Jump to content

Սագերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սագերը

Մի գյուղացի
Մեծ սագախումբն առաջն արած՝
Հա՜ քշում էր ճիպտահալած,
Որ շուտ հասնի քաղաք, շուկա:
Հայտնի բան է, որտեղ շահ կա,
Ոչ թե միայն լոկ սագ ու մագ,
Մարդն էլ կերթա հենց ոտի տակ:
Գյուղացուն չեմ մեղադրի,
Բայց արի տես՝
Միտքն ուրիշ էր այն սագերի:
Ղու-ղա՜ , ղու-ղա՜ ...
Պատահելով ճամփին մարդու՝
Ասին. — Աղա՜,
Դատ արա դո՜ւ:
Այն գյուղացին, երես առած,
Չի իմանում
Ինչ սագեր են իրա դիմաց:
Մենք սագեր ենք, հա՛ , հասարա՞կ,
Որ առել է սա ճիպտի տակ,
Ասա, իսկի, պատիվ, հարգանք,
Մենք մեր գլխին ի՞նչ հողը տանք.
Խիղճ, խղճմտանք քչացել է,
Աշխարհը հո փչացել է...
Չջոկելով արմատ ու բույս,
Էլ չի հիշում կոպիտն անուս,
Որ իսկ և իսկ
Այն սագերն են մեզ ցեղակից.
Որոնք Հռոմն
Ազատեցին մեծ փորձանքից,
Եվ մեզ համար
Տոներ էլ կան այնտեղ դրված...
Ճամփորդը, թե՝
— Դո՞ւք ինչով եք աչքի ընկած...
— Մեր նախնիքը...
— Այո՜, գիտեմ,
Կարդացել եմ, ո՞վ է ընդդեմ:
Նախ ձեր տված օգուտն ասեք,
Ապա դառեք նոր աշխարհը դուք բամբասեք,
«Մեր նախնիքը... Հռո՛մ... Հռո՛մ...»:
Ա՜խ դուք սագեր ճառք ու ճոռոմ,
Հոքիր, Հոռոմ,
Առաք անցաք նախնի՛ք, նախնի՛ք...
Ձեր, ձե՜ր արածն ի՞նչ է կանխիկ:
— Ոչինչ...
— Որ էդպես է, լեզուներդ ի՞նչ:
Խնդրում եմ խիստ,
Ձեր պապերին թողեք հանգիստ,
Նրանք իրենցն հո ստացան,
Պատմության մեջ անմահացան:
Հարկը՝ հարկավորին,
Պատիվն արժանավորին:
Իսկ ձեզ՝ շամփուր խորովածի...
Մնաք բարով, ես գնացի: