Սերո՜վ, սերո՜վ…
Սերո՜վ, սերո՜վ…
Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր.
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր…
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ լափեցիր,
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր…
Երգո՜վ, վերքե՜վ օրրեցիր զիս,
Սրտիս տատա՜սկ ցանեցիր,
Ջահիլ սըրտիս վարդերը բաց
Հովին տվիր ցանուցիր…
Երանությա՜մբ լացուցիր զիս,
Սրտիս դրախտներ ցուցուցիր,
Սիրտըս ջահիլ, վարդի պես բաց,
Ջահի՛ մը պես լուսցուցիր…
Ըսե՛, մի՞թե կրնա ըլլալ,
Որ մեռնի սերն անձնաձիր,
Սիրտըս ջահիլ չի՛ կրնար լալ,
Սիրտս կրակեն ցամքեցիր…
Արգիլեցիր մուտքն ինձ հոգուդ,
Սրտիդ փեղկն ինձ գոցեցիր.
Լռելն՝ անգո՜ւթ, լալ՜ն՝ անօգո՜ւտ,
Շվարեր եմ մտացի՜ր…
Ա՜յ, ի՜նչ ընեմ ես այս կյանքով,
Սրտեդ վարդեր փետտեցիր,
Ու կըխլեմ ես իմ ձեռքով
Կոկոններն որ ձգեցիր…
Ա՜լ փակեր եմ հոգիս անլաց
Իմ խավարիս մեջ անծի՜ր,
Բայց ամուրջիս դռներն են բաց.
Մի անգամ եկ ու անցիր…
Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր.
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր…