Jump to content

Սամվել/Առաջին գիրք/ԺԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սամվել
 ԺԵ
ԺԷ 

ԺԶ

ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ

Գիշերից բավական անցել էր: Մուշեղ իշխանի ապարանքում, միևնույն սենյակում, որ նրա ընդունարանն էր, հայոց չորս երիտասարդ մտածողները դեռ խորհրդի մեջ էին: Սենյակի վարագույրները խնամքով իջեցրած էին, դռները ներսից կողպած էին, իսկ դրսում` երկու զինված պահակներ կանգնած էին նախասենյակի դռան աջ և ձախ կողմերում:

Մեսրոպը, ճրագի հանդեպ նստած, խորասուզվել էր յուր առջև դիզված թղթերի մեջ: Կարդում էր, ինչ-որ հաշիվներ էր անում, դարձյալ կարդում էր և երբեմն ձեռքը տանում էր դեպի յուղված ճակատը յուր տարակուսանքները փարատելու համար: Այդ թղթերի թվում գտնվում էր և այն նամակը, որ Որմիզդուխտը հանձնեց Սամվելին:

Սամվելը ոտքի վրա անցուդարձ էր անում և մի-մի անգամ մոտենում, կանգնում էր և ետևից լուռ նայում էր Մեսրոպի աշխատությունների վրա:

Մուշեղը մատներով անհանգիստ կերպով քրքրում էր յուր փոքրիկ մորուքը, որ, թավիշյա սև շրջանակի նման, բոլորում էր նրա այրական դեմքը: Նրա սեգ աչքերի մեջ նշմարվում էր անհամբերության և խորին վրդովմունք:

Սահակ Պարթևը երբեմն վեր էր առնում յուր մոտ դրած գինու թասը և նրանով թրջում էր սրտի տապից ցամաքած շրթունքները:

Ամենքը սպասում էին Մեսրոպին:

Նա թղթերը տհաճությամբ մի կողմ նետեց և, դառնալով դեպի մյուսները, ասաց.

— Բոլորովին ապարդյուն է քրքրել այդ թղթերը և նրանցից որևէ եզրակացության հասնել: Մեր այժմյան դրության մեջ` հաշիվը ոչ միայն կսխալեցնե, այլև կմոլորեցնե մեզ: Մեր գործերը հենց սկզբից անհաշիվ են տարվել: Այնպես էլ պետք է շարունակել: Այսինքն` կամենում եմ ասել, որ ժամանակը այնքան նեղ է և պահանջները այնքան ստիպողական են, որ մենք միջոց չունենք հինը ուղղելու և նոր կարգադրություններ անելու: Մեզ պետք է այժմ անել մի վճռական քայլ, թեև այդ քայլը մինչև անգամ հակառակ լիներ խոհուն և խելացի ձեռնարկության:

— Բոլորովին ճիշտ է, — ասաց Սամվելը, որ դեռևս ոտքի վրա էր:

Սահակ Պարթևը ոչինչ չխոսեց:

— Այսուամենայնիվ, մենք պետք է չափենք մեր ուժերը, — նկատեց Մուշեղը:

— Մենք չափել կամ կշռել չենք կարող այն, ինչ որ դեռևս գոյություն չունի, — պատասխանեց Մեսրոպը: — Մեր ուժերի չափը կախված կլինի այն հանգամանքներից, թե որքան հաջողությամբ առաջ կտանենք գործը: ,

— Հաջողությունը կամ անհաջողությունը հենց այժմյանից ես կարելի է նախագուշակել, — ասաց Մուշեղը:

— Միայն հավանականության վրա հիմնվելով, — պատասխանեց Մեսրոպը: — Մենք, կրկնում եմ, անձնավստահությունը պետք է ընտրենք մեզ որպես առաջնորդ, իսկ հաջողությունը թողնենք բախտի կամքին:

Սահակ Պարթևը ընդհատեց վիճաբանությունը, հարցնելով,

— Այդ «մենք»-ը մի քանի անդամ կրկնվեցավ: Բայց նախքան որևէ քայլ անելը, ես կարծում եմ, պետք է որոշել, թե ո՜վ ենք մենք:

Տիրեց ընդհանուր լռություն: Հարցը բավական կարևոր էր: Սամվելը առաջ անցավ, խնդրելով.

— Թույլ տվեցեք ինձ խոսել:

— Խոսի՜ր, — ասաց Պարթևը:

Նա խորին ոգևորությամբ կանգնեց յուր խորհրդակիցների առջև և, յուր բոցավառ աչքերը դարձնելով դեպի նրանց, խոսեց,

— Ով ենք «մենք», — այդ հարցը, իրավ, մի շատ դժվարին հարց է, և նրա վճռելը պետք է լինի գործի սկիզբը — Ո՞վ ենք «մենք»: Մենք ամեն ինչ ենք: Իմ պատասխանը գուցե չափազանց հանդուգն կթվի ձեզ, բայց ես կաշխատեմ պարզել իմ միտքը: Մեր աշխարհի կառավարության մեջ երեք բարձրագույն անձինք առաջնակարգ դեր էին խաղում. — թագավորը, քահանայապետը և սպարապետը: Այդ երեք գլխավորները այժմ չկան: Թագավորը աքսորված է Խուժիստանի Անհուշ բերդը, սպարապետը աքսորված է դարձյալ նույն բերդը, իսկ քահանայապետը աքսորված է Միջերկրականի Պատմոս կղզին: Մեր աշխարհը մնացել է զուրկ այդ երեք մեծ կառավարիչներից, որ վտանգի ժամանակ կարող էին թշնամուն դեմ դնել: Իսկ թշնամին մեր դռանը կանգնած է, ներս մտնելու վրա է: Ո՞վ պետք է ընդդիմանա նրան: Ո՞վ պետք է պաշտպանե հայրենիքը կրակից և արյունից: Ո՞վ պետք է մաքրե պարսկական պղծությունը, որ ապառնում է արատավորել մեր բոլոր սրբությունները: Արքայական գահը վտանգի մեջ է. եկեղեցին վտանգի մեջ է, մեր լեզուն, մեր դպրությունը, մեր ավանդությունները, մեր ազգային բոլոր նվիրական ժառանգությունները վտանգի մեջ են: Ո՞վ պետք է պաշտպանե: Կրկնում եմ, թագավորը չկա, քահանայապետը չկա, սպարապետը չկա: Բայց կան նրանց ներկայացուցիչները, որոնցից երկուսը հենց այստեղ լսում են ինձ:

Նա ձեռքը տարավ դեպի Սահակ Պարթևը և դեպի Մուշեղը և շարունակեց,

— Դո՜ւ, Սահակ, քահանայապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը: Իսկ դու, Մուշեղ, սպարապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը: Թե քահանայապետությունը և թե սպարապետությունը մեր աշխարհի սովորությամբ ժառանգական են: Մեկը սեփական է Լուսավորչի տանը, մյուսը Մամիկոնյանների տանը: Դրան ոչ ոք կարող է հակառակել: Մնում է թագավորի ներկայացուցիչը: Թագաժառանգը այստեղ չէ, նա պահված է Բյուզանդիայում: Բայց հայոց տիկինը — թագուհին մեր ձեռքումն է: Նրա անունով կարող ենք ամեն տեսակ հրամաններ տալ: Կազմե՜նք մի ժամանակավոր կառավարություն, անցնե՜նք գործերի գլուխը և սկսենք դեմ դնել թշնամուն: Ես հավատացած եմ, որ ժողովուրդը կգա մեր ետևից: Նա սիրում է միայն հրամաններ լսել, իսկ երկար չէ մտածում, թե որտեղից է գալիս հրամանը: Այժմ, կարծեմ, բավական պարզ է, թե ո՜վ ենք «մենք»...

— Մենք ազատ ժողովուրդ չունենք, — նկատեց Մեսրոպը. — մենք ունենք նախարարներ միայն, որոնց հետ կապված են ժողովրդի զանազան մասները:

— Բոլորովին ճիշտ է, — պատասխանեց Սամվելը: — Բայց իմ ձեզ ներկայացրած նամակից երևում է, որ խստիվ պատվիրված է` կալանավորել բոլոր նախարարներին և վարել նրանց Տիզբոն, իսկ նրանց կանանցը, զավակներին, որպես գրավական, պահել առանձին բերդերում, սաստիկ հսկողության ներքո: Այդ խստություններից կարող ենք մենք օգուտ քաղել: Որովհետև այդ կստիպե նախարարներին, եթե ոչ հայրենիքի պաշտպանության համար, գոնե իրանց անձանց և ընտանիքների պաշտպանության համար, միանալ մեզ հետ և դեմ դնել թշնամուն:

— Շատ հավանական է, — ասաց Մեսրոպը: — Բայց մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ են, բավական է, որ լսեն Շապուհի պատվերը իրանց մասին, նրանք իսկույն կառնեն իրանց ընտանիքները, կփախչեն դեպի հունաց կողմը, ապահովություն գտնելու համար:

— Այդ կարող է պատահել, — պատասխանեց Սամվելը: — Թշնամին վճիռ է դրել` չխնայել ոչ ոքի, ով որ կընդդիմանա: Իսկ մենք պետք է վճիռ դնենք` չխնայել ոչ ոքի, ով որ խույս կտա: Եթե մեր նախարարներից ոմանք այնքան վատ կլինեն, որ ընդհանուր վտանգի ժամանակ, միայն իրանց անձը և ընտանիքը պահպանելու համար, կփախչեն դեպի օտար երկիր, այդ դեպքում մենք առաջինը կլինենք, որ նրանց կմորթենք իրանց ամրոցների սյամի վրա...

Սահակ Պարթևը և Մուշեղը լուռ լսում էին: Նրանք մի առանձին հրճվանքով էին նայում ոգևորված երիտասարդի վրա, որ ներկայանում էր նրանց առջև որպես մի մարմնացած վրեժխնդրություն: Սամվելը առհասարակ մելամաղձոտ և սակավախոս բնավորություններից էր, բայց երբ սկսում էր խոսել, խոսում էր երկար և բավական գեղեցիկ: Նա շարունակեց.

— Ուշադրություն դարձրեք, սիրելիք, իմ ձեզ ներկայացրած նամակի մի այլ կետի վրա, որտեղ հրամայված է` կալանավորել հայոց տիկնոջը և ուղարկել Պարսկաստան: Մեր առաջին ջանքը պետք է լինի` ապահովել տիկնոջ անձը: Կորցնելով նրան, մենք շատ բան կկորցնենք: Նրա անունով պետք է գործենք մենք, նրա անունով պետք է շարժենք ժողովրդին: Ես հավատացած եմ, որ տատանվող գահի վտանգը, թագավոր-ամուսնի կորուստը, թագաժառանգ-որդուց զրկվիլը, այդ բոլոր դժբախտ արկածները, ավելի քան մեզանից ամեն մեկին, պետք է դրդեն տիկնոջը` այժմյան տագնապի մեջ` պաշտպան հանդիսանալ Արշակունյաց կործանվող գահին: Եվ նա այնքան քաջություն ունի, որ կանե այդ:

Մեսրոպը կրկին վեր առեց Որմիզդուխտի Սամվելին հանձնած նամակը, սկսեց լուռ կարդալ:

Նույն սենյակում պատից քարշ էր ընկած Մամիկոնյան Վաչեի պատկերը: Իսկ պատկերի ներքև քարշ էր ընկած այդ հերոսի սուրը: Սամվելը, վերջացնելով յուր փոքրիկ ճառը, մի առանձին պատկառանքով մոտեցավ պատկերին, վեր առեց սուրը և, դնելով Սահակ Պարթևի առջև, ասաց.

— Այդ սուրը այն քաջի սուրն է, որի արթուն հոգին ուշադրությամբ նայում է մեզ վրա, — նա ձեռքը տարավ դեպի պատկերը: — Քառասուն տարի հազիվ անցել է այն օրից, երբ պարսից հետ մղած արյունահեղ կռվի մեջ ընկավ այդ քաջը և յուր մահվամբ ամբողջ Հայաստանը սուգի մեջ դրեց: Մամիկոնյան տոհմից ոչ ոք մնաց, որ ժառանգեր հայոց սպարապետության պաշտոնը: Ամենքը ընկան նույն կռվի մեջ: Մնաց միայն հանգուցյալի որդի Արտավազդը, որը դեռ մանուկ էր և երեխա: Թագավորը (Խոսրով Բ) և քո պապ Վրթանես հայրապետը, Սահա՜կ, բերել տվին մանուկ Արտավազդին թագավորական արքունիքը: Այնտեղ էին հայոց նախարարները, այնտեղ էր և հայոց բարձր ազատանին: Թագավորը գրկեց մանուկին, իսկ մեծ հայրապետը վեր առեց հոր սպարապետական պատվանշանը և հանդիսավոր կերպով կապեց որդու գլխին, վեր առեց և հոր սուրը, օրհնելով, կապեց որդու մեջքին: Հետո հանձնեցին մանուկին Շիրակա իշխան Արշավիր Կամսարականի և Սյունյաց Անդովկ իշխանի (որոնք երկուքն էլ Մամիկոնյանների փեսաներն էին) հոգաբարձությանը, որ խնամք տանեն, մինչև մեծանա և հոր սպարապետությունը ժառանգե: Ահա՜ նույն սուրը դրած է քո առջև: Սահակ, քո պապի բերանով օրհնյալ սուրը: Քե՜զ է վայելում, Սահակ, որպես հայոց հայրապետական տան սրբազան ժառանգին, վեր առնել այդ սուրը և հանձնել իմ հորեղբոր որդի Մուշեղին, հրատարակելով նրան հայոց սպարապետ:

Վերջին առաջարկությունը խիստ սրտաշարժ էր: Վեհազնյա Պարթևը չկարողացավ զսպել յուր արտասուքը: Պատմության տխուր կրկնողությունը նույնն էր, ինչ որ քառասուն տարի առաջ: Մամիկոնյան Վաչեն սպանվեցավ պարսից դեմ մղած կռվի մեջ, և Սահակի պապը — Վրթանես հայրապետը նրա անչափահաս որդուն սպարապետ հրատարակեց: Մուշեղի հայրը — Վասակ սպարապետը — նույնպես սպանված էր պարսից Շապուհ արքայից: Բայց Մուշեղը դեռ չգիտեր այդ: Նա յուր հորը դեռ կենդանի էր համարում և աքսորված յուր թագավորի հետ: Այժմ ինչպե՞ս պետք էր հայտնել նրան հոր ցավալի մահը և նրա, առանց դրան ևս, վշտերով ծանրացած սրտի վրա մի նոր և անմխիթար վիշտ ավելացնել: Այդ էր, որ շարժեց Սահակի սիրտը: Բայց նա բարվոք համարեց լռել այդ մասին: Խորին, ցավակցական զգացմունքներով վերառեց սուրը, արտասանելով հետևյալ խոսքերը.

— Ես ինձ բախտավոր եմ համարում, որ այդ հանդիսավոր րոպեում, երբ մեր հայրենիքի բախտն է վճռվում, ինձ է վիճակվում այդ սուրը հանձնել քեզ, Մուշեղ: Դա քո նախահարց փառքն է, իսկ նրանց արժանավոր ժառանգների` պարծանքը: Այո՜, Մամիկոնյան տոհմը իրավունք ունի պարծենալու այդ սրով, որ մեր աշխարհի ամեն մի ճգնաժամի ժամանակ պաշտպան է հանդիսացել հայրենիքին: Տրդատի օրերում այդ սուրը ջնջեց Սլկունիների քաջ ցեղը, որոնք, ապստամբվելով իրանց թագավորի դեմ, անցան թշնամու կողմը: Տրդատի որդի Խոսրովի օրերում այդ սուրը փշրեց մեր դարևոր թշնամի պարսից զորությունը: Խոսրովի որդի Տիրանի օրերում այդ սուրը մերկացավ բնիկ թագավորի դեմ, երբ նա սկսեց անխնա կոտորել հայոց նախարարների անչափահաս զավակներին: Իսկ Տիրանի որդի Արշակի օրերում, որ մեր այժմյան դժբախտ թագավորն է, այդ սուրը, Մուշեղ, քո հոր ձեռքում, ոչ սակավ անգամ. խորտակեց Շապուհի ահագին զորությունները: Նա մնաց միշտ անարատ և երբեք վատությունը, երկչոտությունը բիծ չդրեց նրա վրա: Դրա մեջն է Մամիկոնյանների մեծությունը: Միշտ անաչառ է եղել այդ սուրը թե՜ դեպի օտարները և թե՜ դեպի յուր հարազատները: Քո հայրը, Մուշե՜ղ, այդ սրով սպանեց յուր եղբայր Վարդանին, երբ նա դավաճանեց հայրենիքին: Արդարությունը, իրավունքը, նեղյալի և տառապյալի պաշտպանությունը միշտ եղել են այդ սրի բարձր, քաջազնական գաղափարը: Քո հայրը, Մուշե՜ղ, զոհ եղավ յուր անսահման հայրենասիրությանը... Քո հորը պատահած ցավալի անցքից հետո, քե՜զ, երանելի հոր արժանավոր որդուն, քե՜զ միայն վայել է կրել այդ սուրը և անցնել հայոց զորքերի գլուխը: Վտանգը մոտ է և տառապյալ հայրենիքի տխուր հառաչանքները կոչում են քեզ, Մուշեղ, ընդունել այդ զենքը, որի մեջ պետք է գտնե նա յուր փրկությունը: Եվ դու այնքան քաջ ես և անձնանվեր, որ կարդարացնես նրա սրտագին հույսերը...

Խորին տխրությամբ ընդունեց քաջազնյա երիտասարդը նախահարց սուրը, ասելով.

— Ես իմ տոհմի մեջ ամենադժբախտն եմ համարում ինձ, ընդունելով այդ սուրը: Իմ նախնիքը ավելի բախտավոր գտնվեցան, նրանք այդ սրով պատերազմեցին օտարների հետ, իսկ ես պետք է պատերազմեմ իմ հարազատի հետ... Թշնամու զորքերին առաջնորդում է իմ հորեղբայրը... Թո՜ղ օրհնյալ լինի նախախնամողի կամքը, թո՜ղ նա զորություն տա իմ բազուկներին, այդ սրով մաքրել այն արատը, որ իմ հարազատը պետք է դնե մեր տոհմի վրա...

Սամվելի դեմքը մինչև այդ րոպեն փայլում էր ուրախությունից, բայց լսելով վերջին խոսքերը, մռայլվեցավ նա: Մուշեղի ակնարկությունները վերաբերում էին նրա հորը: Սահակը նկատեց դժբախտ երիտասարդի հուզմունքը և, դառնալով դեպի նա, հարցրեց.

— Դու միևնույնը չէի ր անի, ի՞նչ որ ասաց Մուշեղը:

— Ես ավելին կանեի... և կանե՛մ.,. — պատասխանեց Սամվելը դառնությամբ լի ձայնով:

— Ուրեմն ամեն ինչ վերջացած է: Խոսենք գործի վրա:

Վեհազնյա Պարթևը աչք ածեց դեպի յուր խորհրդակիցները և շարունակեց.

— Սամվելը յուր գեղեցիկ ճառի մեջ շատ ճիշտ նկատեց, որ մենք պետք է գործենք հայոց տիկնոջ անունով և պետք է նրա հրամանով շարժենք թե՜ նախարարներին, և թե՜ ժողովրդին: Այդ անհրաժեշտությունը կարևոր համարելով, ես նախքան Տարոն գալը Վաղարշապատում տեսնվեցա տիկնոջ հետ: Նա ավելի քան մեզանից յուրաքանչյուրը` ոգևորված է մեր աշխարհի փրկության գործով: Նա դրեց մեր իրավունքի ներքո արքայական ամբողջ գանձը և, բացի դրանից, յուր սեփական հարստությունը և մինչև անգամ յուր զարդերը: Նա հանձնեց ինձ յուր մատանին, իրավունք տալով, ամեն տեսակ հրամաններ կնքել նրանով:

Նա դուրս բերեց յուր ծոցից տիկնոջ մատանին և դրեց սեղանի վրա, ասելով.

— ժամանակավոր բարձրագույն կառավարությունը, որ առաջարկեց Սամվելը և որի հետ մենք ամենքս համաձայն ենք, պետք է հենց այս րոպեից կազմված համարել: Թո՛ղ Տրդատի և մեր լուսավորչի հոր աստվածը զորացնե մեր ձեռնարկությունը: Կրոնի, ազգի, հայրենիքի փրկությունը և նրանց պաշտպանության համար ամեն զոհաբերություն հանձն առնելը` կլինի մեր կռիվների նշանաբանը: Ես մեծ հույսեր ունեմ, որ եթե չհաղթենք, գոնե պատվով կմեռնենք...

Նա կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Ես առավոտյան պետք է մեկնեմ այստեղից, ինձ. հետ պետք է տանեմ և Մեսրոպին: Գիշերը դեռ բոլորովին չէ անցել, դեռ բավական ժամանակ ունենք: Թող Մեսրոպը սկսե գրել հարկավոր հրամանները, որ պետք է հղել նշանավոր նախարարներին: Այդ հրովարտակների վրա կդրվին` նախ տիկնոջ կնիքը և ապա մեր յուրաքանչյուրի կնիքները: Իսկ թե որտե՞ղ պետք է կենտրոնանան մեր գլխավոր ուժերը, այդ քո մտածելու խնդիրն է, Մուշեղ. դու ավելի հմուտ ես պատերազմի գործերում:

— Արտագերս ամրոցում, — պատասխանեց նա:

— Ես էլ նույն կարծիքին եմ, — ասաց Պարթևը: — Արարատը, որ մեր աշխարհի սիրտն է, պետք է պաշտպանվի: Կորցնելով սիրտը, կկորցնենք և կյանքը...

— Սկսի՜ր գրել, Մեսրոպ, — դարձավ նա դեպի քարտուղարը, տալով նրան մի քանի առաջնակարգ նախարարների անուններ:

Մեսրոպը վեր առեց գրիչը և մագաղաթը:

Այդ միջոցին ամրոցում մի այլ տեղ նույնպես քնած չէին: Յուր առանձնասենյակում, բարձր բազմոցի վրա, նստած էր Սամվելի մայրը, իսկ նրա ներքևը, հատակի վրա, կուչ էր եկած մի փոքրիկ մարդ: Նա յուր ծնկան վրա դրած ուներ մագաղաթի թերթը, նույնպես գրում էր և երբեմն յուր նիհար դեմքը, նեղ աչքերով, դարձնում էր դեպի տիկինը, հարցնելով.

— Էլ ի՞նչ գրեմ ...

Երբ վերջացրեց, երկու նամակներ դրեց տիկնոջ առջև, ասելով.

— Այդ մեկը իշխան Մերուժանի նամակն է, իսկ մյուսը իմ տիրոջ Վահան իշխանի նամակն է:

Տիկինը յուր ձեռքով ծրարեց ամուսնի նամակը: