստանում:

Ռուս հասարակության միտքը, կռվելով ուղղափառ եկեղեցու դեմ, կռիվ էր հայտարարել նաև առհասարակ կրոնի դեմ: Եթե վնասակար էր կամ անպետք էր այս կամ այն եկեղեցին, նշանակում՞մ էր այդ արդյոք, որ կրոնը ևս վնասակար, անպետք է: Սակայան ռուսական միտքը մերժում էր այն ամենը, որ կապված է եկեղեցու հետ: Եվ հավատացյալ, կրոնասեր ինտելիգենտը ամենաարհամարհված, ծաղրի ենթակա մարդն էր ազատամիտ ռուսի համար:

Արհամարհանք, կամ լավագույն դեպքում կատարյալ անտարբերություն դեպի հավատի կամ կրոնի հետ կապ ունեցող խնդիրները: Այս էր ահա այն հոգեբանական մթնոլորտը, որի մեջ կազմավորվում էր ռուս ինտելիգենցիայի միտքը և կրթվում էին մատաղ սերունդները:

IV.

ԱԶԳԱՄԵՐԺ ՈԳԻՆ ԵՎ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ

Ազգությունն է հիմնական ճանապարհը մարդկային առաջադիմության: Ազգության ինքնահատուկ ձևով է միայն, որ կատարվում է մարդկային ստեղծագործող աշխատանքը, կերտվում են մարդկության գերագույն արժեքները: Ամեն մի առողջ կուլտուրա ծագում է և ծաղկում է ազգային հիմքի վրա: Ազգությունը հզորագույն ազդակը, գերագույն ֆակտորն է ամեն մի կուլտուրայի:

Ժխտել ազգությունը, չճանաչել նրա զարգացման անհրաժեշտությունը, վերջապես համարել այն մի չարիք, որի հետ լավագույն դեպքում կարելի է միայն հաշտվել, դա նշանակում է միանգամայն չըմբռնել ազգության իսկական էությունը և դերը մարդկային պատմության մեջ:

Մակերեսորեն մտածող մարդիկ կան, որոնք կարծում են, թե ազգությունների անկախ գոյությունն ու ազատ, ինքնուրույն զարգացումը վտանգավոր է նույնիսկ հուսահատեցուցիչ չափերով խորացնում է համայն մարդկությունը բաժանող անջրպետները և ծայր աստիճան դժվարեցնւոմ համամարդկային համերաշխությունն ու համայնակենցաղը: Այդ մարդկանց կարծիքով, ով տոգորված է ազգային իդեալներով, նա դեմ է անպայմանորեն համամարդկային իդեալների:

Այդպիսի մարդիկ իրոք գործում են նույն սխալը, ինչ որ գործում են այն սոցիալիստները, որոնք միանգամից կամենում են թռչել սոցիալիստական աշխարհը, որոնք չեն կամենում ըմբռնել, թե ճանապարհը դեպի սոցիալիզմ անցնում է անխուսափելիորեն կապիտալիզմի վրայով և թե կապիտալիզմն է, որ պիտի ստեղծի նախապայմանները սոցիալիստական հասարակարգի:

Այսպես էլ պարզամիտ մարդիկ կարծում են, թե մարդկային հասարակությունները՝ ազգային տեսակետով իրենց սաղմնային, չբյուրեղացած վիճակի մեջ մնալով է, որ պիտի ձուլվեն և կազմեն անխուսափելիորեն համամարդկային մի միություն: Նրանք չեն կարող, կամ չեն ուզում հասկանալ, որ մարդկային հարաբերությունների մեջ տիրող անիշխանական վիճակն ու բռնկումները կվերանան և ամբողջ մարդկության ներդաշնակ համայնակենցաղի ու համերաշխ, ստեղծագործ աշխատակցության նախապայմանները կստեղծվեն միայն այն ժամանակ, երբ բոլոր ազգությունները դուրս կգան իրենց գոյության սաղմնային վիճակից, կբյուրեղանան, ազատորեն ու անկախորեն կզարգացնեն իրենց հավաքական ուրույն անհատականությունն ու կուլտուրան:

Ազգությունը հիմք, նախապայմանն է միջազգայնության, ինչպես կապիտալիզմը հիմքն է ու նախապայմանը սոցիալիզմի: Ամբողջ թափով նպաստել ազգության զարգացման՝ նշանակում է լավագույն կերպով նպաստել միջազգայնության: Ինչպես ամենամեծ չափով զարկ տալ կապիտալիզմի զարգացման, նշանշակում է ամենաիրական կերպով նպաստել սոցիալիզմին:

Ճիշտ է, ազգությունների զարգացումը գրեթե միշտ կապված է հասարակական ամբողջ զանգվածների հարաբերությունների ծայրահերղ սրման հետ և ուղեկցում է արյունահեղ կռիվներով, թշնամություններով ու հակամարտություններով, ինչպես և կապիտալիզմի զարցումը: Բայց չնայելով իր բոլոր բացասական երևույթներին, շատ մռայլ կողմերին, ազգային կռիվը, ինչպես և կապիտալիստական պրոցեսը, անխոսափելի ճանապարհն է մարդկային առաջադիմության և լավագույն իդեալների իրագործման: Ազգությունը, ինչպես և կապիտալիզմը, իր էությամբ ստեղծագործող, դրական ուժ է, որքան էլ նրանց գոյությունն ու զարգացումը ուղեկցվի բացասական երևույթներով և արտահայտություններով

Ռուսական պետությունը հիմնված էր բազմաթիվ ազգությունների և ցեղերի ստրկացման վրա: Բռնի ուժի զորությամբ էր միայն, որ տիրող ռուս ազգը կարողանում էր իր լծի տակ պահել բոլոր այլազգի տարրերին:

Նրա կուլտուրան չէր կարող խորը թափանցել այդ տարրերի մեջ, և հազիվ ի վիճակի էր այլասերել, ապազգայնացնել նրանց վերին խավերը: Պետությունը չէր կարող է չէր կամենում առողջ ազգային հիմքերի վրա դնել բովանդակ երկրի և ժողովուրդների զարգացումը, որովհետև այդ պիտի նշանակեր զարկ տալ կենտրոնախույս ուժերի աճման, այդ պիտի նշանակեր նաև առաջից հաշտվել այդ ուժերի ազատագրման անխուսափելիության հետ: Մի խոսքով, այդ պիտի նշանակեր գիտակցորեն ընդառաջ գնալ այլազգի զանգվածների անջատմանը տիրող ռուս ազգից և հրաժարվել վերջինիս պատմական նվաճումներից, առանձնահատկություններից, արտոնություններից:

Եվ որովհետև տիրող ռուս ազգության արթուն հասարակական միտքն ըմբռնում էր, որ անկարելի է այլատարր ու այլացեղ ռուսական պետությունը պահել միմիայն սվիններով ու ճնշման մեքենայով, բնազդորեն թե գիտակցորեն, նա մի ճանապարհ էր փնտրում, որով հնարավոր լիներ կապել նաև հոգեպես Ռուսաստանի մեջ ապրող բազմաթիվ ցեղերն ու ազգերը:

Այդ հողի վրա էր, որ նա կառուցում էր, մեկը մյուսի հետևից, թեորիաներ, որոնք հիմնված էին ազգության գաղափարաի ժխտման վրա և որոնք ձգտում էին մերձեցնել, ձուլել Ռուսաստանի այլազան տարրերը համամարդկային իդեալների միջոցով: Ահա թե ինչու ազգայինը միշտ նեղ էր Ռուսաստանի համար, մինչ համամարդկայինը ռուս պետության, ավելի ճիշտը, ռուս տիրող ազգի շահերին անհամեմատ ավելի համապատասխան էր:

Եթե ցարական պետականությունը ամեն կերպ խուսափում էր ճանաչել էր պաշտոնական գործավարության մեջ զանազան ազգությունների գոյությունը իր երկրում և իր հպատակ ժողովուրոդների միջև եղած տարբերությունները որակում էր կրոնական, դավանական ու երբեք ազգային սկզբունքներով, ռուս ընդդիդամիր հոսանքներն էլ համամարդկային, աշխարհաքաղաքացիական գաղափարներով էին ճգնում քողարկել իրենց բացասական, թշնամական կամ, լավագույն դեպքում, անտարբեր վերաբերմունքը դեպի հպատակ ազգությունների գոյության և իրավունքների հարցը:

Չափազանց բնորոշ է, որ սոցիալիստական ուսմունքը ոչ մի երկրում չստացավ այնպիսի ապազգային, անգամ հակազգային բնույթ, ինչպես Ռուսաստանում:

Նույնիսկ միջազգային գաղափարը, որը տրամաբանորեն իսկ պահանջում է կազմակերպված ազգությունների միացումը և ոչ խայտաբղետ զանգվածների ձուլումը, ռուսական վատառողջ պայմաններում ենթարկվեց աղավաղման, այլանդակման և դարձավ անսպասելի կերպով հակազգային գաղափար:

Եվ ռուս ինտելիգենտին անհերքելի ճշմարտություն էր թվում այն արտառոց միտքը, թե ով կանգնած է միջազգային տեսակետի վրա, նա չի կարող ընդունել ազգային տեսակետը: Մինչդեռ առողջ տրամաբանությունը միշտ հակառակ եզրակացության պիտի բերեր՝ այն է, որ ով կանգնած չէ ազգային տեսակետի վրա, նա չի էլ կարող իրոք պաշտպան լինել միջազգային տեսակետի: Որովհետև ով ժխտում է ազգությունները, նա իրական հիմք չունի և միջազգայնության համար, որ է ազգությունների միությունը: Եվ փաստորեն միջազգային տեսակետը Ռուսաստանում դարձել էր տիրող ազգության քողարկված տեսակետ, որը, եթե ձեռնտու էր ռուս ազգին, մեծապես վնասում էր հպատակ, ոչ ռուս ազգությունների դատին, ծայր աստիճան մթացնում էր նրանց ազգային առողջ գիտակցությունը և խուլ ու այլանդակ ընթացք տալիս նրանց ազգային բնազդների արտահայտման:

Ճիշտ է, ռուսական գրականությունը, ռուսական կուլտուրան, ռուս հասարակական միտքը, սովորեցնում էր սիրել ժողովուրդը, գնալ դեպի ժողովուրդ, ապրել նրա հետ և նրա համար. բայց ռուս գրականության, կուլտուրայի, հանրային մտքի սիրո առարկան ազգայնորեն խառնիճաղանճ, խայտաբղետ, անձև ու պասիվ ժողովրդական զանգվածն էր և ոչ թէ ազգայնորեն կազմակերպված և ազգային բարձր անհատականության տեր ակտիվ ժողովուրդը: Ուրիշ խոսքով ռուս հասարակական միտքը անտես էր անում ազգությունը, չէր զարթեցնում ընդհանրապես սեր դեպի հարազատ ազգը, դեպի մայրենի լեզուն, դեպի ազգային ուրույն կուլտուրան, դեպի ազգային ազատագրական շարժումը:

Եվ եթե պաշտոնական Ռուսաստանն իր տրամադրության տակ եղած բոլոր ճնշիչ միջոցներով ձգտում էր ռուսացման, ձուլման ենթարկել ռուսական լծի տակ տառապող բոլոր ազգերը, — ռուսական կուլտուրան, ռուսական գրականությունը, ռուս հանրային միտքը բոլորովին տարբեր ճանապարհներով ու միջոցներով իրոք նույն գործն էր կատարում, — ընդհանրացնում էր այդ ազգերի ազգային ոգին և իր հերթին մեծապես նպաստում նրանց ռուսացման, այլասերման:

Չափազանց հատկանշական է, որ հսկայական ռուս գրականության մեջ դուք հազիվ եք գտնում մեկ հատիկ միայն հերոս, որ ապրում, կռվում և զոհվում է ազգային գաղափարի համար: Այդ հերոսը Տուրգենևի հռչակավոր «Նախորյակին» վերպի մեջ դուրս բերած բուլղարացի Ինսարովն է: Բայց այդ հերոսն էլ պատկերացված է շատ ու շատ ազատ գույներով, հազիվ նշմարելի գծերով և ընդհանրապես արհեստական, անկենդան մի կառուցվածք է: Մինչդեռ միևնույն ժամանակ նույն վեպի մնացած բոլոր գործող անձինք նկարված են շատ վառ և կենդանի գույներով:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ազգային գաղափարը, ազգային իդեալը խորթ էր ռուս ինտելիգենտին. նա չէր կարող տարվել այդ գաղափարով և սիրել ու սիրեցնել այն:

Բնորոշ է նաև այն հանգամանքը, որ հիշյալ մի հատիկ դեպքում անգամ ռուս գեղարվեստագետը վերցրել է մի բուլղարացու, մինչդեռ իր քթի տակ, Ռուսաստանի լծի տակ, տառապող բազմաթիվ ազգերն ա՛յնքան հարուստ նյութ կարող էին մատակարարել այդ նպատակի համար:

Այդպիսով, ռուսական կուլտուրան, ինքը դրված չլինելով առողջ հիմքերի վրա, սերմանում էր անտարբերություն կամ արհամարհանք դեպի ազգային իդեալները, դեպի ազգային ազատագրական պայքարը, դեպի այլազան ազգությունների ուրույն կուլտուրաները: Նա ոչ միայն խթան չէր, այլ և արգելք էր այդ ուրույն կուլտուրաների բնականոն զարգացման համար:

Նա տանում էր դեպի այլասերում, դեպի ապազգայնացում:

V.

ԹԵՈԿՐԱՏԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Իր իդեոլոգիական (գաղափարախոսական) էությամբ ռուսական գրականությունը մի թեոկրատիկ բռնապետություն էր, այսինքն՝ կրոնական հիմքի վրա կառուցված մի պետական շենք: «Պրավոսլավ», ուղղափառ եկեղեցին էր այդ հիմքը: Ցարը ոչ միայն պետության, այլ և ուղղափառ եկեղեցու պետն էր:

Որպես թեոկրատիկ պետություն, Ռուսաստանն ապազգային, աշխարհաքաղաքացիական, աշխարհակալական պետություն էր: Ազգային պետություն նա չէր և չէր էլ կարող լինել: Որովհետև ազգային պետությունն ավելի բարձր տիպի քաղաքական կազմակերպություն է, քան էր ցարական Ռուսաստանը: Բացի այդ՝ իսկապես ազգային պետության գոյությունն անկարելի է առանց որոշ ռամկավար կարգերի, առանց որոշ քաղաքական ազատության:

Ցարական Ռուսաստանն անխնայորեն հալածում էր այն բոլոր ռուսներին, որոնք չէին պատկանում ուղղափառ եկեղեցուն: Տասնյակ միլիոնավոր ռուս ռասկոլնիկներին, աղանդավորներին (սեկտանտներին) ռուսական պետությունը համարում էր իրեն թշնամի տարրեր և անհաշտ կռիվ էր մղում նրանց դեմ: Մի ազգային պետություն այդպիսի ընթացք երբեք չէր կարող թույլ տալ իրեն:

Ցարական իշխանության համար դավանանքն էր կարևորը, արժեքավորը. ազգությունը՝ անկարևոր էր և անարժեք:

Տարօրինակ և միևնույն ժամանակ բնորոշ չէ՞, որ իշխանության այս մտայնությունն անցավ և ռուս ընդդիմադիր հոսանքներին, ռուս ինտելիգենցիային:

Ճիշտ է, ռուս ընդդիմադիրներին, հեղափոխականների, առաջադեմ ինտելիգենցիայի դավանանքը ուղղափառ եկեղեցին չէր, բայց նրանց դավանանքը նույնչափ ապազգային կամ հակազգային էր, որչափ և ցարական իշխանությանը:

Ռուս ինտելիգենցիան չէր կամենում ճանաչել ազգային տարբերությունները, ազզգության ուրույն և անկախ զարգացման անհրաժեշտությունը, ինչպես և ցարական բյուրոկրատիան: Ռուս ինտելիգենցիան և վիճակի չեղավ ըմբռնելու, որ մարդկային պատմության, մանավանդս նորագույն պատմության իսկական սուբյեկտը ազգությունն է և ոչ թե հասարակական որևէ այլ հավաքականություն, սոցիալական այլ խմբակցություն:

Սլավոնասիրական, նախորդնիկական, տոլստոյական, սոցիալիստական ուսմունքները, որ այնքան մոլեգին կերպով յուրացնում ու կիրառում էր կյանքի մեջ ռուս ինտելիգենցիան, հիմնված էին ազգության ժխտման վրա կամ, լավագույն դեպքում, ապազգային բնույթ ունեին:

Այսպես, օրինակ, սլավոնականությունը ճանաչում էր՝ իբրև պետական ստեղծագործության սուբյեկտ՝ սլավոնական ցեղը, բայց ոչ ռուս ազգությունը:

Նարոդնիկությունն ընդունում էր՝ իբրև պետության հիմք՝ աշխատավոր ժողովուրդը, բայց ոչ ազգությունը, որ միանգամայն տարբեր բան է, որովհետև աշխատավոր ժողովուրդը կարող է բաղկացած լինել ազգայնորեն խառն տարրերից:

Տոլստոյականությունը ձգտում էր պետական կյանքը դնել կրոնական հիմքի վրա:

Վերջապես, ռուսական սոցիալիզմը պետության, իշխանության սուբյեկտ էր ընդունում միմիայն դասակարգը:

Այս բոլոր վարդապետությունների մեջ էլ կատարելապես բացակայում է ազգությունը, իբրև պատմության ստեղծագործող ֆակտոր, իբրև պետության բնականոն զարգացման միակ առողջ և առաջադիմական հիմքը:

Եվ այսպես ռուս հասարակական միտքն անկարող եղավ գտնել և յուրացնել այն հիմնական սկզբունքը, որի վրա միայն հնարավոր է կառուցել ժամանակակից մի կենսունակ և կուլտուրական պետություն: Ցարական ռեժիմի գործած մեկ ծայրահեղությունից նա ընկավ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ, անձնատուր լինելով բռնազբոսիկ, ցնորական կառուցումներին և միանգամայն անտես առնելով մարդկային պատմության ամենախոշոր և իրական գործոնը՝ ազգությունը:

Ռուսական հսկայավիթխար կայսրությունը շինված էր բռնի ուժով և կառավարվում էր սվինով ու մտրակով, հրով ու սրով: Արտաքին նվաճումներ և ներքին պրոբլեմներ (ջարդեր) — ահա այն միջոցը, որով պահպանվում էր ռուս պետական սիստեմը:

Ռուս պետականության լավագույն տարրերը միայն գարշանք և ատելություն են զգագել դեպի մի այդպիսի պետություն: Այս զգացումը, հետզհետե խորանալով ու այլանդակվելով, ուղղվել է տարերայնորեն առհասարակ ամեն մի պետականության, ամեն մի իշխանության դեմ: Այս հողի վրա զարգացել, աճել են այն հակապետական, անիշխանական հակումները և հակակարգապահական մղումներն ու տրամադրությունները, որոնցով այնքան հարուստ է ռուս ժողովրդի հոգին և որոնք այնքան բնորոշ են նրա համար:

Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չի հայտնաբերել ազգասիրության, հայրենասիրության պակասի կամ բացակայության այնպիսի հրեշավոր օրինակներ, ինչպես այդ մենք տեսանք ճապոնական և վերջին համաշխարհային պատերազմների ժամանակ և՛ ռուս ինտելիգենցիայի, և՛ ռուս հասարակության ամենալայն խավերի մեջ:

Հակառակ իր բոլոր մերձերցման փորձերին՝ ռուս ինտելիգենցիան մնացել է իրոք օտար, խորթ իր իսկ ռուս ժողովրդին:

Ազգային այն անմիջական սերտ կապը, որը, իմ կարծիքով, օրգանական բնույթ ունի և որը սովորաբանր ամեն մի առողջ ազգային մարմնի մեջ անքակտելի կերպով միացնում է ինտելիգենցիան հարազատ ժողովրդի հետ մի՛ ընդհանուր զգացումով, գիտակցությամբ կամ մղումով, ռուս ազգի մեջ գրեթե գոյություն չունի կամ ապշեցնելու չափ թույլ է:

Ռուս ինտելիգենցիան տեսել է միշտ մի մեծ վիհ իր և իր ժողովրդի միջև հաճախ անձնվեր, համառ փորձեր է արել վերացնելու այդ վիհը: Սակայն այդ փորձերը, ցանկալի հետևանք չեն տվել, ինչպես այդ պարզվեց այնքան աղաղակող կերպով վերջին հեղափոխության ժամանակ:

Չունենալով հոգեկան կապ իր ժողովրդի հետ, ռուս ինտելիգենցիան չէր կարող նաև ազդել նրա վրա տիրաբար և ղեկավարել նրան քաղաքականապես:

Ինչու՞մն էր գաղտնիքն այս արտառոց երևույթի:

Ամեն մի ինտելիգենտ իր հարազատ ժողովրդի հետ ամենախոր և ամենազորեղ կերպով կարող է կապված լինել միայն ազգային ընդհանուր զգացումների, գաղափարների, մղումների և շահերի հողի վրա: Որքան ավելի ուժեղ է ազգային զգացումը, ազգային գիտակցությունը և ազգային կամքը մի ժողովրդի և նրա ծոզից դուրս եկած ինտելիգենցիայի մեջ, այնքան ավելի սերտ է և անքակտելի նաև հոգեկան կապը ժողովրդի և նրա ինտելիգենցիայի միջև:

Ոչինչ այնքան թույլ և հիվանդոտ չէ ռուս ինտելիգենցիայի և ռուս ժողովրդի մեջ, որքան նրա ազգային զգացումը, գիտակցությունը և կամքը: Մյուս կողմից՝ ծայրահեղորեն զարգացած և շեշտված են նրա մեջ սոցիալական, դասակարգային մղումներն ու գաղափարները:

Մինչդեռ ազգային առողջ օրգանիզմի մեջ այդ երկու տեսակի զգացումների միջև լինում է բոլորովին հակառակ փոխհարաբերություն. այսինքն՝ ազգային զգացումներն ու մղումները լինում են անհամեմատ ավելի զորեղ, քան դասակարգային, սոցիալիստական զգացումներն ու մղումները: Որովհետև ազգայինը միացնող է, իսկ դասակարգայինը՝ բաժանող. ազգայինն ընդգրկում է ազգի ամբողջությունը, իսկ դասակարգայինը՝ նրա միայն մի մասը:

Եվ այն ժողովուրդների մեջ, ուր նկատվում է դասակարգային մղումների գերաճում ի հաշիվ ազգային մղումների, առաջ է գալիս մի հիվանդագին վիճակ, որի հետևանքով սոցիալիստական հակամարտությունները ստանում են չափազանց սուր և երբեմն նույնիսկ կործանարար բնավորություն: Այդ երևույթը մենք տեսնում ենք ժամանակակից Ռուսաստանում, ուր դասակարգային պայքարն ընդունել է պատմության մեջ չտեսնված չափեր ու սրություն և սպառնում է ռուս ազգի ամենակենսական շահերին:

Իր ապազգային կամ հակազգային գաղափարներով, իր հակապետական, անիշխանական մտայնությամբ հանդերձ՝ ռուս ինտելիգենցիան բնազդորեն կատարել է գերազանցապես աշխարհակալական գործ և այդ տեսակետով մեծապես դյուրացրել է ցարական բյուրոկրատիայի ձգտումների իրականացումը:

Ռուս ինտելիգենցիան իր գաղափարական քարոզով ու ազդեցությամբ հզորապես նպաստել է հպատակ ազգերի կրթական դասի այլասերման, բարոյալքման, ապազգայնացման, օտարացման, կասերցրել է նրա ազգային երանգը, թմրեցրել է նրա մեջ ազգային արժանապատվության զգացումը և թունավորել է նրա ազգային գիտակցությունը իր ցնորական տեսություններով ու վատառողջ մտքերով և երազներով: Իր արհամարհանքով ու ծաղրով նա սիստեմատիկաբար ներշնչել է հպատակ ազգությունների կրթվող դասին մի հրեշավոր մտայնություն, որի շնորհիվ մարդիկ սկսել են ամաչել իրենց ազգային ծագումից, քաշվել՝ իրենց մայրենի լեզվինց, իրենց հարազատ միջավայրից...

