Սասունցի Դավիթն անպարտ է կամ Նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին
Վերջին շրջանում հասարակության բուռն քննարկման առարկա է դարձել Լեզվի մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները: Բնական է և լավ է, որ հասարակությունը միակարծիք չէ: Սա նշանակում է՝ մենք աստիճանաբար հաղթահարում ենք ոչ վաղ անցյալի ժառանգությունը: Սակայն ցավալին այն է, որ օրենքի փոփոխությունների կողմնակիցները ոչ թե հիմնավոր առարկություններ են բերում իրենց ընդդիմախոսների քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դեմ, այլ պարզապես նենգափոխում են հարցի բուն էությունը և փորձ են անում հարցը ներկայացնել իբր այլատյացության դրսևորում և ինքնամեկուսացման ջատագովություն:
Նախ իմ նկատառումները հայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ, ապա կանդրադառնամ անձամբ իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հատկապես Новое время-յում Отдел политики-ի կողմից 2010թ. մայիսի 22-ին տպագրված «Язык твой - враг мой?» հոդվածին:
Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների հիմնական կռվանն այն է, որ դա կնպաստի Հայաստանի մրցունակության աճին ժամանակակից աշխարհում, կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարյան Աֆրիկայի երկրների մեծ մասում կրթության լեզուն՝ առաջին դասարանից մինչև համալսարան ու Ph.D., անգլերենն է կամ ֆրանսերենը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար՝ ֆիններենը, ճապոներենն ու հոլանդերենը: Հիմա ազնվորեն ասացեք, ո՞ր երկրներն են ավելի մրցունակ և զարգացած: Ուրեմն խնդիրն ուսուցման լեզուն չէ, այլ կրթության բնույթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրվի ընդհանուր կրթական համակարգի բարելավման, մասնավորապես օտար լեզուների ուսուցման արդիականացման վրա: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթե մենք կարող ենք 500 մլն դոլար պարտք վերցնել անավարտ շինարարություններն ավարտելու համար, ինչո՞ւ նույնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապես բարեփոխելու համար: Ի վերջո, կրթության ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կհատուցվի տասնապատիկ:
Այսուհանդերձ, պետք է շեշտել, որ մինչևիսկ լավագույն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկա գիտելիքի ազատ ու արդար մրցակցություն: Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտոնի անուն տալ, որոնք հաջողության են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիվ:
Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների մյուս կռվանն այն է, որ լեզվի ընտրությունը մարդու իրավունքների հարց է և ծնողն իրավունք պիտի ունենա ինքը որոշելու, թե ո՞ր լեզվով պիտի ուսուցում ստանա իր զավակը: Նախ, կուզեի իմանալ այդ ո՞ր օրվանից եք այդքան մտածում մարդու իրավունքների մասին: Հետո, մարդու իրավունքները Կանադայից ավելի հարգողը չլինենք: Կանադայում, ինչպես գիտեք, կա երկու պետական լեզու՝ անգլերեն և ֆրանսերեն: Սակայն ծնողները մինչևիսկ ազատ չեն երկու հավասարազոր պետական լեզուների միջև ընտրություն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունված Պետական լեզվի ակտով բոլորը պարտավոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառություն է արված միայն հինգը խմբերի՝ հիմնականում բնիկ անգլալեզուների և օտարահպատակների համար: Չխորանալով իրավական նրբությունների մեջ՝ ասեմ, որ եթե քեբեքցի եք և ապրում եք Քեբեքում (մեր պարագայում հայ եք և ապրում եք Հայաստանում), չեք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որևէ հիմնավորում, որ անգլիական կրթությունը ձեր երեխային ավելի մրցունակ կդարձնի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալվում է որպես ֆրանսախոս ինքնության պահպանման հիմնասյուն և ոչ թե աշխատանքի տեղավորման գրասենյակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:
Հիմա անցնենք Новое время-ի վերոհիշյալ հոդվածին: Отдел политики-ն իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ Եռաբլուրում թաղվածների անհամամասնորեն մեծ մասն ունի հայկական կրթություն, համարել է “oчень бестактно”: Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտահայտած միտքը պարզապես առկա իրողության բարձրաձայնում է: Արդյո՞ք դուք կնեղվեք այն մտքից, եթե մեկն ասի, որ ցերեկը լույս է, իսկ գիշերը՝ մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղվում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթե իմ ասածի նման Եռաբլուրից 100 պատահական անուն վերցնեք և փաստեք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կլինեմ հենց ձեր թերթում ներողություն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը: Թվերը չեն խաբում:
Նվիրվածությունը սեփական երկրին և ժողովրդին ոչ միայն և ոչ այնքան գիտակցված վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրություն, որը խարսխված է լեզվամշակութային ընկալումների վրա: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել և չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզվի կամ հայրենի մշակույթի իմացության կամ խորը իմացության չեն կարող իրագործել հայրենանվեր գործեր: Ես, մամուլում հիշատակված Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյան), Քրիստափոր Իվանյանի և Մոնթե Մելքոնյանի անուններին, կուզեի ավելացնել առնվազն 2 անուն՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի և Անատոլի Զինևիչի անունները: Երկու մեծ զինվորական անհատականություն, զուտ ռուսախոս, որոնց անուններն այսօր քիչ են հիշվում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արևելյան հատվածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների հիշատակի և բոլոր ողջերի առջև: Սակայն ակնհայտ է, որ հենց այս անունների առանձնանշումը ցույց է տալիս, որ նրանք բացառություններ են, որ հաստատում են լեզվամշակութային կապի անհրաժեշտությունը: 1989թ., ԽՍՀՄ զինված ուժերում ավելի քան 6 հազար հայազգի սպա էր ծառայում, ճնշող մեծամասնությունը՝ զուտ ռուսախոս: Քանի՞սն եկան իրենց մասնագիտությունն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չե՞ք կարծում, որ եթե նրանք լեզվամշակութային ընկալումներով ավելի կապված լինեին սեփական հայրենիքին, ավելի մեծ թվով կգային: Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ում ապրող ավելի քան 1 միլիոն հայությունից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախոսությունը, շատ ավելի մեծ թվով հայեր անմիջական մասնակցությունը կբերեին մեր հայրենիքի ազատագրմանը, եթե հայախոս լինեին: Համեմատեք, նշյալ փաստերը տասն անգամ ավելի փոքրաթիվ Լիբանանի կամ Իրանի հայախոս համայնքների հետ և ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենա: Նույն Միացյալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտավ Առաջին աշխարհամարտի մեջ (1917թ.), այդ ժամանակվա փոքրաթիվ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպես կամավորներ անդամագրվեցին հազարավոր ամերիկահայեր: Չե՞ք կարծում, որ դա պայմանավորված էր նրանց հայախոսությամբ: Կրկնում եմ, բացառություններ միշտ կան և կլինեն, սակայն մեծ պատկերը հստակ է՝ լեզվամտածողությունը զգալապես պայմանավորում է ազգային վարքագիծը:
Մեկ այլ հանգամանք: Հոդվածագիրը հարց է տալիս. ես ի՞նչ լեզվով եմ կարդացել Լյուդվիգ Վիտգենշտեյնի աշխատությունները: Ասեմ՝ ռուսերեն: Եթե ես՝ հայկական դպրոցի շրջանավարտս, ի վիճակի եմ եղել ռուսերեն կարդալ փիլիսոփայական աշխատություններ, ապա դա ինչո՞ւ չեն կարող անել ուրիշները: Եթե իմ հայախոս ընկերները և ես ի վիճակի էինք ԽՍՀՄ միութենական ուսանողա-գիտական մրցույթներում մրցանակներ շահել լեզվաբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության և պատմության ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթության լեզուն կապ չունի, կապ ունի կրթության որակը և դպրոցներում լեզուների դասավանդման մակարդակը: Եթե լեզուների դասավանդումը չի բարելավվում հանրակրթական դպրոցներում, ուրեմն չկա դրա հասարակական պահանջը: Իսկ չկա, քանի որ գիտությանը մեր երկրում տրված է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ ևս: Երբ ես ընդունվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտեի պարսկերեն: Սակայն 3 տարի անց արդեն աշխատում էի որպես ռուսերենից-պարսկերեն և պարսկերենից-ռուսերեն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառություն չէի, ինձանից ավելի լավ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասավանդման և ցանկության դեպքում միայն համալսարանական տարիներն էլ բավարար են օտար լեզուներ սովորելու համար:
Եվս մի հանգամանք և առայժմ սրանով սահմանափակվենք: Ես երբեք դեմ չեմ եղել և չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դեմ եմ օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում՝ հանրակրթական դպրոցում և հայաստանցի հարկատուների հաշվին: Սա է եղել իմ մշտական դիրքորոշումը: Ես լավ հիշում եմ մեր բոլորիս ոգևորությունը 1980-ականներին, երբ բացվեց պարսկերենի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել և կողմ եմ մինչևիսկ թուրքերենի ուսուցմանը մի քանի դպրոցում, քանի որ կա դրա քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային անհրաժեշտությունը:
Ես ավարտել եմ Երևանի թիվ 114 հայկական դպրոցը (ներկայումս՝ Խաչիկ Դաշտենցի անվան): Բացի հայերենից մենք անցնում էինք 2 օտար լեզու՝ ռուսերեն և անգլերեն: Ամեն օր ունեինք մեկական դասաժամ անգլերեն, իսկ որոշակի տարիքից հետո, յուրաքանչյուր տարի՝ նաև շաբաթական մեկական ժամ անգլերենով պատմություն, աշխարհագրություն, քերականագիտություն և տեխնիկական թարգմանություն: Այսինքն, Հայաստանում կա դպրոցում երկու օտար լեզվի լավ դասավանդման փորձը, ուրեմն այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է և թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացություն ու նվիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզվի մասին օրենքում փոփոխություններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դյուրին ճանապարհով, սակայն դյուրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:
Մեր դյուցազներգության հերոսը՝ Սասունցի Դավիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտություն չկրեց սեփական զարմից: Մի՞թե մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտություն կրենք ինքներս մեզնից:
22 մայիսի, 2010թ.