Jump to content

Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (2013)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (2013)

Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում։ Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը։ Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին։ Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար։ Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր։ Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում։ Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն։

Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի։ Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար։ Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար։

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց։ 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին։ 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում։ Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։

Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով։ Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք։ Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում։ Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում։

Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է։ Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար։ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ։ Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք։ Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում։

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը։ Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը։ Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք։ Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում։ Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը։

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր։ Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը։

Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է։ Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը։ Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը։ Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն։ Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ։ Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ։

Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու։ Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը։ Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են։ Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով։

Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել։ Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը։ Այս քաղաքականությունը չի ընդհատվելու։

Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների։ Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ։ Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը։

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման։ Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար։ Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ։

Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները։ Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից։ Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան։ Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ։ Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ։

2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին։ Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում։ Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։

Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս։ Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից։ Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում։

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ։ Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում։ Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում։ Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է։ Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը։

Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ։ Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով։ Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր։ Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ։ Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով։ Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած։ Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ։ Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ։ Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ։

Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային։ Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ։ Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։

Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի։ Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում։ Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա։

Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում։

Շնորհակալություն։

2013, հոկտեմբեր[1]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում (ամբողջական տեքստ)