VI.

ԱՆՀԱՏԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

Անհատի ազատության գաղափարը մեծապես զբաղեցրել է ռուս հասարակական միտքը: Լավրովը, Միխայլովսկին և ուրիշ ականավոր ռուս գրողներ ու գործիչներ անսպառ եռանդով և անսահման խանդավառությամբ պաշտպանել են այդ գաղափարը և պայքարել նրա իրականացման համար:

Եվ զարմանալի բան, նա հակադրվում էր մարդկության, հասարակության, պետության, աշխատավոր ժողովրդին և առհասարակ դասակարգին, բայց նա չէր հակադրվում գրեթե երբեք ազգության, չէր կապվում ազգության հետ: Սակայն «մարդկությունը» և «հասարակությունը» տնտեսական, քաղաքական, սոցիալական և կուլտուրական տեսակետով շատ ընդհանուր և անորոշ հասկացություններ են: Պետությունը քաղաքական կատեգորիա է և անմիջապես շոշափում է անհատի և ընդհանրության միջև եղած քաղաքական շահերն ու հարաբերությունները: Աշխատավոր ժողովուրդը, ինչպես և առհասարակ դասակարգը, մի սոցիալ-տնտեսական կատեգորիա է և անհատին հանրության հետ կապում է սոցիալ-տնտեսական կողմից:

Պետության կապն անհատի հետ վերջին հաշվով հիմնված է ստիպողական, բռնի ուժի վրա: Եվ այնտեղ, ուր բացակայում են ուրիշ, ավելի խոր, ավելի հոգեկան կապերը, կամ անտեսական շահերը, պետություն միանգամայն խորթ գաղափար է անհատի համար, և անհատը հեղտությամբ կարող է բաժանվել պետույթունից:

Աշխատավոր ժողովրդի կամ առհասարակ ամեն մի դասակարգի կապը անհատի հետ բխում է տնտեսական շահից և հաճախ կրում է պատահական բնույթ:

Միմիայն ազգության կապն է անհատի հետ, որ ունի խորը, եթե կարելի է այսպես ասել, օրգանական հիմքեր: Ազգությունն անբաժան է անհատից և վեր է նրա կամքից:

Ազգությունը անհատի ամբողջ էության մեջն է: Անհատի զգալու, մտածելու, ցանկանալու, ստեղծագործելու ձևը կրում է ազգության դրոշմը: Անհատի կապն ազգության հետ անքակտելի է և այնքան խորն ու հրամայական, որ որոշ դեպքերում, երբ վտանգ է սպառնում ազգության, անհատը մի ներքին անդիմադրելի, անհաղթելի մղումով ընդունակ է դառնում ինքնաբերաբար անգամ իր կյանքը զոհելու ազգի փրկության համար: Այս տեսակետով անհատի ազգային զգացումն իր մոլեգին զորությամբ և մասսայական հաղորդականությամբ կարող է համեմատվել մարդկային պատմության մեջ միմիայն կրոնական զգացումի հետ:

Հին և միջին դարերում իր գոյությունը պահպանելու և ամրապնդելու համար պետությունը հենվում էր ժողովրդի կրոնական զգացումների և կրոնական համայնքների վրա: Ազգությունները տակավին գտնվում էին իրենց սաղմնային վիճակի մեջ, և նրանց դերը պետական, քաղաքական կյանքում գրեթե աննշմարելի էր:

Նոր դարերի պատմության ընթացքում ժողովուրդների հոգեբանության մեջ կատարվում է մի խարունկ հեղափոխություն. աստճանաբար թուլանում են կրոնական զգացումները և կազմալուծման, անդամալուծման են ենթարկվում կրոնական հահամայնքները:

Պատմական այս մեծ երևույթի հետ զուգընթաց նկատվում է ազգային զգացումների ուժեղացում, ազգային գիտակցության արթնացում, ազգային ուժերի հավաքման մղում: Եվ արդեն տասնիններորդ դարի քսանական թականներից սկսած. ժողովրդական լայն զանգվածների հոգու մեջ տեղի ունեցող այս հիմնական պրոցեսը զարկ է տալիս ազգային շարժումներին: Սկսում են բացահայտ կերպով կազմավորվել, ինքնորոշվել ազգությունները: Եվ այսպես ազատագրում են մեկը մյուսի հետևից Հունաստանը, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Բուլղարիան: Սկսում է ազգայնորեն ինքնորոշվել, ինքնամփոփվել Գերմանիան: Եվ ֆրանկո-գերմանական պատերազմից հետո ազգային գիտակցությունը Ֆրանսիայի մեջ հասնում է իր զարգացման գագաթնակետին: Սկսում են ազգային մեծ շարժումներ Ավստրո-Հունգարիայում, Տաճկաստանում և Ռուսաստանում, որոնց լծի տակ տնքում էին բազմաթիվ այլազան ազգություններ: Եվ վերջապես եկավ համաշխարհային պատերազմը, որը նվիրագործեց ազգային ինքնորոշման սկզբունքը, առաջադրելով որպես իր գերագույն գաղափարական նպատակ՝ բոլոր ազգերի ազատագրման նշանաբանը:

Մարդկության նորագւոյն պատմությունը բազմաթիվ փաստերով ցույց է տալիս, որ այն բոլոր պետական կառուցվածքները, որոնք ոտնակոխ են անում ազգերի ազատ զարգացման հրամայական պահանջաը և դրված չեն ազգային հիմքի վրա, խախուտ են և դատապարտված են կազմալուծման, քայքայման: Որովհետև անհատի կապը ժամանակակից պետության հետ չի կարող անպայմանորեն վստահելի, անքաղտելի լինել, եթե նա չի հենվում ազգային զգացումի, ազգության գաղափարի վրա, ազգային հավաքական կամքի վրա:

Անհատի ազատությունը, նրա բազմակողմանի և բնականոն զարգացումը պայմանավորված է հարազատ ազգի ազատությամբ: Այդ պատճառոբ այն պայքարը, որ մղվել է պատմության մեջ հանուն անհատի ազատության, վերջին հաշվով նպաստել է ազգերի ազատության, որովհետև, երբ ազգությունը ճնշված է ու հալածական վիճակի մեջ է, բռնադատված է և անհատի անձը, կյանքը, աշխատանքը և զարգացումը: Մի խոսքով, անհատը և ազգությունն այնքան սեր, այնքան անբաժան կապերով կապ ված են իրար հետ- որ անկաերլի է մեկի ազատագրումն առանց մյուսի ազատագրման:

Ռուս հասարակակակն միտքը չէր կամենում ճանաչել պատմական այս պարզ, տարրական լինելու չափ պարզ, ճշմարտությունը: Այդ պատճառով նա ընդունում էր պայքարը հանուն դասակարգի ազատության, բայց չէր ընդունում պայքարը հանուն ազգի ազատագրության: Ընդհակառակը, ռուսական միտքը, համարելով ազգությունը չարիք, կռիվ էր մղում ազգության դեմ:

Խոսքն այստեղ մասնավոր, բացառիկ երևույթների մասին չէ, այլ ընդհանուր ուղղության, տիրող մտայնության մասին:

Ռուսական ինտելիգենցիայի մեջ տիրող այս ազգակեր կամ լավագույն դեպքում, ապազգային մտայնությունը, հզոր և, ես կարող եմ ասել, երբեմն նույնիսկ ճակատագրական ազդեցություն է արել հպատակ ժողովրդների հասարակական մտքի վրա:

Այդ ժողովրդների արթնացող ազգային գիտակցությունն իր զարգացման ճանապարհը հարթերլու համար, ստիպված է եղել ահագին եռանդ սպառել՝ ռուսական այդ հիվանդոտ մտայնության դեմ մաքառելով:

Զենքերը եղել են այնքան անհավասար, պայմանները եղել են այնքան աննպաստ՝ հպատակ ազգերի համար:

Մեկ կողմից՝ կանգնած էր ռուս պետությունը, ռուս ինտելիգենցիան, որ զինված էր տիրող մեծ ազգի հսկայական, անսպառելի միջոցներով, և մյուս կողմից՝ ճնշված ու հալածական փոքրիկ ազգությունները, որոնց հասարակական բնականոն զարգացումը կաշկանդված էր հազար ու մի կապանքներով ու արգելքներով և որոնց գոյությունն իսկ անընդունելի էր՝ որպես մեծագույն չարիք պետության համար:

Եվ կռիվն այս երկու անհավասար ուժերի միջ-, մերթ բացահայտ, մերթ խուլ ձևով, տևել է տարիներ, տասնյակ տարիներ և նույնիսկ դարեր:

Եվ որքան ավելի աննպաստ են եղել հպատակ ժողովուրդնեիր տնտեսական, սոցիալական և կուլտուրական պայմանները, որքան ավելի թույլ են եղել նրանց ազգային ինքնապաշտպանության միջոցները, այնքան ավելի ուժեղ ազդեցություն է բերել ռուսական թույնը նրանց ազգային օրգանիզմի վրա, այնքան ավելի խորը հետքեր է նա թողել նրանց հոգու մեջ:

Բոլոր հպատակ ազգերից, որոնք ապրել են ռուսական լծի տակ, հայ ժողովուրդը, եթե չհաշվենք միայն հրեաներին, թերևս ամենից ավելին աննպաստ պայմանների մեջ է եղել ազգային ինքնապաշտպանության ու զարգացման տեսակետով և բոլորից ավելի խորը կերպով կրել է ռուսական կուլտուրայի այլասերող ազդեցությունը:

Այս խնդրի վրա արժեր որ մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնենք:

VII
ԼԵԶՈՒՆ

Ամեն մի ազգի կուլտուրական ստեղծագործության ամենամեծ գործիքն է նրա լեզուն: Եթե լեզուն դրված է այնպիսի անբնական պայմանների մեջ, որ նա չի կարող զարգանալ բնականոն կերպով, ապա վտանգվում է նաև ազգային կուլտուրայի նորմալ զարգացումը:

Լեզուն մշակում, նրբացնում, կատարելագործում են ազգի բարձր, կրթված դասերը: Որքան մեծ է կրթված մարդկանց թիվը, որոնք մտածում, խոսում և ստեղծագործում են մի լեզվով, այնքան ավելի արագ է կատարվում այդ լեզվի զարգացումը:

Մեր բարձր, կրթված դասերը կտրված էին մայր երկրից: Հարազատ ժողովրդից և, շնորհիվ մեր ազգային կյանքի յուրահատուկ պայմաններին Ռուսաստանում, հարկադրված էին իրենց ուսումն ու կրթությունը ստանալ ոչ մայրենի, այլ օտար լեզվով:

Մինչդեռ մեր գրական լեզվի զարգացումը սահմանափակված էր շատ նեղ շրջանակաով՝ այն համեմատաբար շատ փոքրաթիվ մարդկանցով, որոնք դուրս էին գալիս հայկական դպրոցներից:

Ռուսերենի տիրապետությունը մեր բարձր դասերի մեջ ոչ թե մի օտար լեզվի գիտություն էր սոսկ, այլ բացարձակ վտարումն մայրենի լեզվի, հայերենի: Մեր կրթված դասերը ոչ միայն սովորում էին խոսել ռուսերեն, այլ և մտածել ռւոսերեն ումիաժամանակ արհամարհել իրենց մայրենի լեզուն:

Հայկական լեզվի, հետևաբար նաև հայկական կուլտուրայի զարգացման համար սա մի մեծ, անչափելի չարիք և դժբախտություն էր: Եվ մեր ազգային այլասերման առաջին և ամենագլխավոր պատճառը այդ էր:

Աղճատվում, այլանդակվում էր հայ անհատի հոգեկան աշխարհը. ընթանում, աղավաղվում, հյուծվում էին հայ անհատի ստեղծագործական կարողությունները. Եվ դրա հետ միաժամանակ աղհատում, անդամալուծում էր և մեր բովանդակ կուլտուրայի զարգացումը:

Երկու տարի է, որ գոյություն ունի հայկական պետությունը: Բայց մինչև օրս էլ, անգամ մեր պետական հաստատությունների մեջ, ռուսերենը շարունակում է պահպանել իր տիրապետող դիրքը: Մենք մտցնում ենք այժմ ազգայնացնում, մենք ձգտում են հաստատել հայերենի տիրապետությունը մեր բոլոր պետական ու հասարակական հիմնարկությունների մեջ: Սակայն կարո՞ղ ենք մենք հաջողություն ունենալ, եթե ռուսերենը տակավին շարունակում է իշխել մեր դպրոցում, մեր ընտանիքում, մեր բարձր, կրթված դասերի մեջ:

Բվական չէ բնավ, որ մեքենայորեն, ոստիկանորեն մենք վտարենք ռուսերենը մեր հաստատություններից: Պետք է, որ միաժամանակ հետևողական, անողոք և համառ կռիվ մղենք ռուս լեզվի դեմ և մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Ռուս լեզուն թե մեր հավասարական և թե մեր մասնավոր կյանքում դարձել է մի ծանր հիվանդոյթւոն, ուրից մենք պետք է ազատվենք՝ ինչ գնով էլ լինի:

Հարկավ ամեն մի օտար լեզվի գիտությունը անհատի համար բարիք է. բայց երբ այդ գիտությունը կատարվում է վնաս մայրենի լեզվի, նա արդեն դառնում է չարիք՝ ազգային, ու, ես պիտի ասեմ նաև, անհատական տեսակետով: Ապագայում, երբ մեր ազգային պետության հիմքերը կամրապնդվեն, երբ մեր ազգային կուլտուրայի զարգացման բոլոր ճանապարհները կհարթվեն և երբ, վերջապես, մեր գրական լեզուն կդառնա մեր բարձր, կրթված դասերի գործածական լեզուն, ռուս լեզուն կկորցնի մեզ համար իր վտանգավոր կողմերը և կանցնի օտար լեզուների սովորական շարքը:

Սակայն այդ ժամանակ էլ օտար լեզուների ուսումնասիրության գործում մենք պետք է որոշ և խիստ ընտրություն անենք:

Օտար լեզուների գիտությունը պարտադիր պիտի լինի ամենի մի կրթված հայի համար: Բայց նախ՝ ոչ մի օտար լեզու, օրքան էլ նա բարձր ու կարևոր լինի, չի կարող բռնել և չպետք է բռնի մայրենի լեզվի տեղը, և երկրորդ՝ օտար լեզուների մեջ անպայման գերադասություն պիտի տրվի համաշխարհային լեզուներին, այսինքն՝ անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին:

Սրանք են, մեր որ մեր ինտելիգենցիայի առջև պիտի բանան համաշխարհային գիտության և արվեստի բոլոր դռները, բոլոր հարստությունները: Սրանք են, որ մեր կրթված հասարակությունը հաղորդակից պիտի դարձնեն կուլտուրական երկրների կյանքի և մասնակից պիտի դարձնեն եվրոպական ու ամերիկյան քաղաքակրթության բոլոր բարիքներին Սրանց միջոցով է վերջապես, որ մեր ազգը սերտորեն պիտի կապվի աշխարհիս ամենաբարձր ժողովրդնեիր հետ, որոնցից այնքան շատ բան ունենք սովորելու: Իսկ ռուսերենն ավելի կամ նվազ մոտավոր ապագայում պիտի ներկայացնի մեզ համար ոչ ավելի մեծ հետաքրքրություն, քան լեհերենը, իսպաներենը, ռումիներենը, ուկրաիներենը:

Ես պարզորեն գիտակցում եմ, թե ո՛ր աստիճանի դժվար պիտի լինի մեզ համար միանգամայն ազատվել ռուս լեզվի միահեծան տիրապետությունից մեր կրթված դասերի կյանքում:

Քայլ առ քայլ ռուսական ամբողջ ճակատի վրա ռուս լեզուն անխնայորեն, անվերապահորեն դուրս պիտի շպրտվի այն բոլոր դիրքերից, որոնք ամենայն իրավամբ պիտի պատկանեն մեր պետական և ազգային լեզվին՝ հայերենին:

Այս հարցում չպետք է լինին որևէ կոմպրոմիս, որևէ վարանում, որևէ տարակարծություն:

Այս հարցում մենք պետք է հանդես բերեն այնողդողդ կամք, կարգապահության միշտ արթուն, միշտ զգաստ ոգի:

Ամեն մի գիտակից հայ ամենից առաջ պիտի կռվի ինքն իր դեմ, իր ռուսերեն խոսելու վատ սովորության դեմ: Ոչ միայն իր հասարակական պարտականությունները կատարելիս, այլ և իր մասնավոր հարաբերությունների մեջ ամեն մի հայ ինտելիգենտ պիտի աշխատի խոսել հայերեն և հայերեն խոսելը սովորություն պիտի դարձնի:

Բոլորուժերով մենք պետք է ձգտենք արմատախիլ անել հասարակության մեջ տիրող այն ախտավոր մտայնությունը, որով ռուսերեն խոսելը համարվում է բարեկրթության նշան, բարձր տոն:

Ամեն մի հայ պիտի սովորի հարգել, սիրել իր մայրենի լեզուն, պարծենալ հայերենի լավ գիտությամբ, մարզել իր միտքը հայ լեզվով: Հայ լեզուն պիտի լսվի ամենուրեք - ոչ միայն պետական հաստատությունների մեջ և դպրոցներում, այլ և փողոցներում, հրապարակներում, ընտանիքի մեջ, մասնավոր զրույցների ժամանակ, հասարակական ժողովներում: Եվ միայն այսպես է, որ մենք պիտի կարողանանք իրապես ազգայնացնել, հայացնել մեր անհատական ու հասարակական կյանքը և ազատվել ռուս լեզվի լծից, ստրկությունից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մենք կկտրենք մեր բարձր, կրթված դասերը ռուս լեզվից, կազատենք մեր ազգը այն վատառողջ ազդեցությունից, որ բերում է իր հետ ռուս գրականությունը, ռուս հանրային միտքը, ռուսական կուլտուրան: Որովհետև լեզուն կենդանի օրգան է ժողովրդի ոգու: Եվ ինչպես որ ասում են, թե ոճը ինքը մարդն է, կարելի է պնդել նույնպես, որ լեզուն ինք ժողովուրդն է, ժողովրդի ոգին:

Մեր ժողովուրդը՝ իր առջև դրված քաղաքական, տնտեսական, սոցիալական և ազգային մեծ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ պիտի զարգացնի իր մեջ նախաձեռնության ստեղծագործ ոգի, ուժեղ տոկուն նկարագիրներ (քարակտերներ), շինարար սկզբունքներ, կենսագործ մտեր, հաստատուն հիմունքներ, հասարակական ու մասնավոր կյանքի, առողջ տրամադրություններ և անվիճելի առաքինություններ, որոնք հատուկ են ամեն մի կենսաունակ հասարակական օրգանիզմի, վերջապես, պարզ, որոշ ու ռեալ վերաբերմունք դեպի իրերն ու երևույթները, և իրականության ու չափի ուժեղ զգացում:

Այս բոլոր բարեմասնություններից, ինչպես մենք տեսանք, ռուսական ոգին և գրականությունը գրեթե զուրկ են: Եվ, ընդհակառակը, այդ բոլոր մենքը կարող ենք գտնել արևմտյան մեծ ազգերի՝ գերմանացիների, ֆրանսիացիների և մանավանդ անգլիացիների մեջ:

Մեր ժողովրդի հոգեկան առողջացման և մեր ազգային կուլտուրայի բնականոն զարգացման համար մենք պետք է թոթափենք մեր վրայից ռուսական գրականության, կուլտուրայի ազդեցությունները և մեր ուսումնածարավ հայացքն ուղղենք միմիայն դեպի քաղաքակիրթ և առողջ Արևմուտքը և ոչ թե դեպի ռուսական Արևելքը, որ իր վատառողջ մղումներմով մեզ ավելի շուտ կարող է տանել միայն դեպի այլասերում, բարոյալքում, կործանում:

VIII
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՍԻԽՈԶԸ ԵՎ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՏԵՆԴԵՆՑԸ

Մեր հասարակական կյանքի ոչ մի ասպարեզում թերևս այնքան ցայտուն կերպով հրապարակ չի գալիս ռուսական ազդտցությունը, որքան մեր քաղաքական աշխարհահայեցողության ձևավորման մեջ:

Ռուսական ազդեցությունը, - եթե մենք վերցնենք ռուս ինտելիգենցիայի մեջ տիրող մտայնությունը միայն, - արտահայտվում է երկու շատ բնորոշ կողմերով:

Առաջինը սոցիալիստական այն պսիխոզն է, որով ռուս կրթված հասարակությունը վարակված է անդիմադրելի ուժով ու ոչ մի երկրիր մեջ չտեսնված չափերով:

Երկրորդը ապազգային կամ հակազգային այն տենդենցն է, որի նման դժվա է գտնել մի որևէ այլ ժողովրդի և ինտելիգենցիայի մեջ:

Այս երկու երևույթներն էլ ծայր աստիճան ուշագրավ են մեզ համար, - արժեր, որ մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնեինք նրանց վրա՝ նրանց իսկական նշանակությունն ըմբռնելու համար:

Սոցիալիզմը նորագույն գիտական իմաստով մի գաղափար է, որը ամենասերտ կերպով կապված է իրականության հետ:

Սոցիալիզմն ընդգրկում է գլխավորաբար մարդկային տնտեսությունը, նա սոցիալական հարաբերությունների, նյութական երևույթների աշխարհ է:

Սոցիալիզմի նպատակն է տնտեսական, նյութական աշխարհի հիմնական բարեփոխությունը:

Սոցիալիզմը մի իդեալ է, որ այո՛, բայց ոչ թե երևակայության և սուբյեկտիվ ցանկության վրա հիմնված մի իդեալ, այլ իրականությունից անմիջապես բխող և իրականության վրա ամբողջովին հենվող մի իդեալ:

Այդ ճանապարհով, որքան ավելի զարգացած է կապիտալիստորեն մի երկիր, այնքան ավելի նպաստավոր հող պետք է լինի այնտեղ սոցիալիստական գաղափարների և ձգտումների հաստատուն ու բեղմնավոր ծավալման համար:

Այս տեսակետով Ռուսաստանը ներկայացնում էր մի ապշեցուցիչ պատկեր: Այստեղ մենք տեսնում ենք մի հսկայական հակասություն ռուս իրականության աղաղակող հետամնացության և ռուս ինտելիգենցիայի սոցիալիստական զանգվածային պաշտամունքի միջև: Ամեն մի հասարակական գաղափար արդյունավոր կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նա բխում է շրջապատող իրականությունից, որի մեջ անհատը կամենում է կիրառել այդ գաղափարը: Իսկ եթե գաղափարը դրսից բերված մի ապրանք է և հեռու է շրջապատող իրականությունից, այդ դեպքում այդպիսի գաղափարը կամ դատապարտված է անհատին հասարակական ամլության, կամ բթացնում է նրա մեջ իրականության կենդանի զգացումը և դարձնում նրան քաղաքական ֆանտազյոր:

Սոցիալիզմը Ռուսաստանում Արևմտյան Եվրոպայից բերված մի ուսմունք էր, որ բնական ծնունդն էր եվրոպական կապիտալիստական զարգացած երկրների մեջ առաջ եկած նոր տնտեսական և սոցիալական ազդակների: Այնտեղ ինքը կյանքն էր, որ հարաճուն կապիտալիզմի նոր երևույթներով ու խնդիրներով տպավորվում էր մտածող մարդկանց գլուխների մեջ և հարուցում, ձևավորում սոցիալիստական գաղափարներ: Մինչդեռ Ռուսաստանում սոցիալիստական ուսմունքը, ներմուծվելով օտար երկրներից և հիվանդագին մոլեռանդությամբ ու հափշտակությամբ յուրացվելով ռուս ինտելիգենցիայի կողմից, չուներ անմիջական կապ ռուսական իրականության հետ, և նրա տարածումը չէր բխում ամենևին ռուս իրականության անմիջական պահանջներից:

Այդ պատճառով է, որ մինչ՝ արևմտյան Եվրոպայում, սոցիալիզմի մայր երկրներում, որոնք միաժամանակ և կապիտալիզմի մայր երկրներն են, սոցիալիստական շարժումն ընթանում է հաստատուն քայլերով, աճում է նորմալ կերպով, աստճանաբար նվաճումներով՝ տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման հետ զուգընթաց, - Ռուսաստանում ընդհակառակը, սոցիալիստական հոսանքը կատարում է աննախընթաց թռիչքներ, ստանում է ոչ մի այլ երկրում չտեսնված չափեր և իրականության միանգամայն անհամապատասխան ուղղություն ու ձևեր: Ռուս ինտելիգենցիայի միտքը սեղմված չէ իրականության նեղ շրջանակում, կաշկանդված չէր իրականության ծանր կապանքներով, չափավորող, սանձող պայմաններով: Ռուս ինտելիգենցիայի միտքը գործում է ժամանակից և տարածությունից դուրս:

Ռուսական իրականությունը ամբողջ դարերով հետ էր մնացել արևմտյան երկրներից: Սակայն ռուս ինտելիգենտի միտքը հավակնություն ուներ եվրոպական մտքի հետ միասին հաճախ նույնիսկ հակում էր ցույց տալիս նրանից էլ առաջ անցնելու: Ռուս մարդու ուժերից շատ վեր էր փոխել իր իրականությունը, բարձրացնել, հասցնել այն գեթ եվրոպականի աստիճանին: Մինչդեռ ռուս մարդու միտհը, որ ի վիճակի էր բարձրացնել եվրոպական գագաթները, չէր կարող հաշտվել այս ճակատագրական իրողության հետ: Եվ այնտեղ, ուր անզոր էր իրականությունը, բնականաբար սկսում էր գործել երևակայությունը:

Եվ այսպեր ռուս մարդի մտքի մեջ մի տարօրինակ կապակցությամբ խառնվում էին իրար իրականաության ճնշող տվյալները և երևակայության հոյակապ կառուցվածքները:

Այս հողի վրա ռաջա էին գալիս երկու արտառոց, ծայրահեղ մղումներ:

Կամ ռուս ինտելիգենտը, ներշնչելով այնպիսի իդեալներով, որոնք իր հայրենի դաժան ու հետամնաց իրականությունից շատ բարձր էին ու միաժամանակ հիվանդագին կերպով գիտակցելով իր անզորությունը հանդեպ այդ ճնշող իրականության, կամենում էր պահպանել իր գաղափարական մաքրությունը և այդ պատճառով չէր իջնում դեպի կեղտոտ, ցածր իրականությունը, ու մնում էր իր գաղափարական բարձրության վրա:

Կամ ռուս ինտելիգենտը, զինվելով ժամանակակից հասարակական բարձր գաղափարներով, կույր մոլեռանդությամբ կամենում էր՝ հակառակ առողջ բանականության ծանր փաստարկություններին, հակառակ տխուր իրականության առարկայական ջախջախիչ տվյալներին, անիմջապես ամեն գնով, ամբողջությամբ իրագործող այդ վեհ գաղափարները կյանքի մեջ և այդ պատճառով հարկադրված էր գռեհկացնել, ազատել իր գաղափարները, որպեսզի հնարավոր լինի հարմարեցնել նրանց գռեհիճ իրականության:

Առաջին դեպքում ռուս ինտելիգենտը դուրս չէր գալիս հասարակական կյանքում քննադատողի, երազողի դերից: Իսկ երկրորդ դեպքում նա դառնում էր աղանդավոր մոլեռանդ, գործիչ, որը կորցնում էր միանգամայն իրականության զգացումը, չափի և կարելիւոյթան զգացումը և որի միտքը, քարանում էր իր գաղափարների մեջ:

Կամ անվերջ քննադատություն, կամ կույր դավանապաշտությունը - ահա այն հոգեբանական մթնոլորտը, որի մեջ զարգացավ ռուսական սոցիալիզմը և վերջիվերջո դարձավ մի կրոն թե ռուս ինտելիգենցիայի և թե ռուս հասարակության լայն խավերի համար: Ավելորդ է ասել, թե ո՛ր աստիճան անբնական ու վտանգավոր էր երկրի նորմալ, առողջ զարգացման համար մի դրություն, երբ սոցիալիզմի նման մի զգաստ ու ռեալ քաղաքական շարժում ստանում էր կրոնական բնույթ, ձևեր ու մղումներ:

Իր այդ կրոնական բնույթի, ձևերի ու մղումների շնորհիվ սոցիալիզմը Ռուսաստանում ի վիճակի եղավ նվաճել ռուս կրոնամոլ ժողովրդի սիրտը և վճռական դեր կատարել ռու քաղաքական կյանքում:

Դժվար է երևակայել ավելի մեծ, վտանգավոր փորձություն սոցիալիզմի համար, հան նրա չափազանց վաղաժամ քաղաքական հաղթանակաը տնտեսապես հետամնաց Ռուսաստանում, - մի բան, որ դատապարտված է անխուսափելի վիժման և որ պետք է անուղղելի կերպով վարկաբեկի սոցիալիզմի գաղափարը ժողովրդական զանգվածների աչքում:

Ավելի ևս վաղաժամ ու վտանգավոր պետք է համարել սոցիալիզմի հաղթանակը Հայաստանում, ուր բացակայում են ամենաանհրաժեշտ օբյեկտների տվյալները ոչ միայն սոցիալիստական, այլ նույնիսկ կապիտալիստական խոշոր տնտեսության համար: Հայաստանիը տակավին նոր է մտնելու կապիտալիզմի շրջանը: Հետևաբար սոցիալիզմի քաղաքական տիրապետությունը կարող է միայն դժվարացնել, կաշկանդել կապիտալիզմի բնականոն զարգացումը: Եվ որովհետև սոցիալիզմի իրականացման միակ ճանապարհը կապիտալիզմի ծայրահեղ զարգացումն է, կարելի է ասել, որ մեր երկրի ներկա պայմաններում - «սոցիալիստական հասարակարգ» հաստատեու ցնորամիտ փորձն ամենավտանգավոր արգելքն է սոցիալիզմի ապագա իրական հաղթության համար:

Անտարակուսելի է, որ ռուս սոցիալիստական պսիխոզը շատ ուժեղ փաով վարակել է նաև ռուսահայ ինտելիգենցիան և ռուսահայ քաղաքական միտքը:

Ռուսի ազդեցությունը ակնհայտ կլինի միանգամայն, եթե համեմատության դնենք իրար ռուսահայ և թուրքահայ, կամ, առհասարակ, ոչ ռուսահայ ինտելիգենտին: Կույր, հիվանդագին հակում դեպի սոցիալիստական գաղափարները և անդիմադրելի, մոլեգին ձգտում, ինչ գնով էլ լինի, այդ գաղափարները իրականացնելու կյանքի մեջ. ահա մի գիծ, որից իսպառ զուրկ է թուրքահայը, բուլղարահայը, ամերիկահայը, եգիպտահայը և այլն, և որ ա՛յնքան զարմանալի կերպով հատկանշում է ռուսա հայ ինտելիգենտին, ինչպես և ռուս ինտելիգենտին:

Եվ մինչև որ ռուսահայ ինտելիգենցիան չթոթափի իր վրայից ռուսական ազդեցությունները, նա չպիտի կարողանա ազատվել նաև ռուս սոցիալիստական պսիխոզից, ռուս սոցիալիստական ռոմանտիզմից, որն այնքան խանգարում է հայ քաղաքական մտքի զգաստացման և հստակ, պարզորոշ ձևակերպման:

IX
ԱԶԳԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Անժխտելի իրողություն է, որ ռուս ապազգային կամ հակազգային տրամադրություններն ու մտայնությունը իրենց խորը կնինքն են դրել նաև մեր քաղաքական աշխարհայեցողության վրա:

Ճիշտ է, մեր ժողովրդի ազգային բնազդը՝ հակառակ բոլոր աննպաստ պայմաններին՝ միշտ էլ եղել է շատ ուժեղ և նույնիսկ անհաղթելի: Սակայն մեր կրթված դասերը, շնորհիվ այն հանգամանքին, որ կտրվել են հայության մայր զանգվածից, շատ հեշտությամբ են ենթարկվել ռուսական մտքի ապազգայնացնող ազդեցության: Հայ ինտելիգենցիան մասնավորապես մի զարմանալի տկարություն էր երևան բերում հանդեպ ապազգգային կամ հակազգային գաղափարների: Այս տեսակետով առանձնապես ուշագրավ է վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր ինտելիգենցիայի և մեր քաղաքական մտքի զարգացումը:

Մեր կողմից՝ մեր ինտելիգենցիայի մի շատ զգալի մասը միանգամայն օտարանում, հեռանում էր հայ քաղաքական կյանքից և անձնատուր լինում հասարակական գործունեության ռուս միջավայրի մեջ ու սկսում ապրել անվերապահորեն ռուսական շահերով, մյուս կողմից՝ հայ ինտելիգենցիայի մի մասը, որ կապված էր հայ ժողովրդի և իրականության հետ, սկսում էր հետզհետե, միշտ ավելի ու ավելի ուժեղ կերպով, ներշնչվել ապազգային, իսկ երբեմն նույնիսկ հակազգային տրամադրություններով, սկսում էր տոգորվել ապազգային գաղափարներով ու մղումներով, աշխատելով միաժամանակ ապազգայնորեն գունավորել այն քաղաքական կազմակերպությունների աշխարհայեցողությունը, որոնք կանգնած էին ազգային տեսակետի վրա և հետապնդում էին գերազանցապես ազգային նպատակներ: Ապազգայնացման այս պրոցեսը, որ կատարվում էր այս երկու ուղղությամբ, մեծապես կասեցնում էր մեր ժողովրդի ազգային կամքը և անչափելի վնասներ հասցնում մէր ազգային դաստին:

Մեր քաղաքական մտքի զարգացման մեջ ապազգային կամ հակազգային ուժեղ խմորում սոցիալիստական ծայրահեղ գունավորումով, սկսվում է 20-րդ դարի սկզբին (1902-1903), երբ Հ.Յ. Դաշնակցությունից առաջին անգամ անջատվում է երիտասարդների մի խմբակ, որ հետո մասամբ մտնում է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության մեջ, մասմաբ էլ կազմում է իր առանձին հայկական Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը:

Այդ տարրը կատաղի կռիվ է մղում Հ.Յ. Դաշնակցության ազգային գաղափարների, ազգային գործելակերպի, ազգային նպատակների դեմ և գերագույն ճիգեր է թափում ազգակեր միջազգայնության հողի վրա դնել դասակարգային պայքարը, որ դառնում է նրա համար մի մտեսակ ինքնանպատակ:

«Ազգությունը մի հետադեմ գաղափար է, ազգությունը մի չարիք է» - ահա այն մտայնությունը, որով վարակված էր այդ հոսանքը և որով նա կամենում էր վարակել նա« ամբողջ հայ հասարակությունը:

Գտնվեցին նույնիսկ այնպիսի աղանդամոլ հայ սոց.-դեմոկրատներ, որոնք Հ.Յ. Դաշնակցության առողջ տեսակետը հայտարարեցին «պանարմենիստական», իմպերիալիստական, բուրժուական տեսակետ: Եվ միակ առաջադեմ քաղաքական դավանանք հռչակվեց դասակարգային գաղափարը, որը, աղանդամոլների կարծիքով, չի կարող երբեք հռչակվել ազգային տեսակետի կամ ազգային գաղափարի հետ:

Ազգության անվերապահ ժխտումը, դասակարգի անպայման պաշտամունքը և դասակարգի ու ազգության կատարյալ անհաշտությունը աննկատելի կերպով դարձավ մի այնպիսի դոգմա, մի այնպիսի աքսիոմա, որի դեմ վիճելը համարվում էր քաղաքական ագիտություն, հետադիմույթյուն, խավարամտություն: Եվ ծանր տվեց մեր երիտասարդ սերնդի մեջ մի ախտավոր մտայնություն, որի հետևանքով իրեն հեղափոխական, ձախ համարող ամեն մի ինտելիգենտ սկսեց խուսափել անգամ «ազգ», «ազգային» բառերը գործածելուց, եթե նույնիսկ փաստորեն նա կանգնած էր ազգային դատը պաշտպանելու տեսակետի վրա: Եվ այս երևույթը նկատվում էր ոչ միայն Հ.Յ. Դաշնակցությունից անջատված տարրերի մեջ, այլ որոշ չափով նաև Հ.Յ. Դաշնակցության շարքերում:

Այս տեսակետով կարելի է ասել, որ, եթե Հ.Յ. Դաշնակցությունից անջատված սոց-դեմոկրատական խմբակը սակավաթիվ էր, բայց նրա գաղափարական ազդեցությունը տարածվում էր անհամեմատ ավելի ընդարձակ շրջանակի վրա:

Տարիներին ընթացքում սակայն հայ սոց.-դեմոկրատների մեջ ազգային հարցի նկատմամբ տեղի ունեցավ հիմնական շրջումն, կերպարանափոխություն:

Նրանց ավելի առողջ, շիտակ և ազգայնորեն չայլասերված մասը հետզհետե զգաց իր սխալը և իր համար աննկատելի կերպով ենթարկվեց, եթե կարելի է այսպես ասել, ազգայնացման: Միշտ ավելի ու ավելի որոշակի և հաստատուն կերպով նա ընդգրկեց ազգային գաղափարի իսկական արժեքը և աշխատեց իր դասակարգային ըմբռնումները հաշտեցնել ազգային տեսակետի հետ ու իր սոցիալիստական գաղափարները դնել ազգային կաղապարի մեջ:

Հոգեբանական այս էվոլյուցիայի շնորհիվ էր, որ մեր օրերում հնարավոր դարձավ կազմակերպումը «Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության», որի ըմբռնումը ազգության մասին գրեթե ոչնչով այսօր չի տարբերվում Հ.Յ.Դաշնակցության ավանդական տեսակետից:

Սակայն ապազգային խմորումը, որ մոտ քսան տարի սրանից առաջ ծայր տվեց Հ.Յ. Դաշնակցության ծոցում ու նրանից դուրս և արտահայտեց մի խումբ սոցիալ-դեմոկրատների անջատումով Հ.Յ.Դ.-ից, շարունակվեց հարաճուն կերպով մինչև 1905-1907 թթ., երբ ռուսական առաջին հեղափոխության շնորհիվ ստացավ ավելի ծավալուն և ավելի սուր բնավորություն: Այդ շարժման հետևանքը եղավ երկրորդ անջատումը Հ.Յ. Դաշնակցությունից:

Այս անգամ Հ.Յ. Դաշնակցությունից պոկվեց իրենց սոցիալիստ-հեղափոխական անվանող երիտասարդների մի խմբակ, որ մտավ ռուս սոցիալիստ,հեղափոխական կուսակցության ծոցը:

Հեռանալով Հ.Յ. Դաշնակցությունից, նրանք հավատում էին, որ կամենում են լինել մաքուր, անարատ և հետևողական սոցիալիստներ:

Բաժանման հիմնական պատճառը սակայն այդ չէր: Ան ջատվածները շատ ուժեղ չափով վարակված էին ապազգային և հաակզգային տրամադրություններով ու մղումներով, նրանք չէքին կարող հաշտվել Հ.Յ. Դաշնակցության ազգային նպատակների հետ:

Անջատվածները չէին ընդունում որևէ համազգային դատի գոյությունը: Նրանքը կամենում էին բաժանել ռուսահայ ժողովուրդը թուրքահայ ժողովրդից, պնդելով, որ նրանց վիճակի մեջ ոչ մի նշանակություն չկա, հետևաբար և նրանց քաղաքական բախտը պիտի լինի տարբեր:

Մի խոսքով, նրանք համոզված էին, որ ազգությունը իր էությամբ հակասում է սոցիալիզմին և որ սոցիալիզմը կարող է ճանաչել միմիայն դասակարգային գոյությունը ու պետք է հենվի դասակարգային պայքարի սկզբունքի վրա: Իսկ եթե նրանց շարքերում կային մարդիկ, որոնք ավելի դրական հայացք ունեին ազգության և ազգային հարցի վրա, այդպիսինների համար էլ այնուամենաայնիվ դասակարգն էր գլխավոր, որոշող գործոնը հասարակական շարժման, մինչդեռ ազգությունը երկրորդական, ստորադաս դեր ուներ կատարելու:

Հայ սոցիալիստ հեղափոխականներին Հ.Դ. Դաշնակցությունից բաժանող իսկական պատճառը ոչ թե տարակարծությունն էր սոցիալիզմի մասին, այլ միանգամայն տարբեր տրամադրությունն ու մտայնությունը ազգային դատի շուրջը: Հայ սոցիալիստ հեղափոխականների ոգին և մղումները ռուսական էին:

Այդ պատճառով նրանք շատ ավելի հարազատ կապ էին զգում ռուսների, քան թուրքահայերի հետ:

Եվ այսօր էլ տակավին նրանց մեջ կարծես անհաղթելի ուժգնությամբ բաբախում է ռուսական սիրտը: Այսօր էլ տակավին ռուսական զորության հմայքը կաշկանդում է նրանց քաղաքական միտքը և թույլ չի տալիս նրանց հաշտվել հայ ազգին ուրույն և անկախ ճակատագրի հետ:

Միայն իրերի երկաթե ընթացքը և դեպքերի ճնշող ուժը կարող են հայ սոցիալիս-հեղափոխականներին ևս հարկադրել ընդունելու ազգային տեսակետը, ազգության հրամայական պահանջները և միանգամ ընդմիշտ հրաժարվելու իրենց ռուսական նախասիրությունից:
X
ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարօրինակ պիտի լիներ, եթե Հ.Յ. Դաշնակցությունը, որը ծնունդ էր առել Ռուսաստանում և որի հիմնադիրներն ու ղեկավարներն ստացել էին ռուսական կրթություն, միանգամայն զերծ մնար ռուսական ազդեցությունից:

Մեկ բանով սակայն Հ.Յ. Դաշնակցությունը էապես տարբերվում էր հայության այս կամ այն հատվածի մեջ ծագած քաղաքական կազմակերպություններից: Այդ այն է, որ, մինչ՝ բոլոր հայ քաղաքական կազմակերպությունները հատվածային բնույթ ունեին և գործում էին միայն մի որոշ, սահմանափակ շրջանում, Հ.Յ. Դաշնակցությունը, ընդհակառակը, հայ քաղաքական դատի շնորհիվ, համազգային և համատարած մի հսկա կազմակերպություն էր:

Այստեղ մի ընդհանուր գործի շուրջը համախմբված էին շարունակ և՛ ռուսահայեր, և տաճկահաեր, և ամերիկահայեր, և եգիպտահայեր... Եվ դրանք բոլորն էլ իրենց քաղաքական ձգտումների, զգացումների և գաղափարների հետ միասին բերում էին կազմակերպության մեջ նաև օտար հոգեր, օտար ներշնչումներ, օտար մտայնություններ, որոնք սակայն, հակամարտ լինելով, չեզոքացնւոմ էին իրար փոխադարձաբար:

Օտար ազդեցությունները, եթե երբեմն այս կամ այն պատճառով զգալի էին դառնում, ամեն պարագային տակ չէին կարող տևականորեն իշխել Հ.Յ. Դաշնակցության մեջ, որովհետև միշտ կար կամ առաջ էր գալիս այնտեղ հակակշիռ մի ուժ, որը ի վերջո վերականգնում էր խախտված հավասարակշռությունը:

Իսկ հավասարակշռություն պահողը կուսակցության մեջ ազգային դատն էր:

Այդ պատճառով օտարամոլ և հայության անհարազատ այն տարրերը, որոնք պատահաբար կամ թյուրիմացաբար էին մտած լինում Հ.Յ. Դաշնակցության մեջ, չէին կարող երկար մնալ այնտեղ և հարկադրված էին լինում վաղ թե ուշ հեռանալ կուսակցության շարքերից:

Անջատումը կատարվում էր թե խմբական, թե անհատական ձեով: Խմբական անջատման երկու դեպքերի մասին մենք հիշեցինք անցյալ անգամ: Իսկ անհատական անջատումներ տեղի էին ունենում շարունկ՝ Հ.Յ. Դաշնակցության սկզբնավորության օրից մինչև մեր օրերը:

Քաղաքական, գաղափարական մոտիվներով անջատվողները լինում էին կամ ծայրահեղ աջից կամ ծայրահեղ ձախից: Ձախ թևից հեռացողները գտնում էին, որ Հ.Յ. Դաշնակցությունը բավականաչափ սոցիալիստական չէ և, ընդհակառակը, չափազանց ազգային: Իսկ աջից հեռացողները կարծում էին, որ Հ.Յ. Դաշնակցությունը չափազանց սոցիալիստական է և, ընդհակառակը, ոչ բավականաչափ ազգային:

Եվ շատ ուշագրավ ու բնորոշ է, որ ձախից անջատվողների մեծագույն մասը, եթե չասեմ՝ բոլորը, ռուսահայեր էին. իսկ աջից անջատվողների ճնշող մեծամասնությունը՝ ոչ ռուսահայեր:

Ռուսահայերի նկատմամբ ռուսական ուժեղ ազդեցությունը անտարակուսելի է անշուշտ:

Ճիշտ է, օտար ազդեցությունները, ինչպես վերը ասացինք, չեզոքացնում էին իրար փոխադարձաբար, բայց մի կողմից՝ Ռուսաստանի բախտորոշ դերը բովանդակ հայության կյանքում, և մյուս կողմից՝ ռուսահայ ինտելիգենտների գերիշխող դիրքը Հ.Յ. Դաշնակցության ղեկավար շրջաններում պատճառ դարձան, որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունն իր երկարամյա գործունեության ընթացքում մի որոշ չափով հրապարակ բերեր ռուսասիրական տենդենցներ:

Մինչև 1903 թ., այսինքն՝ մինչև հայ եկեղեցական կալվածների գրավումը, Հ.Յ. Դաշնակցությունը իր բովանդակ ուժերով ու ձգտումներով ուղղված էր թրքության և թուրքական իշխանության դեմ:

Հակառուսական խմորումը ծայր տվեց 1903 թ. ժողովրդական լայն խավերի մեջ և ստացավ տարերային կերպարանք: Հ.Յ. Դաշնակցության կոմիտեները, իրերի երկաթե հարկադրանքի տակ, անցան մեր ժողովրդի հակառուսական շարժման գլուխը: Եվ միայն 1904 թ. Ռայոնական ժողովը նվիրագործեց, այսպես կոչված, կովկասյան նախագիծը, որով Հ.Յ. Դաշնակցությունը հանդես էր գալիս իբրև Ռուսիայի մեջ գործող և ռուսական ռեժիմի դեմ կռվող մի հեղափոխական-սոցիալիստական կուսակցություն. ապա 1904-7 թվերի փոթորկահույզ շրջանից հետո Վիեննայի ընդհանուր ժողովը եկավ վերջապես իր սանկցիան տա լու կովկասյան նախագծին:

1908 թ., երբ տեղի ունեցավ օսմանյան հեղափոխությունը և Ռուսաստանում հաղթանակեց ռեակցիան, որի հետևանքով սկսվեց մի անօրինակ հալածանք Հ.Յ. Դաշնակցության դեմ ցարերի երկրում, կուսակցության մեջ կրկին կատարվեց մի ուժեղ բեկում: Ծայր տվեց մի խիստ հակառուսական տրամադրություն, որ որոշ ելևէջներով տիրեց մինչև 1912 թ. Բալկանյան պատերազմը:

Այդ շրջանում, որ կարելի է թրքասիրական շրջան անվանել, Հ.Յ. Դաշնակցությունը բարեկամական դաշինք կնքեց երիտասարդ թուրքերի կուսակցության հետ:

Դա մի շատ նշանակալից շրջան էր, որ կարող էր հիմնովին փոխել հայ ժողովրդի քաղաքակնա զարգացման ընթացքը, եթե տևեր ավելի երկար և պահպանվեր երիտասարդ թուրքերի կողմից: Սակայն թուրք տարրի ատելությունը դեպի հայ ժողովուրդն այնքան էր խորը և անհաղթելի, որ անկարելի եղավ հաստատուն հիմքերի վրա դնել հայ-թուրքական գործակցությունը:

Բալկանյան պատերազմի և 1914 թվի հաշախարհային հրդեհի ժամանկ Հ.Յ. Դաշնակցությունն իր աչքերը կրկին հառեց դեպից սահմանի այս կողմը, իսկ 1917 թվի փետրվարյան հեղափոխություն եկավ ու վերստին ջերմացրեց հայ ժողովրդի, ինտելիգենցիայի և մասնավորապես Հ.Յ. Դաշնակցության սառած զգացումները հանդեպ Ռուսաստանի: Թվում էր, թե ցարական սև ռեժիմի անկման հետ միասին, չհացավ նաև այն մղձավանջային ճնշումը, որով ռուս պետությունը կաշկանդում էր հայ ժողովրդի ազատ զարգացումը: Թվում էր, թե ռուս հեղափոխական կուսակցությունները այլևս չպիտի կամենան ստորադաս, հպատակ վիճակի մեջ պահել հայ ժողովուրդը, ինչպես և այլ օտարազդի ժողովուրդները:

Սակայն դեպքերը նորից մի նոր, մեծ հուսախաբություն առաջ բերին հայ ժողովրդի և նրա ղեկավար քաղաքական շրջանների մեջ:

XI
ՌՈՒՍԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես բովանդակ հայության, այնպես էլ հայ քաղաքական ղեկավար տարրերի վերաբերմունքը դեպի ռուսներն ու Ռուսաստանը մինչև վերջին ժամանակ կրում էր բացահայտորեն ռոմանտիկ բնույթ:

Ճիշտ է, բուռն ոգևորության շրջաններին հաճախ հետևել են սառն վերապահության, խորը հիասթափության շրջաններ, բայց հայի վերաբերմունքի հիմքը դեպի ռուսը միշտ մնացել է ռոմանտիկական:

Ռուս հեղափոխական կուսակցությունները հրապարակ էին նետել ազգերի համար ազատարար նշանաբաններ, և ռուսական մեծ հեղափոխությունից հետո թվում էր, թե նրանք պատրաստ էին ամենայն անկեղծությամբ ու հետևողականությամբ կյանքի մեջ իրագործել այդ նշանաբանները: Այդ կուսակցություններից մեկը նույնիսկ՝ բոլշևիկների կազմակերպությունը, հեղափոխության առաջին ամիսներին, ազգերի ինքնորոշման խնդրում այնպիսի լայնասիրտ ու անվերապահ դիրք բռնեց, որ ամբողջ աշխարհի զարմանհը հարուցեց:

Սակայն, եթե թողնելու լինենք նշանաբանների և ֆրազեոլոգիայի աշխարհը և դիմենք իրականության, դեպքերի իրական ընթացքին, կտեսնենք, որ ռուս հեղափոխական կուսակցություններն ըստ էության շատ քիչ բանով են տարբերվել ցարական կառավարությունից՝ հպատակ ազգերի ազատագրման հարցում: Տարբերությունը եղել է իրոք միայն արտաքին, բայց ոչ ներքին. երևութական, բայց ոչ իրական:

Այսպես, օրինակ, ռուս կադետների, սոցիալիստ-հեղափոխականների և սոցիալ-դեմոկրատներ մենշևիկների կառավարությունը, որի գլուխն էր կանգնած սոցիալիստ,հեղափոխական Կերենսկին, ինչպես այդ պարզ երևում է այժմ բոլշևիկների ձեռքով հրատարակված գաղտնի փաստաթղթերից, իր հավանությունն է տվել այն իմպերիալիստական դաշնագրին, որ կնքել էր ցարը 1916 թ. անգլիացիների և ֆրանսիացիների հետ միասին Տաճկահայաստանը բաժանելու մասին: Տարակույս չկա, որ անգամ ռուս սոցիալիստ-հեղափոխականները և սոցիալ-դեմոկրատ մենշևիկները ոչ միայն տրամադրված չէին կատարյալ ազատություն տալու Ռուսահայաստանին, այլ և չէին կամենում՝ բնավ հրաժարվել ռուսական հավակնություններից Տաճկահայաստանի նկատմամբ: Նույն տենդենցները նրանք հայտնաբերեցին նաև մյուս ազգերի վերաբերմամբ (եթե չհաշվենք լեհերին):

Այնուհետևը, Կերենսու տապալումից հետո, իշխանության համար կռվող երկու կողմերն էլ, թե բոլշևիկները և թե հակա բոլշևիկյան ուժերը, աելի նպաստավոր վերաբերմունք ցույց տվին ռուսական լծից ազատվող ազզգությունների և մասնավորապես հայերի հանդեպ:

Դենիկինի «հայասիրական» խաղերն այն միամիտ համոզումն էին հարուցել հայ ժողովրդի որոշ խավերի մեջ, որ «կամավորական բանակը» մասնավորապես Հայաստանի նկատմամբ տարբեր դիրք ունի բռնված: Շատերին նույնիսկ թվում էր, թե Դենիկինը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչելու Հայաստանի, անգամ Ռուսահայաստանի անկախությունը:

Սակայն ոչ մի կասկած չի կարող լինել, որ իր թիկունքն ապահովելուց և բուն ռուսական ճակատում հաղթություն տանելուց հետո, Դենիկինինն ավելի քան անհաշտ ու անխնա պիտի լիներ Հայաստանի նկատմամբ:

Այդ պատճառով Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչները Փարիզում ձևական պատճառաբանություններով մինչև վերջը խուսափեցին որևէ պաշտոնական ակտով ճանաչել Ռուսահայաստանի անջատումը Ռուսաստանից:

Գալով բոլշևիկների վերաբերմունքին դեպի ռուսական լծից ազատված ազգությունների անկախությունը, պիտի ասենք, թե երկու ու կես տարվա նրանց քաղաքականությունը միանգամայն ժխտում է նրանց հայտարարած սկզբունքը, որով ճանաչվում է ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը:

Փաստերը ցույց են տալիս, որ բոլշևիկները նախկին ռուսական կայսրության մեջ եղած օտար ազգերին իրոք չեն կամենում Ռուսաստանից միանգամայն անկախ ճանաչել, որ նրանք ձգտում են այս կամ այն ձևով օտար ազգերի վզին փաթաթել ռուսական կամքը, որ նրանք, միայն ռազմական անհրաժեշտությունից դրդված կամ քաղաքական նկատառումներով ճանաչում են այս կամ այն ազատագրված ազգի անկախությունը, և որ վերջապես էլ նրանք փոխում են միայն կռվի եղանակը հարևան ազգի դեմ և ներքին դավերով ու ագիտացիայով աշխատում են պայթեցնել իրենց հարևան ազգի անկախությունը:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում իշխանության համար պայքարող բոլոր կուսակցությունների իրական ձգտումները ռուսական լծից ազատված ազգերի նկատմամբ նույնն են, թեև տարբեր է նրանց ֆրազեոլոգիան, նրանց գործելակերպը: Ճիշտ է, կռվի ընթացքում, ընդդիմադրական վիճակի մեջ, նրանք լինում են հաճախ առատաձեռն և լայնասիրտ: Բայց բավական է, որ նրանք հաղթեն, և պատկերը փոխվում է հիմնովին: Նրանք բոլորն էլ հայտնաբերում են իմպերիալիստական հակումներ և դառնում են ռուս աշխարհակալ ժողովրդի մոլեռանդ արտահայտիչները՝ ընդունակ ամեն տեսակ ստոր միջոցներով, դավերով ու սադրանքներով ստրկացնել հարևան ազգերին:

Ռուս հեղափոխական ֆրազեոլոգիան անդիմադրելիորեն հմայել, գերել, մոլորեցրել է հայ հասարակական միտքը, և հայ քաղաքական շրջանները դյուրությամբ անձնատուր են եղել այն պարզամիտ հավատին, թե ռուս հեղափոխությունը հպատակ ազգերի և մասնավորապես հայ ազգի հանդեպ էապես տարբեր վերաբերմունք ունի, քան ռուս ցարը: Իրերի ջախջախիչ ազդեցության տակ ադ պատրանքն ևս այժմ չքացած պետք է համարել:

Ռուսը, ինչ դրոշակով ու նշանաբանով էլ նա հրապարակ գա, աշխարհակալ է պատմականորեն. ամեն մի ռուս իշխանության մեջ, որքան էլ նա սոցիալիստական գունավորում ունենա, անխուսափելի կերպով պիտի երևան գան ռուս ժողովրդի ազգային ձգտումները, որոնք աշխարհակալական են անպայման:

Այս է այն հրահանգը, որ տալիս է մեզ ռուս ժողովրդի պատմությունը, ռուս կուսակցությունների գործունեությունը, ռուս պետության շաշհը և ռուս հեղափոխության վախճանական ընթացքը: Այս է քաղաքական այսն ռեալ տեսակետը, որով մենք պետք է ղեկավարվենք ճշտելու համար մեր դիրքը հանդեպ Ռուսաստանի, ռուս ժողովրդի և ռուս այլևայլ կուսակցությունների:

Ռուսական քաղաքականությունը, լինի դա ցարական, էսէրական թե բոլշևիկյան, միշտ եղել է նենգ ու երկդիմի՝ մանր ազգերի նկատմամբ: Նենգ ու երկդիմի է եղել նա միշտ և է այսօր նաև՝ հայ ազգի վերաբերմամբ:

Այս մասին է, որ այսուհետև չպետք է լինի այլևս ոչ մի տարակույս:

XII
ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Ռուսաստանի տարերային և խուճապային փախուստը տաճկական ճակատից 1917 թ., որ ողբերգական վիճակի մատնեց ամբողժ հայ ժողովուրդը, մահացու վտանգ ստեղծելով վերջինիս ֆիզիկական գոյության համար, մի մեծ, իր նշանակությամբ անչափելի իրողություն էր, որ կոչված էր հիմնական հե ղաշրջում առաջ բերելու թե հայ ժողովրդական մասսաների և թե հայ քաղաքական ղեկավար տարրերի հոգեբանության մեջ:

Աստճանաբար քայքայվում, տարրալուծվում, անդամահատվում էր ռուսական հսկայավիթխար կայսրությունը, չքանում էր ռուսական անխորտակելի և անխուսափելի կարծված ուժի հմայքը, վերանում էր այն կոշմարային ճնշումը, որին ենթակա էր հայ ժողովուրդը ուրիշ հպատակ ժողովուրդնեիր հետ միասին տնտեսական, քաղաքական և կուլտուրական հողի վրա: Մեկ խոսքով՝ հայ ժողովրդի ճանապարհից հեռանում էր իր ազգային ազատագրության ամենամեծ թշնամիներից մեկը - ռուս պետությունը:

Եթե այս նշանակալից փաստը կատարվեր մեր ժողովրդի ֆիզիկական գոյության համար ավելի նպաստավոր պայմաններում, ինչպես այդ եղավ, օրինակ, Վրաստանում, անտարակուսելի է, որ և նրա թողած հոգեբանական ազդեցությունը պիտի զգացվեր շատ ավելի խորը, սուր և արագ կերպով:

Այսպես, օրինակ, երբ ռուս զորքը և իշխանությունը թողեցին Վրաստանի սահմանները, վրաց ժողովուրդը իսկույն գտավ ինքն իրեն և ճշտեց իր դիրքը հանդեպ Ռուսաստանի:

Ինչո՞ւ:

Որովհետև վրացիների համար չկար տաճկական կամ թուրքական վտանգ, որ սպառնար նրանց ֆիզիկական գոյության և հարկադրեր հուսահատորեն որևէ կողմից փրկություն ստանալու: Վրացիների օբյեկտիվ պայմաններն այնպես էին դասավորվել, որ նրանք ոչ մի սուր, հրամայական կարիք չունեին դրսի օգնության: Ամենալավ կացությունը նրանց համար այն պիտի լիներ, որ նրանց թողնեին հանգիստ, իրենց սեփական ուժերով իրենց բախտը տնօրինելու:

Մինչդեռ հայ ժողովրդի քաղաքական դրությունը միանգամայն տարբեր էր վրաց ժողովրդի վիճակից՝ այն օրից սկսած, երբ ռուսները թողեցին Անդրկովկասի սահմանները:

Որևէ համաձայնություն թուրք-տաճկական ուժի հետ անկարելի էր: Որովհետև այն ուժը չէր կամենում կամ չէր կարող հաշտվել ոչ միայն հայ ազգի քաղաքական, այլ և ֆիզիկական գոյության հետ: Հայությունը ստիպված էր անընդհատ և անհաշտ կռիվ մղել թրքության դեմ, այլապես նրան սպսում էր բնաջնջումն: Իր սեփական ուժերով միայն նա անկարող էր ապահովել իր գոյությունը, - այնքան անհավասար էր կռիվը:

Այդպիսի պայմաններում նա բնազդորեն պիտի կառչէր ամեն մի արտաքին ուժի, որ կարող էր օգնել նրան՝ կասեցնելու համար թուրք-տաճկական վտանգը:

Թուրքին զսպողը պատմականորեն եղել է ռուսը: Եվ շատ բնական է, որ թուրքի դեմ մղվող իր օրհասական պայքարի մեջ հայը շարունակեր օգնության որոշ հույսեր տածել ռուսի հանդեպ, չնայելով որ վերջինս հեռու էր:

Ճիշտ է, որ օգնության ձեռք կարող էին մեկնել հային և դաշնակից մեծ պետությունները, որոնք այսօր աշխարհի բախտն են տնօրինում: Մանավանդ որ այնքան այդ դյուրին էր նրանց համար, երբ նրանց ուժերը Անդրկովկասում էին: Սակայն դաշնակիցների քաղաքակնաությունն այնքան էր բարդ և, ըստ երևույթին, այնքան հակասական, որ հային չէր ներշնչում կատարյալ վստահություն, մանավանդ որ նրանք նույնչափ ու թերևս շատ ավելի օգնում էին թուրքին, տաճկին:

Բացի այդ՝ դաշնակիցները միանգամայն նոր, անծանոթ ուժեր էին հայության համար: Եվ պետք էին բարեկամության անհերհերլի փաստեր, օգնության աղաղակող ապագույցներ նրանց կողմից, որպիսի հայ ժողովուրդը հանգիստ սրտով իր հույսը միանգամայն կտրեր ռուսից:

Իսկ այդպիսի փաստեր և ապացույցներ չկային և չէին էլ կարող լինել, քանի որ հայ ժողովուրդը չէր գիտակցում՝ կամ չէր կամենում գիտակցել քաղաքական այն պարզ ճշմարտությունը, թե ռուսը, որին նա բարեկամ է համարում, անհամեմատ ավելի մեծ թշնամի է դաշանկից պետությունների համար, քան թուրքը: Հետևաբար բարեկամությունը ռուսի հետ կասկածելի և վտանգավոր էր դարձնում նաև հայի դիրքը և քաղաքականությունը դաշնակից մեծ տերությունների աչքում:

Համաշխարհային պատերազմի հոգեբանական ազդեցության տակ հայ ժողովուրդը ոչ միայն շարունակում էր թյուրիմացությամբ ռուսին համարել դաշնակիցների բարեկամը, այլև ի վիճակի չէր որևէ ընտրություն անելու նրանց միջև, մերժելու մեկի թեկուզ փոքրիկ անմիջական օգնությունը՝ ստանալու համար մյուս մեծ, թեև ոչ անմիջական աջակցությունը:

Մի այսպիսի կացության մեջ, երբ հայ ժողովուրդը մեկ կողմից՝ գտնում էր արտաքին կործանարար ուժի շարունակա կան ահեղ ճնշման տակ և մյուս կողմից՝ արտաքին օգնության հրամայական կարիք էր զգում, անկարելի էր հայ քաղաքական մտքի ազատ, անկաշկանդ ու անկախ զարգացումը, նրա կատրյալ ազատագրումը զանազան «պատմական» օրիենտացիաներից և անվերապահ որդեգրումը միակ նպատակահարմար ու տևական օրիենտացիայից - հայկական օրիենտացիայի: Սակայն մեր երկամյա անկախ քաղաքական գոյությունը և մեր ազգային ազատագրական պայքարը, որ մենք հարկադրեցինք մղել գրեթե միայն մեր սեփական ուժերով, չէին կարող խոր ակոսներ չփոխրել մեր հոգու մեջ:

Մեր գիտակցության ստորերկրյա ծալքերում աննկատելիորեն կատարվում էր ինքնամփոփման մի պրոցես, որը մի օր, երբ ռուսները նորից եկան իրենց ծանր թաթ դնելու մեր ուսերի վրա, պիտի հիմք դառնա մեր քաղաքական մտքի բյուրեղացման և ինքնորոշման համար: Եվ եթե ռուսների հեռանալը Անդրկովկասից սկիզբն էր այդ պրոցեսի, կարելի է համարձակորեն ասել, թե նրանց այժմյան վերադարձը դեպի մեր սահմանները պիտի լինի վախճանը այդ պրոցեսի, որով վերջ է դրվում մեր քաղաքական անվերջ որոշումներին, խարխափումներին ու դեգերումներին և մեր ազգային քաղաքական միտքը, բոլորելով իր զարգացման սկզբնական շրջանը, դուրս է գալիս իր սեփական ուղու վրա և դառնում է ինքնուրույն և անկախ:

Երկու և կես տարի առաջ, երբ ռուսները խուճապային թափով թողեցին մեր երկիրը և մենք ակամ բաժանվեցինք մեր վաղեմի «բարեկամներից», և այժմ, երբ այդ նույն ռուսներ մեր սահմաններն են բախում, - ո՛րքան մեծ, անհավատալի լինելու չափ մեծ փոփոխություն մեր հոգու, մեր վիճակի և մեր փոխհարաբերությունների մեջ:

Որպես բարեկամներ բաժանվեցինք, որպես թշնամիներ ենք հանդիպում:

Ռուսը մնացել է իրոք նույն ռուսը, իր աշխարհակալ ձգտումներով, իր ազգամերժ մտայնությամբ, իր օտարակեր տրամադրություններով:

Նա շարունակում է նայել մեզ վրա, որպես իր երեկվա ստրուկի վրա, որը հանդգնել է ապստամբել նրա դեմ և որին պետք է ենթարկել նախկին լծին:

Իսկ մե՞նք...

Մի՞թե նույնն ենք: Մենք, որ երեկ դառնությամբ էինք բաժանվում մեր ստրկական վիճակից և քաղցրությամբ երազում հյուսիսային օտարների լծի մասին, այսօր ազգում ենք մեզ ազատ ու անկախ և ունենք ազատ ու անկախ լինելու կուռ գիտակցությունն ու կամքը:

Այսօր մենք գտել են մեզ, ճանաչում ենք մեր ուժը և հպարտ ենք մեր ուժով, որովհետև նա է մեր միակ փրկությունը:

Այսօր մենք կարիք չունենք այլևս Հյուսիսից օգնություն սպասելու:

Այսօր մենք, ընդհակառակը, կարիք ունենք, որ Հյուսիսը մեզ հանգիստ թողնի, մեզանից հեռու մնա:

Այսօր մենք վախենում ենք Հյուսիսից, որովհետև մենք անկախ են և շատ թերահավատ, կասկածամիտ դեպի ամեն մի ուժ՝ որ գալիս է մեր դռները բախելու: Ավելի ևս դեպի մի ուժ, որ երեկ մեր տերն էր և որ այսօր էլ չի հրաժարվել տակավին իր՝ տիրոջական հավակնություններից: Այդպիսի հարևանի առաջ մեր դռները պիտի պինդ փակենք և միշտ արթուն մնանք ոտքից մինչև գլուխ սպառազինված, որպիսի հանկարծակի չգանք:

Քանի մենք ստրուկ էին և պատրաստ հպատակ լինելու, ռուսը մեր «բարեկամն» էր: բայց այն օրից, երբ մենք դառանք ազատ ու ինքինշխան և կամենում ենք ազատ ու ինքինշխան մնալ, ռուսը մեր թշնամին է, թերևս մեր ամենավտանգավոր թշնամին:

Համաշխարհային տակնուվրայության հետևանքով մեր երկր, մեր ժողովրդի, մեր կյանքի օբյեկտիվ պայմանները փոխվելու են հիմնովին: Երկաթե անհրաժեշտությամբ փոխվում են նաև մեր գոյության սուբյեկտիվ պայմանները: Երերի շրջումը, կերպարանափոխումը կատարվում է գահավեժ թափով, գլխապտույտ արագությամբ, մինչդեռ մեր միտքը, մեր գիտակցությունը միշտ հետ է մնում:

Այս դրությունը մեծապես վնասում է մեր հասարակական զարգացման:

Բոլոր արժեքների հիմնական վերագնահատության միջոցով է միայն, որ մենք պիտի կարենանք բարձրացնել մեր հասարակական գիտակցությունը մինչև մեր իրականության թելադրած աստիճանը: Նոր աչքերով մենք պիտի նայենք մեր աշխարհի վրա, որովհետև թե այդ աշխարհն է փոխվել, թե մեր դիրքն է փոխվել այդ աշխարհի մեջ, թե մենք ինքներս ենք փոխվել:

Պետք է որ մենք լիովին ու պարզորեն ըմբռնենք այդ փոփոխությունների բովանդակ իմաստը, ճշտորեն գնահատենք այդ փոփոխությունների իսկական արժեքը:

Նոր կյանք է սկսվել մեզ համար, նոր հորիզոններ են բացվել մեր առջև - և պետք է, որ մենք արժանի լինենք այդ նոր կյանքին և պատրաստ լինենք աչքաբաց ու համարձակ դիմագրավելու նոր հորիզոնները...

Հրատարակութիւն «Յառաջ»-ի, № 3
Երեւան, Էլէկտրօ-տպարան «Ուրարդիա», 1920