Jump to content

Սիրո կորուստը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սիրո կորուստը


Այն րոպեից, երբ Սերըս մեռավ,
Աշխարհիս վերա շատ օրեր անցան,
Բայց երբե՛ք հոգիս չծիծաղեցավ.
Տխո՛ւր երազներ ինձ երևեցան։

5 Եվ շնչեց զեփյուռ, և սոխակն երգեց
Խոր լռության մեջ, և թնդաց անտառ.
Իմ անդամներից ցուրտ սարսուռ վազեց,
Ե՛վ սոսկալի վի՛շտ, և՛ մաշիչ խավա՛ր...

Եվ այժմ շղթայքն անհաստատ կյանքի
10 Տանում եմ վերաս, հնազանդ նորան.
Եվ ես չեմ սպասում, որ ձեռն կույր բախտի
Սփռեր առաջիս ոսկի մեծության։

Ոսկի մեծության... և ինչո՞ւ ինձ այդ,
Մի՞թե դորանով կըզարթնի հոգիս.
15 Ա՜խ, շուտով, շուտով մահվան որոգայթ
Կըծածկե ամպով հորիզոն կյանքիս։

Կըհանգչի աստղըս... կըծածկվի արև
Մայր մտանելով։ Հավիտենական
Եըհափշտակե ինձ քուն ծանրաթև,
20 Եվ շվարում եմ... որպիսի՞ վախճան...

Գիտեմ. կըկանգնի կյանքիս զորություն.
Կըմեռնի մարմին, կըփտի դիակ,
Եվ անվերջ է այս հեղափոխություն...
Բայց դու ո՞ւր, Հոգի, սֆինքս անգուշակ...

25 Կըհիշե՞ս Երգիչդ, կըտխրե՞ս ծածուկ,
Շագանակահերը կույս կապուտաչյա,
Կըուղարկե՞ս նորան երկու արտասուք,
Իբր հավերժ սիրո սուրբ առհավատչյա։

Մոսկվայի մեջ, մի դաստակերտում,
30 Գուցե, փայլում ես անհոգ հրճվանքով,
Բայց դու չես զգում, բայց դու չես լսում
Երգչիդ մրմունջը՝ շաղախված թույնով։

1864 թվին