Սեւ ագռավը թառել է լուսնի քիվին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկընտրանք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Սեւ ագռավը թառել է լուսնի քիվին)

Վարդան Հակոբյան

Ներիր, որ ինձ չես սիրում
ՍԵՎ ԱԳՌԱՎԸ ԹԱՌԵԼ Է ԼՈՒՍՆԻ ՔԻՎԻՆ

Տարիների գլխաքանակը գլորում է ինքն իրեն եւ,
արյան բծերից բացի, ամեն ինչ եւ բոլորն անհետանում են հեռվում։

Հիշատակները տանում է ջուրը, որ նշանավոր
հեղեղից հետո դեռ չի մաքրվել ամբողջովին։

Բլուրները կտրվել են հիմքերից եւ լողում են անառագաստ։

Ասում են՝ Պուշկինն իր ձեռնափայտի գլխամասում
մշտապես կրում էր Պետրոս Մեծի
կոճակներից մեկը։ Իսկ երբ նա կրակեց
Դանտեսի վրա,վերջինիս «փրկեց» միայն կրծքի կոճակը։
Սատանայի ճակատին այծի մազեր են բուսել։

Ոչ ոք ինձ ձեռքով չի անում,
ոչ ոք չի ուզում ինձ տեսնել, ես էլ՝
ոչ ոքի։ Աշխարհում
ոչ մի կողմնացույցի սլաք չի կարող ցույց տալ
այն ուղղությունը,որ ընտրել եմ ես։

Ժամանակը բաղկացած է ճանապարհներից եւ
փաթիլներից ձյան, որ նստում են աննվաճ լեռների վրա։

Անհայտի համար, որին հայտնաբերում եմ ինքս,
                                   ես մնում եմ անհայտ։