Սամվել/Առաջին գիրք/Ը
Ը
ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Կապարճը թիկունքին, աղեղը ուսին, երկար նիզակը ձեռին, նստած յուր սիրուն կարմիրի վրա, գնում էր Սամվելը այն ճանապարհով, որ տանում էր Ողական ամրոցից դեպի Աշտիշատի վանքը: Ուրախ նժույգը խաղում էր, ոստյուններ էր գործում, կրծոտում էր յուր սանձը, և մի քանի րոպեում նրա բերանը պատվեցավ սպիտակ փրփուրով: Բայց շուտով մեղմացավ նա, կարծես մի առանձին տխրությամբ զգալով, թե ինչո՜ւ յուր տերը չէ պատասխանում յուր զվարճություններին: Ամեն անգամ, երբ պատահում էր նրան` յուր տիրոջ հետ որսորդության գնալ, նա հազարումեկ փաղաքշանքով խրախուսում էր, քաջալերում էր նրան: Բայց այսօր ինչո՞ւ նա այնպես լուռ էր, ինչո՞ւ ոչինչ չէր խոսում: Այդ էր, որ տխրացրեց խելացի անասունին:
Նրա պչրանքից ոչինչ պակաս չէր, որ պատճառ տար վշտանալու նրան: Գլուխը զարդարած էր փոքրիկ, վարդագույն փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ: Պարանոցին կպած ուներ նույնպես արծաթյա փողապատը (ռաշմա), որի փոքրիկ փուլիկները, գլխի ամեն մի շարժման միջոցին, ախորժելի ձայներ էին հանում: Իսկ պարանոցի ներքին մասը զարդարած էր գույնզգույն հուլունքներով շարած մանյակով, որ վերջանում էր եռանկյունաձև թալիսմանով, որ ընկած էր ուղիղ լայն կուրծքի վրա: Այդ ապահովացնում էր նրա կյանքը չար աչքից կամ չար պատահարից: Ասպանդակները և թամբի ղաշը շինված էին զուտ արծաթից, իսկ ամբողջ թամբը պատած էր ընձու մորթով:
Երկու միագույն բարակներ, թանկագին վզկապներով, վազում էին իշխանի առջևից, իսկ ետևից գալիս էին երկու զինակիրներ, որոնց յուրաքանչյուրի ձեռքի վրա նստած էր մի մի բազե:
Զինակիրները նույնպես զարմանում էին իշխանի լռության վրա, նկատելով, որ նա խորին ինքնամոռացության մեջ քշում էր յուր ձին, առանց հետաքրքրվելու յուր շրջակայքով, առանց հետաքրքրվելու և զանազան երեներով, որ ճանապարհին հաճախ հանդիպում էին նրանց: Ճանապարհը գնում էր մի ձորի միջով, որի աջ ու ձախ կողմերի լեռները պատած էին խիտ անտառով: Արևի պայծառ ճառագայթնեըը չէին թափանցում ծառերի սաղարթախիտ ոստերի միջով, որոնք, ճանապարհի երկու կողմից մոտենալով, գրկվել էին, հյուսվել էին միմյանց հետ և կազմել էին մի կենդանի, կանաչազարդ կամար: Տեղ-տեղ լայնանում էր ձորը և նրանց առջև բացվում էին կանաչ, թավիշապատ մարգեր, սփռված գույնզգույն ծաղիկներով:
Քա՛ղցր էր թռչունների վաղորդյան աղմուկը, քա՛ղցր էր տերևների մեղմ սոսափյունը, և ավելի քաղցր մրմնջում էր լեռնային գետակը, որ շտապով վազում էր թփապատ ափերի միջով: Ամեն ինչ ազդում էր բերկրություն, ամեն ինչ շնչում էր կյանք և ուրախություն, միայն Սամվելի սիրտը ալեկոծվում էր խորին դառնությամբ: Քանի որ մտաբերում էր նա գալոց աղետները, չարիքը յուր բոլոր ընդարձակությամբ մեծանում էր նրա աչքում: «Ո՜վ գիտե, — մտածում էր նա, — գուցե շուտով կհասնի այն օրը, որ այդ գեղեցիկ անտառների խաղաղությունը կվրդովվի անհնարին խռովությամբ, մահվան հոտ կբուրե այդ սիրուն ծաղիկների անուշհոտության փոխարեն, և հարազատը հարազատի արյունով կներկե այդ կանաչազարդ հովիտները... »:
Կարծես երեներն ևս հասկանում էին, որ Սամվելը այսօր իրանց հետ գործ չպիտի ունենա, և ազատ, համարձակ անցնում էին նրա աչքերի առջևից: Ահա՜ խորամանկ վիթը կայծակի արագությամբ դուրս պրծավ գետեզերքի թուփերի միջից, կտրեց ճանապարհը և, մտնելով ծառերի մեջ, ցատկեց մամռապատ ապառաժի գլխին և այնտեղից հեգնական հայացքով սկսեց նայել իշխանի վրա: Բարակները նկատեցին նրա հանդգնությունը և հարցական դեմքով դարձան դեպի իրանց տերը: Երբ ոչինչ հրահանգ չստացան, վշտացած կերպով շարունակեցին իրանց թեթև գնացքը: Ահա՜ կաքավների աղմկալի երամը սրաթռիչ թևքերով խռովեց տիրող լռությունը: Մույգ-կապտագույն փոթորկի նման, շատ մոտից անցավ նաև մի ակնթարթում անհետացավ մերձակա ժայռերի մեջ: Բազեները, որ մինչև այդ րոպեն խաղաղ թառած էին զինակիրների ձեռքի վրա, տեսնելով այդ կարմրակտուց և կարմրոտիկ թռչունների համարձակությունը, իրանց լայն, սրածայր թևքերը թափահարեցին և, խիստ զայրագին թռիչք գործելով, կամենում էին իսկույն հետամուտ լինել: Բայց նրանց ոտքերից կապած մետաքսյա նարոտը թույլ չտվեց հարձակում գործել:
Արևը բավական բարձրացել էր. անտառի մեջ տիրում էր ախորժելի ջերմություն: Նախորդ օրվա հորդ անձրևից ծառերը լվացվել էին, մաքրվել էին և սքանչելի պչրանքով` փայլում էին իրանց կոկիկ տերևներով: Խոտերը ավելի կենդանի գույն էին ստացել, իսկ կանաչ մամուռը ավելի աճել էր և, փափուկ գորգի նման, ծածկում էր ծառերի, ժայռերի մերկությունը:
Անձրևը այդ անտառներում սաստիկ բարկացնում էր շինական կանանց: Նա լվանում էր տերևներից շաքարը, որ բնությունը դնում էր նրանց վրա: Նա ոչնչացնում էր երկնքի աստվածապարգև մանանան: Բայց այս անգամ նրանք վաղօրոք հավաքած ունեին իրանց պաշարը: Ահա այստեղ և այնտեղ ծառերի միջից երևում են փոքրիկ, ժամանակավոր տաղավարներ, հյուսած թարմ ոստերից: Նրանց մոտ մուխ է բարձրանում և դանդաղ, համրընթաց ամպիկներով տարածվում է օդի մեջ: Գեղջկուհի կարմրաշապիկ աղջիկները, կարմրաքող հարսիկները, նախշուն թիթեռների նման, ժիր կերպով պտտվում են կրակի շուրջը: Կրակի վրա եփ է գալիս մի մեծ կաթսա: Նրա մեջ լցնում են շաքարապատ տերևները, շաքարը լուծվում է ջրի մեջ, հետո տերևները դուրս են ածում, իսկ մնացած ջուրը եփ տալով` թանձրացնում են, և այդպես պատրաստում են բուսական մեղր կամ ռուփ: Բայց ավելի քնքուշ տերևները, որոնց վրա շաքարն ավելի հաստ խավ է կապել, ընտրում են, և այնպես դարսում են միմյանց վրա, հուպ են տալիս, պատրաստելով այն անուշահամ և անուշահոտ քաղցրավենիքը, որ կոչվում է գազպեն: Այդ առատությունները շինականներին խիստ բարերար կերակուր են մատակարարում, մանավանդ ձմեռային պահոց օրերում:
Սամվելն անցավ այդ տաղավարներից մեկի մոտով: Նկատելով իշխանին, մոտ վազեց մի մանկահասակ աղջիկ: Եթե այդ անտառների անմահ պարիկները նրա նման կարմիր շապիկ հագնեին, եթե նրա նման ծիածանի գույներով գոտի կապեին, և եթե իրանց գլխի երկար հյուսերը նրա նման պսակաձև կապեին ճակատի վրա, դարձյալ չէին կարող այնքան սիրուն և այնքան գրավիչ լինել, որպես այդ անմեղ գեղջկուհին: Տեսնելով նրան, Սամվելը ձիու գլուխը պահեց: Աղջիկը ամոթխած դեմքով մոտեցավ և ձեռքը մեկնելով, ասաց.
— Թող իմ տերը քաղցրացնե յուր բերանը:
Սամվելը ընդունեց գեղջկուհու ձեռքից գազպեի պլիթը, որ բոլորակ կարկանդակի ձև ուներ, և ճաշակեց հարցնելով.
— Այդ քո՞ պատրաստածն է:
Պատասխանի փոխարեն մանուկ աղջկա դեմքի վրա փայլեց մի քաղցր ժպիտ:
Սամվելը ընծայեց նրան մի քանի արծաթյա դրամներ, ասելով.
— Որովհետև դու այդպիսի շնորհալի աղջիկ ես և այդպես լավ գազպե ես պատրաստում, ահա՜ քեզ:
Աղջիկը դժվարությամբ ընդունեց նվերը և, գլուխ տալով, վազեց յուր ընկերուհիների մոտ:
Տեղային սովորության համեմատ, այդ հյուրասիրությունը նրանք ցույց էին տալիս ամեն մի ճանապարհորդի, որոնց պատահում էր անցնել նրանց տաղավարի մոտով:
Սամվելը բաժանեց ստացած նվերը յուր զինակիրներին:
Որքան արևը բարձրանում էր, այնքան ճանապարհի անցուդարձը ավելի կենդանություն էր ստանում, այնքան հաճախ պատահում էին քաղաքացիք, շինականներ, որոնք գնում էին դեպի զանազան կողմեր: Քաղաքացիք նստած էին ձիաների կամ ջորիների վրա, իսկ գյուղացիք գնում էին ոտով: Ոտով գնացողները, հենց որ տեսնում էին իշխանին, քաշվում էին ճանապարհի մի եզրում, կանգնում էին և, երբ նա մոտենում էր, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և այնքան սպասում էին, մինչև անցնում էր: Սամվելը բոլորի համար խոսք ուներ, բոլորին ողջունում էր և բոլորի առողջությունը հարցնում էր: Իսկ ձիաների կամ ջորիների վրա նստածները ցած էին իջնում երիվարներից, նույնպես դուրս էին գալիս ճանապարհից և խոնարհ դեմքով կանգնում էին իրանց գրաստների կողքին, երբ նա մոտենում էր, գլուխ էին տալիս: Այդ սովորությունը սաստիկ ատում էր Սամվելը, և այդ էր պատճառը, որ նա հեռվից ձեռքով նշան էր տալիս, որ չանհանգստացնեն իրանց: Բայց նրանք չէին դադարում արժանավոր հարգանքը մատուցանել իրանց երիտասարդ իշխանին:
Սամվելը շատ սիրված էր ժողովրդից: Նրա քաղցր ու մեղմ բնավորությունը, նրա անսահման գութն ու բարությունը` թե դեպի շինականը և թե դեպի քաղաքացին` նրա անձը պաշտելի էին կացուցել: Նա չուներ ուրիշ նախարարական տների մեծամիտ երիտասարդների ոչ անգթությունը, և ոչ արհամարհանքը, որոնց աչքում իրանց ազնվարյուն նժույգը, շունը, բազեն ավելի արժանավորություն ունեին, քան թե ռամիկը: Այդ էր պատճառը, որ շինականների մեջ մի տեսակ օտարոտի կարծիք էր կազմվել Սամվելի մասին. «Կարծես իշխան չլինի: — ասում էին նրանք, — ոչ ծեծում է և ոչ հայհոյում է»:
Դուրս գալով ձորից, ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը, և այստեղից բացվեցավ Սամվելի առջև Մուշի լայնածավալ դաշտը: Ներքևում, մթին, նվիրական ծառաստանի միջից, հազիվ երևում էին Աշտիշատի վանքի բարձր գմբեթները, իսկ վանքի մոտ տարածվում էր համանուն ավանը, որ ավելի մի փոքրիկ քաղաքի տպավորություն էր գործում: Այդ ավանը Մամիկոնյանների սեփականությունն էր:
Մի մարդ, երկար գերանդին ուսին դրած, դանդաղ քայլերով առջևից գնում էր դեպի ավանը: Նա եղանակում էր մի երգ, որի բառերը կլանվում էին զգացմունքի և ուրախ հնչյունների խորին հոսանքի մեջ: Նա այն աստիճան գրավված էր յուր երգով, որ բնավ չէր լսում յուր ետևից տրոփող սմբակների ձայնը, մինչև Սամվելը կոչեց նրան.
— Մալխա՜ս ...
Գյուղացին ետ նայեց և, տեսնելով իշխանին, ուրախ դեմքով մոտեցավ, մտերմաբար բռնեց նժույգի սանձից և կանգնեց նրա մոտ: Նրա այրական դեմքը, ամուր ազմվածքը արտահայտում էին մի անվաստակելի բնավորություն:
— Դու ինձ պետք ես, Մալխաս, — ասաց Սամվելը:
— Քո ծառան ահա յուր տիրոջ սպասումն է, — պատասխանեց գյուղացին:
— Այժմ ոչ, էգուց երեկոյան կգաս ամրոցը, ուղիղ ինձ մոտ:
Գյուղացին ի նշան յուր խոնարհության, գլուխը շարժեց:
Սամվելը անցավ: Գյուղացին դարձյալ շարունակեց յուր երգը:
Որսորդության պատրվակով դուրս գալով ամրոցից, այսօր թեև Սամվելը ոչինչ չորսաց, բայց նա պատահմամբ որսաց մի մարդ, որ իրան հարկավոր էր: