Մանկական օրեր, մանկական հասակ,
Կյանքիս դուք գարնան ծաղկազարդ պսակ,
Ա՛խ, քանի՜ ուրախ և քանի՜ տրտում
Դուք հիշողությունք թողիք իմ սրտում:
Մանկական օրեր, օրեր թանկագին,
Երբ միտս եք գալիս, կրկին և կրկին
Վառվում են սրտիս մարած կայծերը,
Եվ բորբոքվում են իմ հին վերքերը...
Պանդուխտ եմ այժմ ես հեռու երկրում,
Հայրենյաց կարոտն սիրտս է տոչորում,
Այստեղ ամեն ինչ ինձ խորթ են, օտար,
Չեն լինում նոքա հոգուս մըխիթար:
Ես շատ տանջվեցա… հոգնեցա իսպառ…
Այժմ հաշտվում եմ բախտիս հետ թշվառ,
Դեպ քեզ, Պարսկաստան, հայրենիք անգին,
Տարագիր որդիդ դառնում է կըրկին:
Բա՜ց արա ինձի քո գիրկն ու ծոցը,
Դո՜ւ ես մանկական իմ օրորոցը,
Քա՛ղցր է պանդխտին յուր հայրենիքը,
Նորա խրճիթներն և ուռենիքը...
Բայց ի՞նչ եմ տեսնում... խոցվում է հոգիս…
Ահա՜ պատկերը խեղճ հայրենիքիս`
Յուր մեռելային դեմքով գունաթափ`
Երևնում է ինձ, բերում է սարսափ...
Նորա հարստությունք՝ անթիվ են, անբավ,
Իսկ վայելչությունք՝ պակաս են, սակավ.
Նորա դաշտերի մեջ՝ անապատ, տխուր —
Որքան քրտինքներ թափվում են իզուր...
Նորա իշխանները և իշխանազունը
Արյունոտ թրով կ’չափեն իրավունք,
Զոհում են յուրյանց կամքին — հաճույքին
Արյունոտ պտուղը աշխատող ձեռքին:
Իսկ խարդախ մոլլան — կրոնքի ջատագով —
Զեղծում է շարյաթն ինքնահաճ կերպով,
Օրենքն և կանոն մարգարեական
Են նորա շահուց զորավոր ուռկան:
Եվ կույր ամբոխը խավար պարսկին,
Թըմրած ղորանի ստվերի տակին,
Ջեննաթի երազն է նորան հրապուրում,
Կյանքի պետքերը նա չէ պըտրում:
Եվ հարեմական փակված վանդակում,
Որքան գեղուհիք հալվում են, մաշվում,
Կոպիտ ամուսնի բռնակալ կամքը
Է նոցա սերը և նոցա կյանքը:
Դեռ համարվում է հայըն պիղծ հպատակ.
Պարսիկն երեսին զարկում է ապտակ,
Գըլուխը ծըռած, հայը լուռ ու մունջ,
Յուր տունն է մըտնում, թաքցնելով տրտունջ:
Նա տեր չէ երբեք անբախտ յուր գլխին,
Տեր չէ՜ կայքերի, յուր խեղճ երեխին,
Չէ՜ կարող լինել իրավանց պաշտպան,
Մունջին չէ՜ տրված խոսելու մի բան…
Ձիգ տարիներով, երկար և երկար,
Կուրծքիս միջումն եփված անդադար,
Յուր լի սև մաղձով թույնը դառնագին
Թափվում է սիրտս: Ա՛խ, զզվանք կրկին…
Բայց ինչը ձըգեց ինձի վերստին
Դեպի այդ Սոդոմն մարդկային ազգին.
Մի՞թե հայրենական օջախի միջում
Կուրծքըս ավելի ազա ՜տ է շընչում:
Ո՜չ: Թո ՜ղ ես էլ տանջվիմ իմ ազգայնոց հետ:
Ամբոխը դեռևս խավար է, տըգետ,
Գուցե կարենամ ես նորանց օգնել,
Նոցա աչերից արտասուք սըրբել:
Բ
Ահա՜ հայրենի տընակն իմ առջև,
Ուր վիճակված էր ինձ տեսնել արև,
Ուր կսովրեցնեին լըռել, համբերել,
Առանց տրտունջի նախատինք կըրել...
Ահա՜ ամրոցի հին ավերակը...
Մեր ախոռատունը... խոտի մարագը…
Որոց պատերի պատռած ճեղքերում
Ես խեղճ ճնճղուկի ձագն էի պըտրում:
Եվ ծըվծըվոցը ողորմելի ծըտին
Բերկրանք էր բերում մանկական սրտին:
Հիմի է՜լ եմ սարսափում… ահա՜ դպրոցը —
Փափուկ հասակիս ըսպանդանոցը:
Այդ դպրոցի մեջ գյուղի տիրացուն
Ուսուցանում էր ինձ «Խոնարհեցոն»,
Գիշերը քնելիս «Եկեսցէ» կարդալ,
Եվ վաղ առավոտ միշտ ժամն երթալ:
Ահա՜ այն ծառը... Թըշվա ՛ռ ուռենի.
Քեզ չե՜մ մոռացել, փըտած ծերունի,
Դու տալիս էիր իմ վարդապետիս
Միշտ դալար ճյուղեր ինձի պատժելիս…
Ահա՜ այն կտուրը, ուր իմ դայակը
Միշտ ցույց էր տալիս փայլուն լուսնյակը,
Եվ շատ հեքիաթներ՝ աստղերից, դևերից
Պատմում էր ինձի պառավը ոգելից:
Նա ասում էր ինձ, թե այդ լուսնյակը
Էր յուր մայրիկի միակ զավակը,
Նա երեխա էր շատ չար, անհանգիստ,
Երբեմն յուր մորը բարկացնում էր խիստ:
Մի օր մայրիկը հունցում էր խըմոր,
Տըղան գողացավ տաշտքիրը յուր մոր,
Մայրը բարկացավ, խմորոտ ձեռքով
Զարկեց երեսին զայրացած կրքով:
Եվ ամեն անգամ տեսնելով լուսին,
Այն մութ դրոշմը նորա երեսին
Հիշեցնում էր ինձ ապտակը յուր մոր,
Որո հետքերը դեռ մնում է մինչ այսօր:
Նույնպես ժըպտելով վազում է գետակը,
Նորա գույնզգույն, ավազուտ հատակը:
Կարծես զարդարած մանր ուլունքներով,
Փայլում է դարձյալ նույն հրապույրներով:
Սիրելի գետակ, հիշում ես և դուն,
Երբ ես, ամբողջ օր մոռցած հաց և տուն,
Քո ափերի մոտ ձուկն էի որսում,
Կամ նախշուն ծըտի հետքիցն էի վազում:
Իսկ երեկոյան թրջված, թաթախված`
Տուն էի դառնում՝ ես սաստիկ հոգնած,
Ա՛խ, մայրիկս ինձ որքա՛ն ծեծում էր,
Յուր չար երեխին նա անիծո՛ւմ էր…
Ահա՜ և այգին... նույն ընկուզենին...
Նույն խնձորենին և ողկուզենին…
Ճանաչում եմ ձեզ, հին բարեկամներ,
Բայց դուք հիշո՞ւմ եք վաղեմի հաշիվներ…
Երբ գիշերային լռության պահուն,
Ես, այգեպանից գաղտնի և թաքուն,
Ցանկապատիցը գող կատվի նըման, —
Ներս էի սողում, որպես մի թուրքման:
Ահա՜ քարշ տալով, գըզիր Սահակը
Ժողվում է խանի ձուն և վառյակը,
Դեռ կենդանի է այդ ավազակը,
Կրում է յուր ձեռքին դեռ նույն մահակը…
Ահա և չարչին, այդ անպիտանը
Էլ բան չը թողեց գյուղացոց տանը,
Ինձ էլ ասում էր՝ ձու գողանամ տատից,
Քիշմիշ և մաստաք գընեմ նորանից:
Դեռ հորանջելիս գյուղի քահանան
Խաչակնքում է: Ախորժ է նորան
Գերեզմանատան հաճախել ուղին,
Ուտել հոգեհաց, գրպանել փողին:
Դեռ թանձր քողով գեղեցիկ սեռը
Ծածուկ է պահում յուր վարդ թշերը,
Նա օտարի հետ բնավ խոսք չէ փոխում,
Մի մարդ տեսնելիս՝ քաշվում է, վախում:
Երբ որ կընիկը պանդուխտ ամուսնից
Նամակ է ստանում՝ օտար աշխարհից.
Նա ման է ածում մի գյուղից մյուս գյուղ
Եվ չէ գտանում ոչ մի ընթերցող:
Երբ որ մահամերձ դըրած է հիվանդ,
Կոչում է գյուղացին սրտով ջերմեռանդ,
Կամ յուր Նարեկով տըգետ տերտերին,
Կամ կախարդելու՝ խարդախ ջինդարին:
Դարձյալ քաղցր է ինձ հյուրասեր շեմքը
Եվ իմ ազգայնոց անխարդախ դեմքը,
Ախ, այն դեմքի մեջ որքան պարզություն
Նկարեց փութով անմեղ բնություն:
Սիրելի են ինձ առարկայք բոլոր,
Որք հիշեցնում են իմ կյանքը մոլոր,
Այն կյանքը դարտակ՝ անհոգ մանկության,
Վատնած անօգուտ մեջ հիմարության,.,
Նույն դրացիքը կան առողջությամբ,
Ամեն ինչ մնացել՝ նույն ամբողջությամբ,
Ոչինչ չի փոխվել... Դեռ նույն դարևոր
Անշարժության մեջ ապրում են բոլոր…
Թե հսկայական խոր քնով ես քնեի
Եվ հարյուր տարուց հետո զարթնեի,
Իմ հայրենիքը նույն իսկ տղայական
Դրության մեջը ես կը տեսնեի:
Բոլորը նույնն է, ինչպես և առաջ,
Եվ մախմուր արտերն, և մարգերը կանաչ,
Միայն քո պատկերն ինձ չէ երևում,
Նազելի՛ Սառա, քույրիկդ իմ հոգուն:
Դու իմ մանկության քնքուշ բարեկամ,
Կար մի ժամանակ, երբ ես շատ անգամ
Անցուցանում էի անքուն գիշերներ,
Ինձ բաշխում էիր քաղցրիկ երազներ...
Դու խլեցիր ինձնից խաղերը մանկական,
Բոլոր բերկրությունքն իմ զվարճության,
Հանգստությունը խաղաղ իմ հոգուն
Ես զոհ բերեցի քո անմեղ սիրույն:
Թե այգին էի գնում, թե տանը նստում,
Թե թափառում էի ես արձակ դաշտում,
Թե գետի եզերքը տխուր, աննպատակ
Ման էի գալիս մի՛շտ, իմ հրեշտակ:
Պարզ աղբյուրների հայելվո միջում
Քո սիրուն պակտերն էի ես տեսնում,
Եվ կարմիր վարդի ալ թերթիկները
Նըկարում էին քո վառ թըշերը:
Եվ թռչունների ուրախ մեղեդիք
Լսեցնում էին քո ձայնիկը քաղցրիկ,
Շընչում էր զեփյուռ, տերևի սոսափյուն
Հնչեցնում էր քո սիրելի անուն...
Ա՛խ, անցած օրեր, օրեր թանկագին,
Ինչո՞ւ եք խռովում իմ սիրտը կրկին,
Խիստ դառն է ինձի նորից միտ բերել,
Թե որքա՛ն ես վաղ ըսկսա սիրել...
Գ
Բարեպաշտ ծնողաց աղջիկ էր Սառան,
Նորա քույրերը վաղօրոք մեռան,
Նա ուներ յուր մայր, փոքրիկ մի եղբայր,
Եվ ժիր, գործունյա, ծերունի յուր հայր:
Գո՜հ էին նոքա, թեև առանց փող,
Բայց գետի ափին կըտորիկ մի հող
Մշակում էր մեծ ջանքով ծերունին,
Եվ կերակրում էր խաղաղ ընտանին:
Որպես վայրենի՝ ճոխ, անփույթ ծաղիկ
Աճում էր նոցա դեռահաս աղջիկ,
Նա չուներ կըրքեր, չըգիտեր հոգսեր,
Նորան ծանոթ չէր՝ ի՞նչ է արդյոք սեր:
Արդեն տասն և վեց լրացավ տարին,
Չըգիտեր աշխարհի նա «չարն ու բարին»,
Որպես մի նաշխուն, ուրախ թիթեռնիկ,
Յուր խաղերովն էր նա գոհ, երջանիկ:
Դեռևս տիրում է «ադամա մութը»
Ոչ ոք չէ բացել տան լուսամուտը,
Սառան արթուն է և արդեն հագնըված
Թեև տանեցիք խոր քնով են քընած:
Նա ցողում է ջրով գավիթն ու բակը,
Մաքրում, սարքում է յուրյանց տընակը,
Նա հունդ է ցրվում խատուտիկ հավերին
Եվ խոտ է տալիս փոքրիկ հորթերին:
Վառվեց արշալույս: Ժպտում է երկինք,
Ոսկեզօծ գունով ներկվեցան լերինք,
Գեղազըվարճ խանդով թրթռում է բնություն,
Տիրեց ընդհանուր կյանք, ուրախություն:
Ուրախ է Սառան: Նա խիստ ըշտապով
Առնում է սափորն և թեթև կերպով
Վազում է դեպ դուրս, դիմում է աղբյուր
Յուրյանց տան համար բերել սառը ջուր:
Թրջում է ոտքերը վաղորդյան ցողը,
Փըռփռում է հովից նորա գլխի քողը,
Եվ սև հոսանքով թուխ-թուխ ծամերը
Ծըփում են նորա թիկունքի վերա:
Այնտեղ աղբյուրի ջրովը սառնորակ
Լըվացվում է նա: Նորա սևորակ`
Վառվում են բոցով` լի կյանքով աչեր,
Վաղորդյան հովից շիկնում են թըշեր:
Ծագեց արևը — ըսկսվում է օր:
Դաշտում գործում է գյուղացու արոր:
Սերմերով բեռնած փոքրիկ սայլակը
Դեպ արտն է վարում անխոնջ մըշակը:
Շընչում է ազատ Սառայի կուրծքը,
«Ի՛նչ հրաշալի է աստուծո գործքը...»
Նայում է շուրջը` — բոլորակ ծաղկունք,
Անուշ ցնծությամբ երգում են թռչունք:
Գոհարով ցողած, կանաչ դաշտերը
Ցրվում են սրտից խորին վըշտերը,
Եվ տերևազարդ, թավուտ ծառերից
Ախորժ է հնչում ձայնը զեփյուռից:
Նա դեռ զմայլած, նայում է շուրջը,
Հեռու կամարած` նկարվում է կամուրջը,
Այնտեղ խաղալով վազում է գետակ,
Ժպտում են նորա ալիքներ հստակ:
Պարկը շալակին դեռ նոր գյուղացին
Տանում է աղալու պարենն յուր հացին,
Գոռում է ջաղաց, թունդ ժայթքում է ջուր
Եվ բամբակի նման սպիտակ փրփուր:
Ուշացավ Սառան: Դառնում է նա տուն
Ոտքով մանրաքայլ, ընթացքով հաստատուն,
Նա մաքուր գործն է անմեղ բնության,
Որպես մարմնացած տիպ համեստության:
Դեռ նոր է զարթել ծերունի հայրը,
Գոմն է ավելում նորա ժիր մայրը,
Հոգնած խաղերից, անուշ երազում
Քնած է եղբայրը, զարթնիլ չէ ուզում:
Լըվացվեց ծերունին դստեր բերած ջրով,
Ալեզարդ մորուքը սանդրեց սանդրով,
Նա խաչակնքեց դեմքն երեք անգամ,
Առեց վերարկուն դիմեց դեպի ժամ:
Կինը սովոր էր տան մեջ աղոթել,
Սկսեց նա հետո կովերը կըթել,
Փրփրադեզ կաթնի անուշհոտ շոգին
Բերկրանք էր բերում տանտիկնոջ սրտին...
Բըռնել էր Սառան հորթերը նորածին,
Որ չը խանգարեն նըրանք մոր գործին.
Չա՜ր էին նոքա և խիստ անզգամ,
Ծըծում էին ամբողջ կաթը շատ անգամ:
Մեկին ավելի սիրում էր Սառան,
«Շուշանիկ» անուն դըրել էր նորան,
Ներկել էր հինայով խայտերը ճերմակ
Եվ պարանոցեն կախել էր զանգակ:
Դեռ նոր նախիրը քշում են գյուղից.
Խրխինջ, բըռբըռոց են ամեն տեղից.
Խառն բառաչմունք, աղաղակ, ճըչյուն,
Կազմում են ուրախ ներդաշնակություն...
Կանաչին է տալիս ընդարձակ արոտ,
Դալար խոտերին անձկանոք կարոտ
Վազում են հոտեր, տալով ճոխ տրտինկ,
Առաջնորդում է նրանց հովվի սրինգ:
Սառան տավարը հասցուց նախիրին,
Հանեց թոնիրից վառուցքը մոխիրին,
Լեցրուց կթոցում, տարավ դուրս ածել,
Ծուլության վերա նա չէր մըտածել...
Բարձրացավ արև դեպի հորիզոն:
Փափուկ ջերմությամբ օդը հովասուն
Ծավալվում էր խիստ ախորժ հոսանքով,
Ոգի էր սփռում անեղծ կյանքով:
Հանգիստ չէ Սառան: Շարժուն, անդադար
Պըտտվում է նա: «Աղջի՜, ա՜յս բեր, ա՜յն տար»:
Պատվերներ էր որ տալիս էր մայրը
Քրոջը չէր օգնում յուր ծույլ եղբայրը:
Նա թոնրի համար բերեց վառելիք:
Պատրաստ է ճաշն, այլև ընթրիք,
Սառային մի գործ դեռևս մընաց,
Արտը հոր համար պետք է տանի հաց:
Նա գնում է արտը: Հայրը գործում է.
Ճակատի խորշոմից քրտինքը վազում է:
Ուռենու շուքի տակումը Սառան
Հոգնած հոր համար կազմում է սեղան:
Կեսօր է արդեն: Տոթը այրում է.
Թառամած տերևը հազիվ շարժվում է.
Փույթ չէ Սառային, երբ կը ճաշեր հայրը,
Նա անցավ ծըտի պես մինչ արտի ծայրը:
Այնտեղ պարզ, փոքրիկ հոսում էր գետակ,
Նորա ափերից շատ տեսակ-տեսակ
Քաղում է ծաղկունք, հյուսում է նա փունջ,
Թաքցնում է ծոցում, կրկին լուռ ու մունջ:
Դառնում է տեղը: Վերջացած է ճաշ:
Հայրն, աշխատանքից եղած հալումաշ,
Հանգչիլ է ուզում քանի մի րոպե.
«Մի՜ գնա էս ճամփով, թուրք կը հանդիպե»:
Ասում է աղջկան: Հեռացավ Սառան:
Բայց թուրքի երկյուղն ի՞նչ փույթ էր նորան,
Նա անց է կենում մի այգու մոտից
Եվ կատվի նըման թռչում է պատից:
Նա ճանկրկելով, որպես ժիր կապիկ,
Մի ծառից մյուս ծառ բարձրացավ ճարպիկ.
Չէր քաղում մրգերն և չէր գողանում,
Զըվարճության համար այդպես էր անում…
Լսելի եղավ ձայն՝ «Բըռնվեցա՛վ գողը...»
Ծանոթ են նորան ձայնն ու եկողը:
Սառան նայում է ծառիցը ներքև,
Իջնում է իսկույն, նույնպես վարժ, թեթև:
Պատանի էր դա այգետիրոջ որդին,
Խիստ մոտ առարկան — Սառայի սրտին:
Ի՞նչ էր որ աղջկան նորա կողմը քաշեց.
Անմեղ սրտիկը հալեց ու մաշեց…:
Սառան չըգիտեր: Գիտեր նա մի բան՝
Պատանու դեմքը ախորժ էր նորան,
Չիցե՞ այն մաքուր սրտումը հանդարտիկ
Սկսվել էր սիրո մրրիկը սաստիկ...
— Ո՞ւր էիր Սառա, — հարցրուց պատանին,
Որպես հին ծանոթ, նորա ընտանին,
— Ես հորս համար հաց էի տարել...
Բայց դու ինձ համար ոչինչ ե՞ս բերել:
— Տե՜ս, ինչ եմ բերել, — ասաց ժպտալով,
Յուր քաղած փունջը պատանուն տալով,
— Ի՞նչ լավ աղջիկ ես, դու բարի Սառա,
Ես էլ քեզ համար մի մատնիք առա:
Փոխում են նոքա անգիտակցաբար
Սիրո գրավականն: Իսկ սերն էր արդար,
Զի Ավետարան նրանք համբուրեցին,
Քույր-եղբայր լինել միմյանց ուխտեցին:
— Մեր խնձորները սիրուն, կարմրիկ
Հասել են այժմ, գնանք, իմ քույրիկ,
Դու խո սիրում ես, քաղեմ քեզ համար,
Նոքա խիստ առատ բերք ունեն այս ամառ:
Նոքա գընացին: — Ես ախար պաս եմ,
Ասում է Սառան, — պիտի սպասեմ
Անցնի Համբարձում, մինչև գա Վարդավառ,
Քաղե, կըտանեմ եղբորս համար:
Նոքա մերձեցան խնձորի ծառին,
Որո պտուղները գրավեցին Սառային,
— Այդ խնձորները, ա՛խ, դո՛ւ ես նախշել,
Ով գիտե, մինին միտք ունես բաշխել...
Պատանին քաղեց ալ-վարդակարմիր,
Կըլորիկ մի խնձոր. — Թե գիտնայիր գիր,
Այդ խնձորի վերա, սիրելի Սառա,
Դու քո անունը պիտի կարդայիր…
Դ
Թեքվեց արևը: Երեկո է արդեն:
Ծերունի հայրը դարձել է արտեն:
Սառան ազատ է տնային գործերից.
Նորան կանչում են մոտիկ կըտուրից:
Այնտեղ երկնքի պարզ կամարի տակ
Դեռահաս աղջիկներ խաղում են գնդակ,
Սառան վազում է ըշտապով նոցա մոտ,
Նա այդ խաղի մեջ վարժ է և հըմուտ:
Առնում է գնդակը, զարկում է գետնին,
Թռչում է գնդակը, բռնում է կրկին,
Եվ ամեն անգամ պտույտ է գալիս,
Կրկին և կրկին գետնին է տալիս:
Պտույտ է գալիս, որպես ճախարակ,
Թեթև շարժումնքով, համարձակ, արագ,
Փըռփռում են գլխի երկայն հյուսերը.
Ծեծում են կլորիկ լեցուն ուսերը:
Քանի րոպեում մի քսան շրջան
Բոլորում է նա: Մինչ այդ աստիճան
Անվաստակելի ուժը բընություն
Տըվեց գյուղացի աղջկան տոկուն:
Շարունակում է խաղը փույթ ընդ փույթ,
Ինչի՞ չէ զգում նա գլխի պըտույտ...
Հոգնեցավ ահա... գնդակը թըռավ...
Նորա ձեռքիցը այլ աղջիկ առավ:
Ժըպտում է Սառան… կարմրած են թըշեր,
Ալմաստի նման վառվում են թուխ աչեր…
Սև գանգուրներով նորա զուլֆերը
Ցըրված են շիկնած երեսի վերա:
Սառան ուներ յուր և տխրությունքը,
Վազում էի աչքից առատ արցունքը:
Սնուցանում էր նա սարյակի մի ձագ,
Ընտրել էր նորան թռչնիկը համարձակ:
ճըլվըլում էր միշտ, լուռ չէր սարյակը,
Սառան զարդարեց նորա վանդակը,
Միշտ յուր ձեռքովը կուտ, ջուր էր տալիս,
Կանչում էր հեռվից, յուր մոտն էր գալիս:
Մի օր գտավ թռչնին փետացած և լուռ:
Դառն էր Սառայի սոսկում և սարսուռ,
Առաջին անգամ երևցավ նորան
Սառն, անմռունչ կերպարանք մահվան…
Նա յուրյանց բակի ընկուզենու տակին
Փորեց գերեզման նորա դիակին,
Մարմինը դըրեց տուփի մեջ փոքրիկ,
Շիրիմը ծածկեց քարով մի ծանրիկ.
Լինում էր շատ անգամ ամբողջ ժամերով
Նստում էր Սառան գերեզմանի քով,
Ողբ էր հորինել. մի ո՜ղբ խիստ տըխուր,
Երգում էր նորա կտուցը, սև փետուր:
Նա քարի վերա խունկը ծըխում էր,
Ինչո՞ւ տերտերը, — մորից հարցնում էր,
Չէ՜ օրհնում շիրիմը և իմ սարյակին,
Էդպես խո դժոխքը կերթա նրա հոգին;
— Ի՛նչ լավ էր, մայրիկ, ախ, իմ սարյակը,
Հիշո՞ւմ ես նորա դու ուրախ երգը.
Մատս չէր կրծում, նա ինձ սիրում էր,
Խոսք էի ասում, նա հասկանում էր...
Յուր գնդախաղը վերջացրուց Սառան:
Տանը գործեր են ըսպասում նորան:
Մյուս խրճիթներում փայլում է կըրակ,
Եվ յուրյանց տնակում պիտի վառել ճրագ:
Նա լույս է դընում կըտուրի վերա,
Սփռում է օթոց, քնելու շորերը,
Այնտեղ գյուղացուն պարզ երկնի կամար
Հովանավորում է մի ամբողջ ամառ:
Հավաքվեց ահա՜ խաղաղ ընտանիք,
Պատրաստ է նոցա արդեն պարզ ընթրիք:
Սառան ջուր է ածում ձեռքերին ծնողաց,
Լըվացվում են նոքա, վայելում են հաց:
Գիշեր է խորին: Տիրում է լռություն:
Մութ ծածկոցի տակ նիրհում է բնություն:
Դեռ հոգնած մշակի երգերը դաշտեն
Թափում են նորա վըշտերը սրտեն...:
Ուրախ է միայն երկինքն աստղազարդ:
Նուրբ ամպերու մեջ, որպես հին կախարդ,
Լուռ խորհրդական սահում է լուսին.
Ինչո՞ւ է աղոտ փայլը նորա լուսին...
Նըստած են նոքա կըտուրի վերա,
Սառան գրկել է յուր մոր ծնկները,
Եվ լի ջերմ սիրով նորա երեսին
Նայում են աչերը մատղահաս կուսին:
Բայց ինչո՞ւ է լուռ: — Նա մտածում է…
Մանկական ուղեղը նորա գործում է:
Նորան շատ անգամ էին հետաքրքիր
Յուր շրջապատող երկինքն ու երկիր:
— Տե՜ս, ահա մայրիկ, այն աստղը վազեց,
Հետքիցը պայծառ մի շավիղ թողեց.
Բայց ո՞ւր թըռավ նա... երկնքից ընկա՞վ,
Ա՛խ, վառ ճրագի պես նա մարե՛ց, հանգա՛վ...
— Որդի՜, դա աստղ է բարեպաշտ մարդին,
Որ բնավ չէ կոտրել սիրտը աղքատին.
Նա մեռավ ահա՜, յուր հետքից թողեց
Նշանը գործերին, ինչ բարիք գործեց:
— Տե՜ս, այնտեղ, մայրիկ, սարի գագաթին
Ինչպես դիզվել են ամպերը մըթին,
Փայլում է, նայի՜ր, ահա փայլակը,
Որպես շողում է այնտեղ կայծակը...:
— Որդի՜, աստուծո քաշ հըրեշտակը,
Թափում է այնտեղ բոցն ու կրակը,
Հրեղեն յուր սրով նա կռիվ է տալիս,
Սատանաներին կըլնի կոտորելիս:
— Տե՜ս, ահա, մայրիկ, սարի գագաթում
Ինչպե՛ս սաստիկ է ամպը որոտում,
Չըլինի՞ այնտեղ երկինքը փուլ եկավ:
Թե մրրիկի միջից մի վիշա՞պ ընկավ:
— Չէ՜, որդի, այնտեղ սատանաները
Այն չար Հուդայի կապած են ոտները
Արճիճ են հալում նորա ականջում,
Այնպես գոռում է. տանջո՛ւմ են... տանջո՛ւմ...:
— Տե՜ս, ահա, մայրիկ, երկնքի վերա
Պայծառ շավիղի թողած հետքերը,
Ասում են, մի մարդ հարդ է գողացել,
Մինչև տուն տանել չէ՞ կարողացել:
Չէ՜: Մի օր աստուծո բարկությունն ահեղ
Պատռեց երկինքը, եղավ ջըրհեղեղ.
Աստվածածինը կրկին նորան կարեց:
Երկնքից հեղեղն իսկույն դադարեց:
— Երբ բաց եմ անում հագուստիս կապոցը,
Քակված եմ գտնում նորա հանգոցը.
Այդ ով է, մայրիկ, նրանց այդպես բացում,
Շորերիս վերա բըծեր է քըցում:
— Երևի, որդի, չար դևիկները
Այդպես խառնում են քո նոր շորերը:
Կապոցի վերա դու ասեղ ցըցե,
Որ դևն այլևս նրան չըբացե:
— Մայրիկ, դևերից ես խո՜ չեմ վախում
Մի օր կը թաքչեմ գիշերն օթախում.
Երբ գալու լինի, իսկույն կը բըռնեմ,
Ձիգ կը տամ ծամիցը, վրրեժս կառնեմ…
— Որդի, խելոք կա՜ց, այդպես մի՜ արա.
Գիտե՞ս ինչ վատ են այդ չար դևերը,
Նոքա կարող են քեզի վընասել...:
Նրանցից ամեն բան կարելի է սպասել…:
— Հո՛ ղը նրանց գլխին... Թեև եղջյուր ունեն,
Խաչակնքում եմ, իսկույն կորչում են...
Ի՛նչ լավ կը լինի, եթե ես, մայրիկ,
Բռնեմ նոցանից մի դև փոքրիկ:
Մայրը ծիծաղեց. — Գրո՛ղը քեզ տանի,
Դու ե՞րբ ես տեսել, որ դևն եղջյուր ունի:
— Եկեղեցումը տեսա պատկերը,
Սև, որպես արաբ, ծուռն էին ոտքերը:
Հա՜, եղջյուր ուներ, ճակատից դուրս ցցված,
Աչքերում կարծես կրակ էր վառված.
Ես չեմ վախենում, կըբռնեմ նորան,
Ինձ վախեցնում է միայն չար Ղարան:
Երբ կուրծքիս վերա նա ծանր նստում է,
Ա՛խ, հուփ է տալիս… այնպես ճընշում է…
Ուզում եմ բռնել՝ — ձեռքս չէ շարժում,
Ուզում եմ կանչել` — լեզուս է լըռում...
Ինձ վախեցնում է և Ղույլուբանին,
Մայրիկ, հավատա դու իմ այդ բանին`
Մի գիշեր տեսա, երկա՛ր էր… երկա՛ր...
Երբ մոտ գընացի, — չքացավ, էլ չըկար...
— Հայրիկ, խոստացար դու այդ շաբաթը
Մի օր ինձ պատմել նորա հեքիաթը,
Դեպի ծերունին դառնում է Սառան,
Հետաքրքրում էր այդ հարցը նորան:
Հայրը պատասխանեց. — Հերի՜ք է, Սառա,
Դու շատ խոսեցիր չարքերի վերա.
Գիշերը դևերից չեն խոսում այդքան,
Աղոթի՜ր, դու քնի՜, երեսիդ խաչ հա՜ն:
Ծնողքը շուտով մտնում են խոր քուն,
Քաղցրիկ մխիթարն աշխատող մարդուն:
Սառան արթուն է, աչերը զըվարթ
Դեպի աստղերը հառած են անթարթ:
Հանգիստ չէ ՜ սիրտը: Նա մրտածում է:
Ի՞նչը խեղճ աղջկան ալեկոծում է...
Նա թաքցրած ունի բարձի տակումը
Խնձորն, որ ստացավ այնօր այգումը:
Դուրս բերեց նորան: Որքա՛ն ուրախ է:
Մինչև յուր մահը նորան կը պահե...
Մերթ ծոցն է դընում — կուրծքին է ճընշում,
Իսկ մերթ շրթունքին — և հոտ է քաշում:
Երկար նա այնպես զմալյում, ժըպտում է,
Ահա ՜ նա տըխրեց: Ինչո ՞ւ տրտում է, —
Ինքն էլ չըգիտե: Մի գաղտնի զգացում
Տանջում է նորան և սիրտն է խոցում...
Լուռ մրմնջում է... Ա՛խ, նա լացում է:
Գունաթափ թշերն առատ թացում է,
Առաջին սիրո տաք արտասուքը
Այն խաղաղ կուրծքը ալեկոծում է...:
Ե
Այն գյուղիցը դուրս կար հին ժամատուն,
Դարերի ընթացքն այնտեղ հաստատուն
Ոչինչ չըթողեց: Ջարդ-փշուր եղան
Նորա կամարները, գըմբեթ և սեղան:
Մի բան կենդանի տևեց մշտական,
Այդ էր ջերմ հավատը գյուղացի մարդկան,
Որոց սըրտերին մընացին պաշտելի
Տխուր փշրանքը վաղեմի սրբության:
Այդ ժամտան մասին պառավ կընանիք
Պատմում են խիստ շատ զրույց և հրաշալիք,
Թե որպես մի թուրք այնտեղից մի քար
Տարավ յուր տանը շինվածքի համար:
Բայց չը կարողացավ բեռը դնել գետին,
Կըպած էր քարը պինդ նորա մեջքին.
Նա այնպես մընաց միշտ թափառական,
Կրում էր քամակին գողության առարկան:
Եվ այնուհետև այդ նվիրական
Սրբարանիցը մի աղյուս անգամ՝
Հանդուգն յուր ձեռքով չէր երբեք տարած
Թուրքը, պարսիկը, կամ այլ արարած:
Շրջապատած էր այգիով ընդարձակ,
Ձգվում են ծառերը բարձր, համարձակ,
Ոչ ոք չէ քաղում նոցա պտուղը,
Հսկում է այնտեղ «Սուրբի» երկյուղը:
Այնտեղ ծերունի, դարևոր կաղնիք
Ավերակներին սփռում են հովանիք,
Որոց ճյուղաթափ ոստերի տակին
Հյուսեց արագիլն բույնը ահագին:
Յուր այդ ամրոցեն սպիտակ սուլթան
Իշխում է ամբողջ խաղաղ պետության,
Ուր ճնճղուկ, սարյակ լռում չեն երգերից,
Ապրում են անհոգ, ազատ հարկերից:
Վաղուց չէր լսվում այնտեղ շարական,
Միայն շաբաթ գիշերն այդ նվիրական
Փլատակների տըխուր ավերակ
Լուսավորում են քանի մի ճըրագ:
Գիշեր է խորին: Դեռ լուռ է աքաղաղ,
Քնած են գյուղացիք հանգիստ և խաղաղ:
Յուր պարզկապուտակ կամարից լուսնյակ
Թափում է լույսը կաթնագույն, հըստակ:
Խուլ մրմնջում է շնչասպառ հովիկ,
Հազիվ շարժվում է նիրհած տերևիկ,
Կարծես ծանր քնով մրափում են ծառեր,
Նոցա խորքիցը՝ ահա՜ մի ըստվեր...
Դանդաղ քայլերով, սակավ առ սակավ,
Մինչ ավերակները նա հառաջ եկավ,
Խաչ — քարի վերա ծըխեց նա խունկը.
Խոնարհեցրուց նորա առջև յուր ծունկը:
Երկար ջերմեռանդ գլուխր ծըռած
Աղոթում էր նա, և գետնատարած,
Հպեցնում էր երեսը սուրբ փոշիներին,
Թափում էր աղերսը բոցավառ սրտին…
Նա անցավ այգու խոտերը կանաչ,
Գտավ մի ածվի մեջ նոր բացված կակաչ,
Չափեց դյութելով նորա ծըղոտը,
Նըշան դրեց վերան կարմիր նարոտը:
Այդ կույսը հմայքով յուր բախտն էր փորձում
Զի մյուս առավոտ տոն է` Համբարձում:
Իսկ նորան մի ձայն խռովեց սաստիկ,
«Սառա ՛» անունը հնչեց խիստ մոտիկ:
«Նա» էր, որ եկավ: — «Գիտեի, այս գիշեր
Դու պիտի գայիր ծաղիկներ չափել.
Դաշտերը լիքն են գյուղի աղջկերքը,
Ինչպե՛ս հսկում են նորանց տըղերքը…»:
— Եվ դու վախեցար թողնել ինձ մինակ, —
Հարցնում է Սառան: — Այդ մութ ծամանա՛կ…
Այդ փլատակներո՛ ւմ… քա ՜ր է քո սիրտը…
Ցերեկը սարսափով անցնում է մարդը:
Զ
Ծագեց առավոտ: Տոն էր Համբարձման,
Ցանկալի տոնը գյուղացի աղջկան:
Բնությունն էլ այնօր, կարծես, նպաստում էր
Նոցա ուրախալի, անհոգ զվարճության:
Հիշում եմ այն տոն... Հին ժամտան այգում
Դեռահաս աղջիկներ երգ էին երգում,
Պար էին բռնել, հնչում էր դայիրան:
Ի՛նչ հիանալի էր այն տեսարան…
Ու խորհրդական այն ծառերի տակ:
Նախշուն գուներով, կարմիր, սպիտակ,
Զուգված, զարդարված, որպես ծաղիկներ —
Թըռվռում էին սիրուն աղջիկներ:
Եվ պատանեկաց խումբը զըվարճասեր
Աղջկանց պարերգը այնտեղ կըլսեր,
Ծառերի տակին, նոցա չորս կողմով
Ծափ էին տալիս ուրախ ցնծումով:
Ես էլ խառն էի այդ ուրախ խումբին,
Քա՛ղցր էր ինձ նայել աղջկանց ակումբին,
Ուր ամեն տըղա — հերոսը գյուղական —
Գըտնում էր սրտի խիստ մոտ առարկան....
Տեսա Սառային, առեց դայիրան,
Ա ՛խ, որքա ՜ն աչեր նայում են վերան…
Դայիրան հընչեց... մրրիկի նըման
Նա շրջան տըվեց... Պտույտն էր աննման…
Նա պար էր գալիս: Հասակը թեքուն
Էր խիստ դյուրաձիգ, թեթև, գալարուն,
Տատանվում էր, մերթ նազ-նազելով,
Մերթ թռթռալով, մեղմիկ վազելով:
Ահա՜ նա սլացավ սրընթաց, որպես նետ,
Ա՛խ, որքա՛ն սրտեր տարավ նա յուր հետ…
Գլուխը ծըռեց... զուլֆերը խաղում են…
Եվ սև հոսանքով դեմքը սքողում են:
Նա ոլորվում էր օձի պես ճապուկ.
Խաղում են նորա թևքերը փափուկ.
Ժըպտում են նորա աչքերը բոցավառ,
Շիկնում են նորա թըշերը պայծառ...:
Ձըգեց մի հայացք... դադարեց պարեն,
Ի՞նչ նետեր էին, ցայտեց աչերեն:
Ա՛խ, այն նետերը թըռան ուղղակի,
Ինչ որ ծակեցին՝ — դա էր մի «հոգի՛»…:
Դադարեց պարը: Լռեցին երգ, դաշնակ,
Կազմեցին գեղուհիք բոլոր շրջանակ,
Մեջտեղում նըստեց մի վըհուկ աղջիկ,
Խաղաղ էր դեմքը, շրթունքը մնջիկ:
Հին — բախտահմա կախարդի նըման
Նա դրեց յուր առջև «Վիճակի աման»,
Վառ ծաղիկներով էր նա զարդարած,
Յոթն աղբյուրների պարզ ջըրով լեցրած:
Օրիորդները հերթով մոտ եկան,
Տըվեցին նոքա վըհուկ աղջկան
Յուրյանց զարդերից՝ օղ, մանյակ և գինդ,
Որն յուր մատանին, որ ուներ հակինթ:
Եվ վիճակափորձն առնում էր մին-մին
Գըցում էր «բախտի սափորի» միջին,
Ուսկից գեղուհիք սրտով դողդոջուն
Մութ ճակատագրի կսպասեն լուծում:
Մոտ եկավ Սառան դեմքով ամոթխած
Այն իսկ մատանին այգումը ստացած...
Տըվեց կարմրելով գուշակող կույսին:
Է՞ր հանկարծ փոխվեց գույնը երեսին…
Զարդերը ժողովելու վերջացավ ծեսը:
Վիճակահանության սկսվեց հանդեսը:
Վըհուկը փակեց «սափորի» բերան
Եվ աղջիկներին տըվեց պատվիրան`
Հերթով երգելու մի-մի «ջան-գյուլում»,
Այնպես, որ միմյանց չըլինին արգելում,
Երբ նա «սափորից» կը հանի մի բան,
Կը տա երգողին մի հայտնի նըշան:
Տարավ դեպ «սափորը» վըհուկն յուր ձեռքը:
Աղջիկներից մինն երգեց այդ երգը՝ —
Ծաղիկ ունեմ՝ ալա ա,
Ալա չի՜ ալվալա ա,
Յար բռնելը լավ կըլնի,
Բաց թողալն բալա ա:
Մի օրիորդի թխաչյա, սևուկ,
Տըվեց ապարջանն, ասելով վըհուկ՝
«Սիրի ՜ր, թող մի՜ տուր սրտիդ առարկան,
Կը լինես հետո դու շատ փոշիման»:
Վըհուկն դարձյալ գործը շարունակեց:
Մի ուրիշ աղջիկ այդ երգը երգեց՝
Աղջիկ, աղջիկ, ա՜լ աղջիկ,
Աչքերդ չալչալ աղջիկ,
Դու մեր տանը հարս պըտես,
Իմ քիրը քեզ տալ, աղջիկ:
Դարձավ դեպ հնացած աղջիկ մի հաստլիկ,
Որն խիստ անհամբեր տանջվում էր սաստիկ՝
Ասաց՝ Գնա՜ ուրախ կաց, հասար մուրազիդ,
Պսակի նարոտը կըկապես բողազիդ:
Մի օրիորդի գունաթափ դեմքով
Այդպես գուշակեց «վիճակն» յուր երգով՝ —
Ձեր բաղի դուռն բաց ա՜,
Ոտներդ շաղով թաց ա,
Յարիցդ հեռացել ես,
Աչքերդ լիքը լաց ա:
— Դու սիրի՜ր դարձյալ սիրածդ նախկին,
Կըքաղցրացնե նա քո սիրտը և հոգին.
Կարդաց վըհուկը գունաթափ աղջըկան:
Պատգամը կարծեմ, չէր նրան դուրեկան:
Վըհուկը կրկին գործը շարունակեց,
Մի օրիորդի այդպես գուշակեց —
Առակ եղա ողջ գեղի,
Սիրտս ընկավ օձի լեղի,
Իմ հորն ու մորն ի՞նչ ասեմ,
Ինձ տըվին մի գեշ տըղի:
— Նասիբդ հեռու է, կոտրած է քո սիրտը,
Գնա՜, պաս պահի՜ր, կըբացվի քո բախտը:
Դառն ճակատագիրը կարդաց վըհուկը:
Բայց որքա՛ն պաս էր պահել աղջիկը...
Բայց ի՞նչ գուշակեց Սառայի համար: —
Այդ երգն երգեցին նորա սրտին հարմար՝
Խնձոր ունիմ նըխշած ա,
Ոսկե ղալմով գըրած ա,
Աղբերս ուզեց, տըվի ո ՜չ,
Ազիզ յարի ղըրկած ա:
Ես աղջիկ եմ՝ ա՜լ կուզեմ,
Շորերս ծալեծալ կուզեմ.
Երբ որ յարիս տուն կերթամ,
Գոտիկս թիրմա շալ կուզեմ:
— Դու հարուստ մի տան հարսիկ կը դառնաս,
Միշտ կարմիր շորերդ նոր-նոր կունենաս:
Այդպես գուշակեց մարգարեուհին,
Արդյոք նա հասա ՞վ սրտի «մուրազին»…
Է
Բայց ո՞ւր ես այժմ, նազելի Սառա,
Ես քո դարդիցը մաշվեցա՛... մեռա՛...
Մի՞թե երկինքն այնքան էր անգութ...
Ա՛խ, ինչ եմ մտածում… Այդ բոլորն է սուտ:
Գնամ «պառավի» մոտ, սպասելն է զուր,
Գուցե նա կը տա Սառայից ինձ լուր,
Ահա՜ նա... խեղճը հնացել է իսպառ,
Մաշեցին նորան օրերը թըշվառ…
— Բարև, տատի ջան, — չէ՜ ճանաչում նա, —
Լա՞վ եք, առո՞ղջ եք: — Տեսնում եք ահա՜,
Ապրում ենք այդպես… մերթ կուշտ, մերթ քաղցած,
Ինչպես որ բուզին հասցընում է աստված:
— Բա՜ս վա՞տ է գընում, տատի, ապրուստը:
— Ապրում են, որդի, շենն ու հարուստը,
Մեզ նմանների օրը միշտ սև է,
Քանի ժամանակն այդպես կը տևե:
Գյուղացիք եղան մեծ մասով աղքատ,
Մեր մեղքից չըկա խեյր ու բարաքաթ,
Վարում ես, ցանում, ցանքը չէ գալիս:
Ծառերն էլ այժմ պտուղ չեն տալիս:
Ուտում է տերևը անիծված թրթուր,
Չեն էլ մտածում Մասիսից բերել ջուր:
Ասում են, մորեխ պիտի գա սաստիկ,
Բազարում ցորյան չես գտնի մի հատիկ:
Չար ցորենատերն երկինքը կապել է,
Ա՛խ, քանի անգամ ամպըն ամպել է,
Չէ՜ գալիս անձրև, — ասա՝ մի կաթիլ
Դարմանի համար երբեք չես գտնիլ:
Մեր կնանիքը շատ ման ածին նուրին
Եվ տերտերներն անդաստան արին,
Խաչով, խաչվառով դաշտը գնացին,
Թե՜ մեծ, թե՜ փոքր ողբացին, լացին:
Ո՜չ: Չըկարացին բացել երկինքը:
Գուցե այդպես էր աստուծո կամքը...
Մեր աղբյուրները ողջ ցամաքեցան,
Կանաչ ցանքերը տոթից չորացան...:
Ինչ էլ որ եղավ, գողացավ թուրքը:
Չե՜ս էլ հարցնում, ի՞նչ ծանր է տուրքը՝ —
Մալյաթ, բահիրա, այլև գլխահարկ,
Ինչե՞ր չեն առնում... զորով ու անկարգ...:
Մեր մեղքերիցն է այդ պատուհասը,
Չրկա կիրակի, ուտում են պասը.
Ի՞նչ է, ասում են, «հասն ու չը հասը»,
Ազգականի հետ պսակվում մեծ մասը:
Մի տարվա հարսը՝ դեռ քողն երեսին՝
Յուր տղամարդի հետ՝ կեսրոջ սպասին,
Խոսում է արձակ, ծիծաղում համարձակ:
Չեն հարցնում օտարն, աներն, աներձագ…
Գնացել է, մի խոսքով, ամոթն ու ահը,
Կարծես, քանդվելու մոտ է աշխարհը...:
Այդպես չէր վաղվա մեր ժամանակը,
Մեր լեզուն մունջ էր. սպանիր — ձայն չը կա…
Թուխս էի դըրած հանուն ասաըծու՝
Սև հավի տակին ամբողջ քսան ձու,
Ողջ ավեր եղան, հինգը դուրս եկավ,
Երկուսն էլ հնգից քորքորան տարավ:
Այժմ ի՞նչ անեմ ես երեք ճըտով,
Մնացի սևերես և միշտ ամոթով:
Խանին պետք է տալ և տանուտերին,
Հաշվիր այդ բոլորը, թողյալ տերտերին:
— Կար այստեղ աղջիկ ձեզ մոտ հարևան,
Յոթ տարի առաջ, հիշո՞ւմ եք նորան
— Սառայի մասին գուցե հարցնում եք:
— Հենց նա.... տատի ջան, նրանից լուր ունե՞ք:
— Նորա պատմությունն երկա՛ր է, երկա՛ր...
Այստեղ, մեր գյուղում մի լավ տղա կար —
Մելիքի որդին — շեն, որպես ջըհուդ,
Ուտում էր փլավ, հագնում էր մահուդ:
Խելքիցը հանեց այն խեղճ աղջըկան,
Ջահիլ էր աղջիկը, չէր հասկանում բան.
Թե նոցա մեջը ի՞նչ մի գաղտնիք կար,
Այդ ես չըգիտեմ, աստված է խաբար:
Գալիս էր շատ անգամ նա իմ խրճիթըս:
Տալիս էր բարև, հարցնում էր քեփըս.
Կարծես չըլիներ մելիքի տղա,
Այլ գռեհիկ մեզ պես, և ոչ թե աղա:
Տեսար և Սառան նորա հոտն առավ,
Լույս ընկավ իսկույն: «Այժմ դու, պառավ,
Մեզ թո՜ղ միայնակ», ասում էր տըղան:
Թո՜ղ, մտածում էի «յուրյանց աղունն աղան...»:
Նստում են նոքա, խոսում են նոքա,
Խոսո՛ւմ են... խոսո՛ւմ... բնավ վերջ չըկա:
Չէի արգելում ես նորանց երբեք,
Ո՞վ չի ունեցել այնպեսի րոպեք..:
Մըտնում էր արև, ճրագը վառում են:
Ծնողքը Սառային երկար պըտրում են:
Նրանք չեն բաժանվում, զըրից են տալիս,
Ուսկի՞ց էր այնքան խոսք և ասուլիս...
Եղավ, որ մելիքն ուղարկեց որդին
Հեռու մի աշխարհ՝ մեծ ծովի մոտին,
Ուղարկեց, որ սորվի՝ գիր, կարդալ, ուսում,
Որ լավ մարդ դառնա, — այդպես են ասում:
Թեև այստեղ էլ նա շատ բան գիտեր`
Ժամագիրք, Նարեկ՝ որքան մի տերտեր,
Եվ քանի մի լեզվով նա գիր էր գըրում,
Տըկար յուր հատը մեր ողջ երկրում:
Տարիներ անցան, նա հետ չըդարձավ,
Սառայի սրտին խիստ դառն էր այդ ցավ:
Երևի, այնտեղ մեծ էին գըրքեր,
Որ երկար նորանց սովորել պետք էր:
Տխրում էր Սառան, էր միշտ լուռ ու մունջ,
Լացում էր թաքուն, — դառն էր յուր մրմունջ,
Փակված էր ողջ օրն նա յուր օթախում,
Իսկ նորա երեսն էլ չէր ծիծաղում…
Լինում էր, շատ անգամ ինձ մոտ էր գալիս,
Որպես սպանվա՛ծ... լալի՛ս էր, լալիս...
«Չունի՛ս «նորանից» տատի մի խաբար...»
Հարցնում էր Սառան խիստ անմխիթար:
Բայց հասել էին աղջկա տարիքը,
Գընում, գալիս էին նրա մուշտարիքը:
Նախշունիկ էր նա, ինչպես մի ջեյրան,
Ո՞վ չէր ուզենա, չէր սիրի նորան:
Խնդրեց տանուտեր Մինասն յուր որդուն,
Նա ուներ գութան, հարուստ տեղ ու տուն,
Կըթում էր նա շատ կովեր և գոմեշ,
Փարախում լիքն են՝ ձի, ոչխար և էշ:
Չէր տեսած այդպես մի բան ողջ աշխար,
Բաշլըղ էր տալիս՝ — ջուխտ եզ, տասն ոչխար,
Հինգ բեռը ցորյան, ոսկիներ քըսան:
Կարմրիկ, խորոտիկ էր ջահիլ փեսան:
Նըշան էր դընում փիրուզ մատանի,
Ջուխտակ ապարջան — գործ Համադանի,
Ոսկի վըզանոց, մարջանով շարած,
Արծաթի գոտի, ակնով զարդարած:
Սառան չըգնաց, չըլսեց հոր խոսքին,
Չընդունեց նըշանն, արծաթն ու ոսկին,
Այդպիսի պատիժ, ա՛խ, ո՞վ էր տեսի,
Աղջիկը հորն ու մորն խոսքին չըլսի…
Գյուղացիք սկսան ծնողացը նախատել,
Այդ չարի առաջն առնել աշխատել:
Կասեին նոքա՝ այդ «անառակը»
Թողեց մեր աղջկանց՝ վատ օրինակը:
— Դու իմ տան վերա սև մուր քսեցիր,
Իմ աղն ու հացը լեղի շինեցիր...
Ասում էր աղջկան ծերունի հայրը,
Լացում, աղաչում էր նորա մայրը:
Սառան չէր լսում լացը, նախատինքը,
Երկաթից էլ պինդ էր նորա կամքը,
«Կմեռնե՛մ, — ասում էր, — չեմ գնա օտարին,
Պիտի սպասեմ իմ սիրած «յարին»:
Թեև վայել չէ՜ր այդ հայ աղջըկան,
Բայց ո ՞ւմ չէ խաբել, ա՛խ, չար սատանան,
Սառան մնաց դարձյալ միշտ մաքուր սրտով
Եվ նույնպես համեստ, նույնպես ամոթով:
Մըրջիմ չէր կոխ տա՝ ճամփան գընալիս,
Եվ ծառի տերևը՝ ծառից ընկնելիս`
Ցա ՜վ էր պատճառում այն քնքուշ հոգուն,
Որքա ՛ն բարիքներ անում էր նա թաքուն...
Լինում էր, շատ անգամ գալիս էր իմ մոտ,
Դեռ նոր է ծագել լույս և առավոտ,
«Կարագ եմ բերել, տատի, քեզ համա,
Մայրս ինձ տըվավ, բայց ես չըկերա»:
Ա՛խ, որքան շա ՜տ էր գութը նորա սրտի...
«Ինչի՞ ես ուրախ լինում եմ, տատի,
Երբ որ մտնում եմ այդ քո բնակարան,
Կարծում եմ, կրկին տեսնում են «նորան»:
Նըստում էր ինձ մոտ նա ձիգ ժամերով,
Եվ յուր հետ բերած մանրիկ սանդրերով
Սանդրում էր պառավիս գլուխն ալևոր,
Քորում էր նորան փոքրիկ մատներով:
Խոսո՛ւմ էր... խոսո՛ւմ խոսքը չէր պրծնում:
Միշտ «նորա» վերա էր նա մըտածում,
«Տատի, հարցնում էր, երբ որ ես մեռնեմ.
Գե՜թ երկնքումը «նորան» կը տեսնեմ...»
— Մահվան վրա մտածել քեզ վաղ է, որդի՜:
«Կյանքն ինձ այժմ խիստ դա՛ռն է, տատի՜ ...»
Ասում էր, թափում հեղեղն աչերեն,
Թաքցնում էր սրտի գաղտնիքը խորին...
Հետո հասկացա ես այդ գաղտնիքը,
Թե ինչ էր ուզում ասել աղջիկը,
Հասկացա, այո՜, բայց ո՛ւշ էր արդեն,
Այդ ցավն անբաժան կըմնա իմ սրտեն...
Քանի մի օրից հետո ես լսեցի,
Սառային տանում էին եկեղեցի,
Պիտի կատարվեր այնտեղ պըսակը,
Մինասի որդու էր հարսանիքը:
Հոր ստիպմունքին՝ և յուր մոր կամքին,
Կոպիտ գյուղացոց դառն նախատինքին,
Նա ընդդեմ կենալ չըկարաց երկար,
Հնազանդվեցա՞վ... — անզո՜ր էր, տըկա՜ր…
Բայց քանի անգամ սիրտը թուլացավ,
Ա՛խ, քանի անգամ նա ուշքից անցավ...
Մինչև հասուցին ժամատան շեմքը,
«Չե՜մ սիրում տըղին» — այդ էր նրա խոսքը:
Երբ բեմի առջև բոլոր ժողովուրդ
Ահով լսում էր սրբազան խորհուրդ,
Վայր ընկավ Սառան, աչքերը փակեց,
Եվ կրկին անգամ նորանց չը բացեց...
Ա՛խ, Հ..., — եղավ յուր խոսքը վերջին:
Գյուղացիք սարսափով մոտը գընացին,
«Թունավորվա՛ծ է...» — մեկեն կոչեցին,
Լաց ու շիվանով գոռաց եկեղեցին:
Գյուղից ոչ հեռու, այն բլուրի վերան,
Կը գտնես, պարոն, միակ գերեզման,
Գլուխները ծռած, մի ջուխտ ուռենի
Սըփռում են այնտեղ ախորժ հովանի:
Այնտեղ է թաղված գեղեցիկ Սառան,
Ո՜չ տապանագիր, ո՜չ խաչ յուր վերան,
Եվ ո՜չ բուրվառով ժամտան տիրացուն
Ծըխեց սուրբ խունկը այն անմեղ հոգուն...
Նրան տեղ չըտվեց մեր գերեզմանատուն,
Որպես մեղավոր, ինքնասպան մարդուն,
Որպես կամակոր աղջկան ինքնակամ,
Որ ընդդիմացավ յուր ծնողացն անգամ»:
Պառավն ավարտեց: Բայց նորա հանգած
Աչքերում կաթիլք կային թաքուցած,
Որ նըվիրեց նա սուրբ հիշատակին
Յուր միշտ պաշտելի, անմեղ հրեշտակին...
Քանի օրից հետո մի երիտասարդ
Սրտով վշտահար, դեմքով անզըվարթ,
Գերեզմանի մի սև քարի վերա
Գրում էր հետևյալ տըխուր տողերը.
«Մինչ ե՞րբ, դու խավա՛ր բռնակալություն,
Կը ճնշես առտնին մեր ազատություն,
Մինչ ե՞րբ մեզանից քո սև ճանկերը
Կըխլեն Սառայի նման զոհերը… »: