Սամվել/Առաջին գիրք/ԺԸ/II
II
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ, ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Թագավորի լարված հարաբերությունները յուր նախարարների հետ և նրանց մեջ ծագած ներքին երկպառակությունները, որ շատ անգամ առիթ էին տալիս սոսկալի արյունահեղությունների, — այդ բոլորը նկարագրվեցավ նախընթաց գւխի համառոտության մեջ: Մենք այժմ գիտենք նրանց էական պատճառները:
Բայց հայոց պատմությունը ներկայացնում է մի այլ, ավելի տխուր երևույթ ևս, այն է` թագավորի նույնպիսի հարաբերությունները հոգևորականության և նրա բարձր ներկայացուցիչների հետ:
Այն օրից, որ քրիստոնեությունը մուտք է գործում Հայաստանում, նկատվում է մի խուլ, ներքին կռիվ թագավորի և հոգևորականության մեջ, որ հաճախ արտահայտվում է դառն, եղերական վախճանով: Զարմանալին այն է, որ այդ կռիվը սկսվում է իսկ և իսկ այն ժամանակից և նույն թագավորների օրերով, որոնք մաքառում էին իրանց նախարարների հետ: — Դրանք Տրդատ մեծի չորս հաջորդներն են` Խոսրով, Տիրան, Արշակ և Պապ:
Ինքը` Լուսավորիչը հալածվեցավ: Յուր կյանքի վերջին օրերը ծածկեց նա Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ:
Նրա որդիներից` Արիստակեսը սպանվեցավ Արքեղայոս իշխանից, իսկ Վրթանեսը Աշտիշատի վանքում մի հրաշքով միայն կարողացավ յուր կյանքը ազատել խուժանի կատաղությունից:
Վրթանեսի երկու որդիներից մեկը` Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում, իսկ մյուսը` Հուսիկը սպանվեցավ եկեղեցում Տիրան թագավորի հրամանով, որի փեսան էր:
Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես մի ժամվա մեջ սպանվեցան Աշտիշատի վանքում:
Պապը յուր սեղանի վրա, ճաշի ժամանակ, թունավորեց Աթանագինեսի որդի Ներսես Մեծին, որի բազմաջան աշխատությամբ, ինքը թագավորական գահն էր բարձրացել:
Մի խոսքով, սկսյալ Լուսավորիչից մինչև նրա վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, այդ մեծ հայրապետական տան ներկայացուցիչներից համարյա և ոչ մեկը խաղաղ մահվամբ չվախճանվեցավ, այլ ամենքը զոհ դարձան կամ թագավորի և կամ նախարարների խստասրտությանը:
Զոհ դարձան և այդ ժամանակների նշանավոր եկեղեցականները:
Խոսրովի հրամանով Մանաճիհը Ռշտունին Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին Ընձակա լեռան բարձրությունից գահավիժել տվեց Վանա ծովակի մեջ: Ծերունի հայրապետի աղաչանքն ու արտասուքը անզոր եղան ամոքելու խստասիրտ իշխանի անգթությունը:
Տիրանը խեղդել տվեց ծերունի Դանիել քահանային, որ Լուսավորչի նշանավոր աշակերտներից մեկն էր:
Արշակը հրամայեց հրապարակի վրա քարկոծել Արշարունյաց և Բագրևանդի եպիսկոպոս Խադին, որը Ներսես Մեծի աշակերտը և նրա հայրապետական տեղապահն էր Կ. Պոլիս գնացած ժամանակ:
Ի՞նչ էր այդ աղետավոր երևույթների պատճառը: Արդյոք նոր կրոնի մաքառո՞ւմը և նրա սաստիկ հակառակությո՞ւնը հեթանոսական վաղեմի սովորությունների և բարք ու վարքերի հետ:
Այդպես էլ բացատրում են հայոց պատմագիրները:
Տրդատ մեծից հետո, նրա բոլոր հաջորդները, բացի Վռամշապուհից, մինչև Արշակունյաց տան անկումը, նկարագրված են որպես վերին աստիճանի անբարոյական անձինք: Հոգևորականությունը նրանց անկարգ բարք ու վարքը հանդիմանում է, իսկ նրանք զայրանալով` սպանել են տալիս հոգևորականներին: — Դրանով է վերջանում պատմության խոսքը:
Բայց նույն պատմությունը անգիտակցաբար երևան է հանում այնպիսի նշմարներ, որոնք հակառակ վկայություն են տալիս, որոնք ստիպում են կատարված չարիքների արմատը որոնել ավելի խորին, ավելի հիմնավոր պատճառների մեջ:
Ինչո՞ւ Արշակունի թագավորները, քրիստոնեությունը ընդունելուց հետո, փոխանակ լավանալու, փոխանակ բարքով ու վարքով ազնվանալու, ընդհակառակն, ավելի խստասիրտ, ավելի եղեռնագործ դարձան: Քրիստոնեության բարոյական ազդեցությունը չէր կարող այսպիսի հրեշավոր արդյունքներ առաջ բերել: Վերջապես, ինչո՞ւ Արշակունի թագավորները, դեռ քրիստոնեությունը չընդունած, ավելի բարոյական և ավելի ազնիվ էին: Տիգրան Բ, Արտաշես Բ, Խոսրով մեծը մարդասիրության և բարձր առաքինության մի-մի տիպարներ էին: Եվ առհասարակ հայոց հեթանոս թագավորների մեջ` չէ կարելի մեկին ցույց տալ, որ բարոյապես այնպիսի այլանդակ կերպով նկարագրված լիներ, որպես Արշակունյաց վերջին քրիստոնյա թագավորները:
Արդյոք բարբարո՞ս էին նրանք, որ անխնա կոտորում էին հոգևորականներին:
Այդ հարցը լուծելու համար` պետք է նախ ցույց տալ, թե ի՜նչ էր այն ժամանակ հոգևորականությունը և որպիսի՜ կերպարանք էր ստացել հոգևոր իշխանությունը:
Լուսավորիչը և Տրդատը քրիստոնեությունը Հայաստան մտցնելու ժամանակ, նրանց գլխավոր ջանքը եղավ ոչնչացնել հեթանոսական հիշատակարանները և նրանց տեղը քրիստոնեականը հիմնել: Մեհյանները կործանվեցան, հին աստվածների տաճարները խորտակվեցան և նրանց տեղում քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ հիմնվեցան: Եկեղեցիներ հիմնվեցան նաև քաղաքներում, ավաններում և գյուղերում: Վանքերում հաստատվեցան կրոնական միաբանություններ, իսկ եկեղեցիներում` աշխարհական քահանաներ: Հիմնվեցան և դպրոցներ` քուրմերի որդիներից և ուրիշներից եկեղեցականներ պատրաստելու համար:
Պետք էր այդ բոլորի գոյությունը ապահովել:
Նորընծա թագավորը, յուր անսահման քրիստոնեական ջերմեռանդությամբ, չխնայեց նոր հիմնված սրբարանների գոյությունը ապահովելու համար` սեփականացնել նրանց, իբրև մշտական ժառանգություն, բազմաթիվ գյուղեր, ավաններ, ագարակներ և այլ անշարժ կալվածքներ: Այդ սրբարանների վրա մնացին և այն մեհենական կալվածքները, որ վայելում Էէին նրանք հեթանոսական դարերում, այսինքն, երբ տակավին կռապաշտական տաճարներ էին, իսկ հետո քրիստոնեական եկեղեցիների փոխվելով, պահպանեցին իրանց վաղեմի կալվածքները:
Բացի դրանցից, Տրդատը յուր պետության մեջ ընդհանուր օրենք հրատարակեց, որ ագարակ տեղերում (փոքր գյուղերում) «չորս-չորս հող», իսկ ավաններում (մեծ գյուղերում) «յոթն-յոթն հող» լինի սեփականություն եկեղեցու: Ամեն մի «հող» մի վերացական չափ էր, որ ստանում էր մի ծուխ, կամ մի գյուղական ընտանիք: Ուրեմն, եթե յուրաքանչյուր ավանում «յոթն-յոթն հող» տրվում էր եկեղեցուն, այդ կնշանակե` այնքան տարածությամբ հող, որ բավական էր յոթն ընտանիքի համար:
Եվ այդպիսով եկեղեցին դարձավ ամենահարուստ կալվածատերը պետության մեջ:
Հարստացան և վանքերը իրանց կալվածքներով:
Որպեսզի փոքր ի շատե շոշափելի գաղափար ստացվի, թե որքան կալվածքների էին տիրապետում վանքերը, բավական է իբրև օրինակ վեր առնել նրանցից մեկը միայն: Մենք կվերառնենք Տարոնի նահանգում Գլակա կամ Իննակյան կոչված վանքը, որի կալվածքների մասին նրա առաջին վանահայր Զենոբ Գլակը յուր պատմության մեջ թողել է խիստ հետաքրքիր թվանշաններ:
Զենոբ Գլակը, Լուսավորչի նշանավոր գործակիցներից մեկը, և նրա հետ Կեսարիայից եկած, ազգով ասորի, մի շատ եռանդոտ աբեղա էր, որ գրեց Լուսավորչի և հիշյալ վանքի պատմությունը:
Այդ վանքը հեթանոսական դարերում, երբ տակավին կռատուն էր, ուներ 12 մեծ ավաններ: Լուսավորիչը, կործանելով կռատունը, նրա տեղը վանք հիմնեց և նույն 12 ավանները հատկացրեց վանքին: Ահա նրանց անունները իրանց երդահամարով և յուրաքանչյուրի ունեցած զինվորական ուժով.
1. Կուառս, 3012 երդ (ծուխ), 1500 հեծելազոր, 2200 հետևակ:
2. Տում, 900 երդ, հեծելազոր:
3. Խորնի (Մովսես հորենացու ծննդավայրը), 1906 երդ, — 700 հեծելազոր, 1008 հետևակ:
4. Պարեխ, 1680 երդ, 1030 հեծելազոր, 400 հետևակ:
5. Կեղք, 1600 երդ, 800 հեծելազոր, 600 հետևակ:
6. Բազում, 3200 երդ, 1040 հեծելազոր, 840 հետևակ աղեղնավոր, 680 տիգավոր, 280 պարսավոր:
7. Մեղտի, 2080 երդ, 800 հեծելազոր, 1030 հետևակ:
Ափսո՛ս, որ այդ վանքի 12 ավաններից միայն 7-ի անուններն է հիշում Զենոբը, իսկ մնացյալ 5-ից հիշում է միայն Մուշի անունը, այն ևս առանց երդահամարի: Բայց պատմագրի այն խոսքերը, թե «դրանք մեծամեծ ավաններ են, որպես արձանագրված է Մամիկոնյան իշխանների գրքի մեջ», — կարծել են տալիս, որ մնացյալ 5 ավանները թե՜ իրանց ընդարձակությամբ և թե՜ բնակիչների թվով, եթե մյուսներից մեծ չլինեին, փոքր ամենևին չէին լինի, մանավանդ, որ նրանց մեջն է Մուշը, որը երբեմն հիշատակվում է որպես Տարոնի բազմամարդ քաղաքներից մեկը: Բայց և այնպես, վերոհիշյալ 7 ավանների երդահամարի թվանշանները ձեռքում ունենալով, դժվար չէ գտնել մյուս հնգի բնակիչների եթե ոչ ճիշտ, գոնե հավանական թիվը:
Յոթն ավանները միասին ունեն 14 378 երդ կամ ծուխ:
Եթե այդ գումարը բաժանենք յուրաքանչյուրի վրա, ամեն մի ավանը կունենա 2054 երդ:
Եթե մնացյալ հինգ ավանների յուրաքանչյուրին ևս 2054 երդ տալու լինենք, նրանք միասին կունենան 10 270 երդ:
Ուրեմն բոլոր 12 ավանները միասին կունենան 24 648 երդ:
Այն ժամանակվա նահապետական դրության մեջ` յուրաքանչյուր գերդաստան կամ երդ կարող էր մինչև 20 — 30 անդամներից բաղկացած լինել, բայց յուրաքանչյուրը միայն 5 հոգուց բաղկացած համարելով, բոլոր 12 ավանների բնակիչների ընդհանուր թիվը կլինի 123 240 հոգի:
Հետաքրքիր է այդ վանական ավանների զինվորական զորությունը: Հաշիվների նույն եղանակով առաջնորդվելով, գտնենք նրանց ընդհանուր թիվը:
Յոթն ավանները միասին ունեին 13 308 հետևակ և ձիավոր զորք:
Յուրաքանչյուր ավանը կունենա 1901 զինվոր:
Այդ հաշվով մնացյալ 5 ավանները կունենան 9505 զինվոր:
Եվ այդպես, բոլոր 12 ավանների զինվորների ընդհանուր թիվը կլինի 22 813 հոգի:
Մի վանք այդքան ահագին զինվորական ուժ ունենալուց հետո, շատ զարմանալի պետք չէ համարել` քուրմերի ա՜յն կատաղի ընդդիմադրությունը և նրանց արյունահեղ կռիվները, որ տեղի ունեցան, երբ Լուսավորիչը Տրդատի զոքերով մոտեցավ կործանելու այդ վանքը, երբ տակավին կռատուն էր:
Քրիստոնեական տաճարի փոխվելուց հետո Գլակա վանքը թե՜ յուր կալվածքների ընդարձակությամբ և թե՜ յուր զինվորական ուժով ներկայացնում էր մի զորեղ նախարարություն, — բայց հոգևոր նախարարություն:
Եվ այդպես, հենց Լուսավորչի և Տրդատի օրերում վանքերն ու եկեղեցիները գրավեցին հողերի և բնակիչների մի նշանավոր մասը:
Բայց Լուսավորչի եռանդոտ հաջորդները հետամուտ եղան ավելի և ավելի ընդարձակել եկեղեցական կալվածքների քանակությունը այն համեմատական չափով, ինչ չափով որ հետզհետե բազմանում էր վանքերի, եկեղեցիների թիվը:
Լուսավորչի հաջորդների մեջ, վանքերի շինության գործում առաջին տեղն է բռնում Ներսես Մեծը: Նրա հիմնած վանքերի թիվը, ըստ ժամանակակից պատմագրի վկայության, հասնում էր 2040-ի: Այդ թիվը կարելի է մինչև անգամ չափազանց համարել: Բայց սույն չափազանցության մեջ ևս բովանդակվում է ա՜յն չափազանց ճշմարտությունը, որ նա անհամեմատ շատ վանքեր հիմնեց:
Բազմացնելով վանքերի թիվը, Ներսես Մեծը միևնույն ժամանակ բազմացրեց և վանականների թիվը: Նրա օրերում միայն եպիսկոպոսների թիվը հասնում էր 1020-ի, բացի այլ աստիճանի եկեղեցականներից:
Նրա հիմնած վանքերը զանազան նպատակների էին ծառայում: Դրանք այլ և այլ եպիսկոպոսարաններ, կղերանոցներ, եղբայրանոցներ և կուսաստաններ էին, որ սփռված էին հայոց երկրի ամեն կողմերում: Յուրաքանչյուրի մեջ առանձնացած էր աշխարհից անջատված կրոնավորների մի ստվար բազմություն և վայելում էր վանքի անսպառ բարիքները:
Բայց մեծ հայրապետի մեծ գործը, որի մեջ փայլում է նա յուր բարձր մարդասիրական հոգվով, որի մեջ երևում է նա իբրև կատարյալ ժողովրդական մարդ և ժողովրդի բարեկամ, — այդ չէր: Նա կառույց բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, որոնց մեջ խնամք և սնունդ էին գտնում երկրի չքավորները, երկրի տառապյալները: Ավելորդ չէր լինի դրանց մի քանի տեսակները հիշել:
Աղքատանոցներ, որոնց մեջ կերակրվում էին աղքատները և չքավորները: Հիվանդանոցներ, որոնց մեջ դարմանում էին հիվանդներին: Ուրկանոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ուրուկներին, այսինքն այնպիսի ախտավորների, որոնց` երկրի սովորությամբ պիղծ համարելով, արտաքսում էին մարդկային բնակությունից, որ չվարակեին մյուսներին, և այդ թշվառները բնակում էին հեռավոր անապատներում կամ մեծ ճանապարհների վրա: Անկելանոցներ, որոնց մեջ սնունդ էին գտնում ծեր և աշխատության անկարող մարդիկ: Որբանոցներ, որոնց մեջ սնուցանում էին որբ և անտերունչ մանուկներին: Այրենոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ծերացած այրի կանանց: Հյուրանոցներ կամ օտարատունք, որոնց մեջ պատսպարան էին գտնում պանդուխտները, օտարականները և անցորդները: Պանդոկներ, որոնք շինված էին ճանապարհների վրա, լեռնային անցքերի մոտ, և առհասարակ այնպիսի տեղերում, ուր բնակություն չկար, որպեսզի ճանապարհորդները կարողանային այդ պանդոկներում օթևան գտնել:
Թե որքա՞ն էր այդ հիմնարկությունների թիվը, — հայտնի չէ: Բայց հայտնի է այն, որ դրանք ոչ միայն մի գավառում և մի նահանգում, այլ հայոց երկրի բոլոր կողմերում տարածված էին:
Չկար այդ ժամանակ մի աղքատ, որ փողոցներում մուրացկանությամբ ձանձրացներ հասարակությանը. չկային մոլաշրջիկ թափառականներ, որ քաղցածությունից ստիպված ձեռք մխեին դեպի ուրիշի գրպանը: Ամեն ոք գոհ էր, ամեն ոք սնունդ էր ստանում հասարակաց սեղանից: — «Ներսեսի տարիներում, — ասում է Փավտոս Բյուզանդացին, — Հայոց աշխարհի բոլոր սահմաններում` բնավ ամենևին չէր տեսնվում, որ աղքատները մուրացկանություն անեին, այլ այնտեղ` նրանց հանգստանալու տեղերում (աղքատանոցներում) ամեն մարդիկ մատակարարում էին նրանց պետքերը, և նրանք ամեն բանով լիացած, կարոտություն չունեին ոչ ոքից»:
Նույնը կրկնում է Մեսրոպ երեցը. — «Ներսեսի օրերում Հայոց աշարհում ոչ ոք չէր տեսնում, որ մի մուրացկան երևնար, կամ անկարգ, անիրավ և դատարկաշրջիկ մարդիկ, որ Հայոց երկրում կային շատ ժամանակներից ի վեր, — բոլորին վերջ տվեց սուրբ Ներսեսը»:
Հայոց աշխարհի մեծ բարեկարգիչը ինքը առաքինության կատարյալ տիպարն էր: Գթության, ողորմածության օրինակը նախ ինքն էր տալիս, և ապա հորդորում էր, որ ուրիշներն ևս նույնը անեն իրանց աղքատ և կարոտյալ եղբայրներին:
Բյուզանդացին ասում է.
«Նախ ինքն էր անում և ամենին նույնն էր ուսուցանում. հրամայում էր, որ առհասարակ հայոց բոլոր աշխարհում, գավառներում և զանազան կողմերում... աղքատանոցներ շինեն, և ժողովեն ախտավորներին, ուրուկներին, անդամալույծներին և ամեն ցավագարներին, — նրանց համար հիմնվեցան ուրկանոցներ, դարմանանոցներ, և կարգվեցան ռոճիկներ»... «Այրիներին, որբերին և չքավորներին հանգստություն և սնունդ էր բաշխում (յուր տան մեջ) և աղքատները միշտ նրա հետ էին ուրախ լինում. յուր սեղանը բաց էր և սեղանատունը ամբողջ օրը աղքատների և օտարականների համար մի հյուրանոց էր: Թեև բոլոր գավառներում աղքատանոցներ հիմնեց և նրանց համար ապրուստ կարգեց... բայց յուր չափազանց աղքատասիրության պատճառով յուր սեղանատան դռներն ևս միշտ բաց էին նրանց առջև. կույրերը, կաղերը, խեղանդամները, խուլերը, հաշմանդամները, խեղճերը և կարոտյալները, նրա հետ և նրա շրջանում նստած, կերակրվում էին: Նա ինքը յուր ձեռքովն էր լվանում ամենին, օծում էր և պատում էր (նրանց վերքերը): Նա ինքը անձամբ ուտեցնում էր նրանց ամեն մի կերակուր, և յուր ունեցածը նրանց պետքերի համար էր ծախսում, և ամեն օտարականները նրա հետ, նրա հովանավորության ներքո պատսպարված, հանգստություն էին վայելում»:
Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է այն մեծ ժողովրդականությունը, որ վայելում էր պաշտելի մարդը: Հասարակաց հայր էր կոչվում նա: Ամեն տեղ, ուր և հայտնվում էր, լռում էր աղմուկը, դադարում էր խռովությունը: Խաղաղության հրեշտակ էր նա: Ոչ միայն հայոց թագավորը, և ոչ միայն հայոց նախարարները, այլ հռոմեական կայսրները և մինչև անգամ պարսից արքան ակնածում էին նրանից: Զորավոր ձեռքով դարձնում էր Հայոց աշխարհի կառավարության երասանակը և յուր լայն, ընդարձակ հայացքների համեմատ, ուղղություն էր տալիս:
Այդ ուղղության մասին պետք է խոսվի, որովհետև դրա մեջն էին թաքնված այն խուլ երկպառակության սերմերը, որ հետզհետե աճելով, վերջը աղետալի կռիվների պատճառ դարձան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ:
Արդեն Աշտիշատի ընդհանրական ժողովում, Ներսես Մեծը, ի թիվս այլ բարեկարգությանց, կանոնական սահմանադրությամբ կարգի դրեց վանքերի խնդիրը: Նրա ծրագիրը այդ խնդրի վերաբերությամբ այն աստիճան առաձգական էր, որ կարող էր ամփոփել յուր մեջ նրա մեծ գաղափարը` յուր ընդարձակ բովանդակությամբ:
Ի՞նչ էր կամենում այդ զորավոր հանճարը:
Կազմել Հայոց աշխարհից մի մեծ վանք մի ընդհանուր եղբայրություն, ուր տիրեր միայն հավասարությունը, ուր սեփականության տարբերություն չլիներ, ուր աղքատը, չքավորը, տկարը, աշխատության անկարողը կերակրվեր աստուծո սեղանից:
Ժամանակակից պատմագիրը, Փավստոս Բյուզանդացին, ասում է.
«Այն ժամանակում (Աշտիշատի ժողովում) կարգեցին, կազմեցին, կանոնադրեցին, հորինեցին, և Հայոց երկրի բոլոր ժողովուրդը դարձրին որպես համաշխարհի (համաքաղաքացի) վանականների միաբանության մի կարգ» (ուխտ):
Մեսրոպ երեցը ավելացնում է.
«Ներսես Մեծի օրերում ամբողջ Հայաստանը դարձավ իբրև մի կատարյալ անձն, որ գնում էր աստուծո երկյուղի ետևից»:
Որքան մեծ էր ձեռնարկությունը, այնքան և ծա՛նր եղան հետևանքները...
Գուցե բոլորովին քրիստոնեական առաքինության զգացմունքներից դրդված, որոնք այնքան վառ էին նրա մեջ, Ներսես Մեծը Աշտիշատի ժողովում մեջ բերեց և ընդունել տվեց յուր կազմած ծրագիրը: Գուցե ժամանակի անգթությունը, ժողովրդի թշվառությունը, թագավորի, նախարարների, և առհասարակ ազնվականության հարստահարությունները` թելադրեցին նրան եկեղեցու գիրկը դարձնել մի անսահման և ապահով պատսպարան, ուր բոլոր նեղյալները և կարոտյալները կարողանային ապաստան գտնել:
Եվ, վերջապես, գուցե ոչ կանխագիտակ նախամտածությամբ, այլ միայն ողորմածության գաղափարով ոգևորված, մեծ հայրապետը գործի սկզբում նախատեսել չկարողացավ յուր հսկայական ձեռնարկության հետևանքները, որ այլ վախճանի չէին կարող հասցնել, քան թե` ստեղծել Հայոց աշխարհից մի եկեղեցական պետություն, խաչի սրբազան դրոշի ներքո:
Թե այդպես և թե այնպես, հոգևոր-համաքաղաքացիների վանքը հիմնվեցավ: Այդ համաշխարհական վանքի վանահայրը ինքը հայրապետն էր — Ներսես Մեծը: Նրա ընդարձակ տնտեսությունը հանձնել էր նա կրոնավորներից ընտրված առանձին վերակացուների, որոնց գլխավորն էր յուր սարկավագը — Խադը, որ հետո եպիսկոպոս ձեռնադրվեցավ:
Ի՞նչ արդյունքներով էր կառավարվում այդ վանքը:
Դա յուր ժամանակի ամենածանր տնտեսական խնդիրն էր, որի լուծման մեջն էր կայանում բուն շարժառիթը այն բոլոր կռիվների և այն բոլոր ընդհարումների, որ տեղի ունեցան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ, և որոնք փութացրին Արշակունյաց պետության ցավալի անկումը...
Վերևում հիշվեցավ, որ արդեն Լուսավորչի օրերում, երբ վանքերի հիմնարկության սկիզբը դրվեցավ, նորահավատ Տրդատը, ջերմեռանդ առատաձեռնությամբ, յուր ամբողջ պետության մեջ ընդհանուր օրենք դրեց, որ ագարակներից «չորս-չորս հող», իսկ ավաններից «յոթն-յոթն հող» հատկացվի եկեղեցուն: Բացի այդ հողերից, եկեղեցին ստանում էր առանձին տասանորդ երկրի բոլոր մշակույթներից: Եկեղեցին գրավեց այլև այն մեհենական կալվածքները, որ հեթանոսական դարերում վայելում էին քուրմերը:
Ներսես Մեծի օրերում, երբ վանքերի և զանազան բարեգործական հիմնարկությունների թիվը անհամեմատ կերպով բազմացավ, նույն չափով բազմացրեց նա և եկեղեցական կալվածքների քանակությունը, հատկացնելով նրանց նորանոր ավաններ և նորանոր գյուղեր: Ինչ որ հիմնեց նա, բոլորի գոյությունը ապահովացրեց հաստատուն եկամուտներով:
Բացի հոժարակամ կտակներից, որով ցանկացողները իրանց կայքը թողնում էին եկեղեցուն, առանց կտակի ևս, անժառանգ մեռնողի օրինավոր ժառանգը համարվում էր միայն եկեղեցին, որ գրավում էր հանգուցյալի բոլոր շարժական և անշարժ կայքերը: Եվ այդ ոչ-սակավ ընդարձակում էր եկեղեցու անհուն հարստությունը:
Երբ Վաչե Մամիկոնյանը Խոսրով Բ-ի հրամանով ջնջեց Մանավազյան և Որդունյաց նախարարների մնացյալ ժառանգներին, այնուհետև այդ երկու նախարարությունները իրանց բոլոր կալվածքներով դարձան եկեղեցու սեփականություն: Մանավազյան նահապետի երկիրը յուր քաղաքներով և գյուղերով ստացավ Ալբիանոս եպիսկոպոսը և հատկացրեց յուր կառավարության ներքո գտնված եկեղեցիներին: Իսկ Որդունյաց նախարարության երկիրը յուր քաղաքներով և գյուղերով գրավեց Բասենու եպիսկոպոսը:
Եվ այդպես, եկեղեցին յուր բազմաթիվ վանքերով, գրավելով հողերի մեծ մասը, հետզհետե դառնում էր պետության մեջ ամենահարուստ կալվածատերը, մինչդեռ թագավորը սեղմված էր Արարատի նեղ սահմանների մեջ, իսկ նախարարությունները այնքան բազմացել էին, որ իրանց գոյությունը պահպանելու համար բավականաչափ հող չունեին:
Եթե վանքերը լինեին լոկ կղերանոցներ, որոնց մեջ անգործ աբեղաների մի ստվար բազմություն միայն սպառում լիներ երկրի հարստությունը, տարակույս չկա, որ այդ դեպքում նրանք բոլորովին անտանելի կդառնային ժողովրդին, մանավանդ, որ քրիստոնեությունը դեռ ոչ այնքան տարածված էր Հայաստանում: Քրիստոնեության մուտք գործելուց անցել էր 70 — 80 տարի միայն: Այդ սուղ միջոցում նոր կրոնը չէր կարող այնքան արմատացած լինել ժողովրդի մեջ, որ եթե ոչ քրիստոնեական ճշմարիտ ջերմեռանդությամբ, գոնե հասարակության մեջ մոլեռանդություն զարգացնելով, կղերը կարողանար ժողովրդին գրավել դեպի եկեղեցին և նրա վաստակը բաժաներ նրա հետ: Բայց հայոց վանքերի կազմակերպությունը, մանավանդ Ներսես Մեծի բարեկարգություններից հետո, հարմարեցրած էր երկրի թե՜ պահանջներին և թե՜ պայմաններին: Այս տեսակ վանքեր կարող էին գոյություն ունենալ մինչև անգամ մի հեթանոս ժողովրդի մեջ: Վանքը միացրել էր յուր գոյության հետ և բարեգործական, և մարդասիրական նպատակ: Ուր տիրում է ստրկությունը, հարստահարությունը, ուր ազատանին ճնշում է անազատին, այնտեղ այս տեսակ հիմնարկությունները ոչ միայն փրկարար ապաստան են դառնում նեղյալների համար, այլ նրանց գրկումն են գտնում թշվառները իրանց ամենամեծ մխիթարությունը: Այդ էր պատճառը, որ վանքը սիրելի էր ժողովրդին:
Արշակ Բ-ն մի ապաստանի քաղաք հիմնեց, և կարճ միջոցում այնտեղ հավաքվեցան Հայոց աշխարհի բոլոր դժգոհները: Իսկ Ներսես Մեծը հարյուրավոր վանքեր հիմնեց և յուր կողմը ձգեց ամբողջ Հայաստանը:
Վանքը հաց էր տալիս, կերակրում էր ժողովրդի աղքատներին, դարմանում էր նրա հիվանդներին, սնուցանում էր նրա որբերին և այրիներին, ուսում և կրթություն էր տալիս նրա զավակներին: Նա ստանում էր ժողովրդից և տոկոսներով վերադարձնում էր ժողովրդին: Եվ, վերջապես, ինքը ժողովուրդը այդ վանքի եղբայրության անդամն էր: — Ժողովուրդը գո՜հ էր, ժողովուրդը չէր տրտնջում:
Տրտնջում էր թագավորը, տրտնջում էին և նախարարները:
Թագավորը սարսափելով տեսավ, որ յուր պետության մեջ կազմվեցավ մի այլ պետություն — հոգևոր պետություն, որ մեղմ ձեռքով փոքր առ փոքր գրավեց ոչ միայն հողերի մեծ մասը, այլև յուր կողմը ձգեց ժողովրդին: Նա դարձավ ամենաբարձր և ամենասրբազան հեղինակություն, որի առջև ամեն գլուխ խոնարհվում էր:
Թագավորը սոսկաց, թեև շատ ուշ հասկացավ, որ այդ հեղինակությունը արդեն այն աստիճան ուժ և զորություն էր ստացել, որ յուր ձեռքումն էր պահում արքայական գահը:
Գուցե արհավիրքը այնքան շուտ չէր պայթի, գուցե Արշակունի թագավորները ավելի համբերող կլինեին, եթե հոգևոր իշխանությունը յուր նեղ, հոգևոր սահմաններից դուրս չգար: Բայց նրանք սկսեցին համարձակ կերպով միջամտություն գործել և կառավարության գործերի մեջ:
Խոստովանության խորհուրդը մի ընդարձակ դուռ բաց արեց հոգևորականության առջև մտնելու ժողովրդի սրտի մեջ: Խոստովանության միջոցով ծանոթանալով նրա գործերի հետ, հոգևորականությունը սկսեց դատավոր հանդիսանալ նրա հանցանքներին և պատիժներ որոշել: Պատիժները, որ սկզբում սահմանափակվում էին միայն եկեղեցական ապաշխարանքներով, վերջը աշխարհական դատապարտության ձև ստացան: Ավելացրին թե՜ տուգանք և թե՜ գանահարություն (ծեծ):
Գանահարությունից ազատ էր մնում միայն ազատանին — ազնվականությունը, իսկ տուգանքի ենթարկվում էին ամեն դասակարգի անձինք: Այսպես պատժում էր նա ամեն քրեական հանցավորներին:
Եկեղեցին միջամուխ էր լինում և այնպիսի վեճերի մեջ, որոնք սոսկ քաղաքացիական գործերի բնավորություն ունեին, օրինակ, հողերի բաժանման կամ հափշտակության խնդիրներ և այլն: Եկեղեցին միջամուխ էր լինում և հարկերի բաշխման ու հավաքման գործերում: Այդ բոլորի մեջ ներգործում էր նա ոչ իբրև հաշտարար — միջնորդ, այլ որպես իրավատեր:
Այդ բոլորը ուղղակի հակառակում էին թե՜ թագավորի և թե՜ նրա նախարարների իրավունքներին, որոնք իրա՜նց միայն ճանաչում էին երկրի տերը և դատավորը:
Արշակունի թագավորը սովոր չէր բացի իրանից մի այլ բարձր հեղինակություն ճանաչել: Արշակունի թագավորը ինքը մի սրբազան էակ էր: Նրա անձնավորության մեջ միանում էր թե՜ երկնայինը և թե՜ երկրայինը, — թե՜ հոգևորը և թե՜ մարմնավորը: Հայց քրիստոնեությունը խլեց նրանից այդ սրբազնությունը և տվեց եկեղեցու հայրապետին: Այդ մոռանալ չէր կարող նա:
Եկեղեցու հայրապետը համարում էր իրան կատարյալ հոգաբարձու թե յուր հոտի, և թե՜ պետության: Դժվարին խնդիրներում նա էր բանակցում օտար պետությունների հետ խաղաղության դաշինքներ կռում: Նա էր դատավոր հանդիսանում, երբ թագավորի և յուր նախարարների մեջ երկպառակություններ էին պատահում: Մի խոսքով, ամեն հարաբերությունների մեջ ներկա էր նա, և յուր համարձակ ձեռքը մեկնում էր մինչև թագավորի արքունիքը, մինչև նրա ներքին ընտանեկան կյանքը...
Մի անգամ, տարվա տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Տիրան թագավորը յուր ավագանիի հետ կամենում էր եկեղեցին մտնել, նրա առջև դուրս եկավ Հուսիկ կաթողիկոսը, աղաղակելով, — «Ինչո՞ւ ես գալիս, դու արժանի չե՛ս, ներս մի՜ մտիր... »: Թագավորը այլևս համբերել չկարողացավ, հրամայեց` բրածեծ անելով սպանեցին կաթողիկոսին:
Արշակունի թագավորը, որ սովոր էր հանդիսավոր զոհաբերությունների ժամանակ` ինքը տաճարի մեջ անձամբ կատարել սրբազան խորհուրդը և հաճեցնել յուր աստվածներին, հանկարծ մի այլ տաճարի դռնից նրան չեն թողնում, որ ներս մտնե, ասելով` «արժանի չես...»: Այստեղ նա այն աստիճան խոնարհվեցավ, որ ընդունեց մինչև անգամ ցած իջնել սուրբ բեմից և հասարակ ժողովրդի կարգում կանգնել: — Այդ տեղին ևս նրան արժան չէին համարում...
Խնդիրը միայն հին և նոր կրոնի համառ մաքառումը չէր: Խնդիրը կատարյալ տնտեսական էր, կատարյալ տիրապետական էր: Այստեղ մրցում էին եկեղեցու և պետության միմյանց հակառակ շահերն: Այստեղ մրցում էին հոգևոր և մարմնավոր իշխանություններն: Այդ պարզ երևում է այն հանգամանքից, որ երբ Պապ թագավորը յուր սեղանի վրա թունավորեց Ներսես Մեծին, նրա մահից հետո խանգարեց այն բոլոր կարգերը և ոչնչացրեց այն բոլոր հիմնարկությունները, որ կառուցել էր մեծ հայրապետը, և որոնց մասին խոսվեցավ վերևում:
Սկսեց հալածել հոգևորականներին և նրանց թիվը, որ անհամեմատ կերպով աճել էր, պակասացրեց: Կուսաստանները փակեց, և բոլոր միանձնուհիներին, որ ուխտել էին աշխարհ չմտնել, հրամայեց, որ ամուսնանան: Բոլոր բարեգործական հիմնարկությունները, ինչպես էին` սրբանոցները, ուրկանոցները, անկելանոցները, աղքատանոցները և այլն, — ոչնչացրեց: Հրաման արձակեց, որ աղքատներին և մուրացկաններին ողորմություն չանեն, ոչինչ չտան: Այդ, նրա կարծիքով, զարգացնում էր ժողովրդի մեջ, մի կողմից, ծուլություն և ձրիակերություն, իսկ մյուս կողմից, բարձրացնում էր եկեղեցու հեղինակությունը, որ իրան հոգաբարձու էր ներկայացնում ձրիակերներին:
Ոչնչացնելով վերոհիշյալ հիմնարկությունները, ոչնչացրեց նաև այն արդյունքների աղբյուրները, որոնցով պահպանվում էին նրանք: Նոր օրենքով արգելեց, որ այն «հոգևոր պտուղը» և «տասանորդները», որ վաղ ժամանակներից հետե յուր նախորդները սահմանել էին տալ եկեղեցուն, — այլևս չտան: Բացի դրանցից, հարքունիս գրավեց եկեղեցական հողերի մեծ մասը: Յուրաքանչյուր գյուղում Տրդատի հրատարակած օրենքով հատկացրած «յոթն հողերից» թողեց եկեղեցուն «երկու հող» միայն, իսկ հինգը հարքունիս գրավեց: Եվ այդ «երկու հողերի» համեմատ, ամեն մի գյուղում թողեց երկու քահանա և երկու սարկավագներ միայն, իսկ մնացյալներին հրամայեց, որ զինվորական ծառայության մեջ մտնեն: Քահանաների և սարկավագների որդիները, եղբայրները, ազգականները, որ մինչև այդ ժամանակ ազատ էին հարկերից, բոլորին հարկատու դարձրեց: Ամուսնական օրենքները թեթևացրեց: Կրոնի ազատություն տվեց, որ ցանկացողները կարող են հեթանոսական հին սովորությունները դարձյալ գործ դնել և մինչև անգամ կուռք պաշտել:
Եվ, անտարակույս, ուրիշ շատ նոր կարգադրություններ կաներ երիտասարդ թագավորը, եթե հռովմեական նենգավոր սուրը նրա այրունը չթափեր հրավերքի սեղանի վրա